Егише Чаренц
Շան կարոտներ
Պատուհանիս տակ հիմա որբ մղկտում է մի շուն.
Սիրտս լսում է նրան և սիրտս քեզ է հիշում:
Նա տխուր է ու մենակ, ոչ ոք չունի հիմա նա
Ու գանգատը դժնդակ լուսինը չի՜ իմանա:
Դուրսը ամպ է ու մշուշ, անաստղ երկինք ու գիշեր.
Մղկտում է այսքան ուշ, գանգատվում է առանց սեր:
Հեռուն թարթում է տարտամ գազե լապտերը բեկուն.
Ինչ շո՛ւտ մարեց այս անգամ արևավառ երեկոն...
Ինչ շո՛ւտ մարեց ցերեկի զվարթ աղմուկը, ու մութ
Գիշերն իջավ` անհոգի, անմխիթար ու անգութ:
Ցերեկը լա՛վ է այնքան, ցերեկը խինդ է բերում
Փողոցների խրախճան, անմխիթար դեգերում:
Խոհանոցի դռան մոտ, կամ խանութի մոտ հացի
Սպասումներ ու ամոթ՝ խո՛ւլ տագնապներ փողոցի:
Բայց ցերեկները չունեն մղկտուքը գիշերվա
Ու հոգու ցավը անհուն ցերեկը չի՜ երևա:
Մղկտում է հիմա նա, սիրտը գգվանք է ուզում,
Սիրտը ճչում է հիմա, մղկտում է անլեզու: -
Բայց սիրտ չունեմ էլ քո խեղճ մղկտանքը լսելու.
Քնի՛ր, քնի՛ր եղիր խե՛ղճ, անօգնական ու հլու:
Չի ուղարկի ո՜չ մի փայլ մեզ լուսինը հիմա էլ
Շո՜ւն, կարոտի՛ իմ եղբայր, դառնաթախիծ իմ ընկեր...