Раффи

Ակն ընդ ական

Ա

Ամառային գեղեցիկ երեկոներից մինն էր:

Մի հոյակապ երեքհարկանի տան վերին սենյակներից մինի մեջ, եվրոպական փառավոր կիսաթախտի վրա, ծանր նստած էր Շնիգելենց Բաստամ Մարտինիչը:

Դա մի մարդ էր քառասուն տարեկան, միջակ հասակով, ուռած փորով, կոլորված յուր չուխայի մեջ, ձևացնում էր մի կլորիկ գունդ, որ ավելի նման էր գինետների տճկորներին, քան թե ադամորդու:

Նրա աղյուսագույն կարմիր դեմքը, խուզած ընչացքը, խնամքով ածելած ուռած թշերը միախառնվելով հաստ շլնքի հետ, կազմում էին վրացու փլած պարկ:

Նրանցից հեռու, թանկագին բազկաթոռի վրա նստած էր մի մանկահասակ տիկին, ոտքից ցգլուխ հագնված փառավոր հագուստներով: Նրա գեղեցիկ, նույն րոպեին գունատված դեմքը, խիստ տխուր էր, նրա սևորակ աչքերում նկարված էր խորին տհաճություն, բորբոքված ներքին վրդովմունքով:

Անան ջան, քու հոգուն մատաղ, ասաց Բաստամ Մարտինիչը. Վասոն մի ղարիբ-մունդրեկ տղա է, միր քաղքումը օչով օքմին չունե, էսքան տարի դուքնումս պահիլ իմ նրան, մինձացրիլ իմ, հիմի նուր խելքը բան է կտրում, առուտուրը մի քիչ սորվիլ է, ինձ պետքն է գալիս... Ամա դու ասում իս, վուր նրան դուրս անիմ, Անան ջան, հիմի վո՞ւնց կուլի վուր նրան դուրս անիմ: Մի քանի տարի էլ թո՜ղ մնա, խելոք տղա է, ավելի բան կու սորվի, իժում թե միզմեն դուրս էլ գնա, իրա համա կանա մի դուքան սարքի, սակութար առուտուր անի, մի կտոր հացի տեր դառնա: Էն վուխտը գիտի՞ս միզ համա վո՜ւրքան պարծանք է, երբ կոսին, Բաստամ Մարտինիչի հասցրած տղեն է…

Գեղեցիկ տիկինը, թեև համբերությամբ լսեց յուր ամուսնու խոսքերը, այսուամենայնիվ նրանք խիստ վատ տպավորություն ունեցան յուր սրտի վրա: Նա դարձավ դեպի Բաստամ Մարտինիչը, ասելով՝

Ա՜ մարդ, գժվիլ ի՞ս, թե խիլքդ կորցրիլ իս, էդ ինչե՞ր իս խոսում: Գանա դու մարդ չի՞ս, գանա դու նամուս չունի՞ս... Ես գիտիմ վուր չունիս... (խոսքը փոխեց նա): Թե վուր դու նամուսով մարդ ըլեիր, խալխի էսքան բամբասանքը, էսքան թուք ու մուրը, վուր քիզ տալիս ին էն տղի խաթրու, քիզ կու խրատեին: Բայց մարդ չիս, դուն էլի լիս ամաչում, դուն էլի քու ծուռը ճամփով իս գնում...:

Այդ նախատական խոսքերը, որոնք կատաղության չափ կարող էին բորբոքել մի այլ տղամարդու, կարծես թե չազդեցին Բաստամ Մարտինիչի քարացած սրտին, որովհետև նա վաղուց էր սովորել անամոթ կերպով յուր երեսին թուք ու մուր կրելը…: Միայն նա յուր սովորական կոշտությամբ դարձավ դեպի յուր տիրուհին, ասելով՝

Գանա դու կարծում իս, ինչ վուր ասում ին ինձ համա էն տղի խաթրու, դիփ ղուրթ ին ասո՞ւմ:

Ի՞նչ բան կա աշխրքումս, վուր թաքուն մնա, պատասխանեց տիկինը: Գանա խալխն աչք չունե՞, գանա խալխը խիլք չունե՞: Գանա նրանք չին գիտո՞ւմ քու դուքնումը ի՜նչիր են ըլո՞ւմ... Ասինք թե դուն գժված իս մի խայտառակ սիրով, ու վուչինչ չիս հասկանում, մագրամ մե աստվածդ էլա միտդ բեր, մե փիքր արա, վուր դուն ջահիլ կնիկ ունիս...:

Եվ գեղեցիկ տիկինը չկարողացավ վերջացնել յուր խոսքը, արտասուքը խեղդեցին նրան, և մարգարտյա կաթիլներն սկսան գլորվել նրա սպիտակ թշերի վրա:

Կնոջ ողորմելի դեմքը երևի ճմլեց Բաստամ Մարտինիչի վայրենի սիրտը, և նա, բարձրանալով կիսաթախտից, մոտեցավ յուր ամուսնուն, բռնեց նրա ձեռքը, ասելով.

Անան ջան, քու հոգուն մատաղ, մի՜ հավատա բամբասանքներին, դուն իս իմ սերը, դուն իս իմ հրեշտակը, ես քեզ սաղ աշխրքի հիդ չիմ փոխի:

Տիկինն ուշադրություն չդարձրեց այդ խոսքերին, որովհետև առաջին անգամը չէր, որ նա լսում էր յուր ամուսնուց այդպիսի բառեր:

Իսկ Բաստամ Մարտինիչը չոքեց նրա առջև և երեսը դարձնելով դեպի անկյունում դրած սուրբ տիրամոր պատկերը, ասաց.

Տե՜ս, թե սուտ ըլիմ ասում, էս սուրբ աստվածածինն ինձ փչացնե, թե սուտ ըլիմ ասում, դժոխքի փայ դառնամ, սատանեքանց ճանկերումը քրքրվիմ, թե սուտ ըլիմ ասում, հոբ երանելի պես օրթունքի կերակուր դառնա իմ ջան ու ջիգարս.... հավատա՜, Անան ջան, վուր ես քիզմե սավայի ուրիշ սեր չիմ գիտի...:

Տ. Աննայի սիրտը քնքուշ էր: Այդ սարսափելի երդումները լսելուց հետո նրա կասկածանքները փարատվեցան, և նրա սրտում այլևս ոչինչ երկբայություն չմնաց դեպի յուր ամուսնու հավատարմությունը:

Բ

Տ. Աննան էր մինը այն կանանցից, որի ամուսնությունը կարող է համարվել բախտավորություն յուր տղամարդուն:

Նա գեղեցիկ ամուսին էր. նա բարեսիրտ կենակից էր. նա խելացի տանտիկին էր:

Նրա ծնողքը, թեև մեծ հարսնաբաժինքով, այնուամենայնիվ տվին նրան Բաստամ Մարտինիչին, քառասնամյա փտած և մոլաբարո վաճառականին, միայն աչքի առաջ ունենալով, որ նա հարուստ էր, և նրա փողով իրանց աղջիկը կարող էր բախտավոր լինել:

Իրավ է, նրանք իրանց հաշվի մեջ սխալվեցան, այսուամենայնիվ այդ սխալմունքը նրանց զգալի չէր, թեև շատ, անգամ նրանք լսում էին իրանց դստեր գանգատները յուր տղամարդուց և շատ անգամ տեսնում էին նրա արտասուքը:

Նա ամբողջ երկու տարի էր ինչ պսակվել էր Բաստամ Մարտինիչի հետ, բայց տակավին ոչ մի երեխա չուներ: Անզավակ մնալու ցավն ավելի ևս շատ էր տանջում նրան...:

Մի օր երեկոյան պահուն նա միայնակ նստած էր իրանց պատշգամբում և բարձրից տխուր կերպով նայում էր լայն փողոցից անցուդարձ անողների վրա: Ամեն մի առարկա, ամեն մի տեսարան, ներգործում էին նրա սրտին անախորժ տպավորություններ, զարթեցնում էին նրա մեջ դառն զգացմունքներ.... Կարծես թե նա երբեք չէր հրապուրվում յուր շրջապատող երևույթներով...:

Հանկարծ երևան եղավ Բաստամ Մարտինիչը:

Անան ջան, ասաց նա ուրախ դեմքով մոտենալով յոդ կնոջը. էս գիշեր լետնի թրիատրումը, ասում ին, հեստի մի օյին պտիս սարքի, վուր զարմանալի. ասում ին, հրաշքնիր պտին նշանց տա, ու մի շար (օդապարիկ) պտին բաց թող տա, մեջումը մարդիկ նստոտած:

Էդ վո՞ւնց կուլի, մաշ էն մարդիկը վիր չին ննգնի՞, զարմանալով հարցրեց տիկինը:

Աստված վուչ գիտի նրանց գլուխը. հեստի սատանի շտուկնիր ին մոգոնում, մարթ մնում է զարմացած. դրուստ աչքակապնիր ին էլի, պատասխանեց Բաստամ Մարտինիչը:

Մաշ մինք չպտինք գնա՞:

Վո՜ւնց չէ, մագրամ վուրքան ման էկա, չկարացի մի լոժա էի բռնի, դիփ բռնոտած ին:

Մաշ վուչ մինն էլ չի մնացի՞ :

Քիզ ասում իմ դիփ բռնոտած ին. մագրամ հիմի ճամփին միր կնքավուր Իսակ փալանիչը ռաստ էկավ, նա ասաց, թե իրա կնկան համա մի լոժա ունի բռնած, ես խնդրեցի, վուր իրա տիղը քիզ տա, ես նրա համա մի կրեսլի բիլեթ առա:

Էդ Լավ էլի:

Մաշ վատ է էլի՛, կրկնեց Բաստամ Մարտինիչը ծիծաղելով. դե՜ շուտ արա, Անան ջան, շորերդ հագի՜, թրիատրը սկսվում է ութը սհաթին, ջեր օխտն է, կես սհաթից հետո Իսակ փալանիչի կնիկը, Սոնան էստի գուքա, նրանց կարեթումը նստիս, կու գնաս:

Մաշ դու չպտիս գա՞:

Վո՞ւնց չիմ գա. քիզ մենակ խոմ չիմ թողնի. իս ինձ համա կրեսլա ունիմ առած: Դե՜, դուն գնա հագնվի՜, չուշանաս:

Տիկինը մտավ յուր զարդարանաց սենյակը, սկսավ հագնվել:

Բաստամ Մարտինիչը միայնակ անցուդարձ էր անում պատշգամբի վրա: Նրա վայրենի դեմքն արտահայտում էր ծայրահեղ գոհունակություն: Նա խոսում էր ինքն իրան. «համա լավ ըշտուկ սարքեցի հա՛ կնկա ծամերը էրգեն կուլի, խիլքը կարճ...: հիմի դրան ճանապար կու գցիմ Իսակ փալանիչի կնկա հիդ, ես կու մնամ տանը, նա էլ գուքա, ինչ քեփ կոնիմ է՛»...:

Տ. Աննան զուգված, զարդարված, յուղված և կոկված դուրս եկավ յուր սենյակից:

Նրա վայելչագեղ դեմքը նույն րոպեին հրաշալի էր:

Նույն միջոցին սանդուղքներից դեպի վեր էր բարձրանում մի մանկահասակ պատանի, փափուկ թշերով, տխլիկ սիրուն թուխ աչքերով և նուրբ հոնքերով: Նրա կարճլիկ անտիկ, մորե արխալուղը և պճնաձև չուխան, եզերավորված ոսկի ժապավենով, ընծայում էին այդ գեղեցիկ պատանուն մի պճնասեր թավադի կերպարանք:

Պատանին մոտեցավ Բաստամ Մարտինիչին, երբ նա խոսում էր յուր կնոջ հետ:

Պատանու գայթակղիչ կերպարանքը կարծես դյութական ազդեցություն ունեցավ Բաստամ Մարտինիչի վրա, նա թողեց յուր կնոջն առանց ուշադրության և դարձավ դեպի պատանին.

