Грант Матевосян

Մշտական հաշվետվություն ներկայի ու անցյալի մշակույթի առջև

Վարուժան Վարդանյանը վաղամեռիկ Մինասի հետ մի կինոնկարի նկարիչն էր։ Նկուղային այն սրահը, ուր բեմադրող խմբի համար ցուցադրվել էին նրանց էտյուդներն ու էսքիզները, մի երկու օրով լցվեց տաք գույների խաղով, իրական ու անիրական աշխարհի գեղեցկությամբ, լույսով։ Մինասի՝ տնատեր գյուղացու և անհանգիստ նկարչի ամենուր ու ամեն պահի աշխատող ձեռքերն իրենց ոչ մի գործն իհարկե ուրիշի չէին թողնում, բայց սրահի ամբողջ «ներկը»՝ մաշված մատուռները, կածանները, հոգնած հողը, ժամանակից կերված ժայռը, ուշ աշնան կարմիրով բռնկված թփերը՝ ամբողջ-ամբողջը Վարուժանինն էր. երիտասարդ, գրեթե պատանի նկարիչ, թվում է ջանք էր դրել վարպետին ու բոլոր «տնօրեններին» անպայման դուր գալ, ինչպես որ նկարիչների նրանց զույգն էր հետո ջանում գեղեցիկի ու ազգայինի իր ըմբռնումը նախ նկարիչների իրենց իրավունքով, ապա իրենց ու իրենց արվեստի ինքնակա գոյությամբ՝ մի տեսակ կողքից, անպայման հաղորդել այն գործին, որի մեջ իրենք էին։
Մենք բոլորս էլ մի քիչ իհարկե աղջիկ ենք և ամենքս ենք ուզում բոլորին դուր գալ, բայց դա Վարուժանի միայն ջանքը չէր՝ առաջին հերթին գեղեցկությանը հարաբերվելու հատկանիշն ու կարողությունն էին։ Եթե անգամ նկարելու լիներ ծովի ավազների վրա, նկարելու լիներ զուտ ցուցամատով և միայն իր համար, դարձյալ ջանք էր դնելու անպայման գեղեցիկ նկարել և անպայման դուր գալ... ո՞ւմ։
Էությամբ արտիստ է, ուղն ու ծուծից արտիստականություն է ճառագում և մտքում իհարկե հանդիսականի լեցուն սրահներ ունի, սրահներում և՛ անցյալի, և՛ ներկայի, և՛ վաղվա խոսքի ու վրձնի վարպետներն են, ահա թե ում հավանությունն է հայցում Վարուժանը։
Ինքը նրանց արժեքը գիտի, իր համար նրանք միշտ կան՝ բառի, վրձնի ու բրիչի այդ «հանճարեղ ճորտերը». ավագ գործընկերոջ մասին նրա «Մինասն իմ հայացքի մեջ» հիանալի նոթը, հրապարակված մի երկու հոդվածն ու բանաստեղծությունը, այս կամ այն արվեստագետի նրա բանավոր բնութագրումը, ուր յուրաքանչյուր բառ ու արտահայտություն ճշգրտորեն գրեթե նյութականանում է, համաշխարհային մշակույթի նրա ընտիր իմացությունը և անափ այդ ծովի մեջ ինքնուրույն կողմնորոշվելու կարողությունը վկայությունն է այն բանի, որ վրձինը ձեռքին Վարուժանը պիտի որ մշտական հաշվետվության մեջ լինի ներկայի ու անցյալի մեծ մշակույթի առջև։ Սա իհարկե յուրօրինակ հավատաքննություն է, և յուրաքանչյուր արվեստագետի համար ծանր վիճակ է ենթադրում, բայց այլ կերպ հնարավոր էլ չէ, եթե մանավանդ մեծ մշակույթի մարմարին քո ձեռքի դրոշմն անպայման կնքելու հավակնությամբ ես արվեստ եկել։
Մեր բաց, դաժան ու արդարացի ժամանակներում, երբ հայ արվեստագետիդ գիրքը քո հայ ընթերցողի առջևից այլ մայրցամաքի ու լեզվի մի ոմն արվեստագետ մի կողմ է հրում և տեղը իր գործը դնում, առանց մեծ հավակնությունների չարժե էլ ձեռքը ոչ գրիչ ու բրիչ, ոչ էլ վրձին առնել։ Քննական, հավատաքննական, բոլորի առջև, բոլորի համար ստեղծագործելու այս վիճակի մյուս անունը, մեծ արվեստի չափանիշը երբեք չկորցնելու պահանջը, պատվախնդրություն է՝ պատվախնդրություն առ սեփական գործը, որ այսօր մեզանում, ցավալիորեն, փնտրվող-չգտնվող ապրանք է. «անհավատ», անվստահ, չաշխատված գործերով հրապարակ են ելնում մեր մշակույթի ու մյուս մարզերի այնպիսի գործիչներ, ովքեր կարող էին հարգանք շարժել իրենց գործի գոնե աշխատվածությամբ։ Հանճարը բոլորին չի տրված, բայց բոլորին չի տրված նաև հանճարեղը լավ վարպետի լավ արված գործից զատելը։
Վարուժանի կտավներն աշխատված են, երբեմն՝ նույնիսկ չափից ավելի, երբեմն՝ նույնիսկ չարչարված, բայց երկու դեպքում էլ, երբ կենդանության շունչը կտավի երեսով մեկ խաղում է և երբ չի թրթռացել, կամ մնացել է բազում շերտերի ծալքերում, դրանք եթե ոչ անպայման սիրելի, ապա նաև քամահրելի մի բան չեն - դրանց բոլորի վրա իրերի ու մարդկանց բնությանը լավատեղյակ, անհանգիստ, ինքն իրենից դժգոհ մարդ է տառապել, «մոգել», հուսացել, իմացության ու բնազդի իր ողջ պաշարը ներդրել, որպեսզի անկենդանությունից ի կենդանություն կոչի, գոնե թվում է՝ այդ իրերի ու մարդկանց վրա բնության թափած ջանքը, և վերստեղծման մեջ նկարչի դրած ջանքը և վերստեղծման ջանքը համարժեք են։
Մեր ժամանակներում, երբ, մի կողմից, թվում է, թե աշխարհի հազարավոր նկարիչների մեջ դու ունես քո ոչ միայն տարբերակները, այլև ճշգրիտ նմանակները, և նրանք քո անելիքը հիմա անում են և, մյուս կողմից, երբ գեղեցիկի մարդկային ծարավը հագեցվում է անթիվ ու անվերջ փոխակերպումներով, նկարչի ապասևեռման և բուն նկարչությունից ժողովրդական ուշադրության ապասևեռման այս ժամանակներում, թվում է, չարժեր դասականությանը քո մեջ այդքան «երես տալ», մեծերի ու «դժվարների» առջև այդպես մշտական հաշվետվության մեջ լինել, այդքան հավատալ ու տքնել, ինչպես հավատավոր հին ժամանակների մեծերը, բայց Վարուժանն այդ դեպքում արվեստի տաճարի առջև ուղղակի անհավատ էր լինելու, երբ տրամագծորեն հակառակն է. նրա կտավներում վստահ համոզվածություն կա, որ ժողովուրդները ոչ թե նշանավորվում, այլ ապրում են իրենց արվեստներով, որ մարդու անընդհատ վերընթացը հավերժական երթ է դեպի ճշմարիտ գեղեցկությունը, որ ստուգապես մարմնավորվում է ամենից առաջ գեղանկարչությամբ և թերևս՝ միայն գեղանկարչությամբ։ Եվ ուրեմն արժե, որ գեղանկարչությունը յուրաքանչյուր վրձնի տակ իր առաքելության լրջությունն ու պատասխանատվությունն զգա։
Եվ այսպես. Վարուժան Վարդանյան անուն գեղանկարիչ չկար, հիմա՝ կա։ Այդպիսի կտավներ չկային, հիմա կան, սառը կռանումի պես դանդաղ, բայց համառորեն ծավալվում ու իրենց տեղը մեր էության մեջ հաստատում են։
Շատ հաճախ, երբ պատմության, կյանքի ու ապագայի խնդիրների առջև անզորանում եմ և հուսահատությունն ինձ կալանում է, այդ ծանր ժամերին ահա ինձ թիկունք են կանգնում մշակույթի իրավ մեծերը՝ Թումանյանը և մյուսները, ովքեր իրենցով մարմնավորում են գեղեցիկի ավարտուն կատարելությունը։ Այդ մեծերի մեջ է նաև և առաջին հերթին Վարպետը՝ Սարյանը. մի այցելությունը նրա թանգարան, մի թերթատումը նրա վերատիպ ալբոմների կամ նոթերի գրքի՝ ջերմության, հավատի ու իմացության լիցք են տալիս, որ շաբաթներով ձեզ չի լքում։ Համոզված եմ, որ իմ և ձեր կյանքի օրերից գոնե մեկ ահա այդպիսի օրը վերապահված է գեղանկարիչ Վարուժան Վարդանյանին՝ արդեն իրացած, ներկա Վարուժանին և ապագայի Վարուժանին։
14.03.1986

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Серенада
Лазарос Сарьян

Серенада

Прибытие паломников на Севан
Прибытие паломников на Севан
Играть онлайн