Ալեքսանդր Շիրվանզադե

Գործակատարի հիշատակարանից

III
Նախանձի ոգին դարձյալ գրգռվեց իմ մեջ։ «Երանի քեզ, աղա

Գուլամյանց, ասացի մտքումս, որ կյանքդ անց ես կացնում այդ շքեղ և զվարճալի տեսարաններով շրջապատված տան մեջ։ Մարդիկ ասում են, թե դժոխք և արքայություն կան մյուս կյանքում, բայց ողորմելիները կույր են, նույն դժոխքն ու արքայությունը չեն կարողանում տեսնել հենց այս աշխարհում։ Ահա դրախտը, ուր ապրում են աղա Գուլամյանցները։ Մի տեղ խոնավ բնակարան, տկլոր ընտանիք, մերկ զավակներ, վիշտ, տանջանք, դառնություն, մի կտոր հացի համար գիշեր-ցերեկ պատերազմ հազար տեսակ խոչընդոտների հետ, քաղցածություն, սով, հիվանդություն և կեղտոտություն։ Մյուս տեղ շքեղ տներ, հարուստ այգի, կուշտ և առողջ ընտանիք, ուրախություն, հարստություն, զվարճություն, անհոգ կյանք և շռայլ ապրուստ ահա՛ ինչ տեղ է դժոխքն ու արքայությունը։ Այս աշխարհում ով որ փող ունե, նա արքայության մեջ է, ով որ փող չունե, նա դժոխքի մեջ է։ Փողը գերբնական ուժ է, նա ամեն բան տալիս է մարդուն, ուրեմն հարկավոր է ամեն կերպ աշխատել այս ուժը ձեռք բերելու համար»...

Մինչդեռ ես դարձյալ իմ պատանեկական երևակայության մեջ թաղված զվարճանում էի գրավիչ տեսարաններով, հանկարծ ականջիս հասավ աղա Գուլամյանցի հրամայողական ձայնը․

Խաչի, բարձրացի՛ր վերև։

Ես բարձրացա վերև։ Աղա Գուլամյանցը ծառային հրամայեց ինձ թեյ խմեցնել։

Թեյ խմելուց հետո ինձ աղա Գուլամյանցը կանչեց յուր առանձնասենյակը։ Ճիշտ չեմ կարողանում մտաբերել, թե ինչ էի զգում այն րոպեին, երբ աղա Գուլամյանցի առանձնասենյակը հասնելու համար անցնում էի նրա ընդարձակ և զարդարուն դահլիճով։ Բայց շատ լավ հիշում եմ, որ այդ ժամանակ նախանձը քանի գնում ավելի ու ավելի զարգանում էր իմ մեջ, ամեն մի քայլափոխում հանդիպելով այնպիսի առարկաների, որոնք վկայում էին աղա Գուլամյանցների հարստությունը և պատկերացնում ինձ նրա ապրուստի շքեղությունը։

Խաչի՛, դարձավ ինձ Մակար աղան, դժվարությամբ
բարձրացնելով յուր ծանր ու հաստլիկ մարմինը, կարմիր մետաքսով

ծածկված բազկաթոռից և սկսելով ման գալ սենյակում, հայրդ այսօրվանից քեզ հանձնել է ինձ գործակատար։ Ես մանկությունից ճանաչելով քո հորը, չմերժեցի նրա աղաչանքը և համաձայնեցի քեզ ընդունել ինձ մոտ, չնայելով որ ես գործակատարներ ունեմ և ավելորդ մարդ ինձ հարկավոր չէր։ Հայրդ ինձ հետ պայմանավորվեց և ես ընդունեցի, որ դու ինձ մոտ մնաս ոչ թե մի կամ մի քանի տարի ժամանակով, այլ մշտական, որքան որ մենք իրարու, հարկավոր կլինենք։ Ուրեմն, այսօրվանից ոտով-գլխով ինձ ես պատկանում և իմացիր, որ պարտավոր ես այսօրվանից մոռանալ քո ծնողներին և բոլորովին հպատակվել ինձ և իմ կամքին։ Շաբաթական մի անգամ իրավունք եմ տալիս քեզ տեսնել ծնողներիդ, այն էլ կիրակի օրերը, երբ գործ չես ունենալ, կգնաս կարճ ժամանակով և էլի շուտով կվերադառնաս։ Մի խոսքով, այսօրվանից դու կատարելապես ինձ ես պատկանում հոգով և մարմնով, ես դառնում եմ թո տերը, ծնողը, գլխավորը, աղան և ամեն ինչ․ Դու պիտի կատարես այն, ինչ որ ես կհրամայեմ և ինչպես ես կկարգադրեմ։ Եթե ասեմ մածունը սև է չհամարձակվես հակառակել, թե նա սպիտակ է։ Եթե ասեմ նստի՛ր պիտի նստես, ասեմ վեր կա՛ց վեր կենաս, կե՛ր ուտես, ծիծաղի՛ր ծիծաղես, լացի՛ր լաց լինես։ Ինչ երկարացնեմ, եթե կրակի մեջ էլ ուղարկեմ, պիտի գնաս։ Լսո՞ւմ ես։

Լսում եմ, աղա։

Զգուշացնում եմ քեզ, եթե այդ բոլորը կկատարես, խոնարհ, խոսք լսող, աշխույժ, գործ կատարող և հավատարիմ կլինիս ես շուտով քեզ կառաջացնեմ, և ժամանակով մի կտոր հացի տեր կլինես, իսկ եթե ոչ այն ժամանակ մեղքը քո վզին, քեզ կարձակեմ դատարկ ձեռքով։ Գլխավոր պարտքդ պիտի լինի ամեն ժամ ու րոպե իմ շահերն աչքի առջև ունենալ և աշխատել նրանց միշտ պաշտպանել։ Ես առևտրական մարդ եմ, գաղտնի գործեր ունիմ, դու պարտավոր ես նրանց մասին ոչ ոքի նույնիսկ քո ծնողների մոտ չխոսել։ Լեզուդ թող համր լինի ուրիշների մոտ իմ գործերի վերաբերությամբ, իսկ ուրիշների գործերի մասին ինձ մոտ ազատ և արձակ։ Եթե մի տեղ կամ մի

մարդուց իմ մասին
լավ կամ վատ խոսք լսես, պարտավոր ես իսկույն գալ և ինձ

հայտնել։

Ես կաշխատեմ բոլոր ձեր պատվերները կատարել ամենայն զգուշությամբ, ասացի ես, խոնարհությամբ գլուխ տալով։

Եթե կկատարես քեզ համար լավ կլինի, եթե ոչ ինձ շատ էլ վնաս տալ չես կարող։ Դե՛հ, գնա և խոսքերս ականջումդ լա՛վ պահիր։ Իմացիր, որ ես բարկացող մարդ եմ և սովորություն չունիմ ասածներս երկրորդ անգամ կրկնել։ Եթե մի անգամ սխալվեցիր կամ իմ տված պատվերները մոռացար այն ժամանակ վա՛յ քեզ։

Կրկին անգամ գլուխ տվեցի և հեռացա։

Այդ երեկո ես անցկացրի ծառաների հետ, որոնցից, շնորհիվ իմ հետաքրքիր բնավորության, տեղեկացա աղա Գուլամյանցների ընտանեկան և առևտրական մի քանի գործերին։

Աղա Գուլամյանցները երեք եղբայրներ էին։ Ամենամեծը նրանցից աղա Ստեփանն էր, որ տարվա գրեթե մեծ մասը անց էր կացնում Շ... գավառի զանաղան գյուղերում։ Աղա Գուլամյանցների վաճառականության գլխավոր տարրը կազմում էր գինու առուտուրը։ Ամեն տարի նրանք ուղարկում էին Ռուսաստանի զանաղան կենտրոնական քաղաքները մեծ քանակությամբ գինի։ Շրջակա գլխավոր գյուղերի այգեգործությունը մեծ կապ ուներ նրանց հետ․ Չկար խաղողի այգի ունեցող մի գյուղացի, որն այսպես թե այնպես կապված չլիներ Գուլամյանց առևտրական տան հետ։ Ամբողջ Շ․․․ գավառի գինու արտահանությունը չնչին բացառությամբ գտնվում էր նրանց ձեռքում և, ինչպես պատմում էին, նրանց հարստության մեծ մասը գոյացել էր գինու առուտուրից։ Օգտվելով այն հանգամանքով, որ գյուղացիները առհասարակ գարնան ժամանակը փողի մեծ պակասություն են զգում և ունենալով միշտ պատրաստի դրամագլուխ, աղա Գուլամյանցներն ամեն տարվա այդ ժամանակին գյուղացիներին կանխիկ վճարում էին ահագին տոկոսներով փողեր և պարտավորեցնում նրանց գրավոր կապակցություններով, որ նրանք աշնանն այգիներից գոյացած խաղողը կամ պատրաստի գինիները ծախեն իրանց վրա։

Որովհետև չկար մի ուրիշ դրամատեր, որ կարողանար
մրցել աղա Գուլամյանցների հետ, այս պատճառով վերջինները

գյուղացիների հետ վարվում էին այնպես, ինչպես կամենում էին։

Նրանք նախ փոխ տալու ժամանակ դրամագլխի վրա բարդում էին պատկառելի տոկոս, օրինակ, 40 50, շատ անգամ 60 70, ապա գինու կամ խաղողի գինը նշանակում էին իրանց ցանկացածի համեմատ։ Գյուղացին չէր կարող չհամաձայնվել աղա Գուլամյանցների առաջարկած պայմանների հետ, որքան ևս նրանք դժվար իրագործելի և ծանր լինեին։ Գյուղացին ուրիշ ելք չուներ։ Նա կամ պիտի յուր այգու բերքը ծախեր աղա Գուլամյանցներին, կամ թե չէ ինքը պիտի վաճառահաներ Ռուսաստան։ Վերջինն ավելի դժվար իրագործելի էր, քան թե աղա Գուլամյանցների ճնշող պայմաններին ենթարկվելը։ Գինին Ռուսաստան վաճառահանելու համար հարկավոր էր նախ ունենալ տակառներ գնելու, ճանապարհածախք վճարելու և ուրիշ զանաղան պատրաստությունների համար ազատ դրամ և երկրորդ, գեթ մի երկու ամիս ազատ ժամանակ Ռուսաստան գնալ գալու համար։ Այս երկուսից ոչ մեկը չուներ գյուղացին, ճարահատյալ ստիպված էր աղա Գուլամյանցների հարստահարող ճանկերում ճնշված մնալ տարին տասներկու ամիս։ Կար մի ուրիշ ճանապարհ գյուղացիների համար, որը կարող էր նրանց ազատ պահել այդ ճանկերից։ Բայց նրանք այնքան տգետ էին որ այդ ելքի մասին մտածել անգամ չգիտեին։ Գյուղացիները կարող էին, հավաքվելով միասին, ընդհանուր ուժերով իրարու օգնել և իրանց գինիները վաճառահանել առանց աղա Գուլամյանցների միջնորդության։ Սակայն եթե գյուղացիներն այդ հասկանային էլ, դարձյալ ընդունակ չէին կատարելու, այն փոխադարձ անհավատարմության շնորհով, որով հայտնի են առհասարակ գյուղացիները։

Աղա Գուլամյանցների երկրորդ եղբայրն աղա Աբրահամը, մշտապես յուր ընտանիքով ապրում էր Ռուսաստանում և շատ հազիվ էր պատահում, որ վերադառնար յուր հայրենիքը, այն էլ շատ կարճ ժամանակով։ Ես գոնե մանկությունիցս սկսած

երբեք չէի տեսել նրան։ Ինչպես պատմում էին, աղա Գուլամյանցների
մեջ նա ամենախելոքն և ամենաճարպիկն էր առուտուրի մեջ

և իբր թե նրա շնորհիվ էր դիզվել նրանց հարստությունը։

Իսկ ամենից կրտսերն էր աղա Մակարը։ Ծառան ինձ պատմեց, թե աղա Մակարը մի ինչ-որ հարսանիքում տեսել է մի խիստ գեղեցիկ օրիորդ և շատ հավանել։ Այն օրվանից նա աշխատում է այդ օրիորդի հետ նշանվել։ Օրիորդի ծնողները թեև շատ աղքատ են, բայց Մակար աղան հավանել է նրան այնչափ, որ այդ պակասությունը նրա աչքին բոլորովին չի երևում։ Սակայն, չնայելով յուր դիրքին, աղա Մակարը չի կարողանում նպատակին հասնել, որովհետև օրիորդը, սիրահարված լինելով քաղաքում մի տղայի վրա, չի ուզում ուրիշ մարդու հետ պսակվել։ Ծնողներն առաջին անգամ հափշտակվելով աղա Մակարի առաջարկութենով, շատ են աշխատում համոզել աղջկան, բայց չեն հաջողում։ Ամեն անգամ, երբ օրիորդի մոտ Մակար աղայի մասին խոսում են, նա երեսը ծածկում է ու լաց լինում, ասելով, թե շուտով կցանկանա մեռնել, քան թե թողնելով յուր սիրած տղային, պսակվել Մակար աղայի հետ։ Հայրը հայհոյում է, ծեծում է, քաղցած է պահում օրերով խեղճ աղջկան, բայց ոչինչ չի օգնում, նա համառում է յուր ասածի վրա և մինչև անգամ մի օր փորձ է արել իրեն թունավորելու։ Այդ օրից մայրը, տեսնելով, որ հնար չկա աղջկան համոզելու, անցել է նրա կողմ, և խնայելով յուր միակ զավակին, նույնպես չի համաձայնվում տալ նրան աղա Մակարին։ Այս հանգամանքն, իբրև արտաքո կարգի երեվույթ, Շ... քաղաքի մեջ մեծ աղմուկ է բարձրացրել և շատերն սկսել են ծիծաղել աղա Մակարի վրա, որ նա, յուր հարստությամբ լինելով քաղաքի առաջին մարդկանցից մեկը, չի կարողանում մի աղքատ ընտանիքից մի աղջիկ ուզել։ Մակար աղան յուր անսահման ինքնասիրությունը վիրավորված զգալով, երդվել է անպատճառ պսակվել այդ աղջկա հետ, որ այդպիսով դադարի քաղաքի մեջ ծիծաղի առարկա լինելուց։ Սա նպատակին հասնելու համար գործ է դնում ամեն տեսակի ներելի և աններելի միջոցներ։ Մեծ դեր է կատարում այդ գործում տեր-Վահակը, որի ձեռքից շատ էին անցել մեր քաղաքում այդպիսի գործեր։ Տեր-Վահակն ամեն

մի անհնարին բան յուր խորամանկութենով հնարավոր է դարձնում, չնայելով,
կնոջ կերպարանքը, չնայելով որ մի քանի տասնյակ տարիներ է,

որ մի տան մեջ են ապրում։

Աղա Ստեփանն ուներ երկու աղջիկ մեկը մոտավորապես 12, մյուսը 14 տարեկան։ Միայն սրանք չէին քաշվում ոչ ոքից, հետևաբար և՛ ինձանից։ Թամարը մեծ քույրը թեև այնքան գեղեցիկ չէր, որ տեսնողին հենց առաջին անգամից գրավեր, բայց և այնքան էլ տգեղ չէր, որի վրա անտարբեր աչքով մտիկ տալ լիներ։ Մյուս քույրը– Թագուհին թեև յուր դեմքի գծագրությամբ շատ չէր զանաղանվում Թամարից, բայց նրանից ավելի գրավիչ էր, ծառա Գալուստի կարծիքով։ Սակայն այս ծառայի կարծիքն էր, իսկ եթե ինձ հարցնեք, Թամարն անհամեմատ ավելի դուրեկան էր, քան Թագուհին։ Նրա երկայն և մի կապ հյուսած շագանակագույն մազերը, փայլուն և կրակոտ սև աչքերը, սև հոնքերը, ինչ թաքցնեմ, ինձ ավելի էին հիացնում, քան Թագուհու ավելի բարձր և ավելի հպարտ ու նուրբ կազմվածքը։ Թամարն ու Թագուհին այն ժամանակ ուսանում էին Շ... քաղաքի նոր բացված հայոց օրիորդաց ուսումնարանում։ Այս պատճառով նրանք ևս շուտ էին զարթնել, որ պատրաստվեն ուսումնարան գնալու։

Մակար աղան ինձ հրամայեց ուղեկցել նրանց մինչև ուսումնարան և հետո այնտեղից ուղղակի գնալ մագազին։ Ճանապարհին, կարծես, սատանան հենց խթում էր ինձ, որ ես անպատճառ խոսեմ իմ աղայի սիրուն աղջկերանց հետ։ Բայց ինչպես խոսք բանալ ինքս էլ չէի իմանում։

Թամար խանում, ձեր ուսումնարանում ի՞նչ են սովորեցնում, վերջապես, համարձակվեցի արտասանել ամոթխածությամբ։

Հայոց լեզու, ռուսաց լեզու, վայելչագրություն, թվաբանություն, շարեց կրակոտ Թամարն իրարու հետևից արագ։

Թանաբանությո՞ւն, ի՞նչ ասել է թանաբանություն, Թամար խանում, հարցրի ես, դիտմամբ ինձ չհասկացող ձևացնելով, թեև գոնե անունն էլ գիտեի։

Ախչի, Թագուհի, լիսիմ ե՞ս, թվաբանությունը թանաբանություն

ա ասում, հա՛ հա՛, հա՛, կչկչաց Թամարը, յուր քրոջ ուսին խփելով։
Ի՞նչ ես ծիծաղում Թամար խանում, չեմ իմանում, հարցնում

եմ էլի, խոսեցի ես, նեղացած ձևանալով։

Թանաբանություն չան ասիլ, թվաբանություն կասան, ա՛յ էրվես, էլ քո տերտերից հե՞նչ ես սորվալ, որ թվաբանությունը չես իմանում, պատասխանեց Թամարը կատարյալ տեղային բարբառով, աջ ձեռքի հինգ մատները բաց անելով և ինձ ճանկ անելով։

Ի՞նչ տերտեր, Թամար խանում, կրկին հարցրի ես, կամենալով խոսակցությունը շարունակել։

Ա՛յ, էն տերտերը, որ ամուիս համար ուզում ա զոռով աղջիկ ուզի։

Սաղմոս, ավետարան, նարեկ, ճարտասանություն, շարեցի ես էլ իմ ստացած գիտությունները։

Բաս շեյթանություն չի սովորացուրա՞լ, հարցրեց ուրախ Թամարը դարձյալ կչկչալով։

Ի՞նչ շեյթանություն։

Ա՛յ, ուրիշների տներում գիշեր ցերեկ հավայի հաց ուտել, բազարներում պապիրոս ծխել, էլ չեմ իմանում ինչ։

Ես վարժապետիս տեր-Վահակի թուլությունները վաղուց գիտեի, այս պատճառով բոլորովին չզարմացա Թամարի խոսքերի վրա։

Մենք հասանք ուսումնարան։ Ես, գրքերը հանձնելով Թամարին, գնացի մագազին։ Բոլոր գործակատարներն եկել էին, առուտուրն արդեն սկսվել էր։ Ես իսկույն բռնեցի ինձ համար նշանակված տեղը։ Օրը շաբաթ էր։ Շ... քաղաքի վաճառականական խանութներում այդ օրն առուտուրը համեմատաբար շատ կենդանանում է, որովհետև մոտակա գյուղերի բնակիչները քաղաք բերում են զանաղան կենսական պիտույքներ յուղ, պանիր, կաթ, հավ, ձու և այլն, վաճառում են և գոյացած փողերով առնում այն, ինչ որ իրանց հարկավոր է։ Աղա Գուլամյանցների մագազինը, ունենալով գյուղացիներից բազմաթիվ ծանոթներ, այդ օրը մի առանձին կերպարանք էր ստանում։ Ոչ մի մագազին, ոչ մի խանութ շաբաթ օրերն այնպես չէր լեցվում մուշտարիներով։

Գործակատարները շատ կտորներ չափելուց հոգնում էին։
Քիչ ժամանակից հետո Մակար աղան ֆսֆստալով եկավ։

Գործակատարներն, ինչպես սովոր էին, վեր թռան իրանց տեղերից և ամեն մեկը, խորը գլուխ տալով, բևեռվեց յուր տեղում արձանի պես։ Փոքր առ փոքր մուշտարիներն եկան, առուտուրը տաքացավ։ Ես ամեն կերպ աշխատում էի անգործ չմնալ, թեև, գործերին անտեղյակ լինելով, ոչինչ չգիտեի կատարել։ Այն գործակատարը, որի մոտ ես կանգնած էի, պատվիրեց ինձ ծախած ու չափած կտորները ծալել և թղթերի մեջ փաթաթելով, հանձնել մուշտարիներին։ Այդ գործը մի առանձին հմտություն չէր պահանջում․ ես մի երկու կտորներ փաթաթելուց հետո իսկույն ընտելացա նրան։ Ես բթամիտ տղա չէի, ունեի քիչ թե շատ ընդունակություն շուտ բան սովորելու, բայց այդ զահրումար «արշին բանացնելը», այսինքն` կտորներ չափելը մի փոքր դժվար էր, և ես առաջին օրը շատ աշխատեցի, չկարողացա սովորել։ Մոտս կանգնած գործակատարի ձեռների ճարպիկությունը նախանձս շարժում էր։ Նա այնպիսի արագությամբ էր ձեռքում պտտեցնում արշինն, որ ես բոլորովին զարմացած էի։ «Ախ, երբ կլինի, որ ես էլ այդպես չափել կարողանամ», մտածում էի, աչքիս տակով մտիկ տալով նրա ձեռներին։

Մակար աղան նույնպես զբաղված էր։ Նա մոտենում էր այս ու այն գործակատարին, մտիկ էր անում, սովորեցնում էր այս այսպես անել, այն այնպես չափել կամ ծախել և այլն։ Երբեմն մոտենում էր մուշտարիներին և նրանց հետ զանաղան հանաքներ անելով զբաղեցնում էր, «որ չփախչեն»։ Մի խոսքով, այն օրն ես նրան շատ ուրախ, շարժուն և զվարթ տեսա։ Պետք է ասած, որ աղա Մակարը մի քանի ինքնուրույն շարժողություններ ուներ, որոնցով կարելի էր իմանալ նրա հոգեկան տրամադրությունը։ Ուրախ և գոհ ժամանակը նա սովորություն ուներ յուր մսալի և կլորիկ երեսի վրա խաղացնել մի տեսակ ինքնուրույն ժպիտ։ Այդ ժամանակ նրա աչքերը կուշտ և ուրախ կատվի աչքերի նման փայլում էին, հոնքերը բարձրանում, հաստլիկ շրթունքները ստեպ-ստեպ բաժանվում իրարուց, և նրանց տակից երևում էին սպիտակ ատամները։ Նա քայլում էր շուտ-շուտ ըմբշամարտության

հրապարակի վրա խաղացող փահլևանի նման, թևերը օդի մեջ
շարժելով և լըխլխացնելով յուր չաղ մարմինը։ Նրա մարմինն

այնքան հաստ էր, որ քիչ էր մնում երկայնությունն ու լայնությունը հավասարվեին։ Նա խոսում էր գործակատարների հետ ուրախ և մեղմ, պարգևելով նրանցից յուրաքանչյուրին մի-մի պայծառ ժպիտ։ Իսկ երբ տխուր էր լինում, խիտ հոնքերը գցում էր ցած, նեղ ճակատը կնճռոտում, աչքերը փոքրացնում, ձեռները մեջքին դնում և գլուխը քաշ գցելով սկսում էր արագ քայլերով ման գալ։ Մարդ եմ ասում, որ կարողանար այդ միջոցներին կանգնել նրա առջև, եթե որևէ սխալ էր գործել այդ ժամանակ։ Մակար աղան բաց կաներ յուր բերանը և տեղային բոլոր փողոցային հիշոցները կթափեր նրա գլխին թե՛ հայերեն և թե՛ թուրքերեն լեզվով։

Այդ օրը Մակար աղան շատ զվարթ տրամադրության մեջ էր։ Նա խոսում էր ամենքի հետ քաղցրությամբ, մինչև անգամ ես ևս այդ օրն արժանացա նրա առանձին ուշադրության։ Շուտ-շուտ նա մոտենում էր ինձ և, տեսնելով, որ ես լավ չեմ ծալում կտորները կամ կարգին չեմ փաթաթում թղթերի մեջ, առնում էր ձեռիցս կտորը և ինքը կապում, քաղցրությամբ սովորեցնելով ինձ։ Մակար աղայի ուրախության պատճառը հայտնի էր․ առուտուրն այնքան հաջող էր այդ օրն, որ մենք գյուղացի մուշտարիների ձեռքից հանգստություն չունեինք։

Բայց մի դեպք, որ ինձ համար ծիծաղելի էր և այդ ժամանակ անհասկանալի, փոխեց Մակար աղայի հոգեկան ուրախ տրամադրությունը։ Մի, ինչպես մեզանում ասում էին, «աշխարհ տեսած» գյուղացի, որը մի քանի տարի գյուղում տանուտերի պաշտոն կատարելով և շփվելով չինովնիկների հետ մի փոքր ինքն էլ մտավորապես տաշվել էր և ռուսերեն էլ կոտրատում էր, հինգ արշին մահուդ էր առնում։ Մահուդը չափելուց հետո գործակատարը կտրեց և ուզում էր ծալեր հանկարծ գյուղացին բռնեց նրա ձեռը։

Պոժոլստա, ասաց նա, մի անգամ էլ չափիր մահուդը։

Գործակատարը տրտնջալով երկրորդ անգամ չափեց ուղիղ դուրս եկավ, և սկսեց գյուղացուն պախարակել նրս կասկածի համար։ Սակայն գյուղացին չբավականացավ։

