Ваан Тотовенц

Փոքրիկ էսքիզ մի մեծ վեպի

Խաղաղություն է այժմ Արարատյան դաշտում։ Աշխատանքն աճում է, դառնում է սպիտակ բամբակ և ցորենի ոսկեգույն հատիկ։ Արևը բարձրանում է հայրենի կապույտ սարերից և, իբրև մի վիթխարի ու հակինթյա սափոր, շրջում է իր բերանը և թափում կարմիր գինի մեր արտերի վրա։

Անհուն խաղաղության և ծաղկած աշխատանքի օրորում լսվում են դաժան մի մելոդիայի կոտրտված ակորդները։ Մանուկները, որ խաղում են արևագույն մի փխրուն հողի վրա, լսում են այդ ակորդները և ցնցվում։

Դա անցյալն է։

Եվ հիշում եմ այդ անցյալը...


* * *

Կանգնած եմ շոգենավի կամրջակի վրա և դիտում եմ Հյուսիսային սառցային օվկիանը, որի գորշ ալիքների դեմ պայքարելով, հսկայի պես հևալով, առաջ է ընթանում մեր շոգենավը։

Արևն այնքան մոտիկ է, լողում է դեպի ներքև, գալիս է դեպի երկրի ափը, վառվում է, ինչպես մի վիթխարի ծիրան հյուսիսի խտացած և ցուրտ օդում, գալիս֊հասնում է բարձրաբերձ սառցալեռներին և, առանց մայր մտնելու, նորից վեր է բարձրանում սպիտակած, կաթնամաքուր փրփուրով։

Հյուսիսի լուսաբացն է։

Ծիրանագույնին հաջորդում է շուշանագույնը, վերջալույսին անմիջապես հաջորդում է արշալույսը, առանց գիշերի։ Դրա համար է, որ հյուսիսում ծաղիկներ չեն բուսնում։

Հարավում արևը փոքր է, բայց կիզիչ, հյուսիսում մեծ է, բայց անկրակ։

Լայնացած բիբերով նայում եմ արևին շեշտակի, կարծես մոտիկից տեսնում եմ նրա հրեղեն ժայռերը։

Ցուրտ է, բայց իմ հոգին տաք է, հարավի վարդի նման հրավառ, պատել է ինձ մի անափ բերկրություն, հարավային ուրախություն։ Հրճվանքը կախվել է իմ հոգուց, ինչպես խեժը արմավից։

Ընկերներս պարում են, պարում են ոսկորները խայտանքով լցնող պար, պարում են ցուրտ արևի դիմաց հարավային ջերմությամբ։

Մենք գնում ենք հայրենիք։

Թողել ենք մեր ետին, օվկիանի մյուս կողմը, մեծ, ցնծուն, էլեկտրական աստղերով վառված քաղաքներ, քաղաքներ՝ երկաթյա ռիթմով, քաղաքներ՝ հաճույքով հղփացած և ցոփությամբ առլեցուն, քաղաքներ՝ աղքատությամբ տանջահոծ և հարստությամբ կորաքամակ, քաղաքներ՝ թավշյա լիրիզմով, քաղաքներ՝ ոսկեգույն կեղտով, քաղաքներ՝ շողերով և արցունքներով հորդահոս։


* * *

Պատերազմ։

Ողջ երկրագունդը թնդում է ռազմով։

Գոռում են թնդանոթները, բայց մեր ականջները խուլ են, մեր խրախճանքի աղաղակն ավելի բարձր է, քան թնդանոթների գոռոցը։

Հնչել է ժամը՝ ազատելով դարավոր, հին, ստրուկ հայրենիքը։

Մենք աղաղակում ենք խոլական ճիչերով, պարում ենք մահվան առաջ։

Աշխարհի բոլոր ջրերում շոգենավեր են ընկղմվում սուզանավերից և լողացող ականներից, բայց մեր փոքրիկ նավը սավառնում է հյուսիսի գորշ ալիքների փոթորիկում, մեր սիրտն ավելի ալեկոծ է և հզոր, քան թշնամու և օվկիանի կատաղությունը։

Արևը բարձրացավ։ Շողշողում են սառցալեռների գագաթները։

Մի ձեռք դիպավ իմ ուսին։ Չշարժվեցի։ Նայում եմ հյուսիսի արեգակին, հափշտակված նրա մաքուր կաթով։

Գնում ենք հայրենիք, շշնջաց Սեդրակն իմ ականջին։

Ես սթափվեցի, դարձա և իմ աչքերին հանդիպեցին զույգ պայծառ աչքեր։

Միայն քարտեզի վրա նայելով կարելի է զգալ, թե որտեղ ենք գտնվում, ասացի։

Մենք այժմ նավարկում ենք ուղիղ հյուսիս, ասաց Սեդրակը, պիտի շարունակենք նավարկել, մինչև ազատվենք սուզանավերի վտանգից։

Նայեցի հեռո՜ւն, հողի կարոտով։


* * *

Ահա հայրենի լեռները, կապույտ, ինչպես հարավի ծովերը։

Մեր հրականների և թնդանոթների գոռոցներից փախան բոլոր թռչունները պարտեզներից, դաշտերից և սարերից։

Ցորենի հասած արտերը ոսկուն են տալիս, բայց մնացել են անքաղ։ Ժողովրդական բարիքը կոխոտում են ձիերը և վայրենացած մարդիկ, մինչդեռ ջրաղացների ջրերը հոսում են, և աղորիքները դառնում են առանց հատիկների, մաշելով իրենք իրենց, անէացել է գյուղերի մանիշակագույն մշուշը, որովհետև ոչ մի թոնիր չի վառվում, փախել են բնակիչները երկու կողմի ատելությունից զարհուրած, ոչ մի կովի բառաչ չի ձգվում լայն դաշտերում, գիշերը լուսնի եղջյուրը հարցական կախվում է երկրի վրա։

Բայց մենք կռվում ենք ցնծությամբ։

Սրածությունը, արյան հոտը և դիակների այլանդակությունը բոցավառում են մեր ռազմական խանդը։

Ծանրակշիռ ոչ մի խոհ չի չոքում մեր ուղեղի վրա։ Աշխարհի մեծ թագավորները և վարչապետները խոստացել են ազատել մեր հայրենիքը, եթե մենք՝ նրա զավակները, կռվենք խոլականությամբ։

Եվ կապույտ երազը օրորում է մեզ, կապույտը հայրենի լեռների և հարավի ծովերի։

Տառապանքի, պակուցումի, խողխողումի ոչ մի դիվային աղաղակ չի խռովում մեր արյունազանգ խրախճանքը, մինչև անգամ մայրերի աղաղակը, լացի ճիչը չի վրդովում մեր խելագարված հոգին։

Խմում ենք արյունն իբրև հին գինի։


* * *

Մանուկներ են քայլում հեռավոր ավազուտներում, մանուկներ՝ մերկ, սովալլուկ և ահաբեկված։ Նրանք քայլում են ավազահողմի դեմ, նրանք անզոր են դիմադրելու հողմին և ծածկվում են ավազների տակ խեղդված ճիչերով, բայց անդորրն իջնում է նրանց անմեղ և չարչարված հոգիների վրա։

Կրակում ենք։ Ամեն մի գնդակի պայթյունից բերկրում են մեր ոսկորները, ինչպես պարելիս, ատելությունից ցնծում են մեր ատամները։

Հորդառատ արյուն է հոսում հարավի անապատներում։ Արյան օազիս։

Հողմածեծ, արնածեծ և բրածեծ քայլում են մարդիկ դեպի մահը իբրև հույս, իբրև խաղաղություն։


* * *

Դիմացի կապույտ լեռնաշղթայի ետին, կանաչ դաշտում, բիբլիական գետի սաղարթախիտ ափին կա պարտեզների մեջ թաղված մի քաղաք, որտեղ վարդերը բացվում են դանակով վիրավոր սրտից հոսող արյան պես կարմիր, որտեղ գիշերները մանիշակ է թափվում երկնքից ծովերի առատությամբ, որտեղ, քաղաքի կողքին, բա՜րձր, բա՜րձր լեռնադաշտի վրա, ինչպես փիրուզյա ակը մատանու, կա մի լիճ զմրուխտյա ափերով գրկված։

