Сергей Довлатов

Ինչ-որ մեկի մահը

-Ընկե՛ր Դովլաթով, դուք սև կոստյում ունե՞ք…
Խմբագիրը դժգոհ խոժոռում է հոնքերը: Նրա համար տհաճ է, որ այդպիսի անհեթեթ հարց է տալիս հանրապետական կուսակցական թերթի աշխատակցին: Խմբագիրը կաթնագույն, նորածնի դեմք դեմք ունի, լայն կոնքեր ու մանկական ազգանուն` Տուրոնոկ:
– Չէ՛,- ասում եմ:- Ջեմպր է:
– Այս պահին չէ, տա՛նը:
– Ընդհանրապես կոստյում չունեմ,- ասում եմ:
Կարող էի բացատրել, որ տուն, բնակարան, կացարան էլ չունեմ: Որ վարձով եմ ապրում Աստված գիտի որտեղ…
– Իսկ ինչպե՞ս եք գնում թատրոն:
Կարող էի ասել, որ թատրոն չեմ գնում: Բայց թերթում հենց նոր էր հայտնվել «Անօժիտը» ներկայացման իմ թատերախոսականը: Դիմա Շերի պատմածով էի գրել: Նյութը գովել էին բանավիճային սրության համար…
– Ինչևէ: Եկեք ըստ էության խոսենք,- հոգնեց խմբագիրը,- Իլվեսն է մահացել:
Ստելու նողկալի սովորույթի համաձայն` տրտմություն ձևացրի:
– Ծանո՞թ էիք,-հարցրեց խմբագիրը:
– Չէ՛,- ասում եմ:
– Իլվեսը հեռուստատաստուդիայի տնօրենն էր: Նրա հուղարկավորությունը լուրջ միջոցառում է: Հուսամ` պա՞րզ է:
– Այնքանով որքանով:
– Մեր խմբագրության ներկայացուցիչը պիտի մասնակցի: Պատրաստվում էինք Շաբլինսկուն ուղարկել:
– Ճիշտ է,- ասում եմ:
– Բայց Միխայիլ Բորիսովիչը զբաղված է: Գործուղման է մեկնում Սաարեմաա կղզի: Կլենսկին հաշիվ չի. ներկայացուցչական արտաքինով մարդ է հարկավոր: Բուշը հարբեցողությամբ է զբաղված: Եվ այսպես շարունակ: Կանգ առանք ձեր թեկնածության վրա: Աղաչում եմ, չձախողեք: Պետք է հակիրճ ու ջերմ խոսք ասել: Անհրաժեշտ է, որ… Մի խոսքով, ձեզ պահեք այնպես, ասես լավ գիտեիք հանգուցյալին…
– Մի՞թե իմ արտաքինը ներկայացուցչական է:
– Դուք առնվազն բարձրահասակ եք,- ասաց Տուրոնոկը:
– Հե՛նրիխ Ֆրանցևիչ,- ասացի,- էդ ինձ հարմար չի: Միստիֆիկացիայի հոտ է փչում: Իլվեսի հետ ծանոթ չեմ եղել: Սուտ սգալ չեմ ուզում: Շաբլինսկուն ուղարկեք: Իսկ ես, ինչ որ է, կգնամ Սաարեմաա:
– Բացառված է: Դուք պրոբլեմային նյութեր չեք ստեղծում:
– Չեն հանձնարարում` չեմ ստեղծում:
– Գերմանացիների մասին թղթակցություն էին հանձնարարել, հրաժարվեցիք:
– Կարծում եմ, որ նրանց պետք է դուրս թողնել:
– Միամիտ մարդ եք, մեղմ ասած:
– Ինչո՞ւ: Միությունում գերմանացիները հայերից շատ են: Բայց նույնիսկ ինքնավարությունից են զրկված:
– Ախր ի՜նչ գերմանացիներ են դրանք: Գաղութաբնակների երրորդ սերունդն է: Վաղուց էստոնացի են դարձել: Լեզուն, մշակույթը, մտածողության կերպը… Զտարյուն էստոնացիներ են… Նրանց պապերն են Էստոնիայում ապրել…
– Բորյա Ռոյբլատի պապն էլ է Էստոնիայում ապրել: Հայրն էլ է Էստոնիայում ապրել: Բայց Բորյան էդպես էլ հրեա է մնացել: Եվ, ի դեպ, անգործ ման է գալիս…
– Գիտե՞ք ինչ, Դովլա՛թով, ձեզ հետ անհնար է խոսել: Շարունակ ինչ-որ երեսպաշտական հնարքներ եք բանեցնում: Ձեզ աշխատանք տվինք, ընդառաջ գնացինք: Մտածում էինք` կհասունանաք: Ձեզ մի քիչ լուրջ կպահեք…
– Բայց ես աշխատում եմ, գրում…
– Եվ վատ չեք գրում: Անձամբ Յուրնան վերջերս ձեր մի արտահայտությունը մեջբերեց. «…Կառուցողական գաղափարը լուծվել էր անպատասխանատու փորձարարության քաոսում…»: Խոսքն ուրիշ բանի մասին է: Ձեր ապաքաղաքականության, ձեր մանկամտության… Ձեզնից միշտ կարելի է որևէ դեմարշ սպասել… Երկու հարյուր հիսուն ռուբլի եք վաստակում: Ձեզ լավ են վերաբերվում, գնահատում են ձեր հումորը, ոճը: Հարց է ծագում` որտե՞ղ է հատուցումը: Ես ինչո՞ւ պիտի ժամանակ վատնեմ այս անպտուղ խոսակցությունների վրա: Թախանձագին խնդրում եմ` փոխարինեք Շաբլինսկուն: Նա ժամանակավորապես ձեզ է տալիս իր պիջակը: Փորձե՛ք: Այնտեղ, կախիչի վրա է…
Փորձեցի:
– Բայց դարձածալեր են, հա՜,- ասում եմ,- այ էստեղ Կարմիր դրոշի շքանշանը կսազեր…
– Վե՛րջ,- կտրեց խմբագիրը,- գնացե՛ք…

