Запел Есаян

Կախաղանները

Երբ Ադանա հասանք, աղետի զարհուրելի պատմություններու մեջ՝ արկածյալներու հոգեբանությունն ամենեն ավելի վրդովող հիշատակը կախաղաններն էին. շատ բան մոռցած ու շատ բանի մասին անտարբեր դարձած էին, բայց կախաղանները դրոշմված էին իրենց մտքերուն մեջ իբրև գերագույն վիշտ մը, գերագույն վիրավորանք մը: Ծեր, թե երիտասարդ, այրի թե սգավոր մայր, երբ կխոսեին այդ օրվան վրա, կարծես կմոռնային իրենց սեփական ցավը: Ցեղը հավաքաբար կտառապեր ու սրտմտությունն այն աստիճանի կհասներ, որ երբեմն ըմբոստության մը համեմատությունները կստանար:

Մենք տեսեր էինք արդեն Միսաքի մայրը, քամակը ծռած հաղթանդամ պառավ մը, որուն վրա ցնցոտիներն անգամ կարծես հոգի ունեին և կտառապեին: Տեսեր էինք զինքն իր ցավի տագնապներուն մեջ գալարված՝ աչքին առջև ունենալով հարաժամ իր կտրիճ, իր գեղեցիկ տղան կախաղանը. լսեր էինք իր ողբագին գանգատը, իր ընդվզող ցավը, իր երկարաձգված հեծեծանքը.

- Վո՜ւյ… վո՜ւյ… վո՜ւյ…

Միշտ հոն էր գրեթե, եկեղեցիին բակին մեջ. ի՞նչ կհուսար և ի՞նչ կսպասեր մեզմե… իր աչքերը վիշտի անհատակ խորություններ էին, պարապի և մթության զգայնությունը կներշնչեին տեսնողներուն, իր կնճռոտած ճակտին վրա գորշ ու ճերմակ մազերու թելեր կիյնային ու ցիրցան ճմռթկված քողին ներքևեն. վզին վրա մկանունքները ձգտված, կուրծքը քարացած իր բռունցքի հարվպծներեն՝ անիկա տեսակ մը վախ կներշնչեր մեզի:

- Աչքերս կուրնա՜ն… աս աչքերովս տեսա:

Ու բիբերը կարծես կմարեին կուրնալու տենչանքեն…

Երբեմն, հուշիկ քայլերով կհետևեր մեզի և անսպասելի կերպով կլսեինք իր եղերական և աոանց արտասուքի լացը.

- Վո՜ւյ… վո՜ւյ… վո՜ւյ… աչքերս չոր աղբյուր են դարձեր… յավրում. օգնեցեք ինծի… արցունքս չորցեր է ներսի կրակե՜ս, ամա՜ն… օգնեցեք ինծի… սիրտս պահ մը զովացուցեք յավրո՜ւմ, օգնեցեք ինծի. վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ…

Հետո կպաղատեր, տղու պես կկառչեր մեր քղանցքներուն, հանկարծ կփլչեր գետին ու ժամերով կմնար կրկնելով նույն ցավատանջ երգը.

- Աշխարհիս պարծանք էր իր գեղեցկությունը… իր ձայնը և սարերը ու ապառաժները կցնցեր, իր երգերը ժպիտ և արցունք կբաշխեին. կաղնիի պես հասակը շուք կուտար ուրիշներու վրա. ինչպե՞ս չմեղքցան ու կախեցին… հողին որդերուն բաժին եղավ յավրուս, ամա՜ն… ինչպե՞ս ալ չխնայեցին իր կտրիճությանը…

Հետո աչքերը մոլորուն, կարծես փնտրելով իր տղուն ստվերը' կաղերսեր.

- Ձայնդ ո՞ւր մնաց, յավրո՜ւմ, ինչպե՞ս մարեցավ, աչքերուդ կրակն ո՞ւր գնաց, յավրո՜ւմ, ինչպե՜ս մարեցավ…

Գասապ Միսաք աշուղ էր, և կպատմեն, թե իր կախաղան բարձրացած պահուն, երգած է իր արտառուչ երգերեն մեկը, որուն հուզմունքեն սարսռած են նույնիսկ զինքը շրջապատող զինվորները: Կպատմեն նաև, թե իր վերջին խոսքերով հայտնած է, որ ինքը կախաղանի արժանի դարձած է ո՛չ թե այն հանցանքով, որով զինքը դատապարտած են, այլ անով, որ իր վրա դրված հույսերն ի դերև հանած է, և ինքը չէր կատարած իր պարտականությունը, ինքնապաշտպանության գործին մասնակցելով:

- Ես վատ ու թուլամորթ գտնվեցա, անոր համար է, որ կպատժվիմ:

Այդ սարսափելի օրը մենք դեո չէինք հասած Ադանա, բայց արկածյալները չէին դադրեր մեզի խոսելե այդ մասին ու գրեթե անոր ընդվզեցնող սոսկումին մասնակից կընեին մեզի:

- Ցավերդ առնե՜մ… կգոչեր կես խելագարված կին մը, օր կանցնի, ջարդերը կմոռնանք, բայց անիկա չենք մոռնար:

Կպատմեին մանրամասնություններ, չէին դադրեր անդրադառնալե այդ անսպասելի անարդարության վրա: Վիշտով ընդարմացած կիներ կզարթնեին հանկարծ, աչքերնին կվառվեր ոխով և անմոռանալի եռանդով, կըսեին, թե ինչպես մեկ ընտանիքե երկու եղբայր և քեռայրը կախաղան հանած էին՝ միմիայն ինքզինքնին պաշտպանած ըլլալուն համար, թե՝ նույն ընտանիքեն փոքրիկ քույրերնին տասնհինգ տարեկան, տեղեկանալով իրողության՝ կաթվածահար եղած, և թե այդ ընտանիքը մայր մը ուներ, որ դեռ կապրե՜ր, դեռ կապրե՜ր…

Երբեմն շփոթված եղերական դրվագներե՝ կկարծեինք, թե արկածյալները կչափազանցնեին, թե իրենց խոսքերը հիվանդ և գերգռգռված երևակայության պտուղներ էին, բայց օտարներն ալ կվկայեին այդ մասին:

Օր մը, խոսելով այդ նյութին վրա՝ եվրոպացի հիվանդապահուհի մը կհավաստեր, թե վիշտն արտակարգ և ահռելի եղած էր. հիվանդները կմերժեին խնամվիլ և վիրավորներն արյունոտ և բաբախուն վերքերու վրայեն բզկտելով կհանեին վիրակապերը և հեռուն կնետեին. հիվանդանոցներու մեջ վշտագին սարսուռ մը կմոլորեցներ տենդահարները, և ամենքն ալ մղձավանջե բռնված կկարծեին տեսնել կախաղանները: Կույրեր, անկարներ, և անդամահատյալներ իսկ փախչելու կփափագեին և ամենքն ալ կնախանձեին անոնց վրա, որոնք մեկ հարվածով մեռած էին արդեն:

Մինչև այն օրը, որ Ստամբուլեն լուր եկավ, թե մահվան դատապարտությունները բեկանված են, մինչև այդ պահը ժողովուրդն ապրեցավ առաջին կախաղաններու վշտագին հիշատակին մեջ. ձգտված ու խելագարված՝ չէին ուզեր լսել ոչ մեկ ամոքում, ոչ մեկ մխիթարությո՜ւն. յուրաքանչյուրը մոռցած իր ցավը և հոգը, անպարտելի և հավաքական զանգված մը առաջ բերած էր, որուն վրդովումներովը կալելոծվեին և կգրգռվեին նույնիսկ հաճախ մեր դեմ: Ու սարսափով կդիտեինք, որ երբեմն հիմարությունը չարաբաստիկ հովի մը պես կանցներ այդ վիրալի զանգվածին մեջեն:

Իրիկուն մը, ուշ ատեն կանցնեինք այն տեղեն, ուր հայերու կախաղանները ցցված էին: Մեզի հետ կար ֆրանսացի մը, որուն եվրոպացիի զգայականությունը ծայրահեղորեն տանջված, հիվանդագին դյուրագրգռության մը հասած էր. իր տպավորություններն արագ և խուսափուկ պատկերներ էին միայն. հակառակ որ դեպքին առաջին օրեն մինչև ետքն ականատես եղած էր անհավատալի, անմարդկային տեսարաններու, իր արևմտյան միտքը մերժած էր ըմբռնել պատահածին ամբողջությունը:

Անիկա այսպես պատմեց.

«Այն օրը, որ հասա հոս, ամեն բան կատարված էր արդեն, կախաղաններեն մարդկային գրգլյակներ կճոճեին ողորմելիորեն, ամբոխը ստվար բազմությամբ խռնված էր ու զինվորական շղթա մը զիրենք որոշ հեռավորության մեջ կպահեր կախաղաններեն: Արտակարգ ընդհանուր լռություն մը զիս ապշեցուց. ամբոխին մեջեն դիակնային տժգունթյամբ դեմք մը դուրս կցայտեր և բոլոր աչքերն անոր հառած էին:

Պահ մը իզուր հարցուփորձեցի շուրջիներս, հետո տեղացի ծանոթի մը հանդիպելով, հասկցա.

- Հայ մայր մըն է,- ըսավ հուզումեն ակռաները սեղմելով…

Ես բան մը չէի լսեր, ու գրեթե բան մը չէի տեսներ…

- Ի՞նչ կըսե կոր,- հարցուցի:

- Անե՜ծք… անե՜ծք…

Խումբե-խումբ ամբոխը ճեղքելով կառաջանայինք, և առաջին կարգին վրա եղողները կհաղորդեին ետևի շարքերուն իրենց լսածները. այնպես որ աստիճանաբար կցկտուր մրմունջներով կկրկնեին հայ մորը խոսքերը.-

- Անիծյա՜լ ըլլաք… ո՜վ դուք, աշխարհիս խազեպները… մոր անեծքը սևցնե ձեր ճակատագիրը… երբ հասնին օրեր, ուր սահմռկած ինքզինքնուդ հարցնեք, թե ինչո՞ւ կտառապիք, կսկիծով հիշեք, թե այս րոպեիս համար է… ձեր սև ժամն ալ հնչե ու ամլության և մահվան դատապարտվի՜ք… ծարավի խոտի պես չորնաք չարչարանքի կրակներու մեջ… ու ձեր անգթության և վայրագության փոխարեն ձեր բազմապատկված վիշտերով տառապի՜ք…

Ամեն կողմե ամբոխն արձագանք դառնալով կկրկներ այդ չարաբաստիկ բառերը: Ցուրտ սարսուռ մը կանցներ զինվորներու շարքին վրայեն. դահիճներն անգամ դղրդված էին՝ մինչ հոգեվարքի վերջին կծկումներով ծամածռած կախվածները մեղմորեն կճոճվեին կախաղաններու վրա: Ոչ ոք կհամարձակեր ձեռք վերցնել ու լռեցնել վշտահար մայրը, ու մինչ անդին ամեն խորշերու մեջ ու ամեն խշտյակներու վրա ամեն կարգի արկածյալները կհիմարանային ու մահվան կցանկային, ասդին կախաղաններուն առաջք սգավոր մայրը կշարունակեր բարձրաձայն.

- Անիծյալ ըլլա՜ք… անիծյալ ըլլա՜ք… անիծյալ ըլլա՜ք…:

Այդ պահուն հրամանատարները, պահապան զինվորները, դահիճները, հանդիսատես ամբոխը, ամենքն ալ դժոխքի մեջ չարչրված մարդու դեմքեր ունեին. ավելի ահռելի տեսարան կարելի չէր երևակայել. իրենց մակարդակեն վեր կախաղաններու շարքը…: Կախվածներուն մեջ հայերը դյուրին էր զանազանել, անոնք ամենեն խաղաղ երևույթն ունեին, մեկը մանավանդ կհիշեմ, շատ երիտասարդ էր, գրեթե մանկունակ դեմքով, գլուխը մեկ կողմ հակած, կարծես մորը ուսին վրա հանդարտորեն կննջեր… ոտքերուն տակ, գետնին վրա ձգած էր զույգ մը կոշիկներ, այդ կոշիկնե՜րը… երբեք չպիտի մոռնամ իր երիտասարդ նահատակի երևույթը… այդ ճիվաղային ծամածռություններով այլակերպված մարդկային արարածներու մեջ, այդ այլասերված ամբոխին մեջ, իր երևույթին խաղաղությունը սփոփարար էր լույսի պես:

Կախաղաններու դիմացը միշտ կտեսնեի հայ մորը մեռելատիպ տժգունությամբ դեմքը: Քանի՞ վայրկյան տևեց բոլոր ասոնք, չեմ գիտեր, ինծի կթվեր, թե երկար ժամանակներե ի վեր շուրջս ամեն բան անշարժացած ու քարացած էր այդպես… այդ շփոթ դիմագծերը, երկու սև խորություններ, անհատակ աչքեր: Ու ամենքն ալ ժողովված էին, կարծես լսելու համար հայ մորը ձայնը… կտրատված ձայն մը, կուրծքե ելած ձայն մը, որուն մեկ մասը կարծես ուրվականային հով մը կառներ կտաներ... Հանկարծ սթափեցան, զինվորական թմբուկը լսելի եղավ, երկու անհատակ աչքերն անհետացան ամբոխին մեջ ու զինվորներն անցան պտուտքելով…

Իրենց վրա, կախվածները կշարունակեին ճոճել հետզհետե ավելի մեղմորեն…:

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Sobre Dance
Арам Хачатрян

Sobre Dance

Ожидание, 1900 год.
Ожидание, 1900 год.
Играть онлайн