Норайр Манвелян
Թթի փոխարեն` զեյթուն հատակին
Կարծես թե երեկ էր, երբ հայրս ջահել
Անունս լեզվին, «որդի» գոչելով,
Գոցում էր դուռը՝ իրեն վայել
Հայրական ծպտված խնամքով։
Երեկ էր այն օրը, երբ պապս ազնիվ
Մանկությանս ջրհոր կոպեկ էր նետում,
Ջարդելով անիվը ճակատագրի՝
Երջանկության պատառ էինք պոկում։
Երեկ էր՝ եղբորս բանակ ճամփեցի՝
Արժեք գտնելու անգութ աշխարհում,
Նրա հետևից ջրի դույլ շփեցի,
Որ չփնտրի այն մահվան ճիրանում։
Երեկ էր, երբ սերս ջահել էր, անմիտ,
Սնվում էր միայն անցյալի ստվերներով,
Եվ կիրք էր շնչում ցնորամիտ,
Ներկայից տիեզերք ինձ շպրտելով։
Երեկ էր այն օրը, երբ ես ծնվեցի,
Եվ այո՛, այսօր պիտի մահանամ։
Մեկ օր էր, սակայն ողջ կյանք ապրեցի,
Որ վաղը կրկին վերադառնամ։
Կյանքերի հաշիվն էլ չեմ գրում պատին՝
Հիշողության մոմավառ սենյակում։
Այլ մարդ դարձած՝ անծանոթ իմ դեմքին,
Մեկ է, վաղվա ջրի համն եմ փնտրում։
Մարդկային սիրո օվկիանոսի,
Ես մի խարխուլ նավակն եմ լոկ,
Անտարբերության հորձանուտի
Փոթորիկ ցավից անողոք։
Լողում է նավակս, լողում անեզեր՝
Կյանքիս մերկ դրոշը ծածանելով,
Պարուրեց կղզիներ, անցավ խոր ջրեր՝
Հույսերի սին հա-մաճարակով։
Եվ մի օր, ահա, հանգիստս գտա,
Դրոշս խոհեմ հանեցի կայմից։
Քաղաքում, որտեղ Սիզիփը արքա
Հույսի իր ժայռն է գլորում սարից։
Օտարի դուռ թակելիս, թե տանս շեմին,
Ժպիտս ես Չ-դավաճանեցի,
Թթի փոխարեն` զեյթուն հատակին,
Մեկ օր էր, սակայն ողջ կյանք ապրեցի։