Գուրգեն Մահարի

Ծաղկած փշալարեր

6

Բրուտանո՜ց, ի՛մ բրուտանոց, ես քեզ դեռ երկար պիտի հիշեմ, ավելի շուտ՝ ես քեզ երբեք չեմ մոռացել, ու չեմ մոռնա, որովհետև մի բան հիշում են, երբ մոռացել են։ Ես քեզ՝ երբե՛ք։

Ես հիշում եմ՝ երբ աշունն իր գորշ թևերը փռում էր գործարար բակի ու թվում էր ամբողջ աշխարհի վրա, երբ անձրևը ծեծում էր քո պատուհանների կեղտոտ ապակիները, դու բուրում էիր, ի՜նչ էիր բուրոմ, հող ու կավ էիր բուրում ու այդ հողն արդար էր նրա վրա աշխատող մարդու նման ու կավը իմ և Մամոյի բոբիկ ոտների տակ չարչարված էր ու հունցված, որպեսզի Աշոտ դային նրանցից ամաններ պատրաստի ու հետո իր ձեռքով շինած քուրայում թրծի ու տա հազարավոր կալանավորներին, ― առե՛ք, կերեք, կերե՛ք ինչով կլցնեն, միշտ հիշելով, որ մարդն է շինում և թրծում հողե ամանները և ոչ թե աստվածները։ Ես հիմա հավատում եմ, ավելի քան հավատում, որ ազատն աստվածն է սկզբում շունչ փչել իր կավե շինվածքին և նրան կենդանություն պարգևել, ստեղծել է մարդուն և այդ մարդն օրորոցից մինչև կախաղան բանն ու գործը թողած՝ «ազատությո՜ն» է գոչել ու տենչացել։ Նույն այդ աստվածը, երևի, մի ուրիշ հաղածնի է աշխարհ գործուղել արտակարգ լիազորություններով, որ ոչ թե բոբիկ ոտներով, այլ ծանր, երկաթե սապոգներով ոտքի տակ առնի միլլիոններին, տրորի ու հունցի, կավ դարձնի, որ նրանք «ազատություն» բառն անգամ մոռանան, և հետո այդ կավից նո՛ր մարդ պատրաստի ի՛ր շնչով, ի՛ր կերպարանքով, նոր դրախտի խոստումով, որ այդ մարդը լինի վախկոտ ու դաժան, անողնաշար, փառամոլ ու դաժան, որ հսկողության տակ առնի անգամ մարդկային սերը։ Որ մարդիկ պատժվեն սիրելու համար, իսկ դաժանության համար պարգևատրվեն, որ նրա արձանները կանգնեն բոլոր կայաններում, հրապարակներում, քաղաքներում ու ավաններում, որ նրա նկարը կախվի բոլոր տների պատերից, որ նրա անունով կոչվեն քաղաքներ ու գործարաններ, հարյուր հազարավոր փողոցներ և հազարավոր հրապարակներ։ Որ բոլոր գրիչները գրեն նրա մասին, բանաստեղծները նրան գովերգեն, նկարիչները նրան նկարեն, երգիչները նրան երգեն, գիտնականները նրա անունով գործեն, զինվորականները նրա ցուցումով կռվեն, ողջ երկիրն օվսա՜ննա երգի, ու նա անհագուրդ խմի փառքի աղջուրն ու չհագենա, մոլեգնի ՜․․․

Բրուտանոց, իմ բրուտանո՜ց, ես չեմ մոռանա քո ձմեռները, երբ ջերմաչափ միայն Ժոզեֆինա Էռնեստովնան ուներ և հաճախ այն ցույց էր տալիս քառասուն, ու մենգրել իրավաբան Տուրկիան մեռնում էր կեսգիշերին, և հետո ցույց էր տալիս երեսունչորս, ու քիմիկոս Արտաշես Ջանփոլադյանն էր փակում իր աչքերը։ Հիվանդանոցից ու գարշահոտ բարաքներից դուրս ջերմաչափի փոխարեն գործում էր ցրտաչափը։ Սնդիկը թռչում էր քառասունի վրա ու չէր հուսահատվում, մագլցում էր վեր ու վեր, և հիվանդանոցում ազատված տեղերը նորերն էին գրավում։

Ընդարձակ բրուտանոցի մի անկյունում վառվում էր վառարանն ու ճարճատում։ Եթե ազատ ժամանակ ունենաս, նստես նրա մոտ և լսես ուշադրությամբ, ապա վառարանը, կերգի քո բոլոր ուզած եղանակները։ Նա գիտե անգամ ամենածիծաղելի երգերը, բավական է, որ դու հիշես եղանակը և նա կերգի․

Ծնկիդ ծալը, դոշիդ խալը, խանբաջի՜․․․

Դու սիրուն ես, քան քո տալը, խանբաջի՜․․․

Դու վառարանին հանդիմանում ես թեթևամտության, անլրջության համար, ու վառարանը հիմա երգում է քո հիշած նոր երգի աղաչավոր եղանակը․

Ամենասո՜ւրբ երրորդություն,

Տուր աշխարհին խաղաղություն,

Բանտարկելուց՝ ազատություն

Եվ հիվանդաց՝ առողջություն...

Իսկ հիմա․․․ աչքերդ տաքանում են, դու, ի՞նչ է, արտասվե՞լ ես ուզում։ Թաշկինակի կարիք չկա, վառարանը չորացնում է թարթիչներդ ու երգում, ու երգում․

Մի՛ լա, մի՛ թացի աչքերդ․․․

Մամոն այսօր մտահոգ է։ Աշխատանքի ընթացքում ես նկատեցի, որ նա մի քանի անգամ գաղտագողի նայեց գերմանուհու կողմը։ Այս մի քանի ամիսների ընթացքում վեջինս լցվել է և լցվել է․․․ ես չեմ ուզում սանձազերծել իմ երևակայությունը։ Իհարկե կլցվի, ի՞նչ կա այստեղ զարմանալի։ Նա, ճիշտ է, դատապարտված է 25 տարվա բանտարկության, սակայն այդ ամենևին չի նշանակում, թե դատապարտվել է 25 տարվա նիհարության։ Քսանհինգ տարվա ընթացքում ամեն բան կարող է պատահել մարդու կյանքում։ Քի՞չ կան այնպիսի կալանավորներ, որոնք նիհար են եղել, բայց հետագայում լցվել, բարենորոգվել են։ Ժոզեֆինա Էռնեստովնան ձեզ օրինակ։ Ճիշտ է, Լյուդմիլան այնպես չի սնվում, ինչպես այս գեղեցկատես լեհուհին, բայց չէ՞ որ Մամոն ջանք չի խնայում գրեթե ամեն օր, ճաշից հետո և բանթողից առաջ մի բանով ուրախացնելու նրան։ Այն էլ ճիշտ է, որ Ժոզեֆինա Էռնեստովնան գիրացել է և՛ մարմնով, և՛ դեմքով, գիրացել համաչափ գիրությամբ, իսկ Լյուդմիլան․․․ նրա դեմքը նույն նիհար, անառողջ դեմքն է, ոտները մնացել են բարակ, իսկ ինքը մի տեսակ լցվել է, այո, մի տեսակ լցվել։

Ես չեմ ուզում անձնատուր լինել երևակայությանը։ Ես կավ եմ հունցում և նայում ձախակողմյան պատի երկայնքով ամրացված երկար տախտակներին, որոնց մենք դարակ ենք ասում։ Նրանց վրա կողք֊կողքի շարված են Լյուդմիլա Շարթի մեծ ու փոքր, թրծված կամ դեռ հում աշխատանքները։ Այստեղ կարելի է տեսնել և՛ գլխաքանդակ, և՛ բյուստ։ Գլխաքանդակների վզները պետք եղածիծ ավելի երկար են, և այս հանգամանքը գլուխներին տալիս է ավելի ազդեցիկ տեսք։ Այստեղ կարելի է տեսնել Պուշկինի, Տարաս Շևչենկոյի, Հայնեի, Տոլստոյի, ինչ֊որ անհայտ֊անծանոթ երիտասարդի, Չայկովսկու, Շիլլերի, Դոստոևսկու, Նիցշեի գլուխներն ու կիսանդրիները։ Այս ամենը հիշողությամբ, որը, ինչպես երևում է, արվեստագիտուհու ուժեղ կողմերից մեկն է։

Չի կարելի ասել, որ Շարթի ստեղծագործական աշխատանքներն անցան առանց միջադեպերի։ Երբ նա աշխատում էր Հայնեի վրա, ներս մտավ Բիչկոն, նայեց նրա աշխատանքին և մտրակով ցույց տալով Հայնեին, հարցրեց․

― Ո՞վ է, ի՞նչ ազգից է։

― Գերմանացի է, բանաստեղծ, ― պատասխանեց Շարթը։

― Գերմանացի՜, ― անհանգստացավ Բիչկոն, ― մեռա՞ծ է, ապրո՞ւմ է։

― Մեռած է, վաղուց․․․

― Գերմանացի, ― Բիչկոն հառաչեց, ― դու ավելի լավ է մի ուրիշ գործի վրա ժամանակ սպանի․․․ մինչև ես իմանամ նրա ինչ լինելը․․․ անուն֊ազգանո՞ւնը․․․ Զբաղմո՞ւնքը․․․

― Հայնրիխ Հայնե․․․ բանաստեղծ։

Նա գրպանից հանեց տրորված բլոկնոտի նման բան, մի կարճլիկ մատիտ և գրեց։

― Հանկարծ փորձանքի մեջ չընկնենք․․․ Դու էլ, ես էլ, ― բացատրեց նա։

Լյուդմիլան կիսատ Հայնեն դրեց պատուհանի գոգը և չորանոց մտավ՝ չորացած ամանները հավաքելու։

Բիչկոյի գնալուց հետո անհանգստացած Մամոն մոտեցավ Աշոտ դայուն և հարցրեց․

― Ի՞նչ խաբար է․․․

Աշոտ դային բացատրեց։

― Ա՜յ Լյուդմիլա, ― դիմեց Մամոն ներս մտնող Լյուդմիլային իր ռուսերենով, ― էլ գլուխ չգտա՞ր․․․ Հիտլերի զեմլյակի գլուխն ի՞նչ գլուխ է․․․

― Հիտլերը վառում է նրա գրքերը, ― գրեթե ճչաց Լյուդմիլան, ― մի՞թե դրսում չեք կարդացել։

Մամոն սսկվեց։

― Ճիշտ, ― օգնության հասավ Իոնասը ոչ պակաս փայլուն ռուսերենով։ ― Հիտլերը Հայնե չի սիրում․․․ կրակ․․․

Ու ցույց տվեց վառարանը։

Երկու օր հետո եկավ Բիչկոն։

― Ոչինչ չպարզվեց, ― ասաց նա ծխախոտի ծուխը փչելով կիսատ Հայնեի կողմը, ― վերադասը․․․ մի խոսքով՝ չգիտեն, նրանց հայտնի չէ․․․

Աշոտ դային կանգնեցրեց անիվը և ասաց․

― Քաղաքացի՛ պետ, Հիտլերը վառում է այդ մարդու գրքերը․․․ մարդը հակաֆաշիստ է․․․

― Ճի՞շտ ― հանկարծակիի եկավ Բիչկոն, ― եթե դա ճիշտ է․․․ Հիտլերի թշնամին մեր բարեկամն է, պարզ է ու հասկանալի․․․

Գործարար բակի պետը դիմեց Շարթին․

― Ճի՞շտ է․․․ այդ ավազակը վառո՞ւմ է սրա գրքերը․․․

― Ամբողջ աշխարհին է հայտնի․․․ Մի՞թե թերթերում չեք կարդացել, ― պատասխանեց Շարթը Հայնեի չափ և Հայնեի պես դառնացած։

― Էլ ինչո՞ւ միանգամից չասացիր։

― Որովհետև դուք ոչ ոքի չեք հավատում, ― պատասխանեց Շարթը, ― ես ներողություն եմ խնդրում, բայց այդ այդպես է։

― Դուք մոռանում եք, որ ես կալանավոր եմ, ― ասաց Բիչկոն, մի նոր ծխախոտ վառելով, ― ես մտածում եմ և՛ ձեր, և՛ իմ մասին։ Չեմ թաքցնում, ես վախենում եմ, մի սխալ, մի ծուռ քայլ, և ինձ էլ քաղաքական կդարձնեն, կվառվեմ ոնց որ Սիդորի դեզը։ Այո, ես վախենում եմ։

― Իսկ ինչո՞ւ մենք չենք վախենում, ― մտքերի փոխանակությունը շարունակեց Շարթը։

― Դո՞ւք․․․ էլ ինչ վախ։ Այրվել պրծել եք․․․

Օդը ծանրացավ։

― Ինչևէ․․․ Դուք վերջացրեք այս մարդու գլուխը, տեսնենք ինչ է գալու գլխներիս։

Նա ժպտաց։ Ակներև էր նրա ցանկությունը։ Նա ուզում էր իր ծանր խոսքերի տպավորությունը ցրել։ Այդ մենք ենք այրվել, պրծել Սիդորի դեզի պես․․․

Այսպես ծնվեց Հայնեն։

Երբ Լյուդմիլա Շարթն սկսեց խաղալ կավի հետ, Բիչկոն անհանգստացավ․ ինչպե՞ս կնայի վերադասն այդ գործին։ Մի օր չէ մի օր՝ ազատանիները կմտնեն բրուտանոց, վերահասու կլինեն․․․ Չե՞ն բռնի իր օձիքը, չե՞ն մեղադրի թույլ հսկողության, քաղաքական հանցագործների հետ մեղմ վարվելու մեջ։ Մի օր նա մտավ բրուտանոց, մոտեցավ չորանոցում աշխատող Լյուդմիլային և հարցրեց․

― Լենին կարո՞ղ ես պատրաստել։

― Կարող եմ։

― Ինձ համար երկու Լենին պատրաստի։ Համարիր անհատական պատվեր․ ինձնից կստանաս երկու բաժին հաց․․․ եղա՞վ։

― Ինչո՞ւ չէ․․․

― Չուշացնես։

Մամոն բարձրացավ յոթերորդ երկինք՝ այնտեղ մշտական բնակություն հաստատելու հաստատ մտադրությամբ։ Շորորալով էր նա կավը հունցում, ասես գլխի վրա պտտվում էր գերմանուհու շուրջը և հետևում նրա աշխատանքին։ Եկավ օրը, և երկու Լենինը պատրաստ էին դեմքի նույն արտահայտությամբ, նույն գլխարկով, երկու Լենին, երկուսն էլ մի բոյի, մոտիկ ու հարազատ։

Եկան և թրծելու օրերը։ Քուրան կոնուսաձև է․ կղմինդրից շինած Զանգեզուրի լեռների մակետ լինի ասես կամ «Նամուսի» Բարխուդարի փափախի խիստ մեծացրած տարբերակը։ Շինված է փոսի մեջ, Աշոտ դայու ձեռքով։ Նրա ստորոտում վառարանի անցքն է, որն առավոտից մինչև կեսգիշեր կլլում է Աշոտ դայու ձեռքով նետված չոր փայտերը։ Ծուխը բարձրանում է կոնուսի գագաթից, լայն ծխանցքով, որի պատերը տաքացնում են քուրայի որովայնը։ Այնտեղ կան կղմինդրե աստիճաններ, ուր Աշոտ դային տեղավորում է հազարի հասնող ամաններ, սակավաթիվ փարչեր, ծաղկաման, մոխրաման։ Նախքան վառարան վառելը Աշոտ դային կղմինդրներով փակում է կոնուսի վերջավորությունը, խնամքով սվաղում, որ ջերմությունը ելք չունենա։

Վառարանի քառակուսի անցքը դռնակ չունի ― ներսն ընդարձակ է, կիսակլորաձև, հատկապես նրա համար պատրաստված չոր փայտերը վառվում են ու վառվում։ Թրծարանի վառարանը չի երգում բրուտանոցի վառարանի նման քո ուզած երգը, ո՛չ, նա այնպիսի ամեհի ձայներ է հանում, որ դու մոռանում ես քո գիտցած և մանավանդ չգիտցած երգերը։ Նա մերթ վայում է, մերթ կաղկանձում, անսուզսպ ու խելագար պահանջում, սպառնում, հայհոյում ու մանավանդ վայում, վայում Ահարոնյանի լալկան աշնան քամու նման, ծխնելույզում։ ― Ո՜ւ֊ո՜ւ֊ո՜ւ֊վո՜ւ֊ո՜ւո՜ւ․․․

Հիմա ինձ սպասում է մի ուրիշ մեծ հաճույք ու բավականություն․ լվանալ ոտներս և նստել պատշաճ հեռավորության վրա վառարանի դեմ, մի մախորկա փաթաթել, վառել այն դուրս ընկած կրակից և լսել Աշոտ դայուն։ Նա տխրությամբ վերհիշում է իր հորը, դիլիջանցի բրուտ Քրիստափորին, այն մասին, թե ինչպես վաղ մանկությունից օգնել է հորը, սովորել բրուտություն, առանց իմանալու, որ այդ գործը կարող է իրեն պետք գալ ինչպես ինքն է ասում՝ Սիբիրներում։ Հետո սովորել է, մի ոտքը դրել Էջմիածին ճեմարանից ներս․․․

Փոքրիկ կիսանդրիներն Աշոտ դային խնամքով տեղավորեց քուրայում այնպես, որ իր ասելով՝ ոչ այրվեն, ոչ էլ հում մնան։ Ընդհանրապես թրծելու հատկապես առաջին օրը նրա համար ծանր ու լարված օր էր։ Քուրան պետք է վառել 15-16 ժամ անընդհատ։ Աշոտ դային առավոտյան վառում էր մի օր առաջ պատրաստված քուրան, իսկ երեկոյան ժամը հինգին աշխատանքները վերջանում էին, այնինչ հարկավոր էր շարունակել տաքացումը մինչև գիշերվա ժամը 12-1-ը։ Ճամբարային բաժանմունքի պետի՝ փոխգնդապետ Կուցենկոյի հատուկ կարգադրությամբ․․․

Երբ գործարար բակի աշխատանքները վերջանում էին և բրիգադները ճամբար էին վերադառնում, դարպասների մոտ ընդունող պահակապետը հաշվելուց հետո հայտարարում էր, որ մի հոգի պակասում է։ Ուղեկցող ավագ պահակը երկու քայլ մոտենում էր կալանավորներին ընդունող ավագին ու զեկուցում, որ բաժանմունքի պետի հատուկ կարգադրությամբ կալանավոր բրուտ Աշոտ Ռոստոմյանը (նա արտասանում էր Ռաստամյան) մնացել է բրուտանոցում աշխատանքի բերումով։ Եվ ուրիշ ոչինչ։ Նման օրերին ես ինձ որբ էի զգում, մենակ և անընկեր։ Ի՞նչ է անում հիմա Աշոտ դային, մենակ, մեն֊մենակ հսկայական գործարանում․․․ Ինչո՞ւ մենակ, ― անդրադառնում էի ես, իսկ պահա՞կը․․․ մե՜ծ բավականություն։

Կեսգիշերին գալիս էր Աշոտ դային, թեթև բարձրանում տախտակամածին, հարցնում․

― Հայդուկ, լավ֊լա՞վ ես, ― ու ես իսկապես ինձ լավ֊լավ էի զգում։

Հիմա նա մի կտոր հացի հետ խփշտում է սառած ընթրիքը։

― Իսկ դու՞․․․ գիշերով, մենակ, սարսափելի չէ՞․․․

― Նախ՝ մենակ չէի․ չուվաշ Պետրովը հսկում էր իմ անձի անձեռնմխելիությունը համաձայն սահմանադրության․․․

― Չէ՞ր նեղում։

― Դոստացանք․․․ մի քիչ խմած էր, դառնացած։

Նա իջավ տախտակամածից, ճաշամանն ու գդալը ընդհանուր լվացարանում լվաց ու վերադարձավ։

― Տարածելու կարիք չկա, ― շարունակեց նա, ― Պետրովի հայրը նույնպես բռնված է և քշված է Կոլիմա․․․ մի՛ զարմանա։

― Այդ սարսափելի չուվաշի հա՞յրը․․․

Աշոտ դային ժպտաց․

― Մարդիկ այն չեն, ինչ երևում են, ― ասաց նա, ― մեր ժամանակներում մարդը շատ է բարդացել իր էությամբ․․․ Ուրիշ բան են մտածում, ուրիշ բան խոսում, հակառակ իրենց էության՝ գործում․․․ Մարդու մեջ դրել են ինչ֊որ չար զսպանակներ, լարում են իրենց ուզած ձևով ու բաց թողնում։ Ու մարդիկ չար են՝ հակառակ իրենց կամքի, իրենց խմորի․․․

― Պետրովը քեզ օրինակ, ― շարունակեց Աշոտ դային հանվելով, ― կին ունի, երեխաներ, զորակոչված է ու հազար֊հազարների նման քշված այս աշխատանքին։ ― Նայում եմ քեզ վրա ու հորս եմ հիշում, ― մորմոքվում էր նա, ― անմեղ, անշառ մարդ էր․․․ Գոռում եմ ձեզ վրա ու սիրտս ցավում է։ Բայց ինչ կարող եմ անել, ծառայություն է․․․ օրենք․․․ ― Հա, քիչ էր մնացել մոռանայի, գրպանումս․․․

Նա բամբակյա բաճկոնի գրպանից շորի մեջ փաթաթված մի բան հանեց ու դրեց իր արկղը։

― Մի կտոր խոզի ճարպ տվեց, հրաժարվեցի, հնար չեղավ․․․ ― Գոնե հորս հասցեն ունենայի, ― գանգատվում էր Պետրովը, ― տարան ոչ մի լուր․․․ Մայրս երկու տարի առաջ դիմեց օրգաններին, պատասխանեցին, որ ուղարկված է Կոլիմա․․․ իսկ նամակ՝ չկա։ ― Խնդրեց, որ այս մասին ոչ ոքի․․․ ― կհանեն, կուղարկեն տուգանային գնդեր, որպես ժողովրդի թշնամու որդու․․․

Աշոտ դային լռեց։ Բարաքը քնած էր խոր քնով։ Ծանր աշխատանքից հետո քնած են ճամբարի բոլոր բնակիչները, երևի, բացի մեզնից ու քրեականներից, որոնք ցերեկները քնում, իսկ գիշերները թուղթ են խաղում։

― Դեհ, քնենք, ― ասում է Աշոտ դային, ― բարի գիշեր․․․ առավոտյան խոզի ճարպով մի լավ․․․ կնախա․․․

― ․․․ ճաշենք, ― լրացնում եմ ես մտքումս, իսկ Աշոտ դային արդեն քնած է։

Իսկ իմ քունը չի տանում։ Բարաքում տիրում է անթափանց խավար, միայն մուտքի ձախ կողմը քնող օրապահ Նուրանբաևի աղոտ լույսն է պլպլում։ Այդ գիշեր նա է հսկում բարաքի անդորրը։ Իհարկե, այդ հսկողությունը ձևական է, եթե քրեական պախաններն ու վառնակները թափանցեին բարաք ոչ բարի նպատակներով, օրապահը չտեսնելու պիտի տա։ Այդպիսի դեպքեր՝ որքա՜ն ասես։ Բացի բարաքների օրապահներից, հերթով հսկում են ճամբարի քունը բարաքների ավագները։ Նրանք շրջում են մեծ ճանապարհի վրա, երբեմն մոտենում այս կամ այն բարաք՝ ստուգելու օրապահների զգոնությունը, կամ նստում մի քանի րոպե ու խոսում շշուկով։ Ճամբարի անդորրը հսկում են նաև ճամբարի չորս անկյուններում բարձրացող հսկիչ աշտարակները՝ չորս զինված պահակներով, ինչպես և պահակատանը նստած պահակները, որոնք հաճախ մտնում են ճամբար՝ ստուգելու ավագների զգոնությունը․․․ Հսկիչ աշտարակների պահակները նույնպես ստուգում են մեկ֊մեկու։ Հաճախ գիշերային լռության մեջ լսվում է նրանց կանչը։

― Լսիր, առաջին, ― լսո՞ւմ ես․․․

― Լսում եմ․․․ Լսիր երրորդ, ― լսո՞ւմ ես․․․

― Լսում եմ․․․ չորրորդ լսո՞ւմ ես․․․

― Լսում եմ․․․

Ճնշող և ծանր տպավորություն էին թողնում աշտարակից աշտարակ թռչող գիշերային այդ ավելի քան պարզ հարց ու պատասխանները, որոնք ավելորդ, միանգամայն ավելորդ տեղը հիշեցնում էին ճամբարի բնակիչներին իրենց դժխեմ կացությունը։

Բարաքում տիրում է անթափանց խավար․ եթե անտես մի ձեռք սեղմեր գոյություն չունեցող էլեկտրական լույսի կոճակը, եթե բարաքում հրաշքով վառվեին բազում լույսեր և եթե լույսի տակ դու նայեիր քնած կալանավորների դեմքերին, վերահասու կլինեիր անհավատալի, հրաշք թվացող երևույթի․ ― քնած կալանավորները մեծամասամբ ժպտում են, այո՛, ժպտում իսկական, մարդկային ժպիտով։ Բազմերանգ են այդ ժպիտները, ոմանք ժպտում են դառը ժպիտով, ոմանք՝ քաղցր, համարյա մանկական, կան հեգնական, թերահավատ, տարակուսող ժպիտեր, և կան այնպիսիք, որոնք ժպտում և կարծես հազիվ են զսպում իրենց ծիծաղը։ Ամբողջ օրը լարված ու տանջված՝ երբ նրանք քնում են, ասես ազատություն են տալիս իրենց կաշկանդաված զգացմունքներին, ազատ ու անպատասխանատու երազներ են տեսնում․ ազատվում են, տուն են գնում, հարազատներին են գրկում, համբուրում, ուտում են այն, ինչ ցերեկով երազել են, ընկերներով գարեջրատուն են մտնում և պատահում է այնպես, որ գարեջրատանը հանդիպում են․․․ ո՞ւմ են հանդիպում, իրենց քննիչին կամ ճամբարի պետին, կամ կալանավորներից մեկն ու մեկին, որը կալանավորական հագուստ֊կապուստով գարեջուր է վաճառում․․․

Ու երազը վերջանում է, ասես անհայտ մի ձեռք կալանավորին շուռ է տալիս ձայնապնակի նման, ու սկսվում է մի նոր երգ ու երազ։

Այդ գիշեր երևի ես չեմ ժպտացել։ Ամբողջ գիշեր չուվաշ պահակ Պետրովի հետ եմ եղել։ Նա, հրացանը դրած կողքին, նստած մեր բարաքում, օղի է խմում և երեխայի նման լալիս։ ― Կոլիմայից էտապ է գալիս, ― ասում է նա, ― երևի հայրս էլ գա, ինչպե՞ս պիտի հանդիպենք իրար, ես՝ պահակ, նա՝ կալանավոր․․․ Հետո նա մի քանի մեծ կտոր խոզի ճարպ է տալիս Աշոտ դայուն, երկու լրիվ բուխանկա հաց և խնդրում։ ― Կտաք հորս, կարիք չկա ասելու՝ թե ումից է, թե չէ կիմանան և ինձ կքշեն տուգանային գնդեր որպես ժողովրդի թշնամու որդու․․․ Այդ միջոցին բարաքի դուռը բացվում է, ներս է մտնում պահակապետը։ Պետրովը ոտքի է կանգնում, բարձրացնում է հրացանը և գոռում․ «կարգը մի խանգարեք, խոզեր, սրիկաներ, ես ձեզ տուգանային ճամբար կքշեմ այնպես, որ․․․»։

Ես զարթնում եմ։

"Ծաղկած փշալարեր" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Սամարիա
Էլեն Յոլչյան

Սամարիա

Դե Պրոֆունդիս
Դե Պրոֆունդիս
Խաղա առցանց