Тереза ​​Амрян

Հիշատակ կնոջից

Երբ փոքր էի, հաճախ էր հորքուր Զինեն իր ամուսին Ֆատոյի հետ մեր տուն գալիս։ Հորքուր Զինեն պապիկիս քույրն է՝ կարճահասակ, ճկուն և արագաշարժ մի կին։ Փոքր ժամանակ ո՜նց էի հիանում հորքուր Զինեի թիթիզ հագուստներով, գունավոր գլխաշորերով, մեջքը և ուսերը ծածկող տարբեր շալերով, միշտ փայլուն, ինչպես ինքն էր ասում, «յուգոսլավական կոշիկներով» էն ժամանակ հորքուր Զինեն ի՜նչ ջահել էր, ի՜նչ ուրախ էր։ Ամեն անգամ հորքուր Զինեն ու Ֆատոն Մոսկվա կամ Թբիլիսի «բուժումների» գնալուց առաջ ինձ հարցնում էին «Ի՞նչ կուզես, որ քեզ համար բերենք»։ Զինեն ու Ֆատոն․․․․ Դա մեր մեծ ընտանիքի ամենասիրուն զույգն էր։ Ֆատոն սիրունատես էր, պերճախոս, լավ ձայն ուներ և կարող էր ժամերով եզդիական ժողովրդական երգեր երգել։ Ֆատոյի երգելու ընթացքում հորքուր Զինեն կտրատած մրգեր և ջուր էր դնում նրա կողքին, հետո խնդրում էր, որ Ֆատոյի համար ոչ թե սուրճ, այլ թեյ բերեն։

Աշնան զով օրերին հորքուր Զինեն ու Ֆատոն մի քանի անգամ խաշ էին պատրաստում և մեզ իրենց տուն էին հրավիրում։ Խաշից հետո Ֆատոն մի քանի ժամ քնում էր հորքուր Զինեն մեզ հետ լոտո էր խաղում, անեկդոտ պատմում, բարձր ծիծաղում կատակելիս։ Հետո հորքուր Զինեն թեյամանը դնում էր գազօջախին, որպեսզի Ֆատոն արթանանալուց հետո մի քանի բաժակ թեյ խմի։

Հորքուր Զինեն ու Ֆատոն առույգ էին, կենսուրախ, բայց այնքան էլ երջանիկ չէին։ Նրանք տխրում էին, որ երեխա չունեին։ Մոսկվա կամ Թբիլիսի «բուժումների» գնալը ոչ մի կերպ չէր օգնում։ Դե իսկ Ֆատոն շա՜տ էր երեխա ուզում․․․

Մի անգամ պապիկս ասաց, որ Ֆատոն բաժանվել է հորքուր Զինեից։ Այդ ժամանակ չգիտեի՝ ինչու են մարդիկ բաժանվում, չգիտեի՝ ինչ է նշանակում բաժանվել չէի էլ իմանա, եթե մի օր Ֆատոյին դրսում մի անծանոթ կնոջ և երեխայի հետ չտեսնեի։

Ֆատոյի հեռանալուց հետո հորքուր Զինեն էլի ժամանակ առ ժամանակ մեր տուն էր գալիս կամ մեզ խաշի էր հրավիրում, խաշից հետո մեզ հետ լոտո էր խաղում, բայց նախկինի պես թեյամանը չէր դնում գազօջախին Ֆատոն տանը չէր, որ արթնանար և մի քանի բաժակ թեյ խմեր։ Հորքուր Զինեն Ֆատոյի դատարկված տեղը ուրիշով լցնելու ոչ մի ցանկություն չուներ։

Տարիներ անցան, մի օր էլ լսեցինք, որ Ֆատոն մահացել է։ Հորքուր Զինեն եկավ մեր տուն իմացել էր Ֆատոյի մահվան մասին, տխրել էր, չգիտեր՝ ոնց թաքցներ իր վիշտը։ Մայրիկս ու տատիկս համոզեցին, որ հորքուր Զինեն մեր տանը մնա այդ օրերին ոչ ոք չէր խոսում Ֆատոյի մահվան մասին, միայն նստում էին հորքուր Զինեի կողքին և լռում։ Այդ օրերին ես տեսա, թե ինչպես հորքուր Զինեի կողքին Ֆատոյի դատարկված տեղը էլ ավելի դատարկվեց, և հորքուր Զինեն դարձավ մի ծեր այրի։

Ֆատոյի մահից մի տարի էր անցել, երբ մի օր հորքուր Զինեն ինձ խնդրեց իր հետ մի տեղ գնալ ասաց, որ չի ուզում մենակ գնալ։ Հորքուր Զինեի հետ այցելեցինք Ֆատոյի գերեզմանին։ Հորքուր Զինեն անձեռոցիկով մաքրեց Ֆատոյի փոշոտված շիրիմը, հավաքեց և թափեց նախկին այցելուների թողած, արդեն չորացած ծաղիկները, իր գնած դեղին վարդերը հատիկ-հատիկ շարեց շիրմին, հետո կանգնեց և երկար նայեց քարին պատկերված Ֆատոյի նկարին։ Սթափվելուց հետո հորքուր Զինեն ուղղեց իր ծռված գլխաշորը, ուսերի վրայի շալը, թափ տվեց շրջազգեստի փոշին, ձգեց ուսերն ու մեջքը և ասաց

Ինձ այստեղ, քարի կողքին կանգնած նկարի՛ր։

Հեռախոսս հանեցի և արագ կատարեցի հորքուր Զինեի մի քիչ արտառոց խնդրանքը։

Երբ տուն էինք վերադառնում, հորքուր Զինեն մեքենայի մեջ ինձ ասաց

Աղջի՛կս, իմ նկարը քո հեռախոսի միջից կհանե՞ս, թղթին տպած կբերե՞ս ինձ համար։

Անպայման կբերեմ, ասացի ես։

Կասես՝ թող նկարը մի քիչ մեծ թղթի վրա սարքեն, հա՞, - խնդրեց հորքուր Զինեն։

Հորքուր Զինեն այդ լուսանկարը պահում է իր սեղանին դրված գրքերից մեկի մեջ, ոչ ոքի ցույց չի տալիս այդ լուսանկարը կարծես իմ և հորքուր Զինեի գաղտնիքը լինի։ Ժամանակ առ ժամանակ հորքուր Զինեն գրքի միջից հանում է նկարը, նայում, շոյում է լուսանկարի քարի վրայից ժպտացող Ֆատոյի պատկերը, այն մոտեցնում է իր աչքերին, գլուխը շարժում, հոգոց է քաշում և քրթմնջում

Փո՛ւչ աշխարհ․․․ Տե՛ս է՜․․․ Ֆատոյի քարին գրված է «Հիշատակ կնոջից»։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Что я буду делать без тебя
Саят Нова

Что я буду делать без тебя

Подсолнухи, 1960 год.
Подсолнухи, 1960 год.
Играть онлайн