Мкртич Армен

Գայթակղություն

Ապրիլի վերջերին գարունը հանկարծ հիշեց, որ ինքը դեռ չի եղել կալանավորների աշխարհում։ Վերցրեց իր հետ արեւը եւ գնաց այնտեղ։

Առաջին օրերը ոչ գարունն էր օգուտ տալիս, ոչ արեւը։ Նույնիսկ ընդհակառակը։ Երկնքից վերցրել էր համատարած ամպերի տաք վերմակը, օրերը ցրտել էին։ Մի քանի օր հետո, սակայն, կալանավորների մեջքերն սկսեցին տաքանալ արեւի տակ։

Դա նրանից է, որ մեր հագուստները սեւ են, իսկ արեւը սիրում է սեւ գույնը, բացատրեց ֆիզիկայի երբեմնի մի ուսուցիչ, որն այժմ սահնակապան էր։

Նաեւ նրանից, որ մենք ուղղահայաց մարմիններ ենք եւ արեւի ճառագայթները համարյա ուղիղ անկյան տակ են խփվում մեզ, ավելացրեց ֆիզիկայի մի այլ ուսուցիչ, որը նույնպես սահնակապան էր։

Ճամբարներում ոչ ոք չէր զարմանում այդպիսի զուգադիպությունների վրա։ Ճիշտն ասած, դրանք զուգադիպություններ էլ չէին, այլ օրինաչափություններ։ Հյուսիսային Նադեժինստ քաղաքից, օրինակ, այդտեղ կային քսանչորս կալանավորներ, որոնք, մեկը մյուսից անկախ, դատապարտվել էին Անդրկովկասում աշխատող այսինչի դեմ մահափորձ նախապատրաստելու համար։ Ընդ որում, նախապատրաստությունն այնքան խնամքով էր եղել քողարկված, որ դրա մասնակիցներից ոչ մեկը ոչ միայն չէր եղել Անդրկովկասում, այլեւ չէր էլ պատրաստվում երբեւէ մեկնել այնտեղ։ Ավելին․ հետախուզական մարմիններին բոլորովին մոլորեցնելու համար նրանք ոչ ռումբ էին պատրաստել եւ ոչ էլ զենք պահել, այլ իրենց համար աշխատել էին մետաղաձուլական գործարանում։

Ճամբարում նրանք բոլորը սահնակապաններ էին։ Երբ որեւէ ուրիշին էլ էին նշանակում սահնակապան, նադեժդինսկցիները կատակով ասում էին նրան․

Ինչո՞ւ ես եկել, գնա ծառ կտրելու։ Սահնակապանությունը տեռորիստի գործ է…

Եվ իրոք․ Լենինգրադի մարզի ինչ֊որ փոքրիկ գյուղի համարյա բոլոր դպրոցներից հավաքել էին ֆիզիկայի համարյա բոլոր դասատուներին եւ ձերբակալել՝ դարձյալ մեղադրելով տեռորի նախապատրաստության մեջ՝ դարձյալ Անդրկովկասում աշխատող նույն այսինչի դեմ։ Իսկ ճամբարում նրանց բոլորին եւս նշանակել էին սահնակապաններ։ Դե, եկ ու մի հավատա, որ սահնակապան լինելը տեռորիստի գործ է։

Ձյունը, որպես սպիտակ մարմին, համարյա ամբողջովին անդրադարձնում է արեւի ձառագայթները, ուստի եւ դեռ երկար ժամանակ չի հալչելու, տխուր եզրակացություն հանեց ֆիզիկայի մի երրորդ ուսուցիչ, որը նույնպես սահնակապան էր։

Մի քանի օր հետո, երեկոյան կողմ, վերակարգիչը մտավ ծառահատների բարաքը եւ պատվիրեց ճյուղ կտրելու վրա աշխատող Անտոն Տուլուպովին․

Վաղն աշխատանքի դուրս չես գա բրիգադի հետ։ Ես ուրիշ տեղ եմ ուղարկելու քեզ։

Անտոն Տուլուպովը նույնպես ֆիզիկայի ուսուցիչ էր եւ նույնպես տեռորիստ, որն իր արյունարբու ծրագրերն իրականացնելու համար առավոտից երեկո դաս էր տալիս աշակերտներին։ Բայց նրան, վատ առողջության պատճառով, չէին նշանակել սահնակապան։

Առավոտյան Տուլուպովին աշխատանքի ուղարկեցին առանց բրիգադի, եւ որ գլխավորն է՝ առանց պահակի։ Լինելով, ըստ երեւույթին, ցածրորակ տեռորիստ, նա ստացել էր ոչ թե տասնհինգ, այլ հինգ տարի ժամկետ, որից երեքն արդեն նստել էր։ Ուստի եւ չէին վախենում, թե նա կարող էր փախուստ կատարել։

Տուլուպովին հանձնարարեցին ճյուղ կտրելուց էլ հեշտ աշխատանք։ Ճամբարից երեք֊չորս կիլոմետր հեռավորության վրա տայգայով անցնում էր Լենինգրադ Մուրմանսկ երկաթուղին՝ ճահճոտ գետնի վրա բարձրացած իր անվերջանալի լիցքով։ Եվ ահա, ֆիզիկայի օրենքի համաձայն, ձյունը որ դեռ փռված էր ամեն տեղ, լիցքի հարավային թեք կողի վրա արդեն հալչել էր։ Իսկ ճամբարի սահնակների ճանապարհն անցնում էր երկաթգծի վրայով Հարկավոր էր, ուրեմն, թիակներով ձյուն կրել այլ տեղերից եւ լցնել այդտեղ, լիցքի լանջի վրա։

Տուլուպովը կես ժամում ավարտեց իր գործը եւ կանգ առավ հանգիստ, մեջքն արեւին արած։ Դրանից հետո, միայն երբեմն֊երբեմն, մանավանդ սահնակների անցնելուց հետո, հարկ էր լինում թեթեւակի սրբագրել ճանապարհը, այսինքն՝ ավելացնել էլի մի քիչ ձյուն։ Մի ժամում անցնում էին հազիվ երեք֊չորս սահնակ։

Դժվարն աշխատանքը չէր, այլ երկաթուղին… Դա ուղիղ տանում էր դեպի Լենինգրադ։ Այսինքն՝ ոչ թե տանում էր, այլ կարող էր տանել՝ եթե դու լինեիր ազատ մարդ, գտնվեիր «Հյուսիսային նետ» ճեպընթաց գնացքում… Եվ քանի որ այդպես չէր, կալանավոր Տուլուպովի հոգին ընկճված էր եւ տխուր։ Այնպիսի տանջալի ապրումներ էր պատճառում նրան երկաթուղին, որ նա մինչեւ իսկ զղջաց, որ համաձայնվել էր գալ այդտեղ։

Բարձրանալով լիցքի վրա, նա կանգնեց ռելսերի միջեւ, թախիծով նայեց դրանց սահուն գծերին։ Սակայն նրա թախիթն զգալի չափով ավերվում եւ մասամբ էլ զավեշտի շեշտ էր ստանում այն հիմար պատճառով, որ նա չէր կարողանում որոշել, թե որ կողմումն էր Լենինգրադը եւ որ կողմում՝ Մուրմանսկը։ Ոչ արեւով, ոչ մի այլ նշանով չէր կարելի որոշել դա, որովհետեւ, Տուլուպովն այդ գիտեր, երկաթուղին տայգայում, շրջանցելով ճահիճները, կատարում էր շատ շրջադարձեր եւ տեղ֊տեղ գնում էր համարյա հակառակ ուղղությամբ։ Դե եկ ու որոշիր, թե ինչ շրջադարձի վրա ես դու կանգնած։

Անցնող սահնակապանները, Տուլուպովի նախկին կոլեգաները, ամեն անգամ կոպիտ հայհոյում էին նրան, որ ճանապարհը լավ վիճակի մեջ չէ։ Ճանապարհը, իհարկե, լավ վիճակի մեջ էր, բայց հայհոյելն անհրաժեշտ էր, այդպես էր կարգը։

Կեսօրը հազիվ էր անցել, երբ Տուլուպովը հանկարծ լսեց շոգեմեքենայի ձայն։ «Հյուսիսային նետը…»… Նա արագ մագլցեց լիցքն ի վեր, կանգնեց գծի մոտ՝ պատրաստվելով դիտել գնացքը։ Իսկ դիտել հարկավոր էր աչքերը չորս բացած, որովհետեւ «նետը» սլանալու էր շատ արագ։

Շուրջը երկգույն բնությունն էր՝ կանաչ եւ սպիտակ։ Տայգա եւ ձյուն։ Եվ ահա, այդ բնության մեջ, հայտնվեց նա՝ սքանչելին, քաղաքակրթության մի ավարտված մասնիկը, վաղուց ի վեր Տուլուպովից հեռացած…

«Նե՞տն» էր դանդաղ սլանում, թե՞ կալանավորն էր իր ծայր աստիճան լարած ուշադրությամբ ընդարձակում վայրկյանները։ Ինչ էլ որ լիներ, նա տեսավ վագոնների լուսամուտները՝ առանձին֊առանձին, լուսամփոփավոր լամպեր եւ գույնզգույն պիտակներով ինչ֊որ պահածոներ՝ սեղանակների վրա, եւ մարդկանց՝ դրանց մոտ նստած, դուրս նայելիս։ Տեսավ կուպեների տաք ու փափուկ հանգստավետությունը…

Տուլուպովը հանկարծ մի խելահեղ ցանկություն զգաց ինքն էլ գտնվելու այնտեղ՝ ինչպես մի ժամանակ… Նա արագ բարձրացրեց ձեռքը՝ բռնելու համար սլացող դռներից մեկի երկաթե ձողը եւ ցատկելու համար աստիճանների վրա։ Լուսամուտներից մեկում նա տեսավ մի կնոջ զարմացած հայացքը, ապա տեսավ հերթական դուռը եւ… ոչինչ չարեց։

Եթե փորձեր, սլացող գնացքի իներցիան անշուշտ պիտի սպաներ նրան։ Բայց Տուլուպովին ետ պահեց ոչ թե ֆիզիկայի օրենքը, այլ մի ուրիշ օրենք՝ ավելի խիստ, թեկուզեւ ապօրինի… Այդ չէր ազատության ճանապարհը…

Կատարվեց մի անսպասելի բան։ Գնացքը դանդաղեցրեց ընթացքը եւ կանգ առավ մի քիչ հեռվում, թեեւ այնտեղ չկար ոչ կայարան եւ ոչ կիսակայան։

Տուլուպովը նայեց զարմացած։ Գնացքից իջնելով, դեպի նա սկսեց վազել այն կինը, որին կալանավորը տեսել էր իր ձեռքը բարձրացնելու ժամանակ։ Կինը վազում էր բարձրակրունկ տուֆլիներով, ներսի թեթեւ հագուստով, առանց ուշադրություն դարձնելու փուխր ձյանն ու ցրտին։

Տուլուպովը վազեց նրան ընդառաջ։ Նրանք հասան միմյանց, կանգ առան դեմ֊դիմաց, մի պահ նայեցին իրար, եւ կինը, հուզմունքից շնչասպառ, հարցրեց․

Այդ դո՞ւ ես, Սերյոժա…

Անտոն Տուլուպովը գլուխն օրորեց բացասաբար։

Դու ձեռքով ինձ նշան արեցիր… Կինը փղձկաց։ Նիհարել ես, մազոտվել, փոխվել, չեմ ճանաչում քեզ։ Բայց դու ես, մի՛ խաբիր…

Վագոնների դռներում երեւացին դուրս նայող մարդիկ։ Նայում էր նաեւ մեքենավարը։ Մի վագոնից պոկվելով, դեպի կինն ու կալանավորը վազեց գնացքի պետը։

Դու ես, թե դու չես՝ միեւնույնն է, արագ֊արագ շշնջաց կինը։ Երբ գնացքը շարժվի՝ բարձրացիր վերջին վագոնի սանդղակի վրա, փախիր… Մի օր էլ գուցե իմ Սերյոժան…

Ոչ… ընդհատելով, գլուխն օրորեց Անտոնը։ այդ չէ ազատության ճանապարհը…

Ես քեզ դրամ կտամ, հասցե…

Քաղաքացի, այդ դո՞ւք կանգնեցրիք գնացքը, մոտենալով, զայրացած հարցրեց գնացքի պետը։

Այո, ասաց կինը՝ թախիծով եւ անտարբեր։ Ես կվճարեմ սահմանված տուգանքը։

Ոչ թե տուգանք, այլ դատի տակ կնկնեք՝ առանց լուրջ պատճառի այդպիսի բան անելու համար։ Ինչո՞ւ կանգնեցրիք։

Լուրջ պատճառով, միջամտեց կալանավորը։

Իսկ դո՞ւ ով ես։

Այո։

Ի՞նչ «այո», գոռաց գնացքի պետը։

Այո, ես քաղաքական կալանավոր եմ։ Քանի որ արժանի չեք տեսնում «դուք»֊ով դիմել ինձ՝ նշանակում է՝ շատ լավ գիտեք։ Հենց դրա համար, իմ ով լինելու համար, ես ձանձրացել եմ կյանքից։ Ուզում էի նետել ինձ գնացքի տակ։ Այս քաղաքացուհին տեսավ իմ շարժումը եւ կանգնեցրեց գնացքը։

Այդպե՞ս է, հարցրեց գնացքի պետը կնոջը։

Այդպես է, պատասխանեց կինը։

Ես քեզ դատի կտամ, ժողովրդի թշնամի, գոռաց գնացքի պետը։

Արդեն տվել են։ Երեք տարի առաջ։

Գնանք, քաղաքացուհի, ուշացնում եք գնացքը։ Գուցե դու դիվերսիա՞ էիր ուզում անել գնացքի հետ, կասկածով հարցրեց նա կալանավորին։

Ոչ։ Իմ մասնագիտությունը տեռորն է։

Գնանք, գնանք, շտապեցրեց գնացքի պետը կնոջը՝ ծուռ֊ծուռ նայելով կալանավորի փայտե լայն ու ծանր թիակին։

Երբ գնացքը սուլեց եւ սկսեց շարժվել դանդաղությամբ, Անտոն Տուլուպովը հավաքեց իր վտիտ մարմնի մեջ մնացած ամբողջ կամքը՝ չբռնելու համար վերջին վագոնի դռան ձողից եւ չցատկելու համար դրա աստիճանների վրա։

«Հյուսիսային նետն» անհետացավ երկաթուղու հեռու շրջադարձի ետեւում։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Элегия
Арно Бабаджанян

Элегия

На балконе
На балконе
Играть онлайн