Паруйр Севак
Փրկարար թվաբանություն
Մեզ բաժանող ձիգ ժամերը
Ես կարող եմ արդեն հաշվել
Կարճ համրանքով քո մատների,
Որ ես պիտի բռնեմ շուտով
Ու փնջելով սեղմած պահեմ՝
Էլեկտրական լարի նման:
Չվախենա՜ս իմ ցնցումից.
Էլեկտրական այդ հոսանքից ո՛չ թե մեռնում,
Այլ հարություն կրկին առնում,
Հոգեդարձվում-վերապրում են...
Իսկ դու գուցե բնավ էլ ինձ չես սպասում
Կամ սպասել - սպասում ես, որ լոկ ասես.
«Ես հասկացա, որ այլևըս մենք չպիտի...»:
Եվ ակամա ինձ դնում եմ ա՛յն դերի մեջ,
Որ իմը չէ,
Սակայն պիտի ճարահատյալ հիմա խաղամ
Դատարկ բեմում...
Բայց ես,
Ում դու գուցե մտքով անվանում ես ՆԱԽԿԻՆ սիրած,
Զգում եմ պարզ, թե ինչպես է փակվում լեզուս,
Որովհետև... մարդը մարդ է հենց այնքանով,
Որ մշտապես ելք է ճարում չընկճվելու
Եվ չի ուզում կոչվել ՆԱԽԿԻՆ
(Հասկանո՞ւմ ես.
ՆԱԽԿԻՆ էլ մա՞րդ, տե՜ր իմ աստված)...
Ու փակվում է, փակվում լեզուս
Դռան նման ՆԱԽԿԻՆ մի տան,
Որտեղ հիմա բնակվում են
Ա՛յն հինավուրց ոգիները,
Որոնց անգո գոյությունը զուր ենք ժխտում
Եվ դրանով
Է՛լ ավելի աղքատացնում մեր կյանքն աղքատ,
Եվ դրանով օտարացնում ինքներըս մեզ...
Ու փակվում է ՆԱԽԿԻՆ լեզուս՝
Քո ԱՅՍՕՐՎԱ սրտի նման,
Որտեղ, գիտե՛մ, բանտարկված է իմ ստվերը՝
Իբրև ծանըր մի հանցագործ.
Նա փորձել է քո սրտի մեջ անմահանալ,
Իսկ դա, իրո՛ք, հավասար է մահափորձի,
Որովհետև... նորությունն է հավատքը մեր:
Դու մի՛ փորձիր արդարանալ,
Հարկավոր չէ՜:
Բայց երբ կանգնի
Ամեն անգամ վերջալույսը քո հանդիման,
Ու երբ կանգնի ՝ քրմուհո՛ւ պես,
Հիշի՛ր,որ դու չե՜ս վերջանում,
Որ դու պիտի վերսկսվես թեկուզ վա՛ղը:
Բայց և հիշի՛ր, որ սկսվել՝
Բնավ էլ չի նշանակում փոխել հավատ,
Ինչպես նաև ուրացում չէ մոռացումը:
Ուստի և մեր անջատումն էլ վերջնական չէ,
Այլ անցողիկ.
Մե՜կ էլ տեսար, դարե՛ր հետո,
Մենք վերստին հանդիպեցինք՝
Այս լճակի
Կամ այն առվի ափին կանաչ,
Ուր ծառերը պիտի պտկեն,
Պիտի կրկին կապեն կոճակ,
Ուր գորտերը, մեզ հետ մեկտեղ,
Պիտի կրկին դասը սերտեն իրենց սիրո՝
Ըստ աստղային այբուբենի:
Կրկին գարնան հոտը քնկոտ
Պիտի պառկի քո ռունգներում
Եվ արթնացնի արյունը քո՝
Ամբողջությունըդ հպելով
Իմ արթնացած ամբողջության
Եվ վերստին արծարծելով անծուխ հրդեհ:
Ամենակուլ այդ հրդեհից մենք չենք այրվի՝
Ազբեստի պես,
Այլ արևից ստացածը կդարձընենք կրկին իրեն՝
Մեր հինավուրց ու նորոգվող պարտքի դիմաց...
Իսկ առայժըմ
Ես հաշվում եմ մեզ բաժանող կարճ ժամերը
Ձեռքերիդ ա՛յն տասը մատով,
Որ ես պիտի բռնեմ շուտով
Ու փնջելով սեղմած պահեմ՝
Էլկտրական լարի նման:
Չվախենա՜ս իմ ցնցումից,
Եթե անգամ էլեկտրական այդ հոսանքը մահացու է.
Էլեկտրահար մարդուն, գիտե՛ս, հողում թաղում
Եվ դրանով հարություն են տալիս կրկին՝
Չորս ժա՞մ հետո - չորս դա՞ր հետո,-
Մեկ չէ՞ միթե...
27.III.1964թ. 09.XII.1964թ.
Դիլիջան Երևան
Лайк
Сохранить
Хочу почитать
Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Арам Хачатрян
Гаяне - Колыбельная
Окрестности деревни
Играть онлайн