Грант Матевосян
Աշնան արև
Աշնան երեկոյի մեջ ինքը ջրից գալիս էր։ Դույլերը ծանր էին,
ինքը դեռ աղջնակ էր, հազիվ աղջիկ էր. դույլերը բերում֊բերում ու
ցած էր դնում։ Տատը գլխին շալ էր փաթաթել, թևերի տակով
տարել ու մեջքի վրա կապել էր, ինքը գյուղական տիկնիկի նման էր։
Բարակ զգեստը չէր տաքացնում, սառն էր, դույլերը ծանր էին, բայց
իր մեջ թաքուն մի ուրախություն կար, և այդ ուրախության
պատճառը Արզումանյանների տղան էր, որ հեծանվով պտտվում էր
իր շուրջը, քշած առաջ էր ընկնում, գնում հեռանում էր, գալիս
պտտվում էր իր շուրջը, ետ էր ընկնում և դարձյալ գալիս պտտվում։
Երեկոն մի տեսակ խուլ էր, ուրիշ ձայներ չկային, միայն հեծանվի
թույլ խշշոցն էր ու հեծանվի աղոտ լույսը։ Դեռ չէր մթնել, հեծանվի
լապտերը լուսավորում էր միայն ինքը իրեն, բայց Արզումանովների
տղան ուզում էր աղջնակին դուր գալ և լապտերը վառել էր, և
աղջնակին դուր էր գալիս, աղջնակի մեջ կանացիական ինչ-որ
ուրախություն կար։ ճանապարհի երկու կողմում այգիների
ցանկապատերն էին, ճանապարհը դատարկ էր, միայն իրենք էին,
ապա հեռու կեռմանում ճանապարհ ելավ ու օրորվելով եկավ իր
խմած եղբայրը։ Այդ ժամանակ իրենք հասել էին իրենց բակի
դռնակին, և Արզումանովների տղան պտույտից դուրս նետվեց ու
սլացավ դեպի ճանապարհի հեռուները, իսկ ինքը մտավ բակ։
Ինքը բակ մտավ սագը գրկած փոքր եղբայրը մեծ եղբոր
ետևից էր ընկել, և մեծ եղբայրը սարսափած փախչում ու պտտվում
էր ծառերի արանքում, ուզում էր մոր մոտ վազել, բայց մոր մոտ
օտար մարդիկ կային, ամոթ էր։ Նրանց մայրը և իր մերացուն
բակում կանգնած էր ձեռները կրծքին խաչած՝ իր հորաքրոջ
բացճակատ պայծառ Ներսեսի և անծանոթ մի մեծագլխի դեմ, որը
ճիպոտի ծայրով խաղում էր կոշիկի քթի հետ, սև էր, ամաչկոտ ու
տգեղ։ Իր հորաքրոջ տղային ինքը սիրում էր, դույլերն ինքը ցած
դրեց ու գնաց ձեռքով բարևեց, հետո ձեռք էր մեկնում սևագլուխ
տգեղին և այդ ժամանակ հասկացավ, որ Ներսեսը նրան ուրիշ
նպատակով է բերել։ Ինքը պաղեց մնաց ու ատեց Ներսեսին, և այդ
ժամանակ բակի դուռը ետ խփվեց ու բակ մտավ իր Ոսկան խմած
եղբայրը, և ինքը նրա մոտով բակից դուրս նետվեց, վազեց տատի
տուն։ Հեծանիվը քշած՝ իրեն ետուառաջ էր անում Արզումանյանների տղան, բայց ինքը նրան տեսնում ու չէր հասկանում։
Ինքը տատի գոգն ընկավ, իրեն թաքցրեց տատի գոգում, և իր
միակ թաքստոցը տատի գոգն էր։ Ինքը հիշում է՝ որ ինքն ասում էր.
«Մեծագլո՜ւխ, սև՛, գե՛շ»։ Ինքը թաղվել էր տատի գոգում, ինքն
ուզում էր չքանալ տատի փեշերի մեջ, ինքն ահա–ահա կորչում էր
տատի գոգում։
Գե՛շ... սև՛... մեծագլո՛ւխ... խե՛ղճ...
Հետո, տատը երգ էր լացում ու իր մազը սանրում էր, և այդպես
առանց շալի ու մի շորով՝ ինքը բարակ աղջիկ էր, մի տարվա շիվի
պես, և տատի երգը անտառում լքված որբի մասին էր. «Պախրեն
կգա ծիծ կտա՜»։ «Պախրեն կգա ծիծ կտա՜ա»։ «Պախրեն կգա ծիծ
կտա՜աա»։
Քամին կգա օրոր կանի... նանի, որբուկ ջան, նանի... Պախրեն
կգա ծիծ կտա։
«Պախրեն կգա ծիծ կտա», երգում էր տատը և իր մազը
սանրում, իսկ բաց դռան մեջ կանգնել էր Արզումանյանների տղան
և նայում ու աչքերը թարթում էր։
Մերացուն ափսոսում էր ժակետն իրեն տալ. գլուխը պահարան
էր կոխել, Իշխանի հարուստ տանը մի ժակետ էր ջոկել, թաքուն
շուռումուռ էր տալիս ժակետը, հետո արդեն բացեիբաց էր
համեմատում ժակետը աղջկա հետ և ժակետն ափսոսում էր։
Ոսկան հարբած եղբայրը այգու ծառը բռնած անշարժ Էր,
որովհետև եթե շարժվեր՝ կընկներ։ Իշխան հայրը թախտին աչքը մի
րոպե կպցրել Էր, որպեսզի քիչ հետո վրա ընկներ մի որևէ գործի, և
փոքր եղբայրը կարողացավ հոր գրպանից մի բան թռցնել, դա երևի
փող էր, որի կեսն իր համար ծոցում թե որտեղ թաքցրեց, իսկ կեսը
բռան մեջ պահած՝ մորից թաքուն ուզում էր քրոջը տալ տան մեջ
կատվի պես դեսուդեն էր սահում, կարողացավ իբր մորից թաքան
կողքով անցնելու պես քսվել քրոջը, բայց նրա մերը և իր մերացուն
տեսել էր, եկավ խլելու նրա ձեռքից, բայց նա սեղանի տակով դուրս
պրծավ տնից։ Մի բան Էլ երևի նրանց միջի խեղճն ու խղճավորն Էր
ուզում քրոջը տալ՝ վախլուկ եղբայրը, որ վիզը ծռած մի կողմ էր
քաշվել և մորից վախենում Էր։ Իշխան հայրը օձի կծածի պես վեր
թռավ որևէ գործ գտնելու և անցնելու հետ ժակետի մասին կնոջը
բան ասավ. «Տուր, տուր, տուր, տուր, այտա, ափսոս չի, տուր». և
տնից ելնելու հետ իր կողքով անցնելիս բան ասավ մեծագլուխ
տգեղ տղայի մասին, որ դրսի թախտին նստած ճիպոտի ծայրով
խաղում էր կոշիկի քթի հետ, «Տղեն լավ տղա է... խելոք, աշխատող... խմող չի»։
Այտա՜։
Տուր, տուր, տուր, ափսոս չի, տուր, այտա։
Մերացուն ժակետը բերեց չափեց իր վրա, ասաց. «Ափսոս չի,
հագիր, ցուրտ է»։
Հեքի, ցյուրտ ա, էփսոս չի։
Բակից թե այգուց եկավ Իշխան հոր ձայնը. «Ուշանում եք,
այտա, գնացքի ժամն անց է կենում», բայց ինքն ու մեծագլուխ
տգեղը՝ Սիմոնը, մանավանդ ինքը, պատշգամբում անշարժ
կանգնած էին, և իր մեջ արդեն֊արդեն համարձակություն էր
հավաքվում, իր վրա արդեն֊արդեն լեզու էր գալիս ասելու, որ այդ
հարուստ տնից այդպես տկլոր ինքը չի գնա, որ այդ գորգը, այդ
գորգերը... այդ բարձերը, այդ տաք անկողինները... այդ մաքրությունը... բակում ծանրումեծ նստած այդ կովերը... և մանավանդ
այդ գորգերն ու նրանց մեջ մանավանդ մեկը... Եվ այդ ժամանակ
այգու ծառից պոկվեց ու հարբած թափով եկավ Ոսկան եղբայրը.–
Տասնհինգ տարեկան է, էդ ում քվերն ես մարդի տալիս, դարպասեցի,– բայց պատշգամբի աստիճաններին ընկավ ու այդպես էլ
քնեց։
Ինքը նայեց Սիմոնին, և Սիմոնը կանգնեց։ Ինքը նայեց, և
Սիմոնը շտկվեց։ Շտկվեց ու այդ ցուրտ իրիկվա մեջ այդ դառը
աշխարհում կուլ տվեց թուքը, և իրենք քայլ դրին իջնելու Իշխանի
պատշգամբից՝ որպեսզի այլևս, ոչ մի անգամ ետ չնայեն դեպի այդ
հարուստ, մաքուր ու կծծի տունը, ուր ամեն ինչ կար, բացի սրտի
թեթևությունից։
Ներսեսը հետնե՞րն էր, հետնե՞րը չէր. գոմի դռանը Իշխանին
կարծես օգնում էր կամ կանգնած էր գործ անող Իշխանի մոտ, բայց
հետո մեկ էլ երևաց կայարանում՝ կաշվե սև բաճկոնը հագին,
քաղաքային իր ընկերների հետ, և նա շատ վստահ էր, և Սիմոնը
նրա մոտ շատ էր խեղճ, և ինքը Սիմոնից մի րոպե զզվեց ու ետ
քաշվեց, բայց մյուս րոպեին ատեց Ներսեսին և Սիմոնին խղճաց։
Կայարան իջնելիս գերեզմանոցի տակ ինքը կանգ առավ, նայեց
Սիմոնին, նայեց դեպի գերեզմանոց և ծնկեց ու կռացավ։
Ոչ, լացը մեզ համար չի։
Ինքը նայեց դեպի գերեզմանոց, նայեց Սիմոնին, և հիմա ինքը
հիշում է, որ ինքն ասաց. «Իմ լույս մերը...»։ Եվ Սիմոնը գլուխը շրջեց
ու թուքը կուլ տվեց, և ինքը հիշում է, որ ինքն ասաց. «Կապրենք»։
Բայց այդ մարդու մեջ ապրելու և հաղթելու կամք չկար, և ինքը
խփվեց գետնին, ծեծեց գետինը ու հեծկլտաց. «Իմ լույս մոր գոտին
թշնամու տանը մնաց... Իմ մոր արծաթե գոտին թշնամու տանը
մնաց... Իմ մոր գորգը... Իմ լույս մոր կարմիր պախրա գորգը... Իմ
մոր ոսկի սիրամարգ կարպետը... Իմ մոր շարմաղ ձեռի ապա-
րանջանը»։ Բայց միայն ինքն էր մղկտում, աշխարհը խուլ էր,
գետինը չոր էր և ցուրտ էր։
Ցուրտ էր նաև կայարանում։ Բայց ցուրտ էր միայն իր ու
Սիմոնի համար։ Մաքուր ու տաք հագնված տղամարդիկ փափուկ
նայելով հանգիստ անցնում էին, գարեջուր էին խմում, ժողովրդի
մեջ երևաց վստահ ու գոհ Ներսեսը, որ քաղաքային իր ընկերների
հետ զբոսնում էր և իրենց բանի տեղ դրեց, չարհամարհեց - ուսի
վրայով ասաց. «Գործկոմի հետ գործ ունեմ, դուք գնացեք, ես էգուց
կգամ»։ Ինքը Սիմոնին ասաց. «Գնա դու էլ պիվա խմիր»։ Բայց նա
չորացել մնացել էր։ Հետո ինքն ասաց. «Արի էստեղ ապրենք, դու
երկաթգծում կաշխատես, ես էլ էստեղ՝ հավաքարար», բայց նա
չորացել մնացել էր, նա չէր սազում այդ քաղաքին և վախենում էր
այդ քաղաքից։ Իրենք պատի ետևը մտան, այդտեղ մի քիչ տաք էր,
և մնացին այդպես շշմած, հետո ինքը տեսավ, որ իրենք կանգնած
են լուսավոր, առատ խանութի պատուհանի մոտ և ինքը նայում է
դարսած կտորներին ու հագուստին։ Սիմոնն իրենից շուտ էր
հասկացել, որ ինքը տակի շոր չունի, մրսում ու նայում է խանութի
հենց այդ շորերին։ Իրենք ներս մտան և կանգնեցին այդ շորերի
դեմ։ Հետո ինքը տեսավ, որ Սիմոնն ամաչում է իր մեծ բռան
կոպեկներից, որովհետև դրանք վայ թե քիչ էին։ Եվ իր համար այդ
պահի Սիմոնը միշտ եղել է գեղեցիկ և խեղճ ու սիրելի։ Եվ՝ այդ
պահի ինքը։ Եվ՝ այդ պահի իրենք՝ Աղունն ու Սիմոնը միասին։
Սիմոնը հարազատ ու գեղեցիկ էր նաև երևի այն ժամանակ, երբ
պատի անկյունում պահակ էր կանգնել, որպեսզի ինքը պատի
ետևում հագնի այդ շորը, բայց երբ ինքը դուրս եկավ պատի ետևից՝
Սիմոնը կանգնած էր թիկունքը լայն, և լայն նրա թիկունքն ու բարձր
ուսերը իրեն շատ դուր եկան։ Այդ ցրտից հետո հիմա այդ շորը
հագած՝ ինքը սրսփաց ու եկավ մտավ նրա թևը, և Սիմոնը
պարանոցը դանդաղ ոլորեց ու նայեց իրեն, և այնքան ջերմ
մարդկայնություն կար այդ կոշտ գյուղացու դեմքին։
Հետո իրենք գալիս էին սրանց գյուղի երկար ճանապարհը, և
ինքն այդ գյուղացի տղային հարազատ էր զգում անընդհատ երբ
ինքը գալիս էր երեխայի պես նրա ետևից և երբ գալիս էր համարյա
թե կնոջ պես նրա հետ կողք-կողքի։ Եվ ինքն անընդհատ ասում էր.
«Ես որբ եմ, մեր չունեմ»։ Այո, Ես որբ եմ, մեր չունեմ։ «Իմ հոր
թշնամին ասում է իմ մորը իմ հերն է սպանել, բայց իմ տատն ասում
է տիֆի տարին արնով է ընկել։ Ուրիշներն ասում են իմ հերն է խփել
արնով գցել»։ Ինքը մի անգամ ասաց. «Ետ դառնանք քաղաքում
ապրենք։ Գնանք Թիֆլիս, Երևան գնանք, քաղաքում ապրենք։
Արզումանյանը հասել է Մոսկվա, գնանք Մոսկվա ապրենք»։ Հետո
երեխայի պես հարցրեց. «Մոսկվան շա՞տ է հեռու»։ Մնացած
ժամանակ ինքն անընդհատ ասում էր, «Ես մեր չունեմ, իմ հերն իմ
մորն սպանել է»։ Սիմոնը ճանապարհից դուրս եկավ, և ինքը
տեսավ, որ սրանց երկիրը սիրուն է։ Սիմոնն ուրիշ բանի էր թեքվել.
Սիմոնը տրեխներն ուրեմն ճանապարհին թփի մեջ պահած էր եղել,
հիմա թփի տակից գտավ տրեխները, հագավ, իսկ կոշիկները հանեց
ու թևի տակ առավ։ «Ցավեցնո՞ւմ են», հարցրեց ինքը, բայց
ցավեցնելու֊չցավեցնելու համար չէին փոխվել կոշիկները տրեխներով, դրանք նրանց տան բոլոր տղամարդկանց կոշիկներն էին։
«Ադամ ախպորն են,– ասաց Սիմոնը։– Աբել ապնինն են։ Քաղաք
գնալու մեր կոշիկն է»։ «Բոլորդ էլ է՞դ եք հագնում», ասաց ինքը, և
Սիմոնը միամիտ–միամիտ ասաց. «Չէ, Ակոփի ոտին մեծ են, Ակոփը
դեռ չի հագնում»։ Եվ հուզիչ ու սպանիչ մի բան կար այդ ամենի մեջ,
և իր բուկը խցվեց։ Ոչ, ձորով ազատ ու գեղեցիկ գնացք էր գալիս
ազատ ծղրտոցով, երկաթե հզոր էլեկտրասյուները ցատկում էին
ձորի վրայով է՜ն սարի գլուխը, ազատ արծիվը ձորերի վրա ճախրում էր էս մե՜ծ, ազատ աշխարհում, իսկ Սիմոնը արծվի, գնացքի ու
էլեկտրասյուների դեմ նստած տնքտնքում էր տրեխակապերի վրա,
և իր լացն ու զզվանքը եկավ։
Նա ամենուր ու ամենքի մեջ է բոլորից այդպես խեղճ։ Նա
այդպես խեղճ էր այդ նույն ճանապարհով ճակատ գնալիս, այդպես
խեղճ էր պատերազմից ողջ-առողջ դառնալիս, այդպես խեղճ է իր
հորանց տանը, բայց ուրիշ ոչ մի անգամ ոչ մի տեղ նա այդպես
մեռնելու պես խեղճ չի եղել, ինչպես այն երեկո, երբ իրենք բացեցին
նրա հորանց դուռը։
Առաջին մեծ խումբը ռազմաճակատ գնաց երգով֊նվագով։
Իրենք՝ տղերքն էին նվագում֊երգում։ Հետո իրենց դհոլ֊դուդուկը
նրանք կանանց տվեցին, իրենք շարքի կանգնեցին, շրխկան քայլով
գնացին, և կանայք հիմա նստոտած էին նրանց դհոլ–դուդուկը
ձեռքներին ու դեռ նրանց երգի մեջ. «Տանում են, ադե ջան տանում
ե՜ն»։ Քսան տղամարդ էր բանակ գնում, և այդքանի մեջ ամենախեղճը Սիմոնն էր։ Օսեփանց մեր Եսայու Ակոփը մնում-մնում,
Ածխոտենց խեղճ Վասոյի Թմփլո Վերգուշին ասում էր. «Լեմեցն էս է
վրա տված գալիս է, ախչի, էդ անտեր լավ տեղերդ էդ ում համար ես
պահում» և ուզվոր երեխայի պես վիզը ծռած ձեռը դեմ էր անում, և
նորից, «Ախչի, զոհվելու եմ, անտեր տեղերիդ կարոտ եմ զոհվելու»
և համարյա թե հրում էր ճանապարհի տակ, դեպի քարի ետևը, և
վերջում. «Բեռլինը գրավել պտեմ, լեմեցի մի սիրուն աղջիկ պտեմ
ուզիլ ու տնփեսա մնալ - կարոտիցս դե ցամաքիր», իսկ Վերգուշի
խեղճ Վասոն. «Արա, էս վայ թե ճիշտ է ուզում, հա... Իմացիր, Ակոփ,
հրացան տվին՝ առաջինը քեզ եմ ևըս անելու», և Վրացոնց
Ղևանտը. «Ձեններըդ կտրեք, անբառոյական»։
Վասոյի Վերգուշը բարի, միամիտ, սիրով լիքը գոյություն էր։
Հաստլիկ էր, գնում էր մի տեսակ կիսան առ կիսան և ժպտում էր
Ակոփի ասածների վրա, ժպտաց ամուսնու ասածի վրա։ Նա հետո,
կալում, երբ փոստի Գուհարը բերեց առաջին զոհի լուրը, նա՝ միայն
նա կաղկանձեց ու փլվեց, իրենք միայն մոլորվեցին ու լռիկ լաց
եղան, իսկ նա հեծկլտաց ու ծնկների վրա փուլ եկավ։ Դա հետո էր։
Հիմա իրենք ամուսիններին բանակ էին ճամփում, և բոլորի մեջ
ամենախեղճը Սիմոնն էր։ Մեկը երգում էր, մեկը՝ նվագում, մյուսը մի
սրախոսություն էր անում ու բոլորին ծիծաղեցնում, իսկ Սիմոնն
ասաց մի տեսակ սրտնեղած ու անտեղի. «Անտերը, ի՜նչ էլ ցանել
ենք... էս խեղճ աղջկերքը ոնց են հավաքելու»։ Խոսքը այդ տարվա
հացի մասին էր, արտամիջով վաղուց էին անցել, հիմա անտառում
հաճարենու դեմ խմբված արդեն բաժանվում էին, և Սիմոնի
խոսքին ուշք չդարձրին, միայն Վրացոնց Ալեքսին Սիմոնի գլխարկը
ճակատին քաշեց, և Սիմոնն այնքան էր խեղճ, որ ինքը երեսը շուռ
տվեց։ ճանապարհին, երբ դեռ արտամիջում էին, ով էր, մեկն զգաց
Օսեփանց մեր Մանթոյի բացակայությունը և ասաց այդ մասին
(«Մանթո, էստեղ ե՞ս... Մանթոն էլ էր լինելու, էս ո՞նց է»), և լռությունից հետո նիհար ու երկարավիզ Հայկազն ասաց կարծես
կատակով, բայց դառը. «Արանքը ճղած կլինի»։ Բաց նա «արանքը
չէր ճղել». երբ հասան մեծ հաճարենուն՝ նա կանգնած էր դանակը
ձեռքին և գնացող իրենց բոլորի անունը գրել էր ծառին. վերից վար
գրել էր իրենց անունները, և Սիմոնի անունը ամենավերջում էր, և
Սիմոնն այդտեղ էլ ամենաետինն էր։ Խումբը կանգնել նայում էր իր
անուններին, Մարգարենց բոլորովին անգրագետ Մամբրեն
հարցրեց՝ թե որն է իր անունը, ցույց տվեցին, հետո լուռ նայում էին
իրենց անուններին, և մի տեսակ խորհրդավոր ու գերեզմանային էր,
չնայած Վրացոնց Ղևանտը գովեց Մանթոյի արարքը. «Ապռես...
թող մեռ անունը...»։ «Դիվիզիա, ստանավի՜ս», կարծես կատակով,
բայց իրականում շատ լուրջ հրահանգեց Վրացոնց Ղևանտը, և
տզերքը շարվեցին, շարք չէին մտել միայն ինքը՝ Ղևանտը, Ներսեսը
և մեկ էլ Սիմոնը։ Ներսեսն ու Ղևանտը՝ որովհետև նրանց միջև
ղեկավարությունը խլելու մրցում կար և այստեղ էլ եղավ, և
Ներսեսը ի վերջո կարողացավ Ղևանտին շարք մտցնել և բարձրաքիթ ու ուժեղ՝ հրամայել իր զնգուն քթախոսությամբ. «Ծմակուտի
գունդ, լսիր իմ հրամանը, Ծմակուտից Բեռլին քայլո՜վ մա՛րշ»։ Իսկ
Սիմոնը շարք չէր մտել, որովհետև տնքտնքում էր հագի կոշիկը
տրեխով փոխելու վրա։ «Սիմոն, շուտ արա, է», ասաց Ղևանտը, իսկ
Սիմոնը սրտնեղում էր սրտնեղում էր տրեխների վրա, նրանց այդ
խեղճ թատրոնի, գալիք ծանր նեղությունների վրա։ «Այտա,
տավարը ջարդվելու է, տավարը, էս ժողովրդին առանց խոտի ենք
թողնում»։ «Կարևոր ֆրոնտը ներկայումս գեռմանացին է, տավառը
չի», արդեն շարքի գլխից՝ ասաց Ղևանտը։ Սիմոնը կցվեց շարքի
պոչին, և նրա գլխարկը դեռ ծուռ էր, և Ներսեսն զգուշացրեց՝
«Սիմոն, գլխարկդ», և Սիմոնը դեռ սրտնեղում էր, իսկ Ներսեսն
արդեն շարքը ձգել, բանակայնորեն զգաստացրել էր, երբ Ակոփը
դարձյալ, հիմա բերանի լուռ շարժումով, ձեռքը դեմ արեց
Վերգուշին, հետո նրանք գնացին, և կանայք կանգնած էին նրանց
թողած երգի մեջ՝ նրանց անունների առաջ, և Ներսեսի չորուկ
Նունիկը ձգվեց, հեծկլտաց, երեսը վար բերեց ու ինքն իր վրա
ծալվեց. «Վո՜ւյ, տղերանցը կըտորիլ տեն... տղերանցը ջարդիլ տեն,
վո՜ւյ»։ «Ձե՛նդ, ասաց Ղևանտի կուսակցական Մայան,–– սո՛ւս։
Լաչառ։ Կախարդ։ Ձե՛նդ»։
Մայան այդպես զուսպ ու հաստատ էր նաև կալում, երբ փոստի
Գուհարը ծղրտուն ուրախությամբ հեռվի լույս բլուրից կանչեց.
«Աղո՜ւն, աչքալուսանք ունես, Աղո՜ւն, Հովիտը կանչում Է հեռախոսի
մո՜տ, կանչում Է հեռախոսի մոտ», նա՝ Ղևանտի Մայան, զուսպ
խլրտաց եղանը ձեռքին, զուսպ ժպտաց և մի թեթև հրեց իր կողը.
«Սիմոնդ եկավ, վազիր»։ Սիմոնն այդ ժամանակ Էլ իր պես՝
տրեխակապերի վրա չարչարվելու պես նստած Էր հաճարենու տակ
տղերանց անունների դեմ ու տնքում ու կուչ Էր զալիս։ «Վրացոնց
Ղևանտը եկե՞լ է», հաճարենու դեմ նստած՝ հարցրեց Սիմոնը, և
Վրացոնց Ղևանտը խփվել Էր, և Սիմոնը բկի ադամախնձորը կուլ
տվեց, լռեց և ապա հարցրեց, «Ներսեսը եկե՞լ է», բայց Ներսեսը
խփվել էր, և Սիմոնը թուքը կուլ տվեց, դառը նայեց և ասաց Ակոփի
մասին. «Մեր Ակոփը», բայց դեռ Ակոփն էլ չէր եկել, «Ադամ ախպերը», բայց Ադամ հորեղբորից լուր չկար, և դրանից հետո
անվանապես ոչ մեկի մասին Սիմոնը չհարցրեց, այլ ասաց. «Բա
ո՞վ է եկել», և ինքն ասաց՝ «դու» և քայլ դրեց, «դու, ախպեր ջան,
դու ես եկել», բայց Սիմոնը չէր զգում իր կենդանության հրճվանքը,
կարծես ինքը Սիմոնն էլ խփվել ու մնացել էր Ռուսաստանի հեռու
անհայտություններում։ Նա ամաչում էր իր կենդանությունից, նա չէր
ուզում գյուղի աչքին երևալ, կարծես թե նա ինքն էր սպանել իր
ընկեր տղերքին՝ կալի կանանց ամուսիններին, նրա քայլն
անընդհատ ծանրանում էր, նա ետ էր ընկնում ու անցնում Աղունի
թիկունքը։ Հետո, երբ արդեն շատ էին մոտեցել և կալի կանայք
խմբված նայում էին, նա հանկարծ գայթեց, թափ առավ ու գնաց
գրկելու բոլորին կարծես միանգամից։ Նա սրտից է սարքած, և
աստծու այս տխուր աշխարհում բոլորն են արժանի սիրվելու և
մանավանդ քսան տարեկանում որբևայրիացած այդ խեղճ կանայք
էին արժանի և մեծ սիրո, և՛ մեծ մխիթարանքի, և՛ մեծ գովեստի,
բայց մարդ չպետք է իրեն այդպես կեր դարձնի ուրիշի վշտին և
ուրիշի սիրտն առնելու համար իրեն այդպես ոչնչացնի. խառնվել
մոլորվել էր կանանց մեջ Սիմոնը, երեխայի պես ուռչում ու թուքն
անրնդհատ կուլ էր տալիս, կուչ էր գալիս ու գետինն էր մտնում իր
ողջության տակ, իսկ Ղևանտի Մայան չխղճաց ու ասաց, և գոնե
թաքուն ասեր ու թաքուն արհամարհեր ասաց բաց արհամարհանքով. «Ով էր գալու ով է եկել»։ Այո, «ով էր գալու ով
եկավ»։ «Դե նեղանալ մի, Մայա ջան, տերը մեռած պատերազմը
կարծում ես գիտի՞ ում է սպանում ու խնայում», հազար տեղից
ծալվելով ասաց Սիմոնը, և Աղունն ինքը տեսավ, որ այդ երեխային
ինքն է պաշտպանելու։ Եվ թեկուզ դա դաժան էր, բայց մեղքն
Աղունինը չէր, դա այդպես էր, Աղունը կանգնեց Սիմոնի ու կանանց
արանքում, Մայայի ու Սիմոնի արանքում և ասաց Մայային.
«Վերևն աստված կա, ամեն մեկին իրա սրտովն է տալիս»։ «Հա,
բախտավոր», արհամարհեց Մայան, և ինքր չխնայեց ու հաստատեց. «Սիրտդ ինչ որ ուրիշին է ուզում՝ գալիս կանգնում է քու
առաջ»։ Եվ Մայան չոր բերանը լիզեց ու պատասխան չունեցավ, և
ինքը գլխաշորը շտկեց ու նրանից տուն գնալու իրավունք խնդրեց.
«Հիմա՝ թույլ տալի՞ս եք ամուսնուս հետ տուն գնամ», և նա թույլ
տվեց. «Գնա, բախտավոր»։ Եվ Մայան երևի հենց այդտեղ վճռեց
զավթել Սիմոնին, խլել Սիմոնին Աղունից, չնայած մինչև այդ մի
տեսակ արհամարհում էր Աղունին էլ, հենց Սիմոնին էլ, և Սիմոնը
կուչ էր գալիս իշխանուհու ու էգի նրա հայացքի տակ։ Կանայք
հուսահատությունից ու կարոտից այրվում էին, և ինքը, երբ իրենք
հեռանում էին կանանց լուռ նայող խմբից, կսմթեց, պինդ կսմթեց
Սիմոնի կողքը։
Մատուռի մոտով անցնելիս ինքն ասաց. «էդքան ահ ու մահի
մեջ քեզ քու մոր աղոթքն է պահել», «քու մոր ու քու հոր»,
ավելացրեց, «ես հաշիվ չեմ, քանի որ անգրագետ եմ ու աստծու
տեղը լավ չգիտեմ»։ Ինքը ծաղրով էր ասում, բայց Սիմոնը կանգնել
էր ու աչքերը լցվել էին։ Նրա հերնումերը եկան, սպիտակ երինջը
մեկը քաշելով ու մյուսը քշելով եկան, մատուռին հասնելուց առաջ
պառավը սոլերը հանեց, ծնկեց ու ծնկած եկավ ծնկած պտտվելու
մատուռի շուրջը, իսկ ծերունին երնջի հետ ցածր զրուցելով էր
պտտվում մատուռի շուրջը, այդպես երկար պատվում էին։ Ինքը
կատակով էր ասում, իսկ Սիմոնը աչքերը լցված կանգնել էր ու
շշնջում էր այդ տեսիլքի դեմ՝ որ կարծես երազ լիներ. «նանի»,
«ապի», «նանի», և նորից՝ «նանի», «ապի»։ Ծնկասող-ծնկասող՝
պառավը պտտվեց մատուռի շուրջը, հետո մատուռի դռան մեջ
դարձյալ ծնկած՝ ճակատը գետնին էր տալիս ու աղոթում և դարձյալ
գետնին էր տալիս ու աղոթում, և որտեղի՞ց այդքան աղոթք գիտեր
և այդքան ի՞նչ էր աղոթում։ Եվ ծերունին սպիտակ սրբի պես
սպիտակ երնջի վզկապը բռնած նայեց ու ասաց մատուռի դռնից.
«Սիմոն ջան, եկա՞ր... Սիմոն ջան, բա քու ախպերն ո՞ւր է, քու Ադամ
ախպորը խի՞ չես բերել»։ Եվ Սիմոնն ասաց հանկարծ ու վրա-վրա.
«Բերել եմ, ապի, բերել եմ, նանը թող լավ աղոթի՝ բերել եմ»։ Ինքը,
որպեսզի դա սուտ հույսի ու սին մխիթարանքի նման չլինի, այլ
նման լինի իրական լինելիքի, ասաց կոպիտ հեգնանքով. «Աշխարքը
տակնուվրա լինի՝ քու ցեղին բան չի պատահի, ապի, էս է Ադամդ էլ
կգա, վախիլ մի» և ցույց տվեց բաց ճանապարհը որտեղից
հայտնվելու էր Ադամը նույնպես։ Եվ այդ սուրբ մարդը մատուռի
դռնից սաստեց իրեն. «Դու նորից կռավեցի՞ր, դու նորից լեզու
առա՞ր»։
Նրանք միայն Աղունի հետ են այդպես կոպիտ։ Չարչարանքով
Ադամն էլ եկավ՝ դարձյալ այդքան կոպիտ. ինքը պարելով ընդառաջ
գնաց, «Մատանուս ալքը խալիս ա, էս ինչ լավ աչքալիս ա, Ծաղիկ
քաղեմ դեմ գնամ, Զինվոր հոպարը գալիս ա»։ Վերջին տողը զուտ
ինքն էր հարմարեցրել, իսկ զինվոր հոպարը նրա առջևից մի կողմ
կացավ, աչքերը իրենց նման ճպճպացրեց, նայեց և վերջապես
կարողացավ ասելիքն ասել, «Ճամփա եմ տալիս՝ տեսնեմ մինչև
հորանցդ տուն կարա՞ս մի՛ն գնաս»։ Եվ ինքը պատասխանեց
դարձյալ հին խոսքով, «Ես մեր չունեմ, որ մեր չունեմ՝ հեր էլ չունեմ,
իմ հերանք դուք եք»։ Եվ Ադամը աչքերը թարթեց ու կարծես թե
զարմացավ. «Վուեյ»։ Եվ ինքը չարությամբ, բայց նրա գալստյան
մեծ ուրախությունը դեռ չմարած՝ ասաց. «Տասը տարի է անցել»,
«Ի՞նչ տասը», ասաց զինվոր հոպարը, «Տասը տարի է ձեր տան
շեմքին ոտ եմ դրել», ասաց ինքը, իսկ հոպարը՝ «Տասը՞, բա ես ինչի՞
շատ գիտեի», իսկ ինքը՝ «Տասը տարում շուն են սովորեցնում», իսկ
հոպարը իբր թե միամիտ՝ «Տասը տարում շունը սատկում է», իսկ
ինքը՝ «Ձեր հանգիստ դռներին շները շատ են ապրում, հոպար. ոչ
ապրուստի կռիվ կա, ոչ ապրելու նախանձ, ոչ էլ ծակ շալվարի
ամոթ», «Ոչ էլ բերանի կապիչ», ասաց հորեղբայրը, իսկ Սիմոնը
կանգնել ու չէր ասում՝ թե բանակից այդպես չեն գալիս, հարսի հետ
այդպես չեն խոսում ուրախ ու խեղճ ժպտում էր եղբոր ասածի
վրա, ժպտում էր կնոջ ասածի վրա, չնայած դա իսկական կռիվ էր և
հին կռվի շարունակությունը. այն կռվի՝ որ սկսվել էր նրանց դուռը
բացելու հետ։ Իսկ նրանց հերնումերը իրենց խուլ հավատի մեջ
խուլ՝ սպիտակ երինջը պտտում էին արևոտ մատուռի շուրջը,
սպիտակ ծերունին պարանը քաշելով պտտվում էր մատուռի շուրջը,
պառավը պտտվում էր ծնկասող, և ծերուկին մատուռի դռանը
կացավ ու ասաց. «էկա՞ր, Ադամո ջան», և պառավը նայեց աղոթքի
միջից ու ճակատը երեք անգամ գետնին տվեց և թևերը փռեց իր
աստծու ոտները գրկելու պես և աչքերով կախվեց իր աստծու
փեշերից և երևի ասաց. «Փառքդ մեծ, աստված, որ զորեցիր ու
դանակի տակից հանեցիր իմ Ադամո գառանը», և սողալով֊սողալով, երկրպագելով-երկրպագելով. «Փառքդ շատ, աստված,
ձեռդ իմ զավակի վրա ես պահել» մրմնջալով-մրմնջալով պառավը
եկավ դեպի իր զավակը և դեռ ծնկած՝ որդու հասակն ի վեր
աստծու մասին էր մրմնջում, բայց նրա գլխավերևը աստված չէր՝
Ադամը, որ երևի թե կարողացավ մի քիչ հուզվել «էկա, նանի...
Նանի, էկել եմ», իսկ պառավը աստծու փառքի մասին իր խուլ
մրմունջի մեջ գեղեցիկ էր, բայց այդ բոլորը իրեն՝ Աղունին դուր չէին
գալիս, չնայած իր կոկորդն էլ խցվեց լացից, և ինքն ասաց. «էդ
աստոծը չի, նանի, էդ քու հին Ադամ տղեն է», և պառավը
տգեղացավ ու կատաղեց. «Ձենդ կտրի՛, լաչառ, սո՛ւս», և պառավի
իսկականը դա էր, Աղունի համար պառավը եղել է այդպես միշտ
փրփուրը բերանին ու տգեղ՝ առաջին օրվա առաջին րոպեից։
Միմյանց համար նրանք միշտ են այդպես աղոթքով ու սիրով
լիքը, իրարու առաջ այդպես էին եղել նաև մինչև նրանց մեծ, հին
տան դուռը իր ու Սիմոնի բացելը։ Դուռը բացեցին՝ մեծ տան մեծ
ընտանիքի մեջ պառավը ճաշը խառնում էր։ Դուռը բացեցին թե չէ՝
շերեփը առ-հա դեպի Աղունը։ Ոչ. իրիկվա մեջ դռան դեմ իրենք
կանգնել էին, և վախլուկ, շփոթված ու ուրախ Սիմոնը դուռը չէր
հրում։ Այդպես կանգնել իրար էին նայում, և ինքը ժպտում էր։ Ինքը
ժպտում էր այդ սրսփուն ցրտի մեջ գուցե ներսի երգի համար,
տորքի կտկտոցի, դրսում ծանրումեծ նսաոտած գոմեշների ու
կովերի, մեղվափեթակների, գանգուր մի երկու ձառի համար և
ներսի ուրախ, բարի, համերաշխ տրամադրության համար։ Բայց
Սիմոնը դուռը չէր բացում, և ինքը մի րոպե հիմարացավ ու ասաց.
«Ծմակուտը չի՞, ձեր տունը չի՞»։ «Նանը ճաշ է անում», ասաց
Սիմոնը, և ինքը կրկնեց. «Նանը ճաշ Է անում»։ «Բա ամոթ չի՞»,
հետո ասաց Սիմոնը, բայց դուռն արդեն հրել Էր, դուռը կրնկի վրա
բացվել Էր, ներսի ձայները, բացի երգից, կամաց-կամաց լռեցին, և
իրենք կանգնած Էին բաց դռան առաջ և ներս չէին մտնում, և երբ
ներսից վազելով եկող քայլերի թփթփոց լսվեց՝ Սիմոնն իրենից
Աղունից ավելի հեռացավ, այնպես որ բաց դռան դեմ ինքը կարծես
մենակ էր կանգնած, և շիլ, լոշտակ, ծիծաղելի ու սիրելի Աբելիկը
հենց այդպես էլ ասաց տնեցիներին. «Պո՜ւյ... մի հատ պուճուր
աղջիկ ա։ Մի հատ պուճուր, սիրուն աղջիկ ա»։ Եվ ինքը ժպտաց ու
այդ երեխային սիրեց, այդ երեխան իրեն դուր եկավ։ Այդ երեխան
Սիմոնին հետո տեսավ. «Սիմոն հոպարն էլ ա... Սիմոն հոպարն ա,
մին էլ մի պուճուր աղջիկ, հագին սիրուն շոր ունի»։ Եվ սիրունը նա
ժակետի մասին էր ասում, այդ ժակետը քիչ հետո իր տալերը և
տեգրակինը զննեցին ու քննեցին, հանեցին իր հագից և մի լավ
տնտղեցին, դրա գործքը սովորեցին ու իրար սովորեցրին, իսկ ինքն
այդ ժամանակ նրանց տանը կարծես թե մերկ էր, ոտքերը սեղմում
էր, ինքը սեղմվում մտնում էր իր մեջ նրանց մեծ տան շատ
նայվածքների տակ։ Շիլ-լոշտակ երեխան հանկարծ հասկացավ ու
ճչաց. «Պո՜ւյ... Սիմոն հոպարն իրա համար կնիկ ա բերել, էս ինչ
պուճուր կնիկ ա՜»։ Այո, ինքը սիրուն էր, ինքն, այո, պուճուր էր, իսկ
Սիմոնն ամաչում էր, և ներսից մի ձայն դա, ուրեմն, պատրոնի
կեսրայրի ձայնն էր ասաց. «Թե որ դուռն ես բերել, տուն էլ բեր, էլ
ինչի՞ց ես քաշվում», և լոշտակ տղան Սիմոնի ու իր համար կրկնեց
պապի ասածը. «Թե որ մինչև դուռը բերել էս՝ տուն էլ բեր, էլ ինչի՞ց
ես քաշվում», «ինչի՞ց ես քաշվո՞ւմ, Սիմոն հոպար», հարցրեց իր
կողմից։ Ապա իրենք ներսում էին, բայց դարձյալ դռան տակ,
Սիմոնը կոշիկները դրեց լուսամատի գոգին, թուքը կուլ տվեց ու
կանգնեց գլուխը կախ՝ իր ընտանիքի դեմ Աղունի կողքին, և ինքը
Աղունը նրանց բոլորին շիտակ էր նայում, որովհետև ոչ մեղքից էր
տեղյակ, ոչ էլ նրանց հոգսերից։
Մեծ տան համարյա թե բոլոր պատերի տակ միայն թախտեր
էին, միայն տորքը չէր թախտ, սեղանը չէր թախտ և ամբարի պես մի
բան կար՝ դա չէր թախտ, և ամբարի պես այդ բանից հետո
անկողիններ հանեցին, փռեցին թախտերին և հենց այդ ամբարի
պես բանի վրա էլ փռեցին, ուրեմն դա նույնպես թախտ էր, չնայած
բարձր էր, համարյա թե մի բարձր պահարանի բարձրության էր, և
իրենց նայում, իրեն Աղունին նայում ու լռում էին թախտին խոտոր
ընկած ապին՝ անշալվար տղա-երեխան կրծքին նստած, և երեխան
էլ էր նայում, մյուս թախտից՝ Ադամը՝ ամեն ծնկին մի երեխա,
վառարանի մոտ ճաշի վրայից պառավը, սեղանի մոտ գրքի վրայից
մի ուրիշ տղա, որ այդ աղմուկի մեջ ականջները փակած դաս էր
սովորում «Երկու որբեր Քուր ու ախպեր Կորած գնում են
հեռու Արևը՝ վառ ճամփան՝ երկար Ոչ աղբյուր կա Ոչ առու...
Երկու որբեր Քուր ու ախպեր...» տորքի տակ շարված՝ երեք
տալն ու հարսը՝ Ադամի կինը։ Պատեֆոնը սեղանին երգում էր։ Այդ
հին, կոպիտ տանը պատեֆոնը օտարոտի էր և իրենցը չէր՝
հորաքրոջ Ներսեսինն էր, Ներսեսը քիչ հետո գալու տանելու էր։
Նրանք նայում ու լռում էին, նայում ու չէին խոսում, Սիմոնը չոր
բերանը շարժում ու չէր կարողանում խոսել, հետո ինքը տեսավ, որ
պառավին ու հարսին ինքը դուր չի եկել։ Հարսը դարձավ իր
գործքին, խալին Սիմոնի անունով էին գործում, ՍԻՄՈՆ անունը
կար խալու վրա, պառավը մի տեսակ թքոտելով, մի տեսակ փչելով
կռացավ ճաշի վրա, իսկ իր ժակետը հայտնվել էր աղջիկների
ձեռքին, նրանք զննում ու քննում էին ժակետի գործքը։ Աղջիկները
չգիտես ժակետի մասին, չգիտես իր մասին իրենց մեջ ասացին
«նանը չհավանեց», իսկ հարսը իր գործի վրայից մի րոպե նայեց
Աղունին ու ասաց աղջիկներին. «Նրանում ի՞նչ կա՝ որ լավն ու վատ
լինի, դեռ երեխա է»։ «Երեխա է՝ թող իրա հոր հացով մեծանար»,
ճաշի վրայից ասաց պառավը, իսկ աղջիկներից ամենափոքրն ու
ամենաբացը ընկերուհու նման ասաց. «Դու գործել գիտե՞ս, Մանիկ
հարսիկն ինձ սովորեցրեց», և աղջիկներն ու հարսը տորքի տակ
իրար սեղմվեցին ու տեղ բացեցին իր համար, ասացին «ձեր
խալիչեն է», բայց ինքը գործել չգիտեր, իսկ նրանք ու տղամարդիկ
և սկեսուրը ճաշի վրայից նայում էին, և այդքան հայացքի տակ ինքը
իրեն մերկ զգաց, կուչուհուպ եկավ ու վախեցած գազանիկի պես
մտավ ինքը իր մեջ, և նրանց ձայներն ու պատեֆոնի երգը ետ
գնացին, ինքը մի տեսակ խլացավ, և իր մեջ իր տատի հին երգն էր
որբի մասին, որ այս նեղ աշխարհում մնացել էր մեն-միակ մի
պախրի հույսի. «Պախրեն կգա ծիծ կտա՜ա»։
Դուռը շրխկալով բացվեց, և կաշվեբաճկոն֊գալիֆե-սապոգով
Ներսեսը որպես ժողկոմ մտավ սրանց խեղճ տուն։ Իր հարազատին
տեսնելուց իր սիրտը միայն մի րոպե թրթռաց, նրանց, միամիտ
խեղճության մեջ ու Սիմոնի անմռունչ գոյության առաջ ինքը չսիրեց
«ժողկոմ» Ներսեսին՝ որ արդեն փակել ու կռնատակել էր պատեֆոնը («Մեր էս հազարան բլբուլը Օսեփանց տանն էս ի՞նչ է
երգում»), կարծես անմեղ կատակով, կարծես ծաղրով գովել էր
Աղունին («Լա՞վ հարս չեմ բերել ձեզ համար։ Խի՞, բա մի ձեզ ու ձեր
տղին նայեք»), իրիկնահացի մնալու ապնի խոսքի վրա («Այտա,
մնայիր իրիկնահաց անեինք») կռացել նայում էր պառավի ճաշը և
ասաց. «Չէ, գործկոմից մարդ ունեմ»։
Ներսեսը գնացե՞լ էր, չէ՞ր գնացել, այդ լռության մեջ Սիմոնը
տատամսեց, տատամսեց իր մեջ, ոտից ոտ փոխվեց, հանկարծ
ասաց. «Ապի, մենք եկել ենք»։ Այո, «ապի, մենք եկել ենք, է, ապի,
նանի»։ Շարունակությունը չի հիշում։ Միայն՝ ապին թիկնած էր և
տնքալով վրա նստեց, պառավը թանապուրը խառնում էր ու չէր
նայում իրենց, Ադամը նայում էր մի տեսակ ծաղրով թե ծիծաղով,
թվում էր ուզում է բան ասել ու չի ասում, աղջկերքն ու հարսը
համերաշխ էին և իրենց լեզվով իրենց մեջ բաներ էին ասում ու
ծիծաղները պահում և երբեմն հիշում՝ որ ինքը կենդանի արարած է
ու այդտեղ կանգնած է։
Աղջիկներն ու հարսը այդպես համերաշխ էին նաև հետո, երբ
պառավը տանը չէր, հորանց գյուղն էր գնացել, ինքը չէր հասկանում, թե նրանք թաքուն էդ ինչ բանի են, հետո հասկացավ,
գողություն էին անում, մառանի մեծ կողպեքը բացեցին ու յուղ
հանեցին, ինքը նայում էր, և ինչպես գայլերն են մի րոպեում իրար
ձեռից խլխլում ու ոչնչացնում գառը՝ նրանք գործն իրար ձեռից
խլելով յուղով խմոր արին, կտրտեցին, ծեփեցին սանդերքին և
թխեցին ու կերան, թխեցին ու կերան։ Ու ժպտալով, ժպտալով։
Իրեն էլ տվեցին։ Միամիտ ու ծիծաղելի՝ շլդո երեխան կանգնեց
մեջները թե՝ «էս ինչի՞ հոտ է գալիս» և միամիտ ու բարձրաձայն՝ «Ի՜,
գաթա եք թխել»։ Երեխային սաստեցին՝ «սուս», երեխան ասաց
«նանին ասիլ տեմ» և երեխային ասացին «չասես» ու նրան էլ
տվեցին։ Եվ՝ ժպտալով, ժպտալով։ Եվ հոտը բուխարու վրայից
քշեցին գոգնոցով։ ժպտալով, ժպտալով։
Նանը եկավ բուրմունքը քշված էր, թավան իր տեղում էր,
սանդերքն՝ իր, կողպեքն առաջվա պես մառանի վրա էր, երկու
աղջիկն ու հարսը պատշգամբում տորքի տակ նստած էին, փոքր
տալն ու ինքը տնգլի էին խաղում, բայց ինքը չէր ուզում խաղալ,
որովհետև քիչ առաջ վայ թե զգացել էր երեխայի թպրտոցը։
Զգացել էր և դա սարսափելի էր, որովհետև դեռ ինքն էր երեխա։
Եվ այդ ժամանակ ձիավոր նանը զուգված եկավ հորանց տնից։
Եկավ կանգնեց մեջտեղն ու մոլորվեց աղջկերանց փոքրիկ խարդավանքի մեջ, որից ոչ մի հետք չէր մնացել, մեծ կողպեքը կախված
էր մառանի դռան վրա, թխվածքի բույրերը քշված էին, տորք էին
ծեծում, խաղում էին։ Փեշատակի գրպաններում նանը փնտրեց
բանալին, չգտավ, գնաց հանեց բանալին մառանի դռան տակից,
ներս մտավ։ Փոքր տալը իր համար տնգլի էր տալիս, մեծ տալերը
ժպտալով տորք էին ծեծում, հարսը տորքի տակից դուրս էր եկել,
պղինձն ավազով ու ջրով շփում էր չար-չար, բերանը սեղմած, չարչար, իսկ ինքը սեղմվում էր ոչ էն է պառավի ահից, ոչ էն է այն
բանից՝ որ դրանց ցեղի լակոտը փորում նորից քացի գցեց։
Պառավն, այո, մառանից դուրս եկավ ու նշան բռնեց իրեն՝ որբին։
Աղջկերքը նազով ու ծիծաղով տորք էին ծեծում, մյուսը խաղում էր,
հարսի կատաղությունից պառավը զգուշացավ ու շպրտեց ծանր
կողպեքը իր վրա։ Ինքը բռնեց փորը, կծկվեց ու կաղկանձը կուլ
տվեց։ Բայց դա վերջը չէր։ Պառավը եկավ բռնեց իր մազերն ու
թափահարեց, թափահարեց ու խփեց ու ոտի տակ առավ։ Ու իր
գոգնոցի գրպանից նրանց տված գաթան ընկել էր, պառավը
խցկում էր, խցկում էր գաթան իր բերանը՝ «Կեր, առնաուտ, դե
կեր»։ Բայց ամենազարհուրելին այն էր, որ պառավն իրեն ահաահա սպանում էր, իսկ աղջկերքը չափ-մտած տորք էին ծեծում,
հարսը վրա-վրա սրբում էր պղինձը ավազով ու ջրով և Մելըքանք
իրենց պատեֆոնը դուրս էին բերել, ուրախ նվագ էին նվագում և
իրենց նվագի մեջ Մելըքանց Շողերը ցորեն էր աշտարարում և մի
քիչ վախեցած էր միայն սրանց փոքր աղջիկը՝ որ իր խաղի տեղից
հեռու էր փախել, հեռվից նայում էր, ոտքն առաջ էր դնում գալու մի
բան անելու իր խաղընկերուհու համար, բայց դեռ շատ էր աղջնակ։
Պառավը հոգնեց, և ինքը շան պես չորեքթաթ ու շան պես ծմրալով–
ծմրալով քարշ եկավ սրանց կալի ծերը՝ որձկալով ետ տալու սրանց
հացը և սրանց լակոտին նույնպես, որ այդ րոպեին, երբ ինքն
ահա֊ահա խաղաղվում ու պարպվում էր սպիտակ ամպերի, մաքուր
երկնքի ու արծվի ճախրի տակ, նորից քացի զարկեց, և ինքը
ծղրտաց, կատաղեց, խփեց իր փորին, ծեծեց իր փորը, տրորեց իր
փորը և որձկաց՝ ետ տալու սրանց լակոտին։ Եվ սրանց կալի
ծայրին իր ոռնոցի միջից էր, որ ինքը տեսավ իր ապագայի գեղեցիկ
տեսիլքը, ոչ էն է աստվածամայրն էր, ոչ էն է իր մայրը, ոչ էն է
Մելըքանց Շողերը՝ սպիտակ, տաք լույսի մեջ առաջ եկավ, ուրախատեղը քրտնած, հոգնած ու երջանիկ, գրկին խանձարուր՝ առաջ
եկավ... բայց կարծես թե հենց ինքը Աղունն էր... առաջ եկավ, և
ինքը նրան ասավ, «Ես որբ եմ, իմ հերն իմ մորը սպանել է, ես
անմեր–անտեր եմ», և նա իրեն ասավ. «Քու լույս մոր չապրած
օրերն էլ դու ես ապրելու», և տղա-երեխային շապկանց դրեց ճոճի
մեջ, և ճոճն օրորվում էր, տանձենու տակ պայծառ ծաղկած
արևածաղիկ կար։ Ինքն ուշքի եկավ տեսավ, որ խաղաղվել է,
սպիտակ ամպերի տակ արծիվ է ճախրում և իր դեմ ձորի մյուս
լանջին մենավոր մեծ տանձենին է՝ որ ինքը տեսավ իր տեսիլքի մեջ։
Մելըքանց դռանը պատեֆոնի երգը կտրվեց։ Մելըքանց հարսը
պարկը քարշ տվեց պատշգամբ, դուրս եկավ բակ ու ձեն տվեց
սրանց տան վրա. «Արուս նանի»։ Նանը դեռ չէր հանգստացել,
փեշերը շարժելով դեսուդեն էր գնում, դռանը ոչ մի բան իբր թե իր
տեղում չէր և իբր թե գործի Էր, նանը կանգ առավ ու անխոս
նայեց։ «Մի դեսն արի, բան եմ ասում», ձեռքերը կոնքերին՝ ասաց
Շողերն ու ինքը առաջ եկավ, պառավն առաջ գնաց, երկուսն Էլ
չերևացին, նա՝ իրենց ցանկապատի եզրով շարված ծառերի
ետևում, սա՝ իրենց, հետո երկուսն Էլ դուրս եկան ճանապարհ ու
կանգնեցին իրար դեմ։ Մեկ Էլ Շողերն ասաց «երեխա է», պառավն
ընկավ, Շողերը կանգնած Էր ձեռքերը դարձյալ կոնքերին։ Ելնող
պառավին Շողերը մի անգամ էլ ոտքով խփեց ու ասաց.
