Tsov alizé Banuchyan

Ես կաթ չեմ սիրում

․․․

Ձմեռվա ցուրտ ու տխուր օրերից մեկն էր : Այդ առավոտ կովը ծախեցին։

Շուշիկն աչքերը լցրեց, երբ իրենց միակ հարստությունը տարան : Հետո մտածեց.

« Բա Լիլիթիկին ի՞նչ ենք ասելու»։

Հիմա ի՞նչ ենք անելու,Հա՛յկ,էրեխեքը գոնե մի քիչ սնունդ էին ստանում :

Վաղը Երևան եմ գնում՝ Շահենի համար դեղ գնելու :

Իսկ հետո,երբ փող էլ չունենանք,մենք ծախելու բան էլ չունենք,ի՞նչ ենք անելու

Չգիտեմ, Շու՛շ,չգիտեմ, մի բան կմտածեմ,մինչ այդ հետոն Աստված մի դուռ կբացի,պիտի հավատանք չէ՞,մի բան կմտածեմ…

Քո ասած հետոն այնքան էլ հեռու չէ,իսկ Շոնն օր օրի ավելի է տկարանում :

Դե–դե վերջ տուր,մի բան կմտածեմ։

Շուշիկը տխուր ժպտաց…

Շո՛ն, փոքրի՛կս, դու արդեն արթնացել ես…տաք հագնվի՛ր լսու՞մ ես,էն ծակծկիկը,ինչպես դու ես ասում,չես հանել չէ՞,ե՛կ մի տեսնեմ։

Ես փոքր չեմ,մայրի՛կ։

Լիլիթը քնա՞ծ է։

Լիլուն կաթ է ուզում, թարմ կաթ։

Շո՛ն, նստի՛ր տղաս, գիտե՞ս, ես պիտի քեզ մի շատ կարևոր բան ասեմ։

Գիտեմ՝ ինչ ես ասելու։

Իսկապե՞ս։

Ինչու՞ կովը ծախեցիք

Շո՛ն…

Իմ դեղերի համար, հա՞ մայրի՛կ, ես չեմ ուզում,որ իմ պատճառով Լիլուն իր սիրած կաթը չխմի,չեմ ուզում,դա անարդար է։

Կան շատ ավելի կարևոր բաներ, քան Լիլուի կաթն է, Շո՛ն…

Օրինակ…

Մարդու կյանքը։

Լիլուի կաթից թանկ է իմ կյանքը…ես չեմ հասկանում։

Վե՛րջ տուր,Շո՛ն, մեծերը վարվում են այնպես, ինչպես հարմար են գտնում, և դու շատ փոքր ես մեզ հետ վիճելու համար,այնպես չէ՞…

Շոնը նստեց սեղանի մոտ ու սկսեց լաց լինել։ Հայկը շատ բարկացավ,երբ իր տղային լացելիս տեսավ։ Նա թեթև ապտակեց որդուն,որ «տղամարդ» «մեծանա», ես մտածեցի ՝ապտակի թափն ինչպե՞ս են որոշում…

Լիլուն ոտաբոբիկ հյուրասենյակ մտավ,մայրիկը բարկացավ ,բայց Շոնը շատ արագ քույրիկի ոտքերին տաք գուլպաներ հագցրեց, և մայրիկը հանդարտվեց։

Հայկը դուրս եկավ, որ ծխի, երբ Լիլուն կաթ ուզեց…

Մեր կովիկը էլ կաթ չի տա, հորինեց մայրիկը։

Շոնը հիշեց,որ սուտ խոսելը վատ բան է։

Ինչու՞ չի տա,նա հիվա՞նդ է։

Ոչ քույրի՛կս, ես եմ հիվանդ, մեջ մտավ Շոնը,ու մայրիկի հայացքը շանթեց նրան…

Դու հո կովիկը չես,գիժու՛, ծիծաղեց Լիլուն իր վարակիչ կչկչով։

Բայց առաջին անգամ նա ոչ ոքի չվարակեց…

Մայրիկը նախաճաշ պատրաստեց, Լիլուն ոչինչ չկերավ, Շոնը միայն թեյ խմեց։

Ինչքա՜ն լուռ է տունը, շշնջաց Լիլուն։

Ե՛կ աղմկենք, առաջարկեց Շոնը։

Մայրիկի նյարդերը էլ չէին դիմանում,բայց նա անզոր էր խախտել նրանց երջանիկ աղմուկը, որից կշտանում էին , ասենք ինչպես Լիլուն կաթից,իսկ Շոնը՝ նոր թխած հացից։

