Вртанес Папазян
Ենիչերի
(Թուրքահայերի կյանքից)
Ա
Օսմանյան պատմությունը փոքր-ինչ ուսումնասիրողին անգամ հայտնի է Սուկթան-Մահմուդի այն ահարկու զորքի գունդը, որը կոչվում է ենիչերիների գունդ։
Այնչափ արհավիրք ձգեց իր ժամանակին այս գունդը, նրա յուրաքանչյուր զինվոր այնպիսի սոսկալի բարբարոսություններ արավ, ժողովուրդր նրա ձեռքից այնչափ տաժանելի, չարչարանքներ կրեց, որ մինչև այսօր էլ, երբ կամենում են, նկարագրել մի արյունարբու, անօրեն, բարբարոս, կատաղի հրեշ՝ ասում են՝ «ենիչերի»:
Ամենքին հայտնի կլինի նաև նրանց կատարածը, որը տեղի ունեցավ Կ. Պոլսի Աթ մեյդան կոչվող հրապարակում, ուր և այժմ գտնվում է ենիչերիների մյուզեն։ Այդ մյուզեում կարելի է տեսնել նրանց մոմեղեն արձանները իրանց բնական հագուստներով, զենքերով, իրանց վայրենի և սոսկում ազդող դեմքերով, շրջապատած իրանց ներգիլե ծխող աղային։
Երբ մարդ մտնում է այդ սրահը, երբ մտնելուն պես դռան դեմուդեմը տեսնում է ենիչեր աղասիի խոժոռ դեմքը և կարծես թե կատաղությունից դողդողացող շրթունքները, որոնցից դուրս եկած բառերը թափել են գետի չափ անմեղ արյուն, երբ տեսնում է նրան նստած հպարտությամբ օթոցի վրա, մեջքը տված մետաքսյա բարձերին, մի ձեռքին ներգիլեի փողը, մյուս ձեռքը մեջքի լայն գոտում խրած դաշույնի կոթին, երբ տեսնում է նրան շրջապատող այդ կատաղի դեմքերով ենիչերները, կարծես լսում է աղայի հրամանը «վուրուն…» (զարկեք) և ենիչերիների ականջ խլացնող աղաղակը… սոսկում է և վախենում, կարծելով թե ահա նրանցից մեկը զվարճության համար իր դաշույնի սուր լինելը կփորձե իր վերա…
Այդպես էին ենիչերիները. ժողովուրդը նրանց վրա, նրանց բարբարոսական կյանքից բազմաթիվ մանր և սոսկալի պատմություններ է պատմում, և պատմությունը լավ նկարագրում է, թե նրանք ինչպես օրը ցերեկով և Կ. Պոլսի փողոցների մեջ կողոպտում, անպատվում ու սպանում էին։
Գավառների մեջ անգամ, շատ տաճիկներ օրինակ առնելով ենիչերիներից, որոնց երբեք չէին տեսել, մի-մի լայն գոտի էին կապում մեջքից, մի քանի զենք էին առնում, գլխին փաթաթում էին ծվեններից ենիչերական փաթոթը, ձեռքին մի գավազան, գիշերները դուրս էին գալիս փողոցը, ահագին աղաղակներ արձակելով դռներ էին փշրում, կողոպտում էին, առևանգում, սպանում և անպատիժ մնում։
Այդպիսիներն էլ կոչվում էին ենիչերի։
Բ
1860 թվականներում, երբ Կ. Պոլսի ենիչերիներից արդեն մի հատ անգամ չէր մնացել և սակայն գավառական ենիչերիները դեռևս շարունակում էին դռներ փշրել և կողոպտել համարձակությամբ տները և առևանգել հայ աղջիկներին՝ էրզրումի, Կարսի դռան կողմերում, այժմյան քաղաքի միջի մեծ զինվորանոցի փողոցներից մեկում կար մի խոր և մեծ տուն։
Այս տունը պատկանում էր էրզրումի նշանավոր հարուստ Գրիգոր աղային, որը մի շաբաթ առաջ մեռնելով, թողել էր իր բոլոր ունեցածը իրան երկու որդոց, Սեդրակին և Խաչատուրին։
Սեդրակը և Խաչատուրը կամ ավելի ճիշտ է ասելը՝ Խաչատուրը և Սեդրակը, երկուսն էլ ամուսնացած էին, միայն թե Խաչատուրը, որը մեծն էր, արդեն հինգ տարի էր, որ ամուսնացել էր և մի սիրուն որդի էլ ուներ, իսկ Սեդրակի ամուսնությունը դեռևս երեք ամիս էր և նա ուներ կին, էրզրումի գեղեցկուհիներից մեկը։
Տան մեջ այնչափ խաղաղ էին ապրում հարսները իրանց սկեսուրի հետ, և այդ սկեսուրը իր որդիներով այնչափ աղքատասեր, բարեսիրտ հարուստներ էին, որ ամբողջ թաղեցիք սիրում և հարգում էին նրանց, բոլոր ծխատեր քահանաները նախանձում էին տեր Մարտիրոսին, որը նրանց ծխատեր քահանան էր… Բոլոր աղքատները օրհնում էին նրանց, որոնց տունը երբեք մի պարեն չէր մտնում, որից իսկույն բաժիք, չունենային թաղի և մինչև իսկ հեռու կողմերի հայցող աղքատ ընտանիքները: Տան տիրուհին, Խաչատուրը և նույնիսկ Սեդրակը, ամեն այն ժամանակվա հայի պես, շատ բարեպաշտ մարդիկ էին, ամեն օր գործի գնալուց առաջ, երկու որդիք իրանց կանանց և մոր հետ եկեղեցի էին գնում, աղոթում էին ջերմեռանդությամբ, առատությամբ նվերներ էին տալիս եկեղեցուն և զատկական լուսագնի ժողովելու ժամանակ, շատ լուսագին տվողների մեջ էին գտնվում նաև Գրիգոր աղայի որդոց անունները, որոնք կարդացվում էին եկեղեցու մեջ Հաջի խալֆայի կամ Ղազարոս տիրացուի բարձր ձայներով:
