Ваан Тотовенц

Ճակատագիր

Դուն թռչուններուն ամենեն գեղանին ես, ո՜վ իմ Սիրա­կանս, թեև փետուր մ՚անգամ չունենաս ուսերուդ վրա։

Քու շունչեդ կ՚առնեն բոլոր ծաղիկները իրենց բույրերը ու գույները, վարդը՝ իր կարմիրը, մանիշակը՝ իր կապույտը, շուշանը՝ իր ճերմակը։

Քու բերանեն դուրս ելած շունչն է, որ բոլոր ծաղիկները կը վերաշնչեն, և իրենց գոյությունը կը պահեն։

Դուն մայրն ես բոլորին, ատոր համար է, որ երբ անոնցմե մին ճզմվի անկիրթ ոտքի մը տակ, սիրտիդ ձայնը կը լսվի անիմանալի անկյունե մը. կը հեծկլտաս, կը տրտմիս բոլո­րին համար։ Մա՜յրն ես ամենուն։

Տիեզերքն ինձ խոստացավ պարգևել իր գարունը―հսկա­յական նվագարան բնության։ Ես նախընտրեցի լացիդ հեկե­կականքները, զոր կը լսեմ՝ ուշ գիշերին, շուշանի մը կամ վարդի մը թուփի տակեն։

Մ՛ի փորձեր իմ արցունքներս մազերովդ սրբել, վասնզի վշտագին ա՜նգղը պիտի դառնաս։

Իմ արցունքներս, ո՜վ իմ Սիրականս, հուրի զորությունը ունին և պիտի հրդեհեն մազերդ։

Դուն հայելին ես, որուն խորքին մեջ կանդրադառնան բոլոր գեղեցկությունները և դուն անգիտակ ես այդ բոլորին։

Քեզի համար խենթ մը ըլլալուս շատ ալ չեմ ցավիր, քանի որ անհունությունը ինձ այդպե՛ս ճակատագրեց։

1912 թ.

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
String quartet - Wind
Элен Йолчян

String quartet - Wind

Стремление
Стремление
Играть онлайн