Գուրգեն Մահարի

Սեւ մարդը

3

Ռուսական Г տառի նման կանգնած փայտե հարմարանքից կախված երկաթե սալիկի վրա երեք անգամ զնգաց հերթապահ ավագի երկաթե գավազանիկը։ Այս զարթոնքն է։ Աշխատանքային բրիգադների մատակարարները զամբյուղներով և բաց տակառներով խռնվում են խոհանոցի և հացի պահեստի փոքրիկ պատուհանների առաջ։ Ճամբարը զարթնում է, սկսվում է նրա մեծ առօրյան։ Գիշերային խավարն անթափանց է, չնայած, որ առավոտյան ժամը յոթն է։

Ես զարթնում եմ և առաջին բանը, որ հիշում եմ, այն է, որ այսօր կիրակի է և այն, որ Աշոտ դային երեկոյան երկու ծխախոտ ծխեց։ Հիմա էլ նա չկա․ աստված գիտի, թե որ ժամին և ուր է գնացել այդ անհանգիստ հոգին․ երեկ երեկոյան նա ծխեց երկրորդ ծխախոտը, վերմակը քաշեց գլխին և քնեց առանց մի խոսք ասելու։ Ես էլ չփորձեցի նրան խոսեցնել։ Ես հոգնել էի՝ շրջելով Աբովյան փողոցով և Ռուսթավելի պողոտայով, ունեցել էի կարևոր հանդիպումներ․․․ ու քնեցի ես էլ։

Սկսեցի հագնվել․ համար յոթ բարաքում տեղավորված բրիգադները պատրաստվում են նախաճաշելու։ Մեր մատակարարը պարզում է իմ և Աշոտ դայու օրվա հացի երկու բաժինները։ ― Արարա՛տ֊տարարա՛, ― հիշում եմ ես և տրամադրությունս բարձրանում է։ Շուտով բերելու են նախաճաշը, ո՞ւր մնաց Աշոտ դային։

Ահա և նա, միշտ հանգիստ, միշտ անհանգիստ Աշոտ դային։ Մենք նախաճաշում ենք։ Նախաճաշի ընթացքում նա ինձ պատմում է, որ հիրավի Տայշետից եկած էտապում մի հայ կա։

― Բայց ավելի լավ կլիներ չտեսնեի այդպիսի հայ, ― ավելացնում է նա հառաչելով։

― Ինչո՞ւ, ― հետապնդում եմ ես։

― Սև մարդ է, ― լինում է պատասխանը։

Նախաճաշից հետո մենք զբաղվում ենք կարգի բերելով մեր տնտեսությունը․ մի անգամ էլ վերանայում ենք ստացած նամակները․ Աշոտ դային կարկատում է իր աջ, իսկ իմ ձախ ձեռքի ձեռնոցները, հետո խոսում ենք մենք, ինչի՜ մասին ենք խոսում, ամե՛ն ինչի մասին, ― վիրավորված արդարության ապաքինման մասին, երեք օր առաջ մահացած հյուսն Ծուլուկիձեի մասին, հրեա ուսանող Էյդելմանի մասին, որն ազատվեց ու տուն գնաց, խոհանոցի առաջ փայտ ջարդող բժիշկ վիրաբույժ Լև Բորիսովիչ Ինժիրի մասին, որը ճամբարի պետի հրամանով նշանակվեց հիվանդանոցի գլխավոր բժիշկ։ Դեռ մի քանի օր առաջ նա թիթեղե ամանը ձեռքին կանգնում էր խոհանոցի փոքրիկ պատուհանի դեմ մի հավելյալ շերեփ կերակուր ստանալու համար, որպես խոհանոցի փայտահատ, իսկ այսօր նա իշխում է բոլոր խոհանոցների, բոլոր բարիքների վրա․․․

― Մալադե՛ց, Ինջի՜ր, ― ասում է մեր հարևան ադրբեջանցի Զամանովը, խփելով երկաթի կտորը կայծքարին և վառելով ծխախոտը, ― մալա․․․ մալադե՛ց Ինջիր։ ― Հետո նա չոր մրգով հյուրասիրում է մեզ։ Մենք չենք մերժում, այսպես է օրենքը, ով ծանրոց է ստանում, նա հյուրասիրում է իր մոտի հարևաններին։

― Լավ թութուն ստացա, Աշոտ դայի, ասում է Զամանովը, ներս քաշելով ծխախոտի ծուխը մեծ ախորժակով, ― դեղին, ոնց որ քյարհըբար․․․ Ասենք, դու չես ծխում, ի՞նչ եմ գովում ապրանքս․․․

Դուռը բացվեց և մեկը ներս մտավ։ Շոգու ամպեր ներս թողնելով, նա առաջացավ, նայելով աջ ու ձախ, երկհարկանի տախտակամածների բնակիչներին։ Հին մի գուլպա բռնել էի ես, իսկ Աշոտ դային քաշում էր նրա թելը և կծկում։ Գուլպան անհետացավ իմ ձեռքում, իսկ Աշոտ դայու ձեռքում վերածվեց այն ձնագնդակի մեծության մի կծիկի։

― Սանասա՛ր, ― կանչեց Աշոտ դային, նկատելով նորեկին։

Նորեկը դանդաղ քայլերով մոտեցավ։

― Բարձացիր, նստիր։

Ասել, որ նա սև մարդ էր, այնքան էլ ճիշտ չէր լինի․ ճիշտ է, թուխ էր նա, ճակատով մեկ սպի․ հոնքերը հաստ ու սև՝ խաղողի հատիկների նման փայլուն ու շարժուն աչքերի վրա, շրթունքների անկյուններում ժպիտի նման թաքնված մի բան․․․ Մի՞թե սա է «սև մարդը»։

― Էլի բարև, ի՞նչ բանի եք։

― Գործ ենք անում, ա՜յ տղա, ― զվարթ բացականչեց Աշոտ դային՝ ձեռքի կծիկը վեր֊վեր նետելով և բռնելով։ ― Այ, տես մեր աշխատանքը։

― Որ ի՞նչ, ― հարցրեց նորեկը քմծիծաղելով։

― Որ երբ գուլպաներս մաշվեն՝ նորոգենք։

― Էդ օրի՞ն եք, ― նա բարձրացավ ու նստեց՝ կռնակը սյունին։

― Տայշետում երեք կավերկոտե կոստյում ունեի, ― ասաց նա անփույթ։

― Իժո՞ւմ, ― այս անգամ քմծիծաղեց Աշոտ դային։

― Քամին բերավ, քամին տարավ, ― գրեթե երգեց նորեկը։

― Ո՛չ քամու բերածն եմ ուզում, ո՛չ էլ տարածը, ― վճռականապես հայտարարեց Աշոտ դային, կծիկը նետելով արկղը, ― ասում են հինգ տարի՞ է, ինչ տնից․․․

― Հինգ տարի։ ― Ապա սկսեց երգել․


Հինգ տարին բարի լույս է,
Տասը տարին աչքալույս է,
Տասնհինգ տարին էլի հույս է,
Քսան տարին, դատավոր ջան, ցավդ տանեմ,
Դու էլ լինես՝ չես դիմանա․․․


Նա շուռ եկավ, կիսով չափ ձգվեց Զամանովի անկողնու վրա և մախորկա փաթաթեց։

― Հեչ չմտածես, Աշոտ դայի, չեմ թողնի, որ նեղություն քաշես․․․

― Վայ թե ուզում ես հաց կտրո՞ղ դարձնել ինձ․․․

― Հաց կտրո՞ղ․․․ Բան ասաց, հաց կտրող․․․ Մե՛ծ բան։

― Կուխնու կառավարի՞չ։

― Թքի՜ր։

― Հասկացա միտքդ, հասկացա, ― Աշոտ դային ինձ աչով արավ։

― Ի՞նչ հասկացար, ― հեգնեց նորեկը։

― Հիվանդանոցի զավխո՞զ ես ուզում ինձ օծել․․․

Նորեկը, ուրեմն Սանասարը, մեծ արվեստով թուքը հասցրեց մինչև առաստաղը․ եթե չլիներ առաստաղը, ամենայն հավանականությամբ նա կհասցներ մինչև աստծո մորուքը։

― Որ ի՞նչ, մեռելների ոտներին համարներ կապե՞ս․․․ չէ, Աշոտ դայի, ես քեզ չոլում չեմ գտել։ Թող մի ծանոթանամ էստեղի շների հետ, կտեսնես, ո՜նց կապրենք։ Գործ ես գտել, բրո՜ւտ, մարդն է՞լ ցեխի հետ գործ բռնի։

― Բա ինչի՞ հետ գործ պիտի բռնի, ― շարունակում է փորփրել Աշոտ դային։

― Ինչի հե՞տ, ― նա մտածում է և պատասխանում, ― ապրուստի հետ, ապրուստի հետ, ― կրկնում է նա ու չգիտես ինչու՝ ուշադրությամբ նայում է Զամանովին։

― Ապրուստի հե՜տ, ― կրկնում է Աշոտ դային, ― դե, մեր ապրուստն էլ բրուտությունն է։

― Սա է՞լ բրուտ է, ― հարցնում է նա՝ ակնարկելով ինձ։

― Ցեխ է պատրաստում, ― բացատրում է Աշոտ դային։

― Ծը, ծը, ծը, ― լեզվով ծտացնում է նա արհամարհանքով և ցավակցությամբ, ― դուք էլ ասում եք, թե ապրում եք․․․

Նա հորանջում է և ավելի հարմարավետ տեղավորվում կիսով չափ Զամանովի, կիսով Աշոտ դայու անկողնու վրա։

― Ճակատդ ո՞վ է զարդարել, ― հարցնում է Աշոտ դային։

Սանասարը շոշափում է ճակատի սպին։

― Սրա մասի՞ն ես հարցնում։

― Դրա մասին։

― Էս ի՞նչ է որ․․․ Էստեղս էլ ունեմ, էստեղս էլ, ― նա ցույց է տալիս փորը, կռնակը, ակնհայտ հպարտությամբ։