Ատում եմ գերեզմանոցային ծիսակատարությունները: Ու ոչ նրա համար, որ մեկը մահացել է: Բարեբախտաբար՝ հարազատներիս թաղել չի վիճակվել, իսկ օտարների հանդեպ անտարբեր եմ: Բայցևայնպես, ատում եմ թաղումները: Մահվան ֆոնին քո ցանկացած շարժում անբարոյական է թվում: Ատում եմ թաղումները վշտի գեղեցիկ համոզչականության համար: Օտար, կողմնակի մարդկանց արցունքների համար: Ուրախության զսպվող զգացումի համար. թէ որ ես չեմ, ուրիշն է մեռել: Սպասվող խմելու կապակցությամբ թաքուն անհանգստության համար: Հանգուցյալի հասցեին չափից դուրս հաճոյախոսություններ շռայլելու համար: (Միշտ ուզում եմ գոռալ. «Նա, այսպես թե այնպես, թքա՜ծ ունի: Զիջողամիտ եղեք ողջերի հանդեպ: Այսինքն, իմ հանդեպ, օրինակ»):
Եվ ահա, պիտի փոխարինեմ Շաբլինսկուն: Մասնակցեմ հուղարկավորման արարողություններին, սգամ ու կեղծավորություն անեմ:
Զանգում եմ հեռուստաստուդիա.
– Ո՞վ է զբաղվում հուղարկավորությամբ:
– Ընկեր Իլվեսը:
– Ո՞վ:
– Անձամբ Իլվեսը:
Քիչ էր մնում աթոռից ընկնեի:
– Ռանդո Իլվեսը` հանգուցյալի որդին: Եվ կազմակերպչական հանձնաժողովը:
– Ո՞նց զանգեմ նրանց… Գրում եմ… Շնորհակալությո՛ւն:
Զանգում եմ: Պատասխանում են մերձբալթյան առոգանությամբ.
– Դուք հանգուցյալի ազգակա՞նն եք:
– Գործընկերը:
– Համագործակցում եք հեռուստատեսության հե՞տ:
– Այո:
– Ձեր ազգանունը Շաբլինսկի՞ է:
– Այո,- քիչ էր մնացել ասեի:- Շաբլինսկին գործուղման է: Ինձ հանձնարարել են փոխարինել նրան:
– Սպասում ենք: Երրորդ հարկ, տասներկու սենյակ:
– Գալիս եմ:
Տասներկուերորդ սենյակում թևկապներով մարդիկ էին հավաքվել: Ծանոթներ չկային: Շաբլինսկու` տիրոջ մարմնաձևերը պահպանած պիջակը նեղում ու կաշկանդում էր: Անհարմարավետ էր, ասես սատկած կետ լինեի` լողավազանում: Կամ ձի` շան բնում:
Մի պահ հապաղեցի, որ գրի առնեմ այս փոխաբերությունները:
Սեղանի մոտ նստած կինը ձայն տվեց.
– Դուք Շաբլինսկի՞ն եք: Հենց այդպիսին էլ ձեզ պատկերացնում էի:
– Նա,- ասում եմ,- գործուղման է:
– «Սովետական Էստոնիայից» Շաբլինսկին պիտի գար:
– Ինձ հանձնարարել են փոխարինել:
– Պարզ է: Ելույթի տեքստը պատրա՞ստ է:
– Տե՞քստը: Կարծում էի… զգացմունքային իմպրովիզացիա է լինելու: Պատրաստվում էի էքսպրոմտի պաս բան ասել…
– Հրաշալի է: Բայց իմպրովիզացիայի տեքստը պիտի նախապես համաձայնեցնեք:
– Կարո՞ղ եմ վաղը բերել:
– Նեղություն մի կրեք: Ահա Շաբլինսկու պատրաստած էքսպրոմտի տեքստը:
– Հրաշալի է,- ասում եմ,- շնորհակալություն:
Ծխախոտի թղթի երկու թերթ տվեցին: Կարդում եմ.
«Ընկերնե՛ր: Ինչպե՜ս եմ նախանձում Իլվեսին: Այո՛, այո՛, մի՛ զարմացեք: Բարի նախանձի զգացումն է պատում ինձ: Ինչպիսի՜ բովանդակալից կյանք: Ի՜նչ ազդեցիկ արդյունքներ: Երազողի և մարտիկի ինչպիսի՜ նախանձելի փառք…»:
Հետո գալիս էր ծառայությունների թվարկումը և ի վերջո` եզրափակումը.
«Քնի՛ր, Հո՛ւբերտ Իլվես: Դու հազվադեպ էիր քունդ առնում: Քնի՛ր…»:
Այդ ամենը արտաբերելու մասին խոսք անգամ չէր կարող լինել: Թղթին ինչ ասես գրում եմ: Բայց` բարձրաձա՜յն, մարդկանց առա՜ջ…
Դիմեցի սեղանի մոտ նստած կնոջը.
– Կուզեի որոշ բաներ ավելացնել, իմը… Մի քիչ փոփոխել… Ես այսքան զգացմունքային չեմ…
– Հարկավոր է պահպանել հիմքը: Տեքստը հաստատված է…
– Հիմքը կպահպանեմ:
– Ձեզ կենսագրական տվյալներ պետք կգան: Գրե՛ք:
Գրեցի:
– Ինքնահնար բաներ չպիտի լինեն:
– Գիտե՞ք,- ասում եմ,- ավելի լավ է ինքնահնար, քան՝ նրահնար:
– Ի՞նչ,- հարցրեց կինը:
– Լա՛վ,- ասում եմ,- ամեն ինչ կարգին կլինի…
Հիմա մի քանի խոսք Շաբլինսկու մասին: Հայրը բռնադատվել էր: Կենսաբան-պրոֆեսոր հորեղբայրը հիշատակվում է նշանավոր հուշերում: Համարյա թե միակն է, ում մասինՆադեժդա Մանդելշտամը սիրով է հիշում
Միշան մեծանում էր գորշ ճամբարային ավանում: Հանրահաշիվն ու գեղագրությունը դասավանդում էին սովետական գիտության բուշլատավոր երևելիները: Նրա կենսական պատկերացումներն այդպես ձևավորվեցին: Կայուն ու խելամիտ տղա էր մեծանում: Խոսքերին չէր հավատում, վճռական էր գործում: Շատ էր կարդում: Նրա մեջ զուգորդվում էին պոեզիայի հանդեպ հետաքրքրությունն ու տեխնիկայի սերը: Դիպլոմ չունենալով` կոնստրուկտոր էր աշխատում: Ընդունվեց համալսարան: Դարձավ արդյունաբերության ոլորտի լրագրող: Պոեզիայի ու տեխնիկայի հիբրիդն այդուհետ նրա բնագավառն էր:
Նպատակին հասնելու համար նա պատրաստ էր ամեն ինչի: Օգտվում էր բոլոր միջոցներից: Նպատակն ավելի ու ավելի մշուշոտ էր դառնում: Կյանքը վերասերվել էր միջոցների ձեռքբերման: Բարու և չարի այլընտրանքը վերածվել էր հաջողության և անհաջողության այլընտրանքի: Ակտիվ կենսագործունեությունն արգելակել էր բարոյական աճը: Երբ մեզ ծանոթացրին, արդեն տիպիկ ժուռնալիստ էր` իր երկվությամբ ու ցինիզմով:
Ժուռնալիստների մասին հրաշալի է ասել Ֆորդը. «Ազնիվ ժուռնալիստը միայն մի անգամ է ծախվում»: Բայցևայնպես այդ արտահայտությունը իդեալիստական եմ համարում: Ժուռնալիստիկայում կան գնման կետեր, կոմիսիոն խանութներ և նույնիսկ հնոտիքի շուկա: Այսինքն վերավաճառքը չի դադարում:
Կա կյանքը` սքանչելի, տառապալից, ողբերգականությամբ լեցուն: Եվ կա աշխատանքը, որ լավ է վարձատրվում: Աշխատանք` ուղղված մի ուրիշ, առավել հստակ, ողբերգականությունից զերծ, ներդաշնակ աշխարհի ստեղծմանը: Թղթի՛ վրա:
Նստած է ժուռնալիստն ու գրում է. «Փոթորկածին տասնինը թիվն էր…»: Մի պահ կտրվեց ու գոռում է զահլատար կնոջը. «Գարիկ Լերները երեք տուփ լուծվող սուրճ է խոստացել…»:
Կինը խոհանոցից` ի պատասխան. «Ո՞նց, Լերներին դեռ չեն նստեցրե՞լ… Տարօրինակ է…»:
Բայց գրչածայրն արդեն առաջ է սահում: Ասենք. «Եվս մի գաղտնիք կորզվեց բնությունից…»: Կամ, ասենք. «Նյու Յորքում շահպրակը չի բուրում…»:
Ժուռնալիստն ունի այն ամենը, որ գեղեցկացնում է արժանավոր տղամարդու կյանքը: Անկեղծությո՞ւն: Ժուռնալիստն անկեղծորեն լռում է այն, ինչ մտածում է: Ստեղծագործությո՞ւն: Ժուռնալիստն անվերջ ստեղծագործում է` ցանկալին իրականություն ներկայացնելով: Սե՞ր: Ժուռնալիստը քնքշորեն սիրում է այն, ինչ արժանի չէ սիրո…
Բայց շեղվեցինք:
Հեռուստատեսությունից գնացի Մարինայի մոտ: Մի ամբողջ տարի մեր միջև ինտելեկուալ մտերմության պես մի բան էր կատարվում: Թշնամանքի ու անառակության երանգով:
Մարինան աշխատում էր մեր թերթի քարտուղարությունում: Աշխատանքից առաջ ու հետո նրան տիրում էին երեսնամյա չամուսնացած կնոջ հոռետեսությունն ու կոպտավուն շիտակությունը:
Մի ժամանակ Շաբլինսկու ընկերուհին էր եղել: Ինչպես և մեր խմբագրության մյուս աշխատակցուհիները: Ներառյալ` խլականջ կուսաշխատակից Սուդակովան, որը խպիպ ուներ: Միշան Սուդակովայի մասին ասում էր.
– Նրա վիզը իմ մեջ սեքսուալ բողոք է արթնացնում:
Բայցևայնպես ամսից ավելի խառնակվեց հետը:
Մեր բոլոր կանայք, առանց բացառության, վաղ թե ուշ զիջում էին նրա սիրահետումներին: Այդպիսի հաջողության գաղտնիքը երկար ժամանակ ինձ անհասկանալի էր մնում: Հետո հասկացա` բանն ինչ է: Շաբլինսկին խոցում էր դարպասումների միանշանակությամբ: Լիտվայից եկած պրակտիկանտուհուն, օրինակ, ում հետ նոր-նոր էր ծանոթացել, հայտարարում էր.
– Ես ձեզ այնպես եմ սիրում, որ նույնիսկ ծախսերն ինձ չեն կանգնեցնի:
Մի անգամ նրան ասում եմ.
– Մի՛շկա, ես սուրբ չեմ: Բայց դու չորս տիրուհի ունես: Շուտով Նոր տարի է: Հո չորսին էլ չե՞ս կարող հրավիրել:
– Ո՞ւր հրավիրեմ,- հարցրեց Շաբլինսկին:
– Ասենք` ռեստորան: Կամ երեկույթի:
– Ինչի՞ չեմ կարող:
– Որովհետև սկանդալ կլինի:
– Բացառված չէ,- մտքի մեջ ընկավ նա:
– Եվ ի՞նչ:
Շաբլինսկին մտածեց, հառաչեց ու ասաց.
– Թե իմանայի՜ր՝ ինչ բարդ խնդիր է…
Մարինայից բաժանվել էր, որովհետև որոշել էր ամուսնանալ: Մարինան կնոջ դերում պիտանի չէր: Մոտ երեսուն տարեկան էր, կրկնում եմ, ծխող, չափազանց շատ բան գիտեր: Միշային հետարքրում էր ավանդական հրեական ամուսնության տարբերակը: Մաքուր աղջիկ` տնական հակումներով: Ինչ-որ մեկը ծանոթացրեց: Իսկապես` անուշիկ Ռոզոչկան, բեղիկներով: Ընթերցասեր է, խելքը տեղը: Հայրիկն առևտրի մեջ է…
Ռոզան աչքերը ճպճպացնելով կրկնում էր.
– Վա՜յ, ոնց ամուսնանամ: Ախր փորձ չունեմ…
– Որձ չունե՞ս,- քրքջում էր Շաբլինսկին:
Իսկ Մարինային լքեց: Եվ այստեղ հայտնվեցի ես: Խոհուն, բարեկիրթ, ազնիվ: Եվ նա ինձ կարծես առաջին անգամ տեսավ: Առաջին անգամ գնահատեց:
Իմ առաքինությունները մի ուշագրավ հատկություն ունեն: Ծաղկում ու տեսանելի են դառնում միայն որևէ այլանդակության ֆոնին: Ահա և ինձ սիրում են լքված տիկնայք:
Սկզբում ժամերով Շաբլինսկու մասին էր խոսում.
– Գիտե՞ս, նա ախր ինձ յուրովի էր սիրում: Մի անգամ հանդիմանեցի. «Չե՛ս սիրում»: Ի՞նչ ես կարծում` ի՞նչ արեց: Վերցրեց շորս, պայուսակս ու կախեց…
– Ինչի՞ց,- հարցնում եմ:
– Աստվա՜ծ իմ… Գիշեր էր: Բացարձակ ինտիմ: Ես ասում եմ «Չես սիրում»: Իսկ նա վերցրեց շորս, պայուսակս ու կախեց: Էն բանից: Որ ապացուցի՝ ինչքան ուժեղ է: Ու ինձ ինչքան է սիրում…
Եվ այսպես, հեռուստատեսությունից գնում եմ Մարինայի մոտ: Նրանց շենքը նորակառույցների շրջանում է, բնակեցված գործընկեր ժուռնալիստներով: Իջնում ես տրոլեյբուսից` պարապուտ է, հսկա շենքը ու ամեն պատուհանում` ծառայակից:
Բարձրացա չորրորդ հարկ, զանգը տալիս եմ: Եվ այստեղ հիշում եմ, որ հագիս Շաբլինսկու պիջակն է: Դուռը բացվեց: Մարինան զարմացած ինձ է նայում: Կարող է մտածում է` խանդից մորթել եմ Շաբլինսկուն ու գողացել նրա ապրանքը…
Կանայք հագուստի հարցում գերբնական հիշողություն ունեն: Կինս մի անգամ ինչ-որ մեկի մասին ասաց. «Դու, ախր, նրան ճանաչում ես: Լա՜վ ես ճանաչում: Անախորժ մարդ է, դարչնագույն քուղերով սև կոշիկներ է հագնում»:
Լավ մարդը միշտ դժվար է շփվում կանանց հետ: Իսկ ես լավ մարդ եմ: Հայտարարում եմ առանց անհարմար զգալու, որովհետև ի՜նչ մի հպարտանալու բան է: Լավ մարդուց համապատասխան վարք են ակնկալում: Բարձր պահանջներ են ներկայացնում: Նա քարշ է տալիս վեհանձնության, խելքի, ջանասիրության, խղճի, հումորի ամենօրյա տառապալից բեռը: Իսկ հետո լքում են հանուն ինչ-որ վերջացած տականքի: Եվ այդ տականքին ծիծաղելով պատմում լավ մարդու առաքինությունների մասին:
Կանայք իսկապես միայն սրիկաներին են սիրում, դա բոլո՛րը գիտեն: Բայց ամեն ոք չի կարող սրիկա լինել: Մի ծանոթ վալյուտչիկ ունեի` Ակուլան: Բահի կոթով էր կնոջը ծեծում: Նրա շամպունը նվիրեց սիրուհուն: Կատվին սպանեց: Կյանքում մի անգամ կնոջ համար լյարդութոքի երշիկով բուտերբրոդ էր պատրաստել: Կինն ամբողջ գիշեր լաց էր լինում խանդաղատանքից: Ինը տարի նրան պահածո էր ուղարկում Մորդովիա: Սպասում էր…
Իսկ լավ մա՞րդը, ո՞ւմ է պետք՝ հարց է ծագում…
– Ի՞նչ է պատահել,- ասում է Մարինան` այդ զգեստափոխման մեջ տեսնելով ինչ-որ սեռական անարգանք: Զգացումների ինչ-որ վիրավորական ու արատավոր փոխարինելիություն…
– Միշկայի պիջակն է,- ասում եմ,- ժամանակավոր, որ պատկառելի երևամ:
– Ուզում ես ինձ առաջարկությո՞ւն անել: (Մաղձոտ հումոր):
– Լուրջ մարդ լինեի` հաստա՛տ:
– Մի՛ վախեցի:
– Թաղման ժամանակ պիտի ելույթ ունենամ: Իլվեսն է մահացել: Ճանաչո՞ւմ էիր:
– Իլվե՞սը: Հեռուստատեսությունի՞ց: Սարսափելի՜ է… Հաց կերե՞լ ես:
– Չեմ հիշում: Իլվեսին տեսած չկամ:
– Արգանակ ունեմ` կարկանդակով, ու բադ:
– Բե՛ր: Գնա՞մ խանութ:
– Ունեմ: Տակը մնացել է…
Գիտե՜մ էս բարեկիրթ տները: Սրբապատկերներ, ինքնաեռներ, զանազան Նեֆերտիտիներ… Ինչ-որ բազմանշանակ խեցիներ… Լիքը գիրք ու բոլորն էլ` նոփ-նոր… Իսկ օղի` տակը մնացե՜լ է: Միշտ տա՜կը: Ո՞ն ց են էդ մակարդակին պահում: Ու` որտեղի՞ց: Ո՞վ է բերել: Լրիվ չի՞ խմել: Ավելի կարևոր գործո՞վ է զբաղվել:
Խանդելու իրավունք չունեմ: Կի՜ն, ալիմենտնե՜ր… Երկար պատմություն է… Կոմպոզիցիան կփլվի…
– Օղին որտեղի՞ց,- հարցնում եմ:- Ո՞վ է եղել էստեղ:
Չեմ խանդում, իմ համար մեկ է: Համարյա մեկ է: Ուղղակի էդպիսի խաղ ենք հորինել:
– Էդիկն էր եկել: Դեպրեսիայի մեջ է:
Նկատի ունի պոետ Բոգատիրյովին: Ձգձգված ազգանուն, ակնոց, խելագար քրքիջ: Տեսել եմ նրա բանաստեղծությունների գիրքը: «Բարու ներքնաձի՞գ» էր, թե՞ «Սրտի կիսորդ»: Էդ կարգի մի բան: Սպիտակ ոտանավոր: Գուցե և սխալվում եմ: Օրինակ, այսպիսի.

Մենք քայլում էինք կողք կողքի` ինչպես երկու արցունք,
Ու չէինք կարողանում միանալ…

Իսկ հետո նշվում էր. «Գիշեր, 21-22 դեկտեմբերի: Լենինգրադ-Տալլին ճեպընթաց»:
– Նա միշտ դեպրեսիայի մեջ է: Աշխատանքային վիճակ: Իսկ Բուշի աշխատանքային վիճակը խումհարն է…
– Չար մի՛ լինի:
– Լա՛վ…
– Ուզո՞ւմ ես նայես օրագրիս մեջ ինչ եմ գրել: Քո վերաբերյալ:
Մարինան բերեց բալագույն նոթատետրը: Կազմին ոսկետառ գրված էր. «Տալլինի կուսակցական կոնֆերանսի պատվիրակին»:
– Էս մի կարդա: Էս էլ մի կարդա: Ա՛յ էս:
«Նա մարմնիս տոնն էր ու հոգուս հյուրը: Գիշեր, 19-20 օգոստոսի, 1975 թիվ»:
Կարդացի ու սարսռացի: Սենյակը լցվեց անտանելի տապով: Երկնագույն պատերը թեք սողացին վեր: Աչքիս առաջ պատկերներ լողացին: Հեղձուկի նոպան ինձ դռնից դուրս շպրտեց: Շրշոցով քսվելով պաստառներին` սուրացի լոգարան: Ձեռքերով հենվելով սառը հախճապակու եզրերին` կռացա լվացարանի վրա: Հետ տվի: Գլուխս խոթեցի ծորակի տակ: Սառցասառը ջուրը ծորաց մեջքիս:
Մարինան նրբանկատորեն սպասում էր միջանցքում: Հետո հարցրեց.
– Երեկ խմե՞լ ես:
– Վա՜խ, հանգիստ թող…
– Նայում ես` լացդ գալիս է, կործանվում է մարդը:
– Գիտե՞ս ինչ,- ասում եմ,- պարտվելը մեր պայմաններում գուցե ավելի արժանապատիվ է, քան հաղթելը:
– Դուրըդ գալիս է քեզ պակասավոր զգալը: Հիանում ես քո անհաջողութուններով, ցուցամոլություն ես անում…
– Լիմոն ունե՞ս:
– Հիմա կբերեմ:
Նստել` լիմոն եմ ծամում: Դեմքիս արտահայտությունը` համապատասխան: Իսկ Մարինան իրենն է պնդում.
– Ճշմարիտ տաղանդը երբևէ ճանապարհ կհարթի իր համար: Վաղ թե ուշ կկայանա: Գրի՛, աշխատի՛ր, Ձգտի՛ր…
– Ձգտում եմ: Ու կարծես արդեն հասել եմ: Կենտկոմի մշակույթի գծով հրահանգիչը շշպռեց: Լսի՜, բա ո՞ւր է էդ… Ասում էիր` տակը կա…
Մարինան ինչ-որ անհեթեթություն բերեց, արտասահմանյան շշով, երկու գավաթ: Միացրեց նվագարկիչը: Բնական է` Վիվալդի: Վաղուց արդեն զուգորդվում է խմելուն…
– Գիտե՞ս,- ասում եմ,- վաղուց էի նորմալ պայմաններ երազում:
– Ես քեզ ուզում եմ ուժեղ, պայծառ, նպատակասլաց տեսնել:
– Դա նշանակում է նմանվել Շաբլինսկուն:
– Բոլորովի՛ն: Բնական եղիր:
– Ըստ երևույթին ինձ համար բնականը անբնական լինելն է:
– Ամեն ինչ բարդացնում ես: Օրինավոր մարդ լինելն էնքան էլ մեծ նվաճում չի:
– Գուցե փորձե՞ս:
– Կոպտելը պարտադիր չի:
Իսկապես, մտածում եմ, էս ինչ եմ անում… Գեղեցիկ կին: Հերիք է ձեռդ պարզես: Պարզեցի: Անջատեցի երաժշտությունը: Շուռ տվի գավաթը…
Լսում եմ. «Մի՛շկա, մեռա՜»: Ու հազիվ լսելի կերկերուն զնգոց. Մարինան հեռավոր, ազատ, անտեսանելի, ավելորդ ձեռքով տեղը դրեց գավաթը…
– Միշկան,- ասում եմ,- գործուղման է:
– Աստվա՜ծ իմ…
Ամեն ինչ զզվեցրել էր, ու ես հեռացա: Ավելի ճիշտ` մնացի:

Առավոտյան ելույթիս տեքստը պատրաստ էր.
«Ընկերնե՛ր: Տխուր հանգամանքն է մեզ բերել այստեղ: Վախճանվել է Հուբերտ Իլվեսը, ականավոր կառավարիչ, կուսակցական, պարտքի մարդ…»: Հետո գալիս էր ծառայությունների թվարկումը: Աշխատանքային գրքույկի փոքր-ինչ գեղարվեստականացված տարբերակ: Եվ վերջապես` եզրափակումը. «Նրա հիշատակը կապրի մեր սրտերում…»:
Թուղթը ձեռքիս գնացի հեռուստատեսություն: Այնտեղ կարդացին ու ասում են.
– Մի քիչ վերացական է: Ասենք, դա նույնիսկ ավելի լավ է: Ի հակադրություն ավելի պաշտոնական ելույթների:
Զանգեցի խմբագրություն: Ասացին.
– Հուղարկավորման հանձնաժողովի տրամադրության տակ ես: Մինչև վաղը: Չա՛ո:

