Грант Матевосян
Մարդասիրության մեծ առաքյալը
Վախճանվեց հին մեծ մարդասիրության առաքյալը, Շվեյցերի, Նանսենի, Գանդիի, Թումանյանի կրտսեր եղբայրը, ավարտվեց մարդկության և մարդկայնության 20-րդ դարի մեծագույն կոթողը, որ էր ամերիկացի և հայ Վիլյամ Սարոյանի անձի և գործի միասությունը: Սև, բթացնող, կաշկանդիչ վիշտը թեև ծանրորեն նստել է սրտիս ու մտքիս վրա, բայց նրա անձն ու գործը ես դարի մեծաույնն եմ համարում ամենայն սթափությամբ, հիշելով և՛ արտաուստ հաղթվող-չպարտվող ու ներքուստ և՛ հաղթվող, և՛ պարտող, փխրուն սրտի տեր Հեմինգուեյի լուսե կերպարը, հիշելով և՛ Ֆոլքերի մոգական ուժը, և՛ Շոլոխովի կազակական զնգուն արյունն ու զնգուն թրատումներով լեցուն պատկերները, ասում եմ սթափույամբ այն օրերի, երբ ինքը՝ Սարոյանը կար, նրա յուրաքանչյուր այցը հայրենիք տոն էր բոլորիս համար, մեկնումը՝ կողոպտվաության զգացում և հաջորդ օրերը՝ նրա վերադարձի արևածաային սպասում:
Ինչպես ջերմ լույսն ինքը՝ նա իրենով լցնում էր մարդու մեջ և մարդկանց միջև բացվող վիհերը և արևի պես ճախրում էր այլևս անվիհ մարդկանց երկնքով և կարող էր և իրավունք ուներ ասեու, թե ինքը վիհեր չի տեսնում ու ճանաչում, քանի որ դրանք նրա համար իսկապես չկային, որովհետև լեցված էր նրա սեփական լույսով:
Պատահական չէր տիտանական նրա կերպարանքի ո՛չ առաջացումն ու վիթխարիացումը աշխարհի ճգնաժամային հեռավոր երեսնական թվականներին (նրա խրախուսիչ, զվարթ կանչը հեղուկ աշխարհում թարմ օդի պես պետք էր), ո՛չ էլ գրեթե անհետաումն էր պատահական պատերազմի ու սառը պատերազմի մղձաանջային մեկուկես տասնամյակում (նրան՝ մեծ մարդասերին, նրան՝ խեղճերի ու որբերի հովանավոր Հայրիկին, խցկել էին բանակային հագուստի մեջ և շպրտել ռազմաճակատ) և ո՛չ էլ, պառլամենտյորի դրոշը ձեռքին, վերստին առաջացումն ու վիթխարիացումն էր պատահական՝ արդեն մեզանում, մեր երկրում:
Գիտեր ուր է գալիս և ինչու է գալիս, իր մեծ նախնին՝ Թումանյանը, նույն այդ առաքելության մեջ կյանք էր մաշել. իր գրչեղբայրը՝ Ֆոլքները, նույն այդ առաքելությամբ, Սարոյանի խոսքերով, Ամերիկայի կառավարությունից ղրկվել էր Ճապոնիա երկու երկրների արանքի սառնությունը ջերմացնելու, նույն այդ մարդասիրությամբ հառնել էր, երկու պատերազմի միջև, Նանսենի կերպարանքը՝ մինչև Ուրալ ու Հայաստան ավերված Եվրոպայի վրա: Դա մեծ մարդկանց ճակատագիրն է: Նույն այդ առաքելությամբ վերջին պատերազմի և մյուս սպառնալիքի արանքում կանգնեց հայազգի մեծ ամերիկացին՝ Սարոյանը: Կանգնեց իր ստեղծած սքանչելի երեխաների, երեխայի մաքրության՝ ճիշտ իր՝ Սարոյանի մաքրության, հայերի, մեքսիկացիների, նորվեգների, ասորիների, կանանց, տղամարդկանց բազմությամբ, դեր-զորյան ու օսվենցիմյան գեհենների հուշով... և նրանցից յուրաքանչյուրն ու բոլորը պատերազմի ժխտումն են, նրանցից ոչ մեկի մեջ պատերազմ չկա, նրանք հերքումն են չարության ու հիմարության և առավել՝ մարդու աստվածային ճակատին նոր գիր գրելու ողբերգական հավակնության: Լման հսկա, անթերի, աստվածակերպ՝ նա Ծովինար խանումի՝ մարդկության մեծ մոր թերատ բուռից ելածներիս ծռությունների վրա ոչ թե ծաղրուծիծաղում էր, այլ արտասվում, թերատ բուռից ասես ինքն էր ելել և ոչ թե մենք:
Ոչ մեկը չպետք է գիտենա, թե ես իր հետ չեմ, ասում էր նա, և դա այդպես էր՝ նա ռուսի հետ էր և ամերիկացու, Չարենցի հետ էր և Տոլստոյի, երաժշտի հետ էր և վարձու բանվորի, իսկ երբ այլևս անհնար էր լինում տեղավորվել որևէ վիժվածքի ու վիժվածքային որևէ երևույթի մեջ՝ նա փախս էր տալիս մանկության ու արվեստի աշխարհ, իրեն տեղավորում երեխաների ու երեխայակերպ մեծերի մեջ:
Օսվենցիմի գեհեն թանգարանում նրա հետ եղածները վկայում են, որ ուրիշները ֆաշիզմի ու զոհերի վրա զարհուրում, զարմանում, հուզվում կամ փշաքաղված նայում էին և միայն նա՝ Սարոյանն էր արտասվում, երեխայի նման հեկեկում էր: Դա արտասուք էր ոչ թե ոսկորների, կանանց ծամերի ու մոխիրների վրա - դրանք արդեն մոխիր ու ծամեր էին - այլ ստոր, դաժան ու հավակնոտ լինելու մարդու անտակ կարողության:
Ես բախտ ունեցա երկօրյա նրա ճամփորդության ուղեկից լինել. բազում լավ մարդկանցից նա վերջում առանձնացրեց ամենալավին՝ ութամյա մի աղջնակի՝ խոշոր աչքերը հավատով քեզ հառած Անուշին. «Ան անպաշտպան էր, ինչպե՞ս պիտի ապրի»:
Նա մարմնացյալ ազատությունն էր, և շփումը նրա մեծ, ամբողջական, լույսով ու ճախրանքով շնչող գործի և նրա օրվա մի րոպեի հետ՝ քեզ ազատ ոգու թևեր էր տալիս:
Իրենց խճճած և իրենք էլ մեջը խճողված կյանքի համար մարդիկ շատ անգամներ են Սարոյանի դուռը գնալու և ոչ մի անգամ նրա դռնից չեն դառնալու կամկար ու վհատ - նա ինքը հաղթական, բնական կյանքն է:
Նրա մեծ ոգին հիմա սավառնում է տագնապներով ու հույսերով ողողված երկրի վրա, և երանի նրան, ում մեջ կբնակվի այդ ոգին: