Шушаник Кургинян
Ասույթներ
- Ամեն օր ապրել եմ ամեն օրվա հետ ու անցել իմ ճամփով․ իսկ կյանքից ետ չմնալու պատճառով շտապել եմ հույժ, ու որքա՜ն ծաղիկներ կորցրել ճանապարհին, որքա՜ն նախշուն ծաղիկներ․․․
- Սիրում եմ ես ինձ ու հիանում ինձանով ու օրհնում իմ անունը․․․ իսկ երբ կինը սիրում է ինքն իրեն՝ մենակ է հավիտյան։
- Ասում են կյանքը կատակ է․ ո՛չ, կյանքը ծաղկոց է, ուր մենք փոխանակ վարդ քաղելու, միմոսություններ ենք անում, որ փշերին չդիպչենք։
- Սուտ է, որ լսելիքը միայն ականջն է․ երգը ես լսում եմ ամբողջ մարմնով․ երգից հուզվում են իմ բոլոր զգայարանները։
- Քրիստոնեությունը սկսել է ճեղքվածքներ երևան հանել իր հսկայական կառուցվածքի ամուր պատերում։ Այդ նրա համար է, որ նա կյանքի հետ մի ճամփա չէր կարող բռնել, կյանքին նման լինել։
- Քննադատը նման է պարողի, որի համար ո՛չ նայող կա, ո՛չ էլ նվագածություն։ Վա՜յ կրիտիկոսին, որ երկար պարել ու շատ կոտրատվել է սիրում։
- Ազգը ատել անհնարին է ու դատապարտելի՝ նրան կուրորեն սիրելը։
- Սեփականությունը փակում է մեր հոգու աչքերը ու բթացնում զգայարանները։
- Ով հարգում է ժամանակը, նա չի ապրում անպտուղ։
- Ես տեսա՝ հավատը փախչում էր եկեղեցուց։ Աղջիկս կտեսնի նրան քաղաքից դուրս, թոռս՝ չի տեսնի նրան։
- Ասում են կնոջ ուղեղի քաշը պակաս է տղամարդու ուղեղի քաշից։ Ես միշտ այդ իմ պակասը լրացնում եմ իմ սրտից։
- Որքա՜ն ափսոսում եմ, որ պիտի մեռնեմ մի օր ու նախանձում եմ ինձնանից հետո ապրողներին, որոնց բաժին է ընկնելու նոր կյանքը, նոր բաղձանքները։
- Պետք է լայն սիրտ ունենալ նեղ չապրելու համար։
- Կինը կատարյալ՝ կուշանա, վասնզի տղամարդու հակումները դեպի նա դեռ չեն բյուրեղացած։
- Կրոնը հին գինի է, որ արբեցնում է մարդուն, պղտորում գիտակցությունը և կռվել տալիս հարևանների հետ։
- Կրոնը բռնակալների համար ամպհովանի է, որի ձգած ստվերի տակ հանգչում են նոքա ոճիրներից հետո անդորր ժամանցի համար։
- Երբ նայում եմ քահանային, ինձ թվում է, թե նա ծեփված է խնամքով և կյանքի ձայնը չի հասնում նրա զգայարաններին։
- Ես բախտ ունեցա տեսնել աղատատենչ հույզերի մրրիկները։ Դժվար է նրանց խափանելը, վասնզի բռնությունն է ջրում նրա արմատները։
- Ազատություն սիրողին բանտը դուռ չունի, շղթան՝ ծանրություն։
- Գրողի վարած կյանքն ու երկերը չպիտի շփոթել, վասնզի առաջինը իրենն է, երկրորդը՝ մերը։
- Մասսան հեղաշրջելու համար չպետք է մոռանալ նրա հոգեբանությունը։
- Սոցիալիստական հեղափոխության ժամանակ զոերի կորուստը չեն ողբում․ ինքը կռիվն է, որ զոհերի ու արյան ուղիով ապահովում է գալիքի փրկությունը։
- Զարգացող արդյունաբերությունը ինքն է սնում իր գերեզմանափորներին։
- Պոետներից բախտավորն եմ ես, որ դեռ մթի միջից գուշակում էի լույս բերողների անհերքելի հաղթանակը։
- Պոետներից բախտավորն եմ ես, որ ներբողում էի ստրուկների թագավորությունը։
- Հարկավոր է հաշտվել, որ մեծ գործը մեծ սխալներ կունենա։
- Ներել հեղափոխության թշնամուն, նշանակում է ընկերանալ նրան։
- Կոմունիզմի հաղթանակը նրանումն է, որ անխուսափելիսորեն կոմունիզմագրվում են մասսաներն ամենուրեք։
- Ներկա մամուլն ես հարգում եմ այն պատճառով, որ նա իր ցեխոտ տապանով փակել է հնի նեխված բերանը։
- Արդի պոետերն արբած են հեղափոխությունով, ուստի նրանց ներելով հանդերձ պետք է սպասել զգաստության ժամին։
- Մայրենի լեզուն չիմացողը նման է անտառը մտած մարդուն, որ ազատ կարողանում է շվացնելով նմանվել զանազան թռչունների։
1913 թ․
Лайк
Сохранить
Хочу почитать
Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Элен Йолчян
Самария
Подсолнух
Играть онлайн