Ваан Тотовенц

Ամբողջ քաղաքը մատ խածավ

Այն ատեն Կ…֊ը Խարբերդեն ավելի հեռու էր, քան Ամերիկան, որովհետև ո՞վ էր լսեր, որ մեր կողմերեն մեկը Կ… երթար, բայց ամեն օր Ամերիկա մեկնող մարդ կար։ Ամեն շաբթու Ամերիկայեն նամակ կստանայինք, մեր սիրելիները այնտեղ կը գտնվեին։ Ավելի մոտիկ կզգայինք Ամերիկայի, բայց ո՞վ էր գացեր Կ…։

Հեռավոր և անծանոթ երկիր մըն էր Կ…, թեև Խարբերդի քթին վրա բուսած։

Կ… նշանավոր էր իր մեկ պատմությամբ։

Կը պատմեին, որ երկու Կ…֊ցի քաղաքեն դուրս պտտած ատեննին՝ լեռան վրա սև կետ մը կը նշմարեն։

Ղուշ է,― կըսե իսկույն անոնցմե մեկը։

Չէ՛, էծ է, կը հարե մյուսը։

Վիճաբանությունը կը շարունակվի բավական երկար, մեկը համառորեն կը պնդե, որ այծ է։

Այս տաք վիճաբանության ընթացքին սև կետը կուգա վիճաբանության վերջ տալու։ Սև կետը կը թռչի, ուրեմն առաջին Կ..֊ցին ճիշտ է, ղուշ է, բայց երկրորդը չի տանելով իր խոսքին սխալը և զգալով ինքզինք ավելի հարազատ Կ…֊ցի, կը հայտարարե.

Թռին տե՝ էծ է (թռչի ալ՝ այծ է)։

Այս էր մեր ծանոթությունը Կ…֊ի և իր ինատ բնակչության մասին։

Առակի կարգ էր անցեր Կ…֊ը։

Մեկը որ քիչ մը համառություն ցույց տար ոևէ վիճաբանության մեջ՝ իրեն կըսեին.

Կ…֊ցիի պես մի պնդեր, ճշմարտությունը շատ ակներև է։

Կ…֊ի մասին առասպելական պատմություններ կը պատմեին, բայց տակավին մենք մեր իսկ աչքերով չէինք տեսած։

Օր մըն ալ Խարբերդ եկան հաստատվեցան Կ…֊ցի երկու եղբայրներ՝ Ավետիսն ու Սողոմոնը։

Ավետիսը մեծն էր, Սողոմոնը՝ փոքրը, երկուքն ալ ամուսնացած, մեկ քանի զավակներ ունեին։

Եղբայր, Կ…֊ցի կըսեն ամմա, ի՜նչ ինատ, ի՜նչ բան, շենքով շնորհքով մարդիկ են, քեմիլ, նստվածքնի՜ն, կայնվածքնի՜ն, կ՚ըսեին այս ընտանիքի հետ ծանոթացող Խարբերդցիները։

Իսկապես ալ համառ մարդկանց կասկածի ստվերն անգամ չկար այս մարդոց վրա։

Արշնի մարդիկ էին, ապրանք կստանային Կ…֊են և կը ծախեին։

Ավետիս և Սողոմոն եղբայրները պարտեզ մը ունեին տանը ետև, որ պատ չուներ, միայն ցանքսով մը բաժնված էր տան ետևի փողոցներեն։

Օր մըն ալ լսվեցավ, որ Ավետիսի և Սողոմոնի խանութը գոց է։

Թերևս բան մըն է պատահեր, ըսին դրացիները։

Հաճի Պաղսարը իր մեծ տղան ղրկեց Պողոսյան Ավետիս և Սողոմոն աղաներուն տունը հարցնելու, թե ի՛նչ է պատահեր։

Հայրս բարև ըրավ, ըսավ քի ի՞նչ կա, որ Ավետիս և Սողոմոն աղաները խանութնին գոց են պահեր, հարցուց հաճի Պաղսարի մեծ տղան դուռը բացող Ավետիս աղայի կնոջ։

Պաղսար աղային բարև ըրե և ըսե քի բան չիկա, վաղը կը բանան։

Բայց մյուս օրը նորեն խանութը գոց մնաց։

Դրացիները նշմարեցին, որ Ավետիս և Սողոմոն աղաները պարտեզին մեջ նստած էին, մեկը խոշոր ծառի մը մեկ կողմին զարկած էր իր կռնակը և մյուսն ալ մյուս կողմը։

Օրական երեք անգամ ճաշերնին այդտեղ կստանային, հոն կը քնանային՝ գետնին վրա և տեղերն են չէին շարժեր։

Վերջապես հետաքրքրությունը այնքան բռնկվեցավ, որ դրացիները միջամտեցին և ուզեցին հասկնալ, թե ի՞նչ էր պատճառը, որ Ավետիսն ու Սողոմոնը նույն իսկ գիշերը չէին երթար անկողնո մեջ քնելու, կը մնային ծառին տակ և իրարու
հետ ալ չէին խոսեր, վերջապես ի՞նչն էր պատճառը, որ երկուքին կիներն ալ կուգային մոտերը, կաղաչեին, կը խնդրեին տուն երթալ և չէին երթար։

Դրացիները կանգնած պարտեզի ցանքսին ետևը՝ կը դիտեին այս բոլորը։

Խնդիրը դուրսի մարդոց ալ պարզվեցավ։

Երեք օր առաջ Ավետիսն ու Սողոմոնը իրարու հետ վիճաբանած ատեննին պարտեզին մեջ այնքան կը տաքանան վիճաբանության մեջ, որ կը բռնվին պապենական համառության կրակեն։

Տակավին վիճաբանությունը չի լրացած, որովհետև Կ…֊ցիի ոչ մեկ վիճաբանություն վերջ չի գտներ, Սողոմոնը կը դառնա և կըսե Ավետիսին.

Հա՜յտե, գնա՛, պարտեզեն դուրս գնա, աչքերս արդեն թերս֊թուրս կը նային։

Ծո՛, դուն որո՞ւ կըսես քի պարտեզեն դուրս գնա, կը պատասխանե Ավետիսը, ես այստեղ պիտի նստիմ, մինչև որ դուն կորովիս ասկե, և կը նստի այդ խոշոր ծառին քով, կռնակը տալով բունին, և կըսե. Այս տեղեն պիտի չերթամ, մինչև դուն չերթաս։

Սողոմոնին ալ համառությունը կը բռնե, ան ալ կռնակը կուտա ծառի բունին մյուս կողմին և կը հայտարարե.

Տակը մնացողին հոգին թող դուրս գա, ես պիտի չերթամ, մինչև դուն երթաս։

Ահա թե ինչպես Կ…֊ցի երկու եղբայրները երեք օրեն ի վեր կը մնային ծառին տակ, թաց հողի վրա, գիշերը այնտեղ կը քնանային և ցերեկը երեք անգամ այնտեղ կը ճաշեին, խանութնին գոց, տունը գրեթե սուգի մեջ ինկած։

Կիները կերթային և կը պաղատեին մոռնալ ամեն բան, բայց չէին շարժեր անոնք։

Սողոմոնի կինը գնաց իր տագրին քով, որովհետև անիկա շատ հարգանք ուներ իր եղբոր կնոջ հանդեպ առհասարակ։

Մեծ տագր, ոտքիդ հողին մեռնիմ, դուն մեծ ես, պըզտիկին խուսուրին մի նայիր, եկուր ներս, կը պաղատեր Սողոմոնին կինը։

Հարսնուկ, շանը խոսքը պիտի չըլլա, ես մեծ եմ, իմ խոսքս պիտի ըլլա, կը կրկներ Ավետիս աղան։

Անօգուտ էին նաև Ավետիսի կնոջ պաղատանքները իր փոքր տագրին։

Մինչև հիմա համբերեր եմ, ասկից հետո չեմ կրնար համբերել, կը պատասխաներ Սողոմոնը։

Երեք օր հետո երկինքը բարկացավ, բերնեն կայծակներ ու անիմանալի որոտներ արձակեց գիշեր ատեն, և անձրևը սկսավ շռշռալ։

Երկինքը ամբողջ բացվեր էր, վրա կուգար։

Գիշերը Ավետիսի և Սողոմոնի կիները արթնցան, տան մեջ ինչ որ հասլաթ կարպետ և սփռոց կար, առին ու վազեցին պարտեզ, իրենց ամուսինները ջուրեն պաշտպանելու համար։

Բայց մինչև հասան՝ անոնք արդեն մինչև իրենց ոսկորները թրջած էին, տունեն բերվածները վրանին ձգեցին, տակը սկսան քրտնիլ, թացութենեն գոլորշի սկսավ բարձրանալ։

Անձրևը առավոտյան դեմ կտրելե հետո՝ բացին վրանին, ցուրտ օդը զարկավ թաց մարմիններուն։

Հիվանդությունը անխուսափելի էր։

Ավետիսի վրա սկսավ դող գալ, հետո տաքություն մը, այն աստիճանի, որ ինքզինք կորսնցուց և սկսավ տաքության մեջ զառանցել։

Ավետիսի կինը գնաց դուրսեն մարդ բերավ և իր խեղճ ամուսինը շալկել տվավ ու տուն ձգեց։

Այն ատեն Սողոմոնը ոտքի կանգնեցավ, մեջքը շիտկեց.

Օ՜ֆ, հառաչեց անիկա, ոսկորներուս վրա հալ չէ մնացեր, կնիկ՜։

Շուտ տուն մտիր, վրադ փոխեմ, ըսավ Սողոմոնի կինը, Ավետիս շատ գեշ վիճակի մեջ է։

Սողոմոնը ներքնապես շատ ցավեցավ իր եղբոր համար, բայց ձայն չի հանեց։

Մտավ տուն, շորերը փոխեց և գնաց Ավետիսը տեսնելու։

Ավետիսը տաքության մեջ կը զառանցեր։ Սողոմոնը նայեցավ
անոր և իր աչքերու մեջ արցունքի կաթիլներ հավաքվեցան։

Անմիջապես դուրս ելավ, վազեց բժշկի։

Եթե մինչև առավոտ տաքությունը չիջնա, հայտարարեց բշիշկը, ալ չազատիր, սիրտը թույլ է։

Սողոմոնը այլևս դադար չուներ, հեղ մը դեղարան կը վազեր, հեղ մը ուրիշ բժշկի կերթար։

Եթե Ավետիսը մեռնի՝ ես ինձ կը կախեմ, կը պոռար Սողոմոնը իր կնոջ, կարծես կի՛նը պատճառ ըլլար։

Ավետիսը երկու օր ալ ապրեցավ, բժշկին ըսածին պես, սիրտը այնքան ալ թույլ չէր։

Հոգեվարքի մեջ ալ մինչև վերջին րոպեն կը զառանցեր.

Մինչև դուն չելլես, ես պիտի չելլամ, կը կրկներ և անընդհատ կը կրկներ։

Ավետիսի մահեն հետո ամբողջ Խարբերդ մատ խածավ.

Ծո՜, ատքան ալ ինատ, վա՜յ պապամ, վա՜յ…

1921 թ.
Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Kруговой
Давид Баласанян

Kруговой