Сипил
Դարավերջիկ հիվանդը
Արևն հասած էր սենյակին խորշերուն
Թափանցելով վարագույրին ճեղքն ի վար,
Մինչև կանթեղին հետին նըշույլն նրեուն
Դեռ հիվանդին մահճին վըրա կը հևար:
Ծըթանուտ ծով մը վարսերու, մեծ հեղեղ,
Բարձին վըրա կը թափթըփեր իր ոսկին,
Որուն ծուփքը՝ գանգուր թելեր՝ զերթ բաղեղ
Գալարվելով կ՚իյնան որ հոն սողոսկին:
Չըքնաղ ձեռքին վարդ մատներուն տակ ճապուկ
Կը պահվըտի դեմք մ՚անորոշ, բոլորլի,
Ինչպես ծաղիկ մ՚որ սըրահին խուսափուկ
Ըստվերին մեջ ծըլած՝ լույսեն կը խորշի:
Եվ կը նիրհե. շունչը սյուգի պես բարակ
Մեղմ ու անույշ բուրավառում մ՚է բուրմունքի.
Երազային սիրո ցոլքեր նուրբ, արագ,
Ելևէջներ կուտան լանջքին հուզմունքի:
Ամսե մ՚ի վեր տառապեցավ, հե՜ք աղջիկ.
Ծաղկախտին սև բոցերուն մեջ հըրախանձ,
Ձայն կը լըլկեր տենդը փակած զերթ չըղջիկ
Իր լույս մարմնույն, որ կ՚ազդեր տենչ ու նախանձ:
Մահն ալ անցավ օր մ՚իր քովեն, սև՜, խավա՜...
Ցուրտ սարսուռ մը թափանցեց ներս իր սըրտեն,
Եվ նվաղած աչքերուն մեջ հոգեվար
Նայվածքի բոցն անհուն մարած էր արդեն:
Բայց կյանքի սերն հաղթեց հանկած իր ախտին.
« Ապրի՜լ կ՝ուզեմ, գոչեց, ծաղիկն եմ գարնան.
«Ես չեմ վախնար հարվածներեն չար բախտին.
«Իզո՜ւր շանթեր գըլխուս վըրա կը դառնան:
«Դեռ շատ կըրակ ունին աչքերս իմ ծավի,
«Մեղրով լեցուն են շըրթունքներս հեշտաբույր,
«Սիրտս ըզգացման մեծ բեռան տակ կը ցավի.
«Եվ այտերես՝ կ՝առնեն վարդերեն իրենց թույլ»:
Իր բողբոջուն գեղովն այսպես երջանիկ
Փըշրեց ոտքին տակ, ջախջախեց մահն հըզոր-
Հիմակ անույշ ցընորքներու խաղալիք՝
Քունին մեջ ուժ, աշխույժ կ՝առնե օրե օր
⁂
Արևն հասած էր սենյակին խորշերուն
Թափանցելով վարագույրին ճեղքն ի վար,
Մինչև կանթեղին ետին նըշույլն երերուն
Դեռ հիվանդին մահճին վըրա կը հևար:
Արշալույսեն շող մը փըրթավ շեշտակի,
Եկավ համբույր կ՝առնել ճակտեն այդ հըստակ,
Եվ բացվեցան աղվոր աչքեր հրեշտակի
Այդ լուսեղեն փայփայանքին ներքև տաք:
Նայվածքն հածեց մատղաշ աղջիկն հեշտորեն
Ճոխ բարձերուն ու վերմակին սընդուսե,
Որոնց վըրա իր փայլփըլուն մազերեն
Զանակներու հորդ անձրև մը կը հոսե:
Ժըպիտ մ՚ուղղեց ցաղգաղգեստին պըչրասեր,
Որ փաթթըված վեր քաշվելով ուսերին,
Ծալ-ծալ ձյունե լայն քողեքներ կը հյուսեր
Իր թևերուն որոնք ծաղիկ կը բուրեն:
Հետո ելավ, վըրան ձըգեց վերարկուն,
Մոտենալով դարաններուն ծանրագին.
Որոնց վըրա հըսկա հայելին կար կանգուն
Ավանդապահ շընորհքներու հըմայքին:
Բայց... նազելի, ջինջ պատկերին տեղ, ավտ՜ղ,
Ծակ-ծակ փորված դիակ մ՚ելավ իր առջին,
Ճըճիներե կերված կըմախք մը ճիվաղ,
Ուր մեծ որդ մը կըրծած էր փոսն իր վերջին:
Հարվածն ահեղ իջավ սըրտին իբրև լախտ.
Ճիչ մ՚արձակեց սուր, ցավագին, աղեխարշ.
Հայելվույն դեմ զարկավ գըլուխն իր դըժբախտ,
Արյունթաթավ ինկավ անշունչ գետնաքարշ:
Ու վազեցին եկան փութով նաժիշտներ,
Արտասվալից մայրիկն հասավ անխափան,
Ամեն կողմե բյուր օգնություն կը հասներ.
Եվ տեղացին բըժիշկներ, դեղ ու դարման:
Խե՜ղճ աղջիկը բացավ աչքերն արդեն մութ,
Դողդըղալով չոր տերևի պես տըկար:
«Ա՛լ չեմ սիրեր, մըրմընջեց, կյանքն այս անգութ
«Ու, ա՛լ մահվան մըռայլ փոսեն չեմ սոսկար:
«Ալ թողեք զիս, թողեք որ շունչըս հայտնի,
«Զի գերեզմանն է վայր անել ու անանց,
«Ուր հեք դեմքըս պիտի պահեմ միշտ գաղտնի
«Սև հողերուն վերմակին տակ անթափանց»:
Մահը որ հոն դարանամուտ կ՝սպասեր,
Տակավ եկավ անոր հոգվույն քով տըրտում.
« Ծաղկախտն առավ մըրմընջեց գեղդ ու հույսեր՝
Պիտի տանիմ ես ալ ցավերդ անպատում»:
Ու անոր գիիկն ինկավ աղջիկն հոգեվար,
Հոն իր բախտին վըրա լացավ ու լացավ,
Եվ համբույրով, մ՝երկայն, խորունկ, խանդավառ,
Այդ թախծության հեշտանքին մեջ հալեցավ:
Արևն հասած էր սենյակին խորշերուն
Թափանցելով վարագույրին ճեղքն ի վար,
Դեռ կանթեղին հետին նըշույլն երերուն
Հեք մեռելին մահճին վըրա կը հևար:
1892