Уильям Сароян

Խեղճուկրակ արաբը

Խոսրով քեռիս, ինքը զայրացկոտ և արտակարգ տխուր մարդ, մի տարի բարեկամացավ հին երկրից գաղթած կարճահասակ մարդու հետ, որ ներքուստ ժայռի նման հանդարտ էր, և որի տխրությունը արտահայտվում էր ծնկից փոշու հատիկ թռցնելով ու երբեք չխոսելով։

Այս մարդը արաբ էր, անունը՝ Խալիլ։ Ութ տարեկան տղայից խոշոր չէր նա, բայց, ինչպես իմ Խոսրով քեռին, շատ խոշոր բեղեր ուներ։ Վաթսունը անց էր հավանաբար։ Չնայած բեղերին, սակայն, նա հոգով ավելի երեխայի, քան հասուն մարդու նման լինելու տպավորություն էր թողնում։ Աչքերը երեխայի աչքեր էին, բայց ասես լցված էին տարիների հուշերով, երկար տարիների, որոնց ընթացքում բաժանված էր եղել խորապես սիրելի բաներից, ինչպես գուցե իր բնիկ երկրից, իր հորից, մորից, եղբորից, իր ձիուց կամ մի որևէ այլ բանից։ Գլխի մազերը փափուկ էին, խիտ, այնքան սև, որքան եղել էին միշտ, և ձախ կողմից բաժուկ արած, ճիշտ այնպես, ինչպես հին երկրից դեռ նոր Ամերիկա գաղթած ծնողները սովորեցնում էին իրենց փոքր տղաներին։ Նրա գլուխն իրոք որ դպրոցականի գլուխ էր, բացի բեղերից. այդպիսին էր նաև մարմինը, բացի լայն ուսերից։ Անգլերեն չգիտեր, միայն մի քիչ թուրքերեն էր խոսում, մի քանի բառ քրդերեն և շատ քիչ հայերեն, բայց բերանն էլ հազիվ էր բացում ընդհանրապես։ Ու երբ բացեր, խոսում էր մի ձայնով, որ ասես ոչ այնքան իրենից էր գալիս՝ որքան հին երկրից։ Նաև խոսում էր այնպես, որ կարծես թե խոսելու անհրաժեշտությունը ցավ էր պատճառում իրեն, կարծես թե սրտաճմլիկ բան է, որ մարդ աշխատի արտահայտել այն, ինչ երբեք չի կարելի արտահայտել, կարծես թե իր ամեն մի ասածը կարող էր միայն ավելացնել այն վիշտը, որ արդեն կար իր մեջ։

Թե ինչպես էր նա շահել իմ Խոսրով քեռու համակրանքը, մի մարդու, որ գեթ մի բան ուներ ասելու, այնպես էլ մեզանից ոչ ոք չիմացավ երբևիցե։ Մարդ քիչ բան է իմանում միշտ խոսող մարդկանցից, էլ ուր մնաց իմանա նրանցից, ովքեր հազիվ են մեկ֊մեկ շրթունքները շարժում, այն էլ միայն հայհոյելու համար կամ պահանջելու, որ մի ուրիշը դադարի խոսելուց, ինչպես իմ Խոսրով քեռին էր։ Խոսրով քեռիս հավանաբար «Արաքս» սրճարանում էր հանդիպել արաբին։

Խոսրով քեռիս իր բարեկամներին ու թշնամիներին ջոկում էր նրանց թավլի խաղալու եղանակից։ Ամեն տեսակ խաղ մարդկային վարմունքի քննությունն է լարված վիճակում, ու թեև Խոսրով քեռիս աշխարհի ամենավատ տարվողն էր, բայց արհամարհում էր որևէ այլ մարդու, որ տարվելիս շենք֊շնորհք չէր պահում իրեն։

Ի՞նչ ես ախուվախ անում, գոռում էր նա այդպիսի տարվողի երեսին։ Եղած֊չեղածը խաղ չէ՞։ Կյա՞նքդ ես կորցնում դրանով։

Ինքը, երբ տարվում էր, կորցնում էր իր կյանքը, բայց չէր կարող պատկերացնել, որ ուրիշ որևէ մեկը իր նման խոր ընկալեր խաղի խորհուրդը։ Իրեն հարցնեիր՝ ուրիշների համար խաղը միայն խաղ էր։ Իր համար, սակայն, խաղը ճակատագիր էր՝ սեղանին դրված խաղատախտակի վրա, որի մյուս կողմը մի որևէ աննշան մարդ շրխկացնում էր զառերը, թուրքերեն խոսքեր ասում դրանց, շողոքորթում, փսփսում, գոռում և ուրիշ շատ ձևերով ստորանում դրանց առաջ։

Խոսրով քեռիս արհամարհում էր զառերը, իր անձնական թշնամիները համարում և երբեք չէր խոսում դրանց հետ, շպրտում էր պատուհանից դուրս կամ սենյակի ծայրը, խաղատախտակն էլ սեղանից դեն հրում։

Շունե՛ր, գոռում էր նա։

Եվ հետո, մոլեգնած, մատը տնկում էր հակառակորդին ու բղավում.

Իսկ դո՞ւ։ Հայրենակի՜ցս։ Չես էլ ամաչում։ Ստորանում ես դրանց առաջ։ Պաղատո՜ւմ ես։ Ե՛ս եմ ամաչում քո տեղը։ Թքե՛լ եմ շների վրա։

Բնական է, ոչ ոք երկրորդ անգամ թավլի չէր խաղում Խոսրով քեռուս հետ։

Այս սրճարանը իր ժամանակին մեծ համբավ ու կշիռ ունեցող վայր էր։ Այսօր էյ նույնն է, թեպետ քսան տարի առաջ հաճախորդներից շատերը մահացել են։

Մեծ մասամբ հայերն էին հաճախում այնտեղ, բայց գալիս էին նաև ուրիշները։ Բոլոր նրանք, ովքեր հիշում էին հին երկիրը։ Բոլոր նրանք, ովքեր հին երկիրը սիրում էին։ Բոլոր նրանք, ովքեր հին երկրում թավլի էին խաղացել կամ սկամբիլ թղթախաղը։ Բոլոր նրանք, ովքեր ճաշակել էին հին երկրի կերակուրը, գինին, ռաքըն ու փոքրիկ բաժակներով սուրճը կեսօրից հետո։ Բոլոր նրանք, ովքեր սիրում էին երգերն ու պատմությունները։ Եվ բոլոր նրանք, ովքեր սիրում էին լինել ընտանի բույր ունեցող մի վայրում, հայրենիքից հազարավոր մղոններ հեռու։

Խոսրով քեռիս առավելապես կեսօրից հետո ժամը երեքի մոտ էր մտնում սրճարան։ Մի րոպե կանգնում էր, հայացքը ման ածում մարդկանց վրա, հետո առանձին նստում էր մի անկյունում։ Սովորաբար մեկ ժամ նստում էր անշարժ, ապա դուրս գնում սոսկալի բարկացած, թեև ոչ ոք նրան մի բառ անգամ չէր ասել։

Խե՜ղճ տղաներ, ասում նա։ Խեղճուկրա՜կ որբեր։

Խեղճուկրակ... Անկարելի է այս մի բառը անգլերեն թարգմանել։ Չկա սակայն ավելի վշտալի բան կյանքում և աշխարհում, քան խեղճուկրակը։

Շատ հավանաբար մի օր, այս սրճարանում նստած, Խոսրով քեռիս նկատել էր կարճահասակ արաբին և տեսել, որ արժանավոր մարդ է։ Գուցե մարդը նստած թավլի խաղալիս էր եղել, իր լայն ուսերը խաղատախտակից վեր պահած, երեխայի իր գլուխը տխուր բռնած, հասկացող ու վշտոտ արտահայտությամբ, և գուցե խաղից հետո, երբ նա վեր էր կացել ու կանգնել, Խոսրով քեռիս տեսել էր, որ նա երեխայի հասակ ունի։

Գուցե նույնիսկ մարդը սրճարան էր եկել և, չճանաչելով Խոսրով քեռուս, մի խաղ թավլի խաղացել նրա հետ, տարվել էր, բայց չէր գանգատվել, հասկացել էր իրոք, թե ով է իմ Խոսրով քեռին, թեև մարդ բան չէր ասել նրան։ Գուցե նույնիսկ արաբը չէր աղաչել զառերին։

Ինչ էլ որ էր նրանց բարեկամության հիմքը, ինչպիսի փոխհասկացողություն էլ որ կար երկուսի միջև, ինչպես էլ որ հաղորդվում էին իրար, համենայն դեպս, մերթ ընդ մերթ միասին գալիս էին մեր հյուրասենյակը և բարի էին գալիս։

