Рубен Севак

Կիլիկյան երգեր

Ա.

Վրեժին սերմնացանը


Քե՛զ, ցասումի վայրագ հեղեղ գահավեժ,
Արդարության փայփայելի մո՜ւթ հըրեշ,
Խավարներու ահե՛ղ ծընունդըդ, Վրե՛ժ,
Ողջո՛ւյն, տաղե՜րս քեզի՛…

Մոխրի՜ն կուտամ սրտիս վերքերն ախտագին…
Ամենո՛ւն վերքն, անսահմա՜ն վերքը ազգին,
Արդարության ծարա՛վը, մա՛հն հավատքին,
Երգին ՝ տաղե՜րըս քեզի՛…

Ու ես կուգա՜մ.- Մութ շանթերու սերմնացան-
Այդ ակոսեն, ուր արյուններ լճացա՜ն,
Գիշերներով, չար հովերով, ցիրուցա՜ն,
Ցանել՝ տաղե՜րս քեզի…

Բաբե՜, եթե այս բազուկս կարևեր
Չը սորվեցավ զարնել… Գոնե անվեհեր
Ցանքես Մահու առաքյալնե՜ր, հսկանե՜ր
Կը ծնին ՝ տաղե՜րըս քեզի…

Բ.

Վերջին օրոր

Օրո՜ր, օրո՜ր… օրո՜ր ըսեմ՝ քնանաս,
Վիրավոր հորըդ ճիչերն ա՜լ չիմանաս,
Ծիծես ծըծածըդ թույն է… կաթ չի գիտնաս…
Օրո՜ր ըսեմ՝ քնանաս։

Արյուն հեղեղ հորդեց այս սուրբ ձորերե,
Բայց չի փախի՛ս, փարե՛ երկրիդ, զայն սիրե՛,
Հողիդ վրա գերի մ'ըլլար, այլ տիրե՛…
Օրո՜ր ըսեմ՝ քնանաս։

Հորըդ վըրա եթե անշո՜ւնչ չինկա ես,
Զի ուխտեցի՛ Հռոմի էգ գայլին պես
Նոր Ռոմուլոս մը դիեցնել ստինքես…
Օրո՜ր ըսեմ՝ քնանաս։

Բազուկներուս պարա՜ն, ոտքիս ալ կացի՜ն,
Ստինքիս զո՜ւյգ պտուկներն ալ կտրեցին։
Վերքես արյունս ծծե, որդյակ միածին…
Օրո՜ր ըսեմ՝ քնանաս։

Ահա կ'իյնամ… Հայաստանը մա՜յր քեզի,
Կտակ կուտամ այս կոտրած սուրն երկսայրի՝
Ուր հայրիկիդ դեռ տաք արյունը կ'այրի…
Օրո՜ր ըսեմ՝ քնանաս։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Ноктюрн
Эдуард Багдасарян

Ноктюрн

Рождение Тороса Рослина
Рождение Тороса Рослина
Играть онлайн