Нарек Саргсян
Անտեսանելի խաղացողը
***
Թեև արևը մայր էր մտել, սակայն Երևանում դեռ շոգ էր: Միայն ժամանակ առ ժամանակ թեթև քամին շոյում էր մարդկանց` առօրյա աշխատանքից հոգնած դեմքերը:
Երևանի Հանրապետության հրապարակում հնչեց ժամացույցի ղողանջները: Ժամը 19:00-ն էր:
Ուսապարկը ձեռքին` կանգառներից մեկում կանգնած էր մոտ հիսուն տարեկան, հոգնած դեմքով, կապույտ աչքերով, սպիտակամորթ, միջահասակ, նուրբ դիմագծերով մի տղամարդ: Որոնող հայացքով նայում էր գնացող-եկող ավտոմեքենաներին: Ցայտուն երևում էր, որ նա հայաստանցի չէ, այլ օտարերկրացի:
Ի վերջո ձեռքը տարավ գրպանը, հանեց արծաթագույն սմարթֆոնը և զանգահարեց:
Հեռախոսային խոսակցությունը ռուսերեն լեզվով էր, սակայն, հարգելի ընթերցող, թույլ տվեք այն ներկայացնել հայերեն:
-Ու՞ր ես ,Վարդա՛ն, արդեն երկար ժամանակ է, ինչ քեզ եմ սպասում,-հարցրեց նա:
-Այո, հիմա կհասնեմ,- հնչեց պատասխանը:
Քիչ հեռվում մի անծանոթ տղամարդ` մոտ քառասուն տարեկան, բարձրահասակ ու նիհար կազմվածքով, շագանակագույն աչքերով, ուշադիր հետևում էր վերը նշված մեր հերոսին:
Ի վերջո սիրտ առավ մոտենալ ու անգլերեն լեզվով հարցրեց (այսուհետև օտար լեզվով բոլոր երկխոսությունները կներկայացնենք հայերեն).
-Բարև Ձեզ, ինչպե՞ս եք, ի՞նչ է Ձեր անունը:
-Բարև Ձեզ, անունս Միխաիլ է, իսկ Դուք ո՞վ եք և ի՞նչ եք ինձանից ուզում,-զարմացած հարցրեց` զննողական հայացքով նայելով զրուցակցի աչքերի մեջ:
-Ես Պիտերն եմ, ծնունդով՝ Լոնդոնից, սակայն երկար տարիներ է, ինչ ապրում եմ Հնդկաստանում:
-Շատ հաճելի է, իսկ ես հրեա եմ, չնայած երկար տարիներ ապրում եմ Ռուսաստանում: Հենց մի 15-20 րոպե առաջ եմ Հայաստան հասել: Այստեղ ես մի հայ ընկեր ունեմ….. ի դեպ, ո՛րտեղ է նա,- Միխաիլը հիշեց, որ Վարդանն արդեն պետք է եկած լիներ, իսկ մինչև հիմա չկա:
-Կներեք, ես զանգահարեմ….
-Իհարկե,- սիրահոժար պատասխանեց Պիտերը:
Նորից հանեց սմարթֆոնը ու զանգահարեց:
-Ո՞րտեղ ես Վարդան, բա՞ն է պատահել,-հարցրեց ռուսերեն լեզվով,-դե լավ, արի, սպասում եմ:
Ավարտելով հեռախոսազրույցը՝ խորը շունչ քաշեց ու արտաշնչեց` անգլերեն ասելով.
-Այս խցանումներն անգամ Երևանի պես փոքր քաղաքաներում էլ կան:
-Դուք ո՞ր դպրոցի ներկայացուցիչն եք,- հանկարծ անսպասելիորեն հարցրեց Պիտերը: Սակայն այդ հարցը Միխաիլին այդքան էլ չզարմացրեց:
-Իմ անձը Ձեզանում հետաքրքրություն էր առաջացրել, հետևաբար Ձեր` ինձ մոտենալը պատահականություն չէր:
-Այո, Ձեզ տեսնելով`ես անմիջապես հասկացա, որ Դուք էզոթերկայի հետ կապ ունեք և արդեն իմանալով, որ հրեա եք, կռահում եմ, որ կաբբալայի քարոզիչ եք:
-Դուք միանգամայն իրավացի եք, Պիտեր, եկել եմ Հայաստան, որ այստեղից ընկերոջս հետ մեկնեմ Իրան, ավելի կոնկրետ` Թեհրան:
Այս խոսքերի վրա նրանց մոտեցավ սև գույնի Opel Vectra մակնիշի ավտոմեքենա: Վարորդը բարձրահասակ, վառվռուն աչքերով, աշխույժ շարժ ու ձևով, բարեհամբույր դեմքով մի տղամարդ էր: Ավտոմեքենան կանգնեց հենց այն կանգառում, որտեղ նրանք կանգնած էին:
Առջևի դուռը բացելով`Միխաիլը դարձավ Պիտերին.
-Դուք ո՞րտեղ եք գնում, Պիտեր, մենք կարող ենք Ձեզ տեղ հասցնել:
-Ոչ, շնորհակալություն, ես մոտակա հյուրանոցում եմ մնում, դուրս էի եկել զբոսնելու:
-Դե լավ, հաջողություն:
-Հաջողություն.....
Նստելով մեքենան՝ ձեռքով բարևեց Վարդանին` հարցնելով`
-Երկար ժամանա՞կ էիր գտնվում խցանման մեջ:
-Դա էական չէ, Միխաիլ, կարևորը, որ դու հիմա իմ ավտոմեքենայում ես, ու մենք տուն ենք գնում: Հոգնած կլինես: Գնանք տուն, հաց ուտենք, որ հետո հանգստանաս:
Մեքենան դանդաղ գնում էր դեպի Աջափնյակ վարչական շրջան, որտեղ Վարդանի տուն էր: Արդեն մութն ընկնում էր, ու Երևանի փողոցները վառվռուն լույսերով իրենց զգեստներն էին հագնում:
Մոտ երկու րոպե լուռ էին. երկուսն էլ մտազբաղ էին:
-Վերջապես լռությունը խախտեց Միխաիլը.
-Ամեն ինչ կարգի՞ն է, Վարդա՛ն: Թեև ժպտում ես, բայց հայացքիդ մեջ լարվածություն ու անհանգստություն է թաքնված: Ես դա զգում եմ:
Այդ պահին զուգահեռ երթուղագծով ընթացող ավտոմեքենայի վարորդներից մեկը պատուհանից ձայն տվեց Վարդանին.
-Ախպե'ր, էդ ոնց ես քշում, քեզ լրիվ ա տարել....
Վարդանը ոչինչ չպատասխանեց ու շարունակեց իր ճանապարհը:
Հանկարծ անսպասելի դիմացը դուրս եկավ Գազել մակնիշի երթուղային տաքսի, ու Վարդանը հազիվ հասցրեց ղեկը փախցնել կողք:
-Այս ինչ լարված քաղաք է, նորմալ մեքենա վարել էլ չի լինում,-բարկացած ասաց Վարդանը:
-Այդ դու ու քեզ նմաններն են քաղաքը լարված դարձնում: Կներես, որ այդպես եմ ասում, բայց քո ներսի լարվածությունը պրոեկտվում է արտաքին աշխարհի վրա:
-Հնարավոր է ,-ծիծաղեց Վարդանը:
-Ինչպես տեսնում եմ, այստեղի ժողովուրդը լավ էլ ապրում է: Ամենուր ես շքեղություն ու առատություն եմ տեսնում:
-Ոչ, Միխաի՛լ: Այստեղ ժողովուրդը չի կարողանում ապրել: Աշխատանք չկա, ապրուստ
չկա:
-Լսի՛ր, Վարդա՛ն, դու պարզապես տեսածդ ներկայացնում ես քո պատկերացումներով: Գիտեմ, որ աղքատ ես: Բայց ես տեսնում եմ, որ Երևան քաղաքի բնակչությունը լավ է ապրում: Ես զգում եմ փողի էներգիայի հզոր հոսքերի շարժ:
-Չգիտեմ, չգիտեմ.....
***
Երկու սենյականոց համեստ, բայց ճաշակով կահավորված բնակարան էր: Երկու փոքր աղջիկ, որոնք կլինեին հինգ և ութ տարեկան, հյուրասենյակում կռիվ էին անում իրար հետ` համակարգչի առջև նստելու համար: Մայրը, ով մոտ երեսուներեք տարեկան գեղեցկադեմ կին էր, շեկ մազերով, նիհար ու նուրբ կազմածքով, անընդհատ բարկանում էր աղջիկների վրա: Ասես դրանով ցանկանում էր դուրս հանել իր մեջ կուտակված բարկությունը:
Հնչում է տան հեռախոսի զանգը: Կինը վերցնում է լսափողը.
-Ալո...
-Ալո, Լիան, ինչ ե՞ս անում: Վարդանն տանն ա՞
-Էսպես, նստած: Չէ, Վարդանը տանը չի, գնացել ա հրապարակ մարդ դիմավորի, որ բերի էստեղ:
-Ինչ մարդ, ախչի...
-Շատ եմ իմանում Գայան: Իրա ընկերներից...
-Չլինի իր աղանդավոր ընկերներից ա, աղչի:
-Գայան, ես հազար անգամ քեզ ասել եմ, որ Վարդանը աղանդավոր չի, բայց դու էլի....
-Լավ, Լիան, մի նեղացիր: Գիշերը էդտեղ ա՞ մնալու Ձեր էդ հյուրը։
-Հա, բա էլ որտե՞ղ
Այս խոսքերի վրա Գայանեն, որը Լիաննայի ու Վարդանի հարևանուհին էր, սկսեց ծիծաղել.
-Լու՞րջ ես ասում, աղչի: Բա էդ նեղ երկու սենյականոցում ո՞նց եք տեղավորվելու։
Այս հարցը հունից հանեց Լիաննային, սակայն մի կերպ զսպելով զայրութը՝ հարևանուհուն ասաց.
-Լսիր, Գայան, ես քո նման պարապ չեմ, հեսա երևի տուն կհասնեն, էնպես որ ինձ մի զբաղեցրու, լա՞վ:
-Պա~հ, պա~հ, ինձ մի զբաղեցրու, լավ, Լիան, դե քեզ չխանգարեմ:
-Դե լավ, հաջող:
Լսափողը դնելով` Լիաննան գնաց խոհանոց`սեղանը գցելու:
Որոշ ժամանակ անց հնչեց դռան զանգը: Վարդանն էր Միխաիլի հետ: Ողջունելով հյուրին և ամուսնուն` Լիաննան ներս հրավիրեց նրանց: Այնուհետև ասաց, որ ընթրիքը պատրաստ է:
Բոլորով նստեցին ընթրիքի՝ սեղանի շուրջ: Չնայած Լիաննան բարեհամբույր վերաբերմունք էր ցուցաբերում Միխաիլի նկատմամբ, սակայն հոգու խորքում չէր համակրում նրան ու ուրախ չէր նրա այցելությամբ: Վարդանը ջերմորեն հարց ու փորձ էր անում Միխաիլից, թե ինչպե՛ս եկավ հեռու ճանապարհը, հարցեր էր ուղղում Միխաիլի պլանների մասին:
-Միխաի՛լ, միգուցե մեկ-երկու օր այստեղ մնաս, հանգստանաս, հետո նոր միասին կմեկնենք Թեհրան:
-Չէ, բարեկամս, հենց վաղը առավոտյան ճանապարհ կընկնենք: Ի դեպ, մեքենադ սարքի՞ն է, այդքան հեռու ճանապարհ կարո՞ղ է գնալ:
Լիաննան, որ լուռ լսում էր նրանց զրույցը, ապշեց Միխաիլի ասածներից:
-Վարդան, դու է՞լ ես Պարսկաստան գնալու՝ թողնելով ինձ ու երեխաներիս էստեղ:Վարդան, ի՞նչ ես անում, էս մարդը լրիվ խելքդ կերել է:
Միխաիլը թեև հայերեն չէր հասկանում, բայց կռահեց կնոջ զայրութի պատճառը:
-Վարդան, դու կնոջդ չե՞ս պատմել, որ ինձ քո մեքենայով պետք է ուղեկցես Իրան:
-Միխաի՛լ, մի անհանգստացիր, ես այս հարցերը կկարգավորեմ,-այլայլված պատասխանեց Վարդանը:
-Ես չեմ անհանգստանում, այլ քեզ համար եմ հարցնում....
Միխաիլին զանգահարում են: Ուշադիր նայելով էկրանի վրա արտատպված համարին` Միխաիլը, ներողություն խնդրելով, հեռացավ սեղանից, դուրս եկավ խոհանոցից ու մտնելով լոգասենյակ` բացեց լվացարանի ջրի ծորակը, որպեսզի ոչ ոք չլսի իր խոսակցությունը:
Նրա բացակայության ժամանակ խոհանոցում ամուսինները սկսեցին շշուկով վիճել իրար հետ:
-Վարդա՛ն, հասկացիր, դու կին ու երեխաներ ունես, մենք հիմա պարտքերի մեջ խրված ենք, իսկ դու փոխանակ մտածես, թե ինչպես ենք դուրս գալու էս ամենի տակից, Աստված գիտի ինչով ես զբաղված: Դու ի՞նչ գործ ունես էս մարդու հետ, դու ըսկի նորմալ սրան չես ճանաչում... Այ, որ աշխատանք գտնեիր ու բոլորի նման առավոտյան գնայիր աշխատանքի ու գիշերը հոգնած տուն գայիր, ժամանակ չէիր ունենա խելքդ տալ էդ անիծյալ կաբբալային: Ամեն օր կոմպի առաջ չէիր լինի ու սրա ցանցը չէիր ընկնի,- արտասավախռն ձայնով, բայց և շշուկով ասում էր Լիաննան:
-Աղչի, տանը հյուր ունենք, հիմա կանցերտ տալու հեչ ժամանակը չի, քեզ զսպի, հետո կխոսենք:
Հիմա վերադառնանք լոգասենյակ, որտեղ Միխաիլը գաղտնի հեռախոսազրույց էր վարում: Խոսում էր եբրաերեն. << Ինչու՞ ես զանգահարել....հա չեմ հասկանում, ինչու 2-3 օր մնամ
այստեղ, վախենում ես, որ Դե լավ, եթե այդպիսի իրավիճակ է ստեղծվել, կմնամ>>:
Զրույցն ավարտելուց հետո խորը հոգոց արձակելով, գլուխը թափահարելով, սմարթֆոնը դրեց գրպանը, փակեց հոսող ջրի ծորակը ու վերադարձավ խոհանոց:
Մտնելով խոհանոց՝ մեղմ ժպտաց` ասելով․
-Կներեք, հին ծանոթներիցս մեկն էր զանգահարել ու ինձնով էր հետաքրքրվում: Վարդա՛ն, մտածեցի, որ երկու երեք օր այստեղ մնամ, կազդուրվեմ ծանր ճանապարհորդությունից, նոր դրական լիցքեր հավաքած` մեկնենք Իրան:
Այս խոսքերից Լիաննայի դեմքն ակնհայտ մռայլվեց: Միխաիլն անմիջապես այդ զգալով՝ հարցրեց .
-Վարդա՛ն, ես կարո՞ղ եմ այստեղ` Երևանում, Ռուսաստանի բանկերից մեկում պահված իմ անձնական խնայողությունները կանխիկացնել: Խոսքը դոլարային հաշիվների մասին է:
-Պետք է, որ կարողանաս: Վաղը` առավոտյան, դուրս կգանք ու այդ հարցը կլուծենք,-անտարբեր ասաց Վարդանը:
-Քանի որ որոշեցի մի քանի օր այստեղ մնալ և գիտեմ, որ դուք գումարի հետ կապված ներկայումս խնդիրներ ունենք, հետևաբար ուզում եմ հինգ հարյուր դոլար տալ ձեզ, որ չնեղվեք:
Այս խոսքերից Լիաննայի դեմքը պարզվեց, ու սկսեց ժպտալ:
-Միխաի՛լ, խնդրում եմ այդպիսի բաներ մի արա, դու ինձ վիրավորում ես,-լրջորեն դարձավ Վարդանը Միխաիլին:
-Բայց ես գումարը ոչ թե քեզ, այլ քո կնոջն եմ տալիս: Այնպես որ դա քո գործը չի:
Լիաննան, որ թեև լավ հասկանում էր ռուսերեն, բայց դժվարությամբ էր բանավոր հաղորդակցվում, ամաչկոտ ժպիտով ասաց.
-Ոչ, դրա կարիքը չկա: Նեղություն մի քաշեք:
-Ես արդեն որոշել եմ...
-Սուրճ կխմե՞ք, Միխաիլ,-ոգևորված հարցրեց Լիաննան:
-Մեծ հաճույքով,-ժպտալով պատասխանեց Միխաիլը:
***
Պիտերը մտավ իր հյուրանոցային համար, վառեց սենյակի լույսը, իսկ հետո հանելով կոշիկները` հոգնած պառկեց անկողնում: Մոտ տասը րոպե այդպես մնալուց հետո վեր կացավ, բացեց սառնարանը, հանեց գունավոր խմիչքի մի շիշ ու մեկ գավաթ լցնելով` ճաշակեց այն:
<<Ի՞նչ նպատակով ես Երևան եկել, Միխաիլ: Եթե, ինչպես դու ես ասում, պետք է Թեհրան մեկնես, ապա ի՞նչու Ռուսաստանից հենց Իրան չգնացիր... Զգում եմ՝ այստեղ մի խորհրդավոր գաղտնիք կա ու այդ գաղտնիքը սերտորեն կապված է այն իրադարձության հետ, որը ես շարունակ տեսնում եմ իմ տեսիլքներում և որը փորձում եմ կանխել >>
Փակեց աչքերը, փորձեց կենտրոնանալ: Ասես փորձում էր օդից ինֆորմացիա որսալ:
Տարբեր պատկերներ էին գալիս աչքին: Հանկարծ տեսավ Միխաիլին մի քանի հրեա գործարարների հետ, այնուհետև աչքին եկան դոլարի կապոցներ:
<<Ահաբեկչություն, մեծ գումարներ....ցնցվում են միևնույն ժամանակ մոլորակի տարբեր կետերը` Հարավային Կովկաս, Եվրոպա, ԱՄՆ.... Բայց չեմ հասկանում, թե այս ամենի հետ
կաբբալայի քարոզիչը ի՞նչ կապ ունի: Չեմ տեսնում, որ նա ուղղակի ներքաշված է այս ամենի հետ, բայց որ քվանտային դաշտում ազդեցություն ունի այս իրադարձությունների վրա, դա ակնհայտ է,->>իր տեսիլքներն ինքն իրեն բարձրաձայն մեկնաբանում էր Պիտերը:
<<Ես պետք է անպայման գտնեմ նրան ու խոսեմ հետը, փորձեմ հասկանալ նրա դերակատարությունն այս ամենի մեջ>>:
Բացեց աչքերը, վեր կացավ ու սկսեց անհանգիստ այս ու այն կողմ քայլել սենյակում: Հանկարծ վերցրեց հյուրանոցի համարի հեռախոսը` զանգահարելով հյուրանոցի հերթապահ աշխատակցին:
-Խնդրում եմ 116 համար սուրճ ու խմորեղեն բերել:
-Հիմա, պարոն,-վարժ անգլերեն առոգանությամբ պատասխանեց հյուրանոցի հայ աշխատակցուհին:
<<Սուրճ կխմեմ, այնուհետև ինտերնետ կմտնեմ` աշխարհում տիրող նորություններին իմանալու, իսկ դրանից հետո կսկսեմ ինձ վրա աշխատել,->>մտածեց նա:
***
Բացվում է հերթական շոգ երևանյան առավոտը: Լիաննան ուրախ տրամադրությամբ նախաճաշ էր պատրաստում բոլորի համար: Վարդանն ու Միխաիլը վաղուց էր, ինչ արթնացել էին, մինչդեռ երեխաները քնած էին:
-Ինչպե՞ս քնեցիր Միխաիլ,-հարցնում է Վարդանը:
-Սովորաբար ես քիչ եմ քնում` 3-4 ժամ, իսկ գիշերվա մնացած ազատ ժամանակ ինտերնետում եմ լինում:
-Լիաննա', երկա՞ր պետք է սպասենք նախաճաշին,-անհամբերությամբ հարցեց Վարդանը:
-Հիմա պատրաստ կլինի:
Նախաճաշելուց հետո Վարդանն ու Միխաիլը դուրս եկան տանից: Լիաննան մնաց տանը՝ երեխաների հետ:
Զանգահարում է Լիաննայի բջջային հեռախոսը: Մայրն էր` Նվարդը:
-Ալո, Լիան...
-Հա, մամ...
-Բարև ո՞նց ես։
-Լավ եմ:
-Էրեգվա էն մարդը էկա՞վ:
-Հա, մամ, եկավ, հիմա Վարդանի հետ դուրս են եկել քաղաք` գործերով:
-Բա դա արդեն Պարսկաստա՞ն չպիտի գնացած լիներ:
-Չգիտեմ, մամ, ես էլ բան չեմ հասկանում էս Վարդանի բռնած գործերից: Պարզվում ա էս մարդը Վարդանի հետ միասին պիտի Պարսկաստան գնար: Հիմա էլ որոշել են մի քանի օր էստեղ մնալ:
-Վարդանը դրա հետ Պարսկաստան գնում ա ի՞նչ անի: Մարդդ խելքը հացի հետ ա կերել: Ասա, այ հիմար, դու էդ մարդու կարգին ճանաչում ես, որ հետը ուզում ես Պարսկաստան գնալ, գիտես ով ա՞, ինչի՞ համար ա էնտեղ գնում...Լիան, ես տենց էլ չհասկացա քո մարդը էդ ինչ հավատի մեջ ա խորացել, ինչ էին դրան ասում.. հա կավալա:
-Կաբբալա, մամ; Է~, ես էլ գլուխ չեմ հանում Վարդանից
-Լսիր, բա Վարդանը քանի՞ օրով ա գնալու
-Դե ինձ ասել ա մեկ օրով:
-Ի՞նչ ես կարծում կարգի՞ն մարդ ա դա
-Խելացի մարդու տպավորություն ա թողնում ինձ վրա, բայց դե ես իմ:
***
Երևանում առավոտյան ժամը 10:00-ն էր: Կիզիչ արևը սկսում էր տաքացնել փողոցները: Վարդանն ու Միխաիլը ավտոմեքենայով գնում էին քաղաքի կենտրոն:
-Ինչքան գիտեմ, այդ բանկում կարող ես գումար կանխիկացնել,-դիմեց Վարդանը Միխաիլին:
-Դա լավ է: Չնայած դեռ առավոտը է , բայց արդեն շոգին դիմանալ չի լինում: Հնչում է Միխաիլի սմարթֆոնի զանգը: Անծանոթ հեռախոսահամար էր:
-Ալո,- զարմացած ասաց Միխաիլը:
Զրուցակիցը սկսեց անգլերենով նրա հետ խոսել: Միխաիլը ճանաչեց Պիտերի ձայնը:
-Ալո, կներեք ես Միխաիլի՞ հետ եմ խոսում,
-Այո, իսկ ո՞վ է
-Պիտերը, որի հետ դուք ծանոթացաք երեկ կանգառում:
Մի պահ Միխաիլը զարմանքից քարացավ. <<Բայց մի րոպե, ես սրան իմ հեռախոսահամարը չեմ տվել: Ուրեմն ինչպե՞ս է իմացել>>-մտածեց նա:
-Ես լսում եմ Ձեզ, Պիտեր:
-Ինչքան ես հասկանում եմ, Դուք դեռ Երևանում եք: Ուզում եմ հանդիպել Ձեզ հետ:
-Այո, ես դեռ Երևանում եմ: Բայց ինչու՞ եք ուզում ինձ հետ հանդիպել և հետո այդ ինչպե՞ս կարողացաք իմանալ իմ հեռախոսահամարն այն դեպքում, երբ ես այն Ձեզ չէի տվել:
-Ձեր զարմանքը ինձ համար հասկանալի է: Դուք գաղափար էլ չունենք, թե ում և ինչ ունակությունների տեր մարդու հետ եք խոսում:
-Պիտեր, ես հիմա մեքենայի մեջ եմ, տեղ եմ գնում, կարո՞ղ ես ինձ մեկ ժամից հետո զանգահարել,- ասաց Միխաիլը:
-Լավ, ինչպես կասեք, մեկ ժամից կզանգահարեմ,-պատասխանեց Պիտերը:
Միխաիլն այլայլված էր: Պիտերի զանգն ու հանդիպման առաջարկն իր համար անսպասելի էր ու չէր մտնում իր ծրագրերի մեջ:
-Ո՞վ էր,-հետաքրքրությամբ հարցրեց Վարդանը:
-Այն մարդը, որին դու տեսար երեկ կանգառում, երբ եկել էիր ինձ դիմավորելու: Ես պետք է այսօր հանդիպեմ իր հետ,-մտախոհ պատասխանեց Միխաիլը:
-Բայց կարծես թե այդ զանգից հետո տրամադրությունդ ընկավ, Միխաի՛լ:
-Ոչ, ես անհանգստանում եմ Թեհրանում մեր դպրոցի բացման արարողության պատշաճ անցկացման մասին:
-Մի՛ անհանգստացեք, ամեն ինչ լավ կլինի,-ծիծաղեց Վարդանը:
Վարդանի մեքենան կանգնեց բանկի մայթեզրին. հասել էին:
-Հասանք:
-Վարդան, դու սպասիր մեքենայի մեջ, ես գումարս կանխիկացնեմ գամ, լա՞վ
-Լավ:
Միխաիլը դուրս եկավ ավտոմեքենայից ու ներս մտավ բանկ: Ներսում նախ և առաջ հանեց սմարթֆոնը ու զանգահարեց: Խոսում էր եբրայերեն:
-Բարի լույս…
-Բարև, ինչ որ բա՞ն է պատահել, որ ինձ զանգահարել ես:
-Երևանում մի մոգի եմ հանդիպել, որը կարծես թե տեղյակ է մեր պլաններից:
-Ի՞նչ մոգ, այդ ի՞նչ ես խոսում և ինչպե՞ս է իմացել: Կարգին խոսա, բան հասկանամ:
-Նա կարողացել է, մտնելով իմ էներգոինֆորմացիոն դաշտ, իմանալ իմ հեռախոսահամարը: Նրան հաջողվել է մտնել իմ գլխի մեջ:
-Ի՞նչ...
-Դա վկայում է, որ նա հասարակ մոգ կամ էքստրասենս չէ, այլ լավագույններից մեկն է…
-Հետո ինչ, ինչի՞ համար ես ինձ զանգահարել:
-Նա ուզում է հանդիպել ու զրուցել ինձ հետ: Ձեզանից ուզում եմ հարցնել արժե՞ արդյոք հանդիպել նրա հետ, թե` ոչ:
-Իսկ դու ի՞նչ ես կարծում:
-Կարծում եմ, որ հանդիպելը սխալ կլինի…
-Ոչ, եթե դու չհանդիպես, նա միևնույնն է, քեզ կգտնի կամ ամեն ինչ մանրամասնորեն կիմանա: Որպեսզի մենք հասկանանք, թե ի՛նչ է նրա ուզածը և ու՛մ հետ գործ ունենք, դու պետք է հանդիպես ու զրուցես իր հետ:
-Արժե որ…
-Այո,-կտրուկ հնչեց պատասխանը:
Միխաիլի հեռախոսազրույցն ավարտվեց: Սմարթֆոնը գրպանը դնելով` շուրջը նայեց` տեսնելու, թե արդյո՞ք ավելորդ ուշադրություն իր անձի վրա առաջացել է: Սակայն բանկի հաճախորդները, խորասուզված իրենց գործերի մեջ, չէին էլ նկատում նրան:
Ավարտելով գործերը` դուրս եկավ բանկից: Վարդանը ավտոմեքենայի մեջ նրան էր սպասում: Դուռը բացեց ու մտավ ավտոմեքենան:
-Ավարտեցի՞ր գործերդ,-հարցրեց Վարդանը:
-Այո, գումարը կանխիկացրի: Դրա մի մասն էլ փոխանակեցի ձեր պետության արժույթով` դրալով:
-Դրամով,-ժպտալով ուղղեց Վարդանը:
-Հիմա ինչ ե՞ս առաջարկում, Վարդան, ու՞ր գնանք:
-Մոտակայքում բազմաթիվ բացօթյա սրճարաններ կան, արի մի տեղ նստենք, մի գավաթ սուրճ կամ հյութ ըմպենք,-առաջարկեց Վարդանը:
-Լավ գաղափար է, այդ ընթացքում էլ կզրուցենք,-համաձայնեց Միխաիլը:
Մեքենան հարմար տեղ կանգնեցնելուց հետո քայլեցին մոտակա սրճարանը, նստեցին փոքրիկ սպիտակ ու կլոր սեղանի շուրջը: Մատուցողուհին` մոտ քսանհինգ տարեկան, հագին սպիտակ վերնաշապիկ ու մինչև ծնկները հասնող սև ու նեղ շրջազգեստ, բարեմահամբույր ժպտալով մոտեցավ ու հայերեն դիմեց նրանց.
-Բարև Ձեզ, ի՞նչ կպատվիրեք:
-Ի՞նչ ասեմ բերի, ,-դիմեց Վարդանը Միխաիլին:
-Ինձ թող բերի մեկ գավաթ դառը սուրճ,-ասաց Միխաիլը:
Վարդանը դիմելով մատուցողուհուն ասաց.
-Մեզ բերեք մի գավաթ դառը սուրճ ու մեկ բաժակ սառը խնձորի հյութ, խնդրեմ:
-Շատ բարի,-ասաց մատուցողուհին:
Թեթև քամի սկսվեց, 1-2 րոպե երկուսն էլ լուռ էին ու մտազբաղ:
-Ի՞նչի մասին ես մտածում, Վարդան,-խախտեց լռությունը Միխաիլը:
-Է~, չգիտեմ…
-Իսկ ես գիտեմ: Մտածում ես գումարային խնդիրներիդ մասին: Դե բավական է ինքդ քեզ տանջես: Ում որ պետք է, նա հարուստ կլինի, իսկ ում որ պետք է ` աղքատ: Ես հիմա չեմ ցանկանում խոսալ այդ արարչական հաշվարկների մասին: Միայն քեզ մի բան կասեմ: Եթե քեզ վիճակված է լինել աղքատ, ապա այդպես էլ կլինի: Միակ ելքը կաբբալան է, որը քեզ թույլ կտա անգամ այս պայմաններում հասնել հոգևոր այնպիսի վիճակի, այնպիսի զգացողությունների, ուր անսահման երջանկությունն է, սերը, առատությունն ու լույսը: Եթե հասնես իմ ասած մակարդակին, քեզ այլևս ոչինչ չի անհանգստացնի: Կլինես ներդաշնակ, ինչպես արարիչը: Վարդա՛ն, քեզ ոչ ոք չի կարող խանգարել հասնել այդ հոգևոր զգացողությունների մակարդակին` միաժամանակ ապրելով այս կյանքում` շարունակելով մնալ որպես հոգատար հայր ու ամուսին:
-Միխաի՛լ, երբ լսում եմ քեզ, կարդում կաբբալայի մասին ինտերնետային նյութերն ու գրքերը, Յութուբով լսում Լայտմանի ամեն շաբաթ հեռարձակվող հաղորդաշարը, ինձ հրաշալի եմ զգում, կյանքս կարծես իմաստավորվում է, սակայն, երբ ամեն օր տանը կինս ինձ հիշեցնում է, որ աշխատանք չունեմ, գումարային խնդիրներ ունենք, պարտքեր, երեխաները պատշաճ հագուստ չունեն, կարծես երկնքից վայր եմ ընկնում երկիր: Հայտնվում եմ դառը իրականության մեջ,-տխրությամբ խոսում էր Վարդանը:
-Վարդա՛ն, մի տառապիր, միևնույնն է, քո մտատանջություններով, անհանգստություններով ոչինչ փոխել չես կարող: Իզուր մի խորասուզվիր տառապանքներիդ մեջ: Այլ հասկացիր, որ այդ տառապանքներն արարչի կողմից են քեզ ուղարկված: Դրանով արարիչը փորձում է քո ուշադրությունը գրավել, այնպես է անում, որ դառնաս իրեն ու ուղղվես: Ինչ վերաբերում է նրան, որ փող չունես, դրա պատճառը քո էգոիզմն է, որը պետք է ուղղես ու այնպես անես, որ քո օգտին աշխատի: Դու ինքնամփոփ մարդ ես , մյուսների կյանքով չես ապրում, չես շփվում մարդկանց հետ, ուրիշների հոգսերով չես ապրում, նրանց ուրախությամբ չես ուրախանում: Ավելի հստակ ասած` քո կապերը շրջապատի մարդկանց հետ շատ թույլ են: Իսկ ի՞նչ է քեզ թվում, երկնքից փող պետք է թափվի քեզ համար, իսկ դու էլ գնաս այն հավաքե՞ս։ Ոչ, բարեկամս: Փողը մեր կյանք գալիս է մարդկանց միջոցով, հետևաբար մարդկանց հետ պետք է սերտ ու ջերմ կապերի մեջ լինել: Այդ ամենը քեզ կաբբալան կսովորեցնի:
-Այդ ամենը, ինչ դու ինձ ասում ես, ես գիտեմ: Նորություն չէ: Բայց….
-Վարդան դու գումար ես չէ՞ ուզում,-ընդհատեց Միխաիլը Վարդանին:
-Բոլորն են փող ուզում:
-Միայն ուզելը շատ քիչ է: Դու ի՞նչ կոնկրետ քայլեր ես ձեռնարկում փող աշխատելու համար, որ չի ստացվում,-հետաքրքրությամբ հարցրեց Միխաիլը:
Հարցը անակնկալիի բերեց Վարդանին:
-Դե աշխատանք եմ փնտրում, բայց հարմար գործ չկա:
Այս խոսքերը ծիծաղեցրին Միխաիլին.
-Հա~, հա~, հա~,իսկ քեզ ո՞վ է ասել, որ աշխատանքը հարմար ընդհանրապես լինում է: Ամբողջ աշխարհում մարդիկ ամեն առավոտ սովորականի պես շտապում են աշխատանքի, իսկ երեկոյան տուն վերադառնալուց, զգեստափոխվելուց, լվացվելուց ու ընթրելուց հետո հոգնած` պառկում քնելու: Ու այդպես ամեն աշխատանքային օր, իսկ ապրելու համար ժամանակ ընդհանրապես չի մնում:
-Լավ այդ դեպքում ի՞նչ ես առաջարկում, ի՞նչ է առաջարկում կաբբալան,-հետաքրքրությամբ հարցրեց Վարդանը:
-Կաբբալան գիտություն է մարդու հոգևոր զարգացման, երջանկության ու արարչի հետ ներդաշնակ լինելու մասին: Սակայն կաբբալան չի սովորեցնում, թե ինչպես կարելի է փող աշխատել: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ես քեզ ինչ խորհուրդ կտամ, ապա կասեմ, որ կաբբալայի միջոցով դու շատ հարցերի պատասխանները կստանաս: Կհասկանաս, որ գոյություն ունի այլ կյանք, այլ աշխարհ, ուր գումար վաստակելու խնդիրների համար տեղ չկա:
Մոտենում է մատուցողուհին.
-Ահա խնդրեմ ձեր հյութն ու սուրճը:
-Անչափ շնորհակալ ենք,-ասաց Վարդանը:
-Ես եմ շնորհակալ,-հետևեց պատասխանը:
Լարվածությունից ու շոգից չորացած շուրթերը մոտեցնելով բաժակին` Վարդանը սկսեց ըմպել հյութը:
-Միխաիլ, ե՞րբ եք գնալու Թեհրան:
-Վաղը դեռ այստեղ կլինեք, իսկ դրանից հետո ժամանակը ցույց կտա: Երևի երկու օրից… Հյութդ խմիր, որ վեր կենանք, խանութից մթերք գնենք, գնանք տուն`ճաշելու:
Հնչեց Միխաիլի սմարթֆոնի զանգը: Պիտերն էր:
-Ալո, Միխաի՞լ
-Այո, լսում եմ Ձեզ, Պիտեր:
-Ես Ձեզ զանգահարել եմ, որ իմանամ, թե ե՛րբ ու որտեղ կարող ենք հանդիպել:
-Լավ: Եկեք այսպես պայմանավորվենք: Այսօր երեկոյան ժամը 20:00-ին Ձեզ հարմա՞ր է
-Այո,-իհարկե:
-Դե լավ: Տեղի համար ես լրացուցիչ Ձեզ կզանգահարեմ: Մինչ հանդիպում:
-Առայժմ:
Խորը հոգոց հանելով` Միխաիլը սմարթֆոնը դրեց գրպանը: Վարդանն ուշադիր նայում էր նրա դեմքին: Ասես փորձում էր հասկանալ, թե ի՛նչ էր թաքնված այդ խորհրդավոր հանդիպման ետևում:
-Միխաիլ, ես զարմանում եմ: Այդ մարդը ինչպե՞ս է կարողացել քո հեռախոսահամարն իմանալ:
-Դե լավ, ես գնամ սրճարանի հաշիվը փակեմ գամ: Ինձ այստեղ սպասիր,-տեղից վեր կենալով՝ ասաց Միխաիլը:
Վարդանը հասկացավ, որ Միխաիլի անսպասելի վեր կենալը պատրվակ էր այդ խորհրդավոր մարդու մասին հարցերից խուսափելու համար:
***
Մթնում էր: Քամին իր հետ հաճելի զովություն էր բերում: Միխաիլը հանդիպման նշանակված վայրում` Երևանի զբոսայգիներից մեկում նստած՝ նստարանին սպասում էր Պիտերին: Հանդիպման ժամից մոտ 10 րոպե էր անցել, սակայն դեռ Պիտերը չկար, ու դա Միխաիլին նյարդայնացնում էր:
-Բարև Ձեզ, Միխաի՛լ:
Միխաիլը ճանաչեց Պիտերի` անգլերեն առոգանությամբ ձայնը: Ետ շրջվելով` տեսավ Պիտերին:
- Կներեք, որ մի փոքր ուշացա,-մտախոհ ասաց Պիտերը:
-Խնդիր չկա: Ինչպե՞ս եք, քաղաքը Ձեզ դու՞ր է եկել,-փորձեց զրույցը մտերմիկ ձևով սկսել Միխաիլը: Սակայն Պիտերը, դեմքի լուրջ արտահայտությամբ, հակված չէր մտերմիկ զրույցի:
-Գիտե՞ք, թե մոտ ժամանակներս ի՛նչ լուրջ փորձություն է սպասվում մարդկությանը:
-Առաջին անգամ չէ, որ երկիր մոլորակի բնակչությունը լուրջ փորձությունների է ենթարկվում: Բայց ճիշտ ասած ես չգիտեմ, թե Դուք հիմա ինչ փորձության մասին եք խոսում,-ասաց Միխաիլը` փորձելով դեմքին զարմացական արտահայտություն տալ:
-Շատ լավ էլ գիտեք ու հենց դրա համար էլ գնում եք Թեհրան, իսկ Կաբբալայի դպրոցի հիմնարկեքը, ինչպես Դուք եք ասում, ընդամենը պատրվակ է, քողարկող վարագույր,-խիստ տոնով ասաց Պիտերը:
Միխաիլն անսպասելիի եկավ նման կտրուկ շեշտադրումներ պարունակող խոսքերից: Սակայն շատ արագ, իրեն հավաքելով, ասաց.
-Լսեք, հարգելիս, այդ ինչե՞ր եք խոսում, չեմ հասկանում և վերջապես ինչու՞ եք ինձ կանչել, ի՞նչ եք ինձանից ուզում:
-Մեծագույն սադրանք է սպասվում, որից կարող է բռնկվել երրորդ համաշխարհային պատերազմը: Ես շատ լավ գիտեմ, որ Դուք գիտեք…
-Լսեք, երրորդ համաշխարային պատերազմի բռնկման սպառնալիքը միշտ էլ առկա է: Չնայած հիմա 2017 թվականն է, ու ընդունված է բոլոր գլոբալ հարցերը լուծել բանակցությունների միջոցով, սակայն մարդկության անհանգստության կայծից կարող է մեծ կրակ բռնկվել: Եթե արարիչը գտնի, որ միայն այդպես` արցունքների, տառապանքների միջոցով կարող է մարդկությունն ուղղվել, ուրեմն այդպես էլ կլինի:
-Բայց հենց Դուք` կաբբալայի քարոզիչներդ եք ասում, որ մարդու հոգին արարչի բջիջն է, այլ կերպ ասած՝ ամեն մարդ արարչի մի մասնիկն է…
-Շատ ճիշտ եք: Իմ ասածները դրան չեն հակասում: Բայց արարչական ուղղվածությունը գնում է տառապանքների ավելացման ճանապարհով, քանի որ մարդկային միտքը առավել դյուրին կարողանում է տառապանք, անհանգստություն ու այլ նեգատիվ երևույթներ արարել, քան բարիք:
-Բայց հենց մեր պես մարդիկ նրա համար են, որ կարողանանք ուղղել բոլորին, նրանց միտքը, վարքագիծը: Մենք բոլորս մի օրգանիզմ ենք, ու կարող ենք այնպես ազդել մեր վրա, որ դա դրական ազդեցություն թողնի շատերի վրա:
-Հա~, հա~, հա~,-սկսեց ծիծաղել Միխաիլը,-կարծում եք դա այդքան հեշտ է: Ես գիտեմ ձեր` Հնդկաստանի մոգության դպրոցների փիլիսոփայությունը: Ձեզ թվում է, թե դուք կարող եք Ձեզ կարգի բերելով` կարգի բերել մոլորակի ողջ բնակչությանը: Բայց, ինչպես տեսնում ենք, արդյուքները շատ տխուր են..
-Միխաիլ, ես ամենայն հարգանքով եմ մոտենում Կաբբալային, հետևաբար կխնդրեմ, որ հարգանքով խոսեիք իմ դպրոցի մասին: Դուք գաղափար անգամ չունեք, թե ես ու իմ աշակերտները ի՛նչ ունակությունների եք տիրապետում ու մեր մեդիտացիաներով ինչքան դրական ազդեցություն եք թողել մարդկության վրա,-կիսազայրացած ձայնով ասաց Պիտերը:
-Ես որևէ վիրավորական խոսք ասեցի՞ Ձեր կամ Ձեր դպրոցի մասին: Ամենևին: Ուղղակի հիմա շատերն են խոսում աշխարհը ավելի լավը դարձնելու, երկիր մոլորակի բնակչության կյանքը բարելավելու վեհ գաղափարների մասին: Ամեն օր սնկի պես աճում են բարեգործական կազմակերպությունների ու հիմնադրամների թիվը: Բայց արի ու տես, որ աշխարհը այդպես էլ ավելի լավը չդարձավ, ընդհակառակը: Դա նրանից է, որ մարդկանց պատկերացումները բարության և բարիք գործելու մասին սխալ են:
Պիտերը համբերությամբ լսում էր Միխաիլին: Հետզհետե զբոսայգում մարդկանց թիվն ավելանում էր: Ուրախություն էր տիրում: Փոքր երեխաներն այս ու այն կողմ էին վազվզում, նրանց ծնողներն էլ շարունակ հորդորում էին զգուշ լինել: Բոլորը զբոսայգի էին եկել լիցքաթափվելու, այնինչ Պիտերի ու Միխաիլի զրույցն էականորեն տարբերվում էր մյուսների անհոգ ծիծաղից ու քչփչոցներից:
Մի քանի վայրկյան լուռ էին Պիտերն ու Միխաիլը: Նայում էին անհոգ խաղացող մանուկներին:
-Ինչու՞ չեք ցանկանում ինձ հետ անկեղծանալ, Միխաիլ,-լռությունը խախտեց Պիտերը:
-Դուք այդպես էլ չասացիք, թե ինչու՞ եք ինձ կանչել:
-Ուզում եմ, որ ինձ օգնեք:
-Օգնե՞մ,-զարմացած բացականչեց Միխաիլը,-ի՞նչ հարցում ու ինչպե՞ս։
-Ուզում եմ, որ Դուք օգնեք ինձ սպասվող աղետը թույլ չտալու համար:
-Նախ`ի՞նչ գիտեք, թե այն, ինչ որ պետք է տեղի ունենա, աղետ է: Կյանքում ամեն ինչ ունի իր երկու` իրար հակադիր կողմերը: Եթե այն, ինչպես Դուք եք ասում, աղետ է, ապա, լավ հիշեք, որ այն աղետ լինելով, միաժամանակ բարություն է ու դրական փոփոխությունների լայն հեռանկարներ է ստեղծում: Անգամ 2001թ Ամերիկյան առևտրի տան սոսկալի ահաբեկչությունը մարդկանց կյանքում դրական փոփոխություններ բերեց: Այդ իրադարձությունից հետո շատ ամերիկացիներ սկսեցին կյանքին այլ աչքերով նայել: Հասկացան, որ իրենց կյանքն ամեն պահի կարող է անժամանակ ընդհատվել: Հետևաբար սկսեցին գնահատել իրենց կյանքի ամեն վայրկյանը, ամեն մի պահը: Արդյունքում նրանց կյանքի որակը բարձրացավ, սկսեցին ավելի երջանիկ ապրել:
-Լավ, հիմա ինձ ասացեք, թե ինչու՞ եք փորձում կանխել, ձեր ասած, սպասվող աղետը Պիտերին այս հարցը զարմացրեց ու ուշադիր նայելով Միխաիլի աչքերի մեջ՝ ասաց.
-Ես Ձեզ հիմա հասկացա..
-Իսկ ի՞նչ հասկացաք, հետաքրքիր է:
-Դուք այս իրադարձությանն այլ գնահատական եք տալիս: Դուք կարծում եք, որ սրա միջոցով կարելի է ուղղել աշխարհն ու մարդկանց: Դրա համար էլ անուղղակիորեն նպաստում եք, որ այդ իրադարձությունն անպայման տեղի ունենա: Դա Ձեր` հրեաների ծրագիրն է: Բայց չե՞ք կարծում, որ մարդկության ուղղման և էգոիզմի դեմ պայքարելու այլ ճանապարհներ էլ կան։
-Ձեր հրեաների… Դուք` արևելյան դպրոցների ներկայացուցիչներդ, շարունակ խոսում եք միասնության մասին` հղում անում Յունգի <<կոլեկտիվ անգիտակցականի>> տեսությանը: Սակայն հենց Դուք նոր ի ցույց դրեցիք Ձեր խոսքի ու մտքի հակասությունը: Ինչ վերաբերում է Ձեր դատողություններին, ապա կասեմ, որ դրանց մեջ ճշմարտություն կա, թեև՝ քողարկված: Բայց Կաբբալան չի զբաղվում գուշակություններով, քանի որ ի՞նչ իմաստ ունի, թե ինչ է պատահելու, եթե շարունակում ես մնալ էգոիզմիդ գերին:
-Դուք գաղափար անգամ չունեք, թե մենք մեր ուսմունքում ինչի՛ն կամ ո՛ր տեսությանն եք հղում անում: Այնպես որ կխնդրեի սին դատողություններ չանել:
-Լավ, Պիտեր, թող քո ասածը լինի: Դատողություններ այլևս չեմ անի, եթե այդպես եք ուզում: Ցանկանալով եզրափակել մեր զրույցը`ես կասեմ, որ ոչնչով չեմ կարող Ձեզ օգնել: Այնպես որ, Դուք զուր ժամանակ եք վատնում, հարգելի՛ս,- ժպտալով ու կիսահեգնական տոնով ասաց Միխաիլը։
-Ձեզ հետ խոսելն այլևս ավելորդ է,-ասաց Պիտերը` մտադրված ավարտելու զրույցը:
-Փաստորեն ավելորդ ժամանակս վատնեցի,-դժգոհ իր հերթին ասաց Միխաիլը:
Անտարբեր ձեռքսեղմումով իրարից բաժանվելուց հետո ամեն մեկը գնաց իր ճանապարհով:
Պիտերը փորձում էր տաքսի կանգնեցնել ու վերադառնալ հյուրանոց: Բայց որոշեց նստել մոտակա նստարանին ու մտքում ամփոփել հանդիպումը: <<Ճիշտ էի: Նա ուզում է, որ այդ խառնաշփոթը ցնցի աշխարհը: բայց այստեղ կա մի բան, որ մինչ այս պահը դեռ ինձ համար հանելուկ է: Ի՞նչ կապ կա նրա` Թեհրան գնալու և այդ սպասվող դեպքերի միջև: Չէ~, այստեղ կա մի բան, որը ինձ դեռ հայտնի չէ… Լավ, վերադառնամ համարս ու հանգստանամ>:
Նստարանից վեր կենալով` տեսավ, որ մոտակայքում արդեն տաքսի կա: Նստեց ու վերադարձավ հյուրանոց:
***
Այդ ժամանակ էլ Միխաիլին ավտոմեքենայի մեջ սպասում էր Վարդանը, որը նրան տարել էր հանդիպման: Բացելով դուռը ու ներս մտնելով մեքենան` Միխաիլն ասաց.
-Վարդան, գնացի՛նք տուն:
-Ինչպե՞ս անցավ հանդիպումը, ի՞նչ էր ուզում այդ մարդը քեզնից,-հարցրեց Վարդանը: Միխաիլը ոչինչ չպատասխանեց:
***
Պիտերը հասավ հյուրանոց: Հյուրասրահում աշխույզ եռուզեռ էր: Նոր զբոսաշրջիկներ էին եկել, ու հյուրանոցի աշխատակազմը զբաղված էր նրանց տեղավորելու գործով: Մի պահ ջղաձգվեց ու ուժեղ գլխացավ զգալով`փակեց աչքերը ու այդ պահին տեսիլք տեսավ. թվեր էին: Բացելով աչքերը ու վերլուծելով տեսածը` Պիտերը հասկացավ, որ դրանք օր, ամիս ու ժամ արտահայտող թվեր էին:
Խորը հոգոց արձակեց: Հոգուց կարծես մի ծանր բեռ ընկավ: Իրեն տանջող հարցերից մեկի պատասխանը նա արդեն ստացել էր: Արագ բարձրանալով իր համարը` զգեստափոխվեց, երեսը սառը ջրով շփելուց հետո վերցրեց սրբիչը ու ուշադիր նայելով ինքն իրեն հայելու մեջ՝ մտքում ասաց. <<Ես ամեն գնով կկանխեմ սպառնալիքը: Թույլ չեմ տա, որ խավարի ամպը իջնի երկրի վրա>:
Վերցրեց սմարթֆոնը ու զանգահարեց Հնդկաստան՝ ընկերոջը: Հեռախոսազրույցն ընթանում էր հնդկերեն:
-Բարև Ռահուլ, քնա՞ծ էիր
-Ի՞նչ է պատահել Պիտեր, այս ժամին…
-Ես իմացել եմ ահաբեկչության հստակ օրն ու ժամը: Դա կպատահի վաղը չէ մյուս օրը:
-Ի՞նչ ես պատրաստվում անել:
-Պետք է ամեն գնով թույլ չտամ, որ դա տեղի ունենա:
-Չեմ հասկանում, Պիտեր: Եթե ասում ես, որ տեսնում ես այդ իրադարձությունը, ուրեմն էներգոինֆորմացիոն դաշտում այդ իրադարձությունն արդեն առկա է: Դու ինձնից լավ գիտես, որ այդ դեպքում ապագան փոխելը շատ դժվար կլինի, եթե չասեմ, որ անհնար է:
-Գիտեմ, բայց նաև գիտեմ, որ ես այդքան ուժ ու ունակություն ունեմ, որ կարողանամ փոխել: Ռահուլ , գիտե՞ս, որ մի կաբբալիստ մեծ հետաքրքություն ունի այս գործում..
-Պիտեր կներես, բայց երեխան լացում է, տեսնեմ ինչ է ուզում… Հետո ես քեզ կզանգահարեմ, լա՞վ։
Ավարտելով հեռախոսազրույցը`նստեց բազմոցին ու աչքերը փակեց`փորձելով նոր ինֆորմացիա ստանալ: Անցավ մոտ կես ժամ, բայց նոր տեսիլք չունեցավ: Հնչեց հեռախոսի զանգը. հյուրանոցի աշխատակցուհին էր: Հարցնում էր, թե ընթրիքը համար բերեն, թե՞ ռեստորան է իջնելու: Պիտերն ասաց, որ ռեստորան կիջնի:
Դուրս գալով համարից` Պիտերը իջավ հյուրանոցի աշխատակցուհու մոտ:
Վերջինս, տեսնելով Պիտերին, սկսեց ժպտալ, ինչպես հյուրանոցի բոլոր հյուրերին էր ժպտում:
-Ինչո՞վ կարող եմ Ձեզ օգնել, պարո՛ն:
-Ես ցանկանում եմ Երևանից դուրս մի տեղ բնության գրկում լինել, որտեղ ինձ ոչ ոք չի խանգարի: Ցանկալի է դեպի հարավ:
-Պարոն մենք Ձեզ շատ հարմարավետ հանգստյան տուն կարող ենք առաջարկել…
-Ո՛չ, ոչ… Դուք ինձ սխալ հասկացաք: Ինձ պետք է այնպիսի մի տեղ, որտեղ հարյուրավոր մետր շառավղով ինձանից բացի ոչ ոք չի լինի, ու ոչ մի աղմուկ ինձ չի անհանգստացնի: Լինեմ միայն ես բնության գրկում:
-Պարզ է: Մի րոպե սպասեք, խնդրեմ:
Աշխատակցուհին կանչեց հյուրանոցի վարորդին ու ասաց, թե Պիտերը ինչ է ուզում: Վարորդը դառնալով Պիտերին ասաց.
-Պարո՛ն, ես գիտեմ մի այդպիսի լավ տեղ: Վստահեցնում եմ, որ Ձեր սրտով կլինի: Ե՞րբ պետք է գնանք ու քանի՞ ժամ ենք այնտեղ մնալու
-Կգնանք վաղը չէ մյուս օրը: Առավոտյան պետք է այնտեղ լինեք, իսկ կվերադառնանք ուշ երեկոյան:
-Լավ պարոն: Այդ դեպքում մենք պետք է հյուրանոցից ճանապարհ ընկնենք Երևանի ժամանակով գիշերվա 4-ին, որ առավոտյան 7-7:30 այնտեղ լինենք:
-Շատ լավ: Պայմանավորվեցինք:
***
Արդեն երեկոյան ժամը 22:30 էր: Քամին սկսել էր աշխուժորեն թակել Աջափնյակի շենքերի տան պատուհանները: Լիաննան քնացրել էր երեխաներին ու սպասում էր ամուսնուն և հյուրին: Սեղանն արդեն վաղուց գցել պատրաստել էր, մնում էր միայն, որ ուտելիքը տաքացներ: Հոգնած` Վարդանն ու Միխաիլը ներս մտան տուն: Լիաննան, որը Միխաիլի տարօրինակ առատաձեռնությունից ամբողջովին սկսել էր փոխել իր վերաբերմունքը վերջինիս հանդեպ, ժպտալով դիմավորեց նրանց, խնդրեց, որ լվացվեն ու ընթրեն, իսկ երբ տեսավ, թե ինչ առատ մթերային գնումներ է արել Միխաիլը, տրամադրությունն էլ ավելի բարձրացավ:
-Լիաննա, այս մթերքները տեղավորիր, խնդրում եմ,-ժպտալով դիմեց Միխաիլը Լիաննային:
-Այս ինչ նեղություն է Միխաիլ, ինչու՞ եք նման բան արել,- ռուսերեն բազմաթիվ սխալներ անելով՝ ասաց Լիաննան: Միխաիլը, որն արդեն գտել էր Լիաննայի թույլ կողմը, խնդրեց, որ նման բաներ Լիաննան չասի:
Ընթրիքին Միխաիլը աշխատում էր կոծկել այն անհանգստությունը, որը պաշարել էր իրեն Պիտերի հետ հանդիպումից հետո:
Վարդանը հասկանում էր, որ Միխաիլը փորձում էր ամեն գնով խուսափել Պիտերի հետ հանդիպմանն առնչվող հարցերից: Հետևաբար այլևս նրան ոչինչ չէր հարցնում: Սակայն հետզհետե, ասես ենթագիտակցաբար, Վարդանը սկսում էր հասկանալ, որ Միխաիլն իրենից ինչ որ կարևոր բան էր թաքցնում և անկեղծ չէ իր հետ: Վարդանն էությամբ այնպիսին էր, որ սիրում էր անձնվիրաբար նվիրվել վեհ գաղափարներին, վստահում էր մարդկանց: Բայց այս անգամ իր ներքին ձայնն ասես բարձրախոսով ականջի տակ աղաղակում էր, որ չպետք է վստահել Միխաիլին:
-Միխաիլ, հիմա ե՞րբ ենք գնալու Պարսկաստան: Արդեն լավ հանգստացա՞ր,-հետաքրքրությամբ հարցերց Վարդանը:
-Հա~, հա~, հա~, ինչպես տեսնում եմ, հետաքրքրությունից այրվում ես բացման արարողությանը մասնակցելու ցանկությունից,-ծիծաղելով ասա Միխաիլը:
-Դե զգուշ եղիր, որ չայրվեմ, թե չէ ստիպված ես մենակ գնալ Իրան,-կատակեց Վարդանը:
Այս խոսքերից Միխաիլն անմիջապես զգաց, որ Վարդանի մեջ ինչ որ բան փոխվել է, սակայն ոչինչ չասաց:
-Միխաիլ, դու կնոջս հետ զրուցիր, իսկ ես հինգ րոպեով մտնեմ հարևաններիցս մեկի տուն, գամ,-անսպասելիորեն տեղից վեր կենալով ասաց Վարդանը:
-Էդ ո՞ր հարևանի տուն ես գնում և ի՞նչի համար, Վարդա՛ն,-զարմացած բացականչեց Լիաննան,-դու մեր հարևաններից ու՞մ հետ ես շփվում որ
-Էսօր մեր հարևան Աշոտենց բարեկամներից մեկն ինձ հանդիպավ ու խնդրեց բան փոխանցեմ,-հանգիստ տոնով պատասխանեց Վարդանը:
-Էդ ի՞նչ պիտի փոխանցես, ինքը չէ՞ր կարա փոխանցել, որ քեզ ա ուղարկել,-խոժոռվեց Լիաննան:
-Ախչի հերիք ա գլուխս տանես ու քիթդ խոթես գործերիս մեջ,-զայրացավ Վարդանը:
Միխաիլը կռահում էր, որ դա ընդամենը պատրվակ էր տնից դուրս գալու, սակայն ձևացրեց, թե իբր ոչինչ գլխի չի ընկել ու հավատում է Վարդանի խոսքերին:
-Մի՛ վիճիր կնոջդ հետ Վարդան, խնդրում եմ: Իհարկե, գնա քո գործերով, իսկ ես ու Լիաննան կբամբասենք քո մասին,-կատակեց Միխաիլը` ասես թե հավատում էր Վարդանին:
-Միխաիլ,ես մի 10 րոպեից կվերադառնամ, լա՞վ։ Շատ չեմ ուշանա:
-Խնդիր չկա եղբայ՛ր,-ասաց Միխաիլը:
***
Վարդանը շտապելով դուրս եկավ տանից: Բակում շատ մարդ կար` փոքր երեխաներ, աշխատանքից նոր տուն վերադարձած ու լիցքաթափվելու համար մաքուր օդի դուրս եկած մեծահասականեր, ինչպես նաև բակի երիտասարդ տղաներ: Տեսնելով Վարդանին շփոթված հարևան շենքը շտապելիս` բակում ներկա գտնվող հարևանները սկսեցին նրա հետևից ծիծաղել ու բամբասել:
-Արա, սրան ինչ ա՞ պատահել, որ սենց խառնվել ա,- ներկաներին հարցրեց հաստափոր, կարճահասակ հարևաններից մեկը, ով, հագին կիսաթև վերնաշապիկ ու կիսաանդրավարտիք, նայում էր գնացող եկողներին:
-Էսի քանի գնում, յանը տանում ա: Բայց լսե՞լ եք, որ սրա տունը մի հատ արտասահմանից մարդ ա հյուր եկել: Երևի կնգա սիրածներից ա: Արա դրա կնիկը ախր շատ լավն ա էլի ու էդ հարիֆի թիքյան չի,-ասաց ներկա գտնվող տղամարդկանցից մեկը, ով նույնպես այդ շենքի բնակիչ էր: Այս խոսքերից հետո համընդհանուր հռհռոց բարձրացավ:
Վարդանը կանգնեց դռան առջև, մի պահ վարանելուց հետո սեղմեց զանգը: Դուռը բացեց մի դպրոցական երեխա ` մոտ 12-13 տարեկան:
-Բարև Ձեզ, Արշակը տա՞նն է:
-Բարև Վարդան ձյա, հա, տանն ա, ներս համեցեք,-ասաց երեխան:
Արշակը մոտ քսանհինգ տարեկան խելացի երիտասարդ էր, մասնագիտությամբ` ծրագրավորող: Նա թեև Վարդանի մոտ ընկերը չէր, ու հաճախ չէին շփվում իրար հետ, սակայն Արշակը թաղամասի այն քչերից մեկն էր, ով ակնածանքով էր վերաբերվում Վարդանին: Երկուսի խելացիությունն ասես մագնիսի պես ձգում էր իրար։
-Բարև, Վարդան ջան, հո բան չի պատահել էս ուշ ժամին,-տեղից վեր կենալով ու ձեռք սեղմումից հետո հարցրեց Արշակը:
-Բարև Արշակ ջան, կներես, որ էս ուշ ժամին քեզ անհանգստացնում եմ: Ուղղակի մի կարևոր բան պետք ա իմանամ, ու դու ինձ պիտի օգնես:
-Հարց չկա, Վարդան ջան, ասա՛ ինչ պիտի անեմ:
-Քեզ մի կազմակերպության կայք կասեմ, պիտի մտնես ու էնտեղ գտնես նրանց գլխամասային գրասենյակի հեռախոսահամարը:
-Պրոբլեմ չկա, ասա ո՞ր կայքն եմ մտնում:
***
Թեև Լիաննան ռուսերենին լավ չէր տիրապետում, սակայն հետզհետե կարողանում էր ավելի շատ հաղորդակցվել Միխաիլի հետ:
-Լիաննա, դու գաղտնիքներ պահել գիտե՞ս,-շշուկով հարցրեց Միխաիլը: Մի պահ զարմանալով անակնկալ հարցից`Լիաննան պատասխանեց.
-Այո, իհարկե:
-Լիաննա, քանի որ մենակ ենք, ես ուզում եմ քեզ ասել, որ շուտով քո ու Վարդանի սոցիալական խնդիրները ի սպառ կվերանան ձեր կյանքից, ու դուք կսկսեք ապահով ապրել ու արժանապատիվ ապագա կառուցել ձեր երկու անուշիկ փոքրիկների համար:
Այս խոսքերը Լիաննայի վրա կախարդական ազդեցություն թողեցին: Մի պահ նրան թվաց, թե իր առջև հայտնի մուլտֆիլմի հերոս Ալլադինն է, ով պատրաստ է կատարել իր նվիրական երազանքները:
-Այո, Լիաննա: Ես հասկանում եմ քո զարմանքը, բայց հենց որ Վարդանի հետ գնանք Պարսկաստան, մեր գործերն անենք վերջացնենք, ես մի մեծ նվեր կանեմ ձեր ընտանիքին` որպես շնորհակալություն, որ դուք ինձ հյուրընկալեցիք ձեր տանը, իսկ Վարդանն էլ հարազատ եղբորս պես իր մեքենայով ինձ տարավ Թեհրան ու ետ բերեց:
Լիաննան ապշել էր, ասես հիպնոսացած լինել: Միխաիլը, տեսնելով իր խոսքերի ազդեցությունը Լիաննայի վրա, շարունակեց.
-Լիաննա՛, բայց դու պետք է ինձ մի բան խոստանաս:
-Ի՞նչ Միխաիլ,-կիսավախեցած ձայնով հարցրեց Լիաննան:
-Պիտի ինձ խոստանաս, որ Վարդանին այս մասին ոչինչ չես ասի: Ուզում եմ, որ նրա համար հաճելի անակնկալ լինի:
-Անհոգ եղեք, Միխաիլ: Ես Վարդանին ոչինչ չեմ ասի:
Վարդանը տուն վերադարձավ: Ժպտալով դիմելով կնոջն՝ ասաց.
-Թեյ բեր մեզ համար: Միխաիլ, թեյ կխմես չէ՞
-Քո ընկերակցությունից ես երբեք չեմ հրաժարվի,-ծիծաղելով ասաց Միխաիլը:
***
Բացվել էր հերթական երևանյան շոգ օրվա առավոտը: Միխաիլը երկար էր քնել: Արթնանալուն պես նկատեց, որ ժամն արդեն առավոտյան 9:30 է: <<Աստված իմ, այսօր չափից ավելի շատ եմ քնել>>,- մտքում ինքնիրեն ասաց նա: Հագնվելուց ու լվացվելուց հետո նկատեց, որ Լիաննան նախաճաշ է պատրաստում, իսկ Վարդանը տանը չէր:
-Բարի լույս, Լիաննա, ինչպե՞ս քնեցիք
-Բարի լույս, Միխաիլ: Լավ եմ քնել, իսկ դու՞ք
-Լավ, շնորհակալություն: Իսկ Վարդանն ու՞ր է, տա՞նը չէ
-Մեկ ժամ առաջ տանից դուրս է եկել,-պատասխանեց Լիաննան:
-Իսկ ու՞ր է գնացել այսքան շուտ,-զարմացած ու անհանգիստ ձայնի տոնով հարցրեց Միխաիլը:
-Չգիտեմ, ինձ ոչինչ չի ասել,-ուսերը թոթովելով զարմացած ասաց Լիաննան:
<<Տեսնես ի՞նչ կա դրա մտքում, ու՞ր է գնացել>>,-խորհում էր Միխաիլը:
-Միխաի՛լ, նախաճաշը պատրաստ է, եկե՛ք,-հրավիրեց Լիաննան:
-Շնորհակալություն:
***
Վարդանը, նստած զբոսայգիներից մեկի նստարանին, անհամբերությամբ ժամին էր նայում: Զբոսայգում մենակ էր: Շուրջը մարդ չկար: Լսվում էր միայն մեքենաների ազդանշանները ու երթևեկության հոգնեցուցիչ ձայները:
Վարդանը սրտի անհագիստ թրթիռով նորից ծոցագրպանից հանեց թուղթը, որի վրա համար էր գրված: Գրպանից հանեց հեռախոսն ու հավաքեց համարը, սակայն միանում էր ինքնապատասխանիչը ռուսերեն և անգլերեն լեզուներով ասելով, որ կարող են հաղորդագրություն թողնել:
Վարդանը զայրացած անջատեց հեռախոսը ու գլուխն առավ ափերի մեջ: Խճճվել էր զգացողությունների մեջ: Փորձում էր հասկանալ, թե ինչպես ստացվեց, որ հայտնվեց այս իրավիճակում:
Անցավ շուրջ 10 րոպե:
Վարդանը նորից զանգահարեց: Ի ուրախություն իրեն՝ այս անգամ հեռախոսազանգին պատասխան եղավ, բայց զրուցակիցը խոսում էր իր համար անծանոթ լեզվով: Վարդանը ռուսերեն հարցրեց, թե ռուսերեն կարող են նրա հետ հաղորդակցվել:
-Այո, պարոն, ես ռուսերեն լեզվին էլ եմ տիրապետում, ի՞նչ եք ուզում իմանալ:
-Ես ուզում եմ իմանալ` կաբբալայի դպրոցի հիմնարկեքը Թեհրանում ե՞րբ է լինելու,-հարցրեց Վարդանը:
- Կաբբալայի դպրոցի հիմնարկեք Թեհրանու՞մ,-զարմանքից ապշեց զրուցակիցը,-պարոն, այդ ինչի՞ մասին եք խոսում: Մեր կազմակերպությունը երբեք նման բան չի պլանավորել: Այդ ո՞վ է Ձեզ ասել։
Վարդանի գլխին ասես սառը ջուր լցրին: Մեկ ակնթարթում պայթեց ստի այն փուչիկը, որը Միխաիլն էր փչել: Վարդանը զրուցակցից հարցրեց, թե նման անուն ազգանունով մարդ ճանաչում է:
-Եղբայր իմ, ես նման մարդու չեմ ճանաչում: Համենայնդեպս Կազմակերպության ղեկավար կազմում նման մարդ չկա: Կամ ձեր ասած մարդը Կազմակերպության սովորական անդամ է, կամ էլ ինքնակոչ մի խաբեբա, ով պարզապես գլուխ է գովել: Ինչ վերաբերում է Թեհրանում կաբբալայի դպրոցի բացմանը, դա անհեթեթություն է, նման բան չկա:
-Շատ շնորհակալ եմ Ձեզ, կներեք Ձեզ անհանգստացնելու համար:
-Մենք ենք շնորհակալ, պարոն: Մի հավատացեք ամեն մի ինքնակոչի, ով օգտագործում է կաբբալայի նման իմաստուն ու սուրբ գիտության ինստիտուտը` նման ստեր տարածելով: Ցտեսություն:
Անբացատրելի վախից Վարդանի դեմքը գունատվել, ողողվել էր քրտինքով: Սարսափը համակել էր նրա հոգին: Այն մարդուն, որին այդքան սիրել, հարգել ու վստահել է, պարզվում է, մի ինքնակոչ խաբեբա է:
<<Բա էդ դեպում սա ինչի՞ ա ինձ հետ մտերմացել` քողարկված կաբբալիստի կեղծ դիմակով, ինչի՞ ա ինձ հետ ուզում գնալ Պարսկաստան, ինքը մենակ չի՞ կարող գնալ ինչ ա, և ինչու՞ ա նման տարօրինակ առատաձեռնություն ցուցաբերում իմ ընտանիքի հանդեպ: Չէ, էստեղ մի մեծ գաղտնիք կա, էստեղ մի վտանգավոր խաղ ա գնում, որի մասին ես գաղափար անգամ չունեմ: Հիմա ես ի՞նչ անեմ, գնամ մի լավ ամոթանք տալով դրան տնիցս դուրս վռնդեմ, չէ, դա վտանգավոր ա, էդ մարդ ես իմ ով ա ու կարա վնաս տա կնոջս ու երեխաներիս>>,- խորը մտածմունքերի գիրկն ընկած` քայլում էր Վարդանը:
<<Հա~,է~ն մարդը, որին ես հանդիպեցի, երբ գնացել էի Միխաիլին դիմավորելու: Նա էդ մարդու հետ հանդիպման էր գնացել ու էդ հանդիպումը նրան լավ էլ մտահոգել էր: Ուրեմն էդ մարդը ինչ որ բան գիտի: Կարելի ա էդ մարդու հետ խոսել, բայց ո՞նց գտնեմ նրան, ո՞նց>>:
Հանկարծ մի վայրկիանում նրա դեմքը պայծառացավ․ ասես գտավ բարդ խնդրի լուծման բանալին: <<Մի րոպե, էդ մարդը զանգել ա Միխաիլին ու էդ նշանակում ա, որ Միխաիլի հեռախոսի մեջ նրա համարը կա: Ուրեմն նրա հեռախոսից կարամ վերցնեմ: Բայց Միխաիլը չպետք ա ոչինչ գլխի ընկնի, թե չէ լավ բան չի ստացվի>>:
***
Վարդանը, ժպտալով, ասես ոչինչ չի պատահել, ներս մտավ տուն: Երեխաները, որ տանը աշխույժ խաղում էին, բացականչեցին.
-Մա~մ, պապան եկավ…
-Վարդան, էս առավոտվա ժամին ու՞ր էիր գնացել,-հարցրեց Լիաննան:
-Հեչ, մեքենաս էի ստուգում, որ տեսնեմ ամեն ինչ նորմա՞լ ա:
-Վարդան, ինչպես տեսնում եմ, դու ամենայն պատասխանատվությամբ ես մոտենում արարողությանը: Ապրե՜ս: Ես սիրում եմ պատասխանատու անձանց: Սարքի՞ն է մեքենադ,-հարցրեց Միխաիլը:
-Գրեթե` այո: Հիմա դուրս կգամ քաղաքի կենտրոն` ավտոպահեստամաս գնելու,-ասաց Վարդանը։
-Բայց Վարդան, ինչքան գիտեմ էստեղերք էլ կա ավտոպահեստամասերի խանութ, ի՞նչի ես կենտրոն հասնում,-հարցրեց Լիաննան:
-Հա, գիտեմ: Բայց էն մասը, որն ինձ պետք ա, էստեղի խանութում չկա:
-Լիաննա, դու Միխաիլին լողանալ առաջարկե՞լ ես, ճիշտ ա, մեր հարմարությունները էն չեն, բայց կարանք հարմարացնենք: Ախր ես տաքին էս մարդը ո՞նց ա դիմանալու։ Միխաել, չե՞ս ուզում լողանալ։
-Շատ եմ ուզում, Վարդան: Այս շոգին շատ եմ քրտնում, բայց տեսնելով ձեր հարմարությունները՝ ամաչում էի ասել,-ուրախացած ասաց Միխաիլը:
-Խնդիր չկա: Ախր զայրանում եմ Լիաննայի վրա, որ…
-Վարդան, խնդրում եմ, Լիաննայի վրա մի բարկացիր…
-Միխաիլ, կարող եք արդեն մտնել,-լոգասենյակը կարգավորելուց հետո ասաց Լիաննան:
Վարդանը, ուշադիր հետևելով Միխաիլին, նկատեց, որ վերջինս, սմարթֆոնը մոռանալով հյուրասենյակի սեղանին, շտապեց լոգասենյակ:
-Լիաննա, գնա խանութ երկու շիշ գարեջուր բեր մեզ համար,-դիմեց Վարդանը Լիաննային:
-Հեսա երեխային կուղարկեմ:
-Չէ, չէ, դու գնա, որ երեխային ուղարկես խաբելու ու մանրը պակաս են ետ տալու: Դու գնա, գործիդ անունն ի՞նչ ա:
-Բայց կարծեմ դու՛ ես միշտ երեխաներին խանութ ուղարկում, հիմա ի՞նչա եղել որ..
-Դե լավ, սպասի ես գնամ, քեզ հետ խոսել չի լինում,-նեղացած ձևացավ Վարդանը:
-Չէ, ոչինչ, ես կգնամ,-համաձայնեց Լիաննան:
Տեսնելով, որ Լիաննան տանից դուրս եկավ, Վարդանը գնաց հյուրասենյակ, երեխաներին ուղարկեց ննջասենյակ խաղալու, իսկ ինքը վերցնելով Միխաիլի սմարթֆոնը, երկար փնտրտուքներից հետո գտավ համարը ու արագ արտագրեց իր հեռախոսի մեջ:
Շուտով տուն վերադարձարձավ Լիաննան` ձեռքին տոպրակ՝ գարեջրի շշերով լի:
-Աղչի, ես քեզ չե՞մ ասել երկու շիշ բերես, ի՞նչ ես գնացել ամբողջ խանութը հավաքել բերել,-բարկացավ Վարդանը:
-Նախ՝ ամբողջ խանութը չեմ հավաքել բերել, այլ ընդամենը հինգ շիշ գարեջուր, հետո էլ մի-գուցե Միխաիլը մեկից ավելի շիշ է ուզում խմել: Ես էլ կխմեմ, ի՞նչ կա որ։
-Հա կխմես, բա ոնց չէ, խելքդ նման բաների համար քոնը չի:
-Լսիր, ի՞նչ ես առավոտից ներվերիս վրա ազդում,- ագրեսիվ տոնով հարցրեց Լիաննան Վարդանին:
-Ինչու՞ եք վիճում,-հարցրեց Միխաիլը, որն արդեն լոգասենյակից դուրս էր եկել ու լսում էր ամուսիների զրույցը` չնայած որ հայերեն չէր հասկանում:
-Ոչ, չենք վիճում, Միխաիլ: Ինչպես մենք` հայերս ենք ասում՝ բաղնիքդ անուշ,-բարեկամաբար ասաց Վարդանը: - Ի դեպ գարեջուր կխմե՞ս
-Մեծ հաճույքով:
Մոտ 10-15 րոպե Վարդանը, Լիաննան ու Միխաիլը, գարեջուր խմելով զրուցում էին առօրյա կյանքից: Խմել վերջացնելով գարեջուրը, Վարդանը Լիաննային ու Միխաիլին ասաց, որ մեքենայով գնում է քաղաքի կենտրոն ավտոպահեստամսը գնելու, որի մասին ասել էր: Միխաիլը խնդրեց Վարդանին, որ մեքենայի հետ կապված գործերն ավարտելուց հետո վերադառնա տուն ու իրեն տանի բանկ:
***
Գարեջուրը մի փոքր թմրեցրել էր Վարդանի նյարդերը, ու առավոտյան տագնապներին ու վախերին աստիճանաբար փոխարինելու էին գալիս համարձակությունն ու ինքնավստահությունը: Նստեց մեքենան: Կեսօրվա բարկ արևն ամբողջովին տաքացրել էր ողջ մեքենան, ասես շոգեբաղնիք էր մտել: Վերցրեց հեռախոսն ու զանգահարեց:
-Ալո, Անի՞
-Հա, հոպար:
-Բարև ո՞նց ես բալես, գործերդ ո՞նց են
-Ամեն ինչ լավ ա հոպար, դու՞ ոնց ես, երեխեքն ու Լիաննան ո՞նց են
-Նրանք էլ են լավ: Անի, քեզ մի խնդրանքով եմ զանգել, կօգնե՞ս
-Իհարկե Վարդան հոպար, ասա', ի՞նչ ա եղել:
-Դու անգլերեն լավ գիտե՞ս չէ
-Հա դե իհարկե:
-Այ հենց էդ հարցով էլ ինձ պիտի օգնես: Ես հենց հիմի կգամ քո ետևից` Ձեր տուն: Մի օտարերկրացու պետք է զանգես, հետը պետք է խոսաս անգլերեն ու ասես, որ ես ուզում եմ իրա հետ հանդիպեմ: Որ գամ տուն, ես մանրամասն կասեմ, թե կոնկրետ ինչ պետք ա ասես էդ մարդուն: Անի ջան, ես պետք ա էդ մարդու հետ հանդիպեմ, դա ինձ համար շատ կարևոր ա: Երբ ես նրա հետ հանդիպեմ, դու պիտի կողքիս լինես, որ թարգմանես մեր զրուցը: Դու էս օր զբաղված չես, չէ՞։
-Չէ, հոպար, արձակուրդներն են: Ես բացի դասերից ուրիշ ի՞նչ գործեր պիտի ունենամ: Պրոբլեմ չկա, ինչ պետք ա, կանեմ: Դու հիմի արի մեր տուն, ես տանն եմ ու ինձ մանրամասն ասա, թե ինչ պետք ա անեմ, լա՞վ
-Շատ լավ, աղջիկս, հենց հիմա գալիս եմ:
Հեռախոսազրույցի ավարտից հետո Վարդանը գործի դրեց մեքենայի շարժիչը ու դուրս եկավ իրենց բակից:
***
Պիտերը, նստած հյուրանոցի հյուրասրահում, սպասում էր Վարդանին: Պայմանավորվել էին հանդիպել այնտեղ: Չնայած դրսում շատ շոգ լինելուն, հյուրասրահում շատ զով էր, քանի որ չորս կողմից օդափոխիչների սառը քամին ամենուր փչում էր մարդկանց վրա:
Պայմանավորված ժամին հյուրանոց եկավ Վարդանը` եղբոր դստեր` Անիի ուղեկցությամբ: Անին միջահասակ, նիհար կազմվածքով, փոքր ինչ գունատ դեմքով մի օրիորդ էր: Ակնոցը դեմքից ավելի մեծ էր թվում: Առաջին հայացքից անմիջապես թողնում էր ուսյալ աղջկա տպավորություն:
Միասին ողջունելով Պիտերին`Անին վերջինիս ասաց, որ ինքը հորեղբոր խնդրանքով պետք է ներկա լինի իրենց զրույցին, քանի որ հորեղբայրը անգլերեն չգիտի: Այնուհետև Պիտերը տարավ նրանց իր համար, որպեսզի անկաշկանդ ու հանգիստ պայմաններում զրուցեն:
Ներս մտնելով համար`Պիտերը զանգահարելով համարի հեռախոսից՝ սուրճ ու քաղցրեղեն պատվիրեց: Շուտով աշխատակիցը, սկուտեղը ձեռքին բերեց այն, ինչ պատվիրել էր Պիտերը:
-Վարդան, ես համոզված էի, որ կիմանամ ինձ հուզող բոլոր հարցերի պատասխանները: Միայն թե չէի պատկերացնում, որ այս եղանակով: Դե ինչ, ուրեմն արարիչը ցանկանում է, որ մենք իրար հետ ծանոթանանք: Այս հանդիպման ետևում արարչական նուրբ հաշվարկ կա: Ես դա զգում եմ: Վարդան, դու եկել ես քեզ հուզող հարցերի պատասխաններն ինձանից ստանալու: Ես կպատասխանեմ քո բոլոր հարցերին, միայն թե մինչ այդ խնդրում եմ քեզ մանրամասն պատմել, թե ինչպե՞ս ես ծանոթացել Միխաիլի հետ և ինչու, իսկ հետո կասես, թե մասնավորապես քեզ ի՞նչն է անհանգստացնում,-ասաց Պիտերը:
Վարդանն ամեն ինչ մանրամասնորեն պատմեց, նաև՝ այն, թե իմացել է, որ իրականում Միխաիլն իրեն խաբել է, ու Թեհրանում Կաբբալայի դպրոցի ոչ մի հիմնարկեք էլ չկա:
Պիտերը շատ ուշադիր լսում էր Վարդանին՝ միաժամանակ ակնդետ նայելով նրա աչքերի մեջ`ասես փորձելով կարդալ Վարդանի հոգու գաղտնագրերը:
Զրույցն ընթանում էր Անիի ակտիվ մասնակցությամբ, քանի որ նա երկկողմանի թարգամություն էր իրականացնում: Վարդանը խոսում էր արագ, աշխույժ, շարժումների ու միմիկայի մեջ անհանգստություն էր նկատվում:
-Վարդա՛ն, անկեղծ ասած, այս երկու օրը ինձ շատ է հետաքրքրել Միխաիլի անձն ու նրա խորհրդավոր այցը Թեհրան: Բայց քո միջոցով ինձ շատ բաներ պարզ դարձան նրա մասին,-լսելով Վարդանի պատմությունն ասաց Պիտերը` վերցնելով սրճի գավաթն ու ումպ անելով:
-Այդ ինչպե՞ս
-Քո անցյալի, ներկայի ու ապագայի մեջ Միխաիլը կարևոր դերակատարություն ունի: Նայելով քո ապագան` ես որոշ բաներ իմացա Միխաիլի մտադրությունների մասին, քանի որ քո կյանքի մոտակա իրադարձություններում Միխաիլն ակտիվ ազդեցություն է ունենալու:
-Բայց ինչպե՞ս, և եթե իմ ապագան տեսնում եք, ապա խնդրում եմ ասել, թե ի՞նչ է ինձ սպասվում,- զարմացած ու աղերսագին տոնով խնդրեց Վարդանը: Այդ պահին Անիի մարմնով սարսուռ անցավ: Հասկացավ, թե իրականում ով է Պիտերը:
-Վարդան, քո իսկ շահերից ելնելով՝ ես քո ապագայի մասին ոչինչ չեմ ասի, միայն անհրաժեշտ խորհուրդներ կտամ,-ձայնի հանգիստ տոնով ասաց Պիտերը:
-Իսկ ես ինչպե՞ս վարվեմ Միխաիլի հետ: Ախր որոշել էի նրա հետ Թեհրան գնալ։
Պիտերն աչքերը փակեց: Տեսավ Միխաիլին մի անձանագիր ձեռքին, որը Վարդանին էր ցույց տալիս ինչ որ լեռնային վայրում: Հետո տեսավ, թե ինչպես են մի քանի հոգի Վարդանից խլում ինչ որ սև ճամպրուկ: Բացեց աչքերը, խորը շունչ քաշելուց հետո նորից փակեց: Տեսավ, թե Միխաիլն միայնակ, այն մեքենայով, որով Վարդանն եկել էր նրան դիմավորելու, ինչպես է անցնում մաքսային սահմանը: Անին ու Վարդանը սարսափած՝ չէին համարձակվում խոսք անգամ ասել՝ տեսնելով նրա ցրված աչքերն ու թմրած հայացքը:
Մի քանի րոպե անց Պիտերը վեր կացավ տեղից, բացեց սառնարանն ու ջրի շիշը վերցնելով՝ անհագ սկսեց ըմպել: Հետո նորից նստեց Անիի ու Վարդանի կողքին:
-Պիտեր, լա՞վ եք Ձեզ զգում, շարունակե՞նք զրույցը,-հարցրեց Անին: Դառնալով Անին` Պիտերը պատասխանեց.
-Մի վախեցեք, ամեն ինչ կարգին է, կարող ենք շարունակել մեր զրույցը:
-Պիտեր, հիմա ես ի՞նչ անեմ, ծանր դրության մեջ եմ հայտնվել, ինչպե՞ս վարվեմ Միխաիլի հետ:
-Վարդան, դու հիմա պետք է ընդունես իրավիճակն այնպես, ինչպես այն կա: Ուզում եմ ասել, որ չողբաս Միխաիլի հետ ծանոթության համար և, ամենակարևորը, հանկարծ կտրուկ գործողություններ չձեռնարկես, որովհետև այդ դեպքում քո բոլոր քայլերը լուրջ հակազդեցության կհանդիպեն:
-Ավելի կոնկրետ...Հիմա Միխաիլն ուզում է, որ ես իրեն տանեմ Պարսկաստան, հետը գնա՞մ։
-Քեզ անհանգստացնու՞մ է Պարսկաստան գնալը,-զրուցի ժամանակ առաջին անգամ կատակեց Պիտերը:
-Ինձ անհանգստացնում է Միխաիլը: Վախենում եմ, որ նա մի վնաս տա ինձ կամ ընտանիքիս,-ասաց Վարդանը՝ խմել վերջացնելով սուրճը:
-Քո վախերը քեզ հուշում են միայն մի բան, որ պետք է զգուշ ու շրջահայաց լինես, բայց չպետք է թույլ տաս, որ այդ վախը արգելակի մտածողությունդ, խլի ողջ էներգիադ: Դու պետք է սովորես վերահսկել ու կառավարել քո վախերը` նրանց օգտագործելով ի օգուտ քեզ: Ափսոս, որ հաճախ չենք հանդիպելու ու դու մեր դպրոցի ուսմունքին չես ծանոթանալու: Գիտեմ, շատ բաներ, որոնք հիմա ես ասում եմ, քեզ տարօրինակ ու զարմանալի կարող են թվալ...
-Պիտեր, Ձեզ կարո՞ղ եմ մի բան հարցնել, միայն թե խնդրում եմ անկեղծ պատասխանեք:
-Այո, խնդրեմ:
-Դու ո՞վ եք, պայծառատե՞ս, էքստրասե՞նս, մոգ
-Ես մարդ եմ, ով գիտի բնության օրենքները, ով ուսումնասիրում է այն ամենը, ինչը դուք` շատերդ, հրաշք, կախարդանք կամ այլ բան եք անվանում: Վերջապես ես մարդ եմ, ով ապրում է տիեզերական հաճախականությունների ռիթմով:
-Իսկ ինչպե՞ս իմացաք Միխաիլի բջջային համարը, ինչքանով որ ես եմ տեղյակ, նա դա Ձեզ չէր փոխանցել,-հետաքրքրությամբ հարցրեց Վարդանը:
-Ինձ հաջողվեց, մուտք գործելով նրա մտքերի տիրույթ, որսալ տեղեկատվությունը,-անտարբեր պատասխանեց Պիտերը:
-Իսկ այդ դեպքում ինչու՞ չկարողացաք ողջ ճշմարտությունը նրա ու նրա մտադրությունների մասին իմանալ, որ....
-Երբ իմացա նրա բջջային հեռախոսահամարը, Միխաիլը գլխի ընկավ, թե ինչպես ու ինչ մեթոդով եմ ես դա իմացել: Դրանից հետո նա իրեն սկսեց շատ զգուշ պահել ու չմտածել իր իրական մտադրությունների մասին: Երբ ես մուտք էի գործում նրա դաշտ, նա անմիջապես զգում էր ու իր մտադրությունները ցրում իր գլխից, ինչպես հատուկ սարքավորումներն են ցրում ամպերը երկնքից:
-Բայց Միխաիլը, ինչպես պարզվում է, խաբեբայի մեկն է: Երևի նա ընդհանրապես կապ էլ չունի կաբբալայի հետ:
-Ոչ, իրականում այդքան էլ այդպես չէ: Այն, որ նա կաբբալիստ ու հզոր մոգ է, դրանում կարող ես չկասկածել: Իհարկե, կարող է նա Կաբբալայի ղեկավար անդամների հետ հիմա ընդհանրապես կապ չունենալ, բայց դա չի նսեմացնում նրա գիտելքներն ու ունակությունները: Խնդիրն այն է, որ նրա ու իմ պատկերացումները մարդկության, աշխարհի ու արարչի մասին իրարից շատ տարբեր են:
-Պիտեր, մի բան էլ կա, որը ես չեմ հասկանում,-մտախոհ ասաց Վարդանը:
-Ասա՛:
-Ինչու՞ է Միխաիլն ուզում անպայման ինձ հետ գնալ Թեհրան, ի՞նչ է, նա մենակ չէ՞ր կարող գնալ: Այդ ի՞նչն է պատճառը, որ, գալով մեր տուն, նա սկսել է տարօրինակ առատաձեռնություն ցուցաբերել իմ ընտանիքի հանդեպ: Վստահ եմ, հենց այնպես նա մեր վրա փող չէր ծախսի:
-Դու շատ ճիշտ ես դատում, Վարդան: Իհարկե, նա այդ փողերը ձեզ հենց այնպես չի տալիս և ընդհանրապես կյանքում ոչ ոք հենց այնպես մյուսին գումար չի տալիս, եթե չունենա հետապնդվելիք շահ:
-Պիտեր, ամեն ինչ սկսվեց մեր ընտանիքի սոցիալական խնդիրներից: Ես երկար ժամանակ աշխատանք չկարողացա գտնել, պարտքերի մեջ խրվեցինք: Դրա հետևանքով ես տառապանքների անհուն օվկիանում հայտնվեցի, ու հետևանքն եղավ այն, որ սկսեցի հետաքրքրվել, իսկ հետո նաև ուսումնասիրել կաբբալա:
-Գիտե՞ս, Վարդան, ես կաբբալայի` որպես ուսմունքի դեմ ոչինչ չունեմ, ինչ վերաբերում է քո ֆինանսական խնդիրներին, ապա խնդիրը քո ենթագիտակցական համոզմունքների ու դրանով պայմանավորված վարքագծի մեջ է: Ես տեսնում եմ, որ դու սիրում ես փող կուտակել, իսկ ծախսելիս էլ սարսափ ես ապրում, որ այն քչանում է: Դրանով խախտում ես փողի էներգիայի նորմալ շարժն ու հաճախականությունը:
-Դուք շատ ճիշտ եք ասում: Բայց ախր ինձ էլ հասկացեք: Մեր օրերում գումար վաստակելը շատ դժվար է, իսկ ծախսելը՝ շատ հեշտ: Սա է ողջ ճշմարտությունը:
Պիտերը սկսեց ծիծաղել Վարդանի վերջին նախադասության վրա:
-Վարդան, դա քո ճշմարտությունն է, իսկ այն, որ գումար վաստակելը շատ դժվար է, դա էլ քո անձնական համոզմուքն է, իսկ մեր կյանքը մեծապես կախված է նրանից, թե ինչ համոզմուքներ կամ վերաբերմունք ունենք կյանքի մասին: Ցանկացած համոզմունք դառնում է ճշմարտություն, դառնում է մեր առօրյա կյանքի անբաժանելի մասնիկը:
Վարդանն ուշադիր լսում էր Պիտերի խոսքերը: Խոսակցությունը քանի գնում, այնքան ավելի էր հետաքրքրում Անիին:
-Վարդան, իսկ դու տեղյա՞կ ես, որ իրականում շատ հարուստ մարդ ես,-անսպասելորեն հարցրեց Պիտերը:
-Երևի նկատի ունեք, որ իմ հարստությունը կինս ու երեխաներն են։
-Քո խնդիրն այն է, որ հարստություն ասելով դու հասկանում ես միայն նյութականը:
Վարդան, կարո՞ղ ես ինձ ասել, թե ո՞րն է աշխարհում ամենաթանկ բանը,-հետաքրքրությամբ հարցրեց Պիտերը:
-Կյանքը,-արագ, առանց վարանելու պատասխանեց Վարդանը:
-Իսկ ապրելու համար ի՞նչ է պետք
-Փող:
Այս պատասխանից Պիտերը խոժոռվեց:
-Վարդան, ենթադրենք ես քեզ աշխատանք առաջարկեի քո իսկ ուզած աշխատավարձով, դրա փոխարեն դու պետք է օրվա 12 ժամդ աշխատանքին նվիրես:Ազատ օրեր էլ չես ունենա։
-Կհամաձայնեի, բայց ժամանակավոր:
-Իսկ ինչու՞ ժամանակավոր, ինչու՞ ողջ կյանքումդ չես աշխատի քո իսկ ուզած աշխատավարձով։:
-Քանի որ ու՞մ է պետք այդ գումարը, եթե չեմ հասցնելու կամ չեմ կարողանալու այն ծախսել:
-Տեսնու՞մ ես: Սրանից հետևում է, որ ազատ ժամանակը կյանքի ամենակարևոր հսրստություններից մեկն է: Քանի որ այն կարող ես օգտագործել քո հայեցողությամբ: Կարող ես ինքնաճանաչմամբ ու ինքնազարգացմամբ զբաղվել, գրքեր կարդալ, մեդիտացիաներ անել, ճանապարհորդել, կյանքի շատ երևույթներ ուսումնասիրել և այլն: Աղքատությունն էլ իր մեջ թաքնված գանձեր է պարունակում: Ուղղակի դու պետք է կարողանաս տեսնել նրանց ու ճիշտ օգտագործել: Իսկ եթե հակադրվես ու պայքարես աղքատության դեմ, քո ողջ ուշադրությունը կսևեռվի քո իրավիճակի վրա, ամբողջ էներգիադ դրա վրա կծախսես: Արդյունքում այդ թաքնված գանձերը երբեք չես տեսնի, իսկ թշվառ վիճակդ ավելի կխորանա:
Այս խոսքերը դրական հույզերի փոթորիկ առաջացրին Վարդանի հոգում: Անին նույնպես ապշած էր: Զարմանքից արդեն սկսում էր շփոթվել թարգմանությունը կատարելիս:
-Աստվա~ծ իմ, երբեք մտքովս նման բան չէր անցել,-բացականչեց Վարդանը:
-Պիտեր, իսկ եթե մի պատրվակ գտնեմ ու Միխաիլին չտանեմ Թեհրան, ի՞նչ կասես,-հետաքրքությամբ հարցրեց Վարդանը:
-Կասեմ, որ ինչ որոշում էլ որ դու կայացնես, միևնույն է, իրադարձություններն այնպես կդասավորվեն, որ դու կամա թե ակամա Միխաիլի հետ ճանապարհ կընկնես։
-Իսկ ի՞նչ կլինի, որ նրան Պարսկաստան տանեմ, ի՞նչ է ինձ հետ սպասվելու։ Չէ՞ որ դու ասում ես, որ տեսնում ես ապագա իրադարձությունները….
-Ապագա իրադարձությունների մասին դու այդքան մի մտահոգվիր: Քո ու քո ընտանիքի անդամների կյանքին որևէ վտանգ չի սպառնում: Չեմ կարող ասել, որ այդ ուղևորությունն անվտանգ կլինի քեզ համար, բայց և այնպես լուրջ վտանգ քեզ չի սպառնում:
-Իսկ ինչու՞ է Միխաիլն ուզում գնալ Թեհրան: Այնտեղ նա ի՞նչ պլաններ ունի, որ ինձ էլ հետը տանում է: Դու այդպես էլ չպատասխանեցիր, թե ինչու՞ է նա ուզում անպայման ինձ էլ հետը տանի այնտեղ: Կարծես թե շատ բաներ դու ինձանից թաքցնում ես:
Պիտերը մի պահ մտատանջությունների մեջ ընկավ: Ի՞նչ աներ, ի՞նչ ասեր: Տեսնելով Վարդանի տագնապային ու անհանգիստ բնավորությունը՝ չէր կարող ճշմարտությունն ասել, բայց և այնպես ուղիղ հարցից չէր կարող խուսափել:
-Վարդան, իրականում նա քեզ Պարսկաստան տանելու ոչ մի մտադրություն էլ չունի: Նա պարզապես ուզում է քեզ օգտագործել սահմանն անցնելու համար: Բայց դու իմ այս խոսքերից այդքան մի անհանգստացիր:
-Այդ ինչպե՞ս, ուզում է սահմանն իմ միջոցով անցնել։
-Դե նման մի բան: Անձնագիր եմ տեսնում, երևի դրա հետ կապված ինչ որ բան….
-Բա ասում եք, որ ոչ մի վտանգավոր բան չի լինի,-վախեցած բացականչեց Վարդանը:
-Վարդան,-հանդարտ ձայնով շարունակեց Պիտերը,- այս բոլոր իրադարձությունները, որոնք կատարվում են քո կյանքում, պատահական չեն ու մտնում են արարչական հաշվարկների ու ծրագրերի մեջ: Եվ ամենակարևորը, ուշադիր լսիր, թե քեզ ինչ կասեմ: Այս բոլորը, ինչ կատարվում կամ կատարվելու է, ի օգուտ քեզ է լինելու: Սա այն բանալին է, որով կարող ես բացել քո կյանքի երջանկության դուռը: Բայց դու պետք է այս ամենին նոր ընկալմամբ, նոր մտածելակերպով ու արժեհամակարգով մոտենաս, որ կարողանաս տեսնել բանալին, այլապես կսկսես նորից քո հին երգը, ինչպես դու ես ասում, տառապանքների օվկիանոսի մասին,-ծիծաղեց Պիտերը:
-Վարդան,-շարունակեց Պիտերը,-Միխաիլն այդքան էլ վտանգավոր մարդ չէ, նա չի ցանկանում քեզ ու քո ընտանիքին վնասել, բայց դու պետք է նրան չվաստահես, ամեն խոսքին չհավատաս:
-Ես արդեն գիտեմ, որ այդ խաբեբային վստահել չի կարելի:
-Ը հ~ը, բայց դու պետք է ցույց չտաս, թե նրան չես վստահում: Ճանապարհին, ինչ էլ որ նա քեզ ասի կամ խոստանա, չհավատաս:
-Վերջնական խորհուրդ ինձ կարո՞ղ եք տալ,- հարցրեց Վարդանը՝ կարծես այդքան էլ չբավարարված Պիտերի պատասխաններից:
-Չփորձել լողալ հոսանքին հակառակ, այլ իրադարձությունների հորձանուտի հոսանքով լողալով` հասնել քո ուզած տեղը,-եզրափակեց Պիտերը:
Վարդանը հիասթափված էր: Նա շատ հարցերի պատասխաններ այդպես էլ չստացավ, թեև մեծ հույսեր էր կապում Պիտերի հետ հանդիպումից: Հրաժեշտից առաջ Անին Պիտերին խնդրեց իր անձնական կյանքի հարցերով առանձնազրույց ունենալ վերջինիս հետ: Պիտերը նրան չմերժեց: Վարդանը, հրաժեշտ տալով Պիտերին, Անիին ասաց, որ իրեն կսպասի մեքենայում:
***
Լիաննան, երգելով, բարձր տրամադրությամբ սկսել էր ամուսնու իրերը դասավորել ճամպրուկի մեջ: Բարկ արևը տաքացրել էր ողջ տունը, շոգից անգամ շնչելն էր դժվարացել: Շատ դժվար էր նման շոգին դիմանալ: Երեխաներն աշխուժորեն վազվզում էին իրար հետևից ու աղմկում:
-Մա~մ, պապան մեզ համար ի՞նչ ա բերելու Իրանից,-հարցրեց ավագ դուստրը:
-Չգիտեմ բալես, իրեն կհարցնես, բայց վստահ եմ, որ քո ու քրոջդ համար մի յուրահատուկ բան կբերի,- ուրախ-ուրախ ասաց Լիաննան:
Այդ խոսքերի վրա տուն մտավ Վարդանը` այլալված ու մտախոհ դեմքով:
-Վարդան, էս դու ու՞ր էիր էսքան ժամանակ: Մենակ թե չասես, թե գնացել էիր ավտոյիդ համար մաս առնելու, մեկ ա ես էդ հեքիաթներինդ հավատացողը չեմ,-լուրջ ու կիսազայրացած ձայնով հարցրեց Լիաննան:
-Լսի աղչի, հավեսդ չունեմ, դու էն ասա, որտե՞ղ ա Միխաիլը,-անտարբեր ասաց Վարդանն ու այդ պահին նկատեց, որ Լիաննան իր մի քանի հագուստը տեղավորում է ճամպրուկի մեջ:
-Սպասի, աղչի: Էդ ինչի՞ ես շորերս դասավորում էդ չամադանի մեջ,-զարմացած ու զայրացած տոնով հարցրեց Վարդանը:
-Վարդան, դու՞ չէիր, որ ուզում էիր Պարսկաստան գնալ: Ես էլ սրանք դասավորում եմ, որ վաղը Միխաիլի հետ ճամփա եք ընկնելու:
-Ինքն ա քեզ ասել, որ վաղն եք գնալու,-անհանգստացած հարցրեց Վարդանը:
-Հա, Միխաիլն ա ասել...Այ մարդ, քեզ ի՞նչ ա էսօր պատահել, մի տեսակ քո նման չես, հո բան չի պատահել:
-Հեչ, դու էն ասա, Միխաիլը որտե՞ղ ա:
-Դե սպասեց, տեսավ դու ուշանում ես, ինքը գործերով դուրս եկավ:
<<Տենաս ու՞ր ա գնացել և ի՞նչ կա դրա մտքին>>,- մտածեց Վարդանը:
Լիաննան նկատեց, որ Վարդանին ինչ որ բան անհանգստացնում էր, և որ Իրան գնալու նախկին մոլի ցանկությունից այլևս բան չէր մնացել:
-Վարդան, կարո՞ղ ա վախենում ես, որ Միխաիլը քեզ իրա հետ չտանի Պարսկաստան: Մի վախեցիր, նման բան չի լինի: Ինքն ինձ ասել ա, որ անպայման քեզ իրա հետ կվերցնի:
Այս խոսքերը ավելի ձգեցին Վարդանի` առանց այն էլ լարված նյարդերը:
-Աղչի, խելքդ լրիվ ես գցել: Էդ ինչե՛ր ես դուրս տալիս: Հլա Միխաիլն ինձ պետք ա խնդրի, որ իրա հետ գնամ: Հլա ես մտածում եմ: Կարող ա նենց լինի, որ հրաժարվեմ ու ես չգնամ իրա հետ:
Այս խոսքերը հունից հանեցին Լիաննային:
-Լսի, այ տղա, քո հետ ի՛նչ ա կատարվում, վաբշե: Մեկ խելքդ գնում էր Միխաիլի ու կաբբալայի համար, հիմի էլ տենց բան ես ասում: Ոչ մի դեպքում, պիտի գնաս և վերջ: Հենց նրա համար, որ ես եմ տենց ուզում,-ամուսնու վրա գոռաց Լիաննան:
-Աղջիկ ջան,- փորձեց ձայնը իջեցնելով ու միաժամանակ դրան լուրջ արտահայտչականություն տալով պատասխանել կնոջը ,- խելքդ գլուխդ հավաքիր ու մի հատ տեղը բեր, թե ում հետ և ինչ տոնով ես խոսում: Նախ` իմ տերը դու չես, երկրորդ` չկարծես, թե ես քո սրնգի տակ պիտի պարեմ, երրորդն` էլ եթե այդպիսի գժական նոպաներդ շարունակական դառնան, ես էլ չգիտեմ, թե քեզ հետ ո՞նց պիտի վարվեմ:
-Էդ դու ինձ ի՞նչ պիտի անես որ, պիտի խփե՞ս: Հլա խպի, տենամ, կարաս, խպի...
Բարձր աղմուկի վրա երեխաները եկել էին հյուրասենյակ ու վախից երկուսն էլ դողում ու լացում էին:
-Պա~պա, խնդրու~մ եմ, մամային չխփես,-լացակումաց ասաց աղջիկներից մեկը:
Տեսնելով փոքրահասակ աղջիկների արցուքները` Վարդանն արագ մոտեցավ, գրկախառնվեց երկու աղջիկներին էլ ու ասաց.
-Մի լացեք, ես գիտեմ, որ նա ձեր մաման ա, ձեռք չեմ տա, մի լացեք:
Հենց այդ ժամանակ էլ Լիաննան բարձրաձայն աղիողորմ սկսեց արտասվել` անիծելով իր բախտը:
-Ես ինձ պտի սպա~նեմ, էս աղջիկներիս խաթր ա, որ մինչև հիմի ապրում եմ: Աստվա~ծ, իմ էդ ինչ եմ արել, որ ինձ տենց սև բախտ ես տվել,-շարունակում էր հեկեկալ:
Կնոջ դառը արցուքները Վարդանի սիրտը տակնուվրա արեցին: Նա հասկանում էր Լիաննայի արցուքների պատճառը, շատ լավ գիտեր, թե միասին ինչերի միջով էին անցել, բայց այն, ինչ նրան հայտի էր դարձել Միխաիլի մասին, Լիաննային պատմել չէր կարող:
<<Ա~խ, էդ սրիկան կնոջս խելքը կերել ա: Օգտվելով մեր սոցիալական ծանր իրավիճակից` կնոջս օգտագործում ա, որ ինձ ստիպի իրա հետ Պարսկաստան գնամ: Չէ, Պիտերը ճիշտ էր ասում, որ իրադարձությունների հոսանքին հակառակ չպիտի քայլեմ: Եթե չգնամ, Աստված գիտի, թե կինս ինչ կանի, և դա Միխաիլը կարող ա օգտագործի որպես խաղաքարտ իմ դեմ: Ավելի լավա, որ ես համաձայնեմ, թե չէ հակառակ դեպքում չգիտեմ ինչ կարա լինի: Նամանավանդ, որ Միխաիլը վտանգավոր անձանավորություն ա ու նրանից չգիտեմ, թե ինչ կարամ սպասեմ>>,-ստեղծված իրավիճակը մտքում վերլուծում էր Վարդանը:
-Սիրելիս, ներիր ինձ խնդրում եմ, ես սխալ եմ: Ես ասացի, որ չեմ ուզում գնալ Պասրկաստան հոգուդ հետ խաղալու համար, ներիր ինձ: Ես կանեմ այնպես, ոնց դու ես ուզում,-ասաց Վարդանը Լիաննային` գրկելով ու համբուրելով նրա ճակատը:
***
Սաստիկ երևանյան շոգն ու ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունից գոյացող ծանր օդը անտանելի էր դարձնում փողոցով քայլելը: Միխաիլը, ձեռքին սև ճամպրուկ , արագ քայլում էր արևի տապի ներքո: Տեսնելով ցայտաղբյուր` մոտեցավ, շոգից չորացած շուրթերը մոտեցրեց ու վայելեց սառը ջուրը: Երեսը ջրով շփելուց հետո նստեց մոտակայքում գտնվող նստարանին: Գրպանից հանեց սմարթֆոնը ու նայեց ժամացույցին: <<Այս ինչ արագ է թռչում ժամանակը,>>- ասաց ինքն իրեն: Այնուհետև զանգահարեց: Խոսում էր այն նույն մարդու հետ, ինչպես և միշտ եբրայերեն լեզվով:
-Ալո, ես եմ:
-Այո, իմացա, ինչպե՞ս են գործերը
-Այս պահին ամեն ինչ իմ վերահսկողության տակ է ,- հոգնած, բայց և վստահ ձայնով ասաց Միխաիլը:
-Լսիր, ինչի՞դ էր պետք այդքան մեծ գումար, որ խնդրեցիր ինձ քեզ ուղարկեմ:
-Դա կօգտագործեմ որպես խայծ Վարդանի համաձայնությունը ստանալու նպատակով:
-Լսիր', դու իրո՞ք պատրաստվում ես այդ գումարը նրան տալ։
-Գումարի մի մասը կծախսեմ անձնագիր պատրաստելու, իսկ մյուս մասն էլ կտամ Վարդանին: Վաղվա համար ամեն ինչ պատրաստ է՞, նկատի ունեմ, որ...
-Այո, ես կաշառել եմ մաքսատան համապատասխան բաժնի աշխատակցին, նա քեզ կօգնի, ու ոչ ոք ոչինչ չի նկատի, մի անհանգստացիր: Իսկ այն մոգը, որի մասին պատմում էիր,,,,,
-Նա իհարկե կփորձի ազդել իրադարձությունների վրա, բայց չեմ կարծում, թե նրա մոտ ինչ որ բան կստացվի: Նա պարզապես շատ է իրեն երևակայում, իրեն թվում է, թե ամեն ինչ կարող է անել: Դե այդ հնդկական դպրոցների գուրուներն այդպիսին են, որ իրենց հարցնես, կասեն, թե իրենք ամեն ինչ գիտեն, ամեն ինչից հասկանում են ու ամեն ինչ նրանց ուժերի սահմաններում է: Բայց կա մի բան, որն ինձ անհանգստության ազդակներ է ուղարկում:
-Ի՞նչն է քեզ անհանգստացնում:
-Վարդանն ինտուիտիվ զգում է, որ այստեղ ինչ որ բան այն չէ, ու առաջվա պես ինձ էլ չի վստահում։
-Միխաիլ, դա շատ վատ է, ախր...
-Մի անհանգստացիր, այսպես թե այնպես նա իմ ձեռքում է: Ես գիտեմ նրա թույլ կողմերը և այնպես կանեմ, որ նա կամա թե ակամա կատարի իմ բոլոր ասածները:
-Միխաիլ, կարո՞ղ է այնպես պատահել , որ Վարդանի հետ կապված խնդիրներ ծագեն, ախր դու խոստացել ես , որ Վարդանի վարքի պատասխանատուն ինքդ ես լինելու:
-Դու ինձ չե՞ս վստահում, ինչ է: Ես քեզ վստահեցնում եմ, որ Վարդանի հարցում դու կարող ես հանգիստ լինել: Նա մեզ տհաճ անակնկալներ չի մատուցի:
-Իսկ այդ մոգը, ախր դու ասում էիր, որ նա շատ ուժեղ կարողությունների տեր է:
-Այո, դա այդպես է: Նա ուժեղ է, բայց ոչ այդքան ուժեղ, որ կարողանա արարչական դաշտում մեր նախագծած մտադրությունը փոխել:
-Լսիր, Միխաիլ, ինձ թվում է, թե դու չափից դուրս ինքնավստահ ես ու գերագնահատում ես մեր հնարավորությունները:
-Այդքան մի անհանգստացիր, ամեն ինչ լավ կլինի: Ես ոչ մի փոփոխություն էլ չեմ տեսնում քվանտային դաշտում:
-Եթե դու չես տեսնում, դա դեռ չի նշանակում, որ դրանք չկան կամ չեն կարող լինել: Այնպես չէ, որ մեր նախագծած արարչական սցենարը անփոփոխելի է:
-Դե լավ, երկար քեզ չեմ ուզում զբաղեցնել: Ինչպես գիտես, վաղն առավոտյան ճանապարհ կընկնենք: Երևանի ժամանակով ժամը 16:00-ի սահմաններում Մեղրու մաքսային անցակետում կլինենք:
-Շատ լավ, անցնելով սահմանը՝ Վարդանի ավտոմեքենայով 20 կիլոմետր գնալուց հետո քեզ կդիմավորի իմ վարորդը: Դու Վարդանի ավտոմեքենան կթողնես այդտեղ ու կնստես նրա մեքենան: Նա քեզ ինձ մոտ կբերի` դեպի Թավրիզ:
-Դե լավ, մինչ վաղը, ցտեսություն,- ուրախ ասաց Միխաիլը` սմարթֆոնը դնելով գրպանը:
***
Պիտերը, իր հյուրանոցի համարում միայնակ, սառը հյութ ըմպելով՝ դյուրակիր համակարգչով համացանցում նորություններին էր հետևում: Զանգահարեցին. ընկերն էր՝ Ռահուլը:
-Ալո, Պիտեր:
-Այո, ես քեզ լսում եմ, Ռահուլ:
-Պիտեր, ես կարդացի քո նամակը, որ դու ինձ էիր ուղարկել քո սոցիալական ցանցի էջի միջոցով: Դրանից հետո ես, խորասուզվելով տրանս վիճակների մեջ` կարողացա որոշ բաներ տեսնել, որոնք քեզ շատ կհետաքրքրեն:
-Ի՞նչ ես տեսել, Ռահուլ,- անհամբերությամբ հարցրեց Պիտերը:
-Նախ`որոշ բաներ դու սխալ ես ընկալել: Քո ասած այդ հրեայի մասնակցությամբ արարողությունը Իրանում իրոք լինելու է: Դե դա ավելի շուտ ոչ թե արարողություն, այլ մի քանի հոգևոր ուսուցիչների գաղտնի հավաքի պես մի բան է լինելու, համենայնդեպս ես այդպես եմ տեսնում: Բայց մի բան կարող եմ վստահ ասել, դա Իրանի մայրաքաղաքում` Թեհրանում չի լինելու, այլ Հայաստանի սահմանին շատ ավելի մոտիկ քաղաքում: Միգուցե Թավրիզ կամ Ջուլֆա, չգիտեմ:
-Ռահու՛լ, փաստորեն դուրս է գալիս, որ իրականում նա Թեհրան չի՞ ուղևորվելու
-Կարող եմ ասել, որ այդ մարդկանց հավաքը հաստատ Թեհրանում չի լինելու:
-Իսկ ինչու՞ ես այդքան վստահ
-Հանդիպումը կայանալու է մի խուլ վայրում, որտեղ էներգիայի մեծ խտացումներ են լինում, իսկ ինչպես գիտես, Թեհրանում նման տեղ չկա:
-Ռահուլ, իսկ այդ….
-Այո, գիտեմ, թե ինչ ես ուզում հարցնել: Ես նրանց մտադրություններում ռեալ ահաբեկչական գործողությունների իրականացում, կազմակերպում, կամ անուղղակիորեն նպաստում չեմ տեսնում: Իմ կարծիքով, այստեղ խոսքը ավելի շուտ գնում է մարդկանց մտածողական դաշտի վրա ներազդելու մասին: Կարծում եմ, նրանք կփորձեն, որ մարդիկ ավելի շատ սկսեն տառապել… բացասական էմոցիաներ, կպչուն մտքերի հզոր ալիք բաց թողնելու մտադրություն եմ տեսնում:
Ռահուլի խոսքերը Պիտերին ապշեցրին: Մի՞ թե նա կարող էր այդպիսի կոպիս սխալներ թույլ տալ:
-Ռահուլ, այդ ի՞նչ ես խոսում: Դուրս է գալիս, որ ես սխալվե՞լ եմ,-հուսահատված ու անօգնական զգացումի ալիքի տակ ընկնելով՝ հարցրեց Պիտերը:
-Պիտեր, քեզ վատ մի զգա: Բոլորս էլ սխալվում ենք: Ճիշտ է, դու բոլորիս համար եղել ես , կաս ու կլինես անգերազանցելի հեղինակություն, սակայն անգամ դու կարող ես սխալվել և այդ քո սխալի վրա նոր բաներ սովորել:
-Ռահուլ, բայց եթե այդպես է, ինչպես դու ես ասում, ապա ինձ կբացատրես, թե նա ինչու՞ է այստեղ մի հայի ուզում օգտագործել սահմանն անցնելու համար: Եթե նրանք ոչ մի հակաօրինական գործողություններ չեն կատարելու, ապա ինչու՞ միայնակ չի գնում Իրան:
-Պիտեր, ես դա ուսումնասիրել եմ: Միխաիլի մեջ դեպի այդ տղան, անունն ի՞նչ էր...
-Վարդան….
-Այո, Վարդան… Ես նրա մեջ ատելություն դեպի Վարդանը որպես այդպիսին չեմ տեսնում, ընդհակառակը, նա համակրում է Վարդանին և ուզում նրան օգնել: Միխաիլը պարզապես ուզում է իր գործողություննեով, ինչպես իրենք`կաբբալիստներ են ասում, Վարդանի մեջ արթնացնել արարչին:
-Ռահուլ, այն, ինչ հիմա դու ինձ ասում ես, ինձ զարմացնում է...
-Պիտեր, ես խորհրդակցել եմ նաև մեր` մի քանի առաջավոր աշակերտների հետ: Նրանք նույնպես իրավիճակը տեսնում են այնպես, ինչպես ես: Ի դեպ, դու վաղը բնության գի՞րկ ես գնալու։
-Այո, մայր բնության գրկում ես հասնում եմ իմ կենտրոնացվածության և էներգետիկ հզորության առավելագույն մակարդակին:
-Իսկ ի՞նչ աշխատանք ես իրականացնելու
-Կմտնեմ ընդհանուր էներգոինֆորմացիոն դաշտը, կտեսնեմ, թե այնտեղ ո՛վ և ի՛նչ փոփոխություններ է ուզում կատարել, հետո անհրաժեշտ փոփոխություններ կանեմ այնտեղ:
-Պիտեր, զգուշ եղիր: Հավանաբար շատերն այդ ժամին զրոյական դաշտում կգտնվեն:
-Ռահուլ, դու ինձ սովորեցնու՞մ ես, թե ինչպես աշխատել, մի մոռացիր, թե ով է քեզ մոգության այբուբենին ծանոթացրել,-կատակեց Պիտերը:
-Լավ, Պիտեր, հենց որ տեղ հասնես, կզանգարես ու ինձ տեղյակ կպահես:
-Լավ, ցտեսություն:
Պիտերը ողջ հեռախոսազրույցի ընթացքում մի կերպ էր զսպում իր հուզմունքը: <<Ուրեմն իրականում ոչ մի ահաբեկչական գործողություններ չե՞ն ծրագրվում, մի՞թե ես այդպես կոպտորեն կարող էի սխալվել: Միխաիլին էլ հանդիպման ժամանակ անհիմն մեղադրում էի: Փաստորեն, բանից դուրս է գալիս, որ նրանք մարդկանց մտքում ու հոգիներում են ուզում պայթուն իրականացնել` հույս ունենալով, որ դրա հետևանքով բարին կշատանա աշխարհում: Բայց` ոչ: Ամեն ինչ այսքան էլ պարզ չէ: Ախր ես չէի կարող իմ տեսիլքներում այդպես կոպտորեն սխալվել: Ռահուլի ու մեր դպրոցի աշակերտների ունակությունների վրա ես փոքր-ինչ չեմ կասկածում: Բայց ամեն դեպքում այստեղ ինչ որ մի բան կա, որ մեզ բոլորիս շփոթեցնում է: Դա Վարդանի հարցն է: Ըստ Ռահուլի` Միխաիլը մի մարդու երջանկացնելու համար պետք է այդքան փող ու ժամանակ վատնի, փոխանակ մտածելու ընդհանուր գաղափարի մասին, ինչպես սովորաբար վարվում են կաբբալիստները: Լավ, բա այդ դեպքում ինչու՞ է Վարդանին օգտագործում այստեղից Իրան մեկնելու համար։ Ինչու՞ ինքը մենակ չի գնում, ինչու՞ է խաբում, թե իբր գնում է մասնակցելու դպրոցի հիմնարկեքին, իսկ Ռահուլի բացատրությունը, որ այս ամենն արվում է, որ Վարդանը գտնի ինքն իրեն, այդքան էլ համոզիչ չէ, դեռ ավելին` ես կասեի, որ միամտություն կլինի դրան հավատալը: Լավ, ես չեմ շտապի, այլ
կընկղմվեմ լռության ու հանգստի մեջ, ու այդ ժամանակ պատասխանները ինքնըստինքյան կգան,->>խորհում էր նա:
Պառկեց մահճակալին` հայացը հառելով մի անորոշ կետի: Մոտ երեսուն րոպե ոչ մի շարժում չարեց, անգամ աչքերը չթարթեց:
***
Առավոտյան ժամը 6:00-ն էր: Երևանը դեռ քնած էր: Փողոցները դատարկ էին, երթևեկությունը՝ կանգնած: Լիաննան աշխուժորեն վերջին պատրաստություններն էր տեսնում՝ ամուսնուն ճանապարհ դնելուց առաջ: Երեխաները քնած էին: Վարդանը, մտնելով ննջասենյակ, համբուրեց քնած երեխաներին: Այդ պահին սիրտը լցվեց, աչքերից արցունքներ հոսեցին: Մի պահ հուզմունքի էմոցիան հրաբուխի պես ասես ժայթքեց: Սակայն շատ արագ Վարդանը հավաքեց իրեն, սրբեց արցունքերը, որպեսզի ոչ ոք չնկատի, և դուրս եկավ այնտեղից:
-Լիաննա, հաց չդնես, ճանապարհին մի տեղ կուտենք,-ասաց Վարդանը:
-Ճիշտ է Վարդանը, մի հարմար տեղում կճաշենք, այդպես չէ՞, Վարդա՛ն,-աշխուժ տոնով դարձավ Միխաիլը Վարդանին:
-Այդպես է:
Շուտով Վարդանն ու Միխաիլը, հրաժեշտ տալով Լիաննային, դուրս եկան տանից ու ճանապարհ ընկան դեպի հարավ:
Ողջ ճանապարհին Վարդանն ամեն գնով փորձում էր թաքցնել իր վախերն ու տագնապները` կապված այդ խորհրդավոր ճանապարհորդության հետ:
Մոտ երկու ժամ անց կանգնեցին Վայոց Ձորի մարզում` մեքենան վառելիքով լիցքավորելու:
Միխաիլը դրամ տվեց Վարդանին՝ որպես վառելիքի ծախս: Սկզբում Վարդանը չէր ցանկանում այն վերցնել, սակայն Միխաիլը համառեց:
Երբ Վարդանը մեքենայի վառելիքի լիցքավորման համար վճարելուց հետո վերադարձավ, տեսավ, որ Միխաիլը ավտոմեքենայում չէ: <<Սա տենաս ու՞ր ա գնացել, երևի մեկի հետ գաղտնի հեռախոսով խոսում ա, հլա սպասիր ծածուկ տենամ, թե սա ինչո՞վ ա զբաղված>>:
Վարդանը սկսեց փնտրել Միխաիլին, բայց մոտակայքում, որտեղ էլ որ նայեց, չգտավ: Հարցրեց տեղի աշխատողներին, թե որտեղ է գնացել նա, սակայն, զարմանալիորեն, այնտեղ ոչ ոք չէր նկատել, թե ինչպես է մեքենայից իջել ու ու՛ր գնացել Միխաիլը: Սարսափը պատեց Վարդանին, սառը քրտինքը ողողեց ճակատը:
<<Սա ի՞նչ պատուհաս էր, որ իմ գլխին եկավ, ախր ես չպիտի սրա հետ ճանապարհ ընկնեի, խելքս տվեցի հիմար կնոջս… Լավ, բա սա ու՞ր պիտի գնացած լինի,>>-տագնապային վիճակի մեջ՝ մտածում էր Վարդանը:
Հանկարծ մեկը ձեռքը դրեց իր ուսին: Սարսափած հետ շրջվելով` Վարդանը տեսավ Միխաիլին`քթի տակ ծիծաղելիս:
-Միխաի՞լ, այդ ու՛ր էիր այսքան ժամանակ, ես էլ քեզ էի փնտրում, լավ էլ վախեցրիր ինձ:
-Հա~, հա~, հա~,-բարձր ծիծաղեց Միխաիլը,- Վարդա՛ն, ինչպես տեսնում եմ, վախից գլուխդ կորցրել էիր, ախր առանց քեզ ես ու՞ր պիտի գնամ այս անծանոթ երկրում:
-Դու ինձ այն ասա, թե ու՞ր էիր,-լուրջ տոնով հարցրեց Վարդանը:
-Մոտակայքում էի, շրջում էի, փորձում ոտքերիս թմրածությունն անցկացնել:
-Ես մոտակայքում քեզ փնտրել եմ, դու այստեղ չէիր, հավանաբար հեռու էիր գնացել:
-Ոչ, սխալվում ես բարեկամս, ես շատ հեռու չէի գնացել և տեսնում էի, թե ինչպես ես դու ինձ փնտրում:
-Այդ դեպքում ինչու՞ չէիր ձայն տալիս
-Մեղքս ինչ թաքցնեմ: Հենց տեսա, որ դու ինձ տագնապած փնտրում ես, որոշեցի հոգուդ հետ խաղալ,-ծիծաղեց Միխաիլը:
-Բայց ախր մոտակայքում մարդկանցից էլ հարցրի, ու նրանք ևս չէին տեսել, թե դու ո՛ր կողմ ես գնացել, անգամ չէին նկատել, թե ինչպես ես ավտոմեքենայից դուրս եկել,- զարմացած նկատեց Վարդանը:
Միխաիլը խորհրդավոր ժպտաց.
-Վարդա՛ն, դու և այդ մարդիկ ինձ չտեսան, ինչպես չեն տեսնում իրականության ամբողջական պատկերը:
<<Էլի սա սկսեց իր հիմար փիլիսոփայությունները: Ինձ խաբելով էստեղ քաշ տալը հերիք չի, հիմա սկսել ա հետս մուկն ու կատու խաղալ>>:
-Վարդա՛ն, նեղանու՞մ ես ինձանից, որ քեզ այս հոգեվիճակի մեջ դրեցի,-հարցրեց Միխաելը` նկատելով Վարդանի դեմքին հետզհետե առկայծող դժգոհությունը:
-Ոչ, չեմ նեղանում, բայց մյուս անգամ էլ այսպիսի բաներ չանես, լա՞վ
-Շատ լավ, դե լավ նստենք մեքենան, գնանք, դեռ շատ երկար ճանապարհ ունենք անցնելու:
Շարունակելով ճանապարհը` երկուսն էլ լուռ էին: Ամեն մեկը տարված էր իր մտատանջությունենրով:
***
Հնչեց զարթուցիչի ձայնը: Պիտերը անմիջապես վեր թռավ անկողնուց: Կեսգիշերն անց էր՝ ժամը 03:30-ը: Անմիջապես լվացվեց ու հագնվեց:
Հնչեց համարի հեռախոսազանգը: Հյուրանոցի աշխատակցուհին էր:
-Ալո, կներեք, որ Ձեզ անհանգստացնում եմ, բայց վարորդն արդեն դրսում Ձեզ է սպասում:
-Շնորհակալություն, հիմա կիջնեմ:
Պիտերն իջավ հյուրանոցի նախասրահ: Բացի հերթապահ աշխատակցուհուց ու վարորդից, որը նստել էր հյուրասրահի բազմոցին, ոչ ոք չկար:
-Թեև լույսը բացվելուն դեռ երկար ժամանակ կա, ամեն դեպքում բարի լույս,- ողջունեց Պիտերը վարորդին ու աշխատակցուհուն:
Վերջիններս ջերմորեն պատասխանեցին Պիտերի ողջույնին:
-Պարո՛ն, ես պատրաստ եմ, գնա՞նք,- հարցրեց վարորդը:
-Իհարկե, գնացի՛նք:
-Կներեք, պարոն, ես կցանկանայի իմանալ՝ Դուք այսօր երեկոյան վերադառնալու եք չէ՞ համար,- հարցրեց աշխատակցուհին:
-Այո, ինչպես Ձեզ նախօրոք ասել էի: Իմ պլանների մեջ դեռևս փոփոխություն չի եղել:
-Լավ, բարի ճանապարհ Ձեզ,- ժպտալով ասաց աշխատակցուհին:
-Շնորհակալություն,-հետևեց պատասխանը:
Դուրս գալով՝ նստեցին ավտոմեքենան, որը կանգնած էր հյուրանոցի բակում:
Վարորդը փոքր-ինչ կարճահասակ և փոքր-ինչ գեր տղամարդ էր՝ մոտ 43-45 տարեկան, հագին՝ սև կոստյում, որի տակից երևում էր խնամքով արդուկված մաքուր սպիտակ վերնաշապիկը և մուգ կապույտ գույնի փողկապը:
Հյուրանոցի բոլոր աշխատակիցները պարտավոր էին այդպես խնամքով ու գեղեցիկ հագնվել՝ ներկայանալի տեսք ունենալու համար:
Ժամն արդեն 04:00-ն էր: Մեղմ քամի էր, որը զովացնում ու թարմացնում էր հետզհետե տաքացող օդը։
-Կներեք, ի՞նչ է Ձեր անունը,- մեքենան նստելուն պես հարցրեց Պիտերը վարորդին:
-Անունս Արամ է, պարոն,- բարեհամբույր ժպիտով պատասխանեց վարորդը:
-Քո ասած տեղը շատ հեռու է՞, Արա՛մ:
-Ինչպես արդեն ասել եմ Ձեզ, մոտ 3 կամ 4 ժամ: Այն գտնվում է Գորիս-Կապան ավտոճանապարհին, հիանալի տեղ է, խիտ անտառ և բարձր ծառեր: Այնտեղ Ձեզ ոչ ոք չի խանգարի:
-Շատ լավ է, դե գնացինք,-ասաց Պիտերը՝ փորձելով կապել ամրագոտին, բայց Արամը Պիտերին ասաց, որ դրա անհրաժեշտությունը չկա:
Մեքենան դուրս եկավ հյուրանոցի բակից: Որոշ ժամանակ երկուսն էլ լուռ էին:
-Արամ, դու բարեհամբույր վերաբերմունք ես ցուցաբերում իմ հանդեպ, բայց ես գիտեմ, որ քեզ այս ուղևորությունն այնքան էլ չի գոհացնում, ավելին՝ հոգուդ մեջ տեսնում եմ դժգոհություն և զայրույթի ալիք:
Արամին ցնցեցին Պիտերի խոսքերը: Մի պահ գունատվեց ու վախից լեզուն պապանձվեց՝ չկարողանալով ոչինչ պատասխանել Պիտերի դիպուկ խոսքերին:
<<Արա, էս ի՜նչ բան ա….էս մարդը ո՞վ ա, որ սենց կարողացավ ջոգել, չնայած ես ոչ մի առիթ չեմ տվել, որ սենց մտածի, կարո՞ղ ա հյուրանոցի ադմինիստրատորին բողոքի>>:
-Հարգելի Արա՛մ, մի՛ վախեցիր, ես ոչ ոքի ոչինչ չեմ ասի, առավել ևս քեզանից չեմ բողոքի: Այնպես որ մի լարվիր և կենտրոնացիր ավտոմեքենան վարելու վրա,- ծիծաղելով ասաց Պիտերը՝ ասես զվարճանալով Արամի հոգեկան աշխարհում խլրտացող վախերից:
Պիտերի ծիծաղից սիրտ առնելով՝ Արամը հարցրեց.
-Կներեք, պարոն, կարո՞ղ եմ Ձեզ մի բան հարցնել,-ամոթխած խոսեց նա:
-Ասա, լսում եմ:
-Այդ ինչպե՞ս կարողացաք հասկանալ, թե ի՛նչ եմ մտածում կամ ի՛նչ է կատարվում իմ հոգում: Պիտերը թեթև ժպտաց:
-Ես նա եմ, ով կարդում է բոլորի հոգիները, ես նա եմ, ում համար անհնարին ոչինչ չկա: Այս խոսքերն ավելի վախեցրին Արամին: Զարմանքից շփոթվել էր:
-Ինչպես տեսնում եմ, ես սա չպետք է քեզ ասեի: Հիմա ամբողջ ճանապարհին լարված մեքենա ես վարելու և այդ լարվածությունն էլ ինձ խանգարելու է աշխատել,-դժգոհ ձայնի տոնով ասաց Պիտերը:
-Կներեք ինձ պարոն, ես սրտանց ներողություն եմ խնդրում Ձեզանից,- աղերսագին ձայնով ասաց Արամը:
-Ինչի՞ համար ես ինձանից ներողություն խնդրում,- հետաքրքությամբ հարցրեց Պիտերը:
-Դե, դե…,- սկսեց կմկմալ Արամը,-…դե նրա համար, որ այդպես էի մտածում: Ինձ էլ հասկացեք: Ախր ես անգլերեն գերազանց տիրապետող բարձրագույն կրթությամբ մարդ եմ,
բայց ստիպված եմ մի 150 հազար դրամ աշխատավարձի և մի քանի գրոշ պարգևավճարի համար տանել տնօրենի վիրավորական խոսքերը, անհարկի դժգոհությունները: Հիմա ինձ ասել են, որ եթե Դուք դժգոհ լինեք, իմ աշխատավարձից կպահեն: Իսկ ընդհանրապես այս ուղևորության համար ինձ որպես պարգևավճար գրոշներ են տալու:
-Իսկ եթե գաղտնիք չէ, կոնկրետ ինչքան են վճարելու որպես պարգևավճար,- հետաքրքրվեց Պիտերը:
-Շատ չէ, մի 10 հազար դրամ:
-Դա դոլարով ինչքա՞ն է գալիս:
-Մոտավորոպես 20 դոլար:
-Հասկանալի է,- ասաց Պիտերը:
-Լավ, Արամ, սրամադրությունդ մի՛ գցիր: Եթե ինձ ժամանակին տանես հասցնես այն տեղը, որն ինձ դուր կգա, ես քեզ խոստացված պարգևավճարի տասնապատիկը կտամ,-աչքով անելով Արամին՝ ասաց Պիտերը:
-Ո՛չ, պարոն, խնդրում եմ, պետք չէ, եթե իմանան….
-Լսի՛ր, Արամ, բավական է այդքան լարվես, ոչ ոք ոչինչ չի իմանա: Դու քո ճանապարհին նայիր:
Արամի տրամադրությունն անմիջապես փոխվեց Պիտերի խոսքերից: Ոգևորված սկսեց սմարթֆոնով նորից ուսումնասիրել այն տեղանքը, որտեղ գնում էին:
-Է՜, աշխարհի բոլոր մարդիկ նման են մի բանով….,- հառաչեց Պիտերը:
-Ինչո՞վ են նման,- զարմացած և միաժամանակ հետաքրքրված հարցրեց Արամը:
-Բոլորն էլ ինքնամոռաց ծառայում են փողին:
-Այո, դա այդպես է: Բայց ի՛նչ արած, առաց փողի ապրել հնարավոր չէ,- նկատեց Արամը:
Պիտերը ոչինչ չպատասխանեց: Փակեց աչքերը: Տեսավ մի արևոտ առավոտ: Կողքին բենզալցակայան կար: Հանկարծ իրեն սկսեց պատել սարսափը, լարվածությունը: Սկսեց որոնող հայացքով այս ու այն կողմ նայել, ասես մոլագարի պես մարդ էր փնտրում:
Սարսափած՝ բացեց աչքերը: Հերթական տեսիլքն էր նրա: Արամը վախեցած հայացքով նայում էր նրան:
-Բա՞ն է պատահել, պարո՛ն, կանգնեցնե՞մ ավտոմեքենան:
-Ոչ, Արա՛մ: Ամեն ինչ կարգին է: Ճանապարհդ շարունակի,- ձայնի հանգիստ տոնով պատասխանեց Պիտերը:
<<Ի՞նչ էր տեսիլքս նշանակում, չեմ հասկանում,-մտքերի մեջ ընկավ նա,- ավտոճանապարհ էր, կողքին՝ բենզալցակայան: Սա նշանակում է, որ ինչ որ մեկը մեր նման ճանապարհին է, նա, ում հետ ես ակամայից կապ հաստատեցի: Հավանաբար նրանք Վարդանն ու Միխաիլն են, որոնք
ճանապարհ են ընկել, բայց չկարողացա հասկանալ այն հոգեկան ապրումները, որոնք ես զգացի, Միխաիլինը, թե՞ Վարդանին էին>>:
***
Արդեն ցերեկվա ժամը 11:00-ն էր: Վարդանն ու Միխաիլը ավտոմեքենայով շարունակում էին իրենց ճանապարհը: Մեքենան վարելիս Վարդանը նկատել էր, որ Միխաիլը, ձեռքին պահած սմարթֆոնը, ինչ որ բաներ էր գրում:
<<Սա երևի ինտերնետով նամակ ա ուղարկում եսիմ ում, տենաս ի՛նչ փորձանք են ուզում գլխիս բերեն>>,- անհանգստանում էր Վարդանը:
-Վարդան, ի՞նչ է պատահել, քանի գնում, ավելի ես մռայլվում ու անհանգստանում, այնինչ պետք է ուրախ ու ոգևորված լինես: Ախր շուտով սրբազան արարողության ես մասնակցելու:
-Ոչ, ամեն ինչ կարգին է, նման բան չկա: Դու ինձ ասա, թե որտե՞ղ կանգնեք ճաշելու,- փորձեց Միխաիլի ուշադրությունը շեղել Վարդանը՝ փոխելով խոսակցության թեման:
-Ինձ համար միևնույնն է: Հետո էլ դու ինձանից ավելի լավ կիմանաս,-անտարբեր ասաց Միխաիլը:
-Միխայել, այնպես չէ որ ես այս ճանապարհով անընդհատ գնում գալիս եմ: Վերջին անգամ Կապան եմ գնացել վեց տարի առաջ:
-Վարդան, քանի գնում, շոգն ավելի անտանելի է դառնում: Միացրու ավտոմեքենայիդ օդափոխիչը,-թաշկինակով մաքրելով ճակատի քրտինքը՝ ասաց Միխաիլը:
-Չի աշխատում:
-Այդ ինչպե՞ս: Հիմա ամբողջ ճանապարհն այսպես խաշվելով պետք է գնանք,-դժգոհեց Միխաիլը:
Վարդանը ոչինչ չպատասխանեց:
***
Լուսանում էր: Մոտ երեք ժամ էր, ինչ Արամն ու Պիտերը շարունակում էին իրենց ճանապարհը:
-Շա՞տ կա Արամ, որ հասնենք,- հարցրեց Պիտերը:
-Ոչ, պարոն, կարծում եմ 20-30 րոպե հետո կհասնենք,- ուրախ-ուրախ ասաց Արամը:
Շարունակեցին ճանապարհը մոտ 40 րոպե: Հանկարծ Արամն անսպասելիորեն ճանապարհից թեքվեց աջ՝ անցնելով փոքրիկ արահետով, որը տանում էր անտառի խորքերը: Մոտ հարյուր մետր գնալով՝ տեսան ոստիկանների, որոնք անմիջապես կանգնեցրին ավտոմեքենան:
-Այս ի՞նչ է կատարվում, Արա՛մ, ոստիկաններն այս առավոտվա ժամին ի՞նչ են անում այստեղ,-զարմացած հարցրեց Պիտերը:
Ոստիկաններին տեսնելով՝ Արամը սաստիկ վախեցել էր: Եթե հանկարծ իրավապահների հետ որևէ խնդիր ծագեր, հյուրանոցի տնօրինությունը նրան չէր խնայի:
Ոստիկաններից մեկը մոտեցավ ավտոմեքենային:
Արամն իջեցրեց ավտոմեքենայի դռան ապակին, որպեսզի զրուցի ոստիկանի հետ:
Ոստիկանը կարճահասակ ու հաստափոր, կոպիտ դիմագծերով, միջին տարիքի տղամարդ էր: Վերջինս Արամի հետ խոսում էր տեղի՝ Գորիսի բարբառով: Պիտերը, չնայած հայերեն չէր հասկանում, սակայն ամենայն ուշադրությամբ լսում էր նրանց զրույցը՝ փորձելով որսալ նրանց խոսքային հուզականության ռիթմերի հաճախականությունը՝ փոքր ինչ հասկանալու զրույցի բովանդակությունը:
Զրույցն ավարտելուց հետո ոստիկանը հեռացավ, իսկ Արամը սկսեց հետ վերադառնալ գլխավոր ճանապարհ:
-Ի՞նչ է պատահել, Արա՛մ, վերջապես կխոսե՞ս,- խիստ տոնով հարցրեց Պիտերը:
-Պարոն, ոստիկանները չեն թողնում, որ գնանք անտառի խորքերը:
-Ինչու՞, ի՞նչ է պատահել:
-Ես էլ չգիտեմ, բայց ասաց՝ քանի որ այս օրերին Հայաստանի տարբեր անտառներում հրդեհներ են բռնկվել, հետևաբար մարդկանց անտառ չեն թողնում: Վախենում են, որ նրանց պատճառով կարող են նոր հրդեհներ բռնկվել:
-Պարզ է…
-Պարոն, ինձ կներեք, շատ եմ խնդրում, տնօրինությանը…..
-Լսիր, Արա՛մ, կներես, բայց դու արդեն ինձ սկսում ես նյարդայնացնել քո աղերսանքներով ու նվնվոցներով: Բավական չէ ամբողջ ճանապարհին գլուխս տարար քո բողոքներով կառավարությունից, հյուրանոցի տնօրինությունից ու ընտանիքիցդ, հիմա էլ…. Լավ, ուրիշ ի՞նչ հարմար տեղ կարող ես ասել, որ գնանք այնտեղ:
Հուզմունքից Արամն իրեն կորցրել էր: Ախր ճանապարհի սկզբին շատ էր ոգևորվել Պիտերի խոստացած դրամական պարգևատրումից, իսկ հիմա իր հույսերն ու սպասումները մի վայրկյանում հօդս ցնդեցին:
-Արա՛մ, այդ դեպքում լեռներ գնանք: Հարմար տեղ գիտե՞ս:
-Հիմա պարո՛ն, փորձեմ քարտեզով որոնում տալ….
-Մի՛ լարվիր, ամեն ինչ լավ կլինի, հանգիստ փնտրիր, ոչինչ էլ չի պատահել, մի հուզվիր,-տեսնելով Արամի հոգեվիճակը՝ փոքր-ինչ սիրտ տվեց Պիտերը:
-Պարոն, այդ առումով ամենալավ տեղը քաղաք Մեղրին է, Մեղրու լեռները:
-Ինչքան ժամանակից այնտեղ կհասնենք,-անհանգիստ հարցրեց Պիտերը:
-Մոտ երեք ժամից:
-Ախր այդպես արդեն ուշանում ենք….
-Ի՞նչից ենք ուշանում, պարոն:
-Լսիր, Արամ, ինձ հարցեր մի՛ տուր, այլ կենտրոնացիր քո գործը նորմալ անելու վրա,-բարկացավ Պիտերը:
-Լավ, հիմա ինձ ասա, այնտեղ նորմալ տեղ գիտե՞ս:
-Պարոն, ես այնտեղ մի շատ լավ ընկեր ունեմ: Ուղղակի հիմա վաղ առավոտ է, դրա համար էլ անհարմար եմ զգում այս ժամին զանգահարել նրան, բայց հենց հասնենք Մեղրի, ես նրան կզանգահարեմ, ու ինքն ինձ հարմար տեղ կասի:
-Դե լավ, քշիր գնանք, շտապիր:
***
Վարդանի ավտոմեքենան կանգնեց ճամփեզրին գտնվող մի փոքրիկ ճաշարանի մոտ:
-Միխաիլ, հաց կուտենք ու կշարունակենք մեր ճանապարհը, դեռ շատ պետք է գնանք:
-Լավ, արի դուրս գանք այս ավտոմեքենայից: Հուսով եմ, որ ներսում զով կլինի:
Համեստ ճաշարան էր, այդ պահին էլ հաճախորդներ գրեթե չկային. երկու-երեք հոգի: Տեղ զբաղեցրին սեղաններից մեկում:
-Ի՞նչ կցանկանայի ուտել, Միխաիլ,-հարցրեց Վարդանը:
-Ինձ համար միևնույնն է: Կուտեմ այն, ինչ դու կպատվիրես:
Նրանց մոտեցավ մատուցողուհին, և Վարդանը մսով կարկանդակներ ու սառը թան պատվիրեց իր և Միխաիլի համար:
Օդափոխիչից փչող սառը քամին զովացնում էր նրանց, թուլացնում լարվածությունից պրկված նյարդերը:
Մինչ Վարդանն ու Միխաիլը ըմբոշխնում էին կարկանդակները, ճաշարանի մոտ կանգնեց մի միկրոավտոբուս, որը Երևան էր գնում: Ուղևորները ցած իջան: Հավանաբար մի քանի րոպեով կանգնել էին՝ հանգստանալու և ճաշարանում սնվելու համար:
Վարդանի ուշադրությունը գրավեց հին շորերով, չքավորի տեսքով մի կին՝ իր դստեր հետ: Վերջինս հիվանդ էր: Աջ աչքի ակնագունդը չէր շարժվում: Այդ նկատելով՝ Վարդանն անմիջապես վեր կացավ ու դառնալով Միխաիլին՝ ասաց.
-Ես գնամ զուգարան գամ, դու այստեղ ինձ սպասի:
Միխաիլն անտարբեր գլխով արեց՝ շարունակելով ուտել:
Հանկարծ Միխաիլը նկատեց , որ Վարդանը կանգնած զրուցում է այն կնոջ հետ, որի երեխան ակնագնդի հետ կապված խնդիր ունի:
<<Ի՞նչ գործ ունի այս կնոջ հետ, միգուցե ճանաչում է նրան: Դե իր նման թշվառի մեկն էլ այդ կինն ու երեխան են>>,-մտածեց Միխաիլը՝ խորը հոգոց հանելով:
Անցավ մոտ տասնհինգ րոպե, սակայն Վարդանը դեռ չկար:
<<Ի՞նչ եղավ այդ տղան, երևի ինքն էլ ուզում է իմ հոգու հետ խաղալ: Այս Վարդանը ասես մի մեծ ու միամիտ երեխա լինի: Քիչ մնաց, մի քիչ էլ համբերեմ, հետո էլ սրա երեսը չեմ տեսնի, ձանձրացրեց ինձ արդեն դա>>:
Վերջապես նկատեց Վարդանին: Էլի նույն կնոջ հետ էր: Կինն ու երեխան արտասվում էին: Կինը փորձեց ծնկի գալ Վարդանի առջև, սակայն վերջինս թույլ չտվեց:
Այս ամենն արդեն հետաքրքրության հրդեհ էր առաջացրել Միխաիլի հոգում:
Հանկարծ նկատեց, որ աղջկա ակնագունդը սկսել է սովորականի պես շարժվել: Վարդանը կնոջը և աղջկան նստեցրեց միկրոավտոբուս, որն էլ շարունակեց իր ճանապարհը:
-Շատ ուշացա, Միխաիլ, հո չե՞ս զայրանում:
-Դա մի կողմ թողնենք: Դու ինձ այն ասա, թե ես ճի՞շտ եմ արդյոք նկատել, որ այն կնոջ աղջիկը, որի հետ դու խոսում էիր, ակնագնդի հետ կապված խնդիր ուներ, երբ մոր հետ իջավ ավտոբուսից, իսկ հետո կարծես թե ամեն ինչ նորմալ էր և ….
-Հա՜, հա՜, հա՜,-ծիծաղեց Վարդանը,- Միխաիլ, ի՞նչ է քեզ հետ կատարվում: Դու ինձ ես ասում, որ հուզվում եմ դպրոցի հիմնարկեքի բացման տոնական արարողությանը մասնակցելուց, այնինչ քեզ մոտ արդեն տարօրինակ բաներ են կատարվում: Այդ աղջկա աչքը հիվանդ չի եղել, դա երևի քեզ թվացել է:
Միխաիլն այլևս այդ փոքրիկ իրադարձության հետ կապված հարցեր չտվեց Վարդանին, քանի որ դա նրա ուշադրությունը չգրավեց:
Ճաշելուց հետո սառը ըմպելիք գնելով՝ Վարդանն ու Միխաիլը շարունակեցին իրենց ճանապարհը:
***
Արամն ու Պիտերն արդեն հասնում էին Մեղրի: Արամն ընկերոջը զանգահարել ու իմացել էր լեռների խորքը տանող ճանապարհի տեղը:
Մեքենան, դուրս գալով ճանապարհից, կանգ առավ:
-Ահա, պարոն, հասանք: Հիմա արդեն ոտքով պետք է շարունակենք մեր ճանապարհը: Ես Ձեզ կուղեկցեմ:
-Արա՛մ, ինձ ուղեկցելու անհրաժեշտություն չկա, հետո էլ, անկեղծ ասած, ես ուզում եմ մենակ գնալ: Դու ինձ սպասիր մեքենայում, ես մի քանի ժամից հետ կվերադառնամ:
-Բայց պարոն, ախր մենակ լեռներում վտանգավոր է, խնդրում եմ թույլ տվեք….
-Արամ, դու քանի՞ անգամից ես հասկանում:Ես չեմ ուզում, որ դու ինձ հետ գաս: Մի՞թե դժվար է քեզ համար այդքան բան հասկանալը,-բարկացավ Պիտերը:
Արամը նստեց մեքենան, իսկ Պիտերը ոտքով շարունակեց ճանապարհը դեպի լեռների խորքերը: Անընդհատ նայում էր սմարթֆոնին՝ փորձելով պարզել, թե որտեղ է հեռախոսային կապը ավելի լավը: Վերջապես զանգահարեց.
-Ալո, Ռահուլ, դու ինձ լսու՞մ ես:
-Այո, Պիտեր, ողջույն, ինչպե՞ս ես, հա՞սել ես:
-Կարելի է ասել՝ այո: Մի երեսուն րոպե քայլելուց հետո լեռների խորքերում աշխատանքի համար մի հարմար տեղ կգտնեմ: Այնպես որ, պատրաստ եղիր:
-Պիտեր, ես ու մեր աշակերտներն արդեն պատրաստ ենք, մենք էլ շուտով կսկսենք:
-Դե լավ, Ռահուլ, հաջողություն մեզ բոլորիս:
***
Տապը հասել էր իր գագաթնակետին: Միխաիլն ու Վարդանը շարունակում էին իրենց ճանապարհը ավտոմեքենայով: Միխաիլն արդեն անհամբերությունից այրվում էր, թե երբ են Մեղրու մաքսակետ հասնելու: Շոգին այլևս չէր դիմանում, իսկ երկար ավտոմեքենայի մեջ նստելուց էլ ոտքերն ու մեջքը սաստիկ ցավում էին:
Հնչեց Միխաիլի հեռախոսի զանգը: Պատասխանեց զանգին: Զրույցն ընթանում էր եբրայերեն լեզվով:
-Ալո, ճանապարհի՞ն ես, գալի՞ս ես,-հարցրեցին Միխաիլին:
-Այո, ճանապարհին եմ: Բայց լսիր, հիշու՞մ ես չէ, որ մենք կհանդիպենք երկու օրից Մաշադում,-ասաց Միխաիլը:
-Այո, իհարկե: Գումարը բերու՞մ ես չէ:
-Բնականաբար: Ապրանքը պատրա՞ստ է:
-Այո, ամեն ինչ կարգին է: Կգաս, կտեսնես, հետո կվճարես ու կտանես:
-Լավ, ես քեզ նշան կտամ: Դու ինձ էլ չզանգահարես: Պա՞րզ է, այլապես կասկածների տեղիք դա կարող է տալ:
-Դե լավ, առաժմ:
Հեռախոսազրույցն ավարտելուց հետո Միխաիլը դեմքի ուրախ տրամադրությամբ դիմեց Վարդանին:
-Տեսնու՞մ ես Վարդան, Իրանում էլ են անհամբեր ու լարված: Բոլորը սրտատրոփ սպասում են սրբազան արարողության մեկնարկին:
-Ո՞վ էր զանգահարողը, Միխաի՛լ,-հարցրեց Վարդանը՝ ուշադրությունն ամբողջովին կենտրոնացնելով ճանապարհի վրա:
-Արարողության կազմակերպիչներից մեկը՝ իմ ընկերը:
-Պարզ է:
Ճանապարհը շարունակելով՝ որոշ ժամանակ անց Միխաիլը զանգահարեց անծանոթ մեկին՝ խոսալով այս անգամ անգլերեն լեզվով:
-Ալո:
-Լսում ենք, ասա:
-Դուք պատրա՞ստ եք:
-Այո:
-Դե մի ժամից երևի գործի անցնելու իսկական ժամանակը կլինի: Վարդանը՝ լարված տեսքով, շարունակում էր մեքենան վարել:
-Ահա արդեն հասանք Մեղրի, մոտ տասը րոպեից մաքսատանը կլինենք:
-Ապրես, Վարդան: Ի դեպ, սրճարան չկա՞, նստենք մի քիչ հանգստանանք, ամբողջ մարմինս ցավում է,-ձայնին հոգնած ու տանջված հնչերանգ տալով հարցրեց Միխաիլը:
-Կարծում եմ, որ այնտեղ սրճարան կլինի: Բայց Միխաիլ ինչու՞ կանգնենք: Ախր մինչև Թեհրան դեռ շատ ճանապարհ պետք է կտրենք անցնենք:
-Գիտեմ Վարդան, բայց մարմինս արդեն չի դիմանում: Հետո էլ դեռ ժամանակ ունենք, չենք ուշանա:
-Միխաիլ, իսկ միգուցե իջևանենք Մեղրիի հյուրանոցներից մեկում և վաղն առավոտյան շարունակենք մեր ճանապարհը,-հարցրեց Վարդանը փորձող հայացքով նայելով Միխաիլին:
-Ոչ, ոչ, ի՛նչ ես ասում, այդպես կուշանանք:
-Բայց, միևնույնն է, այսօր Թեհրան չենք հասնի: Մինչև այնտեղ ճանապարհին պետք է հյուրանոց գտնենք:
-Այդ մասին դու մի՛ մտածիր: Թավրիզում մատչելի գներով հյուրանոցներ կան: Այնտեղ կգիշերենք:
-Բայց դու ինձ ասում էիր, որ Իրանում երբեք չես եղել: Այդ դեպքում որտեղի՞ց գիտես:
-Ես Իրանում չեմ եղել, բայց ընկերներս են ինձ ասել….Վարդան, ե՞րբ կհասնենք մաքսատուն, արդեն չեմ դիմանում, գրողը տանի…
-Շուտով, մի քիչ համբերի,-ծիծաղելով պատասխանեց Վարդանը:
<<Շուտով ես կբաժանվեմ քեզ նման տաղտկալի հիմարից, թե չէ ամբողջ ճանապարհին ինձ ձանձրացրիր…..Բայց շատ լավ եղավ, որ իմ՝ Իրան գնալու մտադրությունը համընկավ մեր առաջնորդների հավաքին Թավրիզում: Թե չէ ընկերներս շարունակ գլուխս կտանեին, թե ինչու՞ էի Իրան գնացել: Այսպես շատ լավ ստացվեց: Հավաքի ավարտից հետո կգնամ Մաշադ ու նրանից թանկարժեք զարդերը կվերցնեմ: Հիանալի է: Դրանց դիմաց վճարելով ընդամենը հարյուր հազար դոլար՝ իմ հաշվարկներով ես դրանք կարող եմ վաճառել առնվազն մեկ միլիոն դոլարով: Հաջողությունը, ինչպես ասում են, դարձել է իմ դաշնակիցը,-մտքերի մեջ խորասուզվել էր Միխաիլը:
-Ահա հարմար սրճարան եմ տեսնում, կանգնում եմ,-Միխաիլի մտքերի թելը կտրեց Վարդանը:
-Դե լավ, կանգնիր…..
Սրճարանը մաքսատան մերձակայքում էր: Վարդանն ու Միխաիլն իջան ավտոմեքենայից և ընտրեցին հարմար սեղան:
-Անտանելի ճանապարհ էր, փառք Աստծո քիչ մնաց,-շունչ քաշելով ասաց Միխաիլը:
-Ը՜հ՜ը՜,-անտարբեր արձագանքեց Վարդանը: Պատվիրեցին սուրճ և սառը ըմպելիք:
-Վարդան, կարծում եմ, ժամանակն է, որ իրար հետ լուրջ խոսենք,-ասաց Միխաիլը: Ձայնի մեջ լարվածություն էր նկատվում:
-Ի՞նչի մասին պետք է այդպես լուրջ խոսենք,-լարվեց Վարդանը՝ չնայած սպասում էր նման խոսակցության:
-Վարդան….իրականությունն այն է, որ,- կմկմալով ու խոսելու ընթացքում հյութ ըմպելով ասաց վերջինս,-իրականությունն այն է, որ մենք միասին չենք կարող սահմանն անցնել: Դու պետք է ետ վերադառնաս Երևան:
-Այդ ի՞նչ ես ասում, Միխաիլ: Է, եթե այդպես էր, ինչու ինձ քեզ հետ այս շոգին այստեղ՝ Հայաստանի ծայրը հասցրիր,-փորձեց վրդովված ու զարմացած ձևանալ Վարդանը, թեև Միխաիլն անմիջապես զգաց, որ իրականում Վարդանն այդքան էլ անակնկալի չեկավ իր խոսքերից:
-Վարդան, ես քեզանից թաքցրել եմ այն, որ ես Իրան չեմ կարող գնալ, քանի որ իմ անձի հետ կապված պետական արգելք կա:
-Բան չեմ հասկանում….բայց եթե չես կարող սահմանն անցնել, հիմա ինչպե՞ս ես անցնելու կամ ինչու՞ ես եկել այստեղ հասել,-շփոթված ու վախեցած հարցրեց Վարդանը:
Մի պահ Միխաիլը լուռ մնաց, ապա գրպանից հանեց մի կապույտ հայկական անձնագիր ու տվեց Վարդանին:
Վերցնելով անձնագիրը՝ Վարդանը զարմանքից քար կտրեց: Անձնագիրն իր անուն ազգանունով էր, սակայն Միխաիլի լուսանկարով:
-Վարդան, հասկացիր, ես սա հանուն գաղափարի եմ անում….
-Ստացվում է, որ դու ինձ այսքան ժամանակ օգտագործել ես սահմանն անցնելու համա՞ր ես
ոստիկանություն կդիմեմ…ես…
-Վարդան, ինձ մի րոպե կարո՞ղ ես լսել,- անվրդով ասաց Միխաիլը:
Վարդանը վախից ու շփոթմունքից կարկամել էր, չգիտեր ի՛նչ ասեր ու ի՛նչ աներ:
-Լավ….. այդ դեպքում ինչու՞ մենակդ չեկար, ինչու՞ ինձ հետդ քարշ տվեցիր այս անիծյալ վայրը,-բորբոքված բղավեց Վարդանը:
-Վարդան, բանն այն է, որ ես քո ավտոմեքենայով պետք է մեկնեմ Իրան, բայց մինչև վերջ ինձ լսիր….
Վարդանը շփոթված վեր կացավ տեղից, բայց հետո կանգ առավ. չգիտեր՝ ինչ անել: Կյանքում երբևէ նման իրավիճակի չէր բախվել:
-Վարդան, նստիր խնդրում եմ, ես քեզ շահավետ առաջարկ ունեմ անելու: Ճարահատյալ՝ Վարդանը նստեց:
-Ասա՛, լսում եմ:
-Մեքենայի մեջ մի ճամպրուկ կա…
-Հետո…դա այս ամենի հետ ի՞նչ կապ ունի….
-Վարդան, թող հանգիստ բացատրեմ քեզ իրավիճակը: Այդ ճամպրուկում հարյուր հազար դոլար գումար կա և այն արդեն քոնն է:
-Ի՞նչ, ի՞նչ,-ավելի շփոթվեց Վարդանը:
-Վարդան,-շարունակեց Միխաիլը, դեմքին սառը ժպիտ խաղացնելով,-գիտեմ, որ դու հիմա պարտքեր ունես: Բայց պարտքերիդ հետ միաժամանակ ունես երազանքներ: Ուզում ես ֆինանսապես անկախ տղամարդ դառնալ, ստիպված չլինել գործազուրկի կարգավիճակով աշխատանք փնտրելուց տառապել, իսկ հետո աշխատանք գտնելով՝ էլ ավելի տառապել: Հասկանու՞մ ես , դու չես ծնվել տառապելու համար, դու ևս լավ կյանքով ապրելու իրավունք ունես: Այդ գումարով դու և քո ընտանիքը կարող է երկար տարիներ անհոգ ու շռայլ կյանքով ապրել մինչև խոր ծերություն: Այո՛, այո՛, սա երազ չէ: Քո ավտոմեքենայում է գտնվում տառապանքներիդ բալասանը: Կայացնելով ինձ օգնելու որոշում՝ դու մի հարվածով կյանքդ հարյուր ութսուն աստիճանով կփոխես դեպի լավը:
-Բայց ես օրենքի հետ կապված խնդիրներ չե՞մ ունենա, հետո՝ մաքսատան տեսուչները ոչինչ չե՞ն կռահելու և վերջապես այդ ինչպե՞ս ես այդ կեղծ անձնագիրը հաջողացրել…
-Վարդան, կներես, բայց ես հիմա քո այդ հարցերին չեմ պատասխանի, քանի որ դրանք քեզ չեն վերաբերում:
<<Բայց ինչու՞ է սա ինձ ուզում այդքան գումար տալ, ինչ է թե Թեհրան է գնում: Երևի ստեղ մի լուրջ բան կա, ի՞նչ անեմ,-մտքերի մեջ ընկավ Վարդանը,-ճիշտ է, Միխաիլի առաջարկը շատ գայթակղիչ է, բայց և շատ կասկածելի>>:
-Իսկ եթե քեզ մերժեմ, Միխաի՛լ, եթե չընդունեմ առաջարկդ, ի՞նչ ես անելու,-անսպասելի հարցրեց Վարդանը:
-Դու կկորցնես կյանքդ փոխելու միակ հնարավորությունը,- անվրդով պատասխանեց Միխաիլը:
-Ստացվում է, որ այս ամենն ինձ համա՞ր ես անում,-հեգնական ձայնի տոնով հարցրեց Վարդանը:
-Վարդա՛ն, ես այդքան ժամանակ չունեմ: Հիմա ի՞նչ ես ասում….
-Մի րոպե, Միխաիլ, բայց քեզ այդքան գումար ո՞րտեղից,-վերջինիս ընդհատեց Վարդանը:
-Ես բիզնեսներ ունեմ: Գումար աշխատելն ինձ համար խնդիր չէ՝ ի տարբերություն քեզ,-խայթեց Միխաիլը:
***
Լիաննան, շոգից թուլացած, երեխաների հետ պառկել էր ննջասենյակում: Լսվում է սմարթֆոնի զանգը: Կարծելով ամուսինն է՝ անհամբեր տեղից վեր թռավ ու շտապեց վերցնել հեռախոսը, բայց հարևանուհին էր՝ Գայանեն:
-Ալո,՛:
-Աղչի Լիան, ոնց ե՞ս, էս շոգերին կարողանում ես դիմանալ:
-Դե ես իմ, մի կերպ:
-Լսիր,ձեր տանը պլասկակուցի կա, Մինասին է պետք, գործ է անում, իրանը մոռացել ա գործի տեղում:
-Գայ, Վարդանը տանը չէ, Իրան ա գնացել, բայց ես գիտեմ, թե նա որտեղ ա պահում նման բաները:
-Ի՜յա, աղչի արդեն մարդդ գնացել ա՞, բա երբ ա գալու:
-Չգիտեմ, երևի մեկ կամ երկու օրից:
-Լավ, հեսա իջնում եմ:
Քիչ անց Գայանեն եկավ Լիաննայի և Վարդանի տուն, նստեցին, զրուցեցին դեսից
դենից:
-Լիան, դե լավ, հերիք ա ինչքան բամբասանք, պլասկակուցին տու՛ր բարձրանամ, Մինասը ինձ ա սպասում:
-Հիմի բերեմ…
Մի քանի րոպե անց Լիաննան եկավ՝ փոքրիկ մետաղյա արկղ ձեռքին:
-Սրա մեջ պիտի որ լինի: Հեսա նայեմ…
Լիաննան բացեց արկղը, բայց հարթաշուրթի փոխարեն այլ բան գտավ: Տեսավ սպիտակ ցելեֆոնի մեջ խնամքով փաթաթված մոմեր, տարբեր խորհրդավոր գծապատկերներ, վանդակներ, որոնց մեջ թվեր էին, իսկ դրանց տակ գտավ մի հին գիրք:
Լիաննան շփոթվել էր: Նա չգիտեր՝ ինչ մտածեր ու ինչ բացատրություն տար իր տեսածին:
<<Էս գիրքը ի՞նչ ա անում ստեղ: Վարդանի գրքերը, որոնք նա կարդում է, գրապահարանում են: Էս մեկը ստեղ ի՞նչ ա անում>>:
-Աղչի Լիան, էդ ինչ ա թաքցրել մարդդ, էդ ինչ գիրք ա, հլա տուր տենամ,-այս ասելով Գայանեն ձեռքն առավ գիրքը:
-Դեգարդի <<Полная система магии>>, աղչի էս մարդդ թաքնված տաղանդ ա, մենք էլ խաբար չենք: Պարզվում ա՝ մագիայով էլ ա զբաղվում,-ծիծաղելով ասաց Գայանեն:
-Ու՜ֆ, Գայ, չգիտեմ, Վարդանն ա էլի, երևի վաղուց կարդացել ա ու մոռացել, էդտեղ ա դրել:
-Բայց ոնց որ հետաքրքիր գիրք ա,-ուշադիր թերթելով այն՝ նկատեց Գայանեն:
-Գայ, լավ, գիրքը դիր արկղի մեջ: Վարդանը չի սիրում, երբ իր իրերին ձեռք են տալիս:
-Լիան, կարող ա մարդդ Պարսկաստան ա գնացել էնդեղի էքստրասենսների մրցույթին մասնակցելու, ախչի,-ծիծաղեց Գայանեն:
-Լավ, էլ մի ջրիկացիր…..
***
Վարդանը, ձեռքին սև ճամպրուկ, փորձում էր տաքսի գտնել, բայց ապարդյուն: Որոշեց ոտքով մի քիչ քայլել ու մաքսատան մոտակայքից հեռացավ ՝ գնալով ճանապարհի ուղղությամբ:
Քիչ անց, անսպասելիորեն, նրա առջև մի դեղին ավտոմեքենան կանգնեց:
Երկու հաղթանդամ տղամարդ, արագ դուրս գալով մեքենայից, կտրում են Վարդանի ճանապարհը ու, առանց խոսք ասելու, խլում են վերջինիս ճամպրուկը: Վարդանն էլ, զարմանալիորեն, չի էլ փորձում դիմադրել:
Դրանից հետո անծանոթ տղամարդիկ նստեցին ավտոմեքենան ու արագ հեռացան: Հայացքով հետևելով ավտոմեքենայի հեռանալուն՝ Վարդանը թեթև ժպտաց:
***
Միխաիլն անհամբերությունից տեղը չէր գտնում:
<<Ինչու՛ չեն զանգահարում, տեսնես գործն արդյո՞ք ավարտել են>>,-մտքերի մեջ էր ընկել նա: Հնչում է այդքան սպասված հեռախոսազանգը: Նայելով սմարթֆոնի էկրանին՝
Միխաիլը հիասթափված ձայնով սկսեց խոսալ:
-Լսում եմ:
-Այդ ես եմ քեզ լսում, Միխաի՛լ: Այդ ի՞նչ ստեր ես հորինել և ինձ խաբել: Հենց նոր իմացա, որ Իրան մեկնելու հետ կապված դու անձնապես ոչ մի խնդիր չունես և երբևէ չես էլ ունեցել…
-Խնդրում եմ, մի շտապիր եզրակացություններ անել, ես…., ես…,-սկսեց կմկմալ Միխաիլը,-տեղ հասնելուն պես քեզ ամեն ինչ կբացատրեմ:
-Դու ինձ հենց հիմա կբացատրես, թե այս ի՛նչ խաղեր ես խաղում իմ թիկունքում,-գոռաց զրուցակիցը: -Ես այստեղ ամեն ինչ անում եմ, որ քո համար արգելք չլինի Թավրիզ հասնելը, կաշառում եմ մաքսատան աշխատակիցներին, դեռ դա հերիք չէ, քեզ էլ ահռելի գումար եմ ուղարկում, որ տաս այդ տղային, որ քեզ օգնի: Բայց պարզվում է, որ սա կեղտոտ խաղ է:
-Խնդրում եմ…հիմա դա քննարկելու ժամանակը չէ, ես արդեն մաքսատանն եմ….
-Գիտեմ, որ մաքսատանն ես: Ուշադիր լսիր, Միխաիլ, հանուն ընդհանուր գաղափարի, հանուն մարդկությանը նոր հոգևոր զարգացման ճանապարհին դնելու նպատակի, մենք քեզ կընդունենք, որովհետև տասը ուսուցչի առկայությունը պարտադիր պայման է, նամանավանդ որ դու մեծ ներդրում, ուժ ու ազդեցություն ունես մեր դպրոցում: Բայց արարողությունից հետո մեզ լուրջ զրույց է սպասվում:
-Լավ, շատ լավ,-վախվորած կմկմաց Միխաիլը՝ անջատելով հեռախոսը:
<<Գրողը տանի, նա ամեն ինչ պարզել է , այս ինչ՛ ձախորդություն էր…>>: Հնչում է հեռախոսի զանգը:
-Հ՜ը, գործն ավարտեցի՞ք,- անհամբերությունից շնչակտուր լինելով՝ հարցրեց Միխաիլը:
-Պարոն, չգիտեմ եմ, թե ինչ ասեմ, բայց այդ ճամրուկի մեջ սպիտակ մաքուր թղթեր են…..
-Ինչպե՞ս թե, հո չե՞ք գժվել,- իրեն կորցրեց Միխաիլը՝ զայրութից ու սարսափից ասես շանթահար լինելով:
-Այո, պարոն, ոչ մի գումար էլ այնտեղ չկար:
-Լսիր, հիմար, ինչպես թե միայն մաքուր թղթեր են, ես ինքս եմ անձամբ դրանց մեջ….
Միխաիլը, տեսնելով, որ իր բարձր ձայնը մաքսատան աշխատակիցների ուշադրությունը հրավիրել է, լռեց: Հետո հեռախոսը ձեռքից վայր ընկավ…..
***
Պիտերը, նստած խարույկի առաջ, մտավարժանքի մեջ էր: Քրտինքն առատորեն հոսում էր մարմնից, բայց նա, անդրդվելի, շարունակում էր աշխատանքը:
Պատկերացրեք, հարգելի՛ ընթերցող, թե ինչ կամքի մեծ ուժ ու դիմացկություն է անհրաժեշտ, որ մարդը կարողանա նման անտանելի պայմաններում՝ արևի տապը մի կողմից, իսկ խարույկի ջերմությունը մի կողմից, հանգիստ մտավարժանք անել:
Ի վերջո բացեց աչքերը, թաշկինակով սրբեց դեմքի քրտինքը՝ վերցնելով ջրի շիշը:
Հանկարծ անսպասելիորեն սկսեց բարձր ծիծաղել: Դա ավելի շատ ոչ թե ծիծաղ էր, այլ հիստերիկ պոռթկում: Ասես դրանով փորձում էր լիցքաթափել նյարդային գերլարվածությունն ու հոգեհուզմունքը:
<<Այդ ինչպե՜ս կարողացավ նա ինձ խաբել, ինչպե՛ս ես չկարողացա հասկանալ դա: Փաստորեն այսքան ժամանակ իրադարձությունները համակարգողն ու իրականությունը նախածրագրավորողը իրականում ուրիշ մեկն էր՝ նա, ով միամիտ ձևանալով, եկել էր ինձ մոտ….>>:
***
Վարդանը, նստած Մեղրի քաղաքի սրճարաններից մեկում, գարեջուր էր վայելում՝ փորձելով լիցքաթափվել օրվա լարվածությունից կուտակված հույզերից:
Զանգարեց կնոջը.
-Ալո, Լիաննա…
-Հա, Վարդան:
-Լսիր, Լիաննա, երեխաներին վերցրու ու գնա մորդ տուն, մինչև ես ետ կվերադառնամ:
-Վարդան, նախ ասա, թե որտե՞ղ ես, Իրան գնացի՞ր, և հետո ինչի՞ պիտի երեխաների հետ գնամ մորս տուն: Նորմալ բացատրի, բան հասկանամ:
-Լսիր, աղչի, ես քո հավեսը չունեմ: Արա էն, ինչ ես եմ քեզ ասում:
-Բայց խի՞, կարա՞ս ասես:
-Լսի՛ր, ինձ զանգեցին պարտատերերս, ես էլ ասացի, որ ընտանիքով Հայաստանում չենք: Ասում եմ՝ կարող ա գան մեր տուն, դուռը թակեն, ստուգեն,- ստիպված կնոջը ստեց Վարդանը:
-Դու իմ գլխին մարդ չես, փորձանք ես,-բարկացած դժգոհեց Լիաննան:
-Հա Լիաննա ջան, թեկուզ էդպես, միայն թե խնդրում եմ իմ ասածն արա,-փորձեց հանգստացնել կնոջը:
-Բա մամային ի՞նչ ասեմ….
-Դե մի բան հորինիր, չգիտեմ:
Ավարտելով զրույցը՝ Վարդանը հեռախոսը գրպանը դրեց:
Քիչ հետո վեր կացավ և սրճարանի հաշիվը փակելով՝ ճամպրուկը ձեռքին դուրս եկավ: Արևն արդեն մայր էր մտնում: Քայլում էր փողոցով՝ մտքերը ժողովվելու համար:
<<Ես դա արեցի: Հա՛, կարողացա երկու հզոր մարդկանց մոլորեցնել՝ ինքս ինձ ապացուցելով իմ ուժը, և այն, որ այս հինգ տարիների իմ պարապմունքերը զուր չեն անցել: Ես հասել եմ մոգության մի այնպիսի բարձունքի, որին և ոչ մի մոգ չի կարողացել հասնել: Կարծես ճակատագրի հեգնանք լինի. մտնելով այս խաղի մեջ՝ ես չէի կանխատեսել, որ այսքան գումար ինձ մոտ կհայտնվի: Ես այս ամենը փողի համար չէի անում, այլ հաճույքի: Այս գումարը ես պետք է օգտագործեմ ինձ զարգացնելու, մեկ այլ մակարդակի հասնելու համար: Իհարկե էն հարուստ հրեան չի աղքատանա, նամանավանդ, որ նա այս գումարը Միխաիլին էր ուղարկել, որ ինձ տա, այնինչ վերջինս ուզում էր այս փողը իրենով աներ՝ խաբելով իր մտերիմ մարդուն: Բայց Լիաննան այս գումարի մասին պետք է ոչինչ չիմանա, հակառակ դեպքում ինձ մեծ վտանգ է սպառնում: Էս գումարով երևի քաղաքի կենտրոնում մի օֆիս կառնեմ ու մարդկանց կօգնեմ՝ դրանով իսկ ավելի կատարելագործելով ուժս>>:
Փողոցները սկսում էին հետզհետե մարդաշատ դառնալ: Արևամուտից հետո մարդիկ դուրս էին գալիս զբոսնելու: Տեսավ մի խումբ փոքրիկ աղջիկների, ովքեր խաղում էին: Հիշեց այն աղջկան, որին հանդիպել էր ճանապարհին և որի ակնագունդը րոպեների ընթացքում բուժել էր: Հիշեց աղջկա մորը, որը, երջանկության արցունքներն աչքերին, չգիտեր՝ ինչպես հայտներ իր երախտագիտությունը:
Հոգին ցնծում էր հաղթանակի ու հաջողության զգացումից:
Քայլելով ու մտքերը ժողովելով՝ տաքսի նստեց՝ վերադառնալով Երևան…..
Մեղրի, 2025
Саят Нова
Что я буду делать без тебя