Երբ ձմեռը անցնի,Շո՛ն,ինձ թիթռներ կնվիրես…

Մայրի՛կ, իսկ ես մինչև գարուն կապրե՞մ…

Շուշիկը հասկացավ, որ Շոնը լսել էր առավոտվա ողջ խոսակցությունը ու այս պահին դժվար էր որոշել՝ մխիթարել որդուն, ետ պահել նրան այդքան անզուսպ կամակորությունից,թե՞ շեղել դստերը, որ չհասկանա ոչինչ այն տարիքում,երբ նման բաները չեն հասկանում, այլ երբեմն զգում են։

Երբ երեկոն իջավ, ձյան փաթիլները օրորվեցին քամուց, ու շուտով մրրիկ սկսվեց…Ցուրտ էր, սարսափելի, երբ լսվում էր, թե ինչպես է տունը ճռռում, երբ փողոցային շների վայնասունը խառնվում էր դողացող ոսկորներիդ ,

և քո մարմնում պարող սառնությունը հետզհետե ավելի անտանելի էր դառնում…

Շոնն այնքան տաք հագուստ էր իրար վրա հագել, որ ծանրությունից քայլել չէր կարողանում, իսկ Լիլուն անդադար կրկնում էր.

Դու իսկական բոքոնիկ ես, և տարածվում էր վարակիչ ծիծաղը, բայց էլ ոչ ոքի վարակել չէր կարողանում…

Տունը շատ տխուր է, շշնջաց Լիլուն։

Ե՛կ ծիծաղենք, առաջարկեց Շոնը։

Լիլուն կչկչաց,Շոնն այս անգամ փորձեց վարակվել, մայրիկը տխուր

ժպտաց,Հայկը հառաչեց ու վառեց ծխախոտը…

Լիլի՛թ,Շո՛ն…

Հիշում ենք,մայրիկ։

Իսկ ես ի՞նչ էի ուզում ասել։

Հենց որ վերջին փայտը մոխրանա, գնանք քնելու։

Այո…

Եվ Շոնն իր ծակծկիկը չպետք է հանի։

Այո…

Իսկ ես վա՞ղն էլ կաթ չեմ խմի։

Հայկը բարձրացրեց գլուխը.

Դե համբուրե՛ք ու գնացե՛ք ննջասենյակ…

Բայց դեռ չի մոխրացել

Գնացե՛ք քնելու…

Շո՛ն։

Հա,Լիլու՛։

Ու՞ր է կովիկը։

Չգիտեմ։

Ես նրան կկարոտե՞մ։

Չգիտեմ։

Նա մեռե՞լ է ցրտից։

Չգիտեմ։

Հիմա կլացեմ։

Պետք չէ։

Շո՛ն։

Հա ,Լիլու՛։

Դու քնա՞ծ չես։

Չէ։

Այս ի՞նչ ձայն է լսվում։

Քամու ձայնն է։

Մարդու պես է հա՞, Շոն։

Չէ։

ինչու՞։

Որովհետև , Լիլու՛, նա չի մեռնում։

Բայց երբ այն չի լինում, դա մահ չէ՞, հըն։

Նա չի մեռնում, Լիլու՛, նա հեռանում է, բայց մի օր ետ է դառնում

Շո՛ն։

Հա, Լիլու՛։

Վախենում եմ քնել։

Ինչու՞։

Այս ձայնն ինձ վախեցնում է։

Ե՛կ ինձ մոտ։

Քո մեծ անկողնում քնեմ,հա՞։

Հա, Լիլու՛, ե՛կ, ես չեմ թողնի,որ վախենաս։

Լիլու՛…

«Նա քնեց,իմ քույրիկը քնեց, բայց ես չպետք է քնեմ։ Ես լուսադեմին պիտի արթուն լինեմ, իսկ եթե քնեմ, քնած կմնամ ու չեմ հասցնի …

Բայց ճի՞շտ է, թե ոչ, դա ճի՞շտ է ,թե ոչ…

Ճիշտ չէ Լիլուին կաթից զրկելն իմ դեղերի համար…

Մայրիկն ասաց,որ մի օր փողը չի հերիքի,ուրեմն ես մի օր կգնամ ու ետ չեմ դառնա.

ես քամին չեմ, ես ետ չեմ դառնա, ուրեմն եթե այդ փողն իմ դեղերի համար է, հենց իմն է, ես իրավունքներ ունեմ այդ փողի վրա, ուրեմն հանցանք չէ մի քիչ վերցնելը…ժամը հինգին դուրս կգամ, մայրիկն ու հայրիկը իմ դուրս գալը չեն զգա, որ արգելեն, կիջնեմ ներքև՝Վարդիկ տատիկենց տուն, կաթ կբերեմ։ Չէ նա ինձ կաթ չի վաճառի,նա կտա,իսկ եթե դա ողորմություն է…չէ…

Ես կգնամ այնքան հեռու,որ ինձ հազիվ թե ճանաչեն։ Ես կգնամ մեծահարուստ Համոյենց տուն․հավանաբար հենց նա տարավ մեր կովիկը.նա ինձ դժվար թե ճանաչի…»

Շո՛ն…

Դեռ քնած չե՞ս…

Շատ ես հազում, արթնացնում ես…

Ների՛ր ,պուճու՛ր…

«Նա չգիտի , թե ինչու եմ այդքան հազում, և ես նույնպես լավ չգիտեմ։ Հարկավոր է խլացնել այս անտանելի հազը, որ քույրիկս կարողանա քնել …և ես ել պիտի մի քիչ աչքերս փակեմ, միևնույն է այս նզովյալ ծակծկիկը չի թողնի որ խորը քնեմ , և հազն էլ հարազատ դարձած իմ թշնամին է…ինչքա՜ն երկար է գիշերը և ի՞նչ գիշեր է սա, կուրծքս ցավում է, հարկավոր է հազալ…լռի՛ր…

Ես կկարոտեմ քեզ,Լիլու՛…

Տեսնես ի՞նչ կլինի…ես կխնդրեմ Աստծուն,որ թողնի քեզ հյուր գալ…

Երբ դու արթուն կլինես,որ հազս հանկարծ քեզ չարթացնի, և որ ես լսեմ քո զրնգուն կչկչոցը…

Բայց ախր թիթեռների հարցն ի՞նչ է լինելու,հը՞ն…

Եթե մինչև գարուն հասցնեմ, ես քեզ պիտի թիթեռները բռնել սովորեցնեմ։

Գուցե լավ է, եթե չսովորես. դու կվազես նրանց հետևից և չես հասնի,որովհետև եթե բռնես, ամեն անգամ նրանց մահը տեսնելիս, դու կմտածես, որ մարդու նման են, դու կմտածես որ ես եմ, ու դու կտխրես, իսկ ես չեմ ուզում որ իմ Լիլուն տխրի…»

«Ժամանակն է…

Պիտի զսպեմ ինձ, միչև դուրս գալը չպետք է հազամ, բայց որտե՞ղ ե փողը…

Չլինի՞ թե մայրիկն այս անգամ այն իր սենյակում է պահել…

Աստվա՛ծ իմ, միայն թե ծրագիրս չձախողվի…

Ահա փողը, ես այդպես էլ մտածում էի, որ գրքերի խորքում է այն… ինչքա՞ն է պետք...Հավանաբար այնքան, որ Լիլուի մի ողջ օրվա թարմ կաթն ապահովեմ։ Սա գողություն չէ, ոչ…և մայրիկը սաստիկ կբարկանա, իսկ հայրիկը թեթև կխփի ինձ։

Հիմա փոխվել է պատժի թափը, բայց առաջվա նման ինձ խոսքով չես պաժի…

Ցուրտ է և շատ մութ, հարկավոր է հասցնել…

Որտե՞ղ էր Համոյենց տունը…

Երրորդ փողոց. մինչև հասնեմ, մեկ ժամ կանցնի, հարկավոր է վազել, բայց ի՞նչ կշահեմ, ախր վաղ է մարդկանց արթնացնելու համար։ Վերադարձին էլ վազել չի լինի, կաթը կթափվի , է՜հ փայտացել եմ, ահավոր ցուրտ է…հարկավոր է հասցնել…

