Грант Матевосян

Նրա կենարար շունչը

Ես վերջին տհասն էի լինելու՝ ասելու համար, թե հայ ժողովրդի, անգամ՝ հայոց բանարվեստի կյանքում մեծ աղետ եղավ. այո, մեծ ու գեղեցիկ մարդու ենք հանձնում հողին, բայց սա հայոց մեր բոլոր ժամանակների եզակիորեն բախտավոր կորուստներից է, եթե կորուստն իհարկե կարելի է բախտավոր կոչել. ապրեց երկար, եղավ բեղուն, նույնիսկ այս օրերին գրում էր, վրիպած խոսք չունեցավ, ծերունական ահից՝ որ արատների բացահայտիչ է՝ չաղավաղվեց, հոգուց պարպված իր մարմնին թշնամական, այլև խորթ ու օտար ձեռքեր չդիպան - իր որդիների, իր ժողովրդի ուսերին եկավ վայրէջքի՝ անցնելու յուրայինների երամ։
Սա վաստակած նահապետի մայրամուտ է, ինչին արժանի են եղել մեր տարաբախտներից շատերը, բայց արժանացել են քչերը։
Իմ ողբը վաղվա օրով իմ ու մեր կյանքի վրա է. մոռացության մի պահի ընկալուչը բարձրացնելու ենք՝ և հեռախոսի մեջ իր ձայնը չի լինելու. որևէ ծիրանու տակ հացուպանիր ենք դնելու՝ և իր տեղը սփռոցի գլխին պարապ է լինելու. անակնկալ որևէ առիթով մենք բոլորս իրարու կարիք շատ ենք զգալու, բայց այդպես էլ չենք գտնելու միմյանց, որովհետև նրա դռները փակ ենք տեսնելու. բնազդով՝ մի մայրամուտի հայացքներս իր պատուհանին ենք դարձնելու և թևաթափ անդրադառնալու, որ այդ շենքը այլևս մերը չէ, այդ լուսամուտների ետևը իր պայծառ ճակատը չի խորհում, խոկում, տանջվում, կասկածում, հաստատում։
Քո իսկ երկիրը այսպես է ահա հեռանում քեզանից, քո իսկ հայրենիքում դու այսպես ես ահա դառնում օտարական։ Եվ այդ պատճառով է հների խոսքը հորդորում. պահիր ու պահպանիր քեզ ծնողներին, որպեսզի երկիրը՝ որ քեզ ստեղծել է՝ երկար քոնը մնա, դու երկար իրենը լինես։
Երանի էր, թե հավատավոր լինեինք ու հավատայինք հարության հրաշքին, երբ հետևորդների շփոթահար գլուխներին մթնշաղի մեջ Տերը հառնում է. «Տղերք... ձեզ ի՞նչ եղավ, ինչո՞ւ եք շփոթված»։
Եվ հենց այդպես էլ կլինի. մեր երախտագետ պաշտամունքը հայրենի եզերքի, ազգային արժանապատվության մեր ողնածուծային գիտակցությունը, գրողական դժվար արհեստի մեր նախանձախնդրությունը, մեր անանց սերը առ գյուղացի հայ մարդը՝ որ միաժամանակ իշխան ու մշակ էր անձնավորում՝ և մարդն առհասարակ, մեր կայուն հետաքրքրությունը առ այն քմայքոտ բավիղները՝ որ չափում ու չափչփում են հայրենի եզերքի բոլոր ելևէջները և ի մի հավաքում բոլոր բույրերն ու շշուկները, բոլոր տագնապներն ու երկնումները՝ որ Աստծու կենարար շնչի տակ կան, մեր այդ սերը կվերածնի նրան, և մեր մեծը կհայտնվի մեր երթի ճանապարհին։
Եթե չլինի այդպես, եթե չհայտնվի գրողական, գոնե միայն գրողական, մեր համայնքի շփոթահար գլխին, կնշանակի կամ մեր երթն է սխալ և կամ ինքը չէր մեծ։
Բայց նա չափից ավելի է թողել, որպեսզի այդ՝ այս երկրի վրա իր թողածը՝ չկարողանար ի մի չգալ, չնյութականանալ և չկրկնել իր կենդանի պատկերը։ Նա կհայտնվի և իր նախնու հարցը կտա. «Տղերք... ինչո՞ւ եք շփոթ ու մոլոր»։
Շփոթ ու մոլոր ենք, որովհետև չկա այլևս հացի իր ներկայությունը, կրակի իր ներկայությունը չկա՝ որ մարդ էր հավաքում իր շուրջը, չկա իր կենարար խոսքը և չկա իր լռությունը՝ որ մենք լցնում էինք մեր ամենալավ կարողություններով՝ զսպելով, ճնշելով, գլուխ բարձրացնել չտալով մեր ներսի մանրիկ ճիվաղին։
Բայց նրա ժամը չար ու խեղճ մեր ժամից ավելի բարի չէր։ «Դու ապրեցիր դաժան մի դարում, Որ երբ կուշտ լալու առիթն էր գալիս, Սեփական ձեռքով բերանըդ փակում, Քո հեկեկանքը կուլ էիր տալիս»։ Իր ամեն պահով ու ամեն բառով նա ջերմացրեց իր ժամանակը, մարդկայնացրեց իր միջավայրը։ Նա տվեց ավելին, քան կարող էր, դիմացավ ավելի, քան կարող էր, ներեց-սիրեց-համբերեց ավելի, քան նկուն իր մարմնի կարողությունն էր, չարչարեց, հյուծեց, քամեց իր խեղճ մարմինը և հայոց մեր այս տանը թողեց ավելին, քան ի զորու էր, որովհետև տեր ու հայր էր ծնվել։ Ստրուկ չեղավ և ըմբոստ չեղավ, գող չեղավ և կողոպտիչ չեղավ, որովհետև ստեղծիչ էր ծնվել և իրենից ստեղծիչ կռանեց, որովհետև հայրը չի կարող իր տունը կողոպուտի մատնել և հայրը չի կարող ապստամբել - ո՞ւմ դեմ, իր տան պատերի՞ դեմ։
Խորենացու ազգն ենք, այո։ Հիսուսի ժողովուրդն ենք, այո։ Ոսկեղենիկ հայերենի որդիներն ենք, այո։ Բայց հավերժական փառքեր չկան - փառքերը թոթափվել են պահանջում ամեն օր։ Աստվածները նորանալ են ուզում ամեն օր։ Մեկընդմիշտ ավարտուն ազգեր չկան - ազգը նորանալ ու զորանալ է ուզում ամեն օր։ Լեզուն անգամ հավերժական չէ - տքնել, տառապել, զնգալ, ղողանջել է պահանջում ամեն օր, ամեն եկողի հետ։
Սահյանի առաջ հայերենը չպապանձվեց-խոսեց, և լեզվի հետ խոսեց մեր ողջ այսօրն ու պատմությունը։ Աստված մեր անդաստանների նահապետի կերպարանք առավ ու լռիկ տեղավորվեց մեր գլխատանը՝ որպես հոգսի ու աշխատանքի, ազնվության ու ազնվականության մշտակա ոգի։ Նրա հայերենը ծիածանորեն կամարվեց և ուր էլ լինենք՝ բոլոր-բոլորիս անցքի հրավիրեց հայ կյանքի աշխարհ։
Նա իր ժամանակի նորոգիչը եղավ, և մեր երթի գլխին պսակյալ իր պատկերը այդ կլինի։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Ария и Токката для скрипки и фортепиано
Лазарос Сарьян

Ария и Токката для скрипки и фортепиано

Единственное
Единственное
Играть онлайн