Առաջին անգամ երբ արաբին բերեց մեր տունը, Խոսրով քեռիս հարկ չհամարեց նրան ներկայացնել։ Մայրս ենթադրեց, որ արաբը մեր հայրենակիցն է, գուցե հեռավոր մի ազգական, թեև նա մի քիչ ավելի թուխ էր, քան մեր ցեղի անդամների մեծ մասը, և ավելի կարճահասակ։ Դա կարևոր չէր անշուշտ, մի ժողովրդի հմայքն էր միայն, ուրիշ ոչինչ. տեսակը. այն հատկությունը, որով մարդս մարդկային է դառնում և արժանի՝ ժամանակի մեջ հարատևելու։

Այդ առաջին օրը մայրս մի տասը անգամ խնդրեց նրան իր տանն զգալ իրեն, ու հետո միայն արաբը նստեց։

«Խո՞ւլ է արդյոք», մտածեց մայրս։

Չէ, պարզ երևում էր, որ խուլ չէ, այնքան ուշադիր լսում էր։

Գուցե չէր հասկանում մեր բարբառը։ Մայրս հարցրեք՝ ո՞ր քաղաքից է։ Նա չպատասխանեց, միայն փոշի թռցրեց իր բաճկոնի թևից։ Հետո մայրս թուրքերեն ասաց.

Հա՞յ եք։

Այս մեկն արաբը հասկացավ. թուրքերեն պատասխանեց, որ արաբ է։

Խեղճուկրակ որբ, շշնջաց Խոսրով քեռիս։

Մայրս մի րոպե մտածեց, թե արաբը կուզենար խոսել, բայց շուտով հայտնի եղավ, որ նրան էլ, ինչպես իմ Խոսրով քեռուն, ոչինչ այնքան չէր դառնացնում, որքան խոսելը։ Անհրաժեշտ լիներ, կարող էր խոսել, բայց ճիշտն այն է, որ պարզապես ասելու բան չկար։

Մայրս ծխախոտ ու սուրճ բերեց երկուսին և ինձ նշան արեց, որ դուրս գամ։

Ուզում են խոսել, ասաց նա։

Խոսե՞լ, ասացի։

Ուզում են առանձին լինել, ասաց մայրս։

Ես ճաշասենյակում նստեցի սեղանի առաջ և սկսեցի թերթել «Սեթըրդեյ իվնինգ փոստի» մի հին օրինակ, որն արդեն անգիր գիտեի, հատկապես նկարները. ավտոմեքենաներ, որոնց շուրջ կանգնել են նորաձևության սիրահար մարդիկ. գրպանի լապտերներ, որոնք լույս են գցում մութ անկյուններին. սեղաններ՝ ապուրի ամաններով, որոնցից գոլորշի է բարձրանում. երիտասարդներ, որոնք վերջին մոդայի պատրաստի կոստյում ու վերնազգեստ են հագել. և ամեն տեսակի այլ նկարներ։

Բայց երևի արագ էի դարձնում էջերը։

Խոսրով քեռիս գոռաց.

Կամաց, օղո՛ւլ, կամաց։

Ես ճիշտ վայրկյանին հյուրասենյակ նայեցի ու տեսա, որ արաբը ծնկից փոշի է թռցնում։

Նրանք մեկ ժամ նստեցին հյուրասենյակում, հետո արաբը քթով շատ խորունկ շունչ քաշեց և առանց բառ ասելու թողեց գնաց։

Ես հյուրասենյակ մտա ու նստեցի այնտեղ ուր արաբն էր նստել։

Կամա՛ց, ասաց Խոսրով քեռիս։

Է՜, ի՞նչ է նրա անունը, ասացի։

Խոսրով քեռիս այնպես ջղայնացավ, որ չգիտեր ինչ աներ։ Այնպես կանչեց մորս, որ կարծես իրեն սպանում էին։

Մարիա՜մ, բղավեց նա։ Մարիա՜մ։

Մայրս շտապ հյուրասենյակ վազեց։

Ի՞նչ կա, ասաց նա։

Դուրս արա սրան, խնդրում եմ, ասաց Խոսրով քեռիս։

Ի՞նչ է պատահել։

Ուզում է արաբի անունն իմանալ։

Լավ, ի՞նչ կա որ, ասաց Մայրս։ Երեխա է։ հետաքրքրվում է։ Ասա։

Հասկացա՜նք, տնքաց Խոսրով քեռիս։ Դո՜ւ էլ։ Իմ հարազա՜տ քույրս։ Իմ խե՜ղճուկրակ քույրիկս։