― Մարդ սպանած կա՞ս, ― հարցնում է Աշոտ դային։

Նրա աչքերը փայլում են չար փայլով։

― Դու, ի՞նչ է, քննիչ Տիգրա՞նն ես․․․

― Քննիչ Տիգրանն ո՞վ է, ― հարցնում է Աշոտ դային։

Նա պատասխանելու փոխարեն երգում է․


Ախ, քննիչ Տիգրանը մեծ գիրքը բացեց,
Օրենքի համեմատ ինձ հոդված տվեց,
Էդ ի՞նչ օրենք էր, որ օրս սև արեց,
Մնաս բարով, մայրիկ, չես տեսնի էլ ինձ․


― Խելքի եկ, խելքի, ― հուզվեց Աշոտ դային։

Լավ էր երգում այդ Սանասար կոչեցյալը, մինչև անգամ հուզիչ, վարակիչ տրամադրությամբ։ Չեմ թաքցնի թուլությունս, ես էլ հուզվեցի, հուզվեց մինչև անգամ Զամանովը և երկաթի կտորով խփեց կայծքարին։

Տիրեց լռություն։ Սանասարը շոշափեց չսափրված դեմքը։

― Գնամ մի քիչ քարշ գամ, ― կարծես եզրափակեց նա, ― գնամ․․․

Ու գնաց, ավելի շուտ՝ անհետացավ։

Հիմա մենք նստած խոսում ենք ամենահասարակ բաների մասին, բայց չգիտեմ ինչու, ինձ թվում է, որ Աշոտ դային մտածում է բոլորովին ուրիշ, մեր խոսակցության հետ կապ չունեցող բաների մասին։ Երբ մենք լռում ենք, նա շարունակում է մտածել և հանկարծ դառնում է ինձ։

― Բա՞ն ասացիր։

― Ես բան չասացի, ― պատասխանում եմ ես, իսկ նա կարծես տխրում է, որ ես ոչ մի բան չասացի։

Պարզ է, անհանգիստ է Աշոտ դային։

― Ուշադրությո՜ւն, ― լսվում է օրապահի ձայնը դռան մոտից։ Բարաքի ավագը, կարճահասակ, անարյուն և բուսականությունից զուրկ դեմքով, սառն, կապույտ աչքերով Կոլոկոլնիկովը առաջ է նետվում․ ներս են մտնում ճամբարի պետը, կոմենդանտը, վերակարգիչը և գլխավոր բժիշկ Լև Բորիսովիչ Ինժիրը, կամ, ինչպես Զամանովն է ասում՝ Ինջիրը։

Տիրում է լռություն։ Հիմա արդեն լսվում է վառվող վառարանի ճարճատյունը։ Պաշտոնական եռյակը շարժվում է առաջ․ կոմենդանտը, նույնպես կալանավոր, լեհ Ժիգիլյավսկին, ամբողջ ժամանակ նայում է պետին, իսկ գլխավոր բժիշկը մոտենում է տախտակամածներին և բարձրացնում է մի քանի ներքնակ, մատներով շոշափում նառերի տախտակները և նայում մատներին։

― Ո՞վ է ավագը, ― ցածր ձայնով հարցնում է նա։

― Կոլոկոլնիկով, ― գոռում է կոմենդանտը։

Կոլոկոլնիկովը կծկվել էր նրա ետևում․ նա առաջ է անցնում և զինվորական պատիվ բռնում։

― Համար յոթ բարաքի ավագ Միտրոֆան Միտրֆանովիչ Կոլոկոլնիկով։

― Կոլոկոլնիկով, նառերը մաքուր չեն։

― Լսում եմ։ Նուրանբա՜յ, ― գոռում է նա իր հերթին, ― շա՛ն որդի․․․

Առաջ է գալիս ուզբեկ Նուրանբայը։

― Երկսին էլ հանել, ― ասում է ճամբարի պետը, իսկ վերակարգիչը տախտակե ֆաների վրա, որը ծառայում է թղթի տեղ, մի բան է գրում արագ։

Կոմենդանտը ինչ֊որ բան է շշնջում պետի ականջին։

Պետը տխուր ժպտում է։ Կոլոկոլնիկովն ու Նուրանբայը կարծես թե փրկված են։ Վերակարգիչը ապակու կտորով գրածն արագ քերում է, այսինքն՝ ջնջում։

Նրանք դուրս են գալիս, և բարաքը նորից բզզում է փեթականոցի նման։ Խոսում են, ծիծաղում, դատում, հերքում, համաձայնում։ Ուզբեկ Նուրանբայը թաց շորով հարձակվում է նառերի վրա։

― Մալադե՛ց, Ինջի՜ր, ― ասում է Զամանովը, ձեռքը խոթում է բարձի տակ և վեր է թռչում, բարձը շուռ է տալիս ու գոռում․

― Թութո՜ւնս․․․ Գողացա՜ն թութունս, քյարհըբարի՜ պես թութունս․․․

"Սեւ մարդը" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Fides Tua
Տիգրան Համասյան

Fides Tua

Տանձ, դեղձ և կուժ
Տանձ, դեղձ և կուժ
Խաղա առցանց