Կանայք եկեղեցուց ետ դառնալուն պես գբաղվում էին տան գործերով, և երբ երեկոյան տղամարդիկ տուն էին գալիս, նրանք ժողովվում էին միասին մի սեղանի շուրջը, զվարթ խոսակցություններով ընթրում էին, հետո փոքր-ինչ միմյանց հետ կատակներ էին անում փոքրիկ Գրիգորի հետ (որը իր պապի անունն էր կրում) փոքր-ինչ էլ խաղում, ապա միասին ոտքի կանգնած բարձրաձայն աղոթում էին, և յուրաքանչյուր ոք իր սենյակն էր գնում քնելու։
Նրանց կյանքը միշտ այսպես էր, և դեռևս ոչ մի դժբախություն չէր եկել կոտրելու նրանց երջանիկ կյանքը, և նրանց հարստությունն օրից օր ավելանում էր։
Մի երեկո, երբ տղամարդիկ ներս էին մտել, և երբ ճրագները վառվել էին արդեն, հանկարծ մի խուլ աղաչական լսվեց փողոցի մեջ։
Սեդրակը իսկույն, կամեցավ դեպի փողոցը վազել, տեսնելու համար, թե այդ ինչ աղաղակ էր, սակայն Խաչատուրը՝
Սեդրակ, ասեց, փոխանակ փողոցը ելնելու, շուտով ծառայի հետ փողոցի դռան մոտ գնացեք և նիգերը ամրացրեք…
Հա, ասաց Սեդրակը գունաթափվելով, ենիչերիի աղաղակ էր…
Այո՛,– դիտեց մայրը, այդ անիծածները Էրզրումը քանդեցին, աստված էլ թող քաղաքը պաշտպանելու պարտք ունեցողներին քանդե…
Սեդրակը ծառայի հետ գնացին և փողոցի դռան նիգերը ամրացրին։ Ըթրիքը շուտով պատրաստվեցավ, և ընտանիքի անդամները նստեցին ընթրելու, երբ հանկարծ նորից լսվեց նույն աղաղակը և այս անգամ ավելի մոտից… դռան ետևից մի ուրիշ ավելի մեծ աղաղակ և հանկարծ փողոցի դուռը մի բուռն հարվածից այնպես դղրդաց, որ քիչ մնաց փշրվեր:
Բոլորը գունաթափված ոտքի թռան: Մեր դո՞ւռն էր,– հարցրեց կակազելով Խաչատուրը։
Մայրը ձեռքով պատին կռթնեց և գլխով դրական պատասխան արվավ: Հարվածը կրկնվեց և այս անգամ լսվեց մի խռպոտ ձայն, որը գոչում էր թուրքերեն:
Բացե՛ք, թե չէ դուռը կփշրեմ… բացե՛ք, վնաս չպիտի տամ, մի կտոր հաց պիտի ուտեմ ու հեռանամ։
Ինչպե՞ս դրացիներից ձայն հանող չկա, մռմռաց Սեդրակը բարկությունից գունաթափվելով։
Խաչատուրը վախեցած նրան նայեց։
Որդիք, հազիվ կարողացավ խոսել մայրը արտասվախառն ձայնով,– անիրավը դուռը կփշրի և այն ժամանակ վա՜յ մեզ… գնացեք բացեք, գուցե իր ասածի նման միայն մի կտոր հացով բավականանա…
Սեդրակը կատաղությամբ բռունցքները սեղմած չորս կողմն էր նայում:
Անիծյալ կյանք, մռմռաց նա, մի հատ զենք չկարողանա ունենալ մարդ իրան պաշտպանելու համար։
Ընտանիքի մեջ ամենքը գիտեին Սեդրակի դյուրագրգռությունը, ուստի ավելի դրա համար էր, որ վախենում էին դուռը բանալու. եթե հանկարծ հանդուգն երիտասարդը մի անխոհեմություն աներ, ենիչերին իսկույն պիտի կատաղեր, կռվի պիտի բռնվեին և այն ժամանակ միշտ վնաս կարող էր առաջանալ. կամ ենիչերին կոտորածներ անելով կհեռանար, և կամ Սեդրակը նրան կսպաներ… ահա միայն այդ ժամանակ կառավարությունը մեջ կմտներ, և Սեդրակը հավիտյան կկորսվեր իբրև մարդասպան… ո՞վ էր նայողը, թե հանցավորն ով է, մի՞թե իրավունք ուներ մի գյավուր ձեռք բարձրացնել մի մյուսուլմանի վրա…
Գ
Ենիչերին, որը մի ավազակային վայրենի դեմքով տաճիկ էր և հայտնի չէ, թե որտեղից ձեռք ձգել, խմել էր մի քանի գավաթ օղի, շարունակ աքացիներ էր տեղում դռան վրա և կոկորդը պատռելու չափ բարձր ձայնով անասելի հայհոյանքներ էր տեղում և սպառնում էր ամեն ինչ քարուքանդ անելու և ամենքին հավի պես մորթելու:
Նա զինավորված էր պաղ զենքերով, այսինքն ուներ միայն մի երկար սուր կողքից կախած և մի կեռ դաշույն մեջքի լայն գոտիի մեջ խրած, իսկ ձեռքումը կրում էր մի ահագին գլխով կարճ ցուպ, որով նա ամենայն ուժով խփում էր դռան։
Վերջապես Խաչատուրը դողդոջուն քայլերով մոտեցավ դռան և դուռը բաց արավ։ Ներեցեք, աղա,– իսկույն․ ասաց նա, քնել էինք և չէինք լսում:
Հըմ, փոքր–ինչ հանդարտվեց ենիչերին, քնել էիք, շներ, մի՞թե ես այնպես ցած ձայն ունեմ, որ բոլոր թաղեցիներին, եթե սատկած իսկ լինեն, ես իմ ձայնովս չկարողանամ նրանց վեր թռցնել։
Ի՞նչ ասել է, աղա,– վրա տվավ Խաչատուրը,- այնպես ձայն ունիս, որ քիչ մնաց մեր տունը քանդվեր քո ձայնից… բայց համեցեք ներս, աղա, տունը քոնն է, հրամանդ ի՞նչ է, իսկույն ծառաներդ պատրաստ են կատարելու։
Խաչատուրի այդ ստրկական ձայնը, խոսքերը և շարժմունքը փոքր-ինչ մեղմացրին բարբարոսին. նա ներս մտավ, ուղղակի սենյակն անցավ և, նստելով ամենավերին գլուխը, բարձերի վրա, հրամայեց, որ իրան հաց բերեն ուտելու։ Իսկույն Խաչատուրը դուրս եկավ, և Սեդրակի հետ ներս բերին արդեն պատրաստ սեղանը․ ենիչերին սկսեց ագահությամբ ուտել և երբ լավ կշտացել էր, դառնալով Խաչատուրին ասեց.
Գյավո՞ւր, ձեր կանայքը համով կերակուր են եփել, ուզում եմ տեսնել ձեր կանանցը…
Սեդրակը գունաթափվեց, բայց զսպեց իրան։
Կանչե մորս, ասեց Խաչատուրը նրան։
Խեղճ կինը դողդողալով ներս մտավ և չոքեց ենիչերիի առջև։
Գյավուր կնի՜կ, ասեց նրան ենիչերին հպարտությամբ, համով կերակուր ես եփել, բայց դու արդեն շատ պառավել ես, իհարկե, հարսներդ եփած կլինեն։
Այո՛, աղա՛, իմ հարսներս են եփել։
Հարսներդ եմ ուզում տեսնել, ասաց ենիչերին և աչքերը փայլեցին անզուսպ կրքերից…
Սեդրակն իրեն կտրտում էր բարկությունից։
Սեդրակ, ասեց Խաչատուրը, ներս բեր հարսներին, թող անօրենը տեսնե, հոգ չէ, ինչը կպակսի հարսներից, թող տեսնե և գուցե կորսվի երթա։
Անկարելի է, մռմռաց Սեդրակր տեղից չշարժվելով,– ես հարսներին չեմ բերի այս պիղծի առջև։
Մարդու լեզու խոսեցե՛ք, գոռաց ենիչերին, շուտով հարսներին բերեք տեսնեմ և նա տեղից շարժվեց։
Այն ժամանակ Խաչատուրը ոտքի ելավ և դուրս դնաց. Սեդրակն էլ նրա ետևից և երբ երկուսն էլ մտել էին մյուս սենյակը․
Խաչատուր ախբար, գոչեց Սեդրակը,– եթե ուզում ես, քո կնոջը տար, իսկ իմ կնոջ ես չեմ թողնի։
Հիմար մի լինի, Սեդրա՛կ, ասաց Խաչատուրը, ենիչերին իմացավ, որ երկու հարս է, ի՞նչ կլինի կնոջդ երեսը տեսնելով, բայց գուցե այլևս պատճառ չունենա ու կորսվի երթա…
Հարսները որչափ կարողացան երեսները ծածկեցին, բայց ներս մտնելուն պես ենիչերին նկատեց Սեդրակի կնոջ գեղեցկությունը և այնպես գրավվեցավ, որ այլևս չկարողանալով համբերեր, հարցրեց.
Ո՞ւմն է այս կինը։
Իմն է, ասաց Սեդրակը։
Քոնն է, շատ լավ, ես այս գիշեր այստեղ ձեզ հետ կմնամ և երբ մի մյուսլման կա տան մեջ, տան ամենից գեղեցիկն պիտի ծառայե նրան զվարճացնելու… դե, ելեք, գյավուրներ, դուրս գնացեք և այս սիրուն կինը թող իմ անկողինս փռե… Սեդրակը և նույնիսկ բոլորը այնպես քարացած մնացին, որ այլևս խոսել չկարողացան, իսկ հարսը վախեցած սեղմվեցավ սկեսուրի կողքին.
Չլսեցի՞ք, գյավուրնե՛ր, գոչեց որոտաձայն բարբարոսը, շուտ դուրս գնացեք և թողեք ինձ մոտ այդ կնոջ։
Բայց աղա… կմկմաց Խաչատուրը։
Սուս… որոտաց ենիչերին, դուրս, թե չէ բոլորիդ հավի պես կմորթեմ։
Եվ նա այնպես կատաղությամբ սուրը քաշելով օդի մեջ տատանեց, որ նախ տան տիկինը, ապա մեծ հարսը, հետո Խաչատուրը դուրս փախան սենյակից։
Սեդրակը միայն մնաց, որ վճռականությամբ մոտեցավ իր մեռնելու պատրաստ սաստիկ դողացող և գետին ընկած կնոջ։
- Հը՛, ժպտաց ենիչերին նրանց մոտենալով, ի՞նչ է, կի՞նդ է այս, հոգ չէ, շատ սիրուն է, և դու կարող ես պարծենալ, որ մի կին ունեիր, որը բոլորովին գրավեց Մեհմեդ չավուշին… Ես արդեն ցերեկով տեսել էի կնոջդ և երեք օր է քուն չունեմ… այժմ կթողնես ինձ, էգուց նորեն միշտ թող քոնը լինի, ի՞նչ կա որդիս, ի՞նչդ կպակսի… մի վախենա. դեհ գնա…
Այս բոլորը նա այնպիսի բնական ձայնով ասաց, որ կարծես սովորական մի բան էր անելիքը։
Ա՛յ… մի ուրիշ բան, տղա, շարունակեց ենիչերին, եթե ուզենա կինդ իր անօրեն հավատը թողնել և ճիշտ կրոնն ընդունել… ես համաձայն եմ նրան իմ հարեմս տանելու և քեզ էլ մի լավ քսակի ոսկի տալու…
Սեդրակը խեղդվում էր, եթե ուժը հաղթեր, անպատճառ կխեղդեր նրան, բայց ենիչերիի հսկա հասակը, ջլապինդ բազուկները և զենքերն արդեն դողացնում էին նրան, որը երբեք արյուն չէր տեսել, կռիվ չէր արել և զենք չէր գործածել։
Բայց այդ մասին առավոտյան կխոսենք… շարունակեց ենիչերին, այժմ ահա քեզ… և նա առաջարկեց նրան մի ոսկի, այժմ գնա քնիր, հոգ չէ, այսօր էլ մենակ քնիր…
Սեդրակն անշարժ, կնոջ ձեռքը բռնած, իր մարմնով նրան ծածկած, ենիչերիին էր նայում…
Ի՞նչ, գոչեց ենիչերին դեմքը խոժոռելով, տվածս փողը չե՞ս առնում, չե՞ս էլ ուզում դուրս գնալ… չէ որ փորդ կը թափեմ… հա՛յդե, անհավատ,… կորսվիր դուրս…
Սեդրակն անշարժ մնաց։
Ենիչերին կատաղեց, բռնեց Սեդրակի ոտքերից և գլխից, արագությամբ և առանց ուշադրություն դարձնելու նրա հուսահատ աղաղակներին, տարավ նրան դեպի դուռը և շպրտելով դուրս՝ գոչեց.
Գնա՛, երիտասարդ ես, խղճում եմ քեզ…
Սեդրակը պահ մի ցավից ընկած մնաց, ապա ոտքի ելավ և մռնչեց.
Ո՛չ, ավելի չավ է մեռնել, քան այսպես ապրել.
Պահ մի մտածեց, ծոծրակը քորեց։
Այդ միջոցին ներսից լսվեցավ իր կնոջ ճիչը…
Արյունը գլխին զարկավ, մի ոստյունով թռավ դեպի խոհանոցը, հափշտակեց այնտեղից փայտ կտրտելու կացինը և սլացավ դեպի սենյակը… բայց այնտեղ կանգ առավ գունաթափ… դողդողում էր, խեղճը երբեք զենք չէր բռնել ձեռքը….
Հանկարծ ներսից լսեցավ մի սուր և աղիողորմ ճիչ…
Նա է, մռնչեց Սեդրակը, և մինչդեռ Խաչատուրը, որը ամեն բան տեսնելով գունաթափ դեպի նա էր վազում, երիտասարդը ներս սլացավ…
Ենիչերին գիրկն էր առել սարսափահար կնոջը և քակում էր նրա հագուստները… նրա կեղտոտ շրթունքները հպել էին մարած կնոջ այտերին…
Սեդրակի աչքերը մթնեցին, առյուծի պես մռնչելով մի ոստյուն գործեց դեպի ենիչերին և բարձրացրած տապարը կատաղությամբ իջեցրեց նրա գլխին…
Սրահը թնդաց ենիչերիի ձայնից, որը բաց թողեց կնոջ, մի քայլ արավ և փռվեցավ գետին…
Սեդրակը կատաղությամբ ցատկեց դեպի նա, խռպոտ մռնչյուններ արձակելով սկսեց արագությամբ և ամենայն ուժով տապարով հարվածներ տեղալ ենիչերիի գլխին և մեջքին: Այդ միջոցին սենյակն էին թափվել Խաչատուրը, մայրը հարսը և ծառան, որոնք որքան աշխատում էին Սեդրակին ետ քաշել՝ անկարելի էր լինում։
Սեդրակ, մեր տունն ես քանդում… գոչում էր խեղճ մայրը…
Սեդրակ, սպանեցիր․․․ գոչում էր եղբայրը։
Սեդրակ, հերիք է․․․ ասում էր մեծ հարսը…
Իսկ Սեդրակը աչքերը մեծ-մեծ բացած և արյունոտ, մազերը ցից, ձեռքերը և դեմքը արյունով ողողված, կատաղի մռնչյուններ արձակելով տապարի հարվածներ էր տեղում արդեն ամեն կողմից ջախջախված ենիչերիի դիակի վրա և մռնչում էր…
Թողեք… Թողեք զարնեմ…
Վերջապես բռնեցին նրան և երբ կամենում էին տապարը ձեռքից առնել հանկարծ նա տապարը վերջին անդամ ուժգնությամբ նետեց դիակի վրա, մի անգամ ևս կատաղի և արյունոտ աչքերով նրան նայեց, հետո իր չորս կողմը… և մի այնպիսի դառն, այնպիսի սոսկալի ծիծաղ արձակեց, որ ամենքը վախեցած թողին նրան և ետ քաշվեցան…
Սեդրակը խենթացել էր…
Հազիվ թե գալիս է ավագ հինգշաբթին և ահա քահանաները այլևս հանգստություն չեն ունենում, որովհետև ամեն կողմից նրանց մոտ են թափվում խոստովանողները… նրանք պետք է իսկույն հաղորդություն տան մանուկներին, հետո մեկ-մեկ խոստովանեցնեն իրանց մոտ եկող մարդկանց և, որը տաժանելի է նրանց համար, մյուս օրն էլ առավոտյան շուտով պիտի շարունակ երկու օր խոստովանեցնեն կանանց և աղջիկներին, որոնք արդեն տեղ են գրավել եկեղեցու մեջը և շուրջը, միմյանց հրմշտում են, իրանց խոսակցություններով ականջ են խլացնում և շատ անգամ այնպես կռիվներ սարքում եկեղեցու մեջ, որ քահանաները թողնելով իրանց խոստովանանքը, ստիպվում են միջամտել, կոկորդ պատռելու չափ գոռգոռալ և կռիվը աշխատել հանդարտեցնելու։
Եթե չլինեին զատկական երեք օրվա առատ եկամուտները և ոչ մի քահանա հանձն կառներ այդ տաժանելի աշխատությունը, որը տարին երկու անգամ կրկնվում է էրզրումում։
Ավագ հինգշաբթի օրվա առավոտը, ժամերգությունը վերջացնելուց հետո, երբ քահանաները կամենում էին նախ տուն երթալ հաց ուտելու, որ հետո և սկսեն խոստովանությունները… փիլոնը ցած առնելու ժամանակը աջակողմյան դասում լսվեց մի կռվի ձայն։ Կռվում էին երկու քահանաներ, և իրանց կռիվը հետզհետե հրավիրեց այդտեղ բոլոր մյուս քահանաներին և կռիվը ընդհանուր դարձավ։
Իհարկե, գոչում էր տեր-Մեսրովբը տեր-Պետրոսին, հարուստ ծուխերը բոլորը քոնն են, էլ ցա՞վդ ինչ է… ասում ես քիչ ծուխ ունես, հը, թե քաջ ես, արի ծուխներս փոփոխենք, ես իմ ծուխերից երեքը կը. տամ, դու քոներիցը մեկը տուր…
Ինչո՞ւ չէ,– ասեց տեր-Պետրոսը ժպտելով,– ո՞րն ես կամենում։
Այ ես քեզ կտամ Ծատուրենց, Փիլանենց, տեր-Կարապետենց, դու ինձ տուր Տիարպեքիրցենց…
Ինչպես չէ, ծիծաղեց բարձրաձայն, ձեռքերդ բաց մեջը դնեմ… ծուխներիցդ տասը տաս, ես Տիարպեքիրցենց չեմ տալ…
–Տեսա՞ր… լավ, ուրեմն տեր-Ազարենց տուր…
Ինչե՞ր ես խոսում, գոչեց տեր-Պետրոսը,- թե՞ խենթացել ես, ասա, ո՞ր հիմար քահանան տեր-Ազատենց պես ծուխ ունենա և ձեռքիցը բաց թողնե… ա՞յ եթե կուզես քո ծուխերիցդ հինգ ծուխ տուր, ես քեզ կտամ Մարդաքանենց…
Հը, ծիծաղելով մեջ մտավ այդ միջոցին տեր-Մկրտիչը,– լսել ես, որ նրանց գործերը վատ են գնում նրա՞ համար…
Այն չէ, բայց սա Հաջի Կարապետենց լսել եմ, որ ծախում ես, քանիի՞ կտաս, ասեց տեր֊Գրիգորը։
Ծախո՞ւմ է, հա՛, ծախո՞ւմ ես, գոչեցին բոլորը,– քանի՞, քանի՞,
―200 ղուրուշ կանխիկ:
Շատ թանգ է,– գոչեց տեր-Մարտիրոսը,– 150–ի կտա՞ս…
Ես 180 կտամ, մեջ մտավ տեր֊Անդրեասը…
Ես 190…- գոչեց տեր-Գրիգորը…
― 200 ես տվի գնաց, ասաց տեր-Մկրտիչը և, բռնելով տեր-Պետրոսի ձեռքը, թոթվեց։
Փո՞ղը, հարցրեց վերջինս։
Հիմա տնից գալուն կբերեմ։
Այդ միջոցին եկեղեցին մտավ մի միջահասակ քառասնամյա մարդ, գունաթափ դեմքով և կոր քամակով… Մոտեցավ սեղանին, աղոթեց մի քանի րոպե արտասվելով և ապա դառնալով քահանաներից տեր-Մարտիրոսին, ասեց դողդոջուն ձայնով.
Տեր-հայր, կարո՞ղ ես ինձ խոստովանեցնել…
Ինչո՞ւ չէ, Խաչատուր աղաս, ժպտաց քահանան, բայց պատրա՞ստ ես։
Այո, մրմնջաց Խաչատուր աղան, -Սաղմոս կարդացե՞լ ես։
-Ամբողջ գիշերը…
-Շատ լավ… Հըմ, եթե կուզես… և նա դեմքը ծռմռեց, ինձ կըներե՞ս, որ տուն երթամ և հաց ուտեմ գամ… շուտ կգամ, դու աղոթիր…
-Շատ լավ,– ասեց մեղմությամբ Խաչատուր աղան և գնաց սեղանի առջև, չոքեց այնտեղ և գլուխը ձեռքերի մեջ առավ։
Տեր-Մարտիրոսը շտապով մեկնեցավ։
-Ինչո՞ւ չշտապի, ասեք տեր-Պետրոսը ցած ձայնով մյուսներին,- այնպիսի ծուխ է, որ եթե բոլորին ծախե, սա միայն իրան կապրեցնե:
Եվ քահանաները ցրվեցին։
Եկեղեցու մեջ մնաց միայն Խաչատուր աղան, որը գլուխը միշտ ձեռքերի մեջ առած, անշարժ, գլուխը խոնարհեցրած, աղոթում էր, և նրա թափած արցունքի կաթիլները մատների միջից գլորվում էին սեղանի աոջևի պաղ քարերի վրա… Ի՞նչ աներ խեղճ մարդը, որ աղոթելու և արտասվելու պետք էր զգում՝ եկել չոքել աստուծո առջև, կատարում էր իր խոստովանությունը… Ամբողջ կես ժամ նա այդ դրության մեջ մնաց և միայն իր արտասվաթաթախ երեսը այն ժամանակ բարձրացրեց, երբ քահանան հաց ուտելուց վերադառնալով, մոտեցել էր նրան և ասում էր.
-Ելիր, Խաչատուր աղա, գնանք խոստովանեցնեմ։
Եկեղեցու մի սնի տակ նստեց քահանան, Խաչատուրը չոքեց նրա առջև, կարդաց «մեղան» և մի խոր հառաչանք արձակեց, երբ քահանան ասեց.
-Որդի գործած մեղքերդ ասա…
Խաչատուրը դողդոջուն ձայնով ասեց մի քանի մեղքեր և հանկարծ կանգ առավ։
-էլ չկա՞… հարցրեց քահանան։
-Ո՛չ,– ասեց Խաչատուրը հազիվ լսելի ձայնով։
-Ուրեմն արձակում տամ, և նա ձեոները պարզեց…
Հանկարծ Խաչատուրը մի շարժում գործեց, ուզեց խոսելու չկարողացավ, ուստի ուժգնությամբ բռնեց քահանայի ձեռքերը։
Քահանան ակամա մի ճիչ արձակեց. Խաչատուրը մեռյալի պես գունաթափ, դողդողում էր և քիչ էր մնում ցած ընկներ.
-Տեր-հայր… - գոչեր նա վերջապես մի բուռն ճիգ գործելով։
-Հիվա՞նդ ես, որդի…
-Ո՛չ, ո՛չ, ընդհատեց Խաչատուրը դեռևս մի բան պիտի խոստովանեմ քեզ, բայց տես, խոստացիր որ ինչպես վայել է քահանայի, խոստովանանքս քեզ մոտ գաղտնի պիտի մնա մինչև հավիտյան…
Այդ ի՞նչ խոսք է, որդի,– ասեց քահանան, իզուր ես այդպիսի խոսքեր ասում, արդեն քահանայի պարտքն է ամեն խոստովանանք մինչև հավիտյան գաղտնի պահել… մեր օրենքի մեջ սաղ-սաղ վառում են այն քահանային, որը խոստովանանքը դուրս է տալու…
Աստված կարգիդ միշտ հաստատ պահի, ասեց Խաչատուրը փոքր-ինչ միամտելով, այժմ լսիր… սրանից տասը օր առաջ, մի գիշեր մեր տուն մտավ մի ենիչերի… կերավ, խմեց…, բայց դրանով չբավականացավ և ուզեց, որ մեր Սեդրակի կինը իրեն հանձնենք…
Վայ անօրեն, վայ, գոչեց քահանան սոսկում հայտնելով։
Լսիր… սուրը քաշեց, խլեց, Սեդրակին սենյակից դուրս շպրտեց և առավ կինը իր գիրկը… մենք փախանք բոլորս. բայց Սեդրակը, որը, ինչպես գիտես, փոքր-ինչ դյուրագրգիռ է, լսելով իր կնոջ ճիչերը… խլեց տապարը և ներս վազեց… Ախ, տեր հայր, մինչև որ ես հասա… Սեդրակն արդեն ջարդել էր ենիչերիի գլուխը…
Եվ լռելով գլուխը կուրծքին կախեց ու սկսեց արտասվել:
Քահանան պահ մը քարացած մնաց այդ սոսկալի խոստովանության վրա, բայց իսկույն ամփոփեց իրան և ասեց…
Վատ բան… ուրեմն Սեդրակը այսօրվանից խենթացավ:
Ա՛խ այո, տեր հայր, ասեց Խաչատուրը, խենթացավ… կինն էլ այժմ մեռնելու մոտ հիվանդ է… Աստված մեզ այցելե…
Իսկ ենիչերիի դիակը ի՞նչ արիք, հարցրեց քահանան։
Դիակը… մեր բակի մեջ թաղեցինք…
Տիրեց պահ մի լռություն, որից հետո քահանան ասեց ծանրությամբ.
Թեև վատ բան է այդ, Խաչատուր, բայց եղածը եղած է, լավ արիր, որ երկար խոստովանեցար… Աստված գուցե ձեր տան մեղքը ջնջի… ոչ ոքի չխոսեք, զգուշ կացեք, ապա թե ոչ, տնով-տեղով կկորսվիք… Այժմ արձակում տամ քեզ… դու ձեռքերդ արյունի մեջ չես թաթախել, դու այդտեղ անմեղ ես…
Եվ քահանան մտազբաղ տվավ արձակումը.
Ե
Տեր-Մարտիրոսը խիստ մտազբաղ էր։
Ո՞վ գիտե ինչ էր մտածում նա, մինչև իսկ նրա պաշտոնակիցները նկատեցին, որ նա մի քանի օր էր, շարունակ աղոթքները սխալ էր կարդում, մեկը մյուսի փոխարեն… հեռու էր քաշվում խմբից և շատ անգամ գնում էր Ղավազից դուրս դաշտերում թափառելու…
Խեղճը հիվանդ է… ասում էին պաշտոնակիցները։
Բայց հանկարծ տեր-Մարտիրոսը փոխվեցավ, նրա տխրությունը բոլորովին անցավ, նա այժմ զվարթ էր, նրա դեմքն այժմ փայլում էր, նա սկսեց նորից խոսել, կատակներ անել, մինչև իսկ խմել։
Սակայն իր այս զվարթության մեջ իսկ նա տարօրինակ էր։ Որովհետև զվարթությունից թեթևացել էր, դեմքը փայլում էր այնպես ուրախ, որ կարծես մի մեծ գանձ էր զտել, կատակներ անում էր սովորականից ավելի, ծիծաղում էր իր սովորության հակառակ ավելի բարձրաձայն և տևողական ու խմում էր ավելի և ավելի շատ, այնպես որ մի օր սրբազան առաջնորդը հանդիմանեց նրան ասելով․
Տեր-Մարտիրոս, թեթևացել ես։ ի՞նչ ես գտել, որ այդպես զվարթացել ես… եթե գանձ ես գտել, ինչո՞ւ ես մոռանում քո առաջնորդին։
Սակայն տեր-Մարտիրոսը և ոչ իսկ ուշադրություն էր դարձնում նրան։ Իր պաշտոնակիցները մի օր սոսկացին, տեսնելով, որ տեր-Մարտիրոսը այլևս հավատում է իրանց և հասույթը կիսելու ժամանակ, փողը առանց համրելու գրպանն է լցնում։
Խենթացել է… բոլորովին խենթացել… ասում էին նրանք։ Մի օր տեր-Մարտիրոսը հանկարծ Գեոլբաշին գնաց և վարձեց քսան հատ մշակներ և որմնադիրներ, տարավ տուն, հրամայեց իր կնոջ և որդվոցը, որ քաշվեն դրացիի տունը և տունը սկսեց քանդել տալ… հետո կանչեց մի ճարտարապետ որմնադիր և սկսեց նրա հետ մի պլան կազմել մի երկհարկանի փառավոր տուն շինել տալու համար…
Երբ պաշտոնակիցները այդ լսեցին, ապշած նախ իրարու նայեցին, և ապա տեր-Պետրոսը ասեց.
Տեսնո՞ւմ եք անիծյալին… կամ գանձ է գտել և կամ փողերը պահում էր և այժմ երևան է հանում…
Որչափ կուզեին թող զանազան կարծիքներ տանեին, իրողությունն այն է, որ տեր-Մարտիրոսը իսկապես մի մեծ գանձ էր գտել… իսկ թե ո՞րտեղից, այդ կպարզի հետևյալ նամակը, որ նա երեկոյան քաշվելով իր սենյակը, գրեց…
Ահա այդ հետաքրքիր նամակը.
«Սիրելի Խաչատուր աղաս…
«Տուն եմ շինում և առայժմ 100 ոսկու պետք ունիմ, հույս ունեմ, որ կվճարես այդ՝ չնչին գումարը. միամիտ կաց. խոստովանանքդ միշտ գաղտնի պիտի պահեմ, փողը պիտի ուղարկես կարծեմ։ Խոստովանահայրդ Մարտիրոս քահանա»։ Երբ այս նամակը խանութում ստացավ Խաչատուրը, նախ ապշած բերողին նայեց, որ քահանայի որդին էր, հետո մի անգամ ևս կարդաց, գունաթափվեց, պահ մի մտածեց, ապա մի խոր ախ քաշեց և քահանայի որդու տոպրակի մեջ լցրեց լռությամբ 100 ոսկին․․․
Եթե Խաչատուրը այն սոսկալի դեպքերից հետո գունաթափվել էր բոլորովին, մյուս առավոտյան, երբ հայելիի մեջ նայեց, տեսավ, որ մազերի կեսը սպիտակել են..․ մի խոր ախ ևս քաշեց, առավ վերարկուն և տանից դուրս գնաց մռմռալով…
Մինչև քահանայի նոր տան շենքը վերջանալը, տեր-Մարտիրոսը իր նոր գանձարանից շուրջ 500 ոսկի էր առել…
Հըմ, ծիծաղեց նա, չնչին գումար… կաթիլ ծովից… այժմ սկսենք բուն գործին…
Եվ նա այս անգամ մի անգամից 1000 ոսկու մի նամակ գրեց իր գանձատան… Գանձատունը այս անգամ ապստամբեց, բայց խորամանկ տեր-Մարտիրոսը առավոտյան շուկայից արդեն թուղթ և թանաք գնել էր առատորեն, ուստի ժպտալով նստեց և գրեց.
«Սիրելի Խաչատուր աղաս.
Մինչև չորս օր ժամանակ եմ տալիս քեզ, որ 1000 ոսկին ուղարկես, խոստովանքի՞ցդ ես վախենում, մի վախենա, ոչ ոքի չեմ ասի, այդ արդեն քեզ խոստացել եմ, բայց 1000 ոսկին էլ չպիտի մերժես գաղտնիքդ պահողից։ Հա, լավ միտս ընկավ. Երթևում մի նոր հողի մոտ մի մեծ և սիրուն արտ ունես, լսեցի, այդ արտն էլ, իբր նվեր չես տա քեզ շատ սիրող խոստովանահորդ…»։
Չորս օրից հետո 1000 ոսկին տեր-Մարտիրոսին եկավ արտի թղթերի հետ և ահա իսկույն շուկայում տարածվեց, որ Գրիգոր աղայի որդին, Խաչատուր աղան ծախել է իր բոլոր հողերը և այժմ գործերը շատ վատ դրության մեջ են… իհարկե վատ դրության մեջ կլինեին. հե՞շտ է մի վաճառականին և այն էլ Էրզրումի պես մի փոքրիկ քաղաքի վաճառականին, մի քանի ամսվա մեջ կորցնել 1500 լիրա…
Եթե նամակը կրկնվեր, Խաչատուրն այս անգամ ստիպված էր տունը և խանութը ծախել…
Մի շաբաթից հետո, մի օր, երբ Խաչատուրը եկեղեցու սեղանի առջև աղոթում էր լալագին, մոտեցավ նրան տեր-Մարտիրոսը և կոպտությամբ նրա երեսն ի վեր.
Խաչատուր, պարտատերերս ինձ շատ են նեղացնում, չե՞ս կարող մի հազար ոսկի էլ ճարել ինձ համար…– և մոտենալով ականջին,– մի վախենա, ասեց, խոստովանանքդ միշտ գաղտնի է մնացել… Այս դեպքերից մի ամիս հետո, մի շաբաթ օր, երբ սրբազան առաջնորդը եկեղեցուց վերադարձել և օթոցի մեջ ընկղմած սուրճ էր խմում, ծառան ներս մտնելով հայտնեց, որ մի ծերունի թախանձագին խնդրում է տեսնել սրբազանին։
Ի՞նչպես է հագնված, հարցրեց սրբազանը:
Գրիգոր աղայի տղան է, Խաչատուր աղան։
Հա՞, Ժպտաց սրբազանը, թող ներս գա։
Մի քանի րոպեից հետո սենյակն է մտնում մի շատ խեղճ հագնված, կորաքամակ, խորշոմուտ ճակատով, գունաթափ և բոլորովին սպիտակ մազերով ծերունի…
Որչափ փոփոխություն․․․ առույգ, սև մազերով և զվարթ դեմքով Խաչատուրը այժմ եղել էր մի խղճալի ծերուկ, հենված փայտի վրա, փայտ, որը նա դրեց մի անկյունում, արտասվագին մոտեցավ սրբազանին, չոքեց, համբուրեց նրա աջը և գոչեց դողդոջուն ձայնով.