Պոժոլստա, գոսպոդին փրկաշիք, տուր ես չափեմ, ասաց

չարաճճի գյուղացին կես ռուսերեն և կես հայերեն լեզվով,
կարծես, կամենալով ցույց տալ, թե շատ էլ բռի շինականներից

չէ ինքը։

Գործակատարը տվեց նրան արշինն ու մահուդը։ Գյուղացին չափեց։ Դուրս եկավ ուղիղ չորս ու կես արշին։

Տեսնո՞ւմ ես, հենց ասում ես, «սուտ ես ասում»։ Աղբեր, էսպես ժուլիկություն կլինի՞, որ դուք եք անում, ասաց գյուղացին ձայնը բարձրացնելով։

Մակար աղան, հեռվից տեսնելով, իմացավ բանն ինչումն է և մոտեցավ գյուղացուն։

Հը՛մ, ի՞նչ է, ապեր, ինչի՞ ես ղալմաղալ բարձրացրել։

Ինչ անեմ, որ ղալմաղալ չանեմ, աղա, գործակատարդ մահուդս պակաս է կտրել, հինգ արշինի տեղ չորս ու կես է տալիս։

Իմ գործակատարն այդպիսի ղալաթներ չի անիլ, մտածիր ինչ ես ասում։

Աղա՛, չես հավատում, ա՛ռ, ինքդ չափիր։

Տուր տեսնեմ։

Մակար աղան առավ մահուդն ու արշինը և գործակատարի երեսին մի տեսակ խորհրդավոր հայացք ձգեց։ Վերջինը նույն տեսակ հայացքով պատասխանեց նրան։

Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, սա էլ քեղ փեշքեշ, ասաց Մակար աղան, չափելով մահուդը և մի քառորդ արշինի չափ էլ հինգ արշինից ավելի ցույց տալով գյուղացուն, մոտեցրեց մինչև նրա քիթը։ Չե՞ս ամաչում, որ սուտ ես ասում, ապեր։

Բայց «ապերն» այն ապերներից չէր, որ հեշտությամբ ձեռք քաշեր Մակար աղայից։ Նա կրկին վերցրեց արշինն և սկսեց չափել մահուդը։

Մեկ, երկու, երեք, չորս, էս էլ քեզ ավելի աղա, մտիկ տո՛ւր, չե՞ս ամաչում, որ սուտ ես ասում։

Մակար աղան բարկացավ։ Գյուղացու հանդգնությունն նրան խիստ վիրավորեց։ Բայց այս անգամ զսպեց իրան։

Ուրեմն դու քո էդ տրեխներով, ուզում ես ինձ խաբեբա շինել, էլի, ասաց նա, աչքերը չռելով։

Տրեխներով եմ, թե չաքմեքով էդ քո բանը չէ, ես հախս եմ ուզում։
Հախիցդ էլ ավելի են տալիս քեզ, էլ ի՞նչ ես բղավում։

Ավելը քեզ լինի, իմը տուր։

Ա՛յ տղա, մեկ էլ չափիր, դարձավ Մակար աղան մահուդ կտրող գործակատարին։

Գործակատարը չափեց։

Մեկ, երկու, երեք, չորս, այս էլ ուղիղ հինգ, էլ ի՞նչ ես ուզում, ապեր։

Ինձ տո՛ւր, ասաց գյուղացին և մի անգամ էլ չափեց մահուդը։ Մեկ, երկու, երեք, չորս, էս էլ դրուստ կես էլ ի՞նչ ես ուզում, աղա, ծաղրեց նա։

Մի անգամ էլ Մակար աղան չափեց և դարձյալ դուրս բերեց հինգ արշին ու մի չարեք։

Ա՛յ մարդ, այսքանն էլ ավելի է, էլ ի՞նչ ես զահլես տանում։

Ծիծաղս եկավ։ Չարաբախտ մահուդի երեք մարդու ձեռքում երեք զանաղան երկայնություն ստանալն ինձ կախարդություն թվաց։ Վերջապես, երկար վիճաբանելուց հետո, Մակար աղան մի կերպ ճանապարհ դրեց գլխացավ գյուղացուն, մահուդը հետ վերցնելով։

Հենց որ վերջինն ոտը մագազինի դռներից դուրս դրեց, Մակար աղայի կատաղությունը սաստկացավ։ Նա բաց արավ յուր հիշոցների տոպրակը և սկսեց թափել միմյանց հետևից մահուդ չափող գործակատարի գլխին։

Տասն անգամ քեզ ասել եմ՝ իմացիր ի՛նչ մարդու հետ գործ ունիս։ Ամեն մուշտարու հետ չի կարելի այդպես անել։ Աշխարհում միամիտները քիչ չեն, որ դու հետ եկածներին ես ուզում խաբել։ Մի անգամ էլ քո անզգուշութենով ինձ խաթաբալի մեջ կգցես, այն ժամանակ աստված ազատի, խայտառակ կլինիմ ամբողջ քաղաքում։

Լավ էր, որ շուտ-շուտ մուշտարիներ էին ներս մտնում, եթե ոչ գուցե Մակար աղան մինչև երեկո յուր զուռնան փչեր խեղճ գործակատարի ականջներին, որն երկյուղից սառել էր ու պատի տակ բևեռվել։ Իրիկնադեմին մագազինը կողպելու ժամանակ Մակար

աղայի դեմքը կրկին փոխվեց, երբ գործակատար Գրիգորը
բաց անելով դրամարկղը և նույն օրվա ծախսից առաջացած փողերը

համարելով դարսեց նրա առջև։ Նրա աչքերը կրկին սկսեցին փայլել, մի վայրկյանում անհետացավ նրա դեմքի մռայլությունը, ինչպես քամու շարժումից ցրվում են թեթև ամպերն երկնքի երեսից։ Նա միանգամ ևս ինքը համարելով փողերը, ագահությամբ և շտապով դրեց գրպանը, կարծես, վախենալով, որ միգուցե մեկը խլի նրա ձեռքից։

Կիրակի երեկոները Մակար աղան սովորություն ուներ եկեղեցու ջահերից մեկն յուր հաշվով վառել տալ, գանձանակի թասերը, փոխանակ սովորական հինգ կոպեկանոցի, ձգել մի-մի աբասի և, վերջապես, եկեղեցու դռանը կան գնած բոլոր աղքատների ձեռքին մի-մի սև փող դնել։ Այս բոլորը կատարելուց հետո, դռներից դուրս գալով, նա միշտ մի տեսակ խորը հոգոց էր հանում, երեսը խաչակնքելով։ Կարծես նրա ուսերից ընկնում էր մի ահագին ծանրություն։ Ինձ թվում էր, որ նա այդ ժամանակ զգում էր թեթևություն։ Եկեղեցուց մինչև տուն հասնելը նրա դեմքը փայլում էր մի տեսակ պայծառ, ուրախ Ժպիտով։ Եվ ինձ համար շատ անգամ հաճելի էր այդ րոպեներում նայել նրա երեսին։ Նրա մշտական թթված դեմքի վրա ժամանակ առ ժամանակ երևացող ուրախ ժպիտը, ճշմարիտն ասած, ինձ շատ քաղցր էր թվում։ Իսկապես շատ է մելամաղձոտ մարդ չէր Մակար աղան։ Ընդհակառակը, կարելի էր ասել, ուրախ բնավորություն ուներ։ Բայց այդ հայտնի էր միայն նրա մոտիկ ընկերակիցների շրջանում, որոնց հետ սովորություն ուներ շատ հաճախ զանաղան տեսակ զվարճություններ սարքելու։ Իսկ մագազինում և տանը շատ հազիվ էր պատահում տեսնել նրան հոգեկան ուրախ տրամադրության մեջ և այն էլ այն ժամանակ միայն, երբ առուտուրը հաջող էր անցել կամ մի որևիցե նյութական շահ էր ստացել մի տեղից։ Տանը տխուր ժամանակը նա շատ անգամ օրերով չէր խոսում ոչ ոքի հետ, և ոչ ոք էլ չէր կարող նրան խոսեցնել, հավատացած լինելով, որ սրանով ավելի կգրգռեն նրա բարկությունը։ Տնացիներն այնքան հպատակվել էին Մակար աղայի կամակոր բնավորությանը, որ նրա տխուր եղած ժամանակ իրանք ևս տխրում էին, իսկ

ուրախ ժամանակ իրանք ևս ուրախանում էին, այնպես որ կարծում
մինչև այսօր էլ վրես է մնացել, և ես իսկի էլ չեմ վշտանում,

որովհետև այդ նշանակում է, որ ես ծույլ մարդ չեմ։

Բայց ամենից ավելի ես աշխատում էի Մակար աղայի ուշադրությունը գրավել ինձ վրա, ձեռք բերել նրա կողմից քիչ թե շատ համակրություն։ Այս նպատակով ես ամեն ջանք գործ էի գնում, որ ոչ մի սխալով չգրգռեմ նրա բարկությունը դեպի ինձ, այլ ընդհակառակը որքան կարելի է սիրելի դառնամ նրա աչքում։ Ես ուսումնասիրում էի նրա բոլոր հատկությունները, որպեսզի նրանց համեմատ վարվեմ նրա հետ։ Ինչ տեսակ խոսակցություն, ինչ տեսակ շարժողություն, մինչև անգամ ինչպես ուտել, խմել, նստել, վեր կենալ, որ նրան հավանելի էին, նույն տեսակ էլ ես էի աշխատում խոսել, շարժվեի նստել, վեր կենալ և այլն։ Ես այս ամենը աչքի առջև ունեի, որովհետև ամեն օր տեսնում էի, թե ինչպես Մակար աղան բարկանում էր գործակատարների վրա ամենաչնչին սխալների համար և շատ անգամ սպառնում արձակել պաշտոնից այն գործակատարին, որը գործել էր այս կամ այն չնչին սխալը։ Օրինակ, մի օր նա մեկին մի քանի ապտակներ տալուց հետո քիչ մնաց, որ դուրս աներ մագազինից միայն նրա համար, որ խեղճը սխալմամբ մահուդի մի կտորը դրել էր չիթերի շարքում։ Մի խոսքով, չափաղանց մանրակրկիտ և բարկացկոտ մարդ էր Մակար աղան։ Հարկավոր էր շատ մեծ զգուշություն նրան դուր գալու համար։ Եվ ես ամեն կերպ աշխատում էի զգույշ վարվել։

Այսպիսով փոքր առ փոքր ինձ հաջողվեց Մակար աղայի ուշադրությունը գրավել ինձ վրա, և օրեցօր հավանելի դառնալ նրա աչքում։ Նա հետզհետե սկսեց ինձ հանձնել այնպիսի գործեր կատարել, որոնք գործակատարի կողմից պահանջում էին քիչ թե շատ հավատարմություն։ Օրինակ, փող էր տալիս այս կամ այն վաճառականի մոտ տանելու կամ փոստ ձգելու, ուղարկում էր զանաղան տեղերից ապառիկներ ստանալու և այլն։

Մակար աղան ինձ համար մի ձեռք նոր հագուստ էր առել, որովհետև իմը չափաղանց պատառոտված էր։ Նա յուր անվան լայաղ չէր համարում այդ ցնցոտիների մեջ տեսնել ինձ։ Բավական փոխվել էի ես այդ նոր հագուստի մեջ․ էլ առաջվա հաչին չէի,

ամեն անգամ մագազինում դրած ահագին հայելուն մտիկ տալիս
ինքս ինձնով հիանում էի և զարմանում։ «Ահա ինչ ասել է փող,

մտածում էի, մարդուս բոլորովին փոխում է, ինչպես էի առաջ և ինչպես եմ այժմ։ Հիմա ո՞վ կարող է ասել, որ ես կոշկակար Սարգսի տղան եմ։ Չէ, ով ինչ ուզում է թող ասե, իսկ ես կասեմ, փողը շատ լավ բան է և նրան ձեռք բերելու համար ամեն տեսակի միջոցներ գործ դնել արժե։ Բայց ինչպես ձեռք բերել փող աշխատելու հնարը, ինչպես։ Մակար աղան յուր խելքով չի աշխատում փող, այլ հենց փողի միջոցով։ Ուղիղ էր ասում հայրս, թե «փողը փող է աշխատում, իսկ ղոչաղ տղան գլուխն է քորում»։ Բայց, ինչևիցե, շտապել հարկավոր չէ, ես դեռ փոքր եմ, ժամանակ շատ կա, կարող եմ մի օր ես էլ մարդ դառնալ։

Մակար աղան սովորություն ուներ մագազինում բացված հակերից մնացած թոկերի կտորտանքը, փսիաթներ կամ կոտրտված արկղները էժան գներով տալ գործակատարներին, որպեսզի սրանք, աշխատանքով ծախելով, շահվեն։ Սովորաբար այս շահը Մակար աղան հանձնում էր այն գործակատարներին, որոնք երկար տարիներ հավատարմաբար ծառայել էին։ Այդ բանը շատ շահավետ էր։ Պատմում էին, որ շատ գործակատարներ այսպիսով զանաղան մեծ մագազիններում բավական գումար են վաստակում։ Մակար աղայի մագազինում այդ արտոնությունն ունեին Գրիգորն և մի ուրիշ գործակատար, որն ամենից հինն էր։ Հույս դնել եկամտի աղբյուրի վրա իմ կողմից ապարդյուն կլիներ։ Բայց և այնպես, պակաս չէի մտածում նրա մասին, և նախանձում էի Գրիգորին ու այն մյուս գործակատարին։ Պետք է ասած, որ այն օրից, երբ ես մտել էի աղա Գուլամյանցների մագազինը, մի անգամ իմ մեջ կենդանություն ստանալով շահասիրության ոգին, օրեցօր քանի գնում՝ այնքան զորեղանում էր, այնպես որ մի քանի ամիսներում ինձ այնտեղ հասցրեց, որ ես պատրաստ էի դիմել ամեն տեսակ միջոցների, միայն թե այդ միջոցներն ինձ համար արդյունավետ հետևանք ունենային։ Շատ անգամ ես պատրաստ էի մինչև անգամ մատնել գործակատարներին Մակար աղայի մոտ, եթե հավատացած լինեի, որ մատնությունը կարող էր ինձ օգուտ բերել գեթ նրանով, որ իմ վարկը քիչ թե շատ

բարձրացներ Մակար աղայի աչքում և գրավեր նրա վստահությունը դեպի ինձ
Ես ամեն օր մտածում էի այս կամ այն գործակատարի մեջ գտնել որևէ անհավատարմության նշույլ դեպի աղա Գուլամյանցների շահերը,

հետևում էի նրանց, որպեսզի մի որևիցե պակասություն տեսնեմ և իսկույն հայտնեմ Մակար աղային։ Մի անգամ պատահեց մի այնպիսի դեպք, որն առիթ տվեց ինձ այնուհետև գրավել Մակար աղայի վստահությունը։ Մի առավոտ, չգիտեմ ինչու, Մակար աղան մագազին չեկավ։ Մուշտարիներ էլ չկային։ Այդպիսի ժամանակներում գործակատարները, թողնելով իրենց սովորական տեղերը, խմբվում էին միասին և խոսում, ծիծաղում ու զվարճանում։ Խոսակցության առարկան գլխավորապես լինում էր Մակար աղան, որի մասին գործակատարները հազար տեսակ դատողություններ էին անում, քննելով նրա բնավորությունը, կյանքը, վարվողությունն և այլն։ Մեկը գովում էր Մակար աղայի մի հատկությունը, մյուսը, պախարակելով այդ հատկությունը, ցույց էր տալիս նրա մի ուրիշ լավ կամ վատ հատկությունը, բայց վերջ ի վերջո ամենքն էլ միշտ գալիս էին այն եզրակացության, թե նա շատ էլ համակրելի մարդ չէ։

Ես գործակատարների խոսակցության չէի մասնակցում, այլ մի կողմ քաշված ականջ էի դնում։ Չնայելով, որ մագազինում ոչ ոք չկար, նրանք խոսում էին շատ ցածր ձայնով, գրեթե շշնջյունով։

Գրիգոր, Մակար աղան ի՞նչպես վերջացրեց յուր հաշիվները այն ծերունու հետ, հարցնում էր գործակատարներից մեկը։

Ի՞նչ ծերունու։

Այ, այն Թոթովյանցի, որի հետ քանի ժամանակ է քաշքշվում են երեք եղբայր աղա Գուլամյանցները մուրհակների մասին։

Ի՞նչպես պիտի վերջացնեին, մուրհակները Մակար աղան հետ առավ և մի կոպեկ էլ նրան չտվեց։ Այժմ խեղճ ծերունին ընկել է աղքատության մեջ և, ինչպես ասում են, մինչև անգամ օրվա մի կտոր չոր հացին էլ կարոտ է մնացել։ Խեղճը կաչաղակ է դառել և գիշեր-ցերեկ, այստեղ-այնտեղ նստած, խոսում է ու խոսում, ոչ ոք նրա խոսքին չի հավատում։ Ասում են, կարելի է շատ հոգսից

ծերության օրերում խելքից էլ զրկվի։
Հախն է, ինչո՞ւ էր կյանքի այդ ժամանակը, մի ոտը գերեզմանի

մեջ, այնպիսի կեղտոտ բաների մեջ խառնվում։

Ի՞նչպես կարող էր չխառնվել, քանի որ ամբողջ կյանքն այդպիսի խաբեբայություննհրով է անցկացրել։ Առակն ասում է․ «Կուժը ջրի ճանապարհին կկոտրվի»։ Աթոյանցի տունը քանդեցին քանի կենդանի էր, փողերը ձեռքից խլեցին և փոխարենը կեղծ մուրհակներ տվեցին մեռնելու ժամանակ, այն էլ բարձի տակից գողացան և ողորմելու ընտանիքը ձգեցին մուրացկանության մեջ։

Ասում են, մեծ գումարի են հասնում Աթոյանցի փողերը– մոտ մինչև 75 հազարի։

Այո, 75 հազար։ Մուրհակներ գրողն էլ Ռուսաստանի գործակատար Համբարձումն է եղել, ասաց Գրիգորը։ Նա ինձ պատմել է, թե ինչպես են ստորագրել այդ մուրհակները աղա Գուլամյանցները և պառավ Թոթովյանցը։

Հետաքրքրական է, ասացին բոլորը։

Մակար աղան վերցրել է գրիչն և, յուր ձեռագիրը փոխելով, ամենքի փոխարեն ինքը ստորագրել է ջոկ-ջոկ ձեռագրով այնպիսի խորամանկությամբ, որ յուր իսկական ձեռքի հետքն անգամ չի կարելի եղել նշմարել։ Աթոյանցն, ինչպես հին վաճառական և չափաղանց միամիտ մարդ տեղեկություն էլ չի ունեցել մուրհակներ գրելու կարգ ու կանոններից։ Համբարձումը հավատացնում էր, որ երբ ինքը մուրհակննրը մի առ մի տանում էր և տալիս, Աթոյանցը մինչև անգամ նրանց ստորագրությանն էլ մտիկ չէր անում, միշտ կրկնելով, թե աղա Գուլամյանցներն ազնիվ մարդիկ են, նրանք ուրիշի փողին թամահ չեն անիլ, կարելի է նրանց հավատալ առանց մուրհակների էլ։

Իսկ պառավ Թոթովյանցի մուրհակները ի՞նչ մուրհակներ են, որ նա ստացած է եղել աղա Գուլամյանցներից, հարցրեց գործակատարներից մեկը։

Աղա Գուլամյանցները միշտ Աթոյանցից փողերը վերցնելիս են եղել ծերունի Թոթովյանցի միջոցով։ Նա է իբրև միջնորդ գնացել Աթոյանցի մոտ և փողերը ստացել և նրա շնորհիվ է իսկապես Աթոյանցը հավատացել աղա Գուլամյանցներին այդչափ

մեծ գումար։ Մի անգամ արդեն մոլորվելով թե Գուլամյանցներն
ազնիվ վաճառականներ են և երբեք իրանց թույլ չեն տալ ուրիշի

փողերն ուտել, Թոթովյանցն աղա Գուլամյանցների հետ առաջուց մտածած է եղել Աթոյանցից դուրս կորզել բոլոր սրա փողերը և փոխարենը մուրհակներ տալ, պայմանով, որ գումարի մի մասը Գուլամյանցները տան Թոթովյանցին։ Թոթովյանցն իրան հասանելի մասը, քան յուր սեփական փողերը ընդամենն երեսուն հազար մանեթ հանձնել է աղա Գուլամյանցներին տարեկան 20 տոկոսիքով և փոխարենը նրանցից մուրհակներ վերցրել։ Երբ ամեն ինչ վերջացել է, այսինքն՝ Աթոյանցը մեռել է, և ծերունին նրա բարձի տակից աղա Գուլամյանցների և յուր անունով 75 հազար մանեթի մուրհակները գողացել է ու տվել աղա Գուլամյանցներին, այն ժամանակ սրանց ոտք ու ձեռքը բոլորովին բացվել են։ Այս անգամ աղա Գուլամյանցները սկսել են մտածել Թոթովյանցի պարտքից մի կերպ ազատվելու մասին։ Բայց Թոթովյանցն այնպիսի պտուղ չի եղել, որից հեշտությամբ ազատվել կարողանային։ Աղա Գուլամյանցները շատ են աշխատել պառավի ձեռքից մի կերպ դուրս բերել իրանց 30 հազար մանեթի մուրհակը, բայց չի հաջողվել․ ծերունին նրանց հետ զգուշությամբ է վարվել։ Վերջապես, Մակար աղայի համբերությունը հատել է, և նա մի օր խոսք է տվել յուր եղբայրներին շուտով, ինչպեսևիցե, Թոթովյանցից վերցնել մուրհակները։

Այդ վճռից հետո Մակար աղան մի օր շուկայում պատահել է Թոթովյանցին, ասել է, թե մտադիր է այն օրն յուր պարտքը վճարել և խնդրել է նրան, որ երեկոյին տանը սպասի, ինքը կբերի փողը և մուրհակները կստանա։ Երեկոյին Մակար աղան վերցնում է իսկապես 30 հազար մանեթ փող և գնում է Թոթովյանցի տունը։ Նա թաշկինակի մեջ կապած փողերը գրպանից հանում է և դնում սեղանի վրա, խնդրելով պառավին, որ մուրհակները հետ տա, փողերն ստանա։ Թոթովյանցի աչքերը փողի կապոցից շլանում են, և նա շվարած, դողդողալով հանում է սնդուկից մուրհակն ու դնում Մակար աղայի առջև։ Օգտվելով ծերունու շփոթութենից և հարմար վայրկյանից, Մակար աղան խլում է մուրհակն ու փողի կապոցն և հայդա... Թոթովյանցը սկսում է գոռալ, թե իրան կողոպտեցին

և ուշաթափվելով ընկնում է հատակի վրա։
Բրավո՛, բրավո՛, Մակար աղա, լավ խորամանկություն է

բանեցրել, ես իմ աստվածը, բղավեց գործակատարներից մեկը, հափշտակված Գրիգորի պատմութենով։

Ահա ինչպես է վերջացրել բանը Մակար աղան ծերունի Թոթովյանցի հետ, ավարտեց Գրիգորն յուր պատմությունը։ Այժմ խեղճը մնացել է չոր տափի վրա, չգիտե ինչ անե․ դատարան գնալ չի կարող, որովհետև ոչինչ փաստ չունի, որ Գուլամյանցների վրա հաստատե յուր պարտքը, իսկ առանց փաստերի ոչ ոք չի հավատում նրա խոսքերին։ Հասարակության մեջ գանգատվելու ժամանակ ամենքը ծիծաղում են նրա վրա և չեն հավատում, որ աղա Գուլամյանցները նրան այդքան փող պարտ լինին և չվճարեն։ Եվ ի՞նչպես հավատան, քանի որ շատ լավ ճանաչում են նրան և գիտեն, որ նա յուր կյանքում այդքան փող երբեք չի ունեցել։ Իսկ ճշմարիտը խոստովանվել ծերունի Թոթովյանցը նույնպես չի կարող, որովհետև գիտե, որ եթե ճշմարիտր պատմի, թե որտեղից և ինչպես է այդ պարտքը գոյացել աղա Գուլամյանցների վրա կարող է կյանքի վերջին օրերում խայտառակվել, հայտնելով յուր մասնակցությունը Աթոյանցին կողոպտելու մեջ։ Այժմ մարդը մնացել է տանջվելով և գիշեր ու ցերեկ մաշվում է յուր գաղտնի ցավերից և ոչ ոքի չի կարողանում հայտնել։ Ճարահատյալ ամեն օր գնում է եկեղեցի և աստծուն աղաչում, պաղատում, որ գոնե նա պատժի աղա Գուլամյանցներին։

Գիտեք ինչ, մեջ մտավ մի ուրիշ գործակատար, ինչ որ վաճառականն է անում, նույնը սովորում ենք անել և՛ մենք։ Ո՞ր մեկը մեզանից կարող է պարծենալ, թե ինքը իսկապես ճշմարիտ մարդ է։ Ոչ մեկը։ Ամենքս էլ ոտքից մինչև գլուխ թաթախված ենք կեղտի մեջ։ Օրը հարյուր անգամ սուտ ենք ասում, մուշտարիներին խաբում ենք, կտորները պակաս ենք չափում, արժողութենից ավելի գներով ենք ծախում, մի խոսքով, հազար տեսակ սատանայություններ ենք անում, թե ինչ է մեր աղան պիտի օգտվի։ Բայց աղան սրա փոխարեն ի՞նչ է տալիս մեզ։ Նա մեզ ավելի ու ավելի է սովորեցնում խաբել ու կեղծավորել։ Մինչև այսօր մեզանից ո՞ր մեկն է մաքուր սրտից խոսել Մակար աղայի

հետ։ Ամենքս խոսում ենք մի տեսակ, մտածում ենք ուրիշ
տեսակ, ամենքս շողոքորթում ենք նրան, փեշերը լիզում դուր

գալու համար։ Մեր ստրկությունն այն տեղն է հասել, որ եթե Մակար աղան ասի, թե այսօր ուրբաթ չէ, այլ կիրակի է, մենք կհամաձայնվենք, թե նա սուտ չի ասում։ Եթե ասե, որ արեգակը լույս չունե, մենք կասենք, թե ճշմարիտ է։ Ինչո՞ւ համար ենք այս բոլորն անում։ Ձեզ եմ հարցնում։ Նրա համար, որ մենք նրա քեֆին չդիպչենք, որ դրանով մենք ցույց տանք նրան մեր հնաղանդությունը, խոնարհությունը, որպեսզի գրավենք նրա հավատարմությունը։ Միթե այս բոլորը խաբեբայություն չէ՞, միթե պակաս հանցա՞նք է, քան թե աղա Գուլամյանցների և ծերունի Թոթովյանցի ավազակությունը։

Այս ասում էր մի գործակատար, որ ընդամենը մի տարի էր ծառայել աղա Գուլամյանցների մոտ։ Մակար աղան նրան չէր սիրում և շատ վատ էր վարվում հետը։ Ես կարծեցի, որ հենց այս էր պատճառը նրա անբավականության, սակայն ես զգում էի նրա բոլոր խոսքերի ճշմարտությունը։ Ես գիտեի, որ իսկապես այն ամենը, ինչ որ նա ասում էր գործակատարների մասին, իրավացի է և արդար։

Ուրիշ կերպ անկարելի է, պատասխանեց Գրիգորը յուր դրութենից դժգոհ գործակատարին։ Եթե չխոնարհվենք, չհնաղանդվենք աղա Գուլամյանցներին, եթե նրանց սրտի ուզածը չկատարենք այս աշխարհում իսկի ապրել չենք կարող։ Նրանք սիրում են կեղծավորություն մենք էլ պիտի կեղծավորենք, սիրում են շողոքորթություն մենք էլ պետք է շողոքորթենք, սիրում են սուտ ասել մենք էլ պիտի սուտ ասենք։ Մի խոսքով, ինչպես նրանք են ուզում պիտի այնպես էլ պահենք մեզ, եթե ոչ՝ քաղցած կմնանք։ Տեսնո՞ւմ ես, այն օրվանից, երբ դու մի փոքր հակառակություն ցույց տվեցիր Մակար աղային աչքից ընկար՝ չնայելով, որ դու ճշմարիտն էիր խոսում։ Չէ, եղբայր, հարկավոր է անել այն, ինչ որ քեզանից պահանջում են աղա Գուլամյանցները և ոչ թե այն, ինչ որ դու ես ցանկանում։ Ուրիշ ճար չկա, եթե ուզում ես նրանց աչքում հավանելի լինել։ Ես էլ առաջ շատ էի նեղանում իմ պաշտոնից և շատ անգամ ինքս ինձ

ասում էի, ինչ հարկավոր է սուտ խոսել, կեղծավորել,

երբ որ առանց այն կարելի է վարվել, բայց հետո տեսա,

որ չէ, անկարելի է։ Այժմ ինձ համար միևնույն է, իսկի չեմ էլ մտածում, թե օրական քանի անգամ եմ սուտ ասում և քանի անգամ խաբում մարդկանց, որովհետև հենց իմ ամբողջ օրվա խոսակցությունը սուտ է։ Եվ ինչո՞ւ չստեմ։ Ինձանից խոմ սրանով մի բան չի պակասում։ Այսպես չեմ խոսիլ, այնպես կխոսեմ, այս չեմ ասիլ, այն կասեմ, այս բոլորն, իմ կարծիքով, միևնույնն է, միայն հարկավոր է աչքի առջև ունենալ, թե որն է շահավետ գրպանի համար։ Աղա Գուլամյանցներն եթե իրանց ամբողջ կյանքը սուտ ասելով, կեղծավորելով, խաբելով և սրա ու նրա ոտները լզելով չանցկացնեին, հավատացնում եմ ձեզ, այսօր այնքան հարստության տերեր չէին կարող լինել։ Փողը, եղբայր, ամեն բան ուժով ստիպում է մարդուս անել։ Այսպես չէ՞։

Բոլոր գործակատարները դրական պատասխան տվեցին Գրիգորին, հավանելով նրա ասածները, բացի այն մեկից, որ յուր պաշտոնից անբավական էր։ Ինչ վերաբերվում էր ինձ, համաձայն էի, որ մենք գործակատարներս, թաղված ենք այդ բոլոր կեղտոտությունների մեջ։ Բայց ինչպես անել․ չհամաձայնվել Գրիգորի հետ, որ մի կտոր հացի տեր լինելու համար անհրաժեշտ է լինել Մակար աղայի առջև կեղծավոր և շողոքորթ չէի կարող, քանի որ արդեն ճանաչում էի վերջինին և գիտեի, որ առանց սրանց անհնար է նրա մոտ երկար մնալ։ Իսկ ես ուզում էի նրա մոտ ծառայել, աչքի առջև ունենալով իմ ապագան։ Ես չէի ուզում հորս պես աղքատության մեջ ապրել։ Ես ցանկանում էի իմ ապագան նյութապես ապահոված տեսնել, Ո՞վ է աղա Գուլամյանցներին այսօր մեղադրում, ո՞վ է նրանց պախարակում Աթոյանցի փողերն ուտելու մասին։ Ոչ ոք, ընդհակառակը, ամենքն էլ նրան պատվում են, հարգում են, փողոցով անցնելիս գլուխ են տալի հեռվից։ Իսկ իրանք՝ հպաթտ ու գոռոզ՝ ոչ ոքի հետ չեն ուզում խոսել։ Եվ ի՞նչ կարիք ունին ուշադրություն դարձնելու, քանի որ առանց ուրիշների էլ կարողանում են ապրել։

Այսքան տարի ծառայելով, շարունակեց Գրիգորը, ես, վերջապես, հասկացել եմ, որ վաճառականության մեջ մարդ չի կարող մնալ

ազնիվ, մաքուր, ճշմարտախոս։ Չի կարող, որովհետև
վաճառականությունն այդպիսի մարդկանց չի սիրում։ Եթե

կամենում եք, ես իսկի չեմ էլ մեղադրում վաճառականին, երբ նա խորամանկություն է անում, ստախոսում է, խաբում է, որովհետև գիտեմ, որ նա կամա ակամա ստիպված է այդպես անել։ Անիրավ ոսկին ամեն բան մարդուս մոռացնել է տալիս, ամեն բան խիղճ, հոգի, հավատ։ Բաց արեք աչքներդ և լավ մտիկ արեք ձեր շուրջը։ Տեսեք ով է կարող պարծենալ, թե ազնիվ, առաքինի և ճշմարտասեր մարդ է։ Ոչ ոք, ամենքն իրարու խաբում են, կողոպտում են։ Աթոյանցին խաբում է ու կողոպտում Թոթովյանցը, աղա Գուլամյանցները խաբում են ու կողոպտում Թոթովյանցներին, վաղը մի ուրիշը դուրս կգա նույնը կանե աղա Գուլամյանցների հետ և այսպես կշարունակվի անվերջ։ Ես ինքս, եթե դեպք պատահի, եթե ձեռքս ուրիշի փողեր ընկնեն, առանց խղճալու կկլանեմ, և այս բոլորովին խղճիս դեմ չեմ համարիլ, որովհետև հավատացած եմ, որ այդ ուրիշն էլ անշուշտ մեկ մարդուց գողացած է այդ փողերը։

Գրիգորը չկարողացավ շարունակել յուր խոսքը, որովհետև այդ ժամանակ ներս մտավ մի մուշտարի։ Մենք ցրվեցինք մեր տեղերը։

Այս խոսակցությունն ինձ համար խիստ հետաքրքրական էր․ Շատ ափսոսեցի, որ նա ընդհատվեց։ Նա ինձ համար հետաքրքրական էր նախ, որ ես իմացա այն ծերունու գաղտնիքը, երկրորդ, որ առիթ էր տալիս ինձ ծանոթանալու գործակատարների հետ։

Երեկոյին, սովորականին համեմատ, ես աղա Գուլամյանցների տանն էի։ Մակար աղան յուր առանձնասենյակումն էր։ Սատանան հենց բոթում էր ինձ, որ անպատճառ գնամ նրա մոտ և պատմեմ գործակատարների այն օրվա խոսակցությունն և ցույց տամ իմ հավատարմությունը։ Մի քանի րոպե ես տատանման մեջ էի․ «գնալ, թե չգնալ»։ Մի կողմից չէի ուզում գնալ, որովհետև վախենում էի, որ Մակար աղան իմ խոսքերին չհավատա, և մի փոքր էլ խիղճս թույլ չէր տալիս, մյուս կողմից, ցանկանում էի գնալ, մտաբերելով, որ ինձ վարձելու օրը Մակար աղան ինքը պատվիրել էր հայտնել

իրան այն ամենը, ինչ որ կլսեմ ուրիշներից յուր վերաբերմամբ։
Մինչ ես տատանվում էի, Մակար աղան ծառայի միջոցով

կանչեց ինձ յուր մոտ։ Վերջին ժամանակները նա սովորություն էր արել երբեմն ինձ կանչել յուր մոտ և զանաղան բաների մասին հարց ու փորձ անել։ Լինելով կասկածավոր բնավորության տեր, նա ուզում էր, որ ամեն բան իրան հայտնի լինի և այս պատճառով ինձանից շատ անգամ այնպիսի չնչին բաների մասին էր տեղեկություններ պահանջում, որ ես զարմանում էի։ Օրինակ, նա հարցնում էր, թե գիշերներն այս կամ այն ծառան ինչ է անում յուր սենյակում, վաղ է պառկում քնելու թե ուշ, քանի բաժակ թեյ է խմում, ինչքան անգամ է օրը հաց ուտում և այլ այսպիսի մանր-մունր բաներ։

Մակար աղան թեյ էր խմում։ Ես գլուխ տվեցի նրան և կանգնեցի դռների մոտ, ձեռներս դարսելով կրծքիս։

Հըմ, ի՞նչ կա, ինչ չկա, պարոն Խաչի։

Վերջին ժամանակները Մակար աղան սովորություն էր արել ուրախ ժամանակին ինձ հետ խոսելիս «պարոնը» կպցնել իմ անվանը մի տեսակ մեղմ հեգնությամբ։

Ձեր հրամանոց առողջությունը, Մակար աղա, պատասխանեցի ես, գլուխս համեստությամբ խոնարհեցնելով։

Այսօր ես մինչև երեկո մագազինում չեմ եղել, ի՞նչ են արել գործակատարները։

Ինչ պետք է անեին, մի՞թե չգիտեք, թե ձեր հրամանքը մագազինում չեղած ժամանակը ինչ են անում նրանք։

Հըմ, խոսիր տեսնենք․․․

Մի այնպիսի բան չկա։ Ուզում եմ միայն ասել, որ երբ դուք մագազինում չեք լինում, առհասարակ գործակատարները շատ էլ խելոք չեն պահում իրանց, պատասխանեցի ես, գլուխս ավելի քաշ գցելով, իբրև թե խիստ ամաչում եմ Մակար աղայից։

Գիտեմ ինչպես են պահում իրանց։ Երբ ես այնտեղ չեմ լինում, հավաքվում են միասին և ռեխները ծռած սովբաթ անում, իսկ մուշտարիները գալիս են ու դատարկ հետ գնում։

Դատողություններ են անում, աղա, խելքներին զոռ են տալիս։
Հա՞ա, հապա ասա տեսնենք, ինչի՞ մասին են դատողություններ

անում, ասաց Մակար աղան տեղից բարձրանալով։

Ես մի փոքր հետ քաշվեցի, ցույց տալու համար, թե իբր վախենում եմ նրանից։

Ձեր գործերի մասին էին խոսում, աղա․․․

Մակար աղայի հետաքրքրությունը գրգռվեց։ Ես միամիտ ձևացա, իբրև թե իմ ասածին ինքս այնքան էլ նշանակություն չեմ տալիս։

Ի՞նչ են խոսում իմ վերաբերմամբ, պատմիր շուտով, կրկնեց նա։

Ասում են, դուք լավ մարդ եք, խաբող, սուտ ասող չեք, է՛հ, ինչ գիտեմ, ուրիշ այսպիսի շատ բաներ են ասում։

Հանաք մի արա այ տղա, գոռաց Մակար աղան տաքացած։

Ասում են, թե դուք ձեզանից մեծերին և ուժեղներին կեղծավորում եք ու շողոքորթում, իսկ փոքրերի առջև հպարտ ու գոռոզ եք պահում ձեզ։ Թե դուք գողութենով և խաբեբայութենով եք այդքան հարստություն դիզել։ Գրիգորը պատմում էր, թե դուք իբրև թե խաբել եք ինչ-որ Աթոյանց ազգանունով վաճառականի, նրա 75 հազար մանեթը կուլ եք տվել, հետո խաբել եք ծերունի Թոթովյանցին և նրա 30 հազար մանեթը կերել։ Այսպիսի և սրա նման շատ բաներ էին ասում, Մակար աղա։ Ես չէի ուզում լսել նրանց, որովհետև ինձ շատ վատ էր թվում, որ իմ աղայիս մասին ստեր են հնարում և այն էլ այնպիսի մարդիկ, որոնք նրա հացով են ապրում։ Բայց ի՞նչ պիտի անեի․ մագազինից դուրս գալ չէի կարող, նրանք խոսում էին, ես էլ ակամա լսում էի։

Մակար աղան բարկությունից գունատվեց։ Ես իսկապես սկսեցի նրանից վախենալ։ Բայց շուտով էլի ուղղեցի ինձ։

Հետո՞, էլ ի՞նչ էին խոսում շան զարմերը։

Է՛հ, Մակար աղա, շատ բաներ կասեն, բայց ո՞վ է հավատում նրանց ասածներին։

Հավատում են թե չեն հավատում, քո բանը չէ։ Դու պատասխանիր

այն, ինչ որ ես եմ քեզանից հարցնում։ Ասա տեսնեմ,
է՞լ ինչ էին խոսում, շարունակեց Մակար աղան կատաղած,

այնպես որ ես սկսեցի փոշմանել իմ ասածների վրա։

Միայն ձեր մասին չէին խոսում, այլ բոլոր վաճառականների մասին։ Ասում էին թե նրանք ամենքն էլ սուտ ասողներ, խաբողներ, գողեր են, թե նրանց մոտ ծառայողներն էլ պետք է այդպես լինին, որովհետև ուրիշ կերպ չեն կարող լինել։

Այդ ո՞ր գործակատարն էր ասում։

Ես հիշեցի Գրիգորի և մեկ էլ յուր պաշտոնից անբավական գործակատարի անունները։

Այդ էլ իմ լավության պտուղը․․․ փողոցներում ոտաբոբիկ լակոտներ էին, հավաքել եմ, բերել, մի կտոր հացի տեր շինել, այժմ ինձ էլ չեն հավանում։ Արի այժմ աղքատներին ողորմություն արա, խղճա նրանց վրա, Մակար։

Գրիգորն ասում էր, թե մինչև անգամ ինքն էլ պատրաստ է ուրիշի փողերն ուտել, եթե ձեռքն ընկնի։ Նա այսպիսի մի բան էլ ասաց․ «Գողից գողություն անելը մեղք չէ»։

Այս անգամ Մակար աղայի կատաղությունը սահմանից դուրս եկավ, նա սկսեց արագ-արագ քայլել։ Իմ խոսքերն ասեղների նման ցցվում էին նրա սրտի մեջ։

Լա՛վ, գնա՛, դարձավ նա, վերջապես, ինձ։

Բայց, աղա, մի բան եմ խնդրում ձեզանից։

Ի՞՛նչ։

Որ դուք գործակատարներին չասեք, թե ես եմ այս ամենը ձեզ պատմել, առանց այն էլ նրանք ինձ հետ լավ չեն վարվում։ Ինձ ծեծելով կսպանեն։ Խեղճ մարդու տղա եմ, մտել եմ ձեզ մոտ մի կտոր հաց ուտելու, պարտավոր եմ կերածիս փոխարեն ձեզ հավատարմությամբ ծառայելու։ Ես պարտքս եմ կատարում։

Լավ է, դուրս եկ, կորի՛ր։

Ես, իհարկե, դուրս եկա իսկույն, բայց չկորա, մտա սենյակս։

Հետևյալ առավոտ Մակար աղան վռնդեց Գրիգորին և այն գործակատարին, որ յուր դրութենից անբավական էր։

Վերջինի պաշտոնը Մակար աղան հանձնեց ինձ։

"Գործակատարի հիշատակարանից" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Վերհիշելով
Դավիթ Բալասանյան

Վերհիշելով

Որդիները չեն վերադարձել։ 1968 թ
Որդիները չեն վերադարձել։ 1968 թ
Խաղա առցանց