«Իշխանութենի բերանը կտամ, պառավ, որբ անտեր ես գտե՞լ»։
Ինքը խղճում Էր ծեծվող պառավին և ծեծվողը կարծես դարձյալ
ինքն Էր՝ վախենում Էր։ «Գնա գյուղխորհուրդ բողոքիր՝ գամ ասեմ
ինչի եմ ծեծել», ասաց Շողերը։
Պարզվեց, որ պառավը սիրտ ունի, սեր ունի իր երեխաների
համար - գիշերը մոմը ձեռն Էր առել ու պտտվում էր քնած
ընտանիքի վրա։ Իր կարծիքով՝ նա աղոթք էր մրմնջում Ադամի
համար (նա, կինը, երեխաներից մի երկուսը քնած էին մի վերմակի
տակ), Ակոփի համար (նա, Ադամի լոշտակը, մի աղջիկը մի վերմակի
տակ էին), նույն վերմակի տակ քնած հասուն աղջիկների համար,
փոքր թոռան հետ քնած հալեվորի համար (բոլոր թախտերին
անկողիններ էին և ամբարի վրա էլ անկողին էր, ամբարի վրա ինքն
ու Սիմոնն էին) և երկար՝ Սիմոնի համար։ Սիմոնի համար՝ ծնկած։
«Տեր աստոծ... աստոծ ջան... անարժանի սիրուց փրկիր երեխիս,
աստոծ ջան, փրկիր անարժանի սիրուց... գողի ցեղ ա, մարդասպանի ցեղ ա, իմ արդար տուն արնախում մի թող... ոչ էփելթափել գիտի, ոչ գործել-հունցել, ոչ կովուկիթ գիտի... փրկիր,
աստոծ ջան», իբր թե աղոթում էր պառավը, իսկ ինքն Աղունը նրան
սպիտակ գիշերազգեստի մեջ սպիտակ մազերն արձակ կախարդ
գիտեր, և ինքը վերմակի տակ կուչ էր գալիս, կուչ էր գալիս ու
գլուխը քաշեց վերմակի տակ, և նա իրոք կախարդ էր, և ինքը քիչ
հետո հասկացավ, որ նա իրեն Աղունին մի բան է անում, ու
սարսափած վեր թռավ ու ծպուտը կուլ տվեց, և պառավը չար-չար
ետ նայելով քաշվեց իր անկողին, և Սիմոնը քնի մեջ շուռ եկավ ու
հարցրեց «ի՞նչ է, ախչի», և ինքը չկարողացավ իրեն զսպել, լաց
եղավ ասաց. «էստեղից ինձ տար, ես էստեղ կարալ չեմ», և Սիմոնն
անկողնում վրա նստեց ասաց «ի՞նչ է», և պառավն այնքան էր չար,
որ չլռեց՝ ասաց իրենց անկողնուց. «Դև հոր դևերը փորն են պրծել»
և դարձյալ՝ «Դիվերոց է եղել, ինչ է եղել, բալա ջան», և ընտանիքը
զարթնեց և ինչ որ ինքը միամտորեն չէր հասկացել՝ հասկացել էր
նրանց փոքր աղջիկը, «Նանը մկրատով Աղունի մազը կտրել ա»,
բայց նրան ասացին՝ «սուս, ձենըդ», և ինքը դարձյալ մնաց վախի ու
կասկածների մեջ։ Ինքը շոյեց իր երկար, փարթամ մազերը և զգաց,
որ նա իր մազը կտրել է, իսկ նա թարեքին սուրբ գիրք էր դրել,
սուրբ գրքի մոտ վառ մոմ էր դրել, որպես թե իրենք սուրբ ընտանիք
են։
Սուրբ ընտանիքն իր սուրբ գործին էր. կալն Ադամը լողտորքով
լողում էր, Հակոբն ու լոշտակը մի գրքից դաս էին սովորում, ավելի
փոքրերը քարկտիկ էին խաղում, երեք աղջիկը պատշգամբում
տորքի տակ էին, պառավն ու մեծ հարսը փուռը հաց էին անում՝
հաց էին թխում, հալիվորն այգում փեթակների մեջ էր՝ մեղվին
նայում էր, և այդ եփող-թափող, անող-ղնողների մեջ ինքը պարապ
էր։ Ինքն ուզեց ցանկապատն անցնել, գնալ օգնել կեսրայրին,
փուքսն օրինակ փչել, բայց մեղվից վախեցավ, մեղվից խայթվելու
վախն էլ չլիներ՝ կեսրայրի խեթոցր բավական էր, որ ինքը ետ
քաշվեր ցանկապատից։ («Ասում են դու սուրբ մարդ էիր, ու չհիշենք,
չհիշենք, ապի ջան, որ ինձ վրա քու սուրբ ձեռն էլ է բարձրացել,
չհիշենք»)։ Ջրի ամանը ինքը մոտեցրեց սկեսուրին նա ամանը
չլմփոցով ետ հրեց, բացած գունդը նորից գնդեց, բացեց ու խփեց
սրբի իր խաչը բացած գնդին, Աղունի չարքից փրկեց իր հացը։
Մոլոր՝ ինքը կտրված հյուսի ծայրի հետ խաղում էր, դիտմամբ չէր
խաղում, պառավի աչքը չէր կոխում հյուսի կտրված ծայրը,
վիրավորված, արհամարհված աղջիկն ուրիշ ի՞նչ էր անելու, և
պառավը ձեռքի թին քիչ էր մնում ոչ էն է դիտմամբ, ոչ էն է
պատահաբար իր բերանը կոխեր, և ինքը ետ քաշվեց։ Ծերունու
քունքը մեղվանոցում մեղուն կծեց, ծերունին եկավ, ցանկապատի
վրայով վիզը ձգեց, և խայթը հանելու համար իր ձեռքերն էին
մաքուր, ինքն էր պարապ, բայց նրան օգնելու իր շարժումը սառավ,
ծերունին միամիտ թե խեթոցով նայեց իրեն («Չհիշենք, ապի ջան,
չհիշենք որ որբիս վրա դու էլ ես ձեռ բարձրացրել, չհիշենք, խոսք
մեկ արած ասում են դու սուրբ էիր»), և պառավը խմորոտ-թաց
ձեռքերը գոգնոցով սրբեց ու չարչարվեց խայթը հանելու վրա, և
ինքն այդտեղ ավելորդ էր, ինքը նրանց բոլորի մեջ էր ավելորդ, գորգ
ծեծող քույրերի մոտ էլ ավելորդ էր։ Փորը ցցած՝ ինքը մոլորվել էր
նրանց մեջ և հանկարծ որոշեց մի գործ էլ ինքն անել, կարպետը
բերեց փռեց բակում, հատիկի պարկը քարշ տվեց կարպետի մոտ,
սյան մեխից իջեցրեց խախալը և հատիկ աշտարարեց իր հասակն ի
վար. ցորենի խշշոցը դուր էր գալիս, ինքն արդեն-արդեն երջանիկ
էր, բայց պառավը եկավ. մղեղը իբր թե գնում, նրանց գնդին նստում
էր, նրանց աչքն էր մտնում, պառավը եկավ, խախալը խլեց գցեց
կարպետին, և աղջիկները տորքի տակ ծիծաղեցին, պարկը քաշեց
դարձյալ պատի տակ, կարպետը հենց այդպես հավաքեց շպրտեց
պարկի մոտ ու ետ իր հացին գնաց։ Եվ դա մահվան չափ վիրավորական էր, բայց ինքը ժպտում էր, որովհետև դեռ չէր
հասկանում, որ իրեն խոցել են։ Ինքը շարժվեց ու ճամփա ընկավ
հանկարծ, քամակին քացի կերած երեխայի պես... իր լացը գալիս
էր... ինքն էլ չգիտեր ուր է ճամփա ընկել, իսկ Ադամ հորեղբայրը
կատակով, իբր թե կատակով կծեց. «էս՝ վայթե ուղիղ Վանքեր ես
գնում», և ինքը նետեց՝ «հա» ու անցավ։
Բոլորը՝ չնչահավատ, բոլորը ծաղրալի, բոլորը՝ խիղճները
թաղած։
էդ ո՞ւր, հարս խանում, գալուդ համար վայ թե փոշմանել ես,
իր ապահով, մաքուր, համարյա թե քաղաքային տունուդռնից ասաց
Հարութ ապին։
Ինքը լուռ լացելով անցավ։
էգ ո՞ւր, հարսիկո, Ծմակուտը վայ թե սրտովդ չի, իր
ապահով դռանը իր համերաշխ ընտանիքի մեջ նստած՝ կատակեց
թե ծաղրեց Մարտիրոս հորեղբայրը։
Լացն իրեն խեղդում էր, ինքն անպատասխան անցավ։
Օսեփանք քեֆիդ վայ թե կպեվ են, ասաց Ղևանտը, ասա,
դրանց աչքը վախեցնեմ, ես դրանց մենատնտես հերն անիծեմ։
Ինքը տվեց անցավ։
Իշխանի աղջիկ, էդ ո՞ւր, իր դռնից ասաց Համիկ հորեղբայրը։
Եվ ինքը խեղդվեց ու ասաց. «Ես Իշխանի աղջիկը չեմ, ես հեր
չունեմ», ու անցավ։
Հլա կաց մի, ախչի, իր դռան գործի վրայից ասաց ու ելավ
սիրուն, որբևայրի ու խելացի իր հորաքույրը, դուրս պրծած էդ ո՞ւր
ես գնում։
Ինքը չկանգնեց, անցավ ու ասաց. «Գնում եմ ինձ ջուրը գցեմ»։
Հորաքույրն իր հուսահատությունը բանի տեղ չդրեց. «Ջրերը
ցամաքել են, կաց գարունքվա հետ վարարեն՝ նոր գցիր», իր ետևից
գալով ծաղրեց հորաքույրը։
Հիմա՝ էդ ո՞ւմ գլուխն է յուղումեղրի մեջ,– իր ետևից դեռ
գալով բարկացավ հորաքույրը։
Քո, ետ չնայելով ասաց ինքը։
Տո սատկած, ասաց հորաքույրը,– իմ ի՞նչն է յուղումեղրի մեջ։
Քո,– ետ չնայելով ասաց ինքը.–– պաշտոնը տղիդ տակին,
հարսդ ու թոռդ կողքիդ, Իշխան ախպերդ հեռվից թևերը քեզ
համար կրակած, քո գլուխն է յուղումեղրի մեջ,– ասաց ինքը։ Մի
մարդդ է պակաս, խելքը գլխին ինչքան տղամարդ կա՝ քեզ մարդ։
Պա-պա-պա-պա,– կանգ առավ ու ետ մնաց հորաքույրը։
էդ ո՞ւր բարով, քույրիկ, դեմը կանգնեց Ներսեսը։
Ես քույրիկ չեմ, ինձ իմ մերը քույրիկ չի բերել, արմունկեց ու
անցավ ինքը,– անտեր որբ է բերել, հասնողն իմ գլխին խփելու է։
Խի՞, բա ես մեռած եմ՝ չկա՞մ,– իր ետևից ասաց Ներսեսը։
Հա,– կոպտեց ինքը։
Զնգուն երգով՝ մանկապարտեզը գալիս Էր. մաքուր հագնված,
նախանձելու չափ սիրունիկ երեխաները պայծառ նայում ու
անցնում Էին, ինքը կոկ ու լիքը՝ մանկապարտեզի Մայան համարյա
թե քաղաքային էր ու երեխաների հետ երգում Էր, դպրոցի սպիտակ
շենքի դռանը պղնձե զանգը ղողանջեց, և գյուղամեջի լռությունը
մեկեն լցվեց զվարթ աղմուկով, և հետո պայծառ պիոներները գալիս
ու գալիս Էին, և այդ ամբողջ երջանկության մեջ միակ տգեղն ու
տխուրը ինքն Էր և ինքը մի պահ մոլորվեց ու կանգ առավ
գյուղամիջի այդքան շատ տների ու այդքան շատ մարդու դեմ։
Ակումբի շենքը սարքում էին, Սիմոնը տանիքը կապողների մեջ էր,
տանիք էր կապում և, զարմանալի բան, ուրախ էր, բան էր
պատմում, ծիծաղում էին։ Ուրագը ձեռին բարձրացրած՝ Սիմոնը
սառավ, բայց ինքը չզղջաց փորը ցից ու գուլպան իջած անցավ,
բարձրացավ գրասենյակի աստիճաններով և հեռախոսի մեջ
գոռաց. «Իշխա՜ն... Մորըս սպանել ես՝ ինձ էլ ես սպանում, էս
թշնամու երկրից արի ինձ տար... Ինձ արի տար կանգնեցրու մորս
գերեզմանի վրա, գլխիս ուրագով տուր ու թաղիր մորըս կողքին...
Արի ինձ էստեղից տար, Իշխան, թե չէ գրել կտամ Մոսկվա
Արզումանյանին, բանտում քեզ փտեցնել կտամ»։ Հետո իր գլուխն
ու ականջները պարպվել էին, ինքը կանգնած նայում էր, տեսնում էր
ու չէր լսում, թե Սիմոնն էր բերանը լուռ բացուխուփ անում ուրագը
ձեռին՝ ակումբի շենքի գլխին։ «Գոնե գուլպադ բարձրացրու», հանկարծ լսեց ինքը, բայց ասողը Սիմոնը չէր, շինարարության
ղեկավարն էր։ Նա Սիմոնին ասաց «գնա», և Սիմոնն իջավ
տանիքից ու եկավ։ Եվ ինքն ու Սիմոնը կողք-կողքի գալիս էին,
գալիս էին, և Սիմոնը ծանր ու խեղճ էր, և իրենց կանգնեցրեց
մանկապարտեզի Մայան, բարձրացրեց իր՝ Աղունի գուլպան, շտկեց
Աղունի գլխաշորը և գովեց Սղունին՝ «էս ինչ լավ աղջիկ ես բերել»,
ասաց Սիմոնին, և Սիմոնը գլուխը թեքեց, և Մայան ասաց. «Ո՞նց
ես, Սիմոն ջան», և ինքը Աղունը նրա հմայքի առաջ խեղճ էր ու
սեղմվեց Սիմոնին և դա նույնպես խեղճություն էր, Մայան թաքուն
ու հպարտ ժպտաց։ Հետո ինքն ու Սիմոնը դարձյալ գալիս էին և
իրենց հետ գալիս էր Ներսեսը, երեքով գալիս էին, հետո իրենց հետ
գալիս էր գյուղխորհրդի Ղևանտը, չորսով գալիս Էին, և Ղևանտը
շուտ-շուտ ասում Էր. «Հը՞, Սիմոն, չես ուզո՞ւմ մորըդ Սիբիր ղարկեմ։
Ղարկեմ՝ Սիբիրը թող գնա տեսնի։ Չես ուզո՞ւմ»։ Եվ Սիմոնի սիրտը
դրանից էլ ջոկ էր նեղվում։
Գոմշագոմը տվեցին իրենց։ Մեղվի մի փեթակ տվեցին, մի
թախտ, ՍԻՄՈՆ գորգը, մի ձեռք անկողին ու գոմշագոմի կեսը,
վերևի կեսը։ Սիմոնի սիրտը եթե չպայթեց՝ մեծ տղամարդկություն
էր. Քիչ էր մնում պայթի ոչ թե կես գոմշանոցի ու մեն մի փեթակ
մեղվի համար, ո՛չ - համերաշխ, սիրած ընտանիքից բաժանվելու
համար։ Կարծես սարեր ու ծովեր էին բաժանելու նրանց, սևասուգ
էին կապել։ Գոմշագոմը նույն բակում էր, բայց Աբել ապին լաց
եղավ ու տնքաց. «Գնո՞ւմ եք, Սիմոն ջան, մեզ թողնո՞ւմ եք, բալա
ջան», և Սիմոնը, կարծես մեռելի վրա իրարու սիրտ Էին տալիս,
հանկարծ ուշքի բերեց հորը. «Վախիլ մի, ապի, վախիլ մի, էստեղ
եմ, շուտ-շուտ կգամ, շուտ-շուտ կերևամ»։ Ներսեսն ու Ղևանտը
իրենց օժիտ փեթակը հանեցին նրանց մեծ մեղվանոցից, տարան
գրեցին գոմշագոմի գլխին։ Դնելու հետ Ներսեսը՝ «Սրա մինը թող
հազար ըլի», Ղևանտը՝ «Բուռժուական բանեռ մի խոսի», Ներսեսը՝
«Արա, ճանճի բուրժուակա՞նը որն է», Ղևանտը՝ «Մասնավոր
սեփականություն Է, այ թե որն Է բուռժուականը», Ներսեսը՝ «Արա,
հիմա որ քույրիկս էգուց մի որձ տղա բերի, էգուց էդ երեխեն գդալով
մեղր ուտի, դու դրա՞ն էլ պիտի բուրժուական ասես», Ղևանտը՝
«Մտածելու բան է», Ներսեսը՝ «Դե դու մտածիր», և հին գոմի դռան
հին արևի մեջ նրանք երկուսն էլ գեղեցիկ էին։ Նրանք եկան տարան
հիմա էլ թախտի առեղը, իսկ Սիմոնը նրանց ետևից՝ թախտի
տախտակները՝ գիրկ արած, և այդ ժամանակ էր, որ Սիմոնը հորը
սիրտ տվեց. «Վախիլ մի, ապի, վախիլ մի...»։
Ինքը փռան պատի տակ կանգնած էր և իր սիրտը նեղվում էր,
ինքն ուզում էր չքանալ, չլինել և սեղմվում էր պատին։ Ամանչամանն իրար գլխի տալով՝ պառավը նույն տոպրակի մեջ մի բուռ
ձավար էր լցնում ու տոպրակը ոլորում, մի բուռ լոբի էր լցնում ու
տոպրակը ոլորում, մի բուռ աղ էր լցնում ու ոլորում տոպրակը։
Ազջկերքը տխուր կանգնած էին իրենց տորքի մոտ, հետո տգեղորեն
ծամածռվելով, իբր թե արտասվելով փռեցին, փաթաթեցին ու գոմ
տարան ՍԻՄՈՆ գորգը... Քարի պես լուռ Ադամը լողտորքով լողում
էր կալը, լուռ ու ծանր՝ քաշում ու հրում էր լողտորքը։ Պառավը
տոպրակը տվեց փոքր աղջկան ու ձեռքով՝ տար, հեռացրու,
չտեսնեմ։ Փոքր աղջիկը տանում էր, և այդ ժամանակ լոշտակ
երեխան ասաց. «Բա ճաշն ինչի՞ մեջ տեն էփիլ», և պառավը
թարեքից մի պղինձ շպրտեց բակ, պղինձը գլորվելով գնաց, և
լոշտակը աչքերը ճպճպացրեց ու ասաց. «Վուա՜յ... բա շելե՞փ»։
Ներսեսը գոմի դռանը ոտքով պահեց գլորվող պղինձը և կանչեց
իրեն՝ Աղունին. «Քույրիկ... հլա արի տենանք թագավորի թախտը որ
հարկում ենք դնում»։ Ինքը գնաց, բայց գոմը գերեզմանի պես մութ
էր, և ինքը չէր ուզում, չէր ուզում այդ գերեզման մտնել։ «Արի, արի,
վախիլ մի», ներսից կանչեց Ներսեսը, բայց ինքը դարձյալ չէր ուզում
ներս մտնել, որովհետև գոմի բաց դուռը գերզմանագուբի պես սև
էր։ «Ձել շելեփը բելեցի», իր կողքին հայտնվեց լոշտակ երեխան, և
Սիմոնն այդ ժամանակ նայեց մահվան պես ու երեխային տրորելով
անցավ։ «Վո՜ւայ, էսօլ բոլոլն էլ կատաղել են», ասաց լոշտակ
երեխան։ Ինքը չմտավ գոմ։
Ինքը հիմա գոմի դռանն իրեն տեսնում է նրբորեն գեղեցիկ,
հմայիչ, ժպտուն, և ինքը գոմի՛ չէ արժանի։ Հին օրերի գեղեցկուհին
գոմի հին դռան տաք արևի մեջ նայում ու ժպտում է... և նրա վրա՝
այսօրվա Աղուն ի շշունջը.
Գոմում թող նա ապրի, ով գոմի համար է ծնվել, դու գոմի
համար չես ծնվել, աղջիկ ջան։ Տառապանքը մարդու համար է, բայց
մարդու տառապանքն է մարդու համար... բայց դրանք ուզում էին
քեզ գոմեշի հետ կապել մի ախոռից...
Այսօրվա Աղունը այսօրվա իր տան ձեղունի դուռը ետևից վրա
քաշելով իջավ ձեղունից՝ զույգ ձեռքով ձվերի ծանր կողովը բռնած։
Ձվերը հատ-հատ փաթաթված էին հին գրքի թերթերով։
Պատշգամբը լիքն էր կապած ու չկապած իրերով։ Նա կողովը դրեց
դարձյալ ձվերի ամանի մոտ, ծնկեց, սկսեց դարձյալ փաթաթել
ձվերը հին գրքի թերթերով և ասաց երեխա-որդուն.
Սերո, պարտքուպահանջի թղթին գրի՝ Փառոյին վաթսուն ձու։
Որ հետըդ չես տանում՝ ես էլ չեմ գրի,– ասաց երեխան։
Ո՞ւմ չեմ հետըս տանում, խոսելիս ամբողջական խոսիր, ձու
փաթաթելով ասաց նա։
Ինձ։
էս տեղաշորը, էս բեռը, էս ձուն ինձ լիուլի բավական են։
Ես ձու չեմ։
Դու ձու ես, ձվից մի բան էլ դենն ես,֊ ասաց նա. ձուն գոնե
գլորվում է. քոլ ցեղը ծառ է, որտեղ տնկում ես էնտեղ էլ մնում է,
տավարի լեշ է, գոմում գցես՝ գոմում կմնա, գոմից հանես՝ դռանը։
Հերըդ առավոտից գնացել է, ո՞ւր է, ծղրտաց նա, և գոմի դռան հին
պատկերը ներխուժեց միանգամից, ուրագը թևին՝ Սիմոնը գոմից
դուրս եկավ, և ինքը երեխան ձեռքին կտրեց նրա դեմն ու բան
ասավ։ Սիմոնը ճանապարհը թեքեց ինքը դարձյալ կտրեց նրա
ճանապարհը։ Սիմոնը հապաղեց, կարծես վճռում էր, բայց դարձյալ
գնալու քայլ արավ և ինքը դարձյալ կտրեց նրա դեմը, ծնկեց ու
աղերսեց. «Տուն ենք սարքում»։ Այո, «տուն ենք սարքում», և
Սիմոնը խելագարվեց, «է֊է-է-է»։ «Տուն ենք սարքում», տակնիվեր
աղերսեց ինքը։ Սիմոնը ուրագը բարձրացրեց ու պայթեց. «Ինչո՞վ
ենք սարքում, ախչի»։ «Խփի՛ր, տո՛ւր, երեխային ուրագին դեմ
արեց ինքը, խփիր, կտրատիր ինձ էլ ու իմ երեխային էլ ու պատ
դիր։ Արյունս թափիր ու ցեխ արա», ծղրտաց ինքը։ Այո, «արյունս
լուն է ծծում, թափիր ու ցեխ արա պատիդ համար», թարգմանեց
հիմա նա իրեն։ Հետո ինքը հեկեկում ու հեկեկալով ասում էր.
«Տնաշե՜ն... էս ազատ առատ արև աշխարհքը թողած լվանոց ենք
մտել... երեխայի վրա մի անարատ տեղ չի մնացել, լուն ու
գոմշաոջիլը քրքրել են»։ Եվ ինքը խանձարուրը թացում ու չէր
կարողանում, դողում էր, չէր կարողանում բացել, և Սիմոնը նեղությունից մեռնում էր։ Նա հիմա խղճում էր հին այդ օրի Սիմոնին.
«Դեռ գոմում կլինեինք, ախպեր ջան, լավը ջան, դեռ գոմում
կլինեինք»։
Բոլորը՝ քեզ համար, դարձավ Ազունը տղա-երեխային։
Պետքս չի, ասաց երեխան։
Խի՞ չի պետքդ։
Պետքս չի, ասաց երեխան։
Պետքդ է, պետքդ է, ասաց նա։ Ախպերդ էլ էր ասում
պետքս չի, բայց հիմի պետքն է։ Պետքներդ է ու չեք հասկանում։
Հասկացողը մենակ դու ես։
Հասկացողն իհա՛րկե մենակ ես եմ, ասաց նա։ Աստված որ
մի քանի անհասկացող է ստեղծում՝ կողքներին մի հատ էլ
հասկացող է ստեղծում, որ անհասկացողներին գելը չուտի։
Պարտքուպահանջի թղթին գրեցի՞ր Փառոյին վաթսուն ձու։
Հասկացողը դու ես՝ դու էլ գրի, ասաց երեխան։
Ես անգրագետ եմ, ասաց նա։ Իմ մերացուն ինձ հունվարին
դասից հանել է, «անունթունակ եմ»։ «Ունթունակն» ինքն է,
Իշխանին դեռ Իխշան է ասում, «Իխշան ճան»։
Երեխան փորձեց մտքում, փորձեց կիսաձայն չէր կարողանում, ու բողոքեց.
Ինչ է, դժվար անուն է, էլի։
Ի՞նչն է դժվար, հարցրեց նա։
Քու հոր անունը։
Ես հեր չունեմ, Իշխա՞նը, Իշխա՞նն է դժվար անուն։ Ասա
Իշխան, փորձեց նա, երեխան սակայն հրաժարվում էր, չէր վճռում,
և նա հուսահատվեց ու կատաղեց. Որովհետև լեզուդ էլ քամակիդ
պես ծանը՜ր ընկած է։ Վեր թռիր տեղիցդ, էն ձին հիմի էնտեղ
խճճվել է։ Գրեցի՞ր Փառանձեմին վաթսուն ձու։ Ես Սիմոն եմ
բանեցրել, մի սրան տեսեք։
Երեխան և՛ ենթարկվեց՝ գնաց գրելու Փառանձեմին 60 ձու, և՛
հեգնեց. «Դու բանեցնող ես, կբանեցնես»։
Նա ձու փաթաթելը վերջացրել էր, ծանր կողովի վրա ասաց՝
«չորս հարյուր», ապա անդրադարձավ երեխայի հեգնանքին,
կանգնեց նրա դեմ.
Դու ինձանից ի՞նչ ես ուզում։ Չէ, չեմ ծեծում, դու ինձանից ի՞նչ
ես ուզում։
Քա-աք, ասաց երեխան։
Քոնոնց պես՝ մի՛ հաչա, մարդավարի ասա։ Քաղա՞ք։
Երեխան գլխով հաստատեց։
Լեզվով, պահանջեց նա, լեզուն խոսելու համար է։ Քու
հորեղբայր Հակոբը լեզուն ալարեց շարժի՝ թե ապիս ու նանս մեծ
են, ջահելի խնամք են ուզում, ու գնաց երեք տարի անտեղի բանակ։
Քաղա՞ք։
Քաղաք, ասաց երեխան։
Ապրես՝ որ երեսիս նայում ու ասում ես։ Տղան չպիտի
վախենա, աչքը աչքին պիտի նայի ու ասի։ Դե հիմա լսիր, ասաց
նա. էն երկուսին քաղաքը տարավ, փեսան աղջկան տարավ
քաղաքն էն երկուսին. փեսայի տարածը ետ կգա, քաղաքինը՝ ոչ,
քաղաքի տարածը տարած է։ Մենք՝ ես ու քու Սիմոն խեղճ հերը,
քեզ ստեղծել ենք գյուղի համար ու հատուկ մեզ համար։
Չստեղծեիք, ասաց երեխան։
Բայց դե արդեն ստեղծել ենք։
Ձեզ խնդրող չկար, չստեղծեիք, ասաց երեխան։
Խի, լավ չի՞ որ, ժպտաց նա. էս լեն, առատ, լույս, ազատ
աշխարհը... էս ապրուստը... ես ու քու հերն էլ քեզ ծառա։ Նա հիմա
հավերի համար գոգնոցը կուտ էր լցնում։
Պետքս չի, ասաց երեխան։
Պետքդ է, դու չգիտես՝ որ պետքդ է։
Դու գիտե՜ս։
Այո, ես գիտեմ։ Ես ինչ ուզում եմ՝ էն է լինում։ Ես անեծքով
մարդ եմ սպանել։ Թռիր ձիուն, շուտ։ Ես Արմենակից բանաստեղծ
ու Սիմոնից էլ աշխատավոր եմ ստեղծել, ու քեզ էլ գյուղի համար եմ
ստեղծել, ականջիդ օղ արա։ նա պատշգամբից ելավ ու հավերին
կանչեց,– Ջո՜ւ, ջու-ջու֊ջու... Ջո՜ւ, ջու-ջու–ջու-ջու...
Հավերը շատ էին, բազմագույն, խնամված, մաքուր։
Ես քաղաք եմ գալու, ասաց երեխան։
Մինիստրի պաշտոնը դրել՝ քեզ են սպասում։ Հավերը բակը
կկեղտոտեին, հավերի հետ նա հեռանում էր բակից։ Տան վերևն
ազատ լանջ էր, նա հավերի մեջ բարձրանում էր լանջն ի վեր։
Գնաս թե չէ՝ ավելը ձեռըդ են տալու, քաշեն հավաքարարության
տակ, գնա, քեզ են սպասում։
Բա Արմենակ ախպե՞րը։
Արմենակն Արմենակ է, դու էլ դու ես, ասաց նա։
Ես ի՞նչ եմ, ասաց երեխան։
Անգրագետ ու դմբո ես։
Դու ես անգրագետ, ես անգրագետ չեմ։
Ես իմ հավերի, ես իմ տանուտեղի, կովուկիթի մինիստրն եմ
դու քու դասուդպրոցի մինիստրը չես, ես մեր չունեի, մեր չունեի՝
ուրեմն հեր էլ չունեի դու հեր էլ ունես, մեր էլ ունես, ախպեր ու
դեռ պատրաստի տունուտեղ էլ ունես... հիմա մեզանից ո՞վ է
անգրագետ։
Դե ասա ասենք, ասաց երեխան։
Ասա ասենք, սպասեց նա։
«Աղուն֊Աղո՜ւն», կանչեցին։ «Աղուն֊Աղո՜ւն», կանչում էր սկեսուրը ձորի մյուս լանջի իրենց դռնից։ «Աղուն-Աղո՜ւն...»։
Տես, ասաց նա երեխային, տատիդ համար էլ քուրդ չեմ, էլ
առնաուտ ու գողի ցեղ չեմ, Աղուն եմ՝ Աղավնի, արդեն Աղուն եմ։
«Աուն-Աուն», տնազեց նա պառավին։
«Սերո՜», կանչում էր պառավը։ «Սիմոն ջան, Սիմո՜ն... ԱղունԱղուն-Աղո՜ւն... Սերո՜»։
Երեխան ուզում էր արձագանքել, բայց նա չթողեց.
Ոչ. թող մի քիչ պատռի, ինձ շատ է ճաքեցրել։
«Աղո՜ւն... Աղուն ջան, Աղո՜ւն»։
Սպասում եմ, ասաց նա երեխային։
Երեխան պատրաստվում էր։ Որ սխալվեմ՝ չխանգարես, ես էլի
տեղը կգցեմ, ասաց երեխան։
Հավերի մոտ նստած, երեսը բռունցքին՝ նա սիրով ու
ջերմությամբ էր ուզում լսել երեխային, բայց չկարողացավ յոլա գնալ
առանց խայթոցի. «Որ սխալվում ես՝ խոսիր, մի լռվիր, մի ցույց
տուր, որ սխալվել ես, լեզուդ քոնոնց պես մի ծանրացրու, թող
չհասկանան՝ որ սխալվել ես»։
Երեխան հրաժարվեց։
Խանգարեցի՞, ժպտաց նա։
Մի ծիծաղիր, այո՛ խանգարեցիր։
Դուք եք խանգարվող, դուք, չլինի էլ՝ կգտնեք մի խանգարիչ։
Սպասում եմ։
Չեմ ասում, ասաց երեխան։
Որովհետև չգիտես։
Որովհետև խանգարեցիր, ասաց երեխան։
Եմ պարտքը խանգարելն է, քոնը՝ ասելը, գիտես՝ ասա,
չգիտես՝ ես հազար գործի տեր եմ, ելնելու շարժում արեց նա։
«Աղուն֊Աղո՜ւն, այ ախչի...»։
Բանիդ կաց, թող ճաքի֊ճաքի ու հանգստանա, ինձ շատ է
ճաքեցրել, ասաց նա։ Լսում եմ։
«Հովհաննես Թումանյան»։ Չխանգարես։ «Գառնուկ ախպեր»։
Երկու որբեր Քուր ու ախպեր Կորած գնում են հեռու Արևը
վառ ճամփեն երկար Ոչ աղբյուր կար Ոչ առու։ Քույրը մեծ էր
Ոնց էլ լիներ Կդիմանար ծարավին Բայց ախպերը շատ էր
փոքր Չէր համբերում արևին։– Գնում են, գնում Երկու որբեր
Քույր ու ախպեր Կորած գնում են հեռու Արևը վառ ճամփեն
երկար Ոչ աղբյուր կար Ոչ առու... Քույրը մեծ էր Ոնց էլ լիներ
Կդիմանար ծարավին Բայց ախպերը շատ էր փոքր Չէր
համբերում արևին։ Վուե՜յ, սրանցավարի զարմացավ երեխան,– էս
խի՞ չի առաջ գնում։
Առաջ չի գնում, քանի որ դու քու ցեղն ես, կալի եզան պե՜ս
պտտվում ես, կալի եզան պես։
«Աղուն Աղուն Աղո՜ւն»։
Կանչում է, ասաց երեխան։
Կանչում է՝ պատասխանիր։
Քեզ է կանչում, ասաց երեխան։
Իմ անունն Աղուն չի, Առնաուտ է իմ անունը, ինձ չի կանչում։
Չարտասանեցիր, ասաց նա ելնելով։
Դե դու արտասանիր, ասաց երեխան։
Ուրիշի՞ գրածը։ Ինչի՞, ես թութա՞կ եմ՝ որ ուրիշի գրածն
արտասանեմ։ Ես բանաստեղծ եմ, իմ բանաստեղծը ես եմ։
Բա, էդ մենք թութա՞կ ենք՝ որ դասերին ուրիշի գրածն
արտասանում ենք, ասաց երեխան։
Թութակ եք, թութակից մի բան էլ անց եք, . ասաց նա։
Դե որ թութակ ենք՝ ես էլ չեմ սովորի։
Մի սովորիր, քանի որ դու գյուղի համար ես ստեղծված։
Վազիր էն ձիուն ու վազիր գյուղամեջ, հերըդ հիմա եկել մեկի
պարապ զրույցին բերանը բաց ականջ է կախել։ Շուտ։
Պառավը նորից կանչեց, և տղամարդու մի ձայն մեծ տագրը՝
Ադամը իր դռնից, ուր սայլ էր տաշում բարկացավ սրանց վրա.
«Ախչի, չե՞ս լսում, նանը կանչում է»։
Հորեղբայրդ զարթնեց, ժպտաց նա։ Պատասխանիր ասա
Երևան է գնում, գործի է գնում, ժամանակ չունի։ Ու թռիր,
կարգադրեց նա ու մտավ տուն։
Դա գյուղավարի հարուստ տուն էր. մի քանի անկողնակալ
տռուզ բարձերով, պատերը՝ լրիվ գորգ ու կարպետ, բարձր ու լայն
հանդերձապահարան, ճաշասպասքի պահարան՝ բյուրեղապա-
կի֊հախճապակի-ճենապակի սպասքով լիքը, շրջանակի մեջ պատի
գորգին՝ որդու լուսանկարը. դա կամային տղա չէր, դրա հետ չէր
կարելի որևէ լուրջ բանի հույս կապել։ «Ես գնում եմ Երևան, շշնջաց
նա, երկու ձեռք անկողին, մի խալիչա, մի կարպետ, տասը հազար...
հազար ռուբլի փող... էս մարդն էս ինչո՞ւ ուշացավ... մի ոչխար... մի
ոչխարի ղաուրմա... կարագ... ձու... ավելուկը չմոռանամ... Քե՜զ
համար», որդու լուսանկարը շոյեց նա։ Նրան երբևէ պատմել էին,
կամ ինքն էր տեսել, կամ կարողանում էր պատկերացնել առանց
տեսնելու գնացքի նեղվածքում որդին՝ ձեռքերն աղջիկների
ուսերին... որդին փողկապը քամուն տված... որդին՝ հարբածների
մեջ հարբած... որդին՝ ծխոտ սենյակի գրասեղանի մոտ ցրված,
մռայլ ու գրածը ճմրթելիս... «Քեզ համար», կրկնեց նա. «ուրիշներն ավտո, տուն ու ամբողջ կյանքի ապահովություն են տալիս
իրենց զավակներին ես չէի կարող Սիմոնին գողության ղրկել։ Էդ
է, մարդու մե՛ջ պիտի լինի, չկա։ Իմ ջղային ջղերն ու շնորհքը՝ քեզ։
Տուն ունե՞ս։ Ի՞նչ աղջիկ ես ջոկել։ Մարդկանց կարողանո՞ւմ ես դուր
գալ։ Ո՞վ են ընկերներդ։ Ի՜նչ ընկերություն։ Լա՞վ արիր՝ որ
գրողական ճանապարհն ընտրեցիր։ Ինչ աղջիկ ես ջոկել էս
գեղեցիկ, մեծ կյանքից։ Եթե Սիմոն ես՝ նա քո կյանքը կուտի։ Ինձ
նման։ Ու լավ կանի՝ որ կուտի։ էս առատության մեջ ամոթ է աղքատ
ապրելը։ Աշխարհը դմակ տղեն դանակ։ Չգիտեմ, լավը չես, մեջըդ
վրեժ չկա, նախանձ չկա, սիրտդ չի պատռում արիշի լավ ու քու վատ
ապրելուց...»։ Դա աղոթքի նման էր, դա նրա աղոթքն էր որդու
լուսանկարի առաջ։ «Չգիտեմ, ջղայնացավ նա, ժամանակը փոխվում է, հները չեն կարենում ապրել նոր ժամանակներում ու դրա
համար էլ նորերն են առաջանում։ Ես հինն եմ ու դու նորը, ես չեմ
կարող իմ քարի տակից քեզ օգնել, քեզ դու պիտի պահես... չգիտեմ,
իրա քարի տակից իմ մերն ինձ չի օգնել... չգիտեմ, մեջըդ վրեժ չկա՝
քեզանից ի՞նչ բանաստեղծ, բանաստեղծները քիչ են ապրում՝ ինչո՞ւ
բանաստեղծ։ Չգիտեմ»։
Շունը կատաղաած հաչում էր։
«էս շունն իրենից ի՞նչ է ուզում... Քանի որ պիտի կամ վախենան՝ որ հարգեն, կամ դուր պիտի գաս՝ որ սիրեն։ Չգիտեմ»։
«Ամեն», նա ժպտաց իր հավատացյալության վրա և տնից դուրս
եկավ։
Նա պատշգամբ ելավ կապած շունը գոմի դռանը ծառսիծառս
էր լինում, խեղդվում էր, ուղղակի իրեն ուտում էր։ «Այ շուն, դու
քեզանից ինչ ես ուզում»։ Քիչ հետո նա կարողացավ տեսնել հեռու
բացատի օտար անասունը։ «Ապրես», գովեց նա շանը, «ապրես,
բայց քեզ մի պատռիր, ինչ լինելու է՝ կլինի, քու ուզելով չի»։ Շան
հաչոցի միջից ուրիշ կանչ էր լսվում, նա ականջ պահեց՝ և պառավի
ձայնն էր. «Ախչի, Աղուն»։ Նա սրվեց և տնից ներքև ցանկապատի
մոտ տեսավ պառավին՝ որ դժվար էր զանազանվում խամրած
շրջապատից։ Շան առաջ լափ լցնելով և ծամածռվելով լափի
հոտից՝ նա պառավին հրավեր ուղարկեց. «Արի, նանի ջան, արի,
քեզ վրա չի հաչում, գիտի՝ որ մեր նանն ես։ Քո տղի տունն է, քեզ
համար ազա՛տ արի»։ Բայց դա սեր չէր, դա թույն ու սպառնալիք էր։
«Զեռդ՝ տեղը, ոտըդ՝ տեղը, մեջքըդ՝ ուղիղ...»
Ա՜յ ախչի... իր դռանը զգուշացավ ու զգուշացրեց պառավի
մեծ որդին՝ Ադամը, որ սայլ էր սարքում։
Աղունը ծիծաղեց, բայց դա ծիծաղ չէր՝ չարախնդուք էր։ «Ձեր
նանին ուտելու եմ, այո», իր համար ասաց նա։
Պառավը գալիս էր դանդաղ ու տնքտնքալով, և Աղունը
սպասում էր։ Պառավը հասավ, ետ տվեց բակի ճաղավոր դուռը,
ապա դարձավ ու ուղղակի ուսումնասիրեց, ուղղակի հիացավ
դռնակով։ «Հա, Սիմոնիս ձեռն է», շշնջաց պառավը։ Փեթակները
նույնպես որդու ձեռն էին, «չորս զույգ ու մի կենտ», շշնջաց
պառավը, «Սիմոնիս ձեռն է»։ Խնամված ծառերը՝ «Սիմոնիս ձեռն
է», ցանկապատը՝ «երեխիս ձեռն է», դռան կոճղը «Սիմոնիս ձեռն է»։
Եվ այդտեղ Աղունը խլեց նրա խոսքը. բազրիքը՝ «երեխիդ ձեռն է.
համեցեք», նա պառավի առաջ ետ արավ բազրիքի դուռը. «բոլորը՝
Սիմոնիդ ձեռն է. Երևան եմ գնում, նայիր»։
Եվ ապա պառավը տնտղում էր Երևանի նրա բեռները, օրհնում
էր, զարմանում, չէր հավատում, նորից էր տնտղում, և Աղունը
բարձրաձայն, ինչպես անհասկացողին են բացատրում, մանրամասնորեն ասում էր, թե ինչ է տանում Երևան.
է՜դ, նանի ջան, տեղաշորն է, երկու ձեռք անկողին՝ երկու
բարձ, երկու վերմակ, երկու ներքնակ՝ երկու ձեռք անկողին,
առայժմս, նա ժպտաց իր բառի վրա, առայժմս երկու ձեռք, մեջը
քնելու համար, նանի ջան, պիտի քնեն մեջը։ Այո։ է՜դ, նանի ջան,
խալիչան ու կարպետն են՝ խալին ու կարպետը, խալին՝ ջոկ,
կարպետը՝ ջոկ։ Քանի որ անունթյունակ էի՝ ուրեմն քնընիր խալին։
Նա գորգը բացեց։ Նայիր ու տես, նանի ջան, թե դժվար ես
տեսնում ակնոց բերեմ։ Չէ, չբերեմ, պետք չի, աչքիդ լույսն էլ է տեղը,
ձեռդ էլ է տեղը, ոտդ էլ... է՜ս, արդեն ներող եղիր, նանի ջան, էս
արդեն Սիմոնիդ ձեռը չի, իմ ձեռն է։ Մենակ էս չի Սիմոնիդ ձեռը, մին
էլ Սիմոնն ինքը, Սիմոնիդ ես եմ Սիմոն սարքել...
Ապրես, ասաց պառավը, մատներիդ մատաղ։ Մի թելած
ասեղի եմ եկել, ախչի, մին էլ՝ թե սխտոր ունես։
Կա, ասաց Ազունը,– էդ էլ կա. իմ տանն ամեն ինչ էլ կա, լավ
մարդի համար՝ լավ բան, վատերի համար՝ բիզ, նանի ջան, աչքը
հանելու բիզ. սխտորն ինչ է՝ որ չլինի իմ տանը։ Նայիր, ասաց նա,
է՜ս՝ մի փութ կարագն է, հունիսի կարագից է, նանի ջան, էս՝ քսան
կիլո մեղրը, էս էլ՝ պանիրը։ էս էլ՝ ձուն, չորս հարյուր հատ։ Պիտի
ուտի, ուտելու համար է, նանի ջան։ Նա դարձյալ բան էր ցույց
տալիս, բայց հանկարծ հասկացավ, որ այդ անկողինները պիտի
արևին տա։ «Հարմարություն ունի՞, չունի՞, էս տեղաշորը էնտեղ
ո՞նց է արևին տալու»։ Նա բակ հանեց, փռեց, եկավ դարձյալ
տարավ, «թող մի լավ արև ուտեն ու նոր գնան Երևան, աղջիկն ով
գիտի ով է»։ Նա վերադարձավ պատշգամբ, հետո պառավի ետևից
տուն մտավ։ Պառավը տունը նայում էր, ուղղակի տնտղում էր։
Սիմոնիդ տունն է, նայիր, ասաց նա։ է՜ս ամբողջը՝ Սիմոնիդ
մատներն ու իմ ջղերը. մենակ, նանի ջան, նրանք պատշգամբ
ելան, և նա պառավին ցույց տվեց փայտի թախտը, քու տնից էս է
եկել իմ տուն, ու պահվում է։ Գիտե՞ս ինչի է պահվում, նանի ջան. որ
ոտից֊ձեռից ընկնես՝ քեզ բերենք էս թախտին դնենք, երեսիդ էլ
Վրացոնց ծառից կակալի մի ճյուղ դնենք, որ ճանճերը հոտից
փախչեն։ ճյուղի հոտից, նանի ջան։ Նա պառավին տեսավ հենց
այդպես՝ երեսը ճյուղի տակ պառկած։ Դա լինելու է, ասաց նա,–
իմ անեծքը մարդ է սպանել, դա լինելու է։ Քու անեծքն ինձ բան
չարավ, բայց իմ անեծքը մարդ է սպանում։ Վրացոնց ընկույզից մի
ճյուղ եմ բերելու, դնելու եմ երեսիդ, նա ժպտաց. պսակ,
ծաղկեպսակ։
Հա, իմ մեռնելու ժամն է, ասաց պառավը։ Ապին գնաց ու
ինձ մտահան արավ, գալիս չի տանելու։
Ձերոնք էդ են, ասաց նա, գնում ու մտահան են անում։
Սիմոնն առավոտից գնացել է, ուշանում եմ, չկա։ Որտեղ գնում՝
էնտեղ էլ մնում են։ Սերո՜... կանչեց նա։
Ի՞նչ է, այ ախչի, իր դռնից պատասխանեց Ադամը։
Ոչի՜նչ,– զնգան ու ժպտուն, ինքն իրենից գոհ՝ կանչեց նա.–
Երևան եմ գնում՝ ախպերդ չկա ու գիտի՝ որ Երևան եմ գնում.
ասում եմ մի տեղ տնկված, ծառ դառած կլինի։
Բան չկա, իր գործին դարձավ տագրը, Երևանը տեղից չի
փախչի։
Քաղաք էլ է տեղից փախչո՜ւմ, նա ուրախ էր, որովհետև
հիմա ետ էր դառնալու ու պառավին էր դարձնելու նրա հին
վատությունը, գյուղ էլ է տեղից քոչում, ինքնաթիռ էլ է անցնում ու
կյանք էլ է գնում կացինը ձեռքներիդ գուք ձեր սելի կողքի՜ն կաք։
Տագրը տաշում էր, և նա դարձավ պառավին.
Հիմա, նանի ջան, քեզ մի բան էլ ցույց տամ ու հետո, ուրեմն,
քու սխտորն ու թելած ասեղը գտնենք, հո չե՞ս մոռացել, նանի ջան,
որ սխտորի ես եկել։ է՜ս՝ լինգ է, նանի ջան, ցանկապատին հենած
լինգը նա վերցրեց, մոտեցավ պատշգամբի դռան շեմին, շեմի
քարին, քար ջարդելու, տուն շինելու համար է, նանի ջան, տուն
քանդելու, մարդ ծեծելու համար չի, չնայած սրանով կարելի է էնպես
խփել՝ որ մինչև կյանքի վերջը մարդ վնգստա։ Նա հիմա լնգով շուռ
էր տալիս շեմի քարը։
Ղանջըղ, մրմնջաց պառավը, լիրբ Բայց դա անեծք ու
հայհոյանք չէր, պառավը հիանում էր իր Աղունով։ Ամանները
ձեռիդ որ շրխկալով վազում էիր ջրի ու ավազի, կրի ու հացի
արանքում՝ մարդի ուրախություն էր շարժվում, ապին նայում ու
ուրախանում էր։
Այո, կարծես համաձայնեց նա։ Երեխայի ճոճը տանձի
ծառից գցած էր, քամին օրորում էր։ Քամին ճյուղն օրորում էր,
ճյուղի հետ ճոճն էր օրորվում, երեխան էլ ճոճի մեջ էր օրորվում
քամին էր երեխայի նանը, նանի ջան։ Երեխան տատ չուներ։ Երեխայի տատը փեշերը բռնած իրեն տվել էր տերտերներին։ Նանը
ճամփորդ էր, ճամփաներին էր՝ Դսեղի տերտերի ճամփին, Հաղպատի, Կիրովականի։ Հիշեցի՞ր։ Լավ հիշիր։ Նա քարը շուռ էր
տվել, և տակից հանեց եռածալ, մոմած մի թուղթ, մեկնեց պառավին, բայց պառավը չէր վերցնում, ետ-ետ էր անում, մրմնջում
«Հիսուս Քրիստոս, Հիսուս Քրիստոս»։ Քու կտրած իմ մազն է, նանի
ջան, իմ աղջկության հյուսի ծերը ո՜ւ քու տերտերների գրաբարը։
Գրաբար ապրես, նանի ջան, ես գրաբար չգիտեմ, չգիտեմ ինչ է
գրած։ Գրաբար ապրել ես, գրաբար էլ ապրես։– Նա կատաղեց։ էս
պարապ թղթից որ դեռ վախենում ես՝ դու ո՞նց էիր, էդ ո՞նց էիր
վախեցած որբիս շեմքին բերում թաղում տերտերների քու անեծքը։
«Ա՛յ ախչի», եկավ Ադամի ձայնը։
Լեզվիդ պատճառով, ասաց պառավը։
Նա լսեց, բայց ուշադրության չառավ տագեր ձայնը։
Աստված որբերիս կողպեքը միջին բռունցք չի տվել՝ լեզու է
տվել, որ գոնե սուտ հաչոցով մեզ պահենք։ Լավ ես անում, մի՛
վերցրու, ասաց նա այդ հմայիլի մասին ու դարձյալ դրեց քարի
տակ, դեռ պետք է գալու։ Գիտե՞ս երբ։– նա պառավին դարձյալ
տեսավ իր պատշգամբի թախտին անկողնի մեջ՝ երեսին ընկուզենու
մի ճյուղ։ Գիտես։ Հանելու եմ, դնելու եմ գլխիդ տակ, երեսիդ էլ մի
հատ ճյուղ եմ դնելու, որ ճանճերը սուրբ պատկերդ չաղտոտեն։
Դե լավ, ասաց պառավը,– անցածի ետևից չեն ընկնի,
անցածն անցած է։
Եզը գոմի շեմքին թրքում, գնում աշխարքը պտտվում,
իրիկունը գալիս իրա թրիքի վրա սոթ է տալիս, «անցածն անցած է»։
Լավն ես, շատ լավն ես,– ասաց պառավը,–– բերանդ էլ
մաքուր պահիր՝ շատ լավը կլինես։
Իմ բերանից մենակ ճիշտ խոսք է թռչում։
Ամեն խոսք չի թռցնելու, այ որդի, պիտի զսպենք, ներենք,
համբերենք, սիրենք. թուրութվանքով բան չի լինի, այ որդի,
հորդորեց պառավը, բայց Աղունը մերժեց նրա քարոզը։
Ես քու որդին չեմ, ինքը իրեն կատաղեցրեց Աղունը,
աստված ինձ անմեր է ստեղծել։
Դու իմ երեխայի կյանքը կերար,– հանգիստ ասաց պառավը.
իմ երեխայի կյանքն ուտողը իմ որդին չի։
Չուտեի՞, այ կնիկ, է՞լ չուտեի։ Չուտեի՝ դեռ քո տանն ամբարի
վրա էինք ու քու կողպեքի տակ։
Ամբարի վրա դո՞ւք էիք քնում։ Հա, հիշեց պառավը,–
ամբարի վրա Սիմոնըս էր։ Աղջկերքը տորքի տակ էին։ Արփենիկս
մեռավ։ Ապին գնաց։ Ապին մեկել թախտին էր, Ադամըս՝ մեկել։
Ակոփըս դաս էր անում։ Չկա՜ էլ էն մեծ, լի ընտանիքը, չկա։ Իմ
գնալու ժամանակն էլ է եկել։
Քսան մարդով մի տան մեջ քնում, ուտում, թխում, ոտ էիք
լվանում։
Մեկը մեկի մի մազին չէր դիպչում, ասաց պառավը։
Չէր դիպչում, դրա համար էլ ամենաետընկածն էիք։
Մեր նեղությունը մեր տանն էր մնում, մեր նեղությունը ուրիշի
վրա ծանր քար չէր դառնում, մեր ուրախությունի, մեր սերի մեջ
պահում էինք մեր նեղությունը... բայց դու երեխայիս կյանքը կերար,
ղանջըղ, խայտառակ արիր երեխայիս, էս գյուղով մեկ՝ ծիծաղատեղ
դարձրիր երեխայիս տունը։
Որ եկար ինձ ջարդեցիր՝ հորանց գնալիս դու էն ո՞ւմ շորն էիր
հագել։ էն ո՞ւմ շորն էիր հագել ապնի մահով։ էն ումի՞ց ուզեցիք
հոգեհացի ալյուրը, լավ միտըդ բեր։ Մելըքանց պառավն էն ինչի՞ էր
տուն մտել ու երեսիդ ասում էր տանը չեմ։ Մահի՞ց էր վախենում,
մահից չէր վախենում, նանի ջան, քեզանից էր վախենում՝ թե հիմա
կգնաս սգաշոր կուզես ու հոգեհացի ալյուր կուզես։ Մարդ բա
կմեռնի ու իրա անտեր տանը մի հոգեհացի պատրաստությո՞ւն չի
ունենա։ Երեխայիդ ծիծաղատեղ եմ դարձրել։
Պառավն անիծեց, անիծեց ամբողջ ատելությամբ.
Վերանա՛, կտրվի՛ քու տեսակը, վերանա՛ք դուք, չլինե՛ք,
աստծու գառան աշխարհքը փչացրիք... ու լաց եղավ։ Ապին քանի
կար՝ գյուղի մշակն էր ծառի... փեթակի... կացնի կոթ է... հորթի
ծնունդ է... թի է... տրեխ է... կռվածների հաշտություն է՝ բոլորը,
ամբողջը ապին էր։
Աղունը լրացրեց.
Այո, ամբողջ գյուղը իմ պատրոնին պարտք էր։
Կտրվի՛, վերանա՛ ձեր տեսակը,..
էդքան պարտքի հետ, ասաց Աղունը,– իրա ետևից մարդը
պիտի մի քիչ էլ վախ թողնի՝ որ ահը սրտներում գան շարվեն ու
հարգեն վախը սրտներում ու ոչ թե տուն մտնեն ու դուռը երեսիդ
փակեն՝ ոնց որ Մելըքանց պառավն էր արել ու դու էլ դռանը
կանգնել էիր։ Հիշիր, լա՛վ հիշիր։
Պառավը լաց եղավ.
Իմ դուռը կրնկի վրա բաց է եղել հարևանի առաջ էլ, անցվոր
օտարականի առաջ էլ։ Ես ի՞նչ գիտենայի, որ իմ կարիքի օրը դուռ
են փակելու իմ առաջ։ Վերանա՛ քու տեսակը, չլինի՛ ձեր տեսակը։
Խեղճացիր, ասաց Աղունը, ոնց որ խեղճ եք եղել՝ էդպես
խեղճացիր, քանի որ մենակ իմ դեմ էիք գազան կտրել։
Ես ձեր սերն էի ուզում, ես իմ երեխայի սերն էի ուզում։ Ամեն
կնիկ իրա գլխի տեր ամուսնու տուն պիտի սեր բերի, դու կռիվ
բերիր, ղա՛նջըղ։ Աբել ապին հնձից, գոմերից, կալերից, ձմեռվա
ծմակից ինչքան եկել է՝ ես նրան տաշտակի մեջ եմ դրել ու ոտները
տաք ջրով, գոլ ջրով տրորել եմ։ Սիմոնը քեզանից մարդու սեր
չտեսավ։
Գոմում ինչ սեր, ծղրտաց Ազունը,– Օսեփանց գոմշաթրքի ու
տնքոցի մեջ ինչ սեր,– խեղդվեց Ազունը։ Մի՛ մորթիր ինձ, այ կնիկ,
կաթիլքի տակ ու լվի մեջ ու գոմշաոջլի մեջ ինչ սեր։
Իմ ունեցածը գոմ էր՝ գոմ էի տվել, հաշտություն խնդրեց
պառավը, սերը գոմի համար է, այ որդի, նեղ օրի համար է,
նեղության մեջ է սեր լինելու։
Գլխիս որդերը ժաժ են ընկնում, մի՛ ասա որդի, ես քու որդին
չեմ, ծղրտաց Ազունը։
«Ա՛յ ախչի», եկավ Ադամի ձայնը։
Ադամիկս է,– մրմնջաց պառավը, աշխատում է, ձեռներին
մատաղ։ Սիմոնիս տունն է։ Ակոփըս գործի է։ Տղերքըս կան, աստծու
արևը տղերանցը գլխին է։ Հարսներս կան։ Բերբերանց Գիքորը չորս
տղա կորցրեց, գնացին ու չեկան։ Սիմոնս սիրտը բարակ երեխա էր.
էն ում հարսանիքն էր. ծառերի տակով գնում էր կալի ծերին
նստել տխրե՜լ-տխրել էր Սիմոնիկս։ Ես իմ երեխայի խաղաղությունն
ու սերն էի ուզում, ղանջըղ, սիրտը բարակ իմ երեխայի համար ես
կյանք էի ուզում՝ դու չտվիր։
Սիրտը բարակի մասին ձեր սուրբ գիրքն է լիրբ ասում, ասում
է փչացած։ Քու ավետարանն ինձ չի ասում, քու Սիմոնին՝ քու
տեսակին է ասում, քանի որ իմ սերը իմ երեխաների ապագան է
եղել, իսկ ձեր սիրտը բարակ է։
Ռադիոն սիրուն երգ էր տալիս, կնոջ մի մաքուր ձայն ռադիոյից
երգում էր։ Նա մի րոպե ականջ դրեց, ապա շարունակեց.
Թշնամու սիրուն տղի ու աղջկա առաջ կանգնում, բերաններդ
բաց հայիլ-մայիլ եք կտրում, սիրուն անասունի, սիրուն ծառի...
Որբևայրի կանանց փետի ու խոտի հոգսն էլ հո՝ քու տղերանց
մշտական հոգսն է։ Բայց քու ավետարանը դրան լիրբ ու լրբություն
է ասում։
Ռադիոյի կինը խանգարում էր, նա գնաց անջատեց ռադիոն ու
ետ եկավ.
էս երգը ձեզ ափսոս է, քանի որ դուք կրակի եք արժանի ու ոչ
թե երգի։ Ի՞նչ էի ասում...
Ռադիոն հիմա ուրիշ տեղից, երևի Ադամի դռնից էր երգում։
Մաքուր, բարձր՝ կնոջ ձայնը երգում էր։
Արժանի եք՝ համերգ եք լսում, մեկուսի ասաց նա։ Լավ եք
անում, դուք էլ որ ձեզ չհարգեք՝ ուրիշ ո՞վ է հարգելու։
Պառավը լաց էր լինում։
Լաց եղիր, ոչինչ, բայց սխտորդ չմոռանաս, ասաց նա և
գնաց մտավ նկուղային հարկի մառան։ Դա հարուստ ու լավ
դասավորված մառան էր։ Ես լաց եմ եղել, բայց իմ գործը չեմ
մոռացել։ Լաց եղիր, որ ընկույզի ճյուղ դնեմ գլխիդ, թե չէ՝ չեմ դնի ու
ճանճերը կնստեն երեսիդ։ Նա դուրս եկավ մառանից, և մաքուր,
զնգուն ձայնը, դեռ երգում էր, և աշնան արևի մեջ նա մի պահ
համրացավ գյուղի՝ իր այգու, ցանկապատի, տագեր տան, դեմի
նախշուն անտառի պատկերի առաջ։ Նա սթափվեց, տարավ
սխտորը պառավի փեշի գրպանը խցկեց մի տեսակ կոպտորեն,
պառավի երեսը նույնիսկ կարծես շրջեց այս տնից և կարծես թե
անգամ հրեց.– Գործի եմ գնում, նանի ջան, մի խանգարիր, գնա։
Ձեռից-ոտից որ ընկնես ու կողքիդ նստեմ՝ էն ժամանակ մի լավ
կհիշենք, հիմա ճամփի վրա եմ, Երևան եմ գնում։
Պառավը գնաց։
Պառավը գնում էր և Աղունը նայում էր նրա ետևից։ Ետևից էր
նայում, պառավն էլ արդեն չափարի տակ հեռու էր, բայց Աղունը
ճիշտ ու ճիշտ պատկերացնում էր նրա հանգած մրմունջը, մարող
սերը, հանգչող փոքրիկ ատելությունը։ «Ադամոս սել է կապում.
Սիմոնիկս գալիս է. Ակոփիկս սարում է, երեխես սարում չարչարվում
է... աղջկերքս կան։ Գոհություն քեզ, տեր, մենակ ապնին ես տարել,
մին էլ խեղճ Արփենիս. անխղճություն արիր՝ խեղճ երեխայիս շուտ
տարար ու ինձ էլ ուշացնում ես, քու սխալը մենակ էդ է։ Գոհություն
քեզ, տեր, մենակ էդ է քու սխալը...» Այս Աղունն էր նրան
«խոսեցնում», այս՝ Աղունի կարեկցանքն էր քարշ եկող նրա հոգնած
գոյությանը, և Աղունն էլ ժխտեց իր կարեկցանքը.
Ոչ, իր դռանն իր ապրուստի մեջ կանգնած՝ նա կտրեց իր
կարեկցանքը, քանի որ դուք կրակ տալու եք արժանի ու ոչ թե
խղճահարության։ Ամեն մարդ էնքան է ապրում՝ ինչքան ինքն է
ուզում. դու քու ուզելով ես կուչ եկել, քարշ գալիս. մի ուզիր ու գնա
ապնիդ մոտ, ժամանակդ է, ժամանակդ է... թե չէ, հեգնեց նա,–
ընկույզի ճյուղ չեմ դնի։– Եվ տեղնուտեղը, աշխուժով. Արո՜ւուս...
Հաստ, փնթի Արուսը գալիս էր ջրի։ Ընդամենը՝ մի դույլով։
Ահագին մարմինն առած՝ կենտ մի դույլով։ Արուսը կանգ առավ ու
ալարելով նայեց, և այդ ժամանակ Ադամն իր դռնից՝ սայլի մոտից
ասաց դեպի Աղունը.
Ախչի, նանին վայ թե նալեցիր։
Աղունը չլսելու տվեց տագեր խոսքը, իսկ Արուսը կանգ առել,
ալարելով նայում էր։ Պառավն ու Արուսը նույն արահետի վրա էին,
Արուսը կանգնած էր, պառավը դանդաղ, դողդոջ, փոքր ու կոր
մոտենում էր Արուսին։
Արուս ջան, Արուս,– կանչեց Աղունը,– տեղ եմ դնում, մի արի
բան ցայց տամ, էլի։– Բայց նա Արուսին չէր խնդրում, նա գիտեր իր
արժեքը և Արուսի անարժեքությունը իր մոտ։ «Ձիու մարմինդ
առած՝ մի ամանով ես ջրի գալիս, շշնջաց նա. լավ ես անում, շատ
կապրես, սև անտակը՝ թե մրի ու կեղտի ու վառված ճաշերի ու
փնթիության մեջ կապրես»։
Արուսն ալարելով նայում էր, հետո ալարելով ծիծաղեց.
«Պաա՜...»
Ինչ, հեռո՞ւ է,– կանչեց Աղունը։
Պառավը հասավ Արուսին, նրանք խոսեցին–չխոսեցին, հետո
պառավն անցավ, իսկ հաստլիկը կանգնած նայում էր։
Ամանըդ ջրի տա կին դիր ու մինչև կլցվի՝ արի բան ցույց
տամ, կանչեց Աղունը։
Իր դռնից Ադամը ձեն տվեց.
էդ վայ թե, ախչի, Երևան ես գնում։
Այո, սիրելի հորեղբայր, ձեզ համար ի՞նչ բերենք։
Իր սայլի մոտ կացինը ձեռքին կանգնած տագրը լուռ էր։ Տագրը
դանդաղախոս էր, և Աղունը ժպտաց ու կանչեց։
Գլխարկ բերե՞մ, ականջավոր գլխարկ՝ որ ամառն էլ դնես
գլխիդ, ձմեռն Էլ։
Տագրը ծիծաղեց, ձեռքը գլխին տարավ, վերցրեց ականջակալ
գլխարկը, նայեց։
Արուսը գալիս Էր։ Պառավը ձորակն անցել, տան արահետին
հազիվ էր երևում փոքր, դողդոջ, հողագույն, արդեն–արդն
խառնվում էր հողին, և այդ ժամանակ տագրն ասաց շատ պարզ ու
միանգամից.
Մի հատ էլ կապիչ կբերես։
Աղունը սրվեց։ «Կապի՞չ։ Բերանի կապիչ։ Իմ բերանը կապելու
կապիչ։ էդ է, հենց մտածում եմ սելից կապած անվնաս ձի եք՝ օձի
պես կծում եք։ Օձի պես, օձի»։ Գլխացավը բռնեց։ Քունքերը
շոյելով–շփելով, հետո՝ սեղմած, նա դեսուդեն ընկավ ու գլխացավից
պահանջեց. «Գործի եմ գնում, խանգարողս շատ է, դու ինձ մի
խանգարիր, ա՛յ գլխացավ»։ Գլուխը դնելու տեղ փնտրեց։ «Ո՛չ»,
ասաց նա գլխացավին։ Արևի մեջ բազրիքին բարձ էր դրած, նա
ուզեց գլուխը դնել բարձին, բայց իրեն թույլ չտվեց, «ո՛չ», ասաց նա
իր ցանկությանը։ Գլուխը ձեռների մեջ՝ նա հենվեց չոր բազրիքին և
տեսավ գոմի սարսափելի պատկերը։
Քնած էին եղել, գոմեշը կապը կտրել, տեղից դուրս եկել
նեղվածք դռնով անցել էր գոմի վերևի ծայրը՝ որտեղ Սիմոնի ու իր
թախտն էր, երեխայի օրորոցը և մի երկու ամանի թարեքը. սյան
ճրագթաթի վրա ճրագը թրթռում էր, ամբողջ գոմը ճռռում ու հող էր
մաղում գոմեշը քոր էր անում իրենց գլխավերևը սյունի վրա։
Ինքը աչքերը բացեց՝ գլխավերևը գոմեշի մի պահ անըմբռնելի
սարսափելի գլուխն էր։ Օրորոցը շուռ էր եկել, երեխան ծղրտում էր։
Հետո Սիմոնը խելագարված խփում էր գոմեշի քամակին պղնձով,
խփում ու խփում էր ու անասունի պես բղավում, բայց դուռը նեղ էր,
գոմեշը չէր անցնում դռան նեղվածքով, և նույն գոմում գոմշանոցն
ու մարդանոցը իբր թե անջատող տախտակե պատը ամբողջությամբ շուռ եկավ։
Հետո՝ մեղր էին քամում, ապին շրջանակ-մեղրահաց էր դնում
սև քամիչի մեջ, մի տուն լիքը երեխեքը նայում էին մեղրին, քամիչը
խուլ աղմկում էր, և պառավը մեղրի ամանը մատով սրբում ու
ծորացող մեղրը մատին փաթաթելով ասում էր «լիզիր, լիզիր», և
մատը երեխեքի բերանն էր տալիս, «լիզիր, լիզիր», և մատը Ադամի
թե Սիմոնի բերանը տարավ, և Սիմոնը՝ «օպ»՝ բերանն առավ մոր
մատը։ «Լիզիր, լիզիր...»
Ձեր սերն էդ է՝ «իզի-իզի», Աղունը ժպտալով գլուխը կտրեց
բազրիքից։ Ազատվեցիր, ապրես, ասաց նա իրեն թե գլխացավին։ Մի օր կտաս կսպանես, բայց քանի ապրում ենք՝ թող
ապրենք։
Նա անդրադարձավ՝ որ Արուսին կանչել է, և Արուսը գալիս էր,
հասել էր բակի դռանը։ «Քեզ էլ զինենք գյուղը գցենք ու լավ կլինի»,
մրմնջաց նա ու ընդառաջ ելավ. Արի, Արուս ջան, Պառավին ուժեղ
մատ եմ արել։
Վերելքից հևալով՝ Արուսը կնճռոտվեց ասաց.
Լաց էր լինում ու չէր կարենում... ցամաքել պրծել է։
Հա, պայտեցի, լավ պայտեցի, մինչև գերեզմանուտ չի գցելու։
Ինձ շատ է լացացրել, թող մի քիչ էլ ինքը լացի, ոչինչ։ Արուս ջան,–
մի տեսակ ձգվեց ու պաշտոնականացավ նա,– գնում եմ Երևան,
գնում եմ Արմենակիս տնավորեմ։
Նրանք հիմա պատշգամբում քաղաք գնացող բեռների մեջ էին։
Սրանք գնացող բեռներդ են, հասկացավ Արուսը։
Երևան գնացող բեռներս են, Արուս ջան, ու տասը հազար...
հազար ռուբլի փող։ Հազարը շա՞տ է թե քիչ, մի րոպե կասկածեց
նա։
Հազա՞րը, բեռները նայելով ասաց Արուսը. մեզ համար
շատ է, քաղաքացիների համար՝ քիչ։
Քիչ է, համաձայնեց նա, բայց դե... գողություն չի, մեր
քրտինքն է, Արուս ջան, ուրիշների պես՝ գողություն չի։
Արուսը ծիծաղեց.
Ախչի, վայ թե ինձ էլ նալելու կանչեցիր։
Չէ,– ժխտեց նա. դու Արուսն ես, ես՝ Աղունը, մեր մեջ
պարտքուպահանջ չկա։ Քեզ կանչել եմ՝ որ նայես ու ինձ գովես։
- էս ի՞նչ է,– ասաց Արուսը։
- Մեղր է, երեսուն կիլո, բացատրեց նա։ էդ՝ ոչինչ. էդ՝ հաշվի
մեջ չի, մեղուն իմ դուռն է բերում, ես տանում եմ իմ Արմենակի
դուռը։
«Կարագ,– բացատրեց նա,– քսան կիլո, հալելու եմ դնեմ
կողքներին, գամ։
«Ձու, չորս հարյուր ձու... քանի որ մեր տեղի ձուն կարմիր է։
«Ղաուրմա, մի ոչխարի... առանձին մի ոչխար էլ՝ էդ իրիկվա
թեթև ուրախության համար։
«Մի երկու գլուխ պանիր։ էդ մեր պարտքն է՝ ամեն գնացողի
հետ ղրկել։
«Խալիչա,֊ հպարտ շռայլությամբ ասաց նա,– հարսիս ոտների
տակ փռելու։
Խեղճ աղջիկը ոչ ունեցած կլինի, ոչ էլ տեսած, հեգնեց
Արուսը, տար աչքը լիացրու։
Ունեցած կլինի՝ թող պակասությունը չտեսնի, ունեցած չի
լինի՝ թող ունենա։ Վատ է չունենալը, Արուս։
էս էլ կարպետն է, ասաց Արուսը։
Կարպետն է, ասաց նա։ . Դրա պատմությունն էլ մի ուրիշ
պատմություն է, Արուս ջան։ Իմ մոր կարպետն է, Արճեշա իմ տատի
բաժինքն է իմ մորը. Արճեշ էս կարպետը եկել է իմ տատի
Ղարաբաղից։ Ղարաբաղ էլ եկել է իմ տատի մոր էրզրումից, Արուս
ջան։ Իմ լույս մոր հանգչելուց հետո իմ մայրիկի էս կարպետը իմն էր
լինելու, բայց իմ Իշխան հերը տվել էր իրա քրոջն ու իմ հորաքրոջը,
իմ հորաքույրն էլ՝ Դսեղ՝ իր աղջկան, Դսեղից էլ՝ Լեջան, հորաքրոջս
թոռան տուն։ Ինչու։ Գնացի տեսա տակները թախտին է գցած
որովհետև իրենցը չի, հարազատ չի, համարյա թե գողանովի է։
Մաշել են։ Մաշել են, քաղաքում համարյա թե պետք չի, բայց պետք
է, Արուս ջան. քաղաքացիք պիտի տեսնեն, որ էդ Արմենակ տղան
հանդից չի գտած, անտեր չի, թիկունքին սարի պես կանգնած ազգ
ունի Ծմակուտից մինչև՛ Վանքեր ու Արճեշ ու Ղարաբաղ ու
Էրզրում,– հպարտ հանդիսավորությամբ ասաց նա, բայց
տեղնուտեղն էլ դառնացավ. չնայած Սիմոնն ի՞նչ ցեղ է, կտրվի
Սիմոնի ցեղը։
Երկու ձեռք անկողին ու... և Արուսն սպասեց՝ թե ուրիշ ինչ է
լինելու։
Մի՛ ասիր ու անցիր, ասաց Աղունը։ Գողանովի չի, թռցնովի
չի, աշխատանք է։ .
Բոլորինս էլ աշխատանք է, ասաց Արուսը։
էդ մեկը կներես, էդ արդեն քու գործը չի, Արուս ջան, մտածելը
քու բանը չի, քոնը ապրելն ու ծիծաղելն է, իմը՝ մտածելն ու մաշվելը։
Իմը աշխատանք է, ուրիշներինը, քոնը՝ գողություն։
Գողությունն էլ աշխատանք է,– ծիծաղեց Արուսը։
էդ արդեն դու կիմանաս, ես տեղյակ չեմ։ Հիմա, Արուս ջան,
քու գողությունից քու տղին դո՞ւ ես շատ տվել, թե՞ իմ
աշխատանքից իմ տղին՝ ես։ Հազար ռուբլի Էլ՝ փող, Սիմոնը դրան է
գնացել։ Դաշնամուր կառնեն թե սառնարան՝ իրենց գործն է։
Դո՛ւ,– ասաց Արուսը։– Իմ տղին ես տվել եմ մի ձեռք տեղաշոր,
տասը ռուբլի ճամփի փող ու մի առողջություն, թող գնա ապրի։
Էն էլ հաշվենք, չէ՞, որ իմ տեղաշորի բուրդը արդար խուզած է,
քոնը՝ պետության ոչխարի վրայից փետած։
Դո՛ւ, ասաց Արուսը, ես ու դու համեմատելու բան չենք, դո՛ւ,
բայց,– կատաղեց Արուսը,– տո ես քու քաղաքիդ գլուխը հողեմ,
ախչի, էն խեղճ մարդիդ մսին ես ելել՝ որ տանես քաղաքի բերանը
գցե՞ս։
Քաղաքի չէ իմ զավակի, իմ Արմենակի։
Զավակն իր տեղը, մարդը՝ իր, մարդն է քոնը, Աղուն։
Մարդն է իմը, Արուս, բայց իմ զավակը չպիտի զրո տեղից
սկսի, զրոյից սկսելը անտանելի է։ Երբ զրո տեղից են սկսում, ա՜յ էս
թախտը էսպես սուրբ-սուրբ արած պահում են որ զրո տեղի
պատճառը պառկեցնեն ու գլխին կակալի ճյուղ դնեն, ճանճի դեմ։
Քու գործն է, ասաց Արուսը։
Այո, «հաշվետվությունը» փակեց նա. ուրեմն՝ երկու ձեռք
անկողին, մի խալիչա, մի կարպետ, հազար ռուբլի փող ու մեր
առողջությունը՝ ամեն գնացողի հետ ու ամեն գնալով մեր ձեռից
եկածը ղրկելու, տանելու։ Ջուրդ լցված կլինի, գնա։ Նա այնուամենայնիվ չկարողացավ յոլա գնալ առանց խայթելու. ճաշըդ
հիմա վառվեց, մուրը նստեց բարձերիդ, գնա։ Ինքը իրեն՝
«ավելուկը չմոռանաս»։ Նա շուռ եկավ անկողինները հավաքելու և
անհանգստացավ.– Ուշացա, գնացքից ուշացա։ Ինձ ուշացնողը ես
չէի, դու էիր - տատիս հուղարկավորումից էլ, Իշխանի թաղումից էլ,
մի՛շտ, ես քու ուշացրածն եմ։– Աչքի անկյունով նա տեսավ ոլորանից
ճոճվելով ելնող Սիմոնին։ Իսկ մինչ այդ ոլորանը դատարկ էր, նա
այնինչ ճիշտ պահին էր զգացել ամուսնու հայտնվելը։ Սիմոնը գալիս
էր ծանր ու ծնկները ծալվելով։ Քիչ հետո պիտի հայտնվի երեխան,
իսկ մինչ այդ պատշգամբից Աղունն իրեն աչքառ հանեց մի տեսակ
պարելով, չգիտես սիրո՞վ, կատակո՞վ, չարախնդալո՞վ.– Յարըս
եկավ, Սուսան-Սմբուլըս, Լեյլի֊Մեջլումըս, Սայաթ-Նովես, ԱսլիՔյարամըս, Խոսրով֊Շիրինըս, Ռոստոմ–Զալըս, կյանքակերըս
եկավ։– Նա կարծես ժպտում, կարծես կատակում Էր, բայց հանկարծական ծղրտոցն արդեն լուրջ կատաղության նման Էր. Դե
շո՛ւտ-շուտ արի...
Սիմոնը երևի չլսեց։ Սիմոնը կանգ առավ, իսկ սա այստեղ
պայթում էր իր մեջ։ Սիմոնը կանչեց.
Ի՞նչ Է, ախչի։
«Հոգնած ջարդված է, մեղք է, բայց եթե չգոռամ՝ կքնի։ Սրանց
ցեղին մի զարթնեցնիչ է պետք»։ Ասում եմ՝ որ էդպես պարապ
գալիս ես, էն ձին ո՞վ Է մատուցելու, ո՞վ Է բերելու, կանչեց։
Ի՞նչ է, ախչի, նորից ձաչնեց Սիմոնը։
Ձի՛ն, ձին, ձին, Էն ձին՝ որ հետըդ չտարար ու Էնտեղից էստեղ
ոտով ես եկել, զզվելով կանչեց Աղունը, ձին, ձին, ձին։
Սիմոնը կտրուկ շուռ եկավ ու գնաց ոտքերը տակից փախչելով,
թափ առած, ճանապարհը տակուգլուխ անելով։ Երեխան կանգ էր
առել նույն արահետին։
«Թափ առած գնաց, Պարսկաստանը հիմա կբերի տուն կլցնի։
Ավելուկը չմոռանաս»։ Նա շուռ եկավ անկողինները օժիտակալների
մեջ հավաքելու։ «Ձին էստեղ պարապ կապած, ինքը ոտները քարշ է
տալիս էնտեղից էստեղ։ Գլխի բացակայությունի՛ց։ Ինչ լինելու էր՝
լինում է, դու քեզ մի սպանիր, գնալու ճամփա ունես, գլխացավդ
կբռնի՝ բեռներդ գնացքում անտեր կմնան։ էս անգլուխները անտեր
կմնան Սիմոնը՝ մեկ, Արմոն՝ երկու...»
Երեխան արահետին նստել էր։
«Գլուխ չունեն, խորամանկություն ու խաբեբայություն չունեն՝
ոտներին ու ձեռներին են զոռ տալիս»։ Նա անդրադարձավ, որ
երեխան արահետին նստած է։ Վեր թռիր տեղիցըդ, գլխիս
կրակացու չես, ծղրտաց։
Երեխան վեր կացավ։
«Ավելուկը մոռացար։ Վայ թե սրա ոտներն էլ են ցավում։ Գիլի
էս աշխարհում էս ցավով սա՞ ոնց է ապրելու, սրա՞ն ինչու ունեցա։
Արմենակին քաղաքն էր տանելու, աղջկան՝ էն լածիրակը, փառքդ,
աստված, շատ, մարդատեղ Սիմոնին էլ դնող կար, սիրուն Մայան էլ
Սիմոնին էր տանում։ Մայա... Մայա... Ծմակուտ ու Մայա... փափուկ
ձվածեղով, լրբի ծիծաղով ու լրբի լացով... Մայա... լրբի սիրով...»
Նա մի րոպե տեսավ պատերազմի ժամանակվա կալը, կանանց
երամը, Մայային՝ կանանց մեջ, և Մայան իրոք լավն ու հմայքոտ էր։
«Մեղավոր էիր, շան պես մեղավոր էիր, Ներսեսը եկած լիներ՝ դու
նրան կչանթեիր ու անունը կդնեիր սեր», չխնայեց ու մեղադրեց նա,
«Ներսեսի կողքին Սիմոնը՝ զրո, Ներսեսը չկա՝ Սիմոնն ուրեմն սեր»։
Լավը լինեիր՝ ապրեիր, կտրուկ թոթափվեց նա, աստված առաջ
մեղավորներին է վերցնում, հետո՝ անմեղներին։
Ավելուկի կապը գոգին՝ նա հիմա նստել էր տան ձեղունի
սանդուղքին ու լուռ լաց էր լինում։ Նա լսում էր կալի հին ձայները՝
չոր հաշանի խշրտոցը, կամների շեշտավոր շխշխկոցն ու քամհար
մեքենայի հևքը, իրենց՝ կանանց անեծքի ու ծիծաղի ձայները։
Քու մարդը Սիմոնից էր լավը, Սիմոնը՝ չեղածից։ Ներողություն
իհարկե, բայց որ քու մարդը կար՝ ես ասացի՞ Սիմոնից լավին արի
զավթեմ։ Իսկ որ քու մարդը չկար՝ դու ասացիր չեղածից լավը ահա
Սիմոնն է, բեր զավթեմ Սիմոնին։ Չկաս՝ որ պատասխանես։ Բայց որ
լինեիր էլ՝ ի՞նչ պատասխան էիր տալու։ .
Հնօրյա մանկապարտեզի երգը մի րոպե բռնկվեց ու խլացրեց
նրան, և մի րոպե բռնկվեց այն Մայան, որ բարձրացնում, էր իր՝
Աղունի գուլպան ու շտկում էր իր՝ մազը և նայում սիրո թաքուն
ուժով։
Ափսոս որ մի անգամ ենք ապրում, ասաց նա։
Երեխան այգում էր, դեղնած մատաղ տանձենին շղահարում ու
տակից փախչում էր, հեռվից նայում՝ թե ինչպես են դանդաղ, աշնան
արևի մեջ առկայծելով թափվում տերևները։ Տերև էր վերցնում,
նայում, գցում և նորից էր թափահարում ու փախչում կողքից
նայելու։ Մատաղ այդ տանձենուց մի քիչ հեռու տանձի այն ծառն էր,
որ միշտ այդտեղ կանգնած էր եղել, բայց Աղունը շատ ավելի երազի
մեջ տեսավ, երբ սկեսուրը ծեծել էր և կալի ծայրին ինքը հեկեկալուց
խեղդվում էր։ Տանձենու կեսը տերևաթափ էր, կեսը՝ մի քանի ճյուղ՝
Սիմոնի պատվաստած ճյուղերը՝ կանաչ էին։ Աքաղաղը թևերը
շխշխկացրեց և զնգուն ու երկար կանչեց։ Եվ՝ նորից։ Եվ՝ նորից։
Եվ Աղունն արտասուքը կուլ տվեց ու հազիվ կարողացավ ասել
«ջա՜ն»։ Աքլորը կանչում էր ասում էինք հյուր է գալու ու մեր
սիրտը թպրտում էր։ Մաճ էինք բռնում, վար էինք անում, կալ էինք
կալսում, սպասում ու երգում էինք, ինչքա՜ն էինք երգում, ու մեր
սիրտը թփրտում էր, ինչո՞ւ։ Սպասեցինք, սպասեցինք, սպասեցինք,
հյուրը եկավ՝ ոջիլը շալակած ղազախեցին։
էսպես անցան շատ տարիներ,
Տխուր աղջիկն արքայի
Նայեց, նայեց սարերն ի վեր
Ճամփաներին ամայի,
Հույսը հատավ ու լաց եղավ,
Էնքան արավ լացուկոծ,
Որ լիճ կտրեց արտասուքը,
Ծածկեց քաղաքն ու ամրոց։
Ծածկեց... Կորան, ինքն Էլ հետը...
Այժմ էնտեղ տրտմաշուք
Խոր Փարվանա լիճն Է ծփում
Ծանր ինչպես արտասուք։
Ձեղունի աստիճաններին նսաած՝ նա տեսավ այն օրվա «կինոն», երբ սկեսուրն իրեն ծեծել էր ու ինքը կալի ծայրին արդենարդեն խաղաղվում էր։ Շողերը եկավ,– կալի ծայրից քաշեց իրեն ու
երեխայի պես ետևից քաշելով–քաշելով տարավ սկեսուրի ու
տալերի միջով։ «Հողեմ ձեր գլուխը, ձեզ պետք չի՝ կոլխոզին է
պետք»։ Եվ ինքը նրա պաշտպանությունից ու նրա հետ գնալուց էլ
առանձին էր վախենում, ետ էր նայում, բայց Շողերը քաշեց տարավ
կոլխոզ։ Ծանր, սպիտակ դեզեր էին ու շատ կալեր։ Ամբողջ լանջը
կտրել, կալ էին արել, և դրանք իրար վրա սանդղաձև բարձրանում
ու բարձրանում էին և սպիտակ էին, բոլոր կալերում հաշան էր
փռած, կալ էին անում արջառներով ու ձիերով, լիքը ժողովուրդ էր,
և բոլորը բանում էին. դա մի մեծ մրջնանոց էր։ Խոսք հազվադեպ էր
լինում, վեճ երբեք չեղավ, անձրև էր գալու, և բոլորը բանում էին։
Չէր բանում միայն Ղևանտը, բայց նա էլ ծնկի վրա գրում թե
հաշվում էր, ուրեմն նա էլ էր աշխատում։ Դեզի գլխից Աղունին
ջրաման շպրտեցին՝ թե գնա ջուր բեր աղբյուրից։ Հետո այդ ջուրը
չհասավ ուզողին, որովհետև երբ Աղունն անցնում էր քամհար
պտտողի մոտով, նա վերցրեց, ագահորեն խմեց, մնացածը լցրեց
գլխին ու ղրկեց ծոծրակն ի վար։ Ղևանտը նստել ու գրում էր,
նայում ու չէր տեսնում, մտքի հետ էր, հետո ուշքի էր գալիս, ելնում
քշում սագերի համերաշխ երամը, դարձյալ գալիս նստում կաշվե
պայուսակը ծնկին, հետո՝ դարձյալ սագերը, հետո՝ դարձյալ
պայուսակը, հետո Ղևանտը հաչելու պես վրա պրծավ, քշեց-քշեց ու
քարի գլխից թռցրեց սագերի երամը։ Ղևանտը բերել պահեստների
ծածկի տակ պատի թերթ էր կախել, երբ արդեն անձրև էր գալիս՝
գրագետները հեգելով կարդում էին։ Աշկերտի հետ Սիմոնը վերևի
մարագի գլխին կղմինդր էր շարում, անձրևի ժամանակ տղերքը
ծածկի տակից կանչեցին. «Սիմոն, թրջվում ես», բայց նա բանի տեղ
չդրեց։ Մանիշակ հորաքույրն ու Մայան ճաշարանի էին, Մայայի թե
Մանիշակ հորաքրոջ կանացիական հմայքի մեջ՝ նրանց արանքներում, նրանց ոտքերի մոտ խեղճ շան պես պտտվում էր Ասորենց
կապուտաչյա կակազը, ուզում էր նրանց օգնել, բայց Մայան կանչեց
ու իրենց օգնական կարգեց Աղունին։ Շաջի վրա Մայան հաց էր
թխում, հորաքույրը ունկավոր մեծ պղնձով ճաշ Էր եփում ամբողջ
կոլխոզի համար։ Արջառներից մեկը կալում պառկել, չէր քաշում,
մարդկանց չարչարում, բղավեցնում էր, բայց չէր քաշում, և տղերքից
մեկը՝ նա, որ բանեցնում էր այդ արջառը՝ կանչեց. «Ղևա՜նտ», և
Ղևանտը համաձայնեց մորթել, այնպես՝ ուսի վրայով, և դարձյալ իր
հաշիվներին դարձավ։ Երկու տղայով արջառն արձակեցին, շուրջը
մաքրեցին հասկից ու հատիկից, հետո նույն այդ տղան կացինը
ձեռքին պտտվում էր արջառի մոտ և կացնի բնքով գլխին խփեց։
Այդպիսով միս եղավ։ Նույն մորթողը փայծաղը խորովելու գցեց
Մայայի շաջին, ինքը դեռ միս էր անում, բայց փայծաղը չէր
մոռացել, եկավ վերցրեց, և պարզվեց՝ որ Աղունի ոչ հղիությունն էր
նրանից թաքուն, ոչ էլ այդ փայծաղն ուտելու ախորժակը մեկնեց
Ազունին, ասաց. «Տղիդ վրա կդնե՞ս իմ անունը, կդնե՞ս Քոչար»։
«Վանքերեցի, երեսիդ կարոտ մնացինք, դու էդտեղ ըռխիդ ես
անում», կանչեց դեզի վրայինը, նա՝ որ Աղունին ջրի էր ղրկել։
Ներքևի կալի տակ, կալին կից, մարագի լայնբերան դուռն էր,
հարդն այնտեղ էին մղում. դա խոր, մութ, անտակ ամբար էր,
ներսում նույնպես մարդիկ կային, հարդը ներքև էին մղում։ Քամհար
մեքենայի մոտից հատիկը շալակով էին տանում պահեստ՝ որը
նույնպես կից էր ներքևի կալին և մարագին։ Դրանք տարբեր
մարդիկ, էին, տարբեր կենդանիներ էին, կալսի տարբեր գործերն
էին անում, բայց ամբողջ կալն աշխատում էր յուղած մեքենայի պես
միասնորեն, ոչ մեկի մեջ չարություն չկար, դա գեղեցիկ կյանք էր։
Հետո, երբ անձրևը վրա տվեց, փռած կալ չկար, բոլորը մաքուր
հավաքած ու կենտրոններում կիտված էին, և անձրևի առաջին
կաթիլների հետ բրեզենտ փռեցին այդ կույտերի վրա և ժողովուրդը
հավաքվեց պահեստի ծածկի տակ։ Բաճկոնները թիկունքներին՝
տղերքը շարքով նստեցին պատի տակ, սպասեցին։ Ղևանտի սեկե
բաճկոնը մեկը գլխին քաշեց ու վազեց ծածկելու ունկավոր մեծ
պղնձի բերանը («Այ տղա, էն միսը...») և տղերքը թեթև ժպտացին
նրա ետևից։ Կանանց փոքրիկ խումբը ծածկի մյուս անկյունում էր
խմբված և թեթև սարսռում էր ոչ այն է ծոցն ընկած կաթիլից, ոչ այն
է տղերանց այդ բարի, հզոր, մաքուր, արդարամիտ մեծ ջոկատի
սիրուց։
Տղերքի այդ խումբը՝ ինչ-որ մի ուրիշ վերաբերմունքով, ինչ-որ
հատկապես գեղեցիկ, հատկապես բարի, և Աղունի շշունջը այդ
ամբողջ խմբի վրա. «Գնացիք ձեզ համար հանգիստ կոտորվեցիք ու
կալը մեզ վրա թողիք... էդ քիստը, դարմանը, էդ ծանր պարկերը, էդ
ջղային եզները»։
Մնաք բարով դուք, արոտներ սիրուն,
Ամառն անց կացավ, հոտն իջնում է տուն։
Մենք ձեզ մոտ կգանք նորեկ գարունքին,
Երբ զարթնեն ուրախ երգերը կրկին,
Երբ որ լանջերը զուգվեն կանաչով,
Երբ որ ջրերը հոսեն կարկաչով։
Մնաք բարով դուք, արոտներ սիրուն,
Ամառն անց կացավ, հոտն իջնում է տուն։
Սա փոքր տագեր՝ Հակոբի դպրոցական կակազն էր, և ձեղունի
սանդուղքին նստած՝ Աղունն իրեն ստիպեց հիշել որդու ձայնը,
որդու արտասանությունը.
Ամեն վայրկյան սիրով տրտում ասում եմ ես մնաս բարով.
Բորբ արևին իմ բոց սրտում ասում եմ ես մնաս բարով։
Մնաք բարով, ասում եմ ես, բոլոր մարդկանց չար ու բարի,
Տանջվող ու որբ ադամորդուն ասում եմ ես մնաս բարով։
Երկնի մովին, կանաչ ծովին, անտառներին խոր ու մթին,
Գարնան ամպին լույս ոլորտում ասում եմ ես մնաք բարով։
Գնում եմ ես մի մութ աշխարհ, հեռու երկիր, էլ չեմ գալու,
Բարի հիշեք ինձ ձեր սրտում, մնաք բարով, մնաք բարով։
Դա իր հուշն էր, ինքն էր հիշում, ինքն էր ի վերջո որդուն
արտասանել տալիս, բայց ինքը որդուն գովեց, արտասուքը կուլ
տվեց ու որդուն գովեց.
Ապրես, լավըս, ջանըս, հույսուհավատըս, ապրես, կանաչ
արևը գլխիդ երկա՜ր կանգնի։
Որ սարի սովոր Սարոյի նանը
էլ սար չի գնա, Սարո չի կանչի,
Սև շորեր հագած կնստի տանը,
Անցած օրերը միտը կբերի...
Սիմոնը գալիս էր։ Մեծ տանձենու մոտ ձին քաշելով Սիմոնը
գալիս էր։ Գալիս էր մի տեսակ ծնկները ծալած, ոտքերը չուղղելով։
Սիմոնն արդեն ծեր ու հոգնած էր։
Պրծանք, ձեղունի իր աստիճաններին դեռ նստած ասաց
նա։ Մեկ է՜լ հազար տարի հետո ենք գալու։ Հը, տխուր հեգնեց
նա. լանջերը լանջեր են, ծաղիկը ծաղիկ է, ամեն գարնան հե՜տ...
Սիմոնը եկավ, ձին կապեց գոմի սյունին, եկավ նստեց բակի
կոճղին ու հանգավ։ Նստել էր և փոքրանում ու փոքրանում էր։
Ինքը դեռ ձեղունի աստիճաններին էր, դեռ չէր միանում այս
իրականությանը, դեռ հուշերի ու բանաստեղծության մեջ էր,
պատերազմի ժամանակվա իրենց երգը դեռ նվում էր իր մեջ։
Սիմոն, ասաց։ Սիմոնը գլուխը նրան դարձրեց, բայց նա կարծես
ասելիք չուներ, նա դեռ երգի ու բանաստեղծության մեջ էր։ Սիմոն,
ինձ կտանե՞ս Փարվանա, տխուր ժպտալով ասաց նա։
Կաց մի քիչ հանգստանամ՝ հետո։ Սիմոնն իհարկե
կատակում էր, բայց այնքան էր հոգնած, որ չէր կարողանում
կատակը կատակի պես անել։
Կհանգստանա ու կտանի, ասաց նա։ Ասածն արած է։
Սիմոն, Փարվանան բանաստեղծություն է, որ հանգստանաս դու
ինձ ո՞նց ես Փարվանա տանելու։
Սիմոնը ոտքով ոտքի սապոգը հանում էր։ Փարվանան լիճ է,
Ախալքալաք, ասաց Սիմոնը։
Նա իր տրամադրության հետ էր, նա դեռ հարցրեց,
Սիմոն, բանաստեղծներն ինչո՞ւ են քիչ ապրում։
էդ ինչո՞ւ է քիչ որ, ասաց Սիմոնը։
Սիմոն... բանաստեղծներն ինչքա՞ն են ապրում։
Գուլպայով ոտքը հանած սապոգի ճտքին՝ Սիմոնը թաթը
շարժում էր, ոտքը երևի թե շատ էր հոգնել։– Քանի չեն մեռել՝
ապրում են, ասաց։
Աղունն սթափվեց ու վերադարձավ բանաստեղծների աշխարհից.
Եկավ, փիլիսոփա֊փիլիսոփա եկավ։
Ի՞նչ է, ախչի, բռնկվեց Սիմոնը։
Հոպլա, արեց Աղունը կենդանի վարժեցնողի պես, և իրոք
Սիմոնը ցատկեց։ Մյուս սապոգը Սիմոնը հանել էր, ձեռքին էր,
կոճղի վրա՝ Սիմոնը վեր թռավ, շփոթված դեսուդեն նայեց, մոլորվեց
ու ձեռքի սապոգին նայեց։ Դիր գլխիդ, ասաց Աղունը, և Սիմոնը
բղավեց.
Ի՞նչ է, ախչի...
Գլուխ չունես՝ զոռը ոտներիդ ես տալիս, մեղք են ոտներդ, դիր
ասում եմ գլխիդ։
Սիմոնն այս անգամ բղավեց անբառ, կարծես դեպի գոմն էր
գնում բայց շուռ եկավ դեպի տուն, ձեռքի սապոգը շպրտեց այգի և
դարձյալ շուռ եկավ գոմի վրա, և այդ ժամանակ Աղունն ասաց որ
նա գուլպաները կեղտոտում է («Լվացողը կլվանա, էդ աղբի մեջ դու
հանգիստ պար արի») և Սիմոնը նայեց նրան, նայեց իր ոտքերին ու
կանգնեց սապոգի ճտքին։
Ոտներիս համար մի բան բեր, Սերո, ասաց Սիմոնը։
Երեխան այգուց դուրս էր գալիս։ Մեկ է, ես կգնամ Երևան,
ասաց երեխան։
Լավ էլ կանես՝ որ կգնաս, ասաց Սիմոնը և, նեղացած,
ծլթոցով թքեց մի կողմի վրա։
Ձեղունի իր աստիճաններից Աղունն իջավ։ Սիմոնը կանգնած
էր սապոգի ճտքին, և Աղունի համար դա ծաղրի առանձին նյութ էր,
Աղունը կանգնեց նրա առաջ և սուտ հեզությամբ հարցրեց.
Քանի էդպես զգաստ կանգնած ես ու գնալու կարևոր տեղ
չունես՝ կարելի՞ է մի հարց տալ, տնտեսական։
Սիմոնը թշնամանքով նայեց և ապա ուրիշ կողմ նայեց։
Հասկանալի է, հոգնել ես։ Ինչո՞ւ ես հոգնել, դեռ հանգիստ՝
ասաց Աղունը։ Սիմոնն ուրիշ կողմ էր նայում։ Ես քեզ ասացի՞ ձիով
գնա, հարցրեց Աղունը։ Սիմոնը չպատասխանեց։ Ասած չեմ լինի,–
ասաց Աղունը։
Սիմոնը երեխային կանչեց.
Այ տղա, ասացի ոտներըս գցելու մի բան բեր։
Թե՞ ավտո էիր տեսել, շոֆերի կողքը դուրըդ էր եկել, ասաց
Աղունը։ Ասելով-խոսելով-ծիծաղելով գնացիք։
Գնացինք, ասաց Սիմոնը։
Բա ետ գալու միջոցի մասին շոֆերը բան չասա՞վ, դեռ իբր
հանգիստ՝ հարցրեց Աղունը։
Ինչի՞ էր շոֆերն ասելու։
Դե եսի՞մ. քու մասին դու որ չես մտածում՝ ուրեմն ուրիշն է
մտածելու։
Սիմոնը բղավեց, ոտքով շպրտեց տակի սապոգը, գնաց տուն։
Ապրես, գովեց Աղունը, մեկ-մեկ էդպես բղավի, կոշիկ
շպրտի ասեմ տղամարդ ես, թե չէ արագիլի պե՜ս... նա գնաց
ավելուկը ձվերի կողովին դնելու, և երեխան տնկվեց նրա առջև.
Մեկ է, ես գալու եմ։
Դու ուզում ես քեզ խաբե՞մ թե գալու ես, ասաց նա։–
Խաբելն ինձանում չկա։ Ռադիոն Արմենակից էսօր բա՞ն չի տալու։
Ես քու Արմենակի պահակը չեմ։
Ռադիոյի ձայնը նա ինքը բարձրացրեց, «Սիրտըս ասում է»,
բայց երգ էին հաղորդում. «Թեկուզ ըլիմ, թեկուզ չըլիմ՝ մեջլիսներում
սազ չի պակսի Թե կուպակսիմ՝ ես կուպակսիմ, աշխարհիս մե
մազ չի պակսի», և երգը նա չանջատեց, դուռը բաց թողնելով՝ նա
մտավ իր մեծ տան սենյակներից մեկը, մի րոպեում սեղանին հաց
փռեց, «Մեջլիսներուն սազ չի պակսի», «Սերո, մեջլիսն ի՞նչ է»,
հարցրեց ու իր հարցի ետևից դուրս եկավ ամուսնուն ու որդուն
սեղանի հրավիրելու։ Երեխան պատշգամբում չէր։ Մի պահ
լարվելով նա հասկացավ թե ուր է երեխան և գնաց դեպի գոմը։
«Թե կուպակսիմ՝ ես կուպակսիմ, մրմնջաց նա, ձեզ մի բան էլ է չի
պատահի»։ Երեխան գոմում էր, սյունը գրկած լաց էր լինում։
Արի, արի, քաշեց նա երեխային, հացի ժամանակ է, լացի
ժամանակ չի, ամեն բան իր ժամանակն ունի։
Մեկ է, ես կգնամ Երևան, ասաց երեխան։
Ախ լացըդ Երևանի՛ համար է, բա ես էլ ասում եմ հորըդ
համար ես լացում։
Ամբողջ օրը՝ կռիվ, կռիվ, կռիվ։
Թող ձիով շրխկալով գնար, ձիով շրխկալով գար՝ կռիվ չէր
լինի, ճիշտը ես եմ։
Ճիշտը դու ես, ամբողջ օրը՝ կռիվ, կռիվ, կռիվ։
Նա ծիծաղեց ու տնազեց երեխային. «Կղիվ, կղիվ, կղիվ»։ Նա
երեխային հացատուն մտցրեց, ինքը գնաց այն սենյակը՝ ուր
ամուսինն էր մտել։ Ամուսինը թախտին պառկած էր։
Ես իհա՛րկե ներողություն, ժպտալով ասաց նա,– բայց
կարելի՞ է ձեզ հացի հրավիրել։
Սիմոնը մեջք արեց նրան։
Մի վախեցիր, հրես մի պաշտպան էլ է ավելանում, ասաց
Աղունը. ասում է «ճիշտը դու ես, դու ես ճիշտը, բայց քու ճիշտն
ո՞ւմ է պետք»։ Երեխան այդպիսի բան չէր ասել, Աղունն ինքը այդ
մտածեց։ Իմ ճիշտն, այո, ո՞ւմ է պետք, աշխարհն իր կարգով կգնա։
Դե լավ, ես՝ ներողություն, և նա կամացուկ խտուտ տվեց ամուսնու
ծոծրակը, և ամուսինն ընդոստ ետ նայեց։ Իմ ճիշտն ո՞ւմ է պետք,
բայց չէ՞ էս ոտքերը հենց նոր գետնին էին։ Ամուսինը ոտքերը
թախտի եզրից կախեց, և նրա այդ շարժման հետ Աղունը գրկեց
նրա ոտքերը, իջեցրեց գետնին, Քանի շարժվեցիր... ապրե՛ս։
Ամուսինը նստեց.
Իմ արևն, Աղուն...
Տես էն ինչ լավ երգ է երգում։ Դե լավ, դե լավ։ Նա ամուսնուն
վեր կացրեց, նրանք ելան պատշգամբ և մտան հացատուն։ Երբ դեռ
պատշգամբի բեռների միջով անցնում էին, ամուսինն ասաց.
էսքան բեռը դու տանո՞ղ ես, տնաշենի աղջիկ։
Վեց փութ սիմինդր ես Շուլավերից բերեցի, սեղանին հաց
դնելով ասաց նա։
Ջահել էիր, ասաց Սիմոնը։
Վեց փութն ինչքա՞ն է, հարցրեց երեխան։
Հարյուր կիլոն վեց փութ է, ասաց Սիմոնը։ Տասնվեց
անդամ վեց իննսունվեց։
Դա ընտանեկան խաղաղ զրույցի նման էր։
Ջահել ու հիմար էի, ասաց Աղունը։ էգուց կտաքացնեք ու
էս ճաշը կուտեք, էգուց չէ էլօր՝ կարտոլի հետ ոչխարի լյարդութոքը,
մյուս օրը ես էստեղ եմ։
Ես քեզ հետ գամ, ասաց երեխան։
Նախշուն կովը Ձորագեղից մի շաբաթվա մեջ քարշ եկավ
էստեղ, հասավ ու ծնեց։ Մի օրվա ճամփա է՝ մի շաբաթ ճամփին
էի... պոչից բռնած, պոզից բռնած, քաշելով, հրելով, բարձրացնելով,
խնդրելով, լաց լինելով... Իմ երեխեքի համար ես ինձանից էի կյանք
ուզում, ո՜չ... մեր ապին ու նանն էլ պտտվում էին Զորավոր ժամի
շուրջն ու Ծմակուտի չեղած աստծուց էին...
Սիմոնը կտրուկ նայեց ու երեսը շրջեց, ուրեմն դարձյալ կռիվ էր
ստացվում, և Աղունն իրեն ստիպեց ներողություն խնդրել.
Դե լավ, դե լավ։ Եղածն եղած է։ Անցավ, կռիվն անցավ,
պատերազմն անցավ։ Պատերազմը մարդու ինչքա՜ն է լավացնում,
ինչքա՜ն է վատացնում պատերազմը մարդու։ Քանի մարդ էր
կանգնած նայում ու լցվում, քանի մարդ շուռ եկավ օգնելու։ Խեղճ
մարցըցին շալակի փետը թողեց, քարերի արանքից, քարերի տակից
խոտ փետեց։ Փետելը՝ ջոկ, խնդրելն էլ դեռ ջոկ, թե՝ կով ջան,
Նախշուն ջան, կեր, էս աղջկա հույսը դու ես։ Տեսնես էն ո՞վ էր, ո՞վ
կլիներ, հը, Սիմոն։
Երեխան ասաց.
Ատամներիս արանքում մնում է, էս միսը ես չեմ ուտում։
Մարցըցիք խեղճ ու խղճով ժողովուրդ են, ասաց Սիմոնը։
Աղունը հիացավ։ Եվս մի վայրկյան՝ և նա տրվեց մի գեղեցիկ
հուշի։ Ինքն ու Սիմոնը Վանքերից գալիս էին Ծմակուտ, Մարցի
այգիներում խնձորի բերքահավաք էր, ծառերի տակ սիրուն երեխաներ ու ջահել աղջիկ֊հարսներ էին, խնձորը շեղջ էին արել։
Աշնան սպիտակ լույսի մեջ գեղեցիկ էր ջահել այգին, օդում ինչ-որ
բարություն ու սեր էր թրթռում։ Սիմոնի վարպետը հենվեց գետաքարե ցանկապատին ու իրեն Աղունին խնձոր մեկնեց։ Հեռվի
գետակում երեխաները ձուկ էին բռնում ու ծղրտում։
Որ Մարցա քու վարպետը մեզ խնձոր տվեց։
Չեմ հիշում, ասաց Սիմոնը։
Որ հարսները ջրում ծաղկավոր խալի էին լվանում, որ
չափարի վրա ընկավ քու վարպետն ու խնձոր տվեց։ Որ ասավ՝ «ես
քեզ ոսկի ձեռներ եմ տվել, էս դժվար կյանքում դու ուրիշի չտաս»։
Սիմոնը ճաշը բրդել ուտում էր։ Քեզանից ես հնարում, ասաց։
Հնարելիս կլինեմ, ես հնարող եմ, արդեն զայրանալ սկսեց
Աղունը։ Գիտեր, որ բերելու էս նեղվածք ձորում պուճուր Սիմոնին
ես տալու արհեստըդ։
Այդ գեղեցիկ հուշից հետո Աղունի առջև տգեղ էին Սիմոնի
բրգած ճաշը, ուտելը, այդ անհաղորդությունը հուշի գեղեցկությանը,
խոշոր ականջն ու շարժվող այտը։ Աղունն այդ պահին նրա համար
հավ էր ջարդում, այդ ծոծրակն ու այդ ականջի ետևը խոտի ծեղով
երբևէ խտուտ էր տվել զավթիչ Մայան և խուլ ու տաք քռքռացել էր
և սա գրկել էր նրան ու երկուսով թավալվել էին խոտերի մեջ... և
հավի ափսեն Աղունը շրխկացրեց սեղանին, և գդալը ձեռին Սիմոնը
նայեց տակնիվեր.
Ի՞նչ է, ախչի։
Կերեք, դեպի դուռը գնալով ասաց նա. կերեք, որ ուժ
ունենաք ու իմ կյանքն էլ ուտեք, և նա դուրս եկավ սենյակից։
Սիմոնը մի րոպե շփոթված ու զզված էր, ապա գդալն ափսեին
տարավ և երեխային նույնպես ասաց, Կեր, կեր։
Ես էստեղից կգնամ, ասաց երեխան։
ճիշտն ինքն է, ասաց Սիմոնը, կեր։
Ձեր ճիշտն ինձ պետք չի, ասաց երեխան, ես կգնամ
Երևան։
Դե բա իհա՛րկե կգնաս, բռնկվեց Սիմոնը, դե բա մենք ինչ
մարդ ենք՝ որ մեզ մոտ մնաս, գյուղն ինչ է՝ որ գյուղում ապրես։ Կեր,
հետո կմտածենք, ասաց Սիմոնը։
Սիմոնը դուրս եկավ պատշգամբ, կինը պատշգամբում չէր։
Սիմոնը մտավ մեծ սենյակ, կինը շորերը փոխում էր։
Գնո՞ւմ ես, ախչի, ասաց Սիմոնը և կնոջը կիսահագնված
չտեսնելու համար ետ-ետ արեց։ Պատրաստվում ես։
Ես պատրաստ եմ, դու քու պատրաստությունից խոսիր։ Մեծ
հայելու դեմ նա իրեն գեղեցկուհի ու կին էր զգում։ էդ ինչի՞
չկերար, փափուկ ձվածեղ չէր՝ դրա համար չկերար, ժպտալով,
հեգնանքով և իրենց երկուսին հայտնի մեկի նկատմամբ իր
գերազանցության զգացումով ասաց նա։
Հենց ապրես, իր անկյունում խնդրեց Սիմոնը, խնդրում եմ։
Բայց Աղունը չխնայեց.
Գնամ Երևան գամ՝ քեզ համար փափուկ ձվածեղ եմ անելու։
Իր անկյունում Սիմոնն ավելի խեղճացավ։
Գոգլի-մոգլի եմ անելու, հայելու դեմ ասաց Աղունը։
Պատառաքաղ էլ եմ տալու, դունչդ սրբելու թուղթ էլ, որ ուտես ու
դունչդ սրբես ոչ կերել ես, ոչ էլ տեսել։ Սիմոնն իր անկյունում լուռ
էր։
Համեստացել ես, ձեն չես հանում, հագնվելը վերջացրեց
Աղունը, որովհետև պղտոր ես։ Իմ գետը պարզ է։ Պա՛րզ֊պարզ է
իմ գետը։ Դեսը տուր։
Խոսքը բոլորովին այլ բաների մասին էր, և Սիմոնը հիմա
չհասկացավ, թե նա իրենից ինչ է պահանջում։
Բեր, կրկնեց նա։
Խոսքը փողի մասին էր, և չնայած սենյակում ուրիշ մարդ չկար,
նրա հանձնելը, նրա առնելը, քանակի մասին հարցը, պատասխանը,
թաքցնելը նման էր երկուսի դավադրության։
Ինչքա՞ն է պակաս, շշնջաց Աղունը։
Հարյուր, շշնջաց Սիմոնը։ բանկում փող չկար։
Լինելո՞ւ է մի բան, որ լրիվ իմ սրտով լինի, չկարողացավ
ձայնը զսպել, արդեն բարձրաձայնեց Աղունը։ Ծաղկած ծառին
գնաս՝ կչորանա։ Դե իմ գործը չի, պարտքդ Սաքոյից առ։
Չունի,
Քու առաջ էս լիառատ աշխարհը չիք ու չկա է։
Որ ունեցավ՝ կտա, հիմա չունի, ասաց Սիմոնը։
Դու էդ ո՞նց գիտես՝ որ չունի։ Աղունը փողը թաքցրեց իրեն
հայտնի տեղերում։
Կորցնելու ես ու գլխիդ վայ տաս, ասաց Սիմոնը։
Աղունը հեգնեց, Ես։
Նրանք պատշգամբ ելան, Սիմոնը նորից սրտնեղեց.
Ախչի, էսքան անտերը ո՞նց ես տանելու։
Տանելու մասին մտածող ես՝ տակիդ ավտո լիներ։
էէէ՜... Սիմոնը կարծես փախավ, դուրս եկավ բակ, կանչեց,
Ադա՜մ։
Աղունը տագեր օգնությանն էլ դեմ էր. Ոչ, ասաց։ Բայց մեծ
եղբայրն արդեն արձագանքել էր, «Ի՞նչ է, Սիմո՜ն»։ Սիմոնը գնում էր
ձին բակ քաշելու։ Մի դեսն արի, է, կանչեց Սիմոնը։
Երեխան շորերը փոխում էր։ Փոխեց, իր կարծիքով վերջացրեց
ու նայեց ընդվզումով։ Նա գիտեր՝ որ իրեն քաղաք չեն տանելու,
բայց իրենն անում էր, շապիկի կուրծքն ինչ-որ նշանով զարդարել
էր։
Ահա, ասաց մայրը։ Պատրաստի մինիստր ես։
Դու քու մրոտ քթի մասին մտածիր, ասաց երեխան։
Քիթը սրբելով նա տուն մտավ, և Սիմոնն այդ ժամանակ ձին
բակ բերեց, Ադամը եկավ, Սիմոնն ու Ադամը ծանր եզնախուրջինը
պատշգամբից տանում էին, և ինքն այդ ժամանակ տնից ելավ ու
երեխային անպատասխան չթողեց.
Ես սպիտակ սիրուն եմ՝ մուրն իմ քթի վրա երևում է, բայց
դուք էնքան եք սև, որ մուրն ու ցեխը ձեր երեսին չի երևում։ Եվ
այդ ժամանակ նա նկատեց, որ խուրջինի իր հակը ամուսինը
տանում է դժվար, ծալված, մեռնելով, իսկ Ադամի ձեռքին կարծես
բեռ չկար։ Նա ամուսնու ճիգի հետ լարվեց, մի վայրկյան խղճաց
ամուսնուն։ Ինքն իրեն հաղթելով՝ ամուսինը ուժ տվեց, բարձրացրեց խուրջինի իր հակը, ձիու գավակի վրայով նրանք անցըրին
խուրջինը, նստեցրին թամբին։ Դա ուղղակի պայքար էր բեռան դեմ։
Ձին լարվեց, բեռը մեջքին առավ ու թառանչեց։ Հետո ամուսինը
կարծես փախավ այդ բեռից, կողքի-կողքի գնալով՝ նա հասավ
կոճղին, բայց կոճղը չէր գտնում, նստելու տեղը չէր գտնում։ «Տեր
աստված... էս ե՞րբ ծերացավ... հագի շո՜րը, ի՜նքը... էս մարդն էս
ե՞րբ վերջացավ»։
Տագրը եկավ տանելու օժիտակալները և իմիջիայլոց կատակեց.
Հարս-մայրիկ, էս՝ վայ թե ապրուստով ես գնում, որ էլ ետ
չգաս։
Հիմա, երբ ամուսինը կոճղի վրա իրոք հանգել էր, նա իսկապես
սրտնեղեց.
էս հիսուն տարում դու չկարողացա՞ր մի ուրիշ բան էլ
մտածես։ Տնաշե՜ն։
Օրակարգը չի փոխվում, օժիտակալների կապը ձիուն
դնելով ու նստեցնելով ասաց տագրը, օրակարգի հարցը նույնն է։
Կապե՞մ թե էլ բան կա։
Նա տանելու գրկեց գորգի ու կարպետի փաթեթը, ասաց.
Ձեր օրակարգն էդպես էլ կքնի, քանի որ ինքներդ քնած եք։
Տագրը եկավ վերցրեց նրա գրկից փաթեթը, ասաց,
Քո օգտի՜ն... հօգուտ քեզ։
էդ բեռը տեղ չի հասնելու, շուռ է գալու էդ բեռը,– ասաց նա։
Կողքին կնստես ու լաց կլինես, փաթեթը օժիտակալների
արանքը դնելով ասաց տագրը։
Կծիծաղեմ, ինչի՞ եմ լաց լինում, ասաց նա։ Կուրախանամ՝
որ էս մեծ համր-մնջության մեջ դուք մենակ իմ պատասխանն եք
տալիս։
Վա՜, քո շնորհիվ, ասաց տագրը, պարանը բեռան գլխով
շպրտեց ձիու մյուս կողմը և երեխային ասաց. Սերո, մի տակը
մտիր հանիր, է, և հարսին ասաց. Հայելու առաջ կողքիդ
կկանգնեցնես ու կնայես, մին էլ կնայես թե քեզ նման եղավ՝
երևակայիր, չուզես, կասես չեմ ուզում, էն երեխայի կյանքը կուտի։
Սիմոնը կոճղի վրա հանգած ժպտում էր։
Դուք կողմնակից եք, որ ձեր կյանքն ուրիշն ուտի, ձերոնք
չուտեն, ասաց Աղունը, դուք ձեր լավնուվատը չեք հասկանում։ Որ
կերել եմ ձեր կյանքը՝ մի պաշտոնի, մի էժան հացի, մի սուտ ռոճիկի
հասցրե՞լ եմ ոչ։ Փետ էիք կրծում ու փետ եք կրծում։
Բա ափսոս չի՞, ասաց տագրը, մարդ բա մարդի հետ գործ
կբռնի՞։
Որովհետև լեզու մենակ իմ դեմ ունեք, ասաց Աղունը,
հասարակության մեջ... նա ցույց տվեց թե ժողովրդի մեջ ինչպես է
կպչում նրանց բերանը։
Բա ափսոս չե՞նք, ծիծաղեց տագրը։ Սերո, ասացի թոկը
դուրս քաշի։
Երեխան նրան չէր հասկացել։
Այտա, էս վայ թե դու էլ ես երևանցի, ասաց հորեղբայրն ու
ինքը կռացավ, ձիու փորի տակով քաշեց պարանի ծայրը,
Կոճղի վրա ամուսինը կարծես քնում էր։
Զրույց եք անում, ասաց ամուսինը։
Հոգնած, թե՞ հիվանդ, ամուսնուն նա խղճում էր, նա հիմա
ուզում էր նրա համար որևէ լավ բան անել, նրան որևէ լավ բան
ասել և չէր գտնում։
էդ շորերով վեր ես կացել գնացել օտար գյուղ, ասաց նա։
Ձին պատրաստ էր, սանձը հորեղբայրը տվեց երեխային,
Սիմոնը կոճղից ելավ, ձվերի կողովն Աղունը տվեց Սիմոնին, և հիմա
նրանք բոլորը պատրաստ էին ճանապարհ ընկնելու և մի վայրկյան
լուռ էին, մի վայրկյան չգիտեին թե իրենք ինչ են ուզում։ Նրանք լուռ
կանգնած էին իրար կողքի, մի տեսակ՝ ինչպես լուսանկարչի դեմ, մի
տեսակ՝ լուսանկարվելու նման, նրանք գեղեցիկ ու համերաշխ էին,
այդ կնոջ մտքում քաղաքի որդին արդեն-արդեն միանում էր իրենց
խմբին, բայց այդ կինն սթափվեց, նա չտրվեց քաղցր երազին
գլխի ցնցումով նա թոթափվեց այդ տարտամ երազանքից և այդ
պահին ասաց ամուսնուն.
Գնամ գամ՝ քեզ համար մի կոստյում առնենք։ Ապա ավելի
սթափվեց, Գնացինք։ Գնացինք, գնացինք։ Ուշացնում եք։
Երեխան ձին քաշեց գնաց, ամուսինները հետևեցին նրան։
Ադամը բանջարանոցի միջի արահետով գնաց դեպի իր դուռը։
Ուրեմն ինձ համար էն ինչ էիր բերելո՞ւ, ասաց Ադամը։
Ականջավոր գլխարկ։
Ապրես։ Մին էլ...
Բերանի կապիչ, ասաց նա։ Մի քիչ հեռանալով նա կանգ
առավ ու նայեց իր տանը։ Այգին ու տունուղուռը երևում էին
միասին։ Նա հիանում էր իր տնով։
Սերո, կանչեց նա, երեք օրով քեզ նշանակում եմ էս երկրի
մինիստր։
Պետքս չի։
Նայիր, հրապուրեց նա։
Պետքս չի, ասաց երեխան։
Որովհետև միանգամից սարքած ես գտել, ծանր լրջությամբ
ասաց նա։ Գնա, քաշիր գնա... դա՜հ։
Եվ այդտեղից սկսվեց նրա հաղթական փոքրիկ շքերթը փոքրիկ
գյուղով մեկ։
Գնացի՞ր, կանչեց պառավը իր դռնից։
Շատ մի տխրի, էլի գալու եմ, պատասխանեց նա։– Գալու եմ,
ապրելու ենք դու հարյուր տարի, ես էլ ինչքան ուզենամ։
Հա, բարով գնաս բարով գաս, մաղթեց պառավը։
Դա պառավի խոսքի հետ կապ չուներ և անհասկանալի էր, թե
ինչու նա ասաց. Ե՛ս։ Այս ճանապարհը, որ նա հիմա անցնում էր
բեռնավորված ձիով, երբևէ նա խելագարի նման էր անցել, և նա
հիմա իրավունք ուներ իր գնացքը շքերթ համարելու։ «էդ ո՞ւր,
հարս-խանում, իր համերաշխ ընտանիքի հետ իր շեն դռանը
նստած ժամանակին նրան ծաղրել էր Մարտիրոս հորեղբայրը,
Ծմակուտը վայ թե սրտովդ չի»։ Մեռած֊անցածի դեմ ապրողի
հպարտությամբ նա հիմա ձգվեց ու հպարտությամբ անցավ
Մարտիրոսի տան մոտով։
Հարութ ապնի դուռը բարեկարգ չէր։ Նրանց պառավը լարվեց
ու մի կերպ ճանաչեց Աղունին։
Բարև, նանի, զնգուն ուրախությամբ կանչեց նա։
Բարև, ախչի, էդ՝ Աղունը չե՞ս, ասաց պառավը։
Իշխանի աղջիկն եմ, Սիմոնի Աղունն եմ, Արմենակի մերն եմ,
գնում եմ Երևան, բարձր ու զնգուն՝ ասաց նա։
Ժամանակին նրա հորաքույրը բակից ելել ու եկել էր նրա
ետևից։ Բակը հիմա դատարկ էր։
Դու ինձանից լավ ապրեցիր, ասաց նա հորաքրոջ մասին,
բայց տասը տարի է չկաս, բայց զավթիչի համբավդ կա։ Բայց ես՝ ինչ
որ կամ էս եմ։
Վո՜ւյ, մի լիրբն էլ հրես, վստահ, որ նա խուլ է ու իրեն չի
լսում, բարձրաձայն ասաց նա Համբո հորեղբոր մասին և ապա
ասաց նրան։ Ո՜նց ես, ոնց, ապրո՞ւմ ես, կա՞ս, պատերազմո՞վ էիր
լավ ապրում թե հիմա։
Հա ջա՞ն, ձեռքը ծանր ականջին տարավ ծերունին։
Ջանդ գլխիդ դիպչի, հողեմ քու փչացած գլուխը, ասաց նա։
Սիմոնը ետ նայեց.
