Ատրպետ

Բերսայի առաքելը

I

1870 թվականի աշնան մեջ քաղցր եղանակներ էին։ Երկրամշակը յուր աշխատության պտուղն էր հնձում, բերքն ու բարիքն էր տուն կրում, ձմեռվա պաշարը դիզում և պատրաստվում բքաբեր ձմռան։ Այգեկութի առատ հնձից ուրախացած` մշակը կայտառանում էր` շիրան ու պտուղները իշով ու ձիով տուն կրելով։ Մի օր, իրիկնադեմին, վերշալույսի ժամանակ մի դեռահաս երիտասարդ բարձրանում էր Էշկինարի ձորից դեպի Արդանուչի բերդը։ Մռայլ էր երիտասարդի դեմքը և կարծես չէր ուզում աչքերը շուրջն ածել ու դիտել բարեզեղուն այգեստաններն ու անդաստանները, որոնք իրենց գեղեցիկ տեսարաններով, գույնզգույն պտուղներով և անուշահոտ բուրումներով գրավում էին անցորդի սիրտը։ Նա անդադար հառաչում էր և ոլոր֊մոլոր, համընթաց քավլերով բարձրանում այդ դիք դարիվերը։ Վերջապես նա Ծայգի դռնից մտավ բերդը և անմիջապես ուղղվեց իրենց տան կողմը։ Ներս մտավ առանց բարևելու և երբ երիտասարդը տատանվեց նստելիս, նրա մայրը որդու մոլորված շարժումները նկատելով ասաց.

Առաքե՛լ, որդի՛, որտե՞ղ էիր մինչև հիմի։

Քիչ լաղուտ գնեցի, ասաց կակաղելով երիտասարդը և ավելացրեց. էշկինարից եմ գալիս։ Ապսպրեցի, որ քիչ կորկոտցու և բլղուրցու ճերմակ հատիկ ուղարկեն տուն։

Դադրել ես, որդի, նստի՛ր, ոտքերդ տարածի՛ր, քիչ հանգստացիր։ Բերսան դառնալով հարսի կողմը, ավելացրեց. Սառա՛ , քիչ ջուր բե՛ր, Առաքելս թող լվացվի։

Չեմ ուզում, ասաց Առաքելը, ջուր պետք չէ, Բերսա՛, դու նստիր:

Մայրը մոտեցավ և բազմոցի ծայրին նստեց որդու մոտ մտախոհ, ձեռքով որդու ճակատը շոյելով։

Որդի՛, գլուխդ խո չի՞ ցավում, մի դարդ խո չունի՞ս, ասաց վշտաբեկ մայրը, սրտատրոփ զննելով որդու դիմագծերի արտահայտությունները։

Բան չկա, Բերսա՛, ոչինչ չունիմ, պատասխանեց հանդարտությամբ Առաքելը։

Մի ցավ ունիս, մի վիշտ ունիս, Առաքել, և ումնի՞ց ես ծածկում։

Ոչինչ չունիմ, թաքցնելու բան չկա, բայց…

Էլի ի՞նչ Բայց, ասա ու մի՛ սիրտս հատցնիլ:

Փողերս հատավ… ես եմ ու այս ոսկի ու կեսը, ասաց Առաքելը, ցույց տալով քսակի որքը, որը ժամանակից շատ վաղ դատարկվել Էր։

Ի՞նչ անենք, որդի՛, ասաց սրտի խորքից մի աղեկեզ հառաչանք բաց թողնելով Բերսան, մեր ճակատին էլ աստված երևի այդ է գրել։ Մի կտոր հող չունինք, ո՛չ այգի, ո՛չ արտ, ո՛չ էլ մի խարխուլ խանութ։ Քսան տարի առաջ հայրդ էլ քեզ նման կարգվեց, երեք ամիս ամբողջապես քովս չկեցավ, գնա՜ց, կորավ, էլ չվերադարձավ…

Բերսայի աչքերը ցոլացին, արտասուքի մի քանի խոշոր կաթիլներ նրա այտերի վրայից գլորվեցին։ Նա ակամա ընդհատեց յուր խոսքը, բայց քիչ հետո հերոսաբար զսպեց կրքերը, սիրտը պնդացրեց ու շարունակեց.

Բրիշակ դառնա այդ Սթամբոլն իրեն մեծ իմամի գլխին, որ աշխարհքն ազատվի։ Տարին քանիները պիտի երթան ու չվերադառնան։ Քանդվի, կործանվի ու չքանա Իսթամբոլն Էլ, իրեն ոսկին էլ, որ քանդեց ու ավերեց մեր տներն ու բները։ Ի՞նչ ասեմ, որդի՛, «մի՛ երթալ» չեմ կարող ասել, քանի որ քաղցած չենք կարող ապրել, ուրիշի դռան վրա մի հույս չենք կարող կապել։ «Բարով երթաս» էլ ի՞նչ սրտով ասեմ։ Մի փոքր ժամանակ մթնշող սենյակում լռություն տիրեց, մայր ու որդի, առանց իրար դեմքերը զննել կարողանալու, խորասուզվեց ան դառն մտքերի անհատակ անդունդը։ Բայց Բերսան, կրկին ուշքը հավաքած, խզեց լռությունը և որդուն հույս տալու, քաջալերելու համար ավելացրեց.

Որդի՛, ի՞նչ անենք, ինչի՞ ես այդքան մտածում, մեր տղերանց վիճակն այս է, որ գնան, վաստակեն պանդխտության մեջ, տուն բերեն և ուտեն։ Գնա՛, աստված քեզ հետ, բայց…

Էլ ի՞նչ բայց… քաջա՛ն, կերթամ էլ, կգամ էլ և հույս ունիմ, որ այս անգամ այնպես գամ, որ էլ հավիտյան կարիք չզգամ նորից պանդխտելու։ Ես խո էլ խամ չե՞մ, յոթ տարի կեցել եմ, սովորել ու փորձվել։ Այժմ ո՞վ ասես ինձ լավ ռոճիկով խոհարար չի պահի Բեյ-օղլիում։ Շատ, շատ, եթե չորս հինգ տարի Սթամբոլ մնամ, այնպես ետ կդառնամ, որ էլ բոլորովին ապահովված կլինինք և մինչև մահ իրարից բաժանվելու կարիք չենք ունենալ։

Տանը խոսք տալը արժեք չունի, բանը մտադրածը գործադրելու մեջն է։ Մոր ու կնոջ մոտ մեծամտելու չէ, այլ հեռանալուց հետո մտքից հանելու չէ ընտանիքն ու օջախը հավիտյան։ Ինչ ասեմ, որդիս, մեկ գնացիր յոթ տարի մնացիր, հիմի որ գնաս քանի՞ տարուց պիտի վերադառնաս, այդ միայն տերը գիտե։ Դրսի մարդը ի՞նչ գիտե, բայց դու իմ ներքին բոլոր դարդերը երեք տարեկան հասակից զգացել ես ու քաշել, քեզ խո կրկնել պե՞տք չէ։ Բեմուրադ հորդ ճանապարհը սպասելով, քեզ հետ ամառ-ձմեռ սրա-նրա մանածն եմ մանել, մանուսան գործել, հազիվ ցամաք հաց ճարել ոա ապրել… Բայց էլ ծնկներումս ճար չկա, թևերումս ուժ չմնաց, սիրտս էլ մաշվել, մարմաշի պես բարակել է, դիմանալու հալ չէ մնացել։ Չորս-հինգ տարի՜… ասելը շատ հեշտ է, բայց դիմանալը տաժանելի։ Գնա, ճար չունինք։ Առաքել ջան, պիտի երթաս, բայց մի մոռանալ մեր անցյալը… Խղճմտանքդ զարթուն պահե, գութ ունեցիր մանավանդ այս կնոջդ վրա, որի արյունը մտար, որը քեզ շուտով մի զավակ է տալու։ Այն, ինչ որ ես եմ քաշեի աստված ո՛չ անե, ո՛չ թե Սառաս, այլ թշնամիս միս անգամ չքաշե։ Այն, ինչ որ դու ես կրել քու մատղաշ օրերում, չլինի թե մեզ երեսի վրա թողնես, որ քու ապագա զավակն էլ կրե։

Քաջա՛ն, ղու անհանգիստ մի՛ լինիր, հակառակը մի՛ մտածիլ։ Այդ քարոզները քեզանից շատ վաղ եմ լսել։ Ինքդ էլ համոզված ես, որ քու որդին երբեք չի կարող այն մեր քաշած դառն օրերը մոռանալ ու նույն սոսկալի վիճակին մատնել յուր սիրասուն մորը և դեռափթիթ կնոջը։ Միայն ինձ համար մի նպատակ ունիմ, որոշ և պարզ, այդ նպատակիս հասնելն էլ դժվար չէ ինձ համար։ Սթամբոլում մի համեստ դրամագլուխ կազմելն ու վերադառնալը ծանր գործ չէ ինձ նման աշխատող մի արհեստավորի համար։ Ինձ ոչ հազար է պետք, ոչ էլ հարյուր հազար, մի֊երկու հարյուր լիրան անվերջանալի դրամագլուխ է մեզ նման մի համեստ ընտանիքի համար։

- Գնա, որդիս, մի՛ վհատիր, գնա՚ գործիդ, խիղճդ զարթուն պահիր ու միշտ հիշիր մանկական օրերիդ դառնությունները…

II

Մի֊երկու օրից, արդեն ճանապարհի բոլոր պատրաստությունները տեսած, ուղի ընկավ Առաքելը։ Նրան ուղեկցեցին կինը, մայրը, զոքանչը և խաչեղբայրը՝ Սրապիոնենց Պապոն։ Փոքրիկ պայուսակը ուսին գցած, մի մահակ Էլ ձեռին գնում Էր Առաքելը, ջանալով որքան կարող Էր ուրախ ու զվարթ դեմքով անջատվել սիրելիներից։ Բերսան նույնպես պահպանում Էր կեղծ ժպիտը, իսկ Սառան տրտում Էր, թախծալի դեմքով։ Օրն ամպամած Էր, աշնան տխրաշունչ քամին փչում Էր, ծառերի տերևները օդի մեջ ծածանվելով թափվում Էին, գետինը ծածկված Էր բոցակիզված, դեղնած խոտերով, որոնք քամու հետ սփռվում էին օդի մեջ։ Հազիվ թե մի հարյուր քայլ բերդից հեռացել էին, Բերսան ետ դարձավ և ասաց.

− Խնամի Մարթա՛, Սառա՛, աղջիկս, բավական է, ետ դարձեք, գնացեք տուն։ Մենք էլ շուտով կգանք։

Մի վերջին համբույր ևս տվին Մարթան ու Սառան Առաքելին, արտասվալի աչքերով, անմռունչ տուն դարձան։ Երբ քիչ էլ առաջ գնացին, Առաքելը դեմքը շուռ տվեց բերդի կողմը, մի դառնաշունչ հառաչանք արձակեց անզգայաբար և մոլեգնած քայլերով շարունակեց իր ուղին, Սույոլի արտերի կողքերով։ Բերսան այնքան խորասուզված էր բաժանման դառն մտքերով, որ ոչինչ չնկատեց, իսկ Պապոն այնպես ձևացրեց, որ իբր թե չտեսավ ու անցավ։

Երեքով ճանապարհները անմռունչ շարունակեցին մինչև Կտրած ապառաժը, որտեղ Բերսան կանգնեց բարի չու մաղթելու յուր որդուն։ Դարձյալ համբուրվեցին մայր ու որդի, և Բերսան չկարողացավ զսպել իր արտասուքը, որ գլորվում է յուր չորացած այտերից, ինչպես ապառաժի երեսից սահում են իրար հետևից հալված ձյունի կաթիլները։ Մռայլ էր և Առաքելը, հոգով տխրած, բայց մայրը նրան մանկությունից այնպես էր վարժեցրել տոկալու, որ բոլոր ճիգովը ջղերը սանձած, անզգա, անկենդան ձևացած, սպասում էր մորից բաժանվելու վայրկյանին։ Չէր ուզում երիտասարդը, որ այդ վերջին րոպեում յուր որևէ անզգույշ բորբոքումով, փղձկել ու մղկտացնել մոր սիրտը, որն ինքնըստինքյան մորմոքումից ժայթքելու պատրաստ էր։ Բայց ուժերն սպառվեցին, և ջղերի լարերը կտրատվեցին․ մայրն էլ, որդին էլ հեկեկացին, գրկվեցին ու չէին կարողանում բաժանվել։ Լեզուները չէին շարժվում, մթնած աչքերը չէին տեսնում իրար դեմքերի, մկանների արտահայտությունները, բայց իրար սրտերի միջից անցածները զգում էին։ Կարող էին նրանք երկար ժամանակ այդ դրության մեջ մնալ, եթե Պապոն, որ նվազ չէր զգացված այդ պատկերով, սրտակտուր ձայնով նրանց չհիշեցներ, որ բաժանվելու ժամանակն է։

− Քեզ էլի ի՞նչ պատահեց, Բերսա՛,− ասաց Պապոն վշտաբեկ տիկնոջ թևից բռնելով,− նոր տեսածդ է, մի՞թե հարազատներիցդ այս առաջին անգամն է, որ բաժանվում ես։ Առաքելի այս ճանապարհից տուն գալուց քանի՞ օր է անցել, որ դու այդպես շուտ մոռացար և այսպես խիստ ընկճվեցար։ Գնա՛, Առաքել ջան, տերը քեզ հետ։ Մեր վիճակն էլ այս է։ Թե որ տունը նստիս, ո՞վ պիտի կերակրե քու ընտանիքը։ Գնա՛ բարով, վաստակիր խերով, ետ դարձիր հազար բարով։

Ստեղծողիդ եմ քեզ հանձնում, որդի՛ս, ասաց Բերսան ետ դառնալով։

Պապո ապար, դուն ու քու հոգիդ, դրանք քեզ ամանաթ։ Դու գիտես, էլ ի՞նչ ասեմ, ասաց վերջին անգամ լցված սրտով Առաքելը և երեսը դարձրեց դեպի յուր ճանապարհը։

Բարի ճանապարհ, բարով հասնիս, դու հոգս մի անի՛լ, ասաց առանց ետ նայելու Պապոն և պառավի հետ շարունակեց յուր քայլերը դեպի բերդը։

Ցուպը ձեռքին, մեծ-մեծ քայլերով իջնում էր դեպի ձորերը Առաքելը, մտազբաղ և մռայլ, երբեմն-երբեմն ետ դարձնելով գլուխը դեպի բերդը և սրտի խորքերից ծանր ու բոցակեզ հառաչելով։ Արևը թեև բավական բարձրացել էր հորիզոնից, բայց ոչ մի նեղություն չէր պատճառում հետի ճանապարհորդին, քանի որ անտառներն ու այգեստանները նրա ուղին հովանավորում էին։ Երբ դուրս եկավ ձորից ու ծառաստաններից, անցավ Արդանուչի վտակը, անպաճույճ ու անհովանի զառիվերով սկսեց բարձրանալ կիզիչ արևի ճառագայթների տակով, կամաց-կամաց սիրտը պատած թուխ-մութ պատկերները անհետացան, շիջավ հոգու փոթորիկը, դադարեցան հառաչանքները։ Երբ նեղ ձորից դուրս գալով Շավշեթի գետափում Առաքելի աչքերի առաջ լայնացավ հորիզոնը, երևցան հեռուն՝ Խարխանի անտառները, օձապտույտ, ահեղընթաց Ճորոխի հորձանքները, մշտադալար ձիթենիի այգեստանները, կապուտակ երկնակամարը և նրա մեջ տարածված արծաթափայլ, բամբականման, քուլա-քուլա ամպիկները իրենց սքանչելի ծփանքով։ Բնության այդ զվարթագույն պատկերներով Առաքելի սիրտը, աչքերը գրավվեցին, այնպիսի նոր-նոր հույսեր ծնվեցան նրա սրտի խորքերում և ուղեղում, որ նա, առժամանակյա անջատման բոլոր ցավերը մոռացած, լիահույս և վստահ հաջողությունների մասին, ավելի թռչկոտելով, քան թե քայլելով ձգվում էր դեպի յուր նպատակակետը։

Ետինքին հասավ Կամուրջի գլուխը՝ Կորձուլ։ Խառնաշփոթ երազներով անցկացրեց գիշերը և արշալույսին նավակ նստելով, բազմաթիվ ընկերներով հետևյալ իրիկնադեմին հասան Բաթում։ Առանց ժամավաճառ լինելու, գնաց ու մուրհակ տվեց սիմսար Կարապետին՝ երեք լիրայի, երեք ամիս ժամանակի, որով տոմսակ գնեց ու ճանապարհ ընկավ ռուսական ընկերության Ալեքսանդր II շոգենավով դեպի Կ․ Պոլիս։

Ուղիղ է, այդ փոխառինության համար մի լիրա տոկոս էր տալու Առաքելը, բայց նրա ուրախությանը չափ չկար շոգենավի մեջ։ Պարզ լուսնկա գիշեր էր, և խաղաղ ծովը նմանում էր հայելու, որի մեջ լողանում էին լուսինն ու աստղերը։ Մինչև կեսգիշեր Առաքելը դիտում էր, թե ինչպես յոնուզ-ձկները նավի քթի հետ մրցում էին և խայտալով առաջ-առաջ սլանում, կարծես նրանք էլ իրեն հետ Կ. Պոլիս էին գնում, նրանք էլ բախտ որոնելու էին դիմում։ Լուսնի ճառագայթները սփռված մակարթափ ծովի երեսին, բոլոր պար բռնողների նման, հանդարտ ծփանքով ցոլում էին անվերջ ծածանումներով և ինքը լուսինը, կարծես նախանձելով ձկների վիճակից, իջել էր ծովի խորքերը լողալու, զովանալու և թարմանալու։ Այս տեսարանը հետզհետե խորասուզեց Առաքելին տխուր մտքերի մեջ, ինքն էլ լուսնի նման գոնե շքով ընկավ յուր հայրենի օջախը, յուր սիրելիների գիրկը և երևակայական օդային համբույրներով սկսեց զովացնել յուր սիրտը, հոգին։ Թայց Առաքելը լուսնի նման երկնքի վերնահարկում թռչկոտելու հարմար թևեր չուներ, որ կարողանար դիտել յուր հայրենի օջախը եթերի բարձունքից, զննել յուր պաշտելիները։

"Բերսայի առաքելը" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Սիմֆոնիկ պատկերներ
Ղազարոս Սարյան

Սիմֆոնիկ պատկերներ

Ռուբիկի դիմանկարը
Ռուբիկի դիմանկարը
Խաղա առցանց