Է լավ, ի՞նչ է արաբի անունը, ասաց մայրս։

Չե՜մ ասի, ասաց Խոսրով քեռիս։ Պրծա՛վ։ Չե՛մ ասի։

Նա վեր կացավ ու գնաց տնից։

Չգիտի մարդու անունը, բացատրեց մայրս։ Իսկ դու իզուր ես նրան ջղայնացնում։

Երեք օր հետո, երբ Խոսրով քեռիս և արաբը մեր տունը եկան, ես հյուրասենյակում էի։

Խոսրով քեռիս ուղիղ ինձ մոտեցավ ու ասաց.

Նրա անունը Խալիլ է։ Դե հիմա դուրս գնա։

Ես տնից դուրս ելա և բակում սպասեցի, որ իմ զարմիկներից մեկն ու մեկը գա։ Անցավ տասը րոպե, ոչ ոք չեկավ, և ես գնացի Մուրադ զարմիկիս տունը, ամբողջ մեկ ժամ նրա հետ վիճեցի, թե մեզանից ով է ավելի ուժեղ լինելու հինգ տարի հետո։ Երեք անգամ ըմբշամարտի բռնեցինք ու երեք անգամ պարտվեցի, բայց մեկ անգամ գրեթե հաղթանակ պիտի տանեի։

Երբ տուն վերադարձա, երկու բարեկամները գնացել էին արդեն։ Տան ետևից ուղիղ հյուրասենյակ վազեցի, բայց նրանք այնտեղ չէին։ Միայն նրանց հոտը կար սենյակում և ծխախոտի հոտը։

Ինչի՞ մասին խոսեցին, հարցրի մորս։

Մտիկ չարեցի, ասաց մայրս։

Խոսեցի՞ն որ, ասացի։

Չգիտեմ, ասաց մայրս։

Չխոսեցին, ասացի ես։

Ոմանք, երբ ասելու բան ունեն, խոսում են, ասաց մայրս, ոմանք էլ չեն խոսում։

Ինչպե՞ս կարող ես խոսել, եթե բերանդ չես էլ բացում, ասացի։

Կխոսես առանց բառերի։ Մենք միշտ խոսում ենք առանց բառերի։

Ուրեմն բառերն ինչի՞ են պետք։

Շատ անգամ այնքան էլ պետք չեն։ Շատ անգամ պետք են միայն նրա համար, որ բուն ասելիքդ ծածկես կամ էլ թաքցնես այն, ինչ չես ուզում ուրիշներն իմանան։

Իսկ նրանք խոսո՞ւմ են, ասացի։

Կարծում եմ՝ այո, ասաց մայրս։ Հենց նստում սուրճ են խմում և սիգարետ ծխում։ Բերանները երբեք չեն բացում, բայց անընդհատ խոսում են։ Իրար հասկանում են և կարիք չունեն բերանները բացելու։ Թաքցնելու բան չունեն։

Եվ իրոք գիտե՞ն, թե ինչի մասին են խոսում, ասացի։

Անշուշտ, ասաց մայրս։

Ինչի՞ մասին, ասացի։

Չգիտեմ ինչ ասեմ քեզ, ասաց մայրս, որովհետև բառերի մեջ չէ նրանց խոսածը։ Բայց իրենք գիտեն։

Մի ամբողջ տարի Խոսրով քեռիս ու արաբը մերթ ընդ մերթ գալիս էին մեր տուն և նստում հյուրասենյակում։ Երբեմն մեկ ժամ էին նստում, երբեմն՝ երկու։

Մի անգամ Խոսրով քեռիս հանկարծ գոռաց արաբին. «Ուշ մի՛ դարձրու դրան, ասում եմ քեզ», թեև արաբը ոչինչ չէր ասել։

Բայց առհասարակ բոլորովին չէին խոսում, մինչև հասնում էր գնալու ժամանակը։ Հետո Խոսրով քեռիս հանգիստ ասում էր՝ «Խե՜ղճուկրակ որբեր» և արաբը ծնկից փոշի էր թռցնում։

Մի օր, երբ Խոսրով քեռիս առանձին եկավ, ես հանկարծ անդրադարձա, որ արաբը մի քանի ամիս չէր այցելել մեր տունը։

Ո՞ւր է արաբը, ասացի։

Ի՞նչ արաբ, ասաց Խոսրով քեռիս։

Խեղճուկրակ արաբը, որ քեզ հետ գալիս էր այստեղ, ասացի։ Ո՞ւր է։

Մարիա՜մ, գոռաց Խոսրով քեռիս։

Սարսափած կանգնել էր։

«Օհո՜, մտածեցի։ Ի՞նչ պատահեց նորից։ Ի՞նչ արեցի որ»։

Մարիա՜մ, գոռաց նա։ Մարիա՜ մ։

Մայրս հյուրասենյակ եկավ։

Ի՞նչ կա, ասաց։

Խնդրում եմ, ասաց Խոսրով քեռիս։ Քո տղան է։ Դու իմ քույրիկն ես։ Խնդրում եմ, դուրս արա նրան։ Ամբողջ հոգով նրան սիրում եմ։ Ամերիկացի է։ Այստեղ է ծվել։ Մի օր մեծ մարդ է դառնալու։ Տարակույս չունեմ։ Խնդրում եմ, դուրս արա նրան։

Ինչո՞ւ, ի՞նչ կա, ասաց մայրս։

Ինչ կա՛, ինչ կա՛։ Խոսում է։ Հարցեր է տալիս։ Սիրում եմ նրան։

Արա՛մ, ասաց մայրս։

Ես կանգնած մնում էի, և եթե Խոսրով քեռիս ինձ վրա բարկացել էր, ես ավելի էի բարկացել նրա դեմ։

Ո՞ւր է արաբը, ասացի։

Խոսրով քեռիս, հուսահատ, մատով ցույց տվեց ինձ մորս։ «Ահա՛ քեզ, ասում էր նրա այդ շարժումը։ Քո տղան։ Իմ քեռորդին։ Իմ միսն ու արյունը։ Տեսա՞ր։ Մենք բոլորս խեղճուկրակ որբեր ենք։ Բոլորս, բացի նրանից»։

Արա՛մ, ասաց մայրս։

Լավ, եթե չխոսես, ասացի, բան չեմ հասկանա։ Ո՞ւր է արաբը։

Խոսրով քեռիս առանց բառ ասելու գնաց տնից։

Արաբը մեռել է, ասաց մայրս։

Ե՞րբ ասաց քեզ, հարցրի։

Ոչինչ չասաց ինձ։

Ուրեմն ինչպե՞ս իմացար, ասացի։

Էլ չգիտեմ ինչպես, ասաց մայրս, բայց մեռել է։

Նորից Խոսրով քեռիս օրերով չայցելեց մեր տունը։ Մի որոշ ժամանակ մտածեցի, թե նա էլ երբեք չի գալու։ Երբ վերջապես եկավ, հյուրասենյակում կանգնեց գլխարկը գլխին և ասաց.

Արաբը մեռավ։ Որբ մեռավ օտար աշխարհում, հայրենի տնից վեց հազար մղոն հեռու։ Ուզում էր տուն գնալ ու մեռնել։ Ուզում էր նորից տեսնել իր տղաներին։ Ուզում էր նորից խոսել նրանց հետ։ Ուզում էր նրանց հոտն առնել։ Ուզում էր նրանց շունչը լսել։ Դրամ չուներ։ Անընդհատ մտածում էր նրանց մասին։ Հիմա մեռած է այլևս։ Դե, էլ դուրս գնա։ Սիրում եմ քեզ։

Ես ուզում էի դեռ մի քանի հարց էլ տալ, հատկապես արաբի տղաների մասին՝ քանի՞ տղա ուներ, որքա՞ն ժամանակ նրանցից հեռու էր ապրել և այլն, բայց որոշեցի, որ ավելի լավ է գնամ, այցելեմ իմ զարմիկ Մուրադին և տեսնեմ՝ կկարողանա՞մ հիմա նրան գետնով տալ։ Առանց մի բառ ասելու թողեցի, գնացի, և դա հավանաբար շատ դուր եկավ իմ Խոսրով քեռուն, երևի նա զգաց, որ ես այնքան էլ անհուսալի մարդ չեմ վերջապես։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Ария и Токката для скрипки и фортепиано
Лазарос Сарьян

Ария и Токката для скрипки и фортепиано

суббота, 17 октября 1964 г., Фресно.
суббота, 17 октября 1964 г., Фресно.
Играть онлайн