Այդ քաղաքը, որն այնքան հին է, որքան քարերի վրա գրված պատմությունը, Սեդրակի հայրենի քաղաքն է, որտեղ առաջին անգամ բացվել են նրա մանկության թևերը։

Այդ քաղաքի կտուրներից նա հառել է երկնքի փիրուզի մեջ ժպտացող մարգարտածաղիկներին։ Այդ քաղաքում կարկաչում են աղբյուրները ադամանդյա զովությամբ։

Կռվում է Սեդրակը, նրա հոգին վառվում է աճապարանքի տենդով հասնելու այդ քաղաքը։

Զինադադար։

Լռություն։

Լռության խորությունից, լռության հատակից լսվում է միայն կիսամեռելների տնքոցը։

Մորմոքալից մի լռություն, կոծումից պարտասած մի անդորր, հրդեհված և մոխրացած անտառի լռին ողբ։

Արևի տակ ընկած գանգերի և բյուրավոր ոսկորների անլսելի աղաղակ։

Հեռավոր անապատներից հողմը գալիս է, փռվում դաշտերում և լռում։

Թող արևը պատմի, ինչ որ տեսավ իր հրեղեն աչքերով։


* * *

Իջնում ենք ձիերից, Սեդրակը և ես։ Ահա նրա հայրենի քաղաքը։

Նստում ենք բիբլիական գետի ափին։

Ալիքներ են գալիս և անց կենում։

Վեր ենք կենում և քայլում ենք դեպի քաղաքամեջ։ Տների լուսամուտները, կույր աչքերի նման, հառում են տարածության մեջ։

Սեդրակը կանգ է առնում մի տան շեմքին։ Նայում է ներս։ Ներսից, մութ և ամայի խորությունից, մանկությունը թափահարում է սպիտակ թևերով և կանչում նրան։ Սեդրակը լուռ ժպտում է։ Նրա ժպիտն առկայծում է, ինչպես մի հատիկ լուսատտիկի շողը խավար անդնդում։

Կանչում է մանկությունը սպիտակ, թիթեռնիկի փրփուր թևերով։

Քայլում ենք քաղաքի այն մասը, որտեղ հավաքվել են սարերում, քարայրներում, և անտառներում վայրենացած մարդկային բեկորներ։

Սեդրակը մոտենում է նրանց, ոմանց ճանաչում է։

Մերոնցից ի՞նչ լուր։

Ոչ ոք չի պատասխանում։ Սեդրակն անձկությամբ է սպասում պատասխանի, բայց ներքնապես ուրախ է, որ չեն պատասխանում։ Գլուխները բարձրացնում են, նայում Սեդրակին, ոմանք ցավագին ժպտում և նորից գլուխները կախում։

Գեթ մեկնումե՞կը, աղջիկների՞ց, երեխաների՞ց...

Լռություն։

Հեռանում ենք մարդկային այդ բեկորներից, գնում֊նստում մի ամայի տան դռան առաջ։ Երկուսս էլ նայում ենք գետնին։

Լռությունը խորանում է, երբ մի հեռավոր ոտնաձայն է լսվում։

Գլուխս բարձրացնում եմ և նայում ամայացած, տխրած փողոցի երկայնքով։ Հեռվում երևում է մի սև կետ, կարծես գալիս է, գնալով մոտենում է, գնալով արագանում։

Շուն է, մի սև և մեծ շուն։ Սեդրակը գլուխը չի բարձրացնում, նրա նայվածքը գամվել է հողին։ Տխրությունը թափվում է նրա վրա դեղին փոշու նման։ Շունը կարծես մեզ տեսավ, որովհետև կատաղությամբ վազում է ուղիղ դեպի մեզ, հարձակվողի նման է գալիս։

Թերևս դիակներ ուտելուց խենթացած մի գազա՞ն... մտածում եմ, բայց շունը չի թողնում, որ մտածումս խորանա, որովհետև վեր եմ ցատկում ահաբեկված։ Իմ հանկարծակի վեր ցատկելուց Սեդրակը սթափվում է իր խոհերից, ետև դառնում։ Մի ակնթարթում փոխվում է ամեն ինչ։ Սեդրակի թևերը բացվեցին մեկին ողջագուրելու պես։ Շունը ցատկեց Սեդրակի գիրկը, և մարդն ու շունը կարոտով փաթաթվեցին իրար։

Շռւնը գրկեց Սեդրակի վիզը առաջին երկու թաթերով, իսկ Սեդրակը գրկեց նրա մեջքը։ Համբուրում է մարդը անասունին և անասունը լիզում է մարդուն։

Բելլան է, մեր տան շունը, շշնջաց Սեդրակը՝ հառելով աչքերն ինձ վրա։

Ո՛չ մի մարդ իր սիրեկանին այնպես այրող կարոտով չի գրկել և համբուրել, ինչպես Սեդրակը՝ Բելլային։

Բելլան լիզում է, վնգստում, պոչը քսում Սեդրակին, մինչև անգամ թաթերի ճանկերով վիրավորում է Սեդրակի դեմքը, երեխայի նման հեկեկում, երբեմն այնպես մարդկային է նրա վնգստոցը, ինչ֊որ պատմում է աղեխարշ մի պատմություն։

Սեդրակը լսում է նրան և համբուրում, նա հասկանում է Բելլայի վնգստոցի խորագույն իմաստը, հասկանում է նրա պատմության ամեն մի փոքրիկ թելը։

Ո՞ւր գնացին, ո՞ր ճանապարհով, հարցնում է Սեդրակը, ինչպես մարդուն հարցնի։

Բելլան նայում է հեռուն, աղերսագին մի ձայն է ձգում, ողբացող մի ձայն, որից այդ ամայացած փողոցում վերակենդանանում է խաղացված տրագեդիան իր բոլոր մռայլությամբ և այդ մռայլությունը կտրատող բոցավառված սրերով։

Բելլա, ի՞նչ եղավ Յուղաբերը։

Յուղաբերի անունը լսելիս Բելլան գլուխը կոխում է Սեդրակի թևերի տակ և մարդու նման լաց լինում։

Ասում է Յուղաբերը գետն է գցել իրեն... ասում է ինձ Սեդրակը։

Ապա Սրբուհի՞ն, հարցնում է Սեդրակը Բելլային։

Բելլան գլուխը դուրս է հանում Սեդրակի թևերի տակից, նորից առաջի թաթերով գրկում է Սեդրակի վիզը և բարձրացնում մի տանջակոծ մորմոք։ Այդ մորմոքը, կարծես, բխում է մարդկային սրտից։

Ուրեմն նա՞ էլ, հա՞...

Բելլան կարծես «այո» է ասում։

Սրբուհին մեռել է անապատում, եզրակացնում է Սեդրակը։

Ակոբի՞կը...

Բելլան նվվում է և լիզում Սեդրակի երեսը, ձեռքերը, հագուստները։

Ինչո՞ւ չպահեցիր Ակոբիկին, կշտամբում է Սեդրակը Բելլային, չէ՞ որ դու և նա ծնվել էիք միևնույն տարում։

Բելլայի աչքերի վրա իջավ մի թանձր թախիծ, թանձր, ինչպես շաղախը։

Ասա՛, որտե՞ղ թողիր հաջի֊մայրին։

Բելլան նայում է երկնքին և հանկարծ ձգում մի զարհուրելի ոռնոց։ Մեր աչքի առաջ փռվում է մի ծեր և բարի կնոջ այլանդակված դիակը։ Ոռնում է Բելլան, ինչպես ողբացող հողմը դեկտեմբերյան գիշերներին։


* * *

Մորմոքը, որպես թանձր մշուշ, իջնում է երկնքից և բարձրանում է հողից։

Մաղվում է մեր գլուխների վրա վերջալույսի ոսկեգույն մոխիրը իբրև նյութացած թախիծ։

Արևը, դաշունահար սրտի նման, քամեց իր արյան վերջին կաթիլները և հեռացավ դեպի ուրիշ, ավելի ուրախ մի տիեզերք...

Գիշեր...

Վիթխարի մի դագաղ՝ խոր և լուռ...

Կապույտ է այդ մութ դագաղի կափարիչը՝ աստղաբևեռներով գամված։

Գալարվում է մահվան սիմֆոնիան։

Ո՞վ է երգում այդ լուռ և անգութ մելոդիան...

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Концерт для виолончели
Арно Бабаджанян

Концерт для виолончели

Обручение 2
Обручение 2
Играть онлайн