Սրբազան, եկել եմ քեզ մի հարցմունք անելու, քեզ նեղություն չպիտի տամ, շուտով պիտի երթամ…
Խոսիր, որդի, ասաց սրբազանը, խասիր, ի՞նչ է ցավդ։
Ցա՞վ, ժպտաց դառնությամբ ծերունին, ես ցավ չունեմ այլևս, ի՞նչ մնաց ինձ ցավելու… ցավ չունեմ, սրբազան, այլ մի հարցմունք…
Ասա՛։
Հարցնում եմ. մեր եկեղեցու մեջ օրենք կա՞, որ քահանան իրան խսստովանածը ասե ուրիշի, եթե կա- ես իմ հավատս ուրանամ, եթե չկա– նորեն կուրանամ… պատասխանիր, սրբազան, ասա ինձ, օրենք կա՞, թե չկա… կերթամ կփորձեմ պաշտել մահմեդականների աստվածը… կերթամ մահմեդական կլինեմ, մի փաթոթ կփաթաթեմ գլխիս, ենիչերիի հագուստ կհագնեմ, դռնե-դուո կընկնեմ, կզարնեմ, կփշրեմ, կառևանգեմ, կսպանեմ և ապա կերթամ կաղոթեմ նրանց աստծուն,․․․ հարգվել մեր եկեղեցական օրենքները և ծեսերը… ո՞վ է այդ հանդուգնը… սրբազան… ասա ինձ մեր եկեղեցու մեջ կա՞ օրենք, որ քահանան իրան խսստովանածը հայտնե, եթե կա–այս րոպեիս կերթամ մահմեդական կլինեմ, եթե չկա նորեն կերթամ…
Նա լռեց, արտասուքը առատորեն հոսում էին նրա աչքերից, և սրբազանը ապշած, չգիտեր ինչ պատասխանել։
Այո, շարունակեց ծերունին,- մենք գանգատվում ենք թուրք ենիչերիներից որ նրանք կողոպտում են, անպատվում են, սպանում են… մինչդեռ խեղճ հիմարներս չգիտենք, որ մեր ենիչերիներն ավելի սոսկալի են. եթե ենիչերին պիտի անպատվեր իմ հարսին զոռով, այժմ մեր ենիչերիի շնորհիվ հարսս պիտի գնա իր պատիվը ծախելու իր կամքով… հա՜, հա՜, հա՜… ապրելու համար, որովհետև Գրիգոր աղայի որդիները այլևս օրվա հացի կարոտ են և եթե չեն մուրում, դրա պատճառը դեռևս մեզ մնացող ամոթն է, որին ոչ ոք կարող է խլել մեզնից…
Սրբազանը շփոթվել էր. չգիտեր ինչ ասեր. շարժվեցավ տեղից և կմկմալով ասեց.
Որդի, ասածներիցդ ոչինչ չեմ հասկանում… պարզ խոսիր, եղածը պատմիր ինձ, ցավերդ ասա ինձ…
ծերունին լռեց, պահ մի առաջնորդին նայեց, սրբեց արտասուքը, ստացավ մի հուսահատ լրջություն և ասեց.
Ուզում ես իմանալ, սրբազան… շատ լավ, ուրեմն լսիր…
Մեր տուն մտավ մի օր մի թուրք ենիչերի, կերավ, խմեց, հետո եղբորս կնոջն ուզեց… եղբայրս էլ չդիմացավ իր կնոջ ճիչերին, զարկավ, սպանեց ենիչերիին և ինքն էլ խենթեցավ… այս է բոլորը… սրբազան, մի մարդ սպանվեց մեր տան մեջ, մի խեղճ, շատ խեղճ ենիչերի… այս է թուրք ենիչերիի պատմությունը… Այժմ լսիր, ես քեզ կպատմեմ մի ուրիշ ավելի սոսկալի, ավելի կատաղի արարածի մասին, որ մի հայ է, սրբազան, մի քահանա է, սրբազան, մի քահանա, լսո՞ւմ ես, մի քահանա։
Եվ նա այնպես որոտում էր կատաղությամբ, որ նրա աչքերը կարծես պատրաստ էին դուրս թռչելու ակնակապիչներից. նրա քամակն ուղղվել էր, նրա գունաթափ դեմքը կապտել և նրա շրթունքները ամառային տերևի պես դողդողում էին…
Սրբազանը վախենում էր, բայց զսպեց իրեն։
- Այո՛, մի քահանա,- մռնչեց ծերունին,- որը լսեց իմ խոստովանությունը, սրբազան, և օգուտ քաղելով դրանից, կողոպտեց ինձ ոտից մինչև գլուխ…։ Խաչատուր աղայից շինեց ինձ մուրացկան Խաչատուր և ստիպեց իմ հարսներին, իմ մորը այսօր տան մեջ անոթի անցկացնել… էգուց հարսներս պոռնկության կերթան և մայրս՝ գերեզման… խե՜ղճ ենիչերի, ի՞նչ էիր դու տեր-Մարտիրոսի առջև… թող գայիր և նրանից սովորեիր ենիչերություն…
Հանկարծ լռեց, ոտքի ելավ, առավ իր գավազանը, պահ մի շարունակեց.
- Սրբազան, պատմությունս իմացա՞ր… ահա ասում եմ քեզ, որ վաղը պիտի գամ իմ հարցերիս պատասխանի համար։ Կրկնում եմ, եթե մի եկեղեցու մեջ օրենք կա, որ քահանան իրան խոստովանածը ուրիշին պատմե… ես թողնում եմ այդպիսի հավատը և գնում եմ այնպիսի հավատ ընդունելու, որ չունի խոստովանանք, որ նրա միջոցով մի ամբողջ տուն քանդե… Իսկ եթե չկա… նորեն գնամ եմ ուրիշ հավատ ընդունելու…
Եվ գլուխ տալով դեպի դուռը գնաց․ բայց այնտեղ հանկարծ կանգ առավ, դարձավ, նայեց սրբազանին և ասաց դառն ժպիտով.
- հա՜, եթե ուզում ես իմանալ, թե ի՞նչ եղավ խենթացած եղբայրս, հարցրու տեր-Գրիգորին, որը այսօր թաղեց նրան…
Եվ դուրս գնաց, հանդարտ քայլերով իջավ սանդուղքներից ու մտավ գերեզմանոց…
Երբ անցնում էր բակից, ամեն ոք լսնց, թե ինչպես այդ ծերունին գոռաց կատաղի ձայնով.
- Թե կա, կուրանամ, թե չկա–նորեն կուրանամ։
Եվ մի դառն քրքիջ արձակելով մտավ գերեզմանատուն…
Այն միջոցին, երբ ծերունին դուրս էր գնում, սրբազանի մոտ մտավ տեր-Մարտիրոսը, մի քսակ ձեռքը բռնած։
- Համարձակ,- ասեց նրա ականջին սրբազանի ծառան, համարձակ եղիր և տուր ոսկիները, թե չէ բանդ բուրդ է։
Սրբազանը դեռևս գտնվում էր մի տեսակ ապշության մեջ։
Այդ ապշությունից նրան հանեց տեր-Մարտիրոսը, որը դողդողալով մոտեցավ նրան, բռնեց նրա աջը և համբուրեց.
Սրբազանը սթափեցավ։
- Ո՞վ է, գոչեց և ապա տեսնելով տեր-Մարտիրոսին, դեմքը խոժոռելով վեր թռավ և գոչեց.
- Դո՞ւ, և դեռ համարձակվում ես…
- Ի՞նչ անեմ, սրբազան, ասեց քահանան կեղծավոր ձայնով,– ես շատ ժամանակ է եկել եմ, բայց ինձ ներս չթողին հարեց նա և սրբազանի մոտ դրավ տոպրակը…
- Ի՞նչ է այս, հարցրեց խստությամբ սրբազանը։
- Ձեր խոնարհ որդուց մի 500 ոսկի նվեր իր սրբազանին… Սրբազանը շոշափեց տոպրակը… նա թոթափեց իրան, և դեմքը պարզվեց։
- Իրա՞վ է, տեր-Մարտիրոս, ասեց նա,– իրա՞վ է, որ դու այդ խեղճերի հետ այդպես ես վարվել…
- Ի՞նչ մեղքս պահեմ, սրբազան, ասեց քահանան հանցավորի ձայնով,– որդիներս հաց էին ուզում… ֊ Խոստովանանքը որի՞ն ես հայտնել…
ե՞ս, սրբազան, քավլիցի, ես հարգել եմ մեր սուրբ եկեղեցու օրենքը, իմ բերնից երբեք խոստովանանքը դուրս չի ելել… կայրվեր իմ լեզուն, եթե այդպես մի բան անեի…
Հըմ,– ծիծաղեց սրբազանը, - բավական խորամանկ ես եղել, տեր-Մարտիրոս, բայց գիտե՞ս, ծերունին վաղը պիտի գա պատասխան ստանալու… աղմուկ պիտի հանե…
Դրա ճարը ես մտածել եմ, սրբազան. Սարգսին հրամայեք, որ երբ ծերունին գա, վռնդե և ներս չթողնե, թող ասե, թե ծերուկը խենթ է և կարող է սրբազանին վնասել…
Լավ ասացիր, դիտեց սրբազանը, դրանով կազատվինք աղմուկից… և դառնալով դեպի դուռը ծառային կանչեց։
Սարգիսն իսկույն ներս վազեց։
Սրբազանը կրկնեց նրան տեր-Մարտիրոսի խոսքերը։
Այլևս պետք չկա, սրբազան, դիտեց ծառան։
Ինչո՞ւ, գոչեցին երկուսն էլ։
Ծերուկը խենթացավ, նրան գերեզմանատունից, ուր նա կամենում էր եղբոր գերեղմանը քանդել, տուն տարին…
Երկու կրոնավորները մի խոր և ազատ շունչ առին…
Ազատվեցանք… ասեց տեր-Մարտիրոսը։
Խիղճս էլ ազատվեց… մռմռաց սրբազանը…
Է
Մի օր մի գերեզման փորեցին և Գրիգոր աղայի կնոջ, Խաչատուրի մոր դագաղը մի քանի մշակներ նրա մեջ դրին…
Ասում են, թե Սեդրակի կինն է այն նշանավոր պոռնիկը, որին Հեոլլյուկ թաղի բնակիչները քիչ մնաց քարկոծեին և, որը Պոլիս գնաց դրանից Հետո…
Արդյոք տեսնող եղել է նրան Ղալաթիո պոռնկատների մեջ… Իսկ մինչև 1868 թվականը դեռևս Կ. Պոլսի ս. փրկիչ հիվանդանոցի խենթանոցում կարելի էր տեսնել մի սպիտակ հագած ծերուկ խենթի, որն իրեն հանձնված աղբի տակառը շալակելով հանդերձ, գոչում էր միշտ կատաղի ձայնով.
թե կա՛, կուրանամ, թե չկա՛– նորեն կուրանամ…
Խաչատուրն էր, որին մի օր հանկարծ հիվանդանոցը բարձրացրին, վերցնելով պատի տակից, ուր նա ընկել էր, մի քանի օրից հետո պատանքով փաթաթեցին, դրին նաշի մեջ… չորս խենթեր շալակելով դագաղը վազեվազ դեպի գերեզմանատուն տարան, ուր քահանան մի քանի աղոթք կարդաց նրա վրա, և խենթերը իրենք խենթական երգերը երգելով, հողով ծածկեցին նրան…։
1889 թ․
ՇԱՀՆԱ
Ա
Բացի զինվորական, հողային, կալվածական, անասնական և այլ բոլոր տուրքերը առնվելուց՝ Թուրքահայաստանում, օսմանյան կառավարությունը առնում է նաև տուրք խոտից, ցորենից և առհասարակ բոլոր այն արմտիքներից և բանջարեղենից, որոնց արտադրում կամ ժողովում է հայ գյուղացին։
Դրա համար կառավարությունը չունի հատուկ պաշտոնյաներ. մի խումբ որոշյալ գյուղերի տասանորդը աճուրդով նա ծախում է տաճիկ կամ հայ աղաների, որոնք առանց մոռանալու, որ իրենց ապրեցնողը այդ գործն է, օրենքին ականջ չեն դնում, կամայական տասանորդներ, քսանորդներ և շատ անգամ երեսնորդներ են նշանակում բերքի վրա, հունձերի ժամանակ գյուղերն են լցվում և ցորենի բեռներ ու խոտերի դեզեր են սարքում, որը հետո զուտ ոսկիի են փոխում և կազմում են իրենց վաշխառուական ապագա արհեստի սկզբնական դրամագլուխը…
Այդ տեսակ տասանորդահավաքները կոչվում են «շահնա»։
Շահնաներից շատերը՝ գնելով տերությունից այդ տուրքերը, իրենք ավելի թանկ գնով ծախում են մի ուրիշի, այդ ուրիշն էլ մի ուրիշի և այդպիսով գյուղացիների տուրքերից օգտվում են շատ շատերը, որոնց համար տերությունն իսկապես պետք է մի հրապարակ շիներ, այնտեղ կախաղաններ տնկեր և կախել տար նրանց, հրապարակին էլ «շահնայական հրապարակ անունը տար, այնպես, ինչպես որ հայ գյուղացիք շահնայական ոայեաներ (հպատակներ) են անվանվում…
Շահնայական առևտրով զբաղվում են նահանգական քաղաքի մեջ բնակվող մի քանի որոշյալ աղաներ։ Գնում են, ծախում, աճուրդի դնում իրենց գնած իրավունքները և դրանից կազմում են փառավոր գումարներ, որոնց շնորհիվ նրանք օրը մինչև երեկո թափառում են սրճատներում և փողոցներում առանց մի գործի, առանց մի աշխատության…
Ով որ մտել է Թուրքահայկական մի որևիցե քաղաք, նա անշուշտ