Сипан Шираз
Հոգեհանգիստ
Արթնանում է մենությունս, դառնում է ժամ:
Լռության մեջ անքնության անհամ ժամեր:
Կեղծ են դառնում անունները նվիրական,
Տեսիլներն ու երազները դառնում են թեր:
Շփոթում ենք մենք մեզ ու քեզ և ուրիշին
ՈՒ դառնում ենք սապատավոր դեղձանիկներ,
ՈՒ թքում է լռությունն իմ տատմոր փեշին,
Փշրվում է ողնաշարն ու թախիծն իմ ծեր:
Բարի գիշեր իմ չտեսած հարազատին,
Բարի գիշեր, անծանոթ իմ թշվառական.
Շփոթեցինք մենք իրարու՝ ժամում հետին,
Իսկ առաջին օրը սուտ էր, և ժամն՝ անհամ:
Բարի գիշեր իմ չտեսած քո աչքերին,
Բարի գիշեր, իմ նախընտրյալ, իմ անտեղյակ.
Ես մի մոտիկ տեղ եմ գտել իմ շիրիմին.
Թող քեզ լինի կյանքում ամեն, ամեն դղյակ:
Բարի գիշեր: Կհանդիպենք կյանքում վերին,
Բարի գիշեր, կհանդիպենք ոսկում աշնան,
Կթափառենք ու կհարբենք վերերկրային
Փողոցներում, և ոչ առջևն ամեն մի շան…
Ու կմնա խոր-խավարում քաղաքն էս չար՝
Եվ դավաճան կաթի գինը ինչ-որ կնոջ
Քեզ մահու ժամ կնվիրի մտերմաբար՝
Քամուն տալով խոստովանանքն ու կյանքդ ողջ:
Բայց, ի վերջո, կհանդիպե՞նք. ի՞նչ իմանամ.
Վերադարձ չէ, արդյոք, մահվան գալուստը մեր,
Երբ երկատվում-վերջանում է օրը անհամ՝
Կուլ տալով կոր եղելության այնքան ձևեր:
Էխ, ինչևէ. բարի գիշեր քո աչքերին,
Քո մատներին, դու իմ անմիտ, իմ անտեղյակ.
Ես մի մոտիկ տեղ եմ գտել իմ շիրիմին.
Թող քեզ մնա կյանքում ամեն, ամեն դղյակ: