Грант Матевосян

Դիմանալ և դիմակայել է պետք

Մեր հասարակությունը մարդակեր հասարակություն է, մենք այդ հասարակությունից ծնված ժողովուրդ ենք և դեպի մարդասիրություն ճեղք ենք բացում, հաճախ տեսնում ենք, որ մեր ճանկերը մարդակերի ճանկեր են, մեզ մարդասիրությամբ չեն օժտել, և եթե ինքնասնուցմամբ կարողանանք ազգակցվել այս մեծ ու լույս աշխարհին, այդ արդեն իսկապես կյանքի և մեր հաղթանակը կլինի:
ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

– Դուք Ձեր ողջ գրականությամբ մեր կտրված-ոչնչացված-էրոզված անտառն եք վերականգնում իր կենդանիներով-մարդկանցով, ծառերը մեկիկ-մեկիկ նորից տնկում ու գուրգուրում: Այսօր, իհարկե, այդ ծառերը, թփերը, կենդանիները, տերերը իրենց տեղերում չեն, Ռոստոմի հրացանն առել, գնացել հայոց սուրբ հողն են պաշտպանում: Ուրեմն ինչքան կերպար ստեղծել, այնքան հայով-զինվորով մեզ շատացրել, ուժեղացրել եք: Գիտենք, որ այս կուտակված սև ամպերը բացելու են խանձարուրները, իրենց արևի տան, գնացածներն էլ ետ են գալու իրենց ծառայությանը, իրենց նոր առօրյային: Պարզապես նորից երեխաներ են որբանալու, կանայք՝ այրիանան, փողոցում իրենց միակ ոտքը քարշ տվող մարդիկ հայտնվեն, շատերին էլ երբեք չենք տեսնելու: Մեծ հաշվի առաջ դա մեր փո՞քր հաշիվն է:
– Ո՛չ: Ոչ մի երեխա չպիտի որբանա:
Արդարության մեկ հատիկ չասված խոսքի փոխարեն տես ի՜նչ ճիվաղություն է գալարվում, ինչպես է ժողովուրդ այլանդակվում: Այն փոքր լուսանցքը, որտեղից արդարության լույսը պիտի խփեր, այդ խոռոչից ինչ ճիվաղներ դուրս թռան, երբ կարող էր լինել բացարձակ անարյուն, և կարող էին ժողովուրդները խաղաղ գոյակցել:
Երբ թուրքերը պատռել էին ռազմաճակատը, և տագնապն ընկել էր Թիֆլիս, որովհետև կովկասյան մայրաքաղաքի դռներն այլևս թվում է բաց էին, հայերը պատգամավորություն կազմեցին՝ դեպի փոխարքայություն, տեսնեն Կովկասի իշխողն ի՞նչ է ասում: Կովկասի իշխողը բեռները կապել էր արդեն, կոմսուհին՝ Վորոնցովա-Դաշկովան, ծնկները ծեծում էր՝ «Վո՜ւյ մե, ի՞նչ է լինելու, հասած աղջիկներ ունեմ, Բորչալվի թուրքերը գալիս են»: Հուսանք, որ Բորչալվի թուրքերը հիմա էլ Միության մայրաքաղաքի դռներն են ծեծում, և էնտեղի տիկինները նույնպես հասած ու դեռահաս աղջիկներ ունեն: Մեր ցավը գուցե այդպես հասնի նրանց: Այս բոլորը Կենտրոնի, Գորբաչովի մեղքն է և՝ ծանր մեղքը: Իրենց էությունը նրանք իրենց լեզվով ավելի շուտ մատնեցին, քան մենք կհասկանայինք՝ սադրիչ: Պարզ աչքից էլ պարզ խնդիրը իսկապես սադրչորեն չհասկանալու տվին, աղավաղեցին, աղարտեցին, աղտոտեցին, խնդրի լուծման իրավասուներ ոգեկոչեցին և ապա վկայակոչեցին իրենց իսկ ծնունդը՝ ադրբեջանական ֆակտորը: Արցախն արցախցիներինն է, իսկ իշխողներն ահա այդ երկրի ու նրա բնակիչների մասին որպես անտեր հոտի կամ այգու խոսեցին: Իշխողներին հասկանալը դժվար է, կռվելը՝ ավելի քան դժվար: Հիմա արդեն «թիկնապահ ողջ գվարդիայի» ներկայությունն այստեղ պարտադիր է, այլապես «մեկմեկու արյուն ենք խմում»: «Արցախ»-ներ «այնտեղ Անդրկովկասում» միշտ պիտի ծխան, և Կենտրոնի հրշեջները միշտ պիտի մարեն ու բորբոքեն, բորբոքեն ու մարեն՝ ապահովեն դատախազի իրենց կայուն ներկայությունը:
– Դուք ասացիք, որ Կենտրոնն ու Գորբաչովն են մեղավոր մեր վիճակի համար: Գորբաչովն՝ իր նախորդները ևս, շատ փոքր են արվածի դիմաց, նրանք կենդանի պատվանդաններ ունեն իրենց «սապոգների» տակ, ինչո՞ւ անընդհատ մեղքի առաջնորդներ ենք փնտրում, ինչո՞ւ առաջին հերթին չենք խոսում այն ուժերի մասին, որոնք մարիոնետներին շարժման մեջ են դնում:
– Մարիոնետին շարժման մեջ դնող այդ ուժերն են՝ ռուսական շովինիզմը և ներքին թուրքական շովինիզմը, որոնք գոնե մեր վերաբերմամբ խոր համաձայնության, կարելի է ասել, դաշինքի մեջ են – բավարարվա՞ծ ես: Նրանցից ոչ մեկի դեմ Գորբաչովը, որքան էլ խոր դեմոկրատ լինի, մեր կողքին չի կանգնի:
Մեր հույսը ամբողջատիրության բերած սոցիալական չարիքի ակներև ստուգությունն է. դա այնքան է իրական, ծանր ու ստույգ, բուն կյանքը դա այնպես է քայքայում, որ իրենց հայրենիքների՝ թուրքալեզու և ռուս ամենաերդվյալ հայրենասերներն անգամ ամբողջատիրության զորաբանակային բարիքները մերժելու են և արդեն մերժում են: Դա մասնավորապես լավ են հասկանում ադրբեջանական ազգայնականները. վաղը, երբ ամբողջատիրությունը քայքայված և սեփականատիրությունը վերահաստատված կլինի, նրանք չեն կարող իրենց տեղերից որևէ հայի տեղահան անել՝ ահա թե որտեղից է սկսվում հայաթափական նրանց տենդը:
– Մարիոնետների շարժման ներդաշնակությունն ամենևին չխաթարվեց, երբ շարժող ուժերից մեկը՝ տարատեսակով ազգային ճակատ կոչված, մարդախեղդ մատների ծայրով դիպավ Կենտրոնի բյուրեղապակյա բաժակին. այդ բաժակից ուղղակի ղողանջային համազարկ դուրս թռավ:
– Մի քիչ այլ պայմաններում ողջունելի պիտի լիներ ժողովրդական այդ զանգվածների ընդվզումը, իբր հանուն նոր կյանքի, և Կենտրո՛նը պետք է լիներ հետադեմը, բայց ինչպես բոլոր բազմազգ երկրներում՝ շարժումը սայթաքեց և ընկավ ազգամիջյան հարաբերությունների խորխորատ, հակահայիզմը դարձավ այսօրվա նրանց նպատակը, թույլ դիմադրության ճանապարհը հրապուրեց նրանց, իրենց մտքի կենդանական բնազդով նրանք չհանդգնեցին սլաքն ուղղել այլ տարրերի դեմ. Բաքվի-Սումգայիթի կոտորածներն այդպես առաջացան: Կենտրոնին իր հերթին թվում էր, թե հայերի «փոքր» զոհողությամբ առայժմ կկասեցնի թուրք ազգայնամոլության հեղեղը, այլև նրա հետ դաշնակցության հունի մեջ կմտնի: Այդ կոմպրոմիսը ինչքան է հեռանկարային՝ իրենք գիտեն, առայժմ մեզ լավ տեսանելի է, որ նրանց սոցիալ-քաղաքական շարժումն այլանդակություն է: Այս ֆոնի վրա այն, ինչ ռեակցիոն պիտի լիներ՝ երեկվա կարգուկանոնը, չինովնիկները, ստալինականները՝ ավելի դրական գոյություններ են, քան այսօրվա այլանդակված-աղավաղված վերակառուցողականները: Կենտրոնի ձեռնահասությունը պիտի լիներ օրվա խնդիրը նույն օրը և տեղերի պրոբլեմները տեղերում լուծելով՝ երկիրը խաղաղ վերակառուցման ճանապարհին դներ, տարբեր հայրենիքներն իրենց ժողովուրդներին հանձներ և գուրգուրար ազգերի կոնֆեդերացիայի վրա:
– Այդ ճանապարհը յոթ սարի ետևում է: Իսկ ուրի՞շ ճանապարհ հեղաշրջման միջոցով:
– Ես հեղաշրջումից վախենում եմ: Ինձ համար՝ եթե անգամ Ռաիսա Մաքսիմովնային մի բան պատահի, ես այդ արյունից սարսափելու եմ:
– Մենք՝ մեր քրիստոնյա վախով, իսկ գործը դրանից առաջ չի գնա, երկրի վիճակը չի լավանա և, հնարավոր է, որ քաղաքական գիտակցության եկած մեր այս տարրերն իրենց ինքնագիտակցության պահն օգտագործեն:
– Ես ամենագետ չեմ, բայց ինչքան կարողանան երկիրը հեղափոխություններից և հեղաշրջումներից հեռու պահել՝ փառք իրենց, այնքան լավ կյանքի և մարդկության համար:
– Դա գրողի, մարդասերի Ձեր հայա՞ցքն է:
– Չէ, գրողի իմ հայացքը չէ, իրականություն է: Դրսի շատ ու շատ երկրներ արդեն տասնամյակներ ու նույնիսկ հարյուրամյակներ խաղաղ առաջընթացի մեջ են շնորհիվ այն բանի, որ ամենօրյա հեղափոխությունների, ամենօրյա նորոգումների, վերակառուցումների մեջ են, պայթունակ իրավիճակներն ու պայթյուններն այդ երկրներում բացառվում են անընդհատ:
Խոստովանեմ, որ մի տասնհինգ տարի առաջ ինձ այնքան էլ նախանձելի վիճակում չթողեց ամերիկացի իմ ծանոթ հայուհի գրեթե աղջնակը. քոլեջի ավարտաթուղթը գրելու համար այստեղ էր, ուզում էի իր երկրի իմ գիտակությամբ աչքի ընկնել, բայց իմ ամբողջ նորույթը նրա համար արդեն շատ հին էր. «Ֆոլքները: Ան մեռա՜վ: Մեռա՛վ: Ափդայքը այլևս 45 տարեկան է, կարծեմ 45 տարեկան է, ան ալ մեռավ»:
Ուրեմն կեցցե բողբոջը, կեցցե թրթիռը, որ ամեն օր ծնվում ու խփվում է: Անընդհատ ծնունդի պիտի ներկա լինել և՛ գեղարվեստում, և՛ կյանքում: Պիտի անընդհատ թոթափենք մեր մտքին ու զգացմունքին կարծրացող ժանգը: Եվ շատ առումներով դրսեցիները պետք է մեզ ուսուցիչներ լինեն:
– Կարծես թե հրապուրում եք այստեղից մեկնողների երևակայությունը:
– Ես չեմ կարող գնացողներին անիծել՝ իրենք են իրենց կյանքը տնօրինողները, բայց նաև՝ պաշարված այս միջնաբերդից ամեն մի հեռացում ես դավաճանություն եմ համարում: Բայց պետք է տեսնել, որ մտքերի այս հեղափոխությունը մեզանում հենց այդ Ֆոլքները, Սարոյանը, Դալին արեցին, դիկտատորի պատվանդանը մեզանում Մարկեսը քանդեց: Դուրսը վիթխարի ծառայություն ունեցավ մեզ համար՝ հեղափոխիչ նշանակություն. պատահական մի արտահայտություն, մի ժեստ, մի ծամածռություն գալիս, գաղափարախոսական մեր ողջ կեղծիքը մերկացնում էր:
– Այսօրվա մեր իրականության լեզվով ասած, Դուք Ձեր բռունցքը բարձրացնում եք՝ ի համերաշխություն հոգևոր հեղափոխությունների և նույն բռունցքով մերժում բոլոր քաղաքական հեղափոխությունները:
– Թերևս:
– «Աննշմար, որպես քնքուշ մութի թև» ձեր ստեղծագործության «սարերն» ու «ծառերը» մեղմիկ շոյելով անցնում է Թումանյանը: Ձեզ կարդալիս անընդհատ տեսնում ենք Թումանյանին՝ հայոց «դըժար» աշխարհին նայելիս: Դուք չեք փախչում այդ հայացքից, ավելին՝ դարձնում եք սևեռուն:
– Ամենահոխորտուն տարիքում մտածեցի, որ «Անի» եմ գրելու, հետո դա մի կողմ ընկավ: Եկա, կանգնեցի, թե «Փոքր Մհեր» եմ գրելու. այդ տարիքում դեպի վաղը չես նայում. մտածում ես ծիածանագույն հեռուների, անցյալի նոստալգիական կանչերի մասին՝ քրոնիկոնների գեղեցկությունը հմայում է. մի խոսքով՝ հեշտ հաղթահարելիին ես գնում, այդ կանչերի մեջ «Փոքր Մհեր» մտածվեց, զուգահեռ մտածվեց՝ «Թումանյան» եմ գրելու, փոքր սխեմաներ կազմեցի, մեկ էլ տեսնեմ Թումանյանն ու Մհերը նույնն են բացարձակապես. և՛ պարտությունը, և՛ քարայրը, և՛ մահը. և տեսա, որ «Թումանյան» չեմ գրելու: Առհասարակ դեմ եմ, որ արդեն կայացած անհատականությունների մասին բաներ գրվեն, Աստծու, ժողովրդի թե հեղինակի ջանքով է կայացել այդ անձը՝ կայացել է արդեն. ասենք, Անդրեյ Բոլկոնսկին և, ասենք, Հովհաննես Թումանյանը. Թումանյանի վրա աշխատել են Րաֆֆին, Աբովյանը, Թիֆլիսը, Մարիամ Թումանյանը, Դսեղը, «Գիքորը», մի խոսքով՝ կայացրել են: Անդրեյ Բոլկոնսկին Տոլստոյի ջանքով է կայացել, իրականության մեջ երկուսն էլ կան, ուրեմն կարիք չկա, որ ես կրկնեմ: Եվ կարծեմ, որ կայացած անհատականությունների մասին բոլոր ձեռնարկումներն ի սկզբանե դատապարտված են ձախողումների: Կրկնություն են: Հրաժարվելուց հետո տեսա, որ ոչ թե նման Թումանյան եմ երբևէ ստեղծելու, այլ ամեն անգամ նրանցից մի նշխար եմ նետելու իմ շարադրանքի մեջ՝ ընթերցողի միասնական ջանքով, ընթերցողի երևակայությունը ևս հրապուրելով՝ նրա պայծառ կերպարն արծարծելու:
– Որպես ընթերցող պետք է ասեմ, որ դա Ձեզ հաջողվում է, Դուք իրոք ժողովրդին եք հանձնում Թումանյանի ձեր բաժինքը: Արտասահմանցիությունը ձգում էր մեր սերնդին, մենք գրեթե մոռանում էինք Գիքորին (նա մեր հասարակարգի ծնունդ չէր, նրանց ծնում էր կապիտալիստական հասարակարգը), բայց այսօր ինձ նման շատերը դեպի Թումանյան են գնում նաև Ձեզնով: Շնոր-հակալություն: Սա այսպես. հիմա Դուք չե՞ք զգում, որ Ձեզ հակադրվում եք. գեղեցիկի իմ զգացողությունը մի պայծառ ժպիտ ունեցավ Ձեր խոսքի այն պահին, երբ համեմատեցիք Թումանյանին և Բոլկոնսկուն որպես կայացած մեծություններ. օգտվելով Ձեր իսկ համեմատությունից՝ ուզում եմ հիշել Ալխոյին: Ալխոն ևս կայացել էր, նրա կողքին հայտնվեց Աղունը, հետո ծանր ու մեծ եկավ Տերը, նրանք բոլորը «բեռնաձիեր» էին, դե եթե մեկը կայացել էր, մյուսն ինչո՞ւ եկավ:
– Ուրեմն, 62-ին մի գործ գրեցի, մի հարյուր էջ մեքենագրեցի, լավ բաներ կային, բայց որպես ամբողջություն չէր կայացել, և ես տեսա, որ մեկ ու նույն նպատակին պիտի մոտենամ տարբեր տեղերից՝ զուգորդումներով, մի տեղ դա ձի կլինի, մի տեղ՝ Աղուն...
– Չի՞ ստացվում, որ Դուք Բիտով «ճշմարիտ արվեստագետի» նման «տուն» եք կառուցում:
– Ինձ ավելի շատ անտառի կերպարն է սիրելի:
– Ետ դառնանք կրկին դեպի Մեծ լոռեցին. ի՞նչ էր անելու այսօր նա:
– Այն էր անելու, ինչ որ իր հար ու նման վիճակում արեց՝ որդուն դրեց ճակատի առաջին գծում ու զոհեց, եղբորը դրեց ճակատի առաջին գծում՝ զոհեց, տարիներով ձգձգվող հիվանդությունը անմխիթար վիշտ դարձավ ու խեղդեց իրեն: Ինքն այն էր անելու, ինչ մեզնից յուրաքանչյուրն այսօր՝ իր ժողովրդի հետ պիտի տապակվեր: Այսօր, երբ մեր ժողովուրդը մենակ է թողնված սև խավարի մեջ, այդ նաև իր լավ կողմերն է բերում՝ հոգևոր ինքնավարություն, հոգևոր անկախություն, աշխարհաճանաչում, ինքնաճանաչում և, հնարավոր է, որ այսօրվա սերնդի մեջ առաջանան էն տղերքը, որ 70-ամյա դիմազրկության տարիների վրայով փոխկանչի մեջ մտնեն իրենց նախնու հետ, որ երբեմն 50, երբեմն 500 ձիավոր հետևը գցած՝ իր սպիտակ դրոշը՝ խաղաղությունը, պարտադրում էր թշնամուն, և դա խնդրարկուի բանագնացություն չէր թշնամու ոտը, նա իսկապես իր խաղա-ղությունը պարտադրում էր:
– Երբ կարդում ենք արտասահմանյան ամսագրերի կամ, ասենք, վերջին շրջանի «Լիտերատուրնայա գազետային» տված Ձեր հարցազրույցները, տեսնում ենք՝ հայ իրականության մեջ այդպիսիք չկան, Ձեր հարցազրույցը դեռ չեք տվել մեզ: Ինչո՞ւ:
– Այն դիտողությունը, որ ես «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հայկական բաժնի վարիչին արեցի, հիմա քեզ եմ անելու. չեք պահանջել այդպիսի հարցազրույց, պահանջելիս էլ՝ չեք զորել իմ կարողությունների լավագույնը կորզել: Այլ եք դուք, երբ այլազգի որևէ գործչի եք մոտենում, և այլ եք՝ երբ հայ մտավորականներիս եք մոտենում: Ես պիտի ուզենայի, որ մեզ հետ խոսելիս ձեր պատասխանատվությունը ձեր իսկ առջև ավելի մեծ լիներ, քանի որ դա քչերիս պատասխանատվությունն է հայոց լեզվի, հայ մշակույթի, հայ քաղաքական մտքի առջև: Քո այդ «Լիտգազետայի» աշխատակիցն ինձ հետ իր յուրաքանչյուր հարցազրույցի վրա մոտ կես տարվա ժամանակ է ծախսել, մի ուրիշը պատրաստի նյութի սրբագրությունն ինձ հետ համաձայնեցնելու համար երկու կամ երեք անգամ Մոսկվայից Երևան է եկել: Դու միայն ճանապարհի, օտարության տհաճությունը պատկերացրու: Քո գալուց առաջ թերթում էի «Ազդակի» բացառիկը: Դու տես այդ տղաների լրագրական կուլտուրան, ի՜նչ հոյակապ սերունդ է՝ ուղղակի իսկական ազգային հպարտությունը դա է, կարող է Բեյրութի իր անցենզուր թերթում ինչքան ասես հայհոյի թուրքին. չի հայհոյում, իրեն չի աղտոտում. դա մարդկային հրաշալի հատկանիշ է, աշխարհին հոր պես նայելը, որ իր դրսևորումն է գտնում նաև ու առաջին հերթին հայ գրողիս, լրագրողիս մեջ: Հիմա կարո՞ղ եմ թարմ օրինակի վրա ինձ հակասել. Վահաբզադեն «Սվոբոդայով» հայհոյել է հայ իմ ցեղը՝ իմ կանանց, իմ մեծին ու փոքրին, իմ աղջիկներին, բեր ես էլ իրեն հայհոյեմ. ես չեմ հայհոյելու, նրա ժողովուրդը շատ ավելի իմ ժողովուրդն է, քան իրենը:
– Տեսնում եք, մենք չենք հայհոյում. նստել մարդկայնության բարձր աթոռին՝ անընդհատ կործանվում ենք: Մեր մարդասիրության երեսից Հայաստանը դարձել է մեջքը ջարդված քարտեզի գիծ: Ես, Դուք հավատացյալներ չենք եղել, բայց ի ծնե՝ մեր գեներով քրիստոնյաներ ենք, մենք էլ արդեն կայացել ենք, իսկ մեր հողերը չկա՜ն:
– Ատելությունը, դաժանությունը հաղթանակ չեն ունենալու: Երբե՛ք: Ոչ մի կասկած չպիտի լինի՝ մենք առաջ ենք գնում, և մեզ ընդառաջ է գալիս քաղաքակրթությունը. այսօրվա մռայլ, ծանր, ամպոտ եղանակը, դրսի այդ գրգռիչ լուրերը մեզ մեր հունից չպետք է հանեն, քաղաքակրթությունից մենք եկել և գնում ենք դեպի քաղաքակրթություն:
– Բայց չէ՞ որ ահռելի կորուստներով ենք գնում, ինչքան քիչ ենք մնացել. չի՞ գա այն պահը, երբ քաղաքակրթության ճամփով մի քանի հոգի գնան:
– Մենք կորուստներ, այն էլ վիթխարի, տվել ենք այն դեպքերում, երբ մեր ձայնով չենք խոսել, մեր գործը չենք արել, երբ պարել ենք ուրիշի դուդուկի տակ: Բարոյականության ճակատում այսօր նույ-նիսկ վիթխարի կորուստներ ենք տալիս, ինչպես խորհրդային բոլոր ժողովուրդները, բայց նորից պիտի ասեմ՝ դա մեզ չպետք է աղտոտի, որովհետև չաղտոտվածներինն է ոչ թե երկնքի, այլ երկրի դրախտը: Բոլոր դեպքերում իմ ընկածը, իմ զորավարը, իմ գլուխկտրողը (Անդրանիկը մի գլուխ այնուամենայնիվ կտրել է), իմ աղարտավորն ու անաղարտը ավելի բարձր մարդիկ են, քան ուրիշների նմանատիպները, իրենց անկման մեջ իմոնք բարոյականության հետ հարաբերվելու մի եզր միշտ պահում են:
«Դանթեական առասպելն» անշուշտ հիշում ես. այնտեղ հայոց մեր եղեռնն է, բայց թուրքի, քրդի հիշատակություն չկա: Իմոնք այդ են՝ իմ բանաստեղծը, իմ զորավարը, իմ շարքայինը, իմ ազգայ-նամոլը... բոլորը: Մեր թշնամին ասես ոչ թե այսինչ ազգության այսինչ գործիչներն են, այլ արտահասարակական ու արտամարդկային ինչ-որ չարիք, որ ուզում ենք դատել ու հեռացնել:
Զորավարը նա է, ով պաշտվում է ոչ միայն քո, այլև թշնամու բանակում: Կարող է պատահել, ասենք, պատմության խաղալիք՝ քո զորավարը դառնա նրա զորավարը. զորավարը պիտի երգվի նաև թշնամու բանակում. իսկ եթե նա եղավ քո բանակի աստվածը և մյուս բանակի դահիճը, այդտեղ արդեն մարդն ու մարդկայնությունը վերացան: Իմ Անդրանիկը այդ բարձր առաքինությունների զորավարն էր, իմ Չաուշը երգվել է և՛ քրդերից, և՛ իրենցից՝ թուրքերից: Էնվերին իրենց թաքուն նկուղներում նրանք թերևս փառք են տալիս, բայց այդ կնամարդը իմ ժողովրդի դահիճն է: Իսկ եթե այդպիսի գլխակեր մեկն ունես, քո պատմության մեջ նրան դեր այնուհանդերձ հատկացնելով՝ նրան ժողովարան չես բերում, չես հանում Եվրոպա կամ Հայաստան որպես մարդասիրության տիպարի:
– Ամաչում-չոքում ես Ամերիկայի առաջ, պաղատում՝ չի՜ եղել, հավատա՝ չի՛ եղել, ասա՜, որ չի եղել, չոքած աղաչելիս էլ արյունոտ դանակդ գրպանից գլուխը հանում է:
– Այո, մարդն ուղղակի կարող է ընկնել մինչև անմարդկայնության հատակները, բայց երբ գիտակցման-գնահատման ժամանակն է գալիս, երբ անասունի պահից բարձրանում է ասունի ժամանակ՝ չի ուզում տեսնել բռնաբարվողին ու մորթվողին՝ որ ինքն է արել, սթափության պահին չի ուզում իրեն անասուն տեսնել, չկա՜, չի՛ եղել:
– Նրանք դարերի մեջ չեն կարողանում քաղաքակրթվել, կարծես ծնվում են՝ հուդա՞ ասեմ, սատանա-մարդակե՞ր. պիտի լինի՞ մեկը, որին նրանք ուտեն: Քրիստոսի մեր մարմինը հանձնում ենք նրանց, որ փրկե՞նք աշխարհի քաղաքակրթությունը, կարծես գնում ենք դեպի այն գաղափարը, թե մեռնելն ավելի լավ է, քան սպանելը:
– Չգուրգուրենք այդ միտքը. երբեք էլ այդքան ոչ անզեն ենք եղել, ոչ ինքներս մեր նկատմամբ այդքան դաժան:
– Բայց երբ պահը գալիս է, Դուք ո՞րն եք ընտրում՝ մեռնողի՞, թե՞ սպանողի հավատամքը:
– Ապրողի՛: Միայն ապրողի: Իմ թոռը պիտի պապ ունենա, պապը Ստամբուլի բազարից նրա համար զմրուխտի մատանի է բերելու, նրա հարսանիքին պար է գալու:
Մյուս կողմից էլ Նիցշեի միտքը ո՞նց է՝ մուրացկանին ոչնչացնել է պետք, որովհետև եթե գրոշդ նետեցիր, նրան իհարկե փչացրի՛ր, բայց առաջին հերթին քեզ փչացրիր, որովհետև քո մեջ աղա, պարոն, իշխան դաստիարակեցիր: Ինչո՞ւ, ես էդ ո՜վ եղա՝ որ մեռցվելու, սպանվելու միտքն ինձանում կրթելով՝ ինձ խոտաճարակության դատապարտեմ և նրան էլ մարդկանց ճակատագրերի տնօրեն կարգեմ:
Ապրել, միայն ապրել՝ հավասար, հարգանքով: Նա կա՞, թող իր համար լինի, բայց սահմանս չպիտի տրորի, թող զորանա, բայց ոչ երբեք իմ հաշվին, իր սուրը թող իր ոսկորի վրա սրի և ոչ իմ:
Այս առումով, թերևս, պետք է Նիշանովին, Լիգաչովին ցանկալ, որ իրենց մայրը, կինը, քույրը հայտնվեն մեր ծեծվածների ու լլկվածների վիճակում, այդ դեպքում ցավը գուցե տեղ հասներ, չնայած նրանք այնքան մեռած գոյեր են, որ իրենց քրոջ ցավն էլ չի հասնի նրանց:
– Աստված ցավ չհասկացողին, ուրիշի ցավը չկիսողին՝ ցավին արժան չի անում. բոլոր դեպքերում մենք քրիստոնյաներ ենք, և մեր քրիստոնեության մեջ անեծք չկա, նաև որ՝ խեղճությունն է անեծք բերում՝ չխեղճանա՜նք:
– Այո՛, չխեղճանանք. երկու խոշոր տղա ունենք, երկու բարձր մարդ՝ Թումանյան և Չարենց (Սարյանին, Սարոյանին, Խաչատրյանին... մյուս շատ անմոռանալիներին մի րոպե մոռանանք). այնպիսի հանճարներ, որոնց գործում ուղղակի անեծք ծորող նյութը անեծք չի կորզում, այլ հպարտ վիշտ է սփռում՝ իշխողի-տիրակալի.
Անխոս հայացքով իրար թաղեցինք,
Իրար հոգու մեջ գերեզման մտանք...
– Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան:
Ահա և հասունացավ հարցը. գիտենք, որ Աստվածաշունչը մարդկային մշակույթի մեծագույն կոթողն եք համարում, Դուք զգո՞ւմ էիք, գիտեի՞ք, որ կգան այսպիսի ժամանակներ, երբ գրեթե ողջ հայ ժողովուրդը, «բեռնավորված ու հոգնած», երեսը կդարձնի դեպի իր սկիզբը՝ իր բաժին երկինքը, մաքրության ու փրկության սպասելիքով: Դուք հավատացյա՞լ եք:
– Ես լուսավոր մենատների, մաքուր այգիների, առողջ երեխաների, հմուտ բանվորների, գիտակ բժիշկների, անպիղծ բանաստեղծների երկրին եմ հավատում: Մարդու մեր գործը մեր կարեցածի չափ անթերի անենք և նոր միայն փրկության ու փրկչի անունը հիշենք:
– Իսկ եթե ծնվեիք այնպիսի հասարակարգում, ուր մարդիկ կոմունիզմի հաբեր կուլ չտվեցին և հավատքի առաջ սպասավոր մնացին, հայալեզու մնացին՝ ի տարբերություն հարևան հանրա-պետության մեր ազգակիցների՞:
– Բայց «դրսում» հարցի մյուս երեսն էլ կա՝ դու քո կեղևից դուրս գաս՝ ո՞ր աստծու հանդերձի մեջ մտնես: Օտարության ռեժիմի մեջ՝ չեն ուզում լքել իրենց հորենական տունը՝ իրենց կրոնն ու լեզուն: Ապագայում այստեղ էլ չենք լքի: Ադրբեջանի և Միության այս հակահայիզմը մեզ ու մեր հայրենակիցներին միայն մի բանի են մղում՝ մեզ համար «օտարություն» դարձնելով վիթխարածավալ այս ամբողջ երկիրը՝ մեզ վերադարձնում են մեր ազգային կեղև: Տեղաշարժերը մեր սոցհասարակարգում և բուն հասարակարգի տեղաշարժը մե՛ր ապագայի օգտին են՝ Միությամբ մեկ նորից են ծաղկելու մեր գաղութները, «ամերիկացիներ», «պարսիկներ», «բեյրութցիներ» ենք ունենալու արդեն Միության մեջ:
Կրոնի այբուբենն ի սկզբանե եթե ինձ տրված լիներ, ես պատրաստ կլինեի քո հոգևոր զրույցին ընդառաջ գալ կամ չգալ, իսկ այսպես՝ անտեղյակների խոսակցություն է: Դու պատահակա՞ն ես համարում, որ ահա մեր սերունդը Նարեկացի ընկալելու անընդունակ էր: Կուզենայի, որ իմ զավակները դրանից զերծ լինեին, որ մեր մշակույթի այբուբենը լրիվորեն գիտենային:
– Երբ Դուք «ոչ քառասուն տարեկան էիք և ոչ էլ քսանհինգ, այլ ուղիղ Ձեր տարիքին էիք՝ ե-րե-սուն», համարձակորեն մերժում էիք Անտոնիոնիին և ճչում, թե՝ ո՜չ, մարդը մենակ չէ այս հանրա-կացարանային երկրում: Ապա, երբ Դուք ոչ քառասուն էիք, ոչ էլ երեսուն, այլ ուղիղ քառասունհինգ, գրեցիք «Տերը» ու ասացիք. «Մի օգնական չունեցավ իմ ախպերը, ժողովրդի թիկունք իմ ախպերը...»:
Ռոստոմը խոր ցավով ասում էր՝ «որ մենք ենք ասում՝ ուզում ենք, մատաղ, Անդրանիկ զորավար լինենք, բայց ոչ ետևներիցս եկող ժողովուրդ ունենք, ոչ էլ առաջներս՝ թուրք թշնամի»: Թվում է, Դուք «Տերը» վիպակում վրիպել եք ինչ-որ չափով. այսօր Ռոստոմ-Անդրանիկը և՛ ետևից եկող ժողովուրդ ունի, և՛ առջևում՝ թուրք թշնամի. հիմա ի՞նչ է անում և մտածում նա:
– Մհեր Փոքրը մեր զրույցի մեջ հիշատակվեց: Գիտե՞ս, ինձ միշտ թվացել է, և այդպես է, թե Դավթի գործը Մհերի կռվից հեշտ է. անճոռնի, ահռելի, բայց նյութական ու իրական Մելիքի փոխարեն թշնամին Մհերի առջև նոր կերպարանք է առել՝ որ աննյութ ու անորսալի է, որ խփում է, բայց չի խփվում, հալածում է և չի հալածվում:
Թուրքը՝ թուրք, և թուրքը մեր ամբողջ երկինքն անցյալից մինչև ապագա բռնել է, բայց մենք մի որևէ հայդուկի չափ ազնվորեն միամիտ էինք լինելու, եթե գոնե չփորձեինք կռահել այն անորսալին, որ թուրքին հայի և հային թուրքի թշնամի է անում:
Մեր դժբախտությունն է, որ անմարդկային ատելության քաոսը մեր մեջ ամեն անգամ հունցվում, գալարվում և թուրքի կերպարանք է առնում՝ իր այլ ու ավելի համոզիչ կերպարները վստահելով այլազգի գրողների, փիլիսոփաների, մտածող մարդկանց:
Այս ամենևին էլ չի նշանակում, թե ճգնաժամային պահերին մենք պետք է երես դարձնենք թուրքի այդ ստույգ սփաթից և սևեռվենք ինչ-որ վերին, վերացական թշնամիների: Չե՛նք կարող, անհնա՛ր է, ճակատագրի չափ պարտադիր է: Իմ Ռոստոմն այսօր թերևս մեր և մենք էլ իր խոսքն էինք ասելու. «Հաա՜տ, նա՛նը. Թալեաթի թոռ, կապածդ ջրում քեզ խեղդիլ տենք. մարդկությունը սովորովի չի, բայց մարդուն ընտելանալ պտես»:
– Ձեր գոյության մի մասն են կազմում սցենարներն ու ըստ նրանց նկարահանած կինոնկարները: Իմ կարծիքով՝ դա նման է ջրհորի, ուր իջեցված է դույլը, բայց բարձրացնող չկա. ջո՞ւրն է սառած, որ տեր չեն կանգնում, թե՞ դույլը վերև բարձրացնողի ձեռները չեն զորում:
– Գրվեց «Մեռելալույս» վեպը՝ մի 150 էջ, կիսատ մնաց, ասացի ինձ ավելի պատրաստեմ ու սկսեցի պատահականորեն «Տերը» գրել, «Տերից» էլ արծարծվեց համանուն կինովիպակը. զուտ նյութական կարիքն ինձ մղեց դեպի այդ արկածախնդրությունը, «կինոշնիկներին» չեմ սիրում, մանավանդ մերոնց՝ կիսատ ժողովուրդ են: Հատկապես մերոնց եմ ասում, որովհետև գրողներիցս ավելի ազգային առաքելություն իրենց էր տրված, 250 միլիոնանոց համախորհրդային դահլիճի հետ անմիջաբար հարաբերվելու հնարավորությունն իրենց էր տրված, տրված էր և չհարաբերվեցին. աշխատասեր, արդարամիտ, բանիմաց, ներող, համբերող, տառապած ու դարձյալ մեծահոգի, դարձյալ մարդասեր ու լավատես հայի կերպարն այսօր չկա միութենական ու համաշխարհային կինոհրապարակում, և կենտրոնական հեռուստատեսության սադրիչների համար այսօր իհարկե հեշտ էր լինելու նման ամայի հրապարակ նետել հայի իրենց հորինվածքը:
Եվ ինչ շատ ու հիանալի «նյութ» են փչացրել՝ համարիր անցյալի ու այսօրվա ամբողջ հայ գրականությունը: Պտուղ չի տվել նաև իմ «կինոգործը» և կինոյով մեզ համար մի լավ բան անելու իմ մոլի ցանկությունը:
– Ես համաձայն եմ Ձեզ հետ: Ձեր գրականության սիրահարն եմ, բայց եթե անկեղծորեն ասեմ անձնական կարծիքս, ապա Ձեր գրականությունը ավելի վստահ ու հստակ է քայլում, քան ձեր սցենարական «գործը»: Այն, ինչ այնքան սիրուն էր Բակունցի մոտ («Միրհավ», «Այս կանաչ-կարմիր աշխարհը»), Ձեր գրչի տակից կարծես փախել է: Գեղեցիկը, հոգու գաղտնիքը կողպել էր Բակունցը՝ օգտագործելով ընթերցողի երևակայությունը: Ընթերցողի մեր գաղտնիքը Դուք աչքառ էիք հանել, ինչո՞ւ:
– Ես գրելուց հետո երկար գուրգուրում էի, որ եթե օրինավոր մարդու ձեռք անցնի սցենարը, ահա էս-էս բաները կհավելեմ, չհավելեցի, բայց նույնիսկ եղած սխեմայով կարելի էր լավ ֆիլմ նկարահանել: Բակունցը գործը տարել էր այլ պլանով՝ հայ փակ գյուղում մի պահ մի շող է խփվում. իր ժամանակների ասկետիկ ժուժկալությունը պատկերացրու հապա մի, երբ փակ հայ կինը, բողոքի պես, մի անգամ բացվում է: Լկտի ու ցինիկ մեր այսօրվա աշխարհում ես բոլորովին հակառակն էի արել:
– «Մենք ենք, մեր սարերը» լավ ֆիլմից հետո ասպարեզ իջավ «Աշնան արևը», հետո՝ «Տերը», որի առաջաբանում (ամսագրային տարբերակ) Բազազ Արտեմի առջև կանգնած Համբոյի նման խնդրում-աղաչում-շատ ուզում եք, որ դա էլ չփչացնեն. ինչպե՞ս եք ընդունում նման աղավաղումները (չնայած լսել եմ, որ հիացած եք «Աշնան արև» ներկայացմամբ):
– Չէ՛, հիացած չեմ, վկաներ-բաներ ունեմ:
– Իսկ ինչո՞ւ նախօրոք այդ աշխատանքներին չեք հետևում, թեկուզ, ասենք, գնայիք նկարահանման հրապարակ, մի նայեիք, մի ուսները թփթփացնեիք, բաներ հուշեիք, եթե հարկ լիներ, հենց տեղում էլ նեղանայիք ու նեղացնեիք:
– Մարդկանց վիրավորելը հեշտ չէ: Հանդիպումներից մեկի ժամանակ հարցրել են, թե թերությունս ո՞րն եմ համարում, ասել եմ՝ ներողամտությունը: Այո՛, պիտի նեղանայի ու նեղացնեի: Չեմ արել ու ամեն անգամ քթերիցս է եկել: Մյուս կողմից էլ՝ անհնար է: «Չեխերենիդ ինչո՞ւ չես հսկում», «ռուսերենիդ ինչո՞ւ չես հսկում», «ֆիլմիդ գլխին ինչո՞ւ չես կանգնած»... Վերջին հաշվով դա նրանց գործն է՝ ռեժիսորի, թարգմանչի՝ քո գործի նոր տերերի:
Գործ ես անում՝ արա:
– Պլատոնով, Պաստեռնակ, Դուդինցև, Այթմատով... Ընթերցողական և քննադատական լավագույն միտքը նրանցով է զբաղված: Ես տեսնում եմ, որ Ձեզ գրեթե չեն հիշում: Նացիոնալիստ իմ սերնդակիցների բերանով ասում եմ, որ Ձեր արձակի տեսակը մենք սիրում և շատ բարձր ենք գնահատում: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում միութենական այդպիսի մոռացումներին:
– Միութենական հրապարակը գիտի հանիրավի մոռացության տալ և ապա նույնքան հանիրավի պանծացնել: Այդուհանդերձ իմ վիճակը միութենական գրական ընտանիքում այնքան էլ վատ չէ, անմխիթարը ամբողջ հայ գրականության վիճակն է: Եթե, ասենք, Սահյանի, Դավոյանի, Աղասի Այվազյանի և դարձյալ մի քանիսի անշուշտ մեծարժեք ստեղծագործության վերաբերյալ մենք դեռ կարող էինք վերապահումներ ունենալ, ապա անվերապահ մի կամ երկու մեծություն ունենք, որ քո այդ հրապարակում չկան՝ Չարենց, Բակունց: Նշանակում է միութենական հրապարակ ասածդ հասկացությունը որպես այդպիսին չկա, կա ռուսալեզու գրականության հրապարակ, որի օրինական տերերը թվարկածդ հեղինակներն են: Փառասիրությունս անպայման շոյված էր լինելու, եթե իրենց յուրայինների հետ հավասարապես և իմ անունը հոլովվեր, ինչ-որ անգո, վերազգային, վերհայկական դասականի հովեր առած էի լինելու, բայց հուսամ, որ երբեք էլ չպիտի մոռանայի, որ դա «Սպլատիլա նավեկի վելիկայա Ռուս» կարգախոսի իրացման նշաններից է:
– «Քաղցը ղեկավարում է աշխարհը»,– ասում է Սոլժենիցինը. մեր զրույցի ամբողջ ընթացքում իրեն տեսցրեց և չտեսցնելով չկորավ Ձեր սերնդի սոված (իր բոլոր նշանակություններով) լինելու հանգամանքը: Մենք՝ մեր սերունդը, այնպես կուշտ ենք:
– Ես իմ քաղցի զգացողությունը չպիտի կորցնեմ, Սոլժենիցինը շարունակության մեջ ասում է, որ քաղցը ղեկավարում է բոլոր քաղցածներին, թե քաղցածը գիտակցորեն չի որոշում մեռնել: Որովհետև դավերով լեցուն այս աշխարհում ամեն վայրկյան կարող են քո, որպես ջրի տակ իջած ջրսուզակի, խողովակը փակել, խեղդել-չխեղդելով քեզ իրենց երախտապարտ պահել, քեզ իրենց ոտքին կապած հավատարիմ շուն պահել, որպեսզի քո զանգվածից այն թափեն, ինչ իրենք են ուզում, քեզ կոխեն այն վաշտը, որ իրենց ղրկած ուղղությամբ է գնում: Եվ ուրեմն՝ դու պիտի այս հողի վրա կանգնած բազմաշնորհ այն մարդը լինես, լինես այն մարդ-պետությունը, ինչպիսին իմ պապն էր, ես ջղուտ այդ կերպարն եմ ընտրելու: Այս երկրաշարժը, թաթարների այս մշտակա ագրեսիան մեր թույլ, մեր անջիլ հաջորդներին այսօր կանգնեցրել է ծանր խնդրի առաջ: Հայրենիք-Հայաստանը ինձ տվել է իմ ապրած 100 լավ օրի 99 օրը, և հիմա աշխարհի թշնամական կամ խեթ վերաբերմունքը իմ ժառանգներին հետ է մղում դեպի այդ հայրենիքը, և նա նույնպես իր լավ շատ օրերը հայրենիքի վրա է ապրելու:
– Ձեր գրականությունը կարծես մեր սերնդի կարգին տղերքի ճամփեն փակեց, ինքներդ թռիչք արեցիք և թռիչքի մեծ սահմանագիծ թողեցիք հաջորդներին: Երբ զգում եք, որ Ձեզնից հետո դժվար է նրանց համար ստեղծագործելը, ի՞նչ եք անում: Սիրո՞ւմ եք նոր սերնդին:
– Հարցիդ իմաստը չեմ հասկանում: Ինձանից հետո եկածների համար ինչո՞ւ էր ստեղծելը դժվար լինելու: Եթե վատ գրող եմ՝ ուրեմն «անշուն գեղ են ընկել՝ թող անփետ ման գան», իսկ եթե լավ գրող եմ... Տերյանից, Բակունցից, Չարենցից, Սահյանից հետո գրելն ինձ համար հե՞շտ էր լինելու, թե՞ դժվար՝ միայն հեշտ: Մենք ինչքան բուն կյանքի, նույնքան էլ մեր նախորդների ծնունդն ենք:
Գնահատականի ու սիրո մասին. Տերյանին իր հասակակից աղջիկներն ու տղաները գնահատեցին, Թումանյանին՝ նույնպես: Գրողին եթե իր սերնդակիցը գնահատեց ու գուրգուրանքով տվեց հաջորդին, նշանակում է ճշմարիտ արժեքը գտնվել է: Արդար պիտի լիներ, եթե նոր սերնդի տաղանդը հենց նոր սերնդի քննադատ-ընթերցողը գնահատեր:
– Բայց տեսեք, որ մեր երիտասարդները, Տերյանն էլ նրանց հետ, Թումանյանի դուռն են գնացել, Իսահակյանի մոտ Չարենցն է ելել-գնացել ու ասել՝ բա՜, եկել եմ:
– Բայց Տերյանի հմայքը Թումանյա՞նն է նշել, Տերյանի մեծությունը Թումանյանի՞ տված չափով է չափվում: Թումանյանը միայն չի խանգարել Տերյանի վերելքին: Աչքերս ու ականջներս բաց՝ նոր սերնդի մեջ ես Աղասի Այվազյան եմ փնտրում, բայց դուք եք նրան մատնանշելու:
– Զուտ կանացի հարց. ես չեմ ասում, ուրիշներն են ասում, թե Աղունը՝ մեր Աղունն է (իմա՝ ամենաուժեղ կանացի կերպարը հայ գրականության մեջ), ապրի Աղունի ու նրա ստեղծողի արևը, բայց որ մի քիչ էլ դենն ենք նայում, տեսնում ենք լոբուտում Սոնային՝ Սիմոնի գրկում, Մարիամին՝ Անդրոյի հետ, Մուրադենց էն հարսին էլ քարանձավում՝ Ռոստոմի կողքին (՞), լաչառ Շուշանին... պատկերները կրկնվում են. Աստծո պատվիրանը (մի՛ շնանար) այս կետում խախտվում է մեր աչքի առաջ, բայց Ձեր գրչից Ձեր ավանդական մարդասիրությունն է ծորում: Աղունը, մեր մյուս կանայք կարդում, մեկ ասում են՝ կպատահի, երկու՝ վա՛յ թե, երրորդ՝ յա՜: Ինչպե՞ս եք վերաբերվում և ստեղծում այդ կերպարները:
– Ես իմ ժամանակի վավերագրողն եմ, իմ մոր ժամանակի վավերագրողը: «Նրանք հունձ էին անում, եզան հետ լուծ էին քաշում, իրենց տղաների թիկունքին, հայրերի տեղ, եղբոր նման կանգնած էին»: Երբեմն իրենք էին իրենց բաժին սերը գողանում, երբեմն էլ ես եմ մարդկային պարգև ընծայում նրանց լոբուտներում, շոգ օգոստոսների մեջ: Պիտի ուզենայի իմ ողջ գործը մի կույր ուխտագնացություն լիներ առ իրենց մեղսավոր-անմեղ ոտը, քանի որ մենք «Դավիթ», «Նարեկ», Կոմիտաս, Թումանյան ենք ստեղծել, բայց հայոց պատմության ամենամեծ ստեղծագործությունը հայ կինն է՝ աղջնակը, գաղթի ճանապարհի տատիկը, իրենց շքեղ մենատների տիրուհիները... Տեղին պիտի լիներ, եթե այսօր մենք «Մեր մայրերը» խորագրով ընտրանի ունենայինք՝ հայ արձակի ընտրանին հայ կնոջ մասին: Այո՛, մի երկու կերպար ես ստեղծել եմ, մի երկուսն էլ պիտի ստեղծեմ...
– Անվերջ կարելի է զրուցել գրականության շուրջ, բայց մեր այս օրը մեզ ձեռով է անում, և նրա պարտադրանքը վաղվա նկատմամբ հայրական վերաբերմունք ունենալն է: Հա՞րկ է արդյոք անընդհատ թշնամի տեսնել հանձին ադրբեջանական ժողովրդի: Հիշո՞ւմ եք Սոլժենիցինի մոտ. ստեղծված անելք վիճակից չեչեններին հանում է նրանց ուժեղ պահող, պապերի-սարերի օրենքը:
Կենտրոնը երբեք ի զորու չէ լուծելու մեր հարցը, և մենք մեր երկու ժողովուրդների սարերի-պապերի իմաստնությամբ առաջնորդվելով պետք է կարողանանք այն լուծել:
– Այո. հանդուգն մարդիկ են մեզանից ելնելու ապագա, Կովկասյան ֆեդերացիա պիտի տեսնենք, վաղվա Եվրոպոլիս քաղաքը (աստվածահայհոյություն չլինի և այս իրականության դեմ աչքերը փակել չլինի), երեկվա մեր Ջուղա քաղաքում ենք տեսնելու, այնտեղ էլ մի խաղատուն և կուշտ ու կռուզ մեր ջղային տիպերը՝ հայ, թուրք ու պարսիկ, նստել փոքեր են խաղում: Միասին պիտի ապրենք: Նիագարա՝ Ամերիկայի և Կանադայի սահմանի վրա կանադական զորավարի արձան է կանգնած, որ ջախջախել է ամերիկյան բանակը, իսկ այսօր ավելի համակիր երկրներ չես գտնի, քան Ամերիկան ու Կանադան:
Բայց մեզ համար այդ ամենը՝ վաղը: Իսկ հիմա գիշեր է, և քանի դեռ մեր արևը չի բարձրացել՝ «բիր-իքի, Կավկազ բիզիմքի» բորենիական կաղկանձ (թաթարների մարշն է, ասում է Կովկասն իրենցն է, թշնամին հայն է), հայակերություն, դավաճանություն մարդկային համակեցության տարրական կանոնին: Եվ այդ ամենը՝ վռազ-վռազ, թաթարավարի, ամենուր ու ամեն օր, երբ արևը բարձրանա՝ գոնե Կովկասում մենք չպիտի լինենք: Անասնապահից մինչև քաղաքագետ՝ իրենք տիրակալության հոգեվարքով են տապակվում, մենք՝ մեր ֆիզիկական փրկության մարդկային հույսով, իրենք մեր չլինելն են ուզում: Դիմանալ ու դիմակայել է պետք: Եվ եթե բարեկամության կամ բարիդրացիության ձեռք երբևէ պիտի մեկնվի՝ իրենք են մեկնելու: Բայց ես մեզանում չեմ տեսնում որևէ մեկին, որ կարողանա այդ ձեռքը բռնել: Որովհետև այդ ձեռքը հաճախ, շատ հաճախ է խուժում հայոց իմ ապագա և եթե անգամ այդ ապագայի մեջ՝ իմ նախնու և հաջորդի տանը չի զորում ավերել շատ բան, ապա շատից էլ շատ գոնե աղտոտում ու պղտորում, պղտորում ու աղտոտում է:
Հարցազրույցը վարեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ
«Ավանգարդ», 16.03.1990 թ.

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Концерт для виолончели
Арно Бабаджанян

Концерт для виолончели

Свежий лаваш
Свежий лаваш
Играть онлайн