Վա՜, Վասո՜, վուրթի, դուքանը կողպեցի՞ր, հարցրեց նա:

Հրամանք իս, աղա, պատասխանեց պատանին կարմրելով և տվավ նրան բալանիքները:

հանկարծ Բաստամ Մարտինիչի դռանը գոռալով կանգնեց մի կառք: Եվ մի քանի րոպեից հետո թրթռալով վեր վազեց մի լղարիկ, բայց գեղեցիկ հագնված տիկին:

Դե, Անան ջան, շո՜ւտ արա, վուխտն անց է կենում, հիմի շարը կու թողնին: Ասաց նա շտապելով:

Դա Իսակ փալանիչի կինն էր:

Էս նիմուտին, էս նիմուտին, Սոնա ջան, կաց մանտոս վեր առնիմ, ասաց տ. Աննան և ներս վազեց յուր սենյակը:

Երբ նրանք պատրաստվեցան գնալու, պատանին մոտեցավ Բաստամ Մարտինիչին՝ ասելով.

Աղա, Թաթուխովն ասաց, վուր ինչ կլի սհաթի ութը ինձ տանն սպասե, վուր ես գամ կանդրախտը բերիմ, խոսելու բան ունիմ:

Դե՜, արի դու սատանի բանին մտիկ տու, ասաց նա դառնալով դեպի յուր կինը և տ. Սոնան: Թուրքը սուտ չի ասի խոմ. «Նազիլին շիրին իրընդե, կոսե, մլթոնի դեդի Ալլախ սախլասն» կոսե: (Խոսակցության քաղցր միջոցին մլթոնին ասաց՝ աստված օգնական):

Նա էգուց գնում է՞, հարցրեց Բաստամ Մարտինիչը պատանուց:

Հրամանք իս, ա՜ղա, առավոտը օխտը սհաթին պիտի գնա, պատասխանեց Վասոն:

Հիմա ի՞նչ պտիմ անի, անվճռական կերպով խոսեց Բաստամ Մարտինիչը, դառնալով դեպի յուր կինը:

Ինչ պտիս անի՞, կրկնեց տ. Աննան, ես առանց քեզ չիմ կանա գնա:

Վո՞ւնց կուլի վուր քիզ մենակ թող տամ, ասաց Բաստամ Մարտինիչը, մագրամ ես էլ փիքր եմ անում, թե վուր էն մարթուն չտեհնիմ, հինգ հարյուր թուման զարար ունիմ:

Դե՜, Անան ջան, էս վո՞ւնց կուլի, վուր մարթիդ վնաս իս տալիս, ասաց Սոնան, մինք կու գնանք: Բաստամ Մարտինիչն էլ իժում գուքա:

Ա՜յ լավ ասացիր, հա՜, կոչեց Բաստամ Մարտինիչը, քու խիլքը միզմեն լավ բան կտրից, հախ աստուծ. հիմի ջեր օխտի կեսն է. դուք գնացեք, չետվերտ սհաթ չի քաշի ես էլ գուքամ, մի հինգ մինուտ Թաթուխովի հիդ խոսելու ունիմ:

Տ. Աննան և տ. Սոնան նստելով կառք գնացին դեպի թատրոն:

Գ

Կառքը սահում էր Գոլովինսկի պրոսպեկտով. Սոնան շատախոսում էր, թե այն գիշեր ո՜րպիսի զարմանալի բաներ պիտի տեսնեին, նա մին-մին ասում էր, թե ո՜ւմ կնկանը, ո՜ւմ աղջկանը այն գիշեր թատրոնում կտեսնեին: Բայց շատախոս Սոնայի խոսքերն ամենևին չգրավեցին գեղեցիկ Աննայի ուշադրությունը, նա նույն ժամուն բոլորովին լուռ էր. թվի թե մի ներքին հուզմունք վրդովում էր նրան...:

Կառքը կանգնեց թատրոնի դռան հանդեպ:

Վա՛յ մե, հանկարծ ասաց տ. Աննան, ես մոռացա կողպել իմ կամոդը, նա բաց մնաց, հիմի միր բճեքը, քոծերը, կուգողնան իմ օսկին ու բրլիանտի իքմնիրը:

Հիմի ի՞նչ պտիս անի, Անան, հարցրեց Սոնան տխրելով:

Ինչ պտիմ անի՞, խոմ չիմ կանա բաց թողնի, հիդ կեհամ տուն, կուկողպիմ ու էլի յիդ գուքամ:

Էս վո՞ւնց կուլի:

Վո՞ւնց պտի ըլի, Սոնա ջան, գենացվալե, խոմ չի ըլի վուր բաց մնա. էս նիմուտին ես յիդ կուգամ, ինչկլի դու բաղումը մի քիչ ման գուքաս:

Մենակ վո՞ւնց պտիս գնա. թող մեր բճին ղրկինք, գնա Բաստամ Մարտինիչին ասի:

Չէ՜, Սոնա ջան, սեկրետնի բանիր ունիմ... ինքս պտի կողպիմ. ձիր բիճը թող նստի կոզլի վրա՝ ինձ հիդ գա:

Տ. Աննան դարձավ դեպի տուն. իսկ Սոնան մտավ պարտեզը և զբոսնելով սպասում էր տ. Աննային:

Կասկածանքը... նախանձը... և ներքին տհաճությունը, որոնք նույն րոպեին խռովում էին տ. Աննայի սիրտը, մինչ այն աստիճան վրդովել էին մանկահասակ տիկնոջը, որ նա ամենևին չնկատեց, թե ո՜րպես հասավ յուր տուն: Եղնիկի արագությամբ նա վեր վազեց սանդուղքներից և ուղիղ դիմեց դեպի ամուսնու սենյակը, ուր նույն ժամուն ճրագ էր վառվում: Նա մեղմիկ քայլերով մոտեցավ դռանը, ձեռքը տարավ սողնակին, տեսավ դուռը ներսից կողպած էր:

Նա դիմեց դեպի լուսամուտը, որի վարագույրը ներսից անզգուշությամբ բոլորովին ձգած չէր: Եվ նրա աչքի առջև երևան եղավ մի օտարոտի տեսարան... նա տեսավ, Բաստամ Մարտինիչը յուր հոգու ամենազվարճալի տրամադրության մեջ յուր գոգում գրկած ուներ պատանի Վասոյին:

Տիկինն իսկույն երեսը շրջեց, այլևս չուզեց նրանց վրա նայել, նա դարձավ, յուր մտքի մեջ ասելով, «Նա սարսափելի օրթումներով հավատացրեց ինձ... բայց խաբի՛ց…ես էլ կուառնիմ նրամեն իմ վրեժը...»:

Բակումը նրան հանդիպեց Թինաթին աղախինը:

Թաթուխովն էստի էլիլ է՞, հարցրեց նրանից տիկինը վրացերեն լեզվով:

Ո՜չ, պատասխանեց իմերելուհին: Աղան հրամայեց ոչ ոքի չընդունել և ասել թատրոնումն են:

Ես էլ հրամայում իմ օչովին չասիս, թե դուն ինձ տեսիլ իս, հասկացա՞ր:

Այո՜, աղջիկ-պարոն, պատասխանեց խոնարհ Թինաթինը:

Նա կրկին նստեց կառքը և դիմեց դեպի թատրոն:

Երրորդ գործողության խաղամիջոցին տ. Աննան տ. Սոնայի հետ զբոսնում էին թատրոնի պարտիզում, որ նույն ժամուն լուսավորված էր էլեկտրական կրակներով: Նրանց մոտեցավ մի նորահաս երիտասարդ, վայելչահասակ, շքով հագնված և քաղաքավարի. նրա շլյապան, ակնոցները, սև մորուքը և երկայն ստուդենտի մազերը ցուցանում էին, թե պարոնը նորավարտ ուսանողներից է:

Տ. Սոնան ձեռքը տվավ նրան և բարովեց, որպես յուր նախածանոթին, այլև ծանոթացրեց երիտասարդը յուր ընկերուհու հետ: Պյոտր Իվանովիչ Ջուլֆիկարովի այսպես էր նրա անունը, շնորհաշուք սեթևեթները յուր վրա դարձրեց մանկահասակ տիկինների ուշադրությունը: Մոդնի երիտասարդը ռուսերեն լեզվով ավելացրեց մի այսպիսի կոմպլիմենտ, դառնալով դեպի տ. Աննան.

Ձեր տեսությունը, պատվելի տիկին, առանձին հաճություն է պատճառում ինձ:

Շնորհակալ եմ ձեր բարի ուշադրության համար, պատասխանեց տ. Աննան նույն լեզվով:

Խոսակցությունը նրանց մեջ տևեց երկար: Երիտասարդը մայրաքաղաքի ուսած ֆրազներով հրճվելու չափ հրապուրում էր տիկիններին: Հանդիսականների շշունջը, որոնք ամեն կողմից հավաքվեցան նայելու, թե որպես բաց էին թողնում փոքրիկ օդապարիկը, ընդհատեց նրանց մեջ դեռ նոր տաքացած քաղցր խոսակցությունը:

Օդապարիկը մի հասարակ օդապարիկ էր, որի նմանները շատ անգամ գիմնազիստները բաց են թողնում զվարճացնելու համար, թեև նրա շինողը խաբել էր հասարակությանը, թե միջումը մարդիկ պիտի վեր բարձրանան: Այսուամենայնիվ այդ բանն առիթ տվավ Ջուլֆիկարովին հայտնել յուր բոլոր սերտած բառերը ֆիզիկայից և քիմիայից՝ սկսյալ գիմնազիոնական կուրսից մինչև համալսարանի դասերը...: Սակայն տիկինները ոչինչ չկարողանան հասկանալ:

Թեև տիկնայքը ոչինչ չհասկացան, բայց չկարողացան չերևակայել, որ այդքան իրանց անհասկանալի բառեր գիտցող պարոնն անպատճառ մի մեծ հանճար, մի մեծ գիտության տեր պիտի լիներ:

Օդը, ասաց երիտասարդը հայերեն լեզվով, բաղկանում է մի քանի մասերից, թթվածնից, ածխածնից, ջրածնից և գազից: Ածխածին կոչվածն այն է, ինչ որ դուք ասում եք գորձլի, իսկ թթվածինը ձեզ կարծեմ հասկանալի կլինի, որովհետև թթու բառը դուք լավ եք հասկանում:

Բայց ջրածինը և գազը դեռ չմեկնած մեր բնագետը, տ. Սոնան ընդմիջեց նրա խոսքը դառնալով դեպի յուր ընկերուհին. Լսում ի՞ս, Անան ջան, օդի մեջ գորձլի էլ կա, թթու էլ ին դնում:

Գազի մասին ոչինչ չէր մեկնել երիտասարդը, որովհետև տիկիններն արդեն գիտեին, թե ինչ բան էր:

Զանգակը հնչեց, և նրանք շտապեցին դեպի թատրոն:

Բայց տ. Աննան անլսելի ձայնով շշնջաց երիտասարդի ականջին մի այսպիսի խոսք. «Դուք ամեն օր ցերեկները կարող եք ինձ տանը գտնել...»:

Գ

Անցավ ամբողջ մի ամիս:

Վերջին տեսարանը՝ Բաստամ Մարտինիչի սենյակում մինչ այն աստիճան վատ տպավորություն ունեցավ տ. Աննայի սրտին, որ նրա բոլոր հավատարմությունը կորավ դեպի յուր ամուսինը:

Այդ պարզ, անխարդախ կինը, որ այնքան անկեղծությամբ կապված էր յուր հասակին հակասական մի ծերունի էակի հետ, սկսավ զզվանքով նայել նրա վրա, սկսավ ատել նրան:

Վայելչագեղ երիտասարդը, Պյոտր Ջուլֆիկարովն արդեն շուտ շուտ երթևեկություն էր սկսել Շնիգելենց տուն: Բաստամ Մարտինիչի պարապմունքը և նրա բացակայությունը յուր տանից, որ ստիպում էր նրան առավոտյան ութ ժամին յուր խանութը գնալ և մնալ այնտեղ մինչև երեկոյան իննը ժամը, հնար էին տալիս երիտասարդին շատ անգամ ամբողջ ցերեկն անցուցանել գեղեցիկ Աննայի մոտ, և այդպիսով Ջուլֆիկարովի հարաբերությունները՝ դեպի բարոյական անկման գլորվող տիկինը օրեցօր դառնում էին մերձավորական:

Մի օր ճաշից հետո, հինգ ժամին, տ. Աննան ուղարկեց յուր բոլոր ծառաները և աղախինները տանից դուրս՝ ամեն մինին մի գործով: Տանը մնաց միայն մի փոքրավոր, Կոտե անունով:

Տ. Աննան յուր սենյակում միայնակ նստած կարծես սպասում էր մեկին:

Հանկարծ հայտնվեցավ Ջուլֆիկարովը:

Ներողություն, Աննա Բաստամովնա, ասաց նա ռուսերեն լեզվով, բարեկամաբար մոտենալով տիկնոջը, ես խոստացել էի քեզ մոտ լինել հինգի կեսին, ափսո՜ս, կես ժամ ուշացա:

Այդ ոչինչ, ես ուրախ եմ, որ դու վերջապես եկար, պատասխանեց տիկինը քաղցր ժպիտով:

Մի՞թե իմ գալուստն այդքան ցանկալի էր քեզ, ասաց երիտասարդը տիկնոջ սպիտակ ձեռքը հպցնելով յուր շրթունքին:

Մի՞թե դու չգիտես այդ…:

Ես գիտեմ, իմ նազելի, ես գիտեմ... ինչպե՞ս կարելի է չգիտենալ…:

Նրանք նստեցին կիսաթախտի վրա՝ միմյանց շատ մոտ: Երիտասարդը յուր ձեռքում ուներ տիկնոջ փոքրիկ ձեռքը:

Որպիսի՛ գեղեցիկ ձեռք ունես, Անիչկա. իմ ցանկությունս գալիս է, մի խոսքով ուտել նրան, ասաց երիտասարդը ծիծաղելով:

Ա՛խ, ի՜նչ անհագն ես դու, Պյոտր, պատասխանեց գեղեցիկ տիկինը: Եթե ես հայտնեմ քեզ, որ մեր տանը այժմ ոչ ոք չկա, դու կցանկանայիր ինձ բոլորովին ուտել:

Ուրեմն մեզ չեն արգելի:

Այո՜:

Երիտասարդը չկարողացավ զսպել յուր հրճվանքը, գրկեց նրան:

Սպասի՜ր, Պյոտր, ի՞նչ անհամբեր ես դու, ասաց տ. Աննան և թողնելով Ջուլֆիկարովին յուր սենյակում, դուրս եկավ դահլիճը:

Նա քաշեց զանգակը և շուտով հայտնվեցավ փոքրիկ Կոտեն:

Ա՜ռ այս նամակը, ասաց նա վրացերեն լեզվով, և շուտ հասցրու աղային:

Էոքրավորը ծտի պես թռավ: Տիկինը դարձավ դեպի յուր իդեալը և ներսից կողպեց դուռը:

Քառորդ ժամից հետո Կոտեն տվավ Բաստամ Մարտինիչին յուր տիկնոջ նամակը, նրա մեջ գրված էր մի լակոնական տող միայն.

«.ս սաստիկ հիվանդ եմ, շտապեցե՜ք ինձ մոտ»:

Կարդալով նամակը Բաստամ Մարտինիչը թողեց խանութը և վազեց դեպի տուն:

Նա հասնելով տուն, շտապեց կնոջ սենյակը, բայց նրա սենյակի դուռը փակ էր: Մի րոպեում նա շրջեց բոլոր սենյակները:

Նրան հանդիպեց փոքրիկ Կոտեն:

Ո՞ւր է աղջիկ-պարոնը, հարցրեց նրանից:

Յուր սենյակումն է, ա՜ղա, պատասխանեց փոքրավորը. լուսամուտը զարկեցեք, կարելի է քնած լինի:

Բաստամ Մարտինիչը վազեց դեպի լուսամուտը, ներս նայեց և նրա աչքի առջև ներկայացավ մի կարիկատուրային պատկեր, Զուլֆիկարովը և յուր սիրուհին, գրկախառնված, գտնվում էին սիրո ծայրահեղ հոգեզմայլության մեջ...:

Մի քանի րոպե Բաստամ Մարտինիչն անմռունչ նայում էր նրանց վրա, մինչև տ. Աննան ներսից լուսամուտը բանալով, ասաց նրան վրացերեն լեզվով. «Ես արդեն իմ վրեժն առա քեզմեն… Էս դասը քեզմեն սովորելով... Ակն ընդ ական»:

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Маркос и Маркос
Тигран Амасян

Маркос и Маркос

Натюрморт с черепом
Натюрморт с черепом
Играть онлайн