Լիլուն կմտածի, թե կովիկն արդեն առողջացել է։ Վաղը նորից նույն հարցը կտա։ Մի բան կանեն մայրիկն ու հայրիկը, մի բան կհորինեն. մեծերը լավ են հորինում, այնքան լավ, որ ոչինչ չես հասկանում և հավատում ես մեքենայաբար…

Ախ այս անիծյալ հազը…

Լավ է գոնե Լիլուն երկար է քնում, և մայրիկը սենյակ չի մտնի։ Բայց նա կզարմանա, որ ես վաղ չեմ արթնացել. նա կմտնի սենյակ, որ ստուգի հո չեմ մեռել…հավանաբար…հարկավոր է հասցնել, թէ չէ աղմուկ կբարձրանա…

Ես գող չեմ, ես լավ եղբայր եմ…»

«Ահա տունը…այն մարդու, որ կովը տարավ։ Նա չտարավ կովը, մենք այն վաճառեցինք, և նա գնեց…

Այդպես է միշտ էլ . մեկը կորցնում է, մյուսը գտնում …

Հնարավոր էր, որ մենք կորցնելիս ավելին գտնեինք, բայց ես էլ կկորչեմ, և դա կլինի ամենամեծ կորուստը, և ես էլ հավանաբար կզգամ, որ կորցնում եմ…»

Դուռը բացեց Համոյի կինը։ Նա շատ բարեհամբույր էր, բայց Շոնը հասկացավ, որ ինքն էր նրան արթնացրել…

- Ներս մտի՛ր, ցուրտ է։ Աստվա՛ծ իմ , դու դողում ես, ի՞նչն է քեզ այսքան վաղ այստեղ բերել…նստի՛ր…

- Եկել եմ կաթ գնելու։

- Մենք կաթ վաճառող չենք,- հայտնվեց Համոն։

- Միայն դուք եք, որ գուցե վաճառեք։

- Սա քաղաքավարի ողորմությու՞ն է, հրաշալի է. սկզբում վաճառում են կովը, հետո իրենց այսպես կոչված հիվանդ որդուն այս կտրտող ցրտին ուղարկում են իմ տուն, իսկ ես չեմ հասկանում ՝ որպես ինչ…

- Դե մի՛ ճնշիր նրան։ Դու գունատ ես տղա՛ս, դու սպիտակ ես, ձյունից սպիտակ, և քո դողն ինձ վախեցնում է…և դեռ ջերմություն էլ ունե՞ս... դու վառվում ես ջերմության մեջ…

- Անաստվա՛ծ մարդիկ, երեխային ուղարկել են, որ խղճամ, մեռցնում են երեխային…

- Նրանք չգիտեն, որ ես այստեղ եմ, ես թաքուն եմ այստեղ եկել, չէի մտածում,որ կճանաչեք… ահա փողը… Ես իմ քույրիկի համար եմ եկել։ Լիլուն կաթ շատ է սիրում…

- Եվ դու կարծու՞մ ես, թե մի բուռ կաթը քեզ կվաճառե՞մ…

- Խնդրում եմ, պարո՛ն…

- Ես այդ կովը ձեզ կտամ նորից և փող չեմ վերցնի, և պետք չէ, որ քեզ այդքան անխիղճ թվամ…Ես ձեր միակ հարստությամբ չէ, որ պիտի հարստանայի։ Ես կարիքը չունեի այդ կովի։ Հայրդ շատ խնդրեց, որ գնեմ այն…նա շատ հպարտ է, քեզ պես հպարտ է, բայց տղա՛ս լավ չէ ծնողներից ծածուկ ինչ-որ բան անելը…ախր այդ փողը քո դեղերինն է , ոչ թե քոնը…

- Գիտեմ, բայց Լիլուն կաթ շատ է սիրում…

- Շտապի՛ր, Նինե՛լ, կաթ բե՛ր, ես նրան մեքենայով տուն կհասցնեմ։ Ծնողները կխենթանան, երբ նրան տանը չտեսնեն, շտապի՛ր։

- Այս ի՞նչ հազ է, տղա՛ս. վայրկյաններն անգամ քո հազի ետևից չեն հասցնում…

Դու չպետք է դուրս գայիր…

Շոնը ճանապարհը չզգաց. այն կարճ տևեց, թեպետ մեքենան էլ շատ դժվարությամբ էր շարժվում այդքան խոր ձյան շերտերի վրայով։

Նա հասցրեց…

Մայրիկը հյուրասենյակից լսվող հազից արթնացավ։

- Շոնի հազն է, Հա՛յկ , և նա դրսից եկավ։

- Ի՞նչ է կատարվում

- Ների՛ր, մայրի՛կ, ես գողացա փողը, որ Լիլուն առավոտյան թարմ կաթ խմի,-

և նա կաթով լի կուժը դրեց սեղանին։

- Հրաշալի է,- բարկությունը պոռթկաց Հայկի կոկորդից։

- Ժամանակը չէ, Հա՛յկ, ջերմությունը բարձր է և ինչպես տեսնում եք նա դեռ դողում է,- խոսեց Համոն,- թող մի քիչ տաքանա, հետո հարկավոր է բժիշկ Սաքոյենց տուն տանել. հիվանդանոցն արդեն նրա տուն են տեղափոխել …

- Ի՞նչ բժիշկ է նա, Շոնին դեղերն են պետք…

- Ճանապարհները փակ են, միևնույն է, ոչ ոք քեզ քաղաք չի տանի։ Ես կարող եմ Հա՛յկ, բայց անիմաստ է. ձեր միակ «գոռոզ» հարուստի ժիգուլին դժվար թե դիմանա…

- Ու՞ր է Շոնը…

- Լիլի՛թ՛, հագի՛ր գուլպաներդ։

Շոնը ամուր գրկեց իր քույրիկին։

- Վահ, Շո՛ն, ի՜նչ տաք ես, երանի քեզ, դու չես մրսի։

- Հա։

- Դողու՞մ ես։

- Չէ։

- Դողում ես, ինչպես երեկվա քամին։ Հազա ՛, ախպերի՛կ հիմա էլ հո ինձ չես արթնացնի։

- Երանի մի օր դու ինձ արթնացնես…

- Փոխի՛ր շորերդ , Շո՛ն,- հազիվ խոսեց մայրիկը,- հագնվի՛ր շատ տաք, որ գնանք։

Համոն սրբեց աչքերը, Հայկը թաղեց իր չթափված ու աչքերում սառած արցունքները աներևույթ հայացքի մեջ…

ՄԻնչ Շոնը կհագնվեր, Շուշիկը թեյ պատրաստեց։ Իսկ երբ նա Լիլուին մի մեծ բաժակով կաթ տվեց, փոքրիկը մտածեց. «Ուրեմն կովիկը չի մեռել…տեսնես Էս մարդն ինչի՞ ա եկել…»

Լիլուն ագահաբար խմեց կաթը և ուրախ կչկչաց…

Համոն վարակվեց, և մի քանի վայրկյան քահ-քահ ծիծաղեց, մայրիկը տխուր ժպտաց, հայրիկը վառեց ծխախոտը։

- Ես պատրաստ եմ,- դողաց Շոնի ձայնը։

Հիմա էլ Հայկին ու Շուշիկին էին սպասում Համոն, Շոնը և պահը չհասկացող Լիլուն…

- Ու՞ր ես գնում, Շո՛ն։

- Ես գալու եմ, պուճու՛ր։

- Պարզ է՝ քամու նման, բայց դե ու՞ր ես գնում։

- Նա հեռու չի գնում, Լիլի՛թ ջան,…

- Ինձ բա չե՞ք տանում, հո մենակ չեմ մնա…

- Քեզ կթողնենք Վարդիկ տատիկի տանը մի քանի ժամով…

- Վահ, բա ինձ մոռացա՞ք, բա չեմ հագնվել։

- Դե շտապի՛ր։

Մեքենայում Լիլուն կուչ եկավ եղբոր գրկում ու լաց եղավ…

- Ես քեզ հետ եմ ուզում, ու՞ր ես գնում…

Եվ քանի որ մայրիկն ու հայրիկը մտքերի մեջ էին, նրանց չէին լսում, Շոնն ասաց այն ինչ զգում էր…

- Ես գնում եմ հեռու, Լիլու՛, բայց ես կգամ, լսու՞մ ես, կխնդրեմ, կգամ…

- Ես կկարոտե՞մ քեզ։

- Չգիտեմ։

- Կկարոտեմ. մինչև գարուն կգա՞ս։

- Եթե չգամ, քեզ թիթեռներ կուղարկեմ…

- Դու կգաս։

- Ինչպես կուզես…

- Դու հենց այսօր կգաս։

- Ես միշտ կգամ, քույրի՛կս։

- Դու հենց այսօր կգաս, ես կսպասեմ, ես չեմ քնի, կվախենամ քամուց…

- Լիլու՛

- Հննն…

- Մայրիկին ու հայրիկին չհարցնե՛ս , թե որտեղ եմ ես։

- Իսկ մի՞թե չգիտեն

- Չհարցնե՛ս, լա՞վ

- Չեմ հարցնի…

Վարդիկ տատիկի տանը Լիլուն շատ ձանձրացավ։ Տատիկը տխուր էր և առաջվա նման իր հետ չէր խաղում։ Լավ է գոնե հարևանի աղջիկն իր մոտ եկավ, և մի քիչ նկարեցին…

Լիլուն լաց եղավ, երբ գիշերը իջավ և ո՛չ Շոնը, ո՛չ մայրիկը, ո՛չ հայրիկն իր ետևից չեկան։ Հետո տատիկն էլ գնաց , ինքը մնաց հարևան Սոնայենց տանը։ Հաջորդ օրը Լիլուն կանչեց ծնողներին, Շոնին, բայց այդ օրն էլ չեկան։ Հետո մայրիկը եկավ միայն, ու նա ուզեց հարցնել, թե ուր է Շոնը, բայց հիշեց, որ եղբայրն իրեն արգելել էր ու լռեց։ Նա լաց եղավ, նա կարոտ զգաց, չհասկացավ, թե ինչու էր ամեն ինչ այդքան արագ փոխվել…

Սկսեց զզվել Սոնայենց տանից, որտեղ իրեն ժամերով թողնում էին ու գնում։ Սկսեց ատել տատիկի տունը, որտեղ իր հետ ոչ ոք չէր խաղում, որտեղ շատ լուռ էր ու տխուր…

Հետո նրան տուն տարան, ու նա զարմացավ, երբ տեսավ, որ մարդիկ շատ են իրենց այցելում…

Ու նա զարմացավ, երբ ամենուրեք մթություն տեսավ։ Նա չհասկացավ, թե ինչու մարդիկ իրեն չեն ժպտում։

Մի գիշեր նա նորից վախեցավ քամուց։ Խնդրեց մայրիկին, հայրիկին թույլ տալ իրենց անկողնում քնել…

Նա չհասկացավ, թե ինչու մայրիկի պաղ արցունքները կաթացին իր աչքերին…

Նա շշնջաց.

- Ու՞ր է Շոնը…

Պատասխան չեղավ…

Գարունը հրաժեշտի համբույրները շնորհեց ձմռանը, ձյունը հալվեց գնաց ու իր ճերմակ տխրությունը թողեց Շուշիկի պարտեզի ձնծաղիկներում…

Շուտով նոր կյանք ծնվեց արեգակից, բայց արևի ջերմ շողերը չհալեցրին Հայկի սառցե արցունքները…

Իսկ երբ թիթեռները վերջապես երևացին,Հայկը հիշեց որդուն տված իր խոստումը և Լիլուի համար ամենասիրուն թիթեռնիկները բռնեց…

Երբ նա բացեց տուփը , թիթեռները տարածվեցին սենյակով մեկ…

Լիլուն մտածեց, որ Շոնն էր իր համար ուղարկել և սկսեց վազվզել, որ բռնի թիթեռներին…

Երբ նա հոգնած նստեց իր անկողնուն, մտածեց. «Ախր նա չգնաց, նրան տարան…»

Մայրիկը մտավ սենյակ՝ մի բաժակ կաթ ձեռքին,

- Փոքրի՛կս, քեզ համար թարմ կաթ եմ բերել։

- Ես կաթ չեմ սիրում,- շշնջաց Լիլուն…

2006թ․

«Տե՛ս որ լռում եմ» ժողովածուից:

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Концерт для виолончели
Арно Бабаджанян

Концерт для виолончели