Паруйр Севак
Անքնության դեղատոմս
Ոչի՛նչ այնպես ինձ չի հուզում,
Ինչպես մի հարց միամիտ.
Խավարն ինչո՞վ մաշեցնել,
Գիշերն ինչպե՞ս լուսացնել,
Եթե սրտիդ ճմլումն էլի
Թույլ չի տալիս մտնել քուն...
Տե՛ս, ջղային այս անտառը
Հանգստացավ ինքն իրեն՝
Իր հերթական նոպան ապրած՝
Տառապած ու պարտասուն:
Իսկ ջրերը
Հար տանջվելով անքնության բիրտ ձեռքից,
Բարձունքներից ցած են նետվում՝
Ինքնասպանի մոլուցքով,
Բայց, կատվի պես,
Միշտ ընկնում են իրենց ճկուն թաթերին
Եվ, մի վայրկյան շնչակտուր, մլավում են քիչ հետո
Ու լռության մեջքի վրա նո՛ր ու նորից փակցընում
Իրենց տենդոտ զառանցանքը՝
Խռովության կոչի պես...
Իսկ ես՝ ներկա, մինչ հայացքըս՝ բացակա,
Օտարվում եմ ինքըս ինձնից,
Ինքըս ինձ չե՜մ ճանաչում:
Ջլախտավոր ինչ-որ խոհեր,
Ինչ-որ մտքեր ընկնավոր
Թպրտում են, ընկնում-ելնում՝
Կարծես ո՛չ թե գլխիս մեջ,
Այլ... հեռավոր Լուսնի վրա կամ Մարսի...
Մեռելներն են ինձ այցելում՝
Կերպարանքով երազի,
Ու չեն թողնում, որ զրուցենք երկուստեք.
Իրենք իրենց մենախոսում են անձայն,
Ապա թողնում-հեռանում են,
Որ ես լսեմ քիչ հետո,
Թե ինչպես է երկախոսում ճեպընթացը բքի հետ,
Թե ինչպես են երկախոսում խոհուն ծերպն ու սուր քամին,
Թե ինչպես են ջղաձգվում ա՛յն գետերը հորդաջուր,
Որոնց երբեք ես չեմ տեսել,
Ո՛չ, տեսել եմ... քարտեզին...
Հետո ինչ-որ արվարձաններ,
Ասես տված իրար խոսք,
Արշավում են,
Որ կենտրոնի տեղը իրենք գրավեն,
Դրանով էլ հենց, իբըր թե, արագացնեն ապագան...
Իսկ նույն պահին
Ինչ-որ ձայներ իմ կենտրոնում սեփական
Ընդդիմախոս այլ ձայների հայրն ու մայրն են անիծում...
Հետո ինչ-որ անո՜ւշ մի ձայն, անվստա՛հ ու տխրագի՛ն,
Հայցելու պես պահանջում է, որ փորձ անենք չսիրել,
Այլ միշտ մնանք բարեկամներ մերձավոր...
Հետո՛... Հետո՛...
Կարծես թե ես պառկած եմ հենց ի՛նձ վրա
Եվ ինձ վրա ի՛նքըս պառկած,
Ինձ ճմլելով-ճզմելով՝
Հանգստանալ եմ ուզում...
Պարզ չէ՞,
Որ ինձ էլ չի հուզում այն հին հարցը միամիտ,
Թե գիշերը ինչպե՞ս պիտի լուսացնեմ,
Թե խավարը ինչո՞վ պիտի մաշեցնեմ,
Երբ աչքերիս չի մոտենում քունն անգութ,
Պարզ չէ՞ արդյոք.
Ինքըս պիտի, այսպե՛ս, պառկե՜մ ինձ վրա
Եվ ինձ վրա ի՛նքըս պառկած,
Ի՛նձ ճմլելով-ճզմելով՝
Հանգստանամ փառավո՜ր ու փառահե՜ղ...
17.III.1964թ.
Դիլիջան
Лайк
Сохранить
Хочу почитать
Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Арно Бабаджанян
Концерт для виолончели
На берегу моря
Играть онлайн