Грикор Зограб

Վերադարձը

Ա

Տասներկու տարվան անջրպետ մը:

Ամենահիմար սիրո մը ամենառամիկ վախճանին վրայեն անցած տարիներ:

Զատվիլ մը առանց կռվի, առանց վեճի, առանց իրարու երեսի նետված ծանր խոսքերու, թունավոր նետերու նման զորս հեռացած փախած միջոցիդ կ՚արձակես թշնամիին դեմ և որոնք անմիջապես մահ մը չեն տար դիմացինին, այլ մեղմ, գրեթե չնչին խայթվածքը մը, ասեղին ծայրը դպելու պես բան մը, որ սակայն ժամանակով՝ տարիներու ընթացքին մեջ՝ համրաբար իր դառնությունը, իր ցավը կը ծավալե բոլոր մարմնին վրա, ու անոր մնացորդ կյանքը, նույնիսկ էն անուշ անցյալը, մանավանդ թե այդ անցյալը կը ժահրոտե մշտնջենական թունավորումով մը, և հին սերը ատելության կը փողե:

Ո՛չ, մերինը այդ անջատումներեն չեղավ:

Իր ընդոծին հպարտությունը և կնոջական բնազդը, որ քիչ անգամ կը սխալի, գուշակել տված էին իրեն՝ պարապը որ հետզհետե կը շինվեր, կը մեծնար, կը խորունկնար մեր սրտերուն մեջ. խոնջենքը որ կը ծանրանար վրաս, ափսո՜ս, խոնջենքը իր գգվանքին որ, կ՚ամչնամ ըսելու, իմ փոփոխամիտ երիտասարդի խառնվածքիս վրա՝ պատատուկ բույսի մը հազիվ թե զգալի փաթթվածքովը՝ շղթայի մը ծանրությունը կ՚առներ:

Եվ առանց սպասելու որ սնոտի կամ շինծու բարուրանքներով ձևացած հրաժեշտը իմ կողմես գա, ինքը քաշվեր հեռացեր էր, ձանձրություն տալ չսիրող մտերմի փափկանկատությամբ, որ իր դեմինը պարտավոր կը թողու անոր համար, որ «զիս մինակձգե» ըսելու ծանր հարկեն կ՚ազատե զինքը. որ համբույրներովօծված ուխտերը, արցունքներով նվիրագործված առաջադրությունները, երդումներով տևականությունը երաշխավորված սեր մը դրժած ըլլալուդ ամոթը բացահայտ կերպով չի ծանրացներ վրադ: Ավելին կ՚ընե. ինքը կը ստանձնե այդ մեղքը, առաջինը՝ ինքը քեզ թողած ըլլալու երևույթը առնելով:

Ու այնպես է Խղճմտանքը, անողոքելի ու անկաշառ Խղճմտանքը մարդուս, որ ան ալ՝ մարդոց պես՝ ի հարկին երևութական ու արտաքին ճշմարտությամբը կը բավականանա: Ան որ հանգիստ ու դադար չպիտի տար քեզի եթե դուն նախ լքեիր սիրած աղջիկդ, հիմա անոր անձնվիրությունը չհասկնալ ձևացնելով՝ անմեղ կը հռչակե քեզ ու սրտիդ անդորրությունը կը վերադարձնե քեզի: Ինքնախաբությունն է այս, առանց որուն ապրիլը անհնար պիտի ըլլար գուցե:

Այս ազատագրությամբ երջանիկ եղեր էի սկիզբները՝ տարիքիս եսասեր անփորձությանը մեջ. վերջեն ինքզինքիս վերադարձիս մինակ մնալուս՝ իր բոլոր անձնվիրությունը խոստովաներ ու վայելեր էի ուշ մնացող շնորհակալությամբ մը և կարծես հետադարձ սիրո վերսկսումով մը:

Այս էր անցյալը:

Ու հանկարծ դեմ առ դեմ գտնվելնիս կիրակի առտու մը Ալեմտաղիի փոքրիկ եկեղեցիին մեջ. անակընկալ ու բիրտ հանդիպումը, որ ո՛րևէ կանխապատրաստությամբ չէ մեղմացած, որուն մեջ երկու կողմն ալ պատշաճ կեցվածք մը առնելու և իրենց հոգիին խռովքը գոնե սքողելու ժամանակ և միջոց չունին. այնպես, որ այն երկար տարիներու անջրպետը, որ մեզ զատած էր, ջնջվելով բոլորովին, մեր բաժնվելուն ճիշտ հաջորդ օրվան կը վերադարձնե մեզ:

Տպավորությունս այնքան սաստիկ է, որ իր կարգված ըլլալուն և քովը կեցող մարդուն, հավանականաբար, իր էրիկը ըլլալուն տարտամ գիտակցությունը միայն կ՚արգիլե զիս իր քովը փութալ վազելե:

