Грант Матевосян

Այս կանաչ կարմիր աշխարհը

Աշնան պայծառ ու պաղ այգին դարավանդների վրա: Տերևաթափ խնձորենիների տակ, խնձորենիների շարքով, ծխում են խաշամի կույտերը, մոմի պես ուղիղ երկու ջահել տանձենի կարմրած տերևներով բոց են շատրվանում, միակ ուշացած արևածաղիկը կախել է գլուխը: Մերկ խնձորենու վրա մի ծիտ գտել է իր վերջին խնձորը և կտցահարում է հրճվանքից իրեն կորցրած: Սիմինդրի չորացած տերևները թեթև քամուց թիթեղաձայն խշրտում են:
Ծերունին հանում ու դարսում է խչմարները, որոնք հիմա անիմաստ են, որովհետև դիմհարում են դատարկ ճյուղերի: Դանդաղ ու գուրգուրանքով՝ ծերունին հանում ու դարսում է խչմարները քարե ցանկապատի տակ, գալիս է հանելու նոր խչմարներ: Եվ այդ ժամանակ, կարծես մի քիչ հեռվից ու խուլ, ծերունին լսում է վերջին խնձորը գտած ծտի ծլվլոցը, վերև է նայում երկար և, վերջում, կարծես թե ճիգ է անում մի բան հիշելու:
Ծերունին հանում է խչմարները, տանում դնում պատի տակի կույտին:
Ծառի ճյուղը քսվում է ծերունու ծոծրակին: Ծերունին շոյում է ծոծրակը և, մատների հպման հետ, մի պահ տեսնում է.

Յոթ-ութ տարեկան մի տղա-երեխա, թասը ձեռքին, ծնկների վրա դուրս է պրծնում խնոցու տակից դեպի արև դուրսը, ուր կանգնած ծիծաղում է յոթ-ութ տարեկան մի աղջիկ-երեխա:
Մի ձեռք թեթև հրում է խնոցու տակից դուրս պրծնող տղայի ծոծրակը, շեմքին, արևի մեջ, ցոլք տալով ցայտում է սպիտակ թանը, աղջիկ-երեխան ծիծաղելով բերանին է տանում թասը, տղան ծոծրակը տրորելով ետ է նայում՝ խնոցի հարող ջահել կանանցից մեկը ժպտում է ներսի ստվերի մեջ:
Խնձորենու տակ ծերունին իջեցնում է ձեռքը ծոծրակից, հիշողության խնոցու խուլ ճողփյունը մարում է, ծերունին մրմնջում է կարծես թե դեպի տեսիլքը.
- Այ մե՜ր-
Ծերունին հանում է խչմարները, դարսում կույտի վրա:
Ծերունին թափահարում է տանձենիները, տերևը թափվում է, և թափահարման հետ մի պահ լսում է հնօրյա խշշոցը:
Ծերունին վառում է տանձենիների խաշամը, հիմա ծուխ են տալիս այգու բոլոր տերևակույտերը, օրորվում են խաղողի վազերը, ծերունին մոտենում է սիմինդրի ցողունին, դանդաղում է և ականջ դնում:
Թիթեղաձայն խշրտում են սիմինդրի չորացած տերևները. խշրտոցն ուժեղանում է, լայն բացված աչքերով ծերունին տեսնում է.

Հիմա խշրտում է ուղիղ կանգնած սիմինդրի արտի «պատը», Սոնան, տագնապոտ և զգույշ, «պատին» համարյա քսվելով, գալիս-գալիս և կանգ է առնում, գալիս է արագ ու զգույշ և կանգ է առնում:
Տեսիլքը դեռ չի անցել. ծերունին կանգնած է չոր ցողունի մոտ և նայում է վշտով ու երջանկությամբ: Օդը չի բավականացնում, ծերունին շարժում է շրթունքները՝ ձայն չկա: Եվ թողնելով սիմինդրի չորացած ցողունը, ծերունին առաջանում է դեպի հնձանը, հնձանի դռան խաղողի վազը:
Ծուխ են ծխում խաշամի կույտերը, լուռ օրորվում է ուշացած միակ արևածաղիկը. թեթև քամու մեջ թփթփում է սիմինդրի չոր ցողունը, օրորքի հետ մեղմ երգում է այգու դռնակը, բարակ առուն լռել է խաշամի տակ-
Ծերունին նստում է ցամաք առվի եզրին, որձաքարե ժայռի տակ, որի միջով անցնում է առվի բարակ հունը: Եվ նրա նստելու հետ՝ թան խմող աղջնակը մնացորդը շպրտում է թան տվող տղեկի երեսին, տղան սրբում է աչքերը, իսկ աղջիկը, թասը ցած է դրել, փախչում է:
Ծերունին երանությամբ սրբում է դեմքը:
Աղջնակը շպրտում է թանի մնացորդը և փախչում: Մեջքը ծեծող մազերը մերթ շատ մոտիկ են, տղայի ձեռքը կարծես թե հասնում է, հետո հեռանում են, աղջիկը հեռանում է, վազում, վազվզում, ծերունու հիշողության դեմ բազմապատկվում, դառնում շատ աղջնակներ, որոնցից մեկը վազում է դեպի հովտի միակ կակաչը, հոգնա՜ծ մեկը բարձրանում է հովտից, մեկը ծամածռություն է անում, մյուսը կանգնել է թերթահան կակաչը ձեռքին և խռոված թոթվում է ուսը, մեկն ահա շուռ եկավ և հեռանում է աղջնակի նազանքով, իսկ մյուսն ահա ետ-ետ է անում անընդհատ շրթունքների նույն շարժումով. և այս բոլորի վրա՝ ծերունու գուրգուրոտ շշունջը.
- Սոնա՜-
Սոնան հիմա մեկ է, վազում է, երբ այն է պիտի բռնվի՝ ընկնում ու ճչում է:
Ծերունու շշունջը. «Սոնա՜»:
Սոնան մանկան դերասանությամբ կանգնում է դժվա՜ր-դժվար, և ոտքը շա՜տ, շատ է ցավում, հեռանում է մանկան դերասանությամբ սաստիկ կաղալով, ապա վազում է միանգամից ու ծիծաղում: Ծիծաղող Սոնան նստել է առվի եզրին, ոտքերը ջրի մեջ: Քթին ցեխ քսած Սոնան սատանայի պոզեր է անում և ծիծաղում: Սոնան շորը գլխին, իբր թե քողը երեսին՝ հարս է ձևանում ու ծիծաղում: Իբր թե պարում է հարսի պար և ծիծաղում: Երեխա Սոնան ձևանում է մեռած աղջիկ և նայում կոպերի ճեղքերից: Եվ չի ծիծաղում, իբր թե լուրջ է մեռել, իբր թե հաստատ է մեռել, ահա այսպես, չի շարժվում ու վերջ: Դիլանի ձեռքով բացվող կոպը նորից վար է բերում և վերջ։ Դիլանի ապտակը չի զգում և վերջ՝ քիթն ու կզակը ցցել ու մեռել է: Մեծ Սոնան պառկել է մեռած, և դա խաղ չէ. նրա վրա երգ ու լաց են մրմնջում կանացի ձայները: Հետո երեխա Սոնան հանկարծ վրա է թռչում, խփում Դիլանին ու փախչում:

Երