Грант Матевосян

Կանաչ դաշտը

Կայծակը չոր ճայթյունով բախվեց ժայռին, մի կողմ շպրտվեց և թաղվեց կանաչ գետնի մեջ: Ժայռը կարծր էր, կայծակը հազիվ թե կարողացավ գորշ այդ ժայռից պոկել քարի մի երկու փշուր: Ժայռի տակ կանաչ գետինը այդ հովտում ճայթող բոլոր կայծակների գերեզմանոցն էր. գարունների և ամառների բոլոր կայծակները թաղվում էին ժայռի տակ, և մոտիկ կաղնին միշտ, ամեն ճայթյունի վախից սրսփում և, իր մտքում, կաղնիորեն շնորհակալ էր լինում ժայռին այն բանի համար, որ նա՝ ժայռը, հովիտ նետվող բոլոր կայծակները ձգում թաղում է իր տակ և կաղնուն փրկում խանձվելուց:
Քիչ առաջ, երբ կայծակը պտտվում էր հովտի և բլուրների վրա և մտածում էր ճայթել ու դեռ չէր ճայթել, քուռակի մայրը մեղմ խրխինջով կանչեց քուռակին. քուռակի մայրը գիտեր, որ կայծակը ճայթելու է, ճայթյունը վախեցնում է քուռակին, իսկ քուռակը կարծեց մայրն իրեն կանչում է կուրծք տալու և ականջ դրեց ինքը իրեն, ականջները շարժեց և ունկնդրել սկսեց ինքը իրեն, թե ինքն արդյո՞ք ուզում է կուրծք ուտել, և այնքան էլ չէր ուզում ուտել, ուզում էր խոտերից ու ծաղիկներից հոտ քաշել և մեկիկ-մեկիկ ճանաչել խոտերը, և հենց այդ ժամանակ ճայթեց կայծակը: Քուռակը խրտնեց ու վազեց դեպի մայրը, բայց շատ էր վախեցել, մորը չէր տեսնում, ուրիշ կողմ էր փախչում: Մայրն ուզեց գնալ դեպի քուռակը, բայց վզի պարանը խանգարեց: Եվ մայրը քուռակին խրխինջով կանչեց իր մոտ:
Քուռակը մեկ ամսվա քուռակ էր, միամսյա նրա կյանքում դա առաջին կայծակն էր: Նա պատսպարվեց մոր լանջի տակ: Մոր լանջի տակից, ականջները սրած, քուռակը մի քիչ լսեց անձրևի թմբկահարումը կաղնու տերևներին, մի քիչ նայեց ժայռին, մասրենու թփին, կաղնուն, աչքերը թարթեց և մոռացավ, որ ինքը վախեցել էր կայծակի ճայթյունից, կարծեց ինքը մոր մոտ էր եկել կուրծք ուտելու: Գանգուր, սև պոչիկը թափահարելով՝ քուռակը մտավ մոր փորի տակ: Պառավ ձին ոտքը ետ դրեց և թուլացրեց կաթի երակները, որպեսզի իր քուռակը ազատ ծծի և կուշտ ծծի:
Դա աստղազարդ քուռակ էր, այսինքն՝ ծածկված էր եղյամի հատիկների նման աստղիկներով: Ոտքերը բարակ ու երկար էին: Ետևի աջ ոտքի սրունքը սպիտակ էր: Ինքը կարծես եղյամոտ էր, ետևի աջ ոտքը՝ ձյունոտ: Վիզը բարակ ու երկար էր: Գլուխը փոքր էր, ճակատին կլորիկ սպիտակ կար, աստղածաղկի նման: Այդ հովտի առվից ջուր խմելու էին գալիս եղնիկներ, ուլեր ու գառներ, նաև՝ այդ ձին, որ շատ քուռակներ էր ունեցել, բայց այս քուռակը այս կանաչ դաշտի ամենագեղեցիկ արարածն էր: Բաշը և պոչը սև էին: Մենք չգիտեինք, թե ինչպիսին են քուռակի աչքերը, որովհետև նա խրտնում էր, և մենք չէինք կարողանում մոտենալ նրան, բայց ասենք, որ այդ քուռակի աչքերը շատ գեղեցիկ աչքեր էին, քանի որ ձիերի աչքերը գեղեցիկ են լինում, շրջապատն արտացոլվում է ձիերի աչքերում: Քուռակի աչքերում հիմա արտացոլվում էին կաղնին, ծաղիկները, մասրենին, իր կարմիր մայրը և ամբողջ կանաչ հովիտը:
Նա մի քիչ հիմարիկ էր, բայց հիմարիկ էր փոքրության պատճառով: Անձրևի կաթիլը գլորվեց մտավ նրա ոտքերի արանքը, և նա խրտնեց ու փախավ մոր մոտից: Մայրը նրան ետ չկանչեց. անձրևը դադարել էր, կայծակ այլևս չէր ճայթելու, և հիմա արև էր:
Արևի մեջ կանաչ դաշտը փայլում էր: Թացության ու առատ լույսի մեջ փայլում էր նաև այդ հովտի միակ կաղնին, և մասրենու թո՛ւփն էր փայլում, և ձիու թաց մե՛ջքը, և քուռակի՛ մեջքը, և առո՛ւն, որ սկսվում էր մոխրագույն ժայռից և գալիս ու գնում էր կանաչ հովտով: Առվից կայծակի հոտ էր գալիս, և քուռակը մի քիչ խրտնեց: Մասրենուց նույնպես կայծակի հոտ էր գալիս. քուռակը մի երկու ցատկ խրտնեց, կանգ առավ, նայեց մասրենուն և տոտիկ-տոտիկ գնաց՝ նորից հոտոտելու:
Ձին ճանաչում էր այդ հովտի բոլոր բույրերն ու հոտերը: Նա գիտեր բոլոր հովիտների ու բլուրների բույրերը, բայց այս հովտի բույրերն ավելի լավ գիտեր, քանի որ ձիուն այս հովտում հաճախ էին կապում արածելու: Կայծակի հուրն անցողիկ էր, արևի տակ, ցողի հետ հիմա պիտի ցնդեր: Ուրցի բույրը նույնպես այս հովտի բույրը չէր, ուրցի բույրը քամին էր նետել բլուրներից հովիտ: Ձին արածում էր և ոչխարի թաց բրդի հոտ էր զգում: Ձին մտածում էր, որ բլուրների մյուս երեսին ոչխարներ են արածում, ուրեմն նաև գամփռ շներ կան:
Բլուրների մյուս երեսին ոչխարներ էին արածում, հովտի թաց խոտը համեղ է, առվի ջուրը համեղ է,- մտածում էր պառավ ձին,- արևը ջերմացնում է, և քուռակը խրտնում ու մեծանում է հովտի ջերմ բարության մեջ:
Ձին բարձրացրեց գլուխը. կաղնին կանգնած էր հանգիստ, ժայռը կեցած էր մի տեսակ քնածի պես, քուռակը մասրենուց հոտ էր քաշում: Արևը ջերմացնում էր, և խոտը համեղ էր, հարկավոր էր արածել: Ձին գլուխը կախեց արածելու, մի երկու բերան խոտ պոկեց, բայց անհանգստացնող ինչ-որ բան կար, և ձին գլուխը բարձրացրեց:
Կանաչ հովտի մեջ անշարժ կանգնած, գլուխը բարձր՝ կարմիր պառավ ձին երկար նայեց հովտին և երկար ունկնդրեց լռությունը: Ամեն ինչ առաջվա պես էր, կաղնին կեցած էր հանդարտ, ժայռը նիրհում էր, քուռակը թռչկոտում էր մասրենու մոտ: Եվ կարծես թե կարելի էր արածել, բայց կարմիր ձին մռութը չիջեցրեց մինչև գետին, գլուխը կտրուկ վեր նետեց և սպասեց ականջները սրած՝ որսալու համար հովտի բոլոր թաքուն ձայները: Եվ սպասեց ռունգները լայնացրած՝ զգալու հովտի օտար հոտերը: Թիթեռները շրշում էին, բզեզները երգում էին, առուն խոխոջում էր, վիզը ձգած՝ քուռակը պտտվում էր թիթեռի ետևից մասրենու շուրջը, բայց պառավ կարմիր ձին ուզում էր լսել ոչ այդ ձայները և ուզում էր տեսնել ոչ այդ պատկերները: Հովտում, համենայն դեպս, վտանգ կար: Օդում այդ վտանգից ձայն չկար, հովտում այդ վտանգը չէր երևում, քամու մեջ այդ վտանգի հոտը չկար, բայց ձին չէր կարողանում արածել:
Պառավ կարմիր ձին սկսեց զայրանալ: Կարմիր պառավ ձին զայրանում էր այն բանի համար, որ հովտում թշնամի կար, բայց այդ թշնամին չէր զգացվում, չէր լսվում և չէր երևում:
Կանաչ հովտում կանգնած՝ նայում ու լռությունն ունկնդրում էին մոխրագույն ժայռը, փարթամ կաղնին, կարմիր պառավ ձին և մասրենու թուփը: Եվ ժայռի համար կանաչ հովտում չկար ոչ մի վտանգ, որովհետև կայծակ այսօր այլևս չէր լինելու: Կաղնին նայում էր, և կաղնու համար ամեն ինչ լավ էր, որովհետև կայծակ չէր լինելու և ջերմ արև էր: Մասրենու համար նույնպես լավ էր, որովհետև քուռակի դունչը չէր հասնում նրա կատարի մի երկու ծաղկին: Իսկ պառավ կարմիր ձին լարված սպասումից քրտնեց:
Հովիտը դավաճանում էր ձիուն. հովտում թշնամի կար, բայց հովիտը չէր մատնում թշնամու ձայնը և թշնամու հոտը: Կարմիր պառավ ձին սիրտ չէր անում գնալ դեպի քուռակը. վախենում էր իր ոտնաձայների մեջ կորցնի թշնամու թաքուն ձայները: Կարմիր պառավ ձին սիրտ չէր անում շնչել. վախենում էր իր թոքերի աղմուկի մեջ կորցնի թշնամու թաքուն շնչառությունը: Կարմիր պառավ ձին աչքերը չէր թարթում. վախենում էր, որ իր աչքաթարթի հետ թշնամին տեղից տեղ կցատկի, և ինքը չի հասցնի նկատել նրա ցատկը:
Կանաչ հովտի մեջ այդպես անշարժ կանգնած էին ժայռը, կաղնին, մասրենին, ձին: Ժայռը նիրհում էր: Կաղնու կաղինները ապահով զրահների մեջ լցվում էին հյութով, և կաղնու համար ամեն ինչ լավ էր: Մասրենին իր ծաղկաբաժակները բացել էր արեգակի դեմ և արև էր խմում, իսկ կարմիր պառավ ձին զայրույթից դողում էր: Երբեք, ոչ մի անգամ հովիտը ձիուն այդպես չէր դավաճանել: Գուցե կայծակի՞ հոտն էր ձիու ռունգներին խանգարում զգալ այն հոտը, որ ուներ թշնամին, որը մոտերքում էր, մոտիկ մի տեղ էր և հոտ էր տալիս, բայց նրա հոտը թաքնվում էր կայծակի խանձահոտի տակ:
Քուռակը նայում էր մի բանի և ապա նայում էր մորը: Դարձյալ նայում էր նույն բանին, ապա նայում էր մորը: Այդ բանը մայրը չէր տեսնում, մոր մոտից այդ բանը չէր երևում: Քուռակը նայում էր այդ բանին, ապա գլուխը թեքում էր մոր կողմը: Մայրը կանգնած էր գլուխը բարձր, և մոր աչքերը վառվում էին:
Քուռակը վիզը ձգեց, դնչիկը պարզեց և գնաց դեպի այդ բանը, և այդ պահին մայրը զգաց գայլի զզվելի հոտը: Մայրը խրխինջ արձակեց ու նետվեց դեպի քուռակը և տեսավ, թե գետնից ինչքան սահուն ու երկար ցատկով զատվեց գայլը:
Բլուրների մյուս երեսին լսվեց ձիու ջղային կարճ վրինջը: Բլուրների մյուս երեսին, ոչխարների մոտ, գամփռ շները մի վայրկյան սրվեցին, մի քիչ սպասեցին ուրիշ ձայների և հանգստացան:
Կարմիր ձին նետվեց դեպի քուռակը, թափով նետվեց դեպի գայլն ու քուռակը, բայց տապալվեց: Նա պառավ ձի էր, ուրիշ անգամներ էլ ընկել էր, բայց ոչ մի անգամ այդպես անսպասելի չէր տապալվել: Տապալվեց ու ելավ միանգամից: Նրան տապալել էին իր հուժկու թափն ու պարանը: Պարանը նրան խեղդում էր, պարանը նրան չէր թողնում թռչել իր փոքրիկի մոտ:
Քուռակը փախչում էր մասրենուց դենը հեռու մի տեղ, քուռակն ուզում էր դեպի մայրը գալ, երկար շրջան տալով՝ քուռակը ձգտում էր դեպի մայրը, բայց գայլն ամեն անգամ կտրում էր նրա ճանապարհը և նրան հեռացնում ու դարձյալ հեռացնում էր: Իսկ պարանը խեղդում էր մորը: Եվ քուռակը ցատկեց գայլի վրայով դեպի մայրը, բայց գայլը տակից բռնեց նրա ետևի ոտքը, և քուռակն ընկավ: Քուռակը ճչաց ու վեր ցատկեց:
Բլուրների մյուս երեսին լսվեց քուռակի սուր ծղրտոցը, և գամփռ շները սրվեցին, և գամփռ շների մեջ սրվեց սևադունչ Թոփուշ շունը:
Քուռակը ճչաց ու վեր ցատկեց, և այդ ժամանակ մայրը ծառս եղավ և ամբողջ ծանրությամբ ու ամբողջ կատաղությամբ ձգվեց դեպի գայլն ու քուռակը, և պարանը կտրվեց ու մտրակվեց մոր ոտքերին: Մայրը գնաց ամբողջ թափով, ամբողջ ուժով, ամբողջ կատաղությամբ ու ամբողջ սիրով: Նա շատ արագընթաց զամբիկ էր, բայց իր կյանքում երբեք այդպես թռիչքի պես չէր սլացել:
Բլուրների մյուս երեսին լսվում էր նրա սմբակների խուլ դոփյունը: Հետո բլուրների մյուս երեսին հովտի ոչ մի ձայն չէր լսվում, և գամփռ շներն ու փոքրիկ հովիվը խաղաղվեցին:
Գայլը քուռակին թողեց ու ազատվեց տրորվելուց: Ձին հարձակվում էր, և գայլը մի քիչ փախավ: Ձին դարձյալ գալիս էր, և գայլը մի քիչ էլ ետ քաշվեց: Դունչը գետնին հպած՝ ձին գալիս էր, դանդաղ, սպառնալի՝ ձին գալիս էր, գայլը ճապաղվեց գետնին և ահա-ահա կարող էր ցատկել ու կախվել ձիու ռունգներից, և ձին շուռ եկավ:
Ձին շուռ եկավ, և գայլը ցատկեց ու կանգնեց ձիու դեմ: Քուռակը լանջի տակ՝ ձին դարձյալ շուռ եկավ, և նրա հետ պտտվեց նաև գայլը: Գայլը անընդհատ պտտվեց, և ձին անընդհատ շուռ եկավ: Երկու կարճ ցատկով գայլը հայտնվեց ձիու դնչի տակ, բայց ձին դարձյալ հասցրեց շրջվել ու աքացի շպրտել: Մի երկար ցատկով գայլը հայտնվեց ձիու դնչի տակ, և ձին չհասցրեց լրիվ շրջվել, գայլը կարողացավ քերծել ձիու ռունգները, և ձին կարողացավ նրան տրորել առջևի ոտքով: Գայլը ետ քաշվեց, բայց չփախավ, նստեց ու նայեց ձիուն, և ձին էլ նայեց գայլին: Եվ գայլը հասկացավ, որ ձին իր քուռակին պաշտպանելու է մինչև վերջ, և ձին հասկացավ, որ գայլը չի հեռանալու: Ձին քրտնել էր, բայց գայլը նույնպես հոգնել էր: Գայլը նետվեց միանգամից: Դրանից հետո գայլն անընդհատ ցատկեց դեպի ձիու ռունգները, և ձին անընդհատ շրջվեց ու քուռակին անընդհատ պահեց լանջի տակ:
Արդեն երեկո էր, նրանց շարժումները դանդաղել էին, ձիու շուրջը գայլը պտտվում էր դանդաղ, գրեթե քարշ էր գալիս, գրեթե սողում էր, և ձին իր տեղում պտտվում էր դանդաղ, դժվար, երբեմն սայթաքելով և գրեթե ընկնելով: Նրանց աչքերը մթնել էին, և նրանք միմյանց հազիվ էին տեսնում: Հոգնածությունից նրանք խլացել էին:
Փոքրիկ հովիվը դուրս եկավ բլուրների գլուխ և նայեց մայրամուտին: Մայրամուտը կարմիր էր, մայրամուտի տակ գեղեցիկ էր հովտի միակ կաղնին... բայց այն, ինչ տեսավ փոքրիկ հովիվը, այնքան տգեղ էր, որ փոքրիկ հովիվը չէր կարողանում խոսել. գայլը կախվել էր կարմիր ձիու ռունգներից, և կարմիր պառավ ձին չէր կարողանում տրորել գայլին. կարմիր պառավ ձին արդեն-արդեն խոնարհվում էր:
- Այ տղա, հե՜յ,- կանչեցին դիմացի բլուրներից,- էն գելն էն ձիուն խեղդում է, այ տղա, հե՜յ... շներն ո՞ւր են, հե՜յ...
Փոքրիկ հովիվը բերանը բացեց ծղրտալու, բայց չկարողացավ ձայն հանել: Փոքրիկ հովիվը միայն ձեռքերը թափահարեց: Գամփռ շները սրվեցին ու նայեցին: Գամփռ շները տեսան ու թռան... Թոփուշը, Բոբը, Սևոն, Բողարը, Չալակը, Չամբարը: Սևադունչ Թոփուշը վարպետ շուն էր, լուռ գնում ու բռնում էր, նա առջևից հիմա էլ լուռ էր վազում, իսկ Բողարը ջահել շուն էր, գայլերից դեռ մի քիչ վախենում էր. այդ պատճառով էլ հաչում էր դեռ հեռվից, որպեսզի գայլերը փախչեն, և ինքը այդպիսով նրանց հետ չկռվի: Բողարը հիմա գնում էր հաչելով: Բողարը շատ արագավազ էր, նա հիմա Թոփուշից երբեմն առաջ էր անցնում, բայց չէր համարձակվում պոկվել խմբից ու գնալ մենակ, կանգնում էր և հաչելով սպասում Թոփուշին, վազում էր Թոփուշի կողքից, սակայն դարձյալ առաջ էր անցնում և դարձյալ դանդաղում:
Երբ ձին ահա-ահա պիտի ծնկեր, գայլը հեռվում, կարծես երազում, շների հաչոց լսեց: Գայլը չուզեց հավատալ, թե շները հաչելով իր վրա են գալիս. բախտը հո չէր կարող լինել այնքան անողոք, որ իր մեկ լրիվ օրվա չարչարանքն անտեղի անցներ, և ինքը իր երեք ձագի մոտ դառնար քաղցած ու դատարկ:
Երբ իր մեջ այլևս ուժ չկար, և ռունգների ցավերը բթանում էին, և աչքերը բոլորովին մթնել էին, և ականջները լիովին խլացել էին, մայր ձին հեռու-հեռվում շների հաչոց լսեց և հավատաց, որ շները հաչում են իր քուռակի համար և իր համար. բախտը հո չէր կարող լինել այնքան դաժան, որ նրա քուռակն ապրեր ընդամենը մի հունիս: Պառավ ձին գիտեր, որ շները մոտիկ են, և շների հաչոցը հեռավոր է թվում իր հոգնած խլության պատճառով: Պառավ ձին գիտեր, որ ինքը կարող է համբերել մի քիչ էլ, դեռ մի քիչ էլ, մինչև շների հասնելը ինքը պարտավոր է համբերել: Բայց ի՜նչ ծանր է շնչելը, ի՜նչ ծանր բեռ է դարձել այս կյանքը:
Շների հաչոցը պայթեց գայլի հենց ականջների մեջ, բայց գայլը դարձյալ չէր հավատում, որ այդպիսի տանջալից հաջողությունից հետո այդպիսի ձախողություն կպատահի: Ձագերը տանը քաղցած, իր պտուկները դատարկ... Վիզը ծակծկեցին, ականջը ծակծկեցին, և գայլը բաց թողեց ձիու ռունգները: Թաթը բռնել էին: Թաթն ազատելու ուժ չկար: Գայլն ուզում էր քնե՜լ, քնել: Կռվելու ուժ չկար, գայլն ուզում էր մեռնել, հանգստանալ: Գայլը ճապաղվեց և բուկը սեղմեց գետնին, որպեսզի շները բուկը չբռնեն: Շները քրքրում էին նրա մեջքը, վիզը, քաշքշում էին ականջներից, իսկ նա բուկը պաշտպանում և հանգստանում էր շների կույտի տակ:
Գայլը մի թաթ կծեց, և շներից մեկը վնգստոցով մի կողմ ցատկեց: Գայլը կանգնեց, և շները, շրջապատած, սպասեցին: Շների մեջ կանգնած՝ գայլը նայեց շներին, և նրանք շատ էին, և դժվար էր, անչափ դժվար էր, անհնար էր ազատվել նրանցից ու քարշ գալ դեպի տուն, ուր սպասում էին ձագերը: Ժանիքները բաց՝ գայլը նայեց շներին, շները նայեցին գայլին, մի պահ այդպես նայեցին միմյանց, և գայլը չգիտեր ինչ է անելու, և շները չգիտեին ինչ են անելու: Եվ շներից մեկը փշաքաղվեց, ցատկեց ու լանջով խփեց, շպրտեց գայլին: Գայլը հազիվ կարողացավ չընկնել և հասկացավ, որ ամենավտանգավորը դունչը սև այդ շունն է:
- Այ տղա, հե՜յ... Էդ ո՞վ ես, հե՜յ... հասիր էն շներին օգնիր, հասիր էն շներին օգնիր՝ թող խեղդեն, հե՜յ...- կանչեցին դիմացի բլուրներից:
Ձին հազիվ էր կանգնած մնում: Ձիու գլուխը ծանրանում ու խոնարհվում էր: Ձին զգում էր, որ քուռակը ծծում է, և հազիվ կարողանում էր ուրախանալ քուռակի ծծելուց: Ձիու գլուխը հակվեց, ծալվեցին նաև առջևի ոտքերը, իսկ քուռակը դեռ ծծում էր: Ձին փուլ եկավ: Քուռակը հիմա կանգնած էր ձիու մոտ և սպասում էր մոր ելնելուն, սակայն մայրը չէր ելնում: Քուռակը դնչիկով խփեց մոր փորին, սակայն մայրը չկանգնեց, չշարժվեց: Քուռակը նստեց մոր փորի մոտ, և ետևի ոտքը սաստիկ ցավեց, և սկսեց ծծել: Եվ մայրը դեռ կաթ էր տալիս, դեռ վարար, վարար, վարար կաթ էր տալիս, վերջին անգամ կաթ էր տալիս իր այլևս որբ քուռակին, իր կյանքում ունեցած ամենագեղեցիկ քուռակին, որն աստղազարդ էր, սև բաշն ու պոչը՝ գանգուր, սրունքը՝ սպիտակ և ճակատին՝ աստղածաղիկ, որը մի քիչ հիմարիկ էր, բայց հիմարիկ էր փոքրության պատճառով:
Գայլը, համենայն դեպս, կարողացավ փախչել: Եթե փախչել չկարողանար, նրա ձագերը որբ կմնային և, բոլորովին անօգ էին, կկոտորվեին, և գայլը կարողացավ փախչել: Դա փախուստ չէր, դա նահանջ էր քայլ առ քայլ, ցատկ առ ցատկ, մի քանի ցատկ առ մի քանի ցատկ. մի քանի ցատկից հետո, երբ շները հասնում ու քիչ էր մնում բռնեին, գայլը շուռ էր գալիս փշաքաղվում ու ժանիքները բացում, և շները կանգ էին առնում, և գայլը դարձյալ մի երկու ցատկ հեռանում էր:
Սևադունչ հսկա գամփռը այդպես էլ չկարողացավ բռնել գայլի բուկը, և գայլը չկարողացավ կծել ու վախեցնել նրան, բայց սևադունչ գամփռը գայլին հիմա չէր հետապնդում, որովհետև գայլի վզից մի փունջ մազ էր մտել նրա բերանը, և սևադունչը հիմա ետ էր ընկել և որձկալով ու փռշտալով՝ զզվանքով մաքրում էր բերանը: Սևադունչը չէր հետապնդում, իսկ մյուս շները վտանգավոր չէին, որովհետև վարպետ չէին:
Շները կորցրին գայլին, ապա կորցրին նաև հետքը, բայց երկար ժամանակ պտտվում, վազում, խառնվում ու ոռնում էին կանաչ հովտի մեջ, ուր հիմա մթնել էր ժայռը, հանգիստ կանգնած էր կաղնին, իր մի երկու ծաղկաբաժակը ցող հավաքելու էր պարզել մասրենին, և ուր ընկած էր կարմիր պառավ ձիու մարմինը: Քուռակը կանգնած էր մոր մոտ և մի քիչ անհանգստանում էր, կարծես թե արդեն հասկանում էր պատահածը:
Մայրամուտի տակ ամբողջ հովիտը լուսավոր կանաչ էր, և սև էր, շատ մուգ սև էր պառավ կարմիր ձիու շուրջը: Պառավ ձիու կարմիր մարմինն ընկած էր այդ սև շրջանակի մեջ: Այդ սև շրջանակը ձիու և գայլի կռվի տեղն էր, այդ սևը ձիու տրորածն էր: Այդ սև, տրորված, քանդված, շատ տրորված գետնին նայելով կարելի էր հասկանալ, թե ինչքան երկար ժամանակ էր պտտվել պառավ ձին գայլի հետ ինքն իր շուրջը:
Սև այդ շրջանակը այդպես սև էլ մնաց մի երեք տարի, մի երեք տարի այդտեղ խոտ չէր ծլում, և մեր հին լավ ձիու սպիտակ կմախքն ընկած էր այդ սև շրջանի մեջ: Հետո կանաչը հաղթեց. կանաչը ծլեց այդ սև շրջանի մեջ, կմախքի արանքներից ծաղիկներ ծաղկեցին, խոտեր ելան, փարթամացան, և կանաչ հովիտը հիմա լիովին կանաչ է:
Երբ բլուրների գլխից նայում ես, կանաչ հովիտը լիովին կանաչ է, կաղնին վեհորեն կեցած է կանաչ հովտում, ժայռը նիրհելով ունկնդրում է ամպերի շրշյունը, մասրենին իր հինգ հատ ծաղկաբաժակը պահել է արևի տակ, և կանաչ դաշտում կապած արածում է աստղազարդ մի ձի՝ ետևի աջ ոտքի սրունքը սպիտակ, ոտքերը երկար, վիզը երկար, բաշն ու պոչը արևախանձ ու թուխ, ճակատին՝ սպիտակ աստղածաղիկ: Երբ քայլ է դնում, ետևի աջ ոտքը մի քիչ ձգվում է, ջղային դողի պես, հին սպիի պատճառով:
Աստղածաղիկ ճակատով ձին բարձրացնում է գեղեցիկ գլուխը, և նրա աչքերի մեջ արտացոլվում են ժայռը, կաղնին, ծաղկած մասրենին, կանաչ հովիտը և կապույտ երկնքի սպիտակ ամպերը:
- Վերջացա՞վ:
- Վերջացավ:
- Ոչ:
- Ինչո՞ւ ոչ:
- Ձի մայրիկը թող չմեռնի:
- Ես չեմ կարող ասել, թե մայր ձին չմեռավ, որովհետև մայր ձին մեռավ: Երբ փոքրիկ հովիվը վազելով իջավ բլուրների գլխից, մայր ձին մեռած էր, քուռակը տխուր կանգնած էր մոր կողքին: Երբ այն հովիվը, որ կանչում էր՝ «Այ տղա, հե՜յ», այդ հովիվը երբ իջավ դիմացի բլուրներից, մայր ձին արդեն լրիվ սառած էր, և ծեր հովիվն ու փոքրիկ հովիվը մի քիչ նստեցին պառավ կարմիր ձիու կողքին և մտածեցին, թե ինչպես են պահելու քուռակին:
- Հետո, ինչպե՞ս պահեցին:
- Մի ուրիշ ձիու կաթով:
- Ոչ, մայրը թող չմեռնի:
- Ես չեմ կարող ասել, թե մայրը չմեռավ, որովհետև ամբողջ ամառն այդ որբ քուռակին ես կերակրում էի ուրիշ ձիերի կաթով:
- Ասե՞մ թող ինչ լինի:
- Ասա:
- Բլուրների մյուս երեսի հովիվը թող բլուրների գլխին լինի և գայլին շուտ նկատի:
- Հովիվը բլուրների մյուս երեսին էր և գայլին նկատեց այն ժամանակ, երբ դուրս եկավ բլուրների գլուխ:
- Ձին ինչո՞ւ մեռավ:
- Երբ նստած էին պառավ կարմիր ձիու մարմնի մոտ, ծեր հովիվը փոքրիկ հովվին ասաց, որ ձիու սիրտը պայթել է քուռակի համար վախենալուց, և զզվանքից ու կատաղությունից:
- Գայլի՞ց էր զզվել:
- Այո, գայլից:
- Շները գայլին թող խեղդեն:
- Ես չեմ կարող ասել, թե շները գայլին խեղդեցին, որովհետև մեր սևադունչ շունը գայլի մազ էր կուլ տվել և քիչ էր մնում ինքը սատկի:
- Փոքրիկ հովիվը դո՞ւ էիր:
- Ես էի, ձին մեր ձին էր, քուռակը մեր ձիու քուռակն էր:
- Հիմա քուռակը մեծացե՞լ է, կապա՞ծ է կանաչ հովտում:
- Այո, մեծացել է, կապած է կանաչ հովտում:
- Իր կարմիր մայրիկին հիշո՞ւմ է:
- Գուցե հիշում է իր կարմիր մայրիկին, որովհետև ձիերը հիշում են:
- Դե նորից պատմիր:
- Կայծակը չոր ճայթյունով բախվեց որձաքարե ժայռին, մի կողմ շպրտվեց և թաղվեց կանաչ գետնի մեջ: Մոխրագույն ժայռը կարծր էր, կայծակը հազիվ թե կարողացավ որձաքարե այդ ժայռից պոկել քարի մի երկու փշուր: Միայն թե մի քիչ վախեցավ կաղնին, որովհետև կայծակները խփում ու խանձում են կաղնիները, և շատ վախեցավ երկարոտն աստղազարդ փոքրիկ մտրուկը. քուռակին «մտրուկ» են ասում... այնպես վախեցավ, որ փախչում էր իբր մոր մոտ, բայց մորը չէր տեսնում և փախչում էր ուրիշ կողմ: Եվ կարմիր պառավ ձին մեղմ խրխինջով հայտնեց նրան իր տեղը...

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Симфоническое Панель "Армения"
Лазарос Сарьян

Симфоническое Панель "Армения"

Горы, 1923 г.
Горы, 1923 г.
Играть онлайн