Ատրպետ
Բերսայի առաքելը
IX, X
Դատավորների երևալուն պես լռություն տիրեց, և ամեն հայացք ուղղվեց նրանց կողմը, ուշադրությունները ամփոփած, լռելյայն լսում էին բոլոր հանդիսականները։ Բայց նախագահի սովորական քննությունը, սկզբնական դատավարության արձանագրության երկար ու բարակ ընթերցանությունը ձանձրացուցիչ էին մինչ այնքան, որ դատավոր-անդամները, քարտուղարն անգամ, մոռացած իրենց դերը, ստեպ իրենց հայացքը մեկնում էին Տիրան բեյի, մանավանդ Հելեն խանումի վրա, այնպես որ ավելի զբաղված էին գեղանի տիկնոջ հրապույրով և չէին էլ ըմբռնում ընթերցանության բովանդակությունը։
Միհդատ էֆենդին անդադար հանդարտ սրտով կարդում՛ էր երկար ու ձիգ արձանագրությունները, Գալֆայանի սնանկության պատմությունը և այն հանգամանքները, որոնք առաջացրել էին Տիրան բեյի առևտրական տան ձախորդությունը։ Երբեմն-երբեմն, ընդհատելով ընթերցանությունը, Միհդատ էֆենդին թեքում էր գլուխը աջ ու ձախ, իբրև թե հարցնում էր ընկերակիցներին, «կարդա՜լ և այսինչ արձանագրությունը», որին իսկույն մեքենաբար պատասխանում էին շըփոթված ընկերակիցները, կիսասթափ իրենց ուշաթափությունից, «բելի էֆենդիմ, էվետ էֆենդիմ» (հրամմեր եք, այո՛)։ Միհդատ էֆենդին, «ղասաբի» նման սառնասիրտ, առանց ուշք դարձնելու քերթված անասունի դիակին, անդամահատում էր միսը և դասավորում այս ու այն կողմը, այնպես որ նրա կարդացած արձանագրությունները, բացատրությունները և քննությունները կանխապես հայտնի լինելով հանդիսատես հասարակությանը, նրա տաղտուկը բերեց։ Ամենքի ուշադրությունը դարձյալ կենտրոնացավ Հելեն խանումի վրա, որը թեև դիակնացած դիրքով, բայց պարբերական հառաչանքներով և ցնցումներով, դերասանական նրբությամբ քաշում էր իր կողմը բոլորի հայացքները և այնպես էր ձևացնում, որ իբր այդ բոլոր հոգեկան տանջանքները առաջանում էին սառնասիրտ նախագահի զրպարտություններով լի արձանագրությունների ընթերցումից։ Նստած տեղում Հելենը երբեմն մեռելի դեմք և գույն էր ստանում, երբեմն բորբոքվում, շանթի նման կարմրում էր, այն աստիճան, որ կարծես աչքերից պեծեր էին ցայտում և երեսը ցոլում էր բոցափայլ շողքով: Երբեմն էլ արհամարհական ծիծաղով ժպտում էր այնքան նազենի, այնպես գողտրիկ, որ տասնևչորս տարվան անմեղ կույսի տիպար էր ընդունում և իրեն դիտող աչքերին խոնարհելու, ակամա ծնրադրելու ստիպում…
Ընթերցանության ավարտումից հետո, երբ պահանջատերերը պնդեցին իրենց փաստաբանների խնդրագրերով պահանջված քննությունները կատարելու, Միհդատ էֆենդին նախ գրավոր փաստերը պահանջեց և ապա վկաներին դատաստանասրահից հեռացնելով, սկսեց մեկ-մեկ վերջինների ցուցումները արձանագրել, փաստաբանների տված հարցերի հետ։ Կողմերի վկաներն ու վկայագրերը հերքում էին իրար ցուցումները, դատավորներին մնաց միայն գրավոր փաստերի և գոլություն ունեցող օրենքների հիման վրա կայացնել իրենց վճիռը։ Բայց որովհետև դատ վարողների մեծագույն մասը օտարականներ էին և ապելիացիայի իրավունքից զրկված, ուստի դատավորներն ամեն տեսակ նրբությամբ հետևում էին գործի մանրամասնությունների մեջ թափանցելու և ոչ մի կետ անուշադիր չէին բաց թողնում, որպեսզի կոնսուլների թարգմանների բողոքին առիթ չմնար։
Պահանջատերերի փաստաբանները աշխատեցան և իրենց ճառերով ուզեցին ապացուցանել, որ Տիրան բեյը երկար տարիների ընթացքում մտադրած է եղել կանխապես սնանկանալ և պարբերաբար բոլոր գործերին այնպիսի ընթացք է տվել, որ կարողանա ժամանակին արդարանալ։ Այս բանի գլխավոր ապացույցը կալվածների կնոջ անվան դարձնելու կետն էին մատնացույց անում: Այդ բանը հերքեց Տիրան բեյի փաստաբանը, ապացուցանելով, որ Տիրան բեյը յուր ինչ-ինչ վճարումները բանկ Օտոմանին և Կրեդի-Լիոնեին լրացնելու համար պարտավորված էր եղել, այն էլ պակաս գնով, ծախել յուր կալվածները, որպեսզի կարողանար պատիվը պաշտպանել եվրոպական գործարանատերերի մոտ և գործերը շարունակելով կարգի բերել։ Տիրան բեյի փաստաբանը ներկայացրեց վկայականներ, որոնք ստացված էին վերև հիշված բանկերից և ցույց էին տալիս ժամանակին նրա մեծաքանակ վճարումները, որով պահանջատերերի ենթադրական մեղադրանքները հերքեց, և դատավորները խոնարհեցան հավատ ընծայելու դրական փաստերին, որոնք վավերացված էին դարձյալ օտարականների վարկավոր հիմնարկություններից:
Վերջապես փաստաբաններից մեկը, պատշաճության սահմանից դուրս գալով և ընդունված դատաստանական համեստության քողը պատռելով, սկսեց այնպիսի հարցերի քննության մեջ մտնել, որոնք խավարի անդնդում գործվածները լույս աշխարհ էին կամենում դուրս բերել և որոնց լուծումը առևտրական դատարանի իրավասության սահմանից դուրս էր: Դատավորները երբ ցանկացան սանձել փաստաբանի նկարագրությունները, կյանքի մութ խավարի այս ու այն կողմը տարածումները, նա առանց քաշվելու, առանց տատանվելու դարձավ ժողովրդի կողմը և ասաց բողոքելով.
էֆենդինե՜ր, խանումնե՛ր, ժողովրդին կողոպտում են, նրա հավատքը դեպի չարը գործադրելով, տարիների ընթացքում կյանքի գնով տնտեսածները խլում են ձեռքից, և երբ ուզում է փաստաբանը բացատրել և չարագործի դիմակը պատռելով մերկացնել նրան, ցույց տալ գազանական ժանիքները, մատնել արդարադատության ձեռքը, մեր դատավորները նեղանում են, ձանձրանում են լսելուց և շտապեցնում…
Ներեցե՜ք, մյուսյու, մենք չենք շտապեցնում, ասաց ժպտալով Միհդատ էֆենդին, որի ժպիտը ավելի ժահրալի էր, քան թե օձի թույնը, այլ խնդրում ենք, որ առանց դուրս գալու ներկա սնանկության գործի սահմանից, դուք տաք մեզ ձեր բացատրությունները։ - Ներեցեք, դատավոր էֆենդիներ,– շարունակեց փաստաբանը անվրդով, իմ պարտքս է այն բոլոր պարագաները նկարագրել, որոնք պիտի ձեզ պարզեն իրերի դրությունը և պատկերացնեն ճշմարտությունը, որպեսզի դուք մի անսխալ համոզմունք կազմելով, տաք արդար վճիռ, որին սպասում են, եթե ոչ եվրոպացի գործարանատերերը, վաճառականները, բանկիրները, այլ այն թշվառները, որոնք իրենց տարիներով, հազար մի տանջանքներով տնտեսածները, իրենց կյանքի միակ կենսատու հյութը և փրկությունը կորցնելու են, կործանվելու են, եթե արդեն իսկ կործանված չեն։ Ես այդ սնանկությունը մի ճարտար խազ եմ համարում, որի դերակատարները ներկայումս ծիծադում են արդարադատության վրա, մեզ վրա, ձեզ վրա, ծաղրում այս բոլոր ձևականությունները և կատակերգությունները, որոնք իրենց հեղինակությունն են համարում։ Մի՛ վրդովվեք իմ այս խոսքերից, մի՜ ցնցվեք այս լոկ բառերից, թող ձեր պատվազգացությունը չբորբոքվի այս չնչին հարձակողական լեզվիս բառերից, որին թյուն են մատակարարում, աղու են տալիս թվարկյալներիս սոսկալի վիճակը, այլ սոսկացել է մակաբերելով թվարկյալներիս և նրանց ընտանիքի ապագան, ձեր վճիռը տալուց հետո։ Գիտեք, որ այդ բոլոր անհատները մի-մի ընտանիքի սյուներն են, մի-մի խումբ մարդիկ սնուցանողներն են, մի-մի տան նեցուկներն են և եթե դրանց կոտրենք, շպրտենք, կործանելու ենք ամբողջ ընտանիքներ։ Երբեք ես չէի կարող մտքիցս անցկացնել, որ թշվառացնեի, անբախտացնեի, անվանարկեի մի անհատ, թե ինչ է պիտի շենացնեի մի քանի տներ, պիտի փրկեի մի քանի ընտանիքներ, կուզե աշխարհներ։ Բայց իմ աչքիս առաջ ես պարզ տեսնում եմ, որ նենգությամբ, նախամտածված չարությամբ կողոպտված են այս մարդիկ, չարամտությամբ և կանխապատրաստությամբ սարքված է Գալֆայանի սնանկությունը… «Ասացե՛ք, խնդրում եմ, ո՞վ է Տիրան բեյը, ո՞վ է Հելեն խանումը։ Մի՞թե միևնույն ընտանիքի երկու կողմի պատերը կամ երկու սյուները չեն կազմում, մի՞թե մի կապով չեն կապված երկուսն էլ։ Եթե Հելեն խանումը այնքան գումար ուներ, որ կարողանար գնել Տիրանի կալվածները, ինչո՞ւ այդ փողով նա չէր օգնում յուր ամուսնին, ինչի՞ էր թողնում այդ կալվածները ծախելու կամ ինչի ուղղակի ինքը չէր գնում, այլ նախ մի գործակալի, մի բարեկամի էր ծախվում այդ կայքերը, ապա նրանցից գնում էր տիկինը։ Ինչի՞ էր թողնում Տիրան բեյը կամ Հելեն խանումը ավելորդ ծախսեր անելու, պակաս գներով ծախելու կամ կալվածական թղթերի հաստատության համար կրկնակի վճարումներ անելու։ Եթե խորը դատեք, արդարությունը ինքն իրեն կներկայանա ձեր աչքերին։ Մի՞թե այս կետերը ձեր սրտերում կասկածներ չեն ծնեցնում։
«Կամ թե որտեղի՞ց այնքան մեծ–մեծ գումարներ մի տիկնոջ, որը յուր ծնողներից, բացի յուր բնական գեղեցկությունն ու ձիրքը, ոչինչ չէ ժառանգել և անձամբ որևէ առևտրական գործ չէ վարել։ Ասացե՛ ք, խնդրում եմ, պարբերաբար, տարեցտարի որտեղից էր ճարում Հելեն խանումը այն գումարները, որոնցով ետ էր գնում ամուսնի կալվածները։
Ի՞նչ եք պատասխանում այս հարցերին, խանու՛մ–, ասաց նախագահը՝ Միհդատ էֆենդին,– ով տվեց ձեզ այնքան փող, որ այդ կալվածները գնելուց հետո ձեր սնդուկից էլ դուրս եկավ ևս քսան հազար լիրա՛։
Ինչի՞ եք ինձ հարցնում, րեիս (նախագահ) էֆենդի՛,- ասաց Հելեն խանումը, գլուխը բարձրացնելով և հայացքը հառելով նրա աչքերին,– ինչի՞ դուք անցյալ երեկո ինձ երկու հարյուր լիրա էիք ուղարկել… Ի՞նչ իրավունքով եք դուք միջամտում իմ անձնական և ներքին գործերի մեջ… Նախագահը մոլորվեցավ… Հելեն խանումն այս խոսքերը դողդողալով արտասանելուց հետո ջղաձգորեն ցնցումներ արավ, աչքերը ոլորեց, չռեց, չորս կողմը զննեց, կրկին կամաց փակեց և տատանվելով ուշաթավված ընկավ բազմոցի տախտակի վրա։ Երբ ջղաձգությունը նկատեց հույն աղախինը, իսկույն թռավ, մոտեցավ յուր տիկնոջը, բռնեց և չթողեց, որ գլորվի, ընկնի հատակի վրա։ Տիրան բեյը հետևեց աղախնին քիչ թույլ շարժումներով, իսկ հեռվից տան էսկուլապը յուր հաստ փորով ճեղքելով ամբոխը, արտորալով հասավ օգնության յուր պացիենտին։ ժողովուրդն արդեն այնպես աղմուկ բարձրացրեց, որ ոչինչ չէր լսում, իսկ դատավորներն այդ խառնաշփոթին վերջ տալու համար իսկույն հինգ րոպեով դատավարությունը ընդհատեցին և առանձնացան իրենց խորհրդարանում՝ ծխելու, հանգստանալու։
Հասարակությունը մոռացավ դատավարությունը, նա հետաքրքրվում էր, թե ինչ հետևանք ունեցավ Հելեն խանումի ուշագնացությունը։ Ամեն մարդ հետամտում էր տեսնելու այդ րոպեին նրա դեմքի այլակերպումն ու արտահայտությունը։ Բժիշկը զանազան հոտեր էր շնչել տալիս, աղախինը, տիկնոջը յուր կրծքի վրա հանգստացրած, նրա թիկունքը բազուկներով գրկել էր, որ չգլորվի։ Տիրան բեյը, ձեռքերը բռնած, առաջը չոքած, կրկնում էր. հոգի՛ս, հոգյա՛ կս, սթափվի՛ր, հանգստացի՛ր, աչքերդ բա՛ց, ների՛ր դահիճիդ, որ քեզ այսքան տանջանքների մատնեց։
Ջու՜ր, մի բաժակ սառը ջուր կամ մի կտոր ձյուն,– գոռում էր բժիշկը, քանդելով Հելենի կրծքի կոճակները։
Իսկ հասարակությունը խռնված, իրար գլուխ էր կոտրում, որ կարողանար անցքի մանրամասնություններին ականատես լինել։ Ամենայն հետամտությամբ դիտում էին տիկնոջ շարժումները և ոչ մի ցնցում աչքից բաց չէին թողնում, կարծես Հելենը բեմական դերակատար լիներ։ Ջուրը բերեցին, սառույցը տվին, բժիշկը կատարեց յուր պաշտոնը, և ուշագնացը սթափվեցավ։ Այնքան կենդանի անցան այդ սթափման վայրկյանները, այնքան բնական, որ մի քանի գեղարվեստի սիրահարներ անզգայաբար ծափահարեցին, մեծ ուրախություն պատճառելով տիկնոջը։
Դատավարությունը շարունակվեց, և Հելեն խանումի փաստաբանը մի երկար ճառով ապացուցեց, որ իրավունք չունի առևտրական դատարանը քննել, թե ինչ միջոցով է ձեռք բերել Հելենը յուր անձնական֊սեփական կարողությունը։ Այս հարցը մի այնպիսի խնդիր է, որի քննությունը կապ չունի Տիրան բեյի սնանկության գործի հետ։ Մանավանդ որ բոլորովին մի միություն չեն կազմում Տիրան բեյն ու Հելենը, այլ երկու, քանի որ կարող է նրանցից մեկը մեռնել և մյուսը գուցե շատ ու շատ ապրել կամ մի ուրիշ անձնավորության հետ ամուսնանալ։ Մինչև անգամ կարող են ապահարզանով բաժանվել և նորանոր ամուսնություններ կազմել։ Փաստաբանը կարճ, բայց օրենքների և մինչև անգամ շերիաթի հատվածների վրա կանգ առնելով, պնդեց, որ Հելենի բոլոր կալվածները, զարդերը և շորերի ու փոխնորդի սնդուկներից դուրս բերված փողերն ու գոհարները անմիջապես վերադարձնեն տիկնոջը։
Դատավորները երկու կողմից վերջին խոսքերը լսելուց հե¬ տո հեռացան իրենց խորհրդարանը՝ վճիռը կայացնելու։ Հանդիսականները սրտատրոփ սպասում էին վճռի ընթերցանւուլթյանը։ Փաստաբանները նրբանցքում ման էին գալիս ծխելով, մռայլ դեմքով և իրար ծուռ-ծուռ հայացքներով չափչփելով։ Դատասրահից ոչ ոք դուրս չէր գալիս, որպեսզի տեղ չգրավեին ուրիշները և իրենք չզրկվեին կոմեդիայի վերջին տեսարանից։ Հելեն խանումը, ամուսնի թևը մտած, գնաց քովի սենյակներից մեկը քիչ հանգստանալու, իսկ Առաքելը մեքենաբար, աչքը հառած փողոցում, սրճարանի առաջ դառն քրտինքով ողողված փայտահատի վրա, խորասուզվել էր կրկին տխուր մտքերի մեջ։
Ամեն կողմից ծիծաղում, քրքջում էին, ամեն մարդ յուր կարծիքն էր հայտնում դատավարության մասին և ամեն մեկը յուր եզրակացությունն անում։ Բայց ընդհանուր կարծիքն այն էր, որ գործը վճռվելու էր ի օգուտ Գալֆայանի և Հելեն խանումի, քանի որ բոլորի կարծիքով և համոզմունքով աշխարհիս կարգն ու օրենքը դրանց կողմն էր։ Երկու ժամից հետո դատավորները ներս եկան և կարդացին իրենց որոշումը, որով Հելեն խանումի ինչքը գրավելու և պահանջատերերի մեջ բաժանելու խնդիրը մերժեցին։ Որոշեցին աճուրդով ծախել Տիրան բեյի վաճառանոցի ապրանքը և գումարը բաժանել պահանջատերերի մեջ։ Տիրան բեյին էլ ճանաչեցին պատվավոր սնանկ։
Վճիռը վերջնական էր օտարահպատակների համար։ Այս ավետիսը այնպես կայտառացրեց Հելենին, որ նա անմիջապես մտավ ամուսնի թևը, դուրս գնաց։
- Բե՛յ խանո՛ւմ, ասաց նախագահը, խնդրում եմ մի քանի րոպեով սպասել։ Նախ ստորագրեցեք վճիռը և ապա ձեզ բարի ճանապարհ։
Մինչ այդ Առաքելը՝ վերջին հույսն էլ կտրած, մոլեգնած դուրս եկավ, իջավ փողոց, սկսեց զննել շուրջը և Գալֆայանի կառքը։ Նա վայրկենաբար կայացրեց յուր վճիռը և որոշ դիրք բռնեց։ Ամբոխը ցած իջավ դատարանից և սկսեց ցրվել: Դատարանի դռնից իրար հրելով էին դուրս գալիս, ամեն դուրս եկողի հրապարակի մեջ կանգնեցնում էին ծանոթները ե հարցեր տալիս գործի վախճանի մասին։
Առաքելը աչքը չռած դիտում Էր բակից ներս, սանդուխներից ներքև իջնողներին և ուշի-ուշով զննում ամեն բան։ Վերջապես իջան և Գալֆայանները։ Առաքելը տեղից ցատկեց, առավ փայտահատի կացինը կոճղի վրայից, մոտեցավ Գալֆայանների կառքին։ Երբ Հելեն խանումը կառք բարձրացավ՝ ամուսնի և աղախնի օգնությամբ, ու Տիրան բեյը ուզում էր կնոջ քովը տեղ բռնել, Առաքելը կացնի մի հարվածով փշրեց սնանկացածի գանգը։
Վայնասուն բարձրացավ ամբոխի մեջ, ամեն մարդ գոռալով սկսեց փախչել, սարսափ տիրեց ամեն կողմ։ Տիրան բեյը շնչասպառ տեղից տեղ ընկավ։
Առաքելը, ճեղքելով ամբոխը, կացինը ձեռին մտավ դատարան և չորս կողմը սարսափ տարածելով, բարձրացավ սանդուխներից, մտավ վաճառական ական դատարանի նախագահի գրասենյակը և կացինը ցույց տալով, ասաց Միհդաա Էֆենդիին.
Սրանով փշրեցի Տիրան բեյի գանգը։ Խնդրում եմ սրանից հետո ինչպես ուզում եք վճռեցեք…
Ամբողջ Կ. Պոլիսը դղրդացրեց Տիրան բեյի մահը, ամեն անկյուն խոսում էին այս մասին։ Եթե կային հինգ-տասը անիծողներ Առաքելին, հազարավոր օրհնողներ էլ կային, որոնք արտի խորքերից հառաչելով, ցանկանամ էին տեսնել այդ թշվառին, երկու խոսքով մխիթարել, մինչև իսկ համբուրել և գգվել։ Տիրան բեյի սնանկությունը մի քանի տասնյակ առաքելների տունն էր կործանել, իսկ Տիրան բեյի նման սնանկների թիվը Կ․ Պոլսում օրեցօր աճում էր։ Առաքելի հանդուգն արարքը որքան վշտացած հոգիներ էր մխիթարել, որքան Հուսահատ և հացի կարոտ ընտանիքների սիրտն էր ամոքել։ Փայտահատի կացինը ինչպիսի սարսափ էր սփռել այն նենգամիտների սրտում, որոնք պատրաստվում էին Տիրան բեյին հետևել իրենց կանխապես մտածված տոմարներով և փաստաթղթերով։
Բյաց Առաքելը անմռունչ նստած էր Կ․ Պոլսի խոնավ բանտերից մեկում շղթայակապ, նիհարած, մեռելային հանգստության մեջ։ Քննիչներին նա բացատրություն չէր տվել, ոչ ոքի չէր պարզել յուր վիշտը և միայն ամեն տեղ ասել էր, թե ինքն է սպանել այն նենգավոր սնանկին, որը յուր երեք հարյուր լիրան հափշտակել էր։ Առաքելի տերերը և տիրուհիները վկայել էին, որ նա անչափ համեստ, բարեսիրտ, ծայրահեղ ճշտասեր և ազնիվ մարդ էր։ Իսկ բժիշկները մատնացույց էին արել նրա խելագարության նշանների վրա։ Եվ, իսկապես, Առաքելը դուրս էր եկել յուր սովորական դրությունից։ Քրեական դատարանը չպարտավորեցրեց Առաքելին երկար տանջվելու բանտի որջերում։ Եղեռնագործությունից չորս ամիս չանցած պիտի քննվեր նրա գործը։ Առաքելի նախկին փաստաբանը հանձն էր առել նրան պաշտպանել և ազատել։ Առաքելի հայրենակիցները գրեթե բոլորն էլ իրենց պահանջքի տասներորդ մասը ստանալով, վերջացրել էին գործերը և ամեն մեկը մի կողմ էր հեռացել յուր ընտանիքի պարենը ճարելու։ Միայն Մինասը երբեմն-երբեմն նրա համար տնական կերակուրներ էր տանում բանտ։
Դատավարության օրը հավաքվել էին փաստաբանները եղեռնադատ ատյանի նրբասենյակում, որը առևտրական դատարանի վերին հարկումն էր գտնվում։ Այդտեղ էին և ոճրագործները, միայն իրենց հատուկ սենյակում, որի դուռը բաց էր նրանց մեջ մի անկյունում նստած էր Առաքելը անդորր և անվրդով։ Փաստաբան Հակոբ էֆենդին մոտեցավ կալանավորների դռանը և Առաքելին մոտ կանչելով, ասաց.
Էլ բան ունի՞ս ասելու։
Ո՛չ, միայն թե ես ձեր ծրագիրը չեմ ընդունում։ Թո՛ղ ինձ պատմեն, կախեն, ես ապրել չեմ կարող, այս կյանքը այլևս ուժ չունիմ կրելու։
Հանգստացի՛ր, մի՛ բորբոքվիր, մի՛ ցնցվիր, մտածի՛ր, որ կին ունիս, մայր, զավակ, դրանք բոլորը քեզ են սպասում։
Է՛լ թող ինձ չսպասեն, էլ ես նրանց ինչի՞ն եմ պետք։ Կարողությունս, հարստությունս կողոպտեցին, առողջությանս, ուժս և տոկունությունս խլեցին, այժմ այս տկար մարմնով ես նրանց բեռ դառնա՞մ… Գնամ պառկե՞մ, տքամ ու տանջվե՞մ… Կինս, մայրս, զավակս առավոտից մինչև իրիկուն չարչարվեն և հա՞ց ճարեն իրենց անդամալույծի համար։ Իմ գոյությամբ, անպետք կյանքովս նրանց դարաքաշ և ողբալի կյա՞նքն էլ դառնացնեմ, թունավորեմ։ Ո՛չ, Հակոբ էֆենդի՛, ավելի լավ է ինձ կախեն, ինձ գլխատեն, ինձ բզկտեն ու մահացնեն Կ. Պոլսում, իմ ոսկորներս այստեղի շները կրծոտեն, ծովի ձկներին կեր թափեն, թող հայրենի գերեզմանին անգամ չարժանանա դիակս և արտասուք չքաղե իմ մոր, կնոջ առանց այն էլ չորացած աչքերի աղբերակից։
Առաքե՛լ, մի՛ հուսահատվիլ, մի՛ այդպես ընկճվիլ, դռա այն հերոսը չե՞ս, որ ողջ Կ. Պոլիսը դղրդացրիր քու արարքով։ Ինչի՞ ես հուսակտուր մնացել…
Էֆենդի՛, էֆենդի՛, եթե գիտենայիք քաղցածության դառնությունը, եթե զգայիք մերկության կսկիծը, եթե երևակայել կարողանայիք կարիքի մորմոքը, աղքատության և չքավորության սարսափը, այն էլ մեր թշվառների մեջ, ուր գազանաբար մտրակում է հարկահանը տուգանքը պահանջելիս, հարկի փոխարեն կնոջ վրայից հագուստն է հանում, օջախի վրայից կաթսան է տանում, թոնրի երեսից խաչերկաթն է քաշում և պղինձը շուռ տալով, թշվառի կրակն է հանգցնում, բանտի խորքերումն է փտեցնում, և ծաղր ու ծանակ շինում մարդու նախանձոտ և արհամարհող դրացու աչքերի առաջ, այն ժամանակ այդ առաջարկը ինձ չէիք անիլ։ Եթե երբևիցե մակաբերել կարողանայիք, թե ինչ արհամարհանքի, նախատինքի, ծաղր ու ծանակի է մատնված մեր երկրռւմ չքավորությունը, եթե գաղափար կարողանայիք կազմել, թե ինչ զրկանքների, կողոպուտների և ավարի է մատնված յուր դրացիներից չքավորի աշխատանքը մեր երկրում, դուք երբեք չէիք ցանկանալ ինձ հանգստաբեր մահճի ճիրաններից ազատել և հավիտենական խաղաղությունից ղրկել։ Երբե՛ք, երբե՛ք դատարկ գրպաններով, ձեռքերս կրծքիս ծալած, իմ քայլերս չեմ ուղղիլ դեպի իմ տունս, այն էլ այս կմախքիս հետ, ասաց Առաքելը վշտացած, երկու ձեռքերով կողերն այնպես պինդ սեղմելով, որ կարծես ցանկանում էր փշրել և վերջ տալ յուր բազմատանջ կյանքին։
Մռայլեց Հակոբ էֆենդիի դեմքը, չգիտեր, թե ինչ խոսեր, ինչ պատասխաներ։ Ցավում էր, որ յուր թևարկյալր այդպես հաստատ վճռել էր կյանքից ձեռք քաշել։ Նա միայն դիտում էր Առաքելին, նրա ձևերը, շարժումները, դիմագծերը, գունափոխությունը, դիտում ու հառաչում։
էֆենդի՛, էֆենդի՛, ինձ մի՛ տանջի, դահիճ մի՛ դառնա։ Այս վիճակի մեջ ինձ ապրելու ստիպելը ամենամեծ ոճրագործությունն է։ Մի թե դու չգիտես, որ դատարկ գրպանը, անգործ ձեռքը ատելի է, անտանելի ամենամերձավորներին, սիրելիներին անգամ։ Մի՛ կարծիր, որ միայն Կ. Պոլսում է բարոյականությունն ընկել, մի՛ կարծիր, որ անսիրտ, անխիղճ հարազատները միայն մայրաքաղաքներում են կուտակվել, ո՛չ, ո՛չ, ամեն տեղ, ամեն երկրռւմ մարդիկ միատեսակ են։ Միայն երկու օր կարելի է թշվառին կարեկցել, երրորդ օրը երես կդարձնեն, մահ կխնդրեն, չոռին ու գրողին կտան անպետք մարդու։ Խնդրում եմ, աղաչում եմ, թողեք, թույլ տվեք, թող ինձ մահվան դատապարտեն, սպանեն, որ ապրելուց, տանջանքից ազատվեմ…
Տեսնենք, ասաց հուսահատ փաստաբանը և հեռացավ։
Դատավորները դեռ դատաստանասրահը չմտած՝ ներս տարան նախ և առաջ Առաքելին: Փաստաբանները նույնպես ներս գնացին։ Առաքելը մեղավորներին հատուկ նստարանի վրա նստած էր, երկու հրացանակիր զինվոր կանգնած էին նրա երկու կողքին։ Դատաստանասրահում գրեթե հանդիսատեսներ չկային, ո՞վ պիտի հետաքրքրվեր մի դուրսեցու վիճակով, որի գոյությունն ու մահը կ․ պոլսեցու աչքում մի մրջյունից ավելի արժեք չունի։
Գիտե՞ս ինչ կա, ասաց փաստաբաններից մեկը Առաքելի փաստաբանին խոսքն ուղղելով, մարգարեությունդ կատարվում է։ Այս իրիկուն Միհդատ էֆենդին պսակվում է Հելեն խանումի հետ։
Մի՞թե այսքան էլ շու՞տ. հազիվ չորս ամիս անցած լինի նրա մարդու սպանվելու օրից։
Այո, արդեն ամեն պատրաստություն տեսնված է և գիշերս պաշտոնապես Միհդատ էֆենդին տիրելու է Տիրան բեյի գեղանի կնոջը և սրա հետ կալվածներին…
Ահա մեր օրենքները, ահա աշխարհի կարգերը։ Բայց որ մարդիկ չեն սթափվում, ասաց զայրացած Հակոբ էֆենդին, աչքերը ուղղելով Առաքելի կողմը, որը ուշադրությամբ լսում էր նրանց խոսակցությունները։
Անիրավը զրկեց այնքան թշվառներին, աղքատներին և երբ կողոպտած գանձերով երազում էր բարեբաստիկ կյանք վարել, բարեբախտ ժամեր անցկացնել, պատվի, անվան, խղճի հետ կյանքն էլ զոհեց։ Ւսկ այժմ ովքեր են լափելու, շռայլելու և փչացնելու այն գանձերր, որոնք հազարավոր թշվառների դառն դատումով, աղի արտասուքով և արյան գնով էին հավաքվել, բարդվել և բազմացել…
Հակոբ էֆենդին տխրեց ու ավելի դառն մտածությունների մեջ ընկավ այս խոսքերից հետո։ Մանավանդ որ նկատեց, թե ինչ սոսկալի ազդեցություն ներգործեց ընկերակցի պատմությունը յուր թևարկյալի սրտում։ Նա լուռ խորասուզվեց յուր երևակայությունների մեջ, իսկ ընկերն անուշադիր, բորբոքված սրտով շարունակում էր.
Ահա՛ և մեր դատավորները։ Ես չէի հավատում քո կանխատեսությանր, եթե այժմ քիչ առաջ երթամ և ասեմ, թե Հելենր շատ ուրախացավ Տիրան բեյի սպանման համար, մի խնդաք ինձ վրա, ինձ մի՛ ծաղրեք և մի՛ զարմանաք, թե ավելացնեմ որ եթե Առաքելը չսպաներ Տիրան բեյին, Հելենցը նրան կամ սպանել տալու էր և կամ լքանելով՝ փախչելու յուր հոմանու հետ։
Միառժամանակ լռեց փաստաբանն էլ, նկատելով Հակոբ էֆենդիի հուզմունքը, որը աստիճանաբար սաստկանում էր։ Հենց այդ միջոցին ներս մտավ Միհդատ էֆենդին, թևն առած Հելեն խանումին։ Տիկինը հրավիրված էր թե՛ որպես վկա, թե որպես դատախազ յուր ամուսնու կողմից, որի որբերի խնամակալն էր։ Չուշացան ևս դատավորները, նրանք էլ իրենց տեղը բռնեցին։
Երկար քննությունների և վկաների հարցաքննության կարիք չկար, մեղավորն ինքը խոստովանում էր հանցանքը, և դատավորներն էլ երկու վկա ունեին, որոնք տեսել և հաստատում էին ոճրագործի խոսքերը. Հելեն խանումը և փայտահատը։ Փայտահատը գուցե չգար էլ վկայության, եթե ժամանակին յուր կացինը իրեն վերադարձրած լինեին, նա ավելի յուր կացնով, քան թե Տիրան բեյի սպանողի հարցովն էր հետաքրքրվում։ Դատավորները մի քանի խոսքով գործին ավարատ տալուց հետո խոսք տվին Հակոբ էֆենդիին, որ պաշտպանե յուր թևարկյալ եղեռնագործին։
Հակոբ էֆենդին շատ երկար չխոսեց, սիրտ չուներ և ո՜չ էլ ուժ։ Մանավանդ, որ Առաքելն էլ ընդմիջում էր նրա ճառը և փաստաբանի ապացուցածի հակառակը պնդում։ Փաստաբանը նախ հայտնեց, թե ինչ հոգեկան դրության մեջ էր Առաքելը ոճիրը գործելուց առաջ և նույն պահին։ Նկարագրեց, թե յոթ տարով հեռացած ընտանիքից, գիշեր-ցերեկ տքնելով դիզած կարողությունից Աոաքելը հանկարծակի զրկվելով, երբ դատարանի արձակած վճռով նկատեց, որ անդառնալի կերպով կորցրեց յուր կապիտալը, նա մոլորվեց և մինչև անգամ այդ իսկ ժամում խելագարվեց։ Առաքելը սպանեց Տիրան բեյին խելացնոր վիճակում և ամեն մի մահկանացու մի այդպիսի կորուստից հետո կասկած չկա, որ կարող է ենթարկվել այդ վիճակին։ Իսկ խելագարի արարքը, դատավորներիդ հայտնի է, թե պատժի չի ենթարկվում: Հելեն խանումը հրաժարվեց Առաքելի դեմ դատախազ կանգնելու իրավունքից։
Դատավորներն առանձնացան և մի ժամից հետո վճիռը դուրս բերին։ Նրանք որոշել էին և վճռել դուրս բերել բանտից, ազատել շղթաներից Առաքելին և ուղարկել Փրկիչ գժանոցը։ Փաստաբանի խնդիրքի համաձայն, իսկույն արձակեցին Առաքելի շղթաները և մի թուղթ սկսեցին գրել պատրիարքարան, որ անմիջապես Առաքելին ուղարկեն գժանոց և հավիտյան այնտեղից դուրս չթողնեն։
Այդ վճիռը նույնպես Առաքելի կամքի հակառակ տրվեց, ինչպես նախորդ վճիռը, որով Հելենը ընդմիշտ տիրել էր ամուսնի պապական կալվածներին, բայց ուժ չուներ, առաջը չէր կարող առնել, քանի որ նրա խոսքերը, որպես խելագարի, դատավորները լսել անգամ չէին կամենում։ Կողքի սենյակում, երբ քարտուղարն ու ոստիկանական պաշտոնյան հրամանագրով էին զբաղված, Առաքելը սրունքներից քանդված շղթան վեր առավ, դուրս թռավ, հասավ Միհդատ էֆենդիի ետևից և մի հուժկու հ արվածով յուր չորս ամիս կրած շղթաներով փշրեց սրա էլ գանգը։ Երբ ոստիկանները և զինվորները Առաքելի ետևից վազում էին, որ բռնեն, Առաքելը երրորդ հարկի սանդուխների գլխի լուսամատի պատուհանը բարձրացավ և ինքն իրեն գցեց դատարանի գավիթը՝ տասնևհինգ կանգուն բարձրությունից։
Գավթում, սալահատակի վրա, Առաքելը ընկած տեղը փշրված մնաց, հոգին ավանդած։ Ոստիկանությունը Առաքելի փոխարեն նրա ոսկորները մի կառքի մեջ դրին և ուղարկեցին պատրիարքարան, որտեղից տարին գերեզմանոց և թաղեցին դուրսեցիների շարքում։
Հելենը մեծ ուրախություն զգաց, որ ազատվեց Միհդատի ճիրաններից։ Նա այժմ անկախ ու ազատ կյանք է վարում, յուրաքանչյուր տարի ճանապարհորդություններ կատարելով դեպի արևմուտք յուր զավակների ուսուցիչների հետ, որոնց շուտ֊շուտ փոփոխում է։ թեև անպատմելի և աննկարագրելի տանջանքներ քաշեցին հարս և սկեսուր՝ Բերսան ու Սառան, բայց ուխտեցին այլևս իրենց զավակին՝ Լևոնին պանդխտության չուղարկել։
Բարեբախտաբար վրա հասավ 1877-78 թվականի պատերազմը, ազատվեց Արդանուչի բերդը իսլամի խալիֆաթի լծից և Լևոնը այժմ գաղթական իսլամներից մի լավ ագարակ գնած, պարտիզպանությամբ և այգեպանությամբ է պարապում։ Նա այժմ լավ պլանտացիա ունի և ծխախոտ է ստանում ահագին քանակությամբ, այնպես որ վարդի պես ընտանիք է պահում։
1989թ․