Գուրգեն Մահարի
Սեւ մարդը
Գործարանի բանվորական ակումբի բեմից ես նայում եմ ընդարձակ դահլիճում նստած հանդիսատեսներին և փնտրում իմ հերոսին։ Գրականության և կյանքի կապի մասին խիստ շահեկան զեկուցումը (ինչպես նշված է աֆիշայում՝ «Զեկ․ ֆիլոլոգիական գիտությունների թեկ․ Հմ․ Մրմրյան») մոտենում է իր վախճանին։ «Պետք է»֊ներին փոխարինեցին «անհրաժեշտ է, որ»֊երը և համոզեցուցիչ ու կատեգորիկ «միայն այսպիսով մենք»֊ը շարժեց ունկնդիրներին նախապատրաստելու համար ակումբային մասշտաբով բուռն ծափահարություններին։
Ծափահարությունները վերջացան։ Հետո հանդես պիտի գանք մենք, բանաստեղծներս, պիտի արտասանենք մի֊մի բանաստեղծություն։ Ես արդեն գիտեմ, թե ով ինչ է արտասանելու։ Ինչ վերաբերում է ինձ, ես արտասանելու եմ մի բանաստեղծություն, որն ահա երկու տարի է, ինչ բարեհաջող կերպով քարշ եմ տալիս կոլտնտեսությունից կոլտնտեսություն, գործարանից գործարան, ակումբից ակումբ․․․ դա մի կարթ է, որով ես ուզում եմ որսալ իմ հերոսին, բայց բոլոր գրական երեկոներից ու հանդիպումներից հետո ես տուն եմ գնում դատարկ ձեռներով ու թափուր հոգով։
Ասել, որ ես հոգ չեմ տանում գրականության և կյանքի կապի մասին, ճիշտ չէր լինի։ Ես, նման երեկոների ընդմիջումներին, ինչպես թերթերն են գրում, ինձ մոտեցող ընկերների հետ զրուցում եմ, սիրալիր կերպով «պատասխանում եմ նրանց հարցերին», ինքս եմ հարցեր տալիս և «ուշադրությամբ լսում նրանց պատասխանները», բայց այդ դիալոգները ոչ մի կերպ գրականության չեն վերածվում, որովհետև չկա ամենագլխավորը․ չկա հերոսը։ Մտել է ինչ֊որ տեղ, հետևում է իմ զուր ջանքերին, ծիծաղում է ինձ վրա, հնարավոր է անգամ, որ նա անցնում է կողքովս, անգամ խոսում է ինձ հետ, ու ես չեմ նկատում նրան, չե՛մ ճանաչում, չե՜մ բռնում․․․
― Տասը րոպե ընդմիջում, ― հայտարարում է նախագահը, ու մենք դուրս ենք գալիս ծխելու և գրականության ու կյանքի միջև սերտ կապեր ստեղծելու։ Ինչպես միշտ, մեզ շրջապատում են հանդիսականները, և մենք սիրալիր կերպով պստասխանում ենք նրանց հարցերին, ինքներս ենք հարցեր տալիս և մեծ ուշադրությամբ լսում նրանց պատասխանները։
Մեկը քաշեց իմ թևից։ Ես ետ եմ նայում։
Իմ դեմ կանգնած է միջին տարիքի մի մարդ․ կոկիկ հագնված է նա, ժպտում է երեք ոսկե ատամներով, թուխ֊թխորակ, իսկ ճակատով մեկ սպիտակավուն սպին․․․ Սպասի՛ր։
― Սանո՞․․․
― Հա, ես եմ, Սանասարն եմ, անուշ ջան, ախպեր ջան․․․
― Որտեղից՝ որտեղ․․․
― Էնտեղից էստեղ, Գրիշ ջան, ասենք հիմի քեզ Գրիշա ասել չի կարելի․․․
― Ուրեմն քեզ էլ Սանո ասելն անհարմար է, ճի՞շտ է․․․
― Ցեխի վարիչ եմ, երեք անգամ պարգևատրված, ― կարճ կապեց նա, լրջացավ, նայեց իմ աչքերին, բայց չկարողացավ պահել լրջությունը և ժպտաց ինձ քաջ ծանոթ ժպիտով։ Ըստ երևույթին նա միանգամից շատ բան հիշեց այն օրերից և այնտեղից․․․
― Աշոտ դայի՞ն, ― հարցրեց նա։
― Կպատմեմ։ Դու անպայման անցիր ինձ մոտ՝ հյուրանոց։
― Ո՛չ մի հյուրանոց։ Այստեղից գնում ենք ուղիղ մեր տուն։
Էլեկտրական լույսերը երեք անգամ հանգան ու վառվեցին։ Մենք բեմ բարձրացանք։ Նախագահին խոնարհաբար խնդրեցի ազատել ինձ արտասանելու պարտականությունից։
― Ոչինչ չեմ հիշում․․․