Ա՛յ ախչի...
Բանիդ կաց, ծիծաղեց Աղունը, պրծել է, հարսի ոտնաձեն,
սրտի թպրտոց, աղջկա ծիծաղ եղած-չեղածը լսել պրծել է խո՜ւլ,
ոնց որ գերեզմանոցում լինի։
Հաջորդ բակի մոտ.
Մանյակ մոքիրը դռներին չի, բարձրաձայն ասաց Աղունը,
տներում էլ չի լինի, լուսամուտի ետևից ծիկրակելիս չի լինի, չի՛ եղել,
չկա՛, չի՛ մերժել մի պարապ, մի դատարկ սովորեցնելը, խալիչայի
թել փաթ֊տալն ինչ է՝ չի՛ մերժել, անունթունյակ էի։
Մեղա, մեղա, սրտնեղեց Սիմոնը և քայլերն արագացրեց,
բայց ձին նրա ճանապարհը փակում էր։ Դա՛հ, արագ գնա, այ
տղա։
Կանգնած սպասում է, շուտ արա իրեն հասիր, ասաց
Աղունը, և նրանք երկուսը գիտեին, թե ով է կանգնած սպասում
Սիմոնին, և Սիմոնը մի րոպե մեխվեց տեղում, հետո գնաց արագ–
արագ։
Դեռ ազդվում է, մեկուսի ասաց Աղունը։
Մի թեթև կաղալով չկաղալով գյուղամիջից գալիս էր փոքր
Սիմոնը։ նրա տեսքը շատ առողջ էր, ձեռնափայտին նա հենվում
կամ չէր հենվում, և Աղունի համար դա արդեն ծաղրատեղի էր։
էս ո՞ւր բարով, քուրացու, հարցրեց փոքր Սիմոնը։
Գնում ե՜մ, ծիծաղեց Աղունը, Երևանից քեզ համար մի
ազատ պաշտոն բերեմ։ Էս շան տղերքը երևում է քեզ պաշտոնի
մոտ չեն թողնում։
Պաշտոն դու քո մարդի համար բեր, ասաց փոքր Սիմոնը։
Ոտի վրա էն է հազիվ է կանգնում։
Իմ մարդը աշխատանքի է սովոր, դու՝ պաշտոնի։ Բայց էդ
ինչի՞ ես փետը ձեռդ կալել։
Ցավում է, հա՜յ աստծու, բողոքեց փոքր Սիմոնը, ցավում է
էս անտերը։
Կարելի էր հավատալ, որ նրա ոտքը իրոք ցավում է, կարելի էր
և չհավատալ, Աղունը չհավատաց.
Որ մի թեթև պաշտոն տան՝ կանցնի՞ ցավդ, ծիծաղեց
Աղունը։
Հետո արդեն Մայայի լքված տունն էր։ Նա դանդաղեց այդ տան
մոտ, ապա կանգ առավ ու երկար նայեց։ Նա լցվեց անհասկանալի
մի խղճահարությամբ, նա արդեն-արդեն լաց էր լինում։ Նա տեսավ
գյուղական գեղեցկուհուն ու շշնջաց. «Շատ էիր լավը... Մեռա՜ծ,
ջնջվա՜ծ, սրբվա՜ծ... Չկաս»։
Բայց մեղավորը դու էիր, սթափվեց նա։ Դու էիր մեղավոր,
հաստատեց նա և անցավ շտապ-շտապ, փախավ իր խղճահարությունից։
Սիմոնն ու երեխան ձորն անցել էին, գնում էին գյուղամիջի շեկ
ճանապարհով, ուր երեխաները ֆուտբոլ էին խաղում։ Ինքը դեռ
ձորն էր մտնելու, իսկ ձորն ի դուրս վերևի լանջից նրա հայացքն էր
խցկվում գերեզմանոցը։ Նա այդ չէր ուզում, նա շտապում էր, նա
գործի էր գնում, բայց գերեզմանոցը խցկվում ու խցկվում էր նրա
հայացքը։
Ամեն մարդ իր կյանքն է ապրում, դեռ գնալով ասաց նա։
Դուք մեռել եք, ես գնում եմ Երևան, ես գործի տեր եմ, ես դեռ
գործ ունեմ, շատ գործեր ունեմ, ասաց նա։
Ով ինչ ուզում է՝ էն է լինում, ուզենայիք՝ ապրեիք, ասաց նա։
Քուսպ կերանք, խոտ կերանք, ծեծ կերանք, կռիվ կերանք...
Բոլորդ հող դարձաք, կանգ առավ նա։
Նա տեսավ պատերազմի ժամանակվա լուսավոր սպիտակ
կալը և կանանց երամը՝ իր հասակի բոլոր աղջիկ-կանանց՝ թաքուն
ծիծաղկոտ, թաքուն տխուր, թաքուն մի բանի կարոտ։ «Կուրանամ
ես, շշնջաց նա. մուրացկանի, հաց ուզող մուրացկանի պես
վիզները ծո՜ւռ... էս թփի տակ, էն մարագում... մի քի՜չ, խնդրելով,
գերի՜ պիպոս Եգորից սեր էիք ուզում... Կուրանա՜մ ես... Թաքուն
արյուն տալով, թաքուն արյուն տալով քանիսդ գնացիք»։ Մայան
կանանց մեջ զատվում էր (Մայան եղանով խուրձ էր տալիս դեզի
գլուխը), և նա սթափվեց ու գնաց։ Որովհետև լավը չէիք, հիմա
արդեն առանց խղճահարության ասաց նա։
Երբ նա ելավ գյուղամիջի ճանապարհ, ուր երեխաները
ֆուտբոլ էին խաղում, նա իրեն դեռ այստեղ այս աշխարհում չէր
զգում և այդ խաղն ու այդ երեխաները նրան խորթ էին։
Գյուղամիջում՝ հին ակումբի, հին գրասենյակի, խանութի
հրապարակում զոհվածների հիշատակին հուշարձան էին
կանգնեցնում։ Դա որձաքարե սրբատաշ հուշասյուն էր, որի
պատվանդանին վարպետը փորագրում էր անունները, որոնք շատ
էին։ Տղերքը շաղախ էին անում, խրամատներում բետոն էին
թափում, քար էին կրում, հող էին մաքրում աշխատում էին իրար
չխանգարելով, դա լավ կազմակերպված համերաշխ գործ էր։ Մի
երկու հոգի գարեջուր էին խմում։ Ավտոկռունկի մոտ առանց
աթոռների սեղան էր դրված, վրան ուտելիք ու խմելիք։ Դա ծանոթ
հրապարակ էր, դա իհարկե իրենց գյուղն ու գյուղամեջն էր,
աշխատողները այստեղացի էին կամ ծնունդով էին այստեղացի,
բայց դա Աղունին խորթ ժողովուրդ էր։ Նրան օտար էին նրանց
մերկ աշխատելը, հագուստի ձևերը, քաղաքայնորեն լիքը մարմինները։ Զնգուն զվարթ «կառավարիչ» Աղունը այդ ժողովրդի մեջ
ժպիտով մտավ, ժպիտը մինչև վերջ էլ չկորցրեց, ճիշտ է, բայց
ակնհայտորեն շփոթված էր, ոչ ոքի, մինչև սիմոնակերպ մեկին
հանդիպելը, նա չհամարձակվեց հարց տալ,
սիմոնակերպ այդ մեկին էլ դիմեց շշուկով. «Անոշ, էս ի՞նչ բանի
են»։ «Տղերանցն արձան են դնում», ասաց այդ սիմոնանմանը։
Աղունի հետ սա եկել նայում էր փորագրված անունները։
էդ ի՞նչ ես նայում, Աղուն քույրիկ, խանութի բազրիքին
կռթնած՝ կանչեց Աղունի սերնդի մի տղամարդ։
Աղունը գտավ իրեն։ Այդ խորթ միջավայրում Աղունը գտավ
իրեն հասկանալի մեկին և գտավ ինքը իրեն։
Ով որ զոհվել է՝ էս է, ասաց Աղունը։ Իսկ ով դիմացե՞լ է
դու, Սիմոնը, ես, Շուշանը, Գուհարը, կնանիքը, կամ՝ ով էստեղ է
զոհվել։
Հա, մեզ էլ էդ է գերեզմանոցը նվեր, բազրիքին հենված՝
ասաց ծեր տղամարդը։
Հավերժակա՛ն, պահանջեց Աղունը։
Խի, ասաց տղամարդը, գնացին երեխա-երեխա կոտորվեցին, էն խեղճ երեխեքից հետո էսքան մինչև հիմա էլ ապրում ենք,
էդ քի՞չ հավերժական է։
«Ա՜յ ախչի», եկավ Սիմոնի ձայնը։
Սիմոնը կանգնած էր դպրոցի մոտ պտտաձողի կողքին։
Մեր պապը հրեն ձի է նստել գնացել Կողբից իրա համար նոր
կնիկ բերի, ծիծաղեց տղամարդը։ Դեռ ապրելու ենք։
Աղունը դուրս եկավ շինհրապարակից։
Դպրոցի մոտ պտտաձողի կողքին Սիմոնն ու երեխան սպասում
էին։ Այդ բարձած ձին, այդ Սիմոնը և այդ պտտաձողը միմյանց
անհարիր էին, և մի վայրկյանում նա լցվեց ծիծաղով։
Կարա՞ս թռչես պտտվես, ծաղրուծիծաղով կանչեց նա, և
Սիմոնը նայեց պտտաձողին, հեռացավ պտտաձողից և մի րոպե իր
կանգնելու տեղը չէր գտնում։ Երբ Սիմոնը դարձյալ նայեց
ճանապարհին՝ Աղունը ճանապարհին չէր, չէր երևում։
Ի՞նչ եղավ, այ տղա, մերդ։
Ճանապարհը դատարկ էր, հետո Սաքոյի տան անկյունից դուրս
եկան Աղունն ու Սաքոյի կինը և գնացին խանութ։
Այ ախչի, կանչեց Սիմոնը։
Չշրջվելով՝ Աղունը ձեռքով սպասելու նշան արեց, և նրանք
շտապ-շտապ գնացին։ Նրանց ու Սիմոնի արանքի բակում մի աղջիկ
քամուն ցորեն էր տալիս։ Ոտքերով ու ձեռքերով սյանը փաթաթված
երեխան ուզում էր պտտաձողին բարձրանալ։
Պոկում ես, այտա, շորերդ։
Սյանը կառչած երեխան ասաց.
Ինչի՞ս է պետք որ... մեկ է Երևան չի տանելու։
Սիմոնը երեխայի վրա էլ սրտնեղեց. Աե՜ե...
Աղունն ու Սաքոյի կինը խանութից ելան, եկան, բաժանվեցին,
Աղունն ուրախ էր գալիս, գործը հաջողել էր, հետո Աղունը
դանդաղեց ու կանգ առավ։
Հիացած Աղունը դանդաղեց ու կանգ առավ քամուն ցորեն
տվող աղջկա ղեմ. Աղջիկ ջան... Պինդ ոտները ցորենի շեղջի մեջ
աղջիկը քամուն ցորեն էր տալիս։ Աղջիկ ջան... հիացավ Աղունը։
Աղջիկը խախալը վար բերեց ու նայեց գլուխը մի քիչ թեքած։ նա
հասկանում էր, որ Աղունը հիանում է իրենով և թույլ էր տալիս, նա
կարողացավ նրա հայացքի տակ ավելի լավանալ։ Քեզ ուզող տղեն
Ծմակուտ չի, ասաց Աղունը, Ծմակուտ քեզ արժանին չկա,
ականջիդ օղ արա։ Բախտը, սերը լույսի պե՜ս սև գեշերի վրա է
իջնում ու քեզ նման լույսն էլ բաժին է ընկնում մի բերանը կապածի։
Արմենակի նման տղին Երևան ով դիտի ով է չանթել...
Այդքան գեղեցիկ բաներ էն հի՜ն, իր աղջիկ ժամանակներում
էին պատահել, ինքն ու Սիմոնը Վանքերից դալիս էին Ծմակուտ,
Մարցի այգիներում խնձորաքաղ էր, ծառերի տակ գեղեցիկ երեխաներ ու հարսներ էին, խնձորը շեղջ էին արել։ Հեռվի գետում
հարսներ ու աղջիկներ էին լողանում, հարսներից մեկը սրբում էր
սալ քարի վրա նստած իր երեխային՝ որ դողացնում էր։
Ինքն ու Սիմոնը բաց, ուղղակի բաց երկնքին նայող պատերի
մեջ, մի անկյունում մի ծածկ էին արել մի կարպետով, նրա տակ
թախտն էր, թախտին՝ հիվանդ Սիմոնը, երեխան՝ վարպետի գոգին,
մյուս անկյունում կրակին ճաշն էր, ինքը ճաշ էր բերում, անձրև ու
արև էր, ինքը սարսռում, բայց ժպտում էր այդ արև–անձրևի
համար, և չէր հասկանում, չէր հասկանում, որ նեղության մեջ է։ Եվ
Սիմոնն էլ չէր հասկանում, և ծեր, բարի վարպետն էլ չէր հասկանում։ Նրանց պարզ ճաշը նա խոնչային նրանց առջև դրեց, և
կարծես ոչինչ պակաս չէր, հետո երեխային առավ վարպետի
ձեռքից, արև-անձրևի տակ քաշվեց բաց պատերի մի անկյունը՝
թիկունքը դեպի մեծերը, երեխային կուրծք տալու, և անձրև էր
կաթկթում ծոծրակին, կրծքին, բայց ինքը ծնկած կուչ էր եկել իր
երեխայի վրա և լուռ զրուցելով ու լուռ երջանկությամբ կերակրում
էր երեխային։ Հետո արդեն կալի իրենց խումբը սպիտակ կալի չոր
փոշուց ու մղեղից կուչուհուպ գալով գնաց դեպի գետ, հանգիստ
գնաց դեպի գետ, մոտեցավ գետին, սուլեց, քար շպրտեց փախցրեց
լողացող տղա-երեխաներին, նրանք շորները թևների տակ առան ու
փախան, «Դե, կորի հա, կորի», ապա խումբը գետի ներկայությունից ծղրտաց, ուղղակի ճչաց ու թափվեց գետը հենց այդպես
շորերով, ապա շորերը փռված էին խոտերին ու սալերին, իրենք
մերկ էին լողանում, մերկ՝ պառկոտած էին քարերին, թաց Մայան
սալ քարերի վրայով գալիս էր պիրկ ու գեղեցիկ ու սարսռալով...
Դու քու ազնավուր տղին ես սպասում, աղջիկ ջան։ Չի գա,
ազնավուրները սևերի բաժինն են։ Քու տեղը համալսարանն է,
աղջիկ ջան, թե չէ կգան կխնդրեն, կտանեն կկապեն ոտներդ
երեխայի փալաս-փուլուսով ու չեն էլ հիշի՝ որ լավն ես եղել։ Քեզ
Արմենակի պես տղա է պետք կամ հենց Արմենակն էր պետք... Այդ
պահին նա հիշում էր թաց Մայային, և տեղնուտեղը բողոքեց իր
դեմ. Ոչ, Սիմոնն ինչ է, որ Սիմոնից ելածն ինչ լինի։
Ա՜յ ախչի, եկավ Սիմոնի ձայնը։
Քեզ մի լավ ամուսին, լաց եղավ նա ցորենի շեղջի մեջ
կանգնած աղջկա դեմ, քեզ մի մե՜ծ, լուսավոր, քեզ մի կանաչ
բախտ եմ ցանկանում...
Նրա տխրությունը, այդ գեղեցկության առաջ խեղդող լացը
մինչև ամուսնուն ու երեխային հասնելը տևեցին։ Այստեղ արդեն նա
նախկին գործնականն էր։
Գնացինք, կարգագրեց նա։ Ինձ բարի ճամփա, քեզ էլ
բարի մինիստրություն երեք օրով, Սերո ջան, գամ տեսնեմ էն
ճաշերն էնպես էլ թթվել են, մուրաբաների վերջը տվել եք դու ու քո
հերը։ Ուրուրը հիմա հավերը տարավ, շուտ։
Երեխան ետ դարձավ գնալու։ Երեխան գնում ու լացից
ծամածռվում էր, և նա գիտեր, որ երեխան լաց է լինում՝ թեկուզ
երեխայի թիկունքից չէր զգացվում նրա լացը, և երեխայի տնազով
ասաց մոտավորապես այն բառերը, ինչ հիմա երեխան էր ասում.
Իրենք գնում են Երևան, ինձ հավի պահակ են դնում, կարծես
իրենց հավերի պահակն եմ։
Սիմոնը խղճում էր երեխային։ Սիմոնը անհամարձակ խնդրեց.
Տանեիր, էլի, ախչի, հետդ մի երկու օրով։
Ունեցածը՝ քաղաքին, ծնվածը՝ քաղաք, ոտուձեռից ընկնենք՝
էգուցվա օրն անտեր ենք մնալու, քաղաքի համը դա թող չառնի։ Բա
ինչի՞ էիր ասում Սաքոյի պարտքը վաթսուն է,– սիրով ու հեգնանքով
ամուսնուն դարձավ նա։
Ախչի, առա՞ր,– զարմացավ Սիմոնը։
Չէ, թող արի մտահան անեն ու ասեն ի՞նչ վաթսունհինգ։
Ախչի,– պատմեց Սիմոնը, ռադիոն Արմենակից գրվածք էր
տալիս՝ տղերքը բռնեցին, թե մի արաղ ունես։ Խանութից պարտքով
մի արաղ առա, էդ հինգը խանութին էի տալու։
Պաշտոնավոր, ուտող-խմող, գեղամիջի ամուսինս, ժպտաց
նա։ Տեսա՞ր ինչ աղջիկ էր։
Հայկինն է՞ր, ախչի։
Աղջիկը Հայկի աղջիկն էր, Աղունը հաստատեց իմիջիայլոց,
արդեն իր մտքերի հետ էր։
Որովհետև հեղինակություն չունես, միանգամից ասաց նա։
Ամուսինը սայթաքեց, քիչ մնաց ընկներ։
էդ ոնց ես գալիս, ասաց Աղունը։ Թեկուզ ինքը բանաստեղծ
է ու դու ոչ ոք, բայց դու նրա հերն ես, դու պիտի ասեիր՝ «ես
հարմար եմ տեսնում Հայկի աղջկան», ու ինքը պիտի ասեր հորս
կամքն է։
Հայկի աղջկա՞ն, մի րոպե քաղցր երանության տրվեց
Սիմոնը։
Գյուղում՝ գյուղացի, տեսքը՝ քաղաքի, առողջությունը,
աչքունքը, ամառն էլ ծով չէին գնա, կգային էստեղ։
Ա դե, հանկարծ բողոքեց Սիմոնը, լեզուն երկու մետր է։
Ձեր կողքին ով էլ լինի՝ լեզուն երկու մետր է լինելու, քանի որ
դուք անլեզու եք, ձեր շահն ուրիշն է պաշտպանելու։ Էդ ոնց ես
գալիս, վայ թե ծանր է։
Ես եմ ծանր, ես, ասաց Սիմոնը։
Դեմի բաց լանջի արահետին, տնից մի քիչ հեռու, մի աղջիկ էր
նստած, նրա կողքին մի տղա էր պառկած, տղայի գլուխը աղջկա
ծնկներին էր, նրանց մոտ ռադիո կար, երգում էր։
Ծանր ես՝ հիմա էլ ասա ծանր եմ, բանելու կարողություն
չունեմ, մի ղեկավար, մի թեթև պաշտոն ուզիր, ասաց Աղունը։
Ի՞նչ ղեկավար։
Մարդկանց ղեկավար, Սիմոն, բացատրեց Աղունը, ով
բանելու կարողություն ունի, ով ծանր չի՝ նրա ղեկավար։ Էս քարն
էստեղ դրեք, էս սյունն էստեղ տնկեք, էս գործն էսօր սկսեք, էս
էգուց։ Նա կողքի՝ Սիմոնին նայեց թեթև հեգնանքով. նա Սիմոնից
«ղեկավարություն» էր սպասում։ Սիմոնը կարծես թե մտածում էր,
«ղեկավարությունը» նրան կարծես թե դուր էր գալիս։ Հը, արեց
Աղունը։
Ի՞նչ է։
Մի թեթև պաշտոն, մի հինգ մարդու ղեկավար։
Սիմոնն իրեն ծաղրեց.
Կորցրու դենը, ափսոս չի՞ ուրագը։
Իհա՛րկե ուրագը, ծիծաղեց Աղունը, իհա՛րկե փետը,
իհա՛րկե քարը, իհարկե ձեզ նման անխոսները։
Բա չէ, ասաց Սիմոնը, Մելըքանց մեծառեխների հետ գլուխ
դնեմ։
Անցնելուց առաջ ձին հոտոտեց կամուրջը։
Դահ, գնա֊գնա, Սիմոնն է սարքել, վարպետն է սարքել, ինչ
տալիս են՝ էն է սարքում, գնա։
Վերևի բաց լանջին պառկած տղամարդը վրա նստեց։
Բարի օր, զնգուն զվարթ՝ կանչեց Աղունը։
Բարև, մոքիր, պատասխանեց տղամարդը։
Ա վայ թե էդ աղջկան նեղացրել ես, կանչեց Սիմոնը։
Չէ, քեռի, ծիծաղեց տղամարդը,– ինչքան ուզում եմ
նեղացնեմ՝ չի լինում, բան չի դուրս գալիս։
Համով է՞, ծիծաղեց Սիմոնը։
Դեռ համով է, ծիծաղեց տղամարդը, համը տեսնենք երբ է
հանվելու։
Վռազիլ մի, ասաց Սիմոնը, ժամանակ շատ կա։
էդ ո՞ւր էդպես տնով-տեղով,– կանչեց տղամարդը։
Արմենակը քու ցավից ազատ է, գնում ենք գլուխը յուղենք
գանք։
Վախիլ մի, աղջիկ ջան, դրանց տղերքը լավ տղերք են, քեզ
լավ կպահեն, զնգուն֊զվարթ՝ կանչեց Աղունը, ինքը սակայն իր
հոգսերին էր դարձել։ Մարդիկ ծափ են տալիս՝ երկնքից ոսկի է
թափվում դու դեռ՝ ուրագ, դու դեռ՝ ափսոս չե՞ն քարուփետը։
Շուտ-շուտ արի... դեսը տուր էդ ծղիկը։
Սիմոնը կողովը չտվեց։
Պիպոս Եգորն աղվես է, պուճուր Սիմոնը գլուխ պահող է,
մյուսը պաշտոնահաչ է տալիս, մեկելը Կիրովական տներ առավ
դու չես հասկանում, որ խորամանկությունն էլ խելք է. ով գլուխ ունի
խորամանկ է, ով գլուխ չունի՝ ուրագին ու կացնին է անում քեզ ու
քո ախպեր Ադամի պես ու քո տղա Արմենակի նման։ Խի՞, սա
ապրո՞ւստ է՝ որ տալիս ենք, խեղճ երեխաս զրո տեղից է սկսելու,
քանի որ հերը զրո է։
էէէ, սրտնեղեց Սիմոնը, դե կգրի կստանա, էլի։
Դու ուրագին-անելով ինչ ես ստացել, որ նա գրելով ինչ
ստանա։
Իմն ուրագ է, էդքանը չես հասկանո՞ւմ։
Նույնն Է, կտրեց նա։
Էդ է հասկացար, «նույնն են»։
Նույնն են, առարկություն չվերցրեց նա։ Ինչ որ ասում եմ՝
լսիր, քանի որ ես մտածելով եմ խոսում, իսկ քու գլուխը մտածելուց
ցավում Է։ Գիտե՞ս երբ լավ կլիներ, ասաց նա և ակնկալիքով
նայեց ամուսնուն ու հուսահատվեց։ Էստեղից, խոսքը փոխեց
նա, քո մերը ոտները հանում էր ու ծնկներով– ծնկներով մինչև՜...
ճակատը գետնին տալով, Սիմոնիս համար, Ադամիս համար,
Ակոփիս... բանակից հանրայիններ էր բերում, այսինքն՝ ուրիշի
համար աշխատողներ, էդ իմաստով, ուրիշ մտքով չեմ ասում,
չկատաղես։
Սիմոնի բարկությունը չբռնկվեց, և Աղունը ժպտաց.
Ծնկներով-ծնկներով ես էլ կգայի, բայց էստեղից մինչև տուն,
այ էստեղից, Նախշուն կովը մի օրում տարա, այսինքն ժամանակ
չունեի։ Հասավ ու ծնեց, մի վայրկյան նա տրվեց հին հուշին,
պայծառացավ։ Սիրո՜ւն հորթ էր բերել։
Բան էիր ասում, ասաց Սիմոնը։
Ասե՞մ որ։ Մի հրահանգիչ, արյունով Արզումանյան, գործկոմ,
խելքն ու շնորհքը տեղը ամուսին դիր կողքիս՝ ասեմ, թե չէ քեզ ինչ
ասեմ, Սիմոն ջան, ուրագի զոռով կարա՞ս մի բարյացակամ
ստեղծես Արմենակիդ համար։
Սիմոնը ճգնեց ու չհասկացավ։
Ասում էիր կովը հասավ ու ծնեց։
Կով է՝ կծնի։ Տղայիդ օգնելու մասին է խոսքը։
Այտա, նեղացավ Սիմոնը, հիմա էլ Արմենակն անօգնական
դառա՞վ։
Դու էլ ես հասկանում, որ անօգնական է, բայց ձեռիդ շնորհք
չկա, ասում ես անօգնական չի։
Ի՞նչ անեմ, ասաց Սիմոնը, գործը թող փոխի։ էս կերուխումի մեջ ում է պետք նրա գրելը։
Ձեռն ուրագ առնի՝ ասում ես։
Դու ի՜նչ ես ուզում իմ ուրագից, այ ախչի։
էն եմ ուզում, որ գործը փոխելով չեն գործ անում։ Գործ,
Սիմոն, իրենց փոխելով, իրենք իրենց փոխելով են անում։ Մի ոչխար
մորթիր, ասա հա, կտրատիր, ասա չեմ ունեցել, ասա ունեցել եմ՝
գելը կերել է, կտրատիր, աղուսոխ արա, տար դիր մի աղբյուրի մոտ
մի ծառի տակ, գնա գյուղամեջ, զանգ տուր Երևան, ասա՝ իմ
Արմենակի ընկերներն եք, գյուղացի մարդ եմ, ձեր գրածներից բան
չեմ հասկանում, մտքովս անցել եք ուզում եմ գյուղավարի ձեզ
պատիվ տամ մի ծառի տակ, մի ավտո լցվեք եկեք։ Ասա հա։ Մտիր
խանութ մի երկու կոնյակ լիմոնադ առ, տար դիր աղբյուրի ջրում։
Թող գան ուտեն, հացը ճամփա է բացում, Սիմոն։ Ասա՝ գյուղացի
մարդ եմ, ձեր գրել–մրելն ինձ պետք չի, Արմենակիս ընկերներն եք,
մտքովս անցավ։
Ախչի՜, զարմացավ ու հիացավ Սիմոնը։
Ոսկին ծափով էդպես է թափվում։ Սիմոն, թե չէ ասում են
ոսկի՝ ոսկի էլ հասկանում ես, ասում են ծափ՝ ծափ ես հասկանում։
Նա միանգամից թեքվեց ճանապարհից, ձեռներով ու ծնկներով
կառչելով ելավ ճամփագլուխ խաչքարի մոտ։ Թեկուզ ինքը մի բան
չի Վանքերա սուրբ Սարգսի մոտ, բայց կարող է խանգարել, օգնողս
քիչ է, խանգարողս շատ։ Նա կիսախաչակնքեց֊կիսահամբուրեց
խաչքարը, կարծես աղոթքի մի երկու բառ ասաց և խոսել
շարունակելով իջավ ճանապարհ, ուր Սիմոնն սպասում էր կողովը
ձեռքին։ Կգան կլափեն, կթափեն, կջարդեն, կծիծաղեն, կկարծեն
ոչխարը հանդի պտուղ է՝ ծառից է կաթել, երգելով ու ետ տալով
կգնան ու չեն տպի, քանի որ Արմենակն ինձ նման հաստակող է,
քեզ նման՝ խեղճ։ Ի՞նչ եք ուզում դուք ինձանից, բերել եմ,
պորտներդ կտրել տվել եմ աշխարհին՝ գնացեք ձեզ համար ապրեք,
ի՜նչ եք ուզում դուք ինձանից։ էս մեծ, լեն աշխարհում ի՞նչ եք
պտտվում, գալիս դեմս գերի լինում, ես ձեր հոգսատարն ե՞մ։
Սիմոնն անհանգստացավ.
Լավ, Աղուն ջան, լավ, ճամփի վրա ես, քեզ մի հիվանդացրու։
էն քածն էլ էնտեղ է աստծու օրը ծեծուջարդ ուտում էն
լակողից, աշխարհի աղեն կտրել էր՝ էն լակած ժանգոտի հետ էր
փախչելու։
Ծեծում է՞, կանգ առավ ու չհավատաց Սիմոնը։
Բա ի՞նչ է անում, կատաղությունից լաց եղավ Աղունը։
Որովհետև լեզուն երկու մետր է, բռնկվեց Սիմոնը, թափով
առաջ նետվեց, սակայն՝ միայն մի պահ, նա դարձյալ դանդաղեց,
իսկ կինը լաց էր լինում ու խոսում էր.
էլ գործուպաշտոն չկար՝ գնալու էին թուղթ կրծեն, ինչի՞
համար, ո՞ւմ ինչ վատություն եմ արել, արածս ո՞ր լրբության ու
գողության ու խաբեբայության ու անամոթության ու գռփողության
համար։
Լավ կլինի, լավ, ասաց Սիմոնը։
էն խեղճ հորըդ քարն էս է տասը տարի է ճամփին ծանը՛ր
ընկած, ամեն տեսնելով գետինն եմ մտնում, անցնող֊դառնողը վրան
նստում պապիրոս է քաշում ու թքում։ էն խեղճ մերըդ էս քանի
տարի է տնքում ու քարշ գալիս, կարող է մի պարապ պատճառից է,
մի անգամ մտե՞լ ես մի բժշկի թև, բերել ասել՝ մերըս է, նայիր, բժիշկ
ջան... քո՛ մերն է, իմ մերը չի, ես մեր չեմ ունեցել։
Ճամփի վրա ես, քեզ մի հիվանդացրու, հորդորեց Սիմոնը,
նա սակայն առանց այդ հորդորի էր արդեն խաղաղվում։
էն կովն էստեղ էլ նստեց, քիթը վեր֊խմելով հիշեց նա։ Նա
ցույց տվեց կովի նստած տեղը։ Գլուխը դեսը...
Նախշուն կո՞վը, ասաց Սիմոնը։
Մարդ ու անասուն իրարից հիշողությունով են ջոկվում, ես
հիշողություն ունեմ, խաղաղ ասաց նա, ապա միանգամից
բռնկվեց. Ոչ, կովը չէր, ես էի։ Ես էի, նստեցի ու էլ չկարողացա վեր
կենամ։ Ոչ շալակով, ոչ էլ առանց շալակի։ Ջաղացները սառած էին,
գետով֊գետով գնացի մինչև Մարցա ջաղաց...
Ախչի՜... զարմացավ Սիմոնը։
Ու որ գիշերվա բերանը չընկնեմ՝ մի շնչով հասա էստեղ։ Ես էլ
չհասկացա ոնց հասա։ Նստեցի ու սառա։ Շորերս հագիս սառան։
Քսանհինգ կիլո ալյուր էր։
Ես մի փութ էի թողել, ասաց Սիմոնը։
Կալից գոգնոցով֊գրպանով֊բռնով բերել էի, երեսուն կիլո
հատիկ էր։
Հետո՞։
Հետո բանակից դու եկար։ Ասիր՝ էն աղջիկն էնտեղ բեռան
տակ սառել է, ոչ էն է մահ է ոչ էն է քուն, վեր կացար բանակից
եկար... ուրիշների համար։
Դե լավ, էլի, խնդրեց Սիմոնը։
Հետո՜... ես ինձ վեր կացրի... քարով ես իմ ոտին տվի... իմ
կոճին քարով ես խփեցի ու շան պես կլանչելով վեր թռա։ Հետո՞...
քեզ հետ զրուցելով հիմա գնում ենք։ Տանում էի՝ որ տուն
ունենայիր, երեխա, հացի հոտ, կրակ-ճրագ։ էդ քառասուներեք թվի
ձմեռն էր, քառասունհինգ թվին էդ հացից դու եկար կերար։ Կերար,
շնորհակալ եղար ու քեզ տվիր էն լրբով։
Դե լավ, էլի, խնդրեց Սիմոնը։
Դե լավ, էլի, զզվեց նա։ Դու քո շահը չես հասկանում, լրբի
ու գողի ու փչացածի էս աշխարհում դու ո՜նց չես ուզում քեզ մատով
ցույց տան՝ թե էս մարդն ահա փչացած չի, լիրբ չի, գող չի մաքուր
է, իր ճամփան մաքուր է գնում։
Դե լավ, էլի, դե լավ, էլի,– խնդրեց Սիմոնը։
Դեսը տուր, նա նրա ձեռքից խլեց կողովը, ես սովոր եմ՝
կտանեմ։ Ես քեզ հետ ճամփա գնա՞մ։
Սիմոնը տեղում քարացած էր։ Աղունը գնում էր թվում է
անդառնալիորեն, ամուսնու հետ թվում է այլևս գործ չուներ,
բայց կիսաշրջվեց և ուսի վրայով շպրտեց.
Գնա, ինձ պետք չես, ում որ պետք ես՝ գնա նրա մոտ, փափուկ
ձվածեղն արել, քեզ է սպասում։
Տո խիղճ ունեցիր, ծղրտաց Սիմոնը։
Կատլետ կտա, քիչ հետո ետ շպրտեց Աղունը։
Այ ախչի...
Տանը գետինը տախտակել կտա, քիչ անց նետեց Աղունը։
Սիմոնը դեսուդեն նետվեց, սալ քարերի վրա սայթաքեց ու
այդպես էլ վեր չկացավ։ Մի փոքր անց նա կարողացավ նայել
դեմի լուսավոր, արևոտ բլրին, ճանապարհի ոլորանում, Աղունը
հասել էր ձիուն, գնում էր ձիու ետևից։
Սիմոնի գլուխը դժժում էր, Սիմոնը զզվում էր ամեն ինչից, ոչնչի
չէր նայում, ոչինչ չէր տեսնում և չէր ուզում հիշել քիչ առաջվա իրենց
խոսքերը։ Այդպես նստած էր, ապա տեսավ ծառը և ծլթոցով թքեց,
իսկ հետո նկատեց, որ նստած է այն ծառի դեմ, որին տարիներ
առաջ տղերքը գրել էին ռազմաճակատ գնացողների իրենց
անունները։ Մի պահ, վրիպման պես, բռնկվեց իրենց հնօրյա շարքը՝
«դիվիզիա, ստանավի՜ս։
Երանի ձեզ և ոչ թե մեզ, ասաց Սիմոնը։ Ինչ լինում է
ապրողներիս է լինում, մեռնողներիդ բան չի լինում, էն է մեռնում
պրծնում եք։ էս քարին թե բան է լինում, էս քարը թե բան է զգում,
բան է տեսնում, բան է հասկանամ՝ դուք էլ։ Ներողություն իհարկե,
որ աստծուն դուր չեկող բաներ եմ ասում, բայց էդ է։ Որ մեռնում են
բոլորը միասին պիտի մեռնեն, թե չէ ձեր որբևայրիները, որբերը,
փետը, խոտը, հոգսը... Մուրացկանի պե՜ս...
Նա վեր թռավ ու թափով գնաց.
Փչացած շան որդի, որ լիրբ ես՝ լիրբ ես, էլ ինչ ես փետը,
խոտը, հոգսը...
Եվ նրա հիշողության մեջ արդեն բացվել էր սկսում իր մի կենտ
սիրո ամառը։
Խանութից հաց էր վերցրել, չորս հատ հացը դրեց խուրջինի
մեջ, խուրջինը դրեց սայլին, բարձրացավ մտավ խանութ,
խանութում շաքար էին տալիս։ ժողովրդի տրամադրությունը լավ
էր, ինքը նույնպես մի տեսակ ոգևորված ու ուրախ էր։ Մելըքանց
մեծաբերանը պատմում էր, թե ինչ է ասել Օսեփանց Մինասը
քաղաքում.
Ասել է՝ աղջիկ ջան, ի՞նչ տանք կնկա էդ շորին։ Ասել է՝
տասնհինգ ռուբլի։ Ասել է՝ դատա՞րկ։ Բա չէ լիքը։ Հիմի քու
շաքարն է, ծիծաղելուց հետո ասաց Սպանդարը, երկու ռուբլի։
Խի, հետն էդ ի՞նչ էինք տալու, ասաց գործակատարը։
Նրանից, էն բանից՝ որ քաղաքում շատ կա, գյուղում չկա,
ծիծաղեց մեծաբերանը։
Գյուղում էլ կա, ուշքդ վրադ պահիր՝ կնկատես։
Կարող է կա, բայց վարպետ Սիմոնի համար է, մեզ համար չի։
Ավել-պակաս քիչ խոսիր, այնքան էլ չնեղացավ Սի՛մոնը և
գործակատարին խնդրեց, Ընկեր պետ։
Առանց հերթի՞, համաձայնեց գործակատարը։
Սելը սարն է գնում, խնդրեց Սիմոնը։
Շաքարը երկու կիլոյից էին տալիս։ Սիմոնը վիզը թեքեց.
Ընկեր պետ, և գործակատարը ժողովրդին հարցրեց, մի տեսակ
կոչ արեց.
Ժողովուրդ, մեր վարպետն է, ի՞նչ կասեք, արժե՞։
Մեր վարպետն է, տուր, արժե, ասացին կանայք, և
մեծաբերանը դարձյալ ծիծաղեց.
Կնանիքը տվին։ Բա որ ասում եմ վարպետ Սիմոնի համար է,
ասում եք հիմար֊հիմար քիչ խոսիր։
Չորս կիլո շաքարը Սիմոնը սայլի վրա խուրջին դրեց Մայան
նույնպես սայլվորի հետ բան էր զրկում։
Սարում դո՞ւ ով ունես, ախչի, գլուխը կախ իր գործին
անցողիկ հարցրեց Սիմոնը։
Մեծս սարվոր է, ասաց Մայան, ոչխարին օգնում է։
Մնացել ես փոքրերի հետ, խուրջինի բերանը կապելով
ասաց Սիմոնը։
Փոքրերին էլ քեռոնց եմ ղրկել, մի տեսակ՝ կռվելով, մի
տեսակ՝ հակադրվելով ասաց Մայան։
Պահո, կատակեց Սիմոնը։ Դե ասա ստերջ ես մնացել, էլի,
իսկական մարդի գնալուդ ժամանակն է։
Քո էդ կատակները տար քո Աղունի հետ արա։ Մայան
չկոպտեց, չվիրավորեց, ընդհակառակը՝ ասելուց առաջ մի տեսակ
իգացավ, մի տեսակ փափկեց, բերանը շարժեց անխոս, հետո
ուրեմն ասաց «քո էդ կատակները», ապա գնաց խառնվեց ակումբի
դռան ժողովրդին։ «Պահո՜», արեց Սիմոնը, և համարյա թե երեխա
սայլվորը սայլի գլխից ամաչելով ժպտաց։
Ակումբում կինո էին ցույց տալու։ Փողով չէր, ցուցակով էր, ներս
մտնողների անունները գրում էր Վարդուշը։ Սիմոնը նրա հետ էլ
կատակեց.
Ախչի, դու դեռ էնպես ե՞ս...
Այդ կատակը ժողովրդի բերանն ընկավ, և ծիծաղի մեջ ամեն
մեկը իր կողմից մի բան ավելացրեց, մինչև որ Վարգուշը լաց եղավ.
Ախչի, էդ ումի՞ց ես թռցրել։
Ձմերուկի կորիզ է կուլ տվել։
էն աստոծը, ես տեղյակ չեմ, ինձանից չի։
Տո դու ինչ ես՝ որ քեզանից լինի, այդ մեկին պատասխանեց
Վարդուշը։
Թե բան չեմ էդ ինչի՞ ես երազում տեսնում, հը՞։
Լավերը Հիտլերի դեմ ջարդվել են, մնացել ես դու դրա
համար եմ տեսնում, կռվեց Վարդուշը։
Բայց հո տեսնում ես, ասացին։ Ուխա՜յ, արեցին, և գեր,
շորերի մեչ չտեղավորվող Վարդուշը լաց եղավ։
Կինոն սկսել էին, արտասվող Վարդուշը նստեց Սիմոնի կողքին,
և Սիմոնը գրկեց նրա թիկունքը, ասաց՝ որ կատակ է արել,
կատակից կծիծաղեն, լաց չեն լինի («Կատակ էր, կատակից բա
կծիծաղե՞ն թե լաց կլինեն»), և ժողովրդի համար դա էլ առանձին
նյութ դարձավ, գոռացին.
Սիմոնը Վարդուշին կազմակերպե՜ց...
Սիմոնը Վարդուշին մոբլիզացրե՜ց...
Սիմոնը ետ նայեց ժողովուրդը կատակում էր, բայց Մայան մի
ուրիշ տեսակ էր նայում։ Երբ կինոն վերջացել էր և դրսի մթան մեջ
ժողովուրդը ցրվում էր, կնոջ մի ձայն հարցրեց.
Վերի թաղից ո՞վ կա եկող... Սիմոն, չես գալի՞ս։ Մայան էր։
Գերեզմանոցի ձորում ասաց. «Գերեզմաններից վախենում եմ»,
ու մտավ Սիմոնի թևը։ «Ես կողքիդ՝ ինչի՞ց ես վախենում», ասաց
Սիմոնը։ «Դու քո Աղունինն ես, ես էլ էսպես անտեր շան պես
սրա֊նրա թևի տակին», ու սեղմվում էր, սեղմվում էր Սիմոնին։ «Դե
հետդ բերեիր երեխեքից մեկին», ասաց Սիմոնը։ «Երեխեքը քեռոնց
են՝ ասացի», ու սեղմվում էր, սեղմվում էր Սիմոնին։ էդ ինչքա՜ն էր
ջղային, էդ ինչքա՜ն էր անհամբեր, էդ ինչպես էր միաժամանակ
լացում ու ծիծաղում, միանգամից ինչպես էր խելագար ու խելացի։
Սիմոնին ասաց. «Ոտներդ սառչում են, շուտ արա»։ Հատակը
տախտակած չէր, գետին էր։ Տաշեղի պես մի րոպեում նա բռնկվեց,
մարեց ու քնեց։ Վաղ լուսաբացի հետ Սիմոնը շորերը հագել
Փախչում էր, նա դեռ քնած էր։ Նա քնած էր վերից վար կեսը
վերմակի վրա, մերկ և աղջամուղջի մեջ թուխ։
Իր դռանը, Սիմոնը մառանից դուրս բերեց բահուրագը,
բուկլիցել սկսեց կարտոլը, հետո փոխեց լոբու ջրի մարգը, ուզեց
շարունակել գործը, բայց այդպես էլ նստեց լորուտի մոտ ու այդպես
էլ քնել էր։
Արթնացավ, վրա նստեց սպիտակ լույս արևը լցվեց նրա
աչքերը, և խուլ ու տաք մի քռքռոց խցկվեց նրա ականջները։
Մայան էր, խոտի փափլիկ գլխով խտուտ էր տալիս նրա վիզը։
Սիմոնը ձեռքը տարավ քորելու իբր թե վիզը, բայց քաշեց նրան, և
նրանք թավալվեցին արևի, լոբուտի ու միմյանց մեջ։
Դե–դե–դե-դե-դե-դե, լսվեց, և նրանք անշարժացան, գետինը
մտեք, էլի, ամոթ ունեցեք, էլի... դե֊դե-դե֊դե, օրը ճաշ է դառել դուք
դեռ... բայց բրիգադիրի խոսքը նրանց մասին չէր, դեմի տան
այգուց Փառոն պատասխանեց. «Գնում եմ, գնում, էն է շարժվում էի՝
երևացիր»։ Թվում էր՝ Փառոն իրենց նայելիս էր եղել և բրիգադիրը
նույնպես իր բլրի գլխից տեսնում էր նրանց, և նրանք այդպես
անշարժ երկար մնացին մինչև շունչները հատավ։ «Դե լավ,
խեղդեցիր», շշնջաց Մայան։ Հավը լոբուտում ձու էր ածել։ Մայան
փեշը հավաքեց ձվերն ու շշնջաց. «Հավ մորթեիր, քեզ համար
սարքեի»։ Սիմոնը չպատասխանեց մինչև թաղը նրան այլևս ամայի
չթվաց. «Արածս ո՞ր լավ գործի համար»։ Մայան ճկուն ու անաղմուկ
ելավ, ձվերը փեշում պահած, լոբուտի ետևը դեռ պահվելով գնաց
տուն, և Սիմոնը՝ նրա ետևից, և Մայան տանը նորից ասաց.
Հավ մորթեիր՝ քեզ համար սարքեի։
Ծղրտոցն աշխարհն ընկնե՞ր, ախչի։
Ի՞նչ է եղել որ, չքմեղացավ Մայան։
Սիմոնը նեղացավ.
֊ Ոչինչ։
Մայան ձվերը ջարդում էր։ Շատ էր ջարդում։
Շա՞տ չի լինում, ասաց Սիմոնը։
Շատ չի, կեր՝ որ գործ ես անելու։
Սիմոնն սկզբում ուրիշ գործ կարծեց ու ամաչեց, հետո սպասեց
նրա խոսքին ու անհանգստացավ։ Իսկ նա հանգիստ իր ձվածեղին
էր, հանգիստ ծնկեց, կռացավ, փչեց կրակը, հանգիստ խառնեց
ձվածեղը, տաքանալու շրջեց հացը, կարծես տանտիրուհի լիներ։
Հետո ձվածեղը դրեց Սիմոնի դեմ, նստեց ու բերանը ձեռներին՝
նայեց։
Ի՞նչ գործ, ասաց Սիմոնը։
Տունս գետին է, տախտակելու ես, հանգիստ ասաց նա։
Պատառը Սիմոնի բկում մնաց։
Գերեզմանոցի ձորում դրա՞ համար էիր վախենում,– ասաց
Սիմոնը։
Բոլորս էլ մեռնելու ենք, հանգիստ ասաց Մայան։
Չի լինի, ասաց Սիմոնը։
Դե ես էլ կտամ ուրիշի։
Դարձյալ դժվար էր, բայց Սիմոնն ասաց.
Ի՞նչ անեմ, տուր։
Իրիկվա դեմ Սիմոնը գյուղամեջ էր իջնում - գոմի ձեղունից
Մայան շրխկալով տախտակ էր դուրս քաշում։ Բրիգադը հանդից
հոգնած գալիս էր։
Գիշերս սկսում ե՞ս, վարպետ, կանչեց Մայան։ Սիմոնը
չարացավ ու պատասխանեց ուրիշ մտքով.
Ժամանակն ամառ է, բա իհարկե գիշերները, և նստեց
ճանապարհի գլխին, որպեսզի բրիգադն անցնելուց հետո ասի իր
ասելիքը։ Հոգնած բրիգադը, մեկը բոլորի փոխարեն, խուլ բարի
իրիկուն տվեց ու անցավ, բայց նրանցից թաքուն բա՞ն կպահվեր, մի
նայելով ամեն ինչ հասկացան, իսկ Մայան նայում էր խռոված
աղջկա նման։ Սիմոնը ելավ, գնաց։ Սիմոնը խփելու կամ խոսքով
ծանր վիրավորելու էր գնում Մայան շուռ եկավ ու գնաց տուն։
Սիմոնը գնում էր նրա ետևից, բայց մի տեսակ բաց լրբության պես
էր՝ որ մի կնոջ ետևից ահա մի տղամարդ էր գնում, և Սիմոնը
կռացավ ու հետը մի տախտակ տարավ։ Մայան մտել էր տուն։
Սիմոնը տուն մտավ՝ Մայան լաց էր լինում։
էդ սելը ճռռալու տեղ սելվորն է ճոռո՞ւմ, գոռաց Սիմոնը։
Ի՞նչ է, ախչի...
Ես մեղավոր ե՞մ, որ ուրիշների մարդը եկել է, իմ մարդը չի
եկել։
Բա ես մեղավոր ե՞մ, որ ես եկել եմ, գոռաց Սիմոնը, բայց
Մայան ջղային լաց էր դրել, բան չէր հասկանում, և Սիմոնը զզվեց
ու դեսուդեն նետվեց, «է-է֊է֊է»։ Իր սովորությամբ Սիմոնը դուռը
շրխկացնելով փախչելու գնաց, բայց դուռը կախվել էր, մի ծխնու
վրա էր, և Սիմոնն ինքն էլ չիմացավ՝ թե ինչպես սկսեց դուռը կարգի
բերել, իսկ Մայան լացը հեծկլտոցով կտրել, խաղաղվել էր։
Հողեմ իրա գլուխը՝ որ ինձ թողեց էս կրակի մեջ ու ինքն
ազատվեց, ասաց։
Հիմար-հիմար քիչ խոսիր, նեղացավ Սիմոնը։
Մայայի բախտից, և Սիմոնի՛, Սիմոնի՛ բախտից՝ անձրևներ
սկսվեցին ու մի քանի օր չկտրվեցին։ Ամբողջ աշխարհը ցեխ ու
վշշոց էր, իսկ Սիմոնի տեղը չոր էր. ծածկի տակ՝ պատշգամբում,
Սիմոնը դազգահ էր կապել, ռանդում էր տախտակը, դարսում, և
նրան օգնական էր դարձել Մայայի փոքրը՝ որ ամբողջ օրը Սիմոնի
ու Սիմոնի գործիքների հետ էր, փաթաթվում էր Սիմոնի ոտքին ու
տակնիվեր բան ասում, և Մայան երեխային սովորեցնում էր
Սիմոնին հայրիկ ասել («Ասա հայրիկ, հայրիկ ասա»)։ Ցածրիկ
աթոռին նստած՝ Մայան ամբողջ օրը ծիծաղում ու խոսում ու լաց էր
լինում, խոսում ու խոսում էր, նայում ու նայում էր։ նա սիրում էր
Սիմոնին, և Սիմոնը փոխվեց, Սիմոնը սկսեց իրեն դուր գալ։
Հնձի֊հավաքի տեղը տղերքը Սիմոնին ասացին.
Սիրունանում ես, Սիմոն, էդ բարի լինի, հո առողջարանմառողջարանի հաշի՞վ չկա։
Բա ի՞նչ ես կարծում, ամաչեց ու պատասխանեց Սիմոնը։
Սև Շուշանն աղբյուրից ջուր էր բերել, կյանքով֊սիրով-ծիծաղով
լիքը կանչեց.
Ո՞ւմ սիրտն է էրվում։
Եվ սիրով–ծիծաղով֊կարոտով լեցուն կանանց երամից
ամաչկոտ Գուհարը (նա՛ էլ, նա՛ էլ) կանչեց.
Սիրահարների՛ սիրտն է էրվում։
Եվ ձիու քռքռոցով Շուշանը եկավ, ջուրը ձեռքին եկավ
կանգնեց Սիմոնի դեմ ու քռքռաց։ Սիմոնը չթաքցրեց, չբարկացավ,
«ի՞նչ է, ախչի», բարկության պես ասաց Սիմոնը, բայց դա
բարկություն չէր, հանձնառում էր։
Ի՜, հողեմ Հիտլերի գլուխը, կանչեցին կանանց խմբից։
Որբևայրիացած աղջիկների այդ խումբը միշտ խումբ էր, միշտ
միասին էին։ Նրանց երամը մի րոպե շաղվել֊շփոթվել էր, որովհետև
Աղունը ճայթյունի պես հանկարծ էր վրա հասել Մայային («Լիրբ,
զավթիչ»), բռնել էր մազերից ու՝ մեջքին, մեջքին, մեջքին («Զավթիչ,
զավթիչ, զավթիչ»), բայց կանանց շփոթված-շաղված երամը հավաքվել, մի կողմ էր շպրտել Աղունին, բարձրացրել էր Մայային,
ուղղել շորն ու մազը, և բահը ձեռքին Շուշանը կանգնել էր դեռ վրա
քշող Աղունի դեմ. «Բախտավո՜ր, ասել էր, մերոնք որ Հիտլերի դեմ
զոհվել են՝ մենակ մեզ համար չեն զոհվել... քոնն էլ որ ողջ-առողջ
եկել է՝ մենակ քեզ համար չի եկել, գլուխդ աշխատո՞ւմ է թե չէ»։
Եվ նրանց ճշմարտության առաջ Աղունը զարմանք էր կտրել
Վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ, գլուխը բռնել ու երեսները վար էր բերել Աղունը։
Հա՜, համայնական է, շուռ էր եկել Աղունը,– հանրային է, բոլորինն
է, կոլխոզային է։
Հա՛, ասել էր Շուշանը, հանրային է, համայնական է,
բոլորինն ու կոլխոզային է։
Եվ նրանց այդ խոսքը Սիմոնին դուր էր գալիս, Սիմոնը իրեն
զսպում, բայց չէր կարողանում առանց ուրախության հիշել այդ
խոսքը։ Նա ժպտում ու տախտակ էր չափում իր դռանը՝ դազգահին,
և կուժն ուսին Աղունը եկավ ջրից, կժի ու թևի տակից նայեց և,
քանի որ ինքը Սիմոնի հետ խռով էր, չէր խոսում, ասաց Արմենակին՝
որ կոճղին նստած գիրք էր կարդում.
Ասա սխալ ես չափում, տախտակդ էլ բարակ է, մի քիչ
հաստացրու, մի արշին էլ երկարացրու։
Սիմոնը վատ մի բան զգաց ու սառավ։ Երեխան գրքից կտրվել,
նայում էր մորը՝ որ կուժը վար դրեց ու դարձավ ուրիշ գործերի, իբր
շատ է զբաղված, ինքն իբր իր գործին է։
Ինչ ես ասում, բան չեմ հասկանում, բարկացավ տղան։
Ոչինչ, ասաց Սղունը, ասա՝ վերևն աստված կա ու գիտի
ում է շանթում։
է՜, նրա խոսքից բան չհասկացավ ու իր գրքին դարձավ
տղան։
Մայրը հիմա շտկվեց, նայեց ու ասաց բաց չարությամբ.
Ասա՝ համայնականդ մեռել է, ասա՝ հանրայինդ մեռել է, ասա՝
Լեյլի֊Մեջլումդ մեռել է։
Սիմոնը շուռ եկավ ու ձեռնասղոցով կտրել շարունակեց ձեռքի
տախտակը։ Արագ֊արագ֊արագ֊արագ֊արագ, ղըռ, ղըռ, ղըռ, ղըռ...
Հետո մոռացավ, որ Աղունն իր հետ չի խոսում, հարցրեց. «Ինչի՞ց,
ախչի»։
Ես քու ախչին չեմ, ասաց Աղունը։
Սիմոնը խլացավ ու պաղեց։ Այդպես ոչնչի չնայելով Սիմոնը
երկար մնաց և շատ հետո սուլեց ատամների արանքից՝ ինչպես
գյուղացիներն են սուլում անսպասելի մի բանի հանդիպելիս։
«Պա֊հո՜ո֊վե», հոգոց քաշեց Սիմոնը։ Դազգահին հենված՝ Սիմոնը
ոտքից ոտքի փոխվեց, զգաց որդու ներկայությունը, որդին հորն էր
նայում ու աչքերը լիքն էին, և բացակա հարցով, բացակա
արտահայտությամբ ասաց որդուն. «Ո՞նց ես, Արմո»։ Քիչ հետո նա
դարձյալ բանեցնում էր ձեռնասղոցը արագ, արագ, արագ...
Աղունը ճամփաբաժան էր հասել, բեռնակապերի հետ չարչարվել, չէր կարողացել արձակել և նստել լաց էր լինում։
Դու էս բեռը տանող չես, կապերը քանդելով ասաց Սիմոնը,
մին էլ եմ ասում՝ զանգ տանք, թող ինքը գա։
Ինքը ոչ մեր կարիքն է զգում, ոչ էլ մեր փալաս-փուլուսի,
ասաց Աղունը։
Հիմար֊հիմար քիչ խոսիր, գորգի փաթեթն իջեցնելով ասաց
Սիմոնը։
Իմը հատուկ բախտ է, ասաց Աղունը։
Ոչ մեկի գլուխն էլ եղումեղրի մեջ չի, օժիտակալներն
իջեցնելով ասաց Սիմոնը։
Մերը՝ հատուկ կարգով։
Դե որ էդքանը հասկանում ես, նրա դեմ կանգնեց Սիմոնը,
կասես զագսի համար վռազիլ մի, կասես հերըդ հատուկ խնդրեց,
ասաց զագսի համար չվռազես։
Ուզում է վռազի, ուզում է՝ ոչ, ասաց Աղունը, իմը
Ծմակուտն է ու Ծմակուտ՝ դու։
Սիմոնը շուռ եկավ խուրջինն իջեցնելու, այն խուրջինը որ եղբոր
հետ հազիվ էին բարձրացրել, բայց Աղունը չթողեց.
Քեզ մի սպանի, մենակ էսօրվա համար չես։
Սիմոնը ետ քաշվեց, նստեց նրա կողքին՝ քարի վրա, բայց և
խղճաց ձիուն.
Ձին ախըր մեղք է։
Նրանք նստած էին իրար մոտ, իրարից մի քիչ թեքված,
հայացքները մի քիչ տարբեր կողմերի վրա, և հին լուսանկարի
նման էին։ Նրանք մեքենայի էին սպասում։ Շեկ, մաշված
ճանապարհներն ամայի էին։
էն կովը մի ցերեկ էլ էստեղ նստեց, ասաց Աղունը։
Հը, համաձայնեց Սիմոնը։