Բ

Դասեն՝ կը դիտեմ զինքը հետաքրքիր, ու քիչ մըն ալ. ինչո՞ւ պահեմ, անձգությամբ: Ինե չորս քայլ միայն հեռու է, փղոսկրե կողքով աղոթագիրքը ձեռքը, դեմքը այլայլած ու աչքը՝ իմինիս չհանդիպելու փախուստին մեջ՝ սեղանին ապավինած:

Իր գեղակառույց արձանի շռայլված պարգևները խաթարված չէին ամուսնանալովը. ընդհակառակը:

Նույն հասակյա կինն էր, աղջիկ ատենին վրա սոնքացած քիչ մը, իրավ է. բայց իր գորշ արդուզարդին ճարտարարվեստ վայելչությամբը, որ այս գյուղի ժամուն մեջ զարմանք կը հրավիրե, պարտկելով, նույնիսկ շնորհալի ընծայելով իր մսոտ կնկան թանձրությունը:

Աչվըները՝ ածուխի կոտրտուքի պես փայլուն ու պճլտացող սևություննին պահելով հանդերձ՝ առջի աչքերը չէին, միշտ խոլ խնդուքով մը լեցուն աչքերը, այլ հանցավորի խոնարհ ու երկյուղաբեկ անձկությունը կը մատնեին:

Առաջին զգացումս վերլուծելով՝ խորունկ գոհունակությամբ մը կը լեցվի սիրտս: Վախցեր էի, որ ատենով, դյուրաբախ պատանիի անփորձությանս մեջ, անշնորհք էակի մը սիրտ տված ըլլամ. ինչ որ պիտի ամչցներ զիս այսօր, որ ճաշակիս ու ընտրությանս ազնվությանը կը վստահիմ: Մեկ նայվածքով կը համոզվիմ որ այս վախը անտեղի է բոլորովին, թե որ այս վայրկյանին առջի անգամ ըլլալով հանդիպած ըլլայի իրեն, կը զգամ որ հիմա ալ բոլորանվեր պաշտումով մը պիտի պաշտեի զինքը:

Միակ վախը որ կա՝ այն է որ ինքը արժանի չգտնե զիս իր սիրույն. ժամանակեն առաջ ճերմկցող մազերես՝ հոգերով ու մտմտուքով բեռնավորված ճակտես՝ չճանչնա այն պատանի ու անբարտավան գլուխը զոր ծունկին վրա հանգչեցնելը կը սիրեր ատեն մը:

Ու կը խորհիմ, որ անտրտունջ, գրեթե ժպտելով բաժնվեր էր ինե մինչև վերջին վայրկյանը անուշբերնելով զիս, իր սովորական գգվող, փայփայիչ անուններեն և ոչ մեկը զլանալով ինծի, «հոգի՜ս» - ներ, «կյանքս» - ներ որոնցմով օրորեր, վարժեցուցեր էր զիս և ուրկե վերջին պահուն զիս զրկել չուզեց բնավ, այն բժշկին պես որ մոտալուտ վախճանին գիտակցությամբը ամեն ուզածը կը շնորհե հիվանդին:

Մինչև վերջին օրերը իր կատակասեր ու զվարթ բնավորությունը պահեց. սաչափը միտքս է սակայն որ երբեմն հանդիսավոր ձև մը կ՚առներ. իրիկունները՝ իրարմե բաժնվելնուս՝ ձեռքը, որ իր գիծերուն անուշ նրբությամբը գլուխգործոց մըն էր, ինծի երկընցուցած պահուն, երդումի մը համար կարկառված կը թվեր՝ երդում զոր շրթունքը չէրն արտասաներ, այլ իր աչքերը կը զուրցեին ինծի իրենց մռայլամած երկինքի ստվերներովը:

Երբեմն պզտիկ ակնարկություններ կ՚ըներ մեր հավանական բաժանումին:

- Ինծի նայե, Գրիգորս, կ՚ըսեր ինծի, ամեն բան աշխարհիս մեջ հանգիստի, արձակուրդի պետք ունի. ծաղիկները իրենց փթթումովը կը հոգնին ու հաջորդ տարին կը ծլին մեյմ մըն ալ: Սերն ալ իր վաքանսը ի՞նչու չունենա. չա՛ր զավակս, մի՛ վախնար որ քու հարափոփոխ խառնվածքդ մեղադրեմ. քու սիրույդ սպառումը իր ուժգնութենեն, չափազանց վատնումեն կու գա. թե որ սա մեր միասին անցուցած երկու տարվան մեջ շատ չսիրեիր զիս՝ չպիտի պաղեիր հիմա ինե, քու արդարացումդ նույնիսկ հանցանքիդ մեջն է. այն բանը զոր ուրիշ կին մը իրեն պզտիկություն պիտի սեպեր, ես ինծի պարծանք կը համարիմ. հիմա ինե փախչիլ ուզելդ՝ զիս շատ սիրած ըլլալուդ ապացույցն է:

Ներսես՝ բոլոր սրտովս իրավունք տալով իրեն՝ դյուրաշուրթն կեղծավորությամբ կը բողոքեի այս խոսքերուն դեմ.

- Խե՞նթ ես, Մաքրիկ, կրնա՞մ քենե անցնիլ:

Երկու օր վերջը, ուշադիր նայելով աչքիս մեջը, հոգիիս խորը կարդալու ջանքով մը, երբոր ես իր քովը ծունկ չոքած իր փայփայանքներուն անձնատուն կեցե՜ր էի, կը հարցներ.

- Ի՞նչ կ՚ընես, հոգի՛ս, թե որ գալ շաբթու հանկարծ ելլեմ մեկու մը հետ կարգվիմ:

Ես, կեղծ վրդովումով մը, զոր խորամանկություն կը կարծեի, կը պատասխանեի իրեն.

- Դուն ատանկ բան չես ըներ:

- Շատ աղեկ ալ կ՚ընեմ, գիտեմ որ ատով իմ սիրույս բոլոր խոնջենքեն կը փրկեմ քեզ, գիտեմ որ մոմ կը վառես եկեղեցին՝ իմ ամուսնանալս իմանալուդ, չէ՞. մանավանդ որ թե որ ամուսնանամ ալ, դարձյալ պիտի սիրեմ քեզ, հիմակուց գիտցած ըլլաս:

Եվ վախնալով, որ բոլորովին չհավատամ իր ըսածին, մեկդի ընելով իր լուրջ ձևերը, սինեմաթոկրաֆի պատկեր մը փոխելու պես փոխելով իսկույն տեսարանը, քահքահով կը խնդար վրաս, ու ապտակելով երեսս՝

- Չէ՛, անառակ մանչս, դող մ՚ելլեր, էն հարուստ վաճառականն ալ թե որ զիս ուզելու ելլե, նորեն չեմ առներ զինքը:

Գ

Ատկե երեք օր վերջն էր, որ ամուսնացավ. մանրերկրորդի մը մեջ վճռված կատարված ամուսնություն՝ րոպեական լուսանկարի մը պես:

Անձնասպաններ կան, որոնց անակնկալ մահվան լուրը քեզ ապշեցնելուն հետ միտքդ կը ձգե քանի մը օր առաջ այդ մեռնողին խոսքերը որոնք զուրցված պահուն՝ անիմաստ ու անհասկընալի երևցեր էին. արտասավոր շարժուձևերը որոնք զարմացուցեր էին քեզ և որոնք հիմա՝ այդ մահվան քովը բերվելով՝ իրենց ահավոր մեկնությունը կը ստանան. և կը զարմանաս, որ ան ատեն՝ այդ խոսքերը լսելուդ փույտ չունեցար զանոնք վերլուծելու. «հիմար խոսքեր» ըսիր ու անցար. սպրդեցան գացին անոնք առանց սթափեցնելու, և հիմա, խղճմտանքդ կը տանջե քեզ. թե որ ժամանակին գուշակեիր այդ անիմաստ թվող խոսքերուն, տարօրինակ երևցող ընթացքին բուն նշանակությունը, պիտի հաջողեիր թերևս այդ հուսահատը իր կտրուկ վճիռեն ետ դարձնելու:

Այսպես ալ եղավ Մաքրիկեն զատվելուս. իր վերջին խոսքերուն միտքը անոր ամուսնության լուրը առած ժամուս հասկցա, մութ սենյակի մեջ մտցված պայծառ լույսի մը պես, որուն շնորհիվ որոշ կերպով կը զանազանես հոդ շարված առարկաները:

Անոր խրոխտ նկարագիրը այն ատեն միայն կատարյալ կերպով ճանչցա երբոր շատ ուշ էր արդեն կրկին իր սիրույն կոչում ընելու: Սուտ զուրցած կ՚ըլլամ թե որ այս լուրը ինծի ուրախություն պատճառեց ըսեմ. այս բաժանումը, որուն բոլոր հոգիովս կը բաղձայի, զրկանք մը կ՚ըլլար ինծի հիմա՝ որ եղած լմնցած բան մըն էր. Մաքրիկին շնորհալի դեմքը, մտքի ու մարմնի բոլոր ձիրքերը աչքիս առջևեն անդին չէին երթար. անոր քով պզտիկ մնացած ըլլալու տարտամ տպավորություն մըն ալ կ՚ավելնար վիրավորված անձնասիրությանս վրա:

Իրո՞ք այսքան դյուրավ ձգվելիք բաժնվելիք մեկն էի ես, ես որ անոր հավերժական սեր մը ազդած ըլլալու ունայնամտությունը ունեի: Ոչ իսկ բացատրություն մը, մնաս բարով մը, բառ մը ինծի: Դանակի հատու հարված մը երկու տարվան սիրո հյուսվածքին վրան, և ուրիշ ոչինչ:

Հաջորդ օրը, երբ իր Մանչեսթր մեկնիլը իմացա էրկանը հետ, որ հոն հաստատված մեկն էր.

- Երթաս բարո՜վ, ըսի մտքովս իրեն, երթաս բարո՜վ, այդ մարդուն քով զոր հարկավ պիտի խաբես սիրո խոստումներով, ինչպես որ զիս ալ խաբեցիր. բարի վայելում կը մաղթեմ իրեն:

Ու այս մարդուն դեմ, որույն ո՛վ ըլլալը չէի գիտեր, ատելություն չէի զգար, այլ արգահատանք մը, կը խնդայի վրան, կը կարեկցեի իրեն. վայրկյան մըն ալ սաստիկ մարմանջ մը կը զգայի երթալ գտնելու զինքը ու ականջն ի վար ըսելու, որ հետը կարգված աղջիկը իմ սիրուհիս եղած էր. ասով կարծես թե կը սփոփվեր իմ վիրավորանքիս ցավը. բայց կը խոստովանեի իսկույն որ ասանկ փափագ մը ունենալս անգամ զզվելի բան մըն էր. հիմա իմ բարոյական ստորնացումիս դեմ կը սրտմտեի և Մաքրիկին ազնիվ նկարագրին իմինես շատ ավելի բարձր ըլլալը զայրույթով կը լեցներ զիս:

Հետո, ատեն անցնելով, այս ամենը ամոքեցավ, մեղմացավ, ջնջվեցավ վերջալույսի մը բոցավառության պես, որ մեր սիրույն իրիկնամուտն էր: Իմ հեղհեղուկ ու փութամոռաց երիտասարդի սիրտս բան մը չհիշեց այլևս:

Անոր մեկնելեն հեռանալեն շատ ետքը կրցա իր ամուսնության պատմությունը ստուգել ու ճշտել. շատ լացեր էր ինե զատվելուն համար. հարուստ էրիկ մը ձեռքե չփախցնելու վախովը բացատրեցին ոմանք իր տարօրինակ աճապարանքը կարգվելու: Ես, վերահասու ճշմարտության, գիտեի որ այս ամուսնության շնորհիվ Պոլիսը ձգել երթալու և զիս մոռանալու կարելիությունը զինքը համոզեր էր ամեն բանե ավելի. և այս վստահությամբ ինքնիրենս հաշտվեր էի Մաքրիկին հետ, ի՜նչ կ՚ըսեմ, տարիներե վերջը անզուգական կինը մնացեր էր ան իմ աչքիս:

Ունևոր ու տարիքոտ մարդ էր էրիկը: Երազված միությունը չէր ասիկա, այլ այն գռեհիկ կապակցություններեն մեկը, որ ամուսնութենե մը ավելի զուգավորիլ մըն է, և զոր պսակին օրհնությունը ոչ կրնա ազնվացնել և ոչ իսկ արդարացնել: Ոչ հոգիի և ոչ մտքի պատշաճություն երկուքին մեջ. ո՛չ կրթության և ոչ զգացումի ներդաշնակություն. ոչ տաիքի և ոչ մարմնի հարմարություն. այլ բիրտ հպումը, անմեկնելի ու հավիտենական մերձեցումը, ավելի բիրտ քան այն զույգ մը եզինը որ արորի մը կը լծվի և ուր գոնե՝ գույնի, տարիքի, ույժի ներդաշնակություն կը փնտրվի:

Մաքրիկ գոհ էր սակայն իր ամուսնութենեն. արտաքին ու ցույցի գոհունակություն զոր ամեն աղջիկ կ՚ունենա կարգվելեն վերջը որ հակառակ իր պարծանքի հանգամանքին, համակերպութենե ուրիշ բան չէ, և որ, ափսո՜ս, անոր հույսերուն ու երազներուն նավաբեկությանը մեջեն անջատվող ծփացող միակ խլյակն է. ամուսնացած ըլլալու և դրամի տեր մեկու մը կնիկը եղած ըլլալու գոհունակությունը:

Մարդը, այսպես կը կոչեի ես էրիկը, Անգլիո մեջ հաստատված հարուստ հանձնակատար մըն էր, Կեսարիայեն հոս և հոսկե Մանչեսթր անցած, որ անգլիական ոստանին վարքը ու բարքը յուրացուցած կը կարծեր, այն պատճառավ, որ իր ածիլած ծնոտին, - իշակերի հուժկու ու կոպիտ կզակ մը, - երկու դիեն երկնցուցած էր մորուքը, որ իր ամեն ժամ պիֆթեք ուտող ու գինի խմող մարդու կարմրած այտերը կը ծածկեին: Երկար, գլանաձև գլխարկովը, ծունկերը գոցող սև ռընտենկոդովը, որ հանդիսավոր ու պաշտոնական մարդու ծպտումը կուտար այս դրսեցիին, զույգ մը կարմիրի զարնող դեղին ձեռնոցովը, զոր իր ոսկրուտ ու ոտքերու չափ մեծ ձեռքերուն մեջ կը ճմրթկեր, այս մարդը՝ Պոլիս գալուն՝ բոլոր հոստեղի աղջիկները ափի բերան ըրած ըլլալու միամտությունը ուներ:

Հոս՝ հայ վաճառականներու կիները որոնք խլավուզություն ընելը կը սիրեն, կը թրվռային վրան, ձեռքե ձեռք կը քաշեին զինքը, իր դրամի տեր մարդ ըլլալը գիտնալով. ո՛րը քույր մը, ո՛րը եղբոր աղջիկ մը ուներ անոր հավնեցնելու. և ընդունայն ճիգերու, պըզտիկ դավերու, երբեմն չարությամբ ու նախանձով նյութված մրցումներու մեջ կը սպառեին. մեկը ճաշի կը հրավիրեր զինքը, մյուսը երեկույթի, ու այս ընդդիմամարտ հրավերներուն մեջ մարդը շփոթած կը կենար, թեև հատկապես կարգվելու համար եկեր էր Պոլիս, շատ մը իր նմաններուն պես որոնք՝ ամուսնության globe - trotter-ներ մենե աղջիկը մը առնելու համար մինչև հոս կու գան: Հետո, փողոցը դիպվածով Մաքրիկը տեսնելուն, իսկույն հավներ, հարցուցեր փնտրեր և ամուսնության ուզեր էր զայն: Աղջկան ընտանիքին համար անակնկալ բախտ մըն էր ասիկա. նշանտուքը, հարսանիքը և հարս ու փեսին ասկե մեկնիլը մեկ եղավ:

Անկե ի վեր ճիշտ տասերկու տարիներ անցեր էին միապաղաղ անդորությամբ մը. իր հարստությունը ավելցուցեր էր հիմա: Կյանքին մեջ ամեն բան ժպտեր էր այս մարդուն երեսին և այս հաջողությունները իր մեծ խելքին ու արժանիքին պարտիլ կը կարծեր, նույնիսկ այն վայելչագեղ կինը, որուն վրա իր ցանկասեր մարդու նայվածքը կանգ առած էր:

Այսքան տարիներ բացակա մնալե վերջը, առջի անգամ ըլլալով կնոջը հետ Պոլիս կու գար պտտելու համար քիչ մը, քիչ մըն ալ Պոլսո առևտրական վիճակը մոտեն հասկնալու:

Հիմա եկեղեցիին մեջ, կնոջմեն՝ էրկանը կերթա նայվածքս ու կը փորձեմ ինքնիրենս ճշտել այս ռամիկ մարդուն ինչ ըլլալը: Կիրակի առտվընով մեծ կու գար ան, չէր սղմեր կարծես այս պզտիկ ժամուն մեջ ուր քրիստոնեական խոնարհությամբ մը միայն կնոջը քով եկած կեցած կը թվեր, ճաղատ գլուխը բաց, վայելուչ կեցվածքի մը մեջ արձանացած և ձախ ձեռքին մեջ բռնելով գլխարկը ու ձեռնոցները, իր անբաժանելի կարմիր ձեռնոցները:

Դ

Մտերիմ բարեկամս է ան հիմա. ութ օրվան մեջ հաստատված մտերմությամբ:

Այս բարեկամությունը ստանալու համար՝ իր ունայնամիտ ու ինքզինքին հավնած մարդու տկարություններեն օգուտ քաղեցի: Խոսելու ձևերս, որոնց մեջ մասնավոր մեծարանք կը դնեմ իր անձին հատուկ, ախորժած կը թվի. կը զգա այն զանազանությունը, որ կա «հրամանքնիդ» - ին՝ զոր խոսքս իրեն ուղղած ատենս կը գործածեմ և պարզ «դուն» - ին մեջ զոր շուրջս տեսած ուրիշ մարդոց անխտիր կը բաշխեմ, ով որ ալ ըլլա այդ ուրիշը:

Մոտս գալուն՝ չեմ մոռնար իսկույն ոտքի ելլելու ու միշտ մեծ ուշադրությամբ, քիչ մըն ալ հիացումով կ՚ունկնդրեմ իր խոսքերուն, որոնք դրական մարդու խոսքեր են և որոնց մեջեն ընտրանոք զատված մասերուն, ինքզինքս զսպելու անկարող՝ ծափահարելու պես բաներ մը կ՚ընեմ:

Իր կնոջ դեմ՝ որուն ներկայացուց զիս՝ ուղիղ գիծերե ձևացած բարեկրթութենե ուրիշ ընթացքը մը չունիմ. մարդուն ծեր տարփավորի նախանձոտությունը կը զգամ և անոր համեմատ կը վարվիմ. զգույշ կը կենամ ամեն բանե, որ այս բարակցած կեսարացիին կրնա shocking թվիլ. ի՜նչ հեգնություն:

Մաքրիկ անգլիացի կնկան հով մը առած է. թերխաշ հայերեն ու անգլերեն բառերով խառնված լեզուն իր խոսակցությանը մասնավոր հրապույր մը կու տա: Իր ծույլ ու դանդաղ քալվածքովը երաժշտության պես եղանակավոր բան մը, կյանքե վաստակաբեկ ու անտարբեր դարձած կնոջ երևույթը ունի:

Էրկանը բոլոր համակրությունը հետզհետե գրաված կ՚երևամ. հինգ վայրկյան չի հեռանար քովես, առանց ինծի չըլլար ու անվհատ՝ ժամերով մանրամասն կը պատմե ինծի իր վաճառականի կյանքը այն մեծ քոլփոները որոնք զինքը հարստացուցած են և որոնց մեջ ես ներսես՝ գողութենեն զատ բան մը չեմ գտներ: Ակներև ջանք մը ունի հաստատելու իր հեռատեսությունը, coup d՚oeil - ը օրինակներով, մանր մունր դեպքերով, որոնց շատին, բերնի վարժությամբ մը, շարունակ իր կինը վկա կը բռնե, ըսելով.

- Չըսե՞ս, Մաքրիկ:

Հետո, իր ամուսնության պատմությունն ալ կ՚ընե ինծի:

Առտուները կանուխ կու գա զիս պանդոկես վերցնելու. մեկտեղ կ՚ելլենք պզտիկ պտույտի մը համար դեպի գյուղին արևելքը տարածվող բացավայրը. հետո գյուղին մեջ պտույտ մը և Այանին խահվեին մեջ երկու փառթի նարտ. ցերեկին կը բաժնվինք իրարմե, երկու ժամ ետքը նորեն իրար գտնելու ու Էլամլը կան Դաշտելեն երթալու համար: Այս վերջին պտույտին Մաքրիկ մեկտեղ է. մեկտեղ են նաև գրեթե բոլոր գյուղը եղող ընտանիքները:

Կովի կառքերու անհատնում շարքն է, որ կը ձևանա իսկույն: Կարմիր ու պարարտ հողին մեջ սայլերուն անիվները կը թավալին փորելով իրենց խորունկ ակոսը, հողին ճակտին վրա ձգված խորշոմի մը պես: Ահա անտառին մեջն ենք և աչքդ առածին չափ կը շարունակվի ան, ամեն մութ բաներու պես, իր սահմանին անստուգությամբը, իր հսկա ծառերուն անհատնում շարքովը, իր ստվերին խորհրդավոր անդորրությունովը, իր գույնզգույն կանանչությամբը որ երբեմն մինչև դեղինին կը մոտենա և երբեմն գրեթե սևը կը շոշափե, ամեն երանգները անկարգ կարգավորությամբ մը սփռելով:

Ձան ու ձուն չկա հոս՝ անիվներուն կռնչող թավալումեն զատ. հանկարծ սարեկի մը սուր երգը կը վրդովե լռությունը ու այստեղ կյանքի գոյությունը կը հաստատե:

Գետինը կակուղ է, փետուրներով շինված բարձի մը պես, չորցած տժգունած տերևներու անկումով ձևացած կակղություն, որոնք ամեն քայլափոխի կը խշրտան, չտեսնվող օձերու սողոսկումներու պես:

Այս դարավոր ծառերուն, որոնք իրենց երկնըմբերձիկ ուղղությունը անվթար կը պահեն առույգ ծերունիներու պես, բաղեղի փաթթվուքներ մինչև գագաթները կը հասնին հավերժական գիրկընդխառնումի մեջ, ու գորշ կեղևնուն վրա փակած մամուռները՝ թավիշի կտորներու փայփայանքը կը ցանցնեն, հին զգեստի մը վրա փակցված թանկագին կերպարիս տպավորությունը ձգելով: Այս է մեր ամենավուր ճամփան, ուրկե Մաքրիկին ու անոր ամուսինին հետ կ՚անցնինք:

Հոս հոն՝ ծերացած ինկած ծառերու բուներ, ոմամք տարիներու բեռան տակ փճացած ու ոմանք իրենց առուգությանը մեջ օր մը կայծակեն զարնված:

Գետնեն հազիվ թիզ մը բարձրությամբ նիհար ցողուններով բույսեր՝ լայն ու հորիզոնաձև տերևներով, հողմահարի պես բացված, որոնք բոլոր այս տարածությանը վրա, դեպի երկինք բացված անհամար ձեռքերու կը նմանին, ամբողջ մարդկությանը մը ձեռքերը, չեմ գիտեր ինչ սպասումի և ակնկալության դիրքի մեջ:

Մաքրիկ երկյուղած կը կենա այս վեհաշուք ու պատկառելի տեսարանին առջև, մինչդեռ մարդը իր շահադետ վաճառականի անհարկի հաշիվը մեջտեղ կը դնե.

- Գիտե՞ս որչափ խորանարդ մեթր ատաղձ կրնա տալ այս անտառը, կ՚ըսե ինծի, որչա՜փ թրավերս երկաթուղիի, խորանարդ մեթրը տասը ֆրանքեն՝ գանձ մը ըսել է ասիկա, անանկ չէ՞, Մաքրիկ:

Մաքրիկ գլուխը կ՚երերցնե, բայց նայվածքը հեռուն է, մոլորած անցյալին մեջ:

Ե

Զու՜ր ջանքեր, անօգուտ պայքար, զոր միտքս սրտիս դեմ կը մղե, չվերարծարծելու համար սեր մը զոր հավիտյան մարած կը կարծեի: Իրմե փախչիլ հեռանալ ուզելով իր շուրջը կը թափառիմ, ընկղմելու մոտ նավի մը՝ հորձանքին մեջ պտուտակելուն պես. հետզհետե կը զգամ, որ կյանքը ու լույսը իրմեն միայն կրնան գալ ինծի. կը զգամ, որ դիմադրությանս ույժը կը նվազի տակավ, բայց ինքն ալ հանցավոր է ինծի չափ այն պզտիկ ու լուռ պչրանքներուն համար, որոնցմով զիս կը պաշարե:

Հիմիկվան սերս այն նյութապաշտ սերը չէ ալ որ մարմնական հրապույրներ կը հետապնդե միայն. անցյալ տարիներու բովեն զտվելով՝ մաքրված ու ազնվացած է հիմակ:

Մեր երիտասարդության սկիզբը, մաս մը տեղ միասին քալելե վերջը ճամփաներս հանկարծ ճյուղավորվեր էր առջևնիս ու ճակատագիրը զիս մեկ կողմ և զինքը ուրիշ կողմ մը նետեր էր ու շատ մը տարիներե ետքը բախտը ահավասիկ նորեն միացուցեր, դեմ առ դեմ բերեր էր մեզ: Երկուքնիս ալ կարոտով ու զղջումով կը հիշեինք մեր անցյալը ու վաղափուլ երջանկությունը: Աշխարհիս երկու ծայրեն եկած անծանոթներու պես որոնք՝ երկուքնուն ալ սիրելին եղող բացակայի մը վրա խոսելով իրարու կը մոտենան, այսպես ալ մենք՝ մեր հին օրերու հիշատակովը՝ նոր մտերմությամբ մը կը կապվեինք:

Այս մունջ համակրությունը, իր լուռ զգուշավորությամբը, հայտնի ու համարձակ սիրո հայտարարութենե մը շատ ավելի քաղցր էր ինծի:

Գրեթե երջանիկ էի այսչափով:

Իր ամեն մեկ խոսքը, շարժմունքը նույնքան մեկնության նյութ էին ինծի երբոր առանձնանայի. ամեն մեկ բառին մեջ իր անեղծ մնացած սիրույն խոստովանությունը կը գտնեի ես:

Բնավ չեմ զարմանար որ պզտիկ գրքույկի մը վրա հատորներով մեկնություններ գրվին, թե որ ատիկա սիրված գիրք մըն է: Մեկնելը վայելել մըն է, ծույլ ու համեցող վայելում ինքն իր գլխուդ, ուզածիդ պես: Բայց այս վայելքը կատարյալ ըլլալու համար, տված մեկնությունդ ամեն տարակույսե վեր ըլլալու է. ապա թե ոչ ատիկա շուտով ամենեն անհանդուրժելի տվայտանքը կ՚ըլլա: Ատեն մը կու գա որ դիմացինեդ որոշ վավերացում մը, այո՛ մը, գլխու հաստատական շարժում մը կը սպասես: Եվ այն լուռ ու անհատնում հարցումներուն փոխարեն, զորս կ՚ուղղես իրեն, այդ «այո» - ն ուշանալուն՝ բոլոր մեկնություններդ և այն աղվոր վստահությունդ իր համակրությանը վրա, իսկույն կ՚անհետանան: Քու բացատրություններդ հիմարական ու ծիծաղելի քաշքշուքներ կ՚ըլլան մեկեն. ամեն բան կ՚երերա շուրջդ ու ամենեն դժբախտ կ՚ըլլաս:

Էն չնչին պատեհութենեն օգուտ կը քաղեի մինակ տեսնվելու հետը. այդ վայրկյանները սուղ ու անգին էին ինծի համար, էրկնեն գաղտուկ տեսակ մը մաքսախուսություն, որով զիս տառապեցնող այս անստուգությունս կը հասկցնեի իրեն ու երբեմն ալ իր հին խոստումները կը հիշեցնեի:

Պատասխան տալե կը խուսափեր անիկա. բայց որքա՜ն հստակ ու մեկին էր իր տրտում նայվածքը:Ամեն ինծի դպելուն՝ դաշույնի մը ծայրին պես մինչև սիրտս կը մխվի ու հոն կը կենա, կը դառնա իր սուր ծայրին վրա, հաճույք մը զգալով հոդ կենալուն ու մանրակրկիտ պրպտելով՝ բացած վերքին բոլորտիքը ու խորունկությունը: Վարժ մարդասպանները չեն բավականանա դանակ մը խոթելով հակառակորդի մը կուրծքը, այլ այդ վերքին մեջ կը դարձնեն զենքը, անբուժելի ու անդարմանելի ընելու համար զայն. Մաքրիկին նայվածքը այս նրբությունները ունի իր քաղցրությանը մեջ:

Առտու մը կանուխ ճերմակ շրջազգեստով մը տեսա զինքը իր դրան առջև. բանված ճուրքով շրջազգեստ մըն էր, ծաղկասփյուռ պատմուճանի մը պես որ իր քանդակածո մարմնին կը փակչեր, լանջքին բարձրակոհակ թավալումներեն մեջքին կ՚իջներ ու ավելի վար, զիստերուն, մինչև ծունկվներուն կը փաթթվեր:

Աղջիկ ատենին պես երկուքի ճեղքած էր իր առատ ու ճոխ մազերը, գլխուն ետևը ժողվելով զանոնք. անցյալ տարիները ինծի հիշեցնելու հայտնի ճիգը կը տեսնեմ իր քովը, և դիտավորությունը՝ անդիմադրելի ընելու իր սիրույն կալանքը: Քիչ մը վերջը էրիկն ալ եկավ քովը ու այն առտուն երեքնիս մեկտեղ ըրինք սովորական պտույտը: Իրիկվան՝ շատ մը ընտանիքներու պես՝ Քորուպաշի ըրինք ճաշերնիս, վարի գյուղին մոտիկ պզտիկ սարավանդ մը, որ Դաշտելենի անտառին կը կռթնի: Որոշված է, որ ամենքնիս մեկտեղ վերադառնանք:

Այս վերադարձը վարի ճամփեն եղավ. ամբողջ կարավանը մեր կովի կառքերուն, երաժշտության, երգի, խնդալներու խլացուցիչ ժխորով մը ու չորս դիեն արձակված հրթիռներու մեջեն, ծանր ծանր կը քալե խորտուբորտ ուղիին համեմատ ելևէջելով: Անտառին մեջ կը մխվինք նորեն՝ վրդովելով անոր հանգիստը մեր խոլ ուրախության աղաղակներովը, որոնց արձագանքը կ՚երկարի, կը կրկնվի հեռուն: Մութ է չորսդինիս. հսկա ծառերուն շուրքը վերահաս գիշերին սևությամբը կը թանձրանա, տեղ տեղ մեղմացած մեր կառքերը զարդարող թուղթե լապտերներուն վարանող ու տարտամ լույսերեն: Այս մութի զանգվածին մեջ ուր դեմքերը չեն որոշվիր, ձայները կը բարձրանա սակայն, իրարու կը հանդիպին:

Ես Մաքրիկին քովն եմ ու կառքեն իջած՝ հետիոտն կ՚երթանք երկունքիս քիչ մը առջևեն ու ետևնուս կը լսեմ էրկանը ձայնը, որ այդ միջոցին իր առևտրական մեկ ճարտարությունը կը բացատրե քովի մարդուն: Հազիվ միջոց ունիմ կամաց մը երկու խոսք զուրցելու Մաքրիկին.

- Ըսե՛ ինծի որ զիս կը սիրես տակավին:

Չի պատասխաներ անիկա, ձեռքս կը բռնե միայն ու երկու քայլ անդիեն, մութին մեջեն հանկարծ էրկան ձայնը կու գա մեզի, իր կինը վկա բռնելու սովորական կոչումը իր խոսակցին դեմ:

- Չըսե՞ս, Մաքրի՛կ:

Ու անտառին մեջ այս ձայնը, որ իմ հարցումիս կրկնությունն է, կը տարածվի ծառե ծառ, ճյուղե ճյուղ, ճամփան կորսնցուցած թռչունի մը պես հոս հոն կը զարնվի նվաղելու մոտ և զոր արձագանքը էն վերջը մեզի կըվերդարձնե.

- Չըսե՞ս, Մաքրի՛կ:

Քիչ քիչ գեղին կը մոտենանք. վայրկյան մըն ալ ու անտառեն դուրս պիտի ելլենք. տերևներուն մեջեն գեղին վառված ճրագներուն բիծերը կ՚երևան լուսազարդ երկինքի մը պես, որ կարծես գետնին վրա փըռված ըլլար: Վերջին փորձը մը կը փորձեմ խզել տալու համար իր սփինքսի լռությունը. իմ հեք սիրույս պատրանքովը՝ մշտնջենապես վերապահված կը կարծեմ զինքը վերստանալու իրավունքս, համոզված՝ որ էրիկը քանի մը տարի հետը ապրած ըլլալուն համար չէր կրնար այս աղվոր կինը համայրամել:

Այս պահուս ոչ ոք ուշադրություն կ՚ընե մեզի կամ գեթ ես այնպես կը կարծեմ, ու գրեթե կը բռնադատեմ զինքը պատասխանելու ինծի:

Խավարին մեջ իր ճերմակ շրջազգեստը ճառագայթող բան մը ունի ու այս մութ անտառին դիցուհին կը թվի անիկա աչքիս:

- Հույս մը տուր, սիրո բա՛ռ մը ըսե գոնե:

Ավելի ուժով կը սեղմե ձեռքս, բայց դարձյալ չի պատասխաներ:

Ու էրկան ձայնը հանկարծ օգնության կը հասնի ինծի կարծես, հեռվեն, խորունկեն եկող ձայն մը, անտառին արձագանքովը խոշորցած ու մութին մեջ իր նշանակությունը փոխած ձայնը.

- Չըսե՞ս, Մաքրի՛կ:

1901

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Свинг Бах
Давид Баласанян

Свинг Бах

Дети у моря
Дети у моря
Играть онлайн