Հուղարկավորման հանձնաժողովում իրարանցում էր խմբագրության ծանոթ մթնոլորտը հիշեցնող իրարաանցում էր` կեղծ մտահոգությամբ ու բարձրագոչ, տենդագին ստերջությամբ: Սանդղահարթակում, հրշեջ վահանակի մոտ ծխում էի: Այստեղ ինձ ձայն տվեց Բըկովերը: Ցանկացած խմբագրությունում այդպիսի տարօրինակ կերպար կա` հրեա, խելառ, խելացի: Ինչպես ուզածդ բնակավայրում` թաղի գիժը:
Բըկովերի ճակատագիրը բավական ուշագրավ է: Ռևելցի ֆաբրիկատիրոջ կրտսեր որդին էր: Քեմբրիջն էր ավարտել: Հետո բուրժուական Էստոնիան տապալվեց: Որպես առաջադեմ մտածողությամբ հրեա` Ֆիման հեղափոխության կողմն էր: Ընդունվեց հանրապետական թերթի միջազգային բաժին: (Լեզուների իմացությունը պետք եկավ): Եվ ահա նրան պատասխանատու հանձնարարություն են տալիս: Զանգել Դիմիտրովին, Բուլղարիա: Շնորհավորանք պատվիրել Էստոնական սովետական հանրապետության հոբելյանի առթիվ: Բըկովերը զանգեց Սոֆիա: Խոսափողը վերցրեց Դիմիտրովի քարտուղարը:
– Տալլինն է խոսում,- հայտարարեց Բըկովերը` իր կարդացածությամբ հանդերձ հրեա մնալով: – Տալլինն է խոսում,- ասաց նա:
Ի պատասխան հնչեց.
– Թանկագին ընկեր Ստալին: Բուլղարիայի ազատատենչ ժողովուրդը ողջունում է ձեզ: Թույլ տվեք աշխատավորության անունից զեկուցել…
– Ես Ստալինը չեմ,- բարեհոգի ուղղեց Բըկովերը,- ես Բըկովերն եմ: Իսկ զանգահարում եմ այն առումով, որ լավ կլիներ մի կարճլիկ շնորհավորանք կազմակերպեիք հոբելյանի առթիվ… Տառացիորեն մի քանի բառ…
Քառասուն րոպեից Բըկովերին ձերբակալեցին: Սրբապիղծ համադրության համար: Սրբությունն անարգելու համար: Ապուշության համար:
Դրանից հետո շատ ջրեր հոսեցին: Հետաքննություն, կարճատև ճամբար, ռազմաճակատ, որտեղ Բըկովերը ավազով ու մոխրաջրով կովի մսեղիք էր լվանում: («Ասում էիք` մարամաս լվա, ես էլ մարամաս եմ լվացել»): Վերջապես նա վերադարձավ: Աշխատանքի ընդունվեց ինչ-որ գրադարանում: Դիպլոմ չուներ (Քեմբրիջը հաշիվ չի): Վճարում էին ութսուն ռուբլի: Իսկ այդ ընթացքում Բըկովերն ամուսնացել էր: Կինը շարունակ հիվանդ էր, բայց կանոնավոր ծննդաբերում էր: Աղքատ, վախեցած, կիսախելագար` Բըկովերն օրերով ցցվում էր խմբագրությունների միջանցքներում: Բացառիկ փուչ բովանդակությամբ գրոշանոց լուրեր էր գրում: ««Կալև» ֆաբրիկայի մոտ որմզդեղն են տեսել», «Պաշտոնաթող մայորի տանը ծաղկեց հսկա կակտուսը», «Տպագրվել է Գրիգորովիչի հերթական հատորը»: Եվ այսպես շարունակ: Բըկովերն ամեն օր զանգում էր ծննդատուն` եռորյակներ չե՞ն ծնվել: Ամեն ամիս լայն սպառման ապրանքանու նորույթների տեսություն էր գրում: Ամեն տարի տեղեկատվություն էր պատրաստում որսի սեզոնի բացման մասին: Բոլորս նրան սիրում էինք:
– Ողջո՛ւյն, Ֆի՛մա,- ասացի ես սրբապղծորեն զվարթ ձայնով:
– Ի՜նչ դժբախտություն, ի՜նչ դժբախտություն,- պատասխանեց Բըկովերը:
– Ասում են` հանգուցյալը սրիկայի մե՞կն էր:
– Էն խոսքը չի, էն խոսքը չի:
– Լսի՛, Ֆի՛մա,- ասում եմ,- գոնե մի անգամ փորձե՞լ ես մեջքդ շտկել: Խոսել ամբողջ ձայնով:
Բըկովերն այնպես նայեց, որ կարմրեցի:
– Գիտե՞ս ինչ կուզեի,- ասաց նա:- Կուզեի անտեսանելի դառնալ: Որ ընդհանրապես գոյություն չունենամ: Հաճույքով տեղս կփոխեի Իլվեսի հետ, բայց երեխաներ ունեմ: Երե՛քը: Ու ամեն մեկն իր կարիքն ունի:
– Ինչո՞ւ ես եկել:
– Չէի ուզում: Էսպես էի մտածում. ենթադրենք Բըկովերն է մահացել: Մի՞թե Իլվեսը կգար թաղելու: Երբե՛ք: Ուրեմն ես էլ չեմ գնա: Բայց կինս ասում է. «Ֆի՛մա, գնա: Բոլորը գալու են: Էնտեղ պետքական մարդիկ կլինեն…»:
– Իսկ ես պետքակա՞ն մարդ եմ:
– Էնքան էլ չէ: Բայց լավ մարդ ես:
Դուրս նայեց մի օրիորդ` սգո ժապավենը թևին:
– Ո՞վ է էստեղ Շաբլինսկին:
– Ես,- ասում եմ:
– Գիտե՞ք ինչ, Իլվեսը դիարանում է: Կոկիկ հագցրել են, մուգ կապույտ կոստյում: Իսկ փողկապ չի եղել: Փողկապը հենց նոր զարմիկը բերեց: Բացի այդ, դարձածալին պետք է ամրացնել Ժուռնալիստների միության կրծքանշանը…
Ես փողկապով էի: Մի տարի առաջ ֆարցովշչիկ Ակուլան էր տվել: Հենց ինքն էլ կապել էր ինչ-որ տարօրինակ եղանակով: Ա-լյա Ֆրենկ Սինատրա: Այդ օրվանից հանգույցը չեմ քանդել: Այսպես էի անում. հանգույցը թուլացնելով` դանդաղ լայնացնում էի օղակը: Ծայրը դուրս էր մնում: Հետո զգուշորեն հանում էի ճմռթված ականջներով գլուխս: Եվ հակառակը` նույն եղանակով…
– Վախենամ, որ չեմ կարողանա…
– Ես, ընդհանուր առմամբ, գիտեմ,- աաց Բըկովերը:
– Հրաշալի է,- ուրախացավ օրիորդը,- բեռնատարը ներքևում է: Վարորդն է ու հնչյունային օպերատոր Ալտմյաէն: Ահա փողկապն ու կրծքանշանը: Հանգուցյալին տեղափոխեք այստեղ: Այդ ընթացքում արդեն ամեն ինչ պատրաստ կլինի: Արարողությունը սկսվելու է ուղիղ երեքին: Հա՜, Ալտմյաէին էլ ասեք, որ ֆոնը պիտի ցայտուն լինի: Ինքը գիտի…
Մենք հագնվեցինք, մտանք վերելակ: Բըկովերն ասաց.
– Ահա և պետք եկա:
Ներքևում կանգնած էր փակ թափքով բեռնատարը: Հնչյունային օպերատոր Ալտմյաէն ննջում էր խցիկում:
– Բարև, Օ՛սկար,- ասում եմ, – նկատի ունեցի` ֆոնը ցայտուն պիտի լինի:
– Ի՞նչ ֆոն,- զարմացավ Ալտմյաէն:
– Դու գիտես:
– Ի՞նչ գիտեմ:
– Օրիորդը խնդրեց, որ ասեմ…
– Ի՞նչ օրիորդ:
– Լա՛վ,- ասում եմ,- քնի՛:
Բարձրացանք թափք: Բըկովերն ուրախացել էր.
– Լավ է, որ կարող եմ օգտակար լինել: Իլվեսը պետքական մարդ է:
– Ով է պետքական մա՞րդ,- ապշեցի ես:
– Կրտսեր Իլվեսը, որդին:
– Իսկ ինչո՞վ է զբաղվում:
– Աշխատում է պրոպագանդայի բաժնում:
– Նստի,- ասում եմ,- մոտ նստի, էստեղ էնքան էլ թափ չի տալիս:
– Ինձ ամեն տեղ նույն կերպ է թափ տալիս:
Ժամանակին ճամբարային պահնորդ էի: Կալանավորներին տեղափոխում էի ճիշտ այսպիսի մետաղյա ֆուրգոններով: Մեքենան կոչվում էր ավտոզակ: Այնտեղ ընդհանուր «սալոնից» բացի նաև երկու նեղլիկ երկաթե պահարան կար: Դրանց բաժակներ էինք ասում: Ներսում, արմունկներով ու ծնկներով պատերին սեղմված, մի մարդ էր տեղավորվում: Պահակախումբը դրսից էր: Երկաթե դռան մեջ նեղ դիտանցք կար: Կալանավորներն այդ սարքն անվանում էին «Ես քեզ տեսնում եմ, դու ինձ` չէ»: Հանկարծ զգացի, թե ինչ անհարմար է երկաթե բաժակում գնալը: Բայց չէ՞ որ տասնվեց տարի է անցել…
Ֆուրգոնի մետաղյա տանիքին քսվելով` խշշացին ճյուղերը: Ճոճվեցինք. բեռնատարն արգելակեց: Դուրս եկանք: Ծառերի ետևում դեղնին էին տալիս դիահերձարանի պատերը: Դռանը, աջից, զանգի կոճակն էր: Զանգը տվեցի: Վանդականախշ գոգնոցով մի տղամարդ բացեց: Ալտմյաէն հանեց փաստաթղթերն ու ինչ-որ բան ասաց էստոներեն: Հերթապահը ձեռքի շարժումով մեզ ներս հրավիրեց:
– Ես չեմ գա,- ասաց Բըկովերը,- ուշքս կգնա:
– Ես էլ,- ասաց Ալտմյաէն,- հետո մղձավանջներ եմ տեսնելու:
– Լա՜վ եք տեղավորվել,- ասում եմ,- գլխանց պիտի զգուշացնեիք:
– Հույսս դու էիր: Մի չափսերիդ նայի՜…
– Ես փողկապ կապել էլ չգիտեմ:
– Կսովորեցնեմ,- ասաց Բըկովերը:- «Քեմբրիջյան լոտոս» կսովորեցնեմ: Էստեղ կպարապես, էնտեղ կիրագործես:
– Ես կգայի,- ասաց Ալտմյաէն,- բայց շատ տպավորվող եմ: Եվ ընդհանրապես, հանգուցյալներին չեմ սիրում: Բա դո՞ւ:
– Ուշքս գնում է նրանց համար,- ասում եմ:
– Տես ու սովորի,- ասաց Բըկովերը:- Հայելային պատկեր է: Նեղը` էստեղ, լայնը` էստեղ: Երկու անգամ շրջում ենք: Ծայրը հանեցինք: Այ էստեղ բռնում ենք ու կամաց ձգում: Տե՛ս: Սիրուն է, չէ՞:
– Ոչինչ,- ասում եմ:
– «Քեմբրիջյան լոտոսի» առավելությունն այն է, որ հեշտ է քանդվում: Հերիք է այս ծայրից ձգենք ու` վերջ:
– Իլվեսը շատ կուրախանա,- ասաց Ալպմյաէն:
– Հասկացա՞ր` ոնց է արվում:
– Կարծես թե` հա,- ասում եմ:
– Փորձի՛:
Բըկովերը պատրաստակամությամբ դեմ արեց թորշոմած վիզը, որին չորս տեղ սպեղանի էր կպցրած:
– Լա՛վ,- ասում եմ,- չեմ մոռանա:
Դիարանում ցուրտ էր, ու ձայները խուլ արձագանքում էին: Դարչնագույն պատեր, ցեմենտ, ՀՕՊ վահանակ, մարտականորեն կարմիր կրակմարիչ:
– Սա է,- ցույց տվեց հերթապահը:
Պատուհանի մոտ, ալ կարմիր կտավով պատած պատվանդանին դագաղն էր: Ոչ թե սովորական դարչնագույն (չհրկիզվող պահարանի գույնի), այլ` սև, փայլաթիթեղե եզրակարերով:
Իլվեսը կատարելապես մեռած էր թվում: Անկենդան, կաղապարվածքի պես:
Փողկապը ցույց տվի հերթապահին: Պարզվեց, որ նա կարգին ռուսերեն է խոսում:
– Ես բարձրացնեմ, դուք ձգեք:
Ձեռքերը միացրած` նա բարձրացրեց մարմինը, ինչպես գերանն են բարձրացնում: Հետո` մեր ձեռքերի թնջուկն ու իրարանցումը… «Էսպե՛ս… մի քիչ է՛լ…»: Ցցված օձիք, ճմռթված թղթե ժանյակներ…
– Օ’քեյ,- հանգուցյալի մազերը շտկելով` ասաց հերթապահը:
Հանեցի կրծքանշանն ու ամրացրի մուգ շեվյոտե դարձածալին: Հերթապահը բերեց վեց հեղույսներով կափարիչը: Հարմարեցրինք, ձգեցինք, պտտեցինք:
– Տղերքին կանչեմ:
Մտան Ալտմյաէն ու Բըկովերը: Ֆիման աչքերը պինդ փակել էր: Ալտմյաէն գունատ ժպտում էր: Հանեցինք դագաղն ու զզվելի ճռնչոցով հրեցինք թափքը:
Ալտմյաէն նստեց խցիկում: Բըկովերն ամբողջ ճանապարհին լուռ էր: Իսկ երբ մոտենում էինք, փիլիսոփայորեն ասաց.
– Ապրեց, ապրեց մարդը ու մեռավ:
– Ուրիշ ի՞նչ էիր ուզում,- ասում եմ:

Ժողովուրդը հավաքվել էր նախասրահում: Խոսում էին շշուկով: Պատերին աչքի էին ընկնում «Մոլորակի պատանեկությունը» լուսանկարչական ցուցահանդեսի ցուցանմուշները:
Դուրս եկավ թևկապով անծանոթ մի տղամարդ ու բարձրաձայն հայտարարեց.
– Կարելի է ծխել:
Այդ փոքրիկ մարդասիրական ապօրինությունը գոհացրեց վշտացյալներին:
Բազմության մեջ անաղմուկ շրջում էին կարգադրիչները: Ոչ մեկին չէի ճանաչում: Ըստ երևույթին թաղման ծիսակատարությունները խախտում են սովորական հիերարխիկ համակարգը: Անանուն մարդիկ են հայտնվում: Նրանցից, որ պատրաստ են կամավոր զբաղվել այդ գործով:
Մոտեցա կարգադրիչին.
– Դագաղը բերեցինք:
– Իսկ մալուխ վերցրի՞ք:
– Մալո՞ւխ: Առաջին անգամ եմ լսում:
– Լավ,- ասաց նա, կարծես վրիպումս աննշան լիներ: Հետո, վշտահարությունը պահպանելով` բարձրացրեց ձայնը:- Մեքենա նստենք, ընկերնե՛ր:
Երկու կին, ուշացած ու հապճեպ, եղևնու ճյուղեր էին փռում հատակին:
– Կարծես թե էլ պետք չենք,- ասաց Ալտմյաէն:
– Ինձ հանձնարարված է ելույթ ունենալ:
– Վերջում ես խոսելու: Սկզբում ելույթ կունենան Կենտկոմի ընկերները: Հետո արդեն` ով չալարեց: Բոլոր ցանկացողները:
– Ի՞նչ է նշանակում` բոլոր ցանկացողները: Ինձ հանձնարարված է: Ու տեքստն էլ` մակագրված:
– Բնականաբար: Քեզ հանձնարարված է ցանկացող լինել: Ցուցակը տեսել եմ: Ութերորդն ես: Լեմբիտից հետո: Նա ուզում է, որ բոլորը երգեն: Էդպիսի երգ կա` «Կռունկներ»: «Երբեմն թվում է` զինվորները…»: Եվ այլն, և այլն: Եվ ահա Լեմբիտն առաջարկում է երգել ի պատիվ Իլվեսի:
– Բայց ո՞վ կերգի: Էն էլ էս ցրտին:
– Բոլորը: Այ կտեսնե՜ս:
– Դու, օրինակ, երգելո՞ւ ես:
– Չէ,- աաց Ալտմյաէն:
– Իսկ դո՞ւ,- հարցրի Բըկովերին:
– Պետք լինի` կերգեմ,- պատասխանեց Ֆիման…

Ժողովուրդը շարժվեց դեպի ելքը: Շատերը ծաղկեպսակներ էին տանում, ծաղկեփնջեր ու թաղարով ծաղիկներ: Մուտքի մոտ կանգնել էր վեց ավտոբուս ու մեր ֆուրգոնը: Մոտեցավ կարգադրիչը.
– Ընկեր Շաբլինսկի՞:
– Նա գործուղման է:
– Բայց դուք «Սովետական Էստոնիայից» եք, չէ՞:
– Հա: Ինձ հանձնարարել են…
– Աճյունը դո՞ւք եք բերել:
– Մենք` երեքով:
– Այստեղից էլ կուղեկցեք: Կգնաք հատուկ մեքենայով: Իսկ սա` որ չմրսեք:
Նա ինձ մի ղլղլացող ծրար տվեց: Քողարկված հոնորար: Մի կում` գրոհից առաջ: Շփոթվեցի, բայց՝ անխոս: Ծրարը խցկեցի գրպանս: Պատմեցի Բըկովերին ու Ալտմյաէին: Մտանք բուֆետ, բաժակներ խնդրեցինք: Ալտմյաէն երեք բուտերբրոդ առավ: Նախասրահը դատարկվել էր: Եղևնու ճյուղերը սևին էին տալիս փայլուն դեղին հատակին: Մոտեցանք ֆուրգոնին: Վարորդն ասաց.
– Խցիկում տեղ կա:
– Ոչինչ,- ասում է Ալտմյաէն:
– «Պստիկը» տա՞նք իրան,- շշուկով հարցրի ես:
– Երբե՛ք, կյանքո՛ւմ,- կտրեց Բըկովերը:

Դագաղը նախկին տեղում էր: Որոշ ժամանակ նստել էինք կիսախավարում: Շարժիչն աշխատեց: Ալտմյաէն բուտերբրոդները դրեց դագաղի կափարիչին: Ես հանեցի խմիչքը: Ֆիման ատամներով պոկեց թիթեղյա անհովհար կափարիչը: Բաժակներն անաղմուկ զնգացին: Մեքենան շարժվեց:
– Ողորմի՛,- տխուր ասաց Բըկովերը:
Ալտմյաէն մի պահ կորցրեց իրեն ու գոչեց.
– Լա՜վ է:
Խմեցինք, շշերը խցկեցինք նստարանի տակ: Թուղթը շպրտեցինք պատուհանից:
– Բաժակները պետք է վերադարձնել,- ասում եմ:
– Դեռ պետք կգան,- նկատեց Բըկովերը:

Ֆուրգոնը ուղանցում ցնցվեց:
– Նշանակետի մոտ ենք,- ասաց Բըկովերը:
Ձայնի մեջ կյանքի ունայնության երանգներ լսվեցին:
Լիննամետսա գերեզմանատունը բլուրների վրա է, սոճիներ են այնտեղ ու մամռապատ տպավորիչ գլաքարեր: Նայելով այդ դեկորատիվ քարերին` լրագրողները կշտապեն ասել. «Սառցաշրջանի մնացորդներն են»: Կարծես քարացել ու լավ հիշում են նախապատմական ժամանակները:
Այստեղ ամեն ինչ համապատասխանում է անմահության և անդորրի գաղափարին: Վաղնջական ամրոցի ավերակների պես հառնել են բլուրները: Հեռվում մռնչում է անտեսանելի ծովը: Սոճիները սաղարթներն են ճոճում: Նրանց դեղնավուն համաշար բների կեղևը թեփուկոտ է:
Ոչ մի հայտարարություն, ցուցապաստառ, կրպակ ու աղբարկղ: Ջրի և քարի հանդիսավոր դաշինք: Լռությո՛ւն:
Մենք դուրս եկանք գերեզմանատան գլխավոր ծառուղին, որ հատված էր սոճիների ստվերներով: Վարորդն արգելակեց: Բացվեց երկաթյա դուռը: Մեր ետևից ավտոբուսների շարասյունն էր: Կարգադրիչը մոտեցավ.
– Քանի՞ հոգի եք:
– Երեք,- ասում եմ:
– Երեքն էլ է պետք:
Հասկացա, որ դագաղը դեռ մեր քաշելիքն է:
Ավտոբուսի մոտ խմբվել էին մարդիկ` ծաղկեպսակներով ու ծաղկեփնջերով: Անսպասելի դղրդաց երաժշտությունը: Առաջին հզոր ակորդն ուղեկցվեց արձագանքով: Մեզ միացան երեք ամրակազմ տղաներ: Երիտասարդական թերթի արտահաստիքայիննները: Նրանցից մեկի հետ հաճախ պինգ-պոնգ էի խաղում: Դագաղը հանեցինք: Հետո շրջվեցինք ու տեղ գրավեցինք շարասյան գլխամասում: Հնչեց Շոպենի թաղման քայլերգը: Ծանր բեռան տակ դանդաղ քայլելը տառապանք է: Հոգնել էի: Ձեռք փոխելն անհնար էր:
Բըկովերը հանկարծ խեղդված ձայնով ասաց.
– Ծա՜նր է, սողո՜ւնը…
– Արագ գնանք,- ասում եմ:
Մի քիչ արագացրինք: Նվագախումբն էլ արագացրեց: Ավելի՛ արագ: Գնում ենք: Բըկովերն ասում է.
– Հիմա կգցեմ:
Եվ` ավելի բարձր.
– Փոխարինեք մեզ, ընկերնե՛ր… Ալյո՜:
Նրան փոխարինեց ռադիոմեկնաբան Օյան:
Ծառուղու վերջին սևին էր տալիս ուղղանկյուն գերեզմանափոսը: Կողքին թարմ հողի բլրակն էր: Երաժիշտները շարվել էին կիսաշրջանաձև: Սպասելով դադարի` իջեցրինքդագաղը: Հավաքվածները շրջապատեցին գերեզմանը: Կարգադրիչն ու օգնականները հանեցին դագաղի կափարիչը: Համոզվեցի, որ փողկապը տեղում է ու քաշվեցի ծառերի տակ: Հեռուստատեսության տղերքն սկսեցին սարքավորումները տեղադրել: Լամպերի վառ լույսն անհարկի էր թվում: Խոտերի մեջ սևին էին տալիս լարերը: Մոտեցան Բըկովերն ու Ալտմյաէն: Ըստ երևույթին օղին միավորել էր մեզ: Ծխեցինք: Կարգադրիչը լռություն պահանջեց: Խոսեց առաջին հռետորը` վելվետե նոփ-նոր գլխարկը ձեռքին: Չէի լսում: Հետո էլի խոսողներ եղան: Լսվում էին հեռուստատեսության ջահելների առույգ փոխկանչերը:
– Ուղիղ հեռարձակում է,- ասաց Բըկովերը: Հետո ավելացրեց:- Անձամբ ինձ շան պես կթաղեն:
– Էպիդկայանը թույլ չի տա,- արձագանքեց Ալտմյաէն:- Դեպի մահ ճանապարհը սալարկված է անբովանդակ տեղեկատվությամբ:
– Լավ էլ բովանդակալից է,- բորբոքվեց Բըկովերը:
Խոսքը տվեցին «Ըխտու լեխտ» թերթի ինչ-որ պատասխանատու աշխատակցի: Մի արտահայտություն որսացի. «Նրա պապն ու հայրը պայքարել են էստոնական ինքնակալության դեմ»:
– Է՜ս ինչ էր,- ապշեց Ալտմյաէն:- Էստոնիայում ինքնակալություն չի եղել:
– Ցարիզմի դեմ, էլի՛,- ասաց Բըկովերը:
– Էստոնական ցարիզմ էլ չի եղել: Եղել է ռուսական ցարիզմ:
– Այ հրեական ցարիզմ իսկապես չի եղել,- նկատեց Ֆիման,- ինչ որ չի եղել` չի եղել:
Մոտեցավ կարգադրիչը:
– Դուք Շաբլինսկի՞ն եք:
– Նա գործուղման է:
– Ախ, հա՜… Պատրա՞ստ եք: Էս չէ, մյուսը դուք եք…
Ալտմյաէն ծխախոտ հանեց: Վառիչը չէր աշխատում. բենզինը վերջացել էր: Բըկովերը գնաց լուցկի բերի: Մի րոպեից հետ եկավ ոտների ծայրերին ու ձեռքերը թափահարելով` ասաց.
– Հիմա ծիծաղից կմեռնեք: Էս Իլվեսը չի:
Ծխախոտն ընկավ Ալտմյաէի բերանից:
– Ո՞նց թե,- հարցրի ես:
– Իլվեսը չի: Ուրիշ մարդ է: Ավելի ճիշտ` հանգուցյալ…
– Ֆի՛մա, հասկանո՞ւմ ես ինչ ես ասում:
– Ասում եմ քեզ` Իլվեսը չի: Նույնիսկ նման չի: Ի՞նչ է, Իլվեսին չե՞մ ճանաչում:
– Գուցե սադրա՞նք է,- ասաց Ալտմյաէն:
– Երևի շփոթել ես:
– Հերթապահն է շփոթել: Ես Իլվեսին տեսած չկամ: Մի բան պիտի արվի,- ասում եմ:
– Է՜լ ինչ կուզեիր,- ասաց Բըկովերը,- բա ուղիղ հեռարձակո՞ւմը:
– Բայց էս հեչ բանի նման չի:
– Գնամ նայեմ,- ասաց Ալտմյաէն:
Գնաց, վերադարձավ, ասում է.
– Իսկապես` Իլվեսը չի: Բայց նմանություն կա…
– Բա հարազատներն ու մերձավորնե՞րը,- հարցնում եմ:
– Իլվեսը, ճիշտը որ խոսենք, հարազատներ ու մերձավորներ չունի,- ասաց Ալտմյաէն,- անկեղծ ասած, նրան չէին սիրում:
– Բա ասում էին` տղա՜ն, զարմի՜կը…
– Քեզ դիր նրանց տեղը: Հեռուստահաղորդումը գնում է: Եվ ընդհանրապես` պատասխանատու միջոցառում…

Գերեզմանի մոտ սկսեցին երգել: Առանձնանում էր կենցաղի բաժնի Լյուբա Տորշինայի սուր դիսկանտը: Այստեղ կարգադրիչը գլխի շարժումով կանչեց ինձ: Մոտեցա գերեզմանին: Վերջապես երգեցողությունը դադարեց:
– Հրաժեշտի խոսք ունի…
Հասկանալի է` սխալ ասաց ազգանունս.
– Հրաժեշտի խոսք ունի ընկեր Դոլմատովը:
Ով ասես չեմ եղել կյանքում` է՛լ Դոկլադով, է՛լ Զապլատով…
Գնացի դեպի գերեզմանը: Փոսում ջուր էր հավաքվել ու ճերմակին էին տալիս կտրտված արմատները: Կողքին, հատուկ իշոտնուկի վրա դրված դագաղը ստվեր էր գցել: Անհայտ հանգուցյալը թաղվել էր ծաղիկների մեջ: Մի կտոր դեմք որբացած նայում էր խոլորձի ու գլադիոլուսների ճերմակ փրփուրից: Վրիպած անունով հանգուցյալն իր էր թվում: Տեսա` սոճիներն ինչպես են իրենց վրա կրում կապույտ վրանի գմբեթը: Ասես հեռուստաէկրանին` թռան-անցան արջնագռավները: Եկեղեցու կուրացուցիչ դեղին գմբեթաձողը, հառնելով Մուստմյաէի տների վրա, ընդգծում էր նրանց տխուր, գորշավուն սովորականությունը: Գերեզմանը շրջապատել էին մուգ վերարկուներով անծանոթ մարդիկ: Զգացի ծաղիկների ու փշատերևի խեղդուկ հոտը: Անհարմարավետ նաշի կողերը սեղմում էին ուսերս: Թափված թերթիկները խուտուտ էին տալիս կրծքիս ծալած ձեռքերս: Գլխավերևս իրար էր անցել հեռուստաթղթակիցը: Հեռավոր, ինքնահիացման երանգով ձայն էր լսվում.

«…Ես չէի ճանաչում այս մարդուն: Նրա հոգին, մղումները, տոկունությունը, արիությունը, հիասթափություններն ու հույսերը: Չեմ հավատում, որ ճշմարտությունը նրան տրվում էր առանց որոնման: Չեմ կարծում, թե մարող հայացքը բացահայտել է խելահեղ կյանքի, տեսանելի խորամանկությունների, անհաղթանակ հաղթահանդեսների և անվիշտ պարտության սահմանաչափը: Համոզված չեմ, որ հասկացել է, թե ուր ենք գնում և որն է ուրախալին ու արժեքավորը մեր ջղաձիգ նահանջի մեջ: Բայցևայնպես, նա այստեղ է… սեփական ընտրությամբ…»:

Ուժգնացող քրթմնջոց էի լսում: Խուլ ձայնարկումներից բաղադրվում էր. «Էս ի՞նչ է խոսում…»: Մեկը քաշեց թևս: Ուսս թափ տվի: Շարունակեցի ավելի արագ.
«…Ինչի՞ մասին եմ մտածում այս շիրմի առջև: Մարդկային հոգու գաղտնիքների մասին: Մահվան ու հոգեկան վշտի հաղթահարման մասին: Կեցության օրենքների, որ ծնունդ են առել հազարամյակների խորքում և կապրեն, քանի չի մարել արեգակը…»:
Ինչ-որ մեկն ինձ հետ քաշեց:
– Չհասկացա,- ասաց Ալտմյաէն,- ի՞նչ նկատի ունեիր:
– Ես էլ չհասկացա,- ասում եմ,- շուրջս ինչ-որ քաոս է:
– Ես ամեն ինչ պարզեցի,- ասաց Բըկովերը: Դեմքը ողողվել էր գաղտնիքին թաքուն հաղորդվելու խորամանկ լույսով:- Սա ձկնորսական կոլխոզի հաշվապահն է` Գասպլը: Իլվեսին որպես Գասպլ հիմա թաղում են Մերիվյալյայի գերեզմանատանը: Այնտեղ ահավոր սկանդալ է: Հենց նոր զանգեցին… Ընտանիքը հիստերիայի մեջ է… Որոշվել է թաղել ինչպես որ կա…
– Երևի վաղը կամ էս իրիկուն տապանաքարերը կփոխեն,- ասաց Ալտմյաէն:
– Ոչ մի դեպքում,- առարկեց Բըկովերը:- Իլվեսը նոմենկլատուրային աշխատող է: Պիտի թաղված լինի արտոնյալ գերեզմանոցում: Անխախտ կարգ կա: Գիշերը դագաղները կփոխեն…
Ես հանկարծ կորցրի իրականության զգացումը: Բացված աշխարհում հեռանկար չկար: Ապագան լեռնացել էր թիկունքում: Ապրվածը ծածկել էր հորիզոնը: Ինձ սկսեց թվալ, որ ներդաշնակությունը բանաստեղծներն են հորինել` ցանկանալով հուզել մարդկանց սրտերը…
– Գնա՛նք,- ասաց Բըկովերը,- պետք է տեղ զբաղեցնել ավտոբուսում: Թե չէ ստիպված էլի երկաթե արկղն ենք մտնելու…

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Новое небо для Луны
Элен Йолчян

Новое небо для Луны

Де Профундис
Де Профундис
Играть онлайн