Шушаник Кургинян
Բանուորները
Այդ մե՜նք ենք գալիս՝
Մաշուած բաճկոններ, իւղոտ ու մրոտ,
Տրորուած գտակ, աղտոտ մազերով,
Մեծ մասամբ դեղնած, գծուծ եւ բոկոտ,
Երբեմն տժգոյն, երբեմն անխռով.
Երբեմն քաղցի, լուռ տառապանքի
Սեւ կնճիռների անջինջ կնիքով,
Երբեմն ըմբոստ արհամարհանքի,
Անզուսպ զայրոյթի վրէժի թոյնով.
Դեռ վաղ ծերացած հոգեմաշ ցաւից,
Լոյսի, թարմ օդի տենչանք դէմքերիս
Ու մարդավայել ապրելու յոյսից,
Դեռ խո՜ր վէրքերի կսկիծ սրտերիս՝
Այդ մե՜նք ենք գալիս․․․
Մենք, բանուորներս՝ տռզած փորերի
Շերտաւոր ճարպի, ոսկու դէզերի
Անվարձ մշակներ․․․
Մենք, բանուորներս՝ վշտի, արցունքի,
Կիսաքաղց կեանքի, բանտի, աքսորի
Անբաժան ընկեր․․․
Մենք, բանուորներս՝ ապրելու ահից
Կեանքի շուկայում ստոր վաճառքից
Էժան ծախուածներ․․․
Ո՜վ մեծ տզրուկներ, մարդկային կեանքի,
Ստեղծագործութեան անարգ խեղդիչներ.
Դո՛ւք՝ փարթամութեան, անառակ տենչի
Քնած խիղճերով թմրած խլուրդներ.
Դո՛ւք, ամօթապարտ գերեզման փորող
Գարշ դահիճներդ սուրբ ազատութեան,
Ձեր նմանների արիւնը լափող,
Բողբոջ յոյսերի դեւեր հոգեհան,
Գուցէ չե՞նք շոյում մեր տանջուած դէմքով
Ձեր նուրբ ջղերը, հոգով քաղցածներ,
Դուք՝ կուշտ մարմիններ։
Չէ՞ որ մեր արեան մի մի կաթիլով,
Աղի ու լեղի թափած քրտնքի,
Դառն արցունքների անվերջ հեղեղով,
Մեր բազուկների հուժկու, ժրաջան,
Կոր թիկունքների, հոգու տագնապով,
Մեր գլխին պատրաստ ամէն մի վայրկեան
Չարաբաստ մահուան անլուր սարսափով
Սնունդ էք առնում,
Ապրում, իւղ կապում․․․
Եւ վաստակներիս չնչին փշրանքներ
Դժգոհ շպրտում քաղցած ամբոխիս
Կ՝ասես մարդկութեան մենք խորթ զաւակներ.
Դուք՝ վայելչութեան, անարդար կեանքի
ընտիր ըմբիշներ․․․
Հա՜, մենք ենք գալիս
Դարեւոր վշտի զրկանքի բովից,
Հալածանքների, գարշ ստրկութեան
Մոռացուած խաւից՝
Կրծքով փշրելու փառքը տիրողին,
Գահը բռնութեան, ստրուկի շղթան,
Նոր ուղի հարթել մեր նմաններին,
Արժանի կոչման, հաւասարութեան՝
Այդպէ՜ս ենք գալիս․․․։