Нар-Дос

Հակապատկեր

Սիրուն գիշեր է։ Պայծառ լուսինը
Լողում է հանդարտ անամպ եթերում.
Հանդարտ է, խաղաղ և բնությունը,
Ոչինչ նրան շուրջը բնավ չէ խանգարում։

Բայց ինչո՞ւ այդպես շուտ հիանում ես
Դու այդ դիմածածկ գիշերի գեղով,
Ինչո՞ւ դու այդպես շուտ հավատում ես,
Որ ամեն ինչ է շուրջդ անխռով։

Հապա մոտեցիր այս ցած խրճթին,
Եվ դուռը կամաց բացիր, մտիր ներս.
Ի՞նչ կըերևա այնտեղ քո աչքին,
Եվ ինչե՞ր արդյոք այնտեղ կըլսես։

Այնտեղ կըլսես դու հառաչանքներ,
Դառը արցունքի կըտեսնես հեղեղ:
Երկիրն հանգչում է, բայց խիստ վիշտը դեռ
Այս ժամուն անգամ տիրում է այստեղ։

Եվ երբե՛ք այնպես ազդու, կենդանի
Ինչպես այսպիսի խաղաղ գիշերին,
Թշվառությանը ոչոք չի տեսնի,
Կամ չի զարկի նա ոչոքի անգճին...

Ի՞նչ ես հավատում դու բնությանը,
Նա կեղծավոր է, անսիրտ, անզգա,
Նրա ի՞նչ հոգն է, թե խեղճի ձայնը
Խեղդում է յուր դառ արցունքն անխնա...

20 հունվ. 1886.

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Hапоминая
Давид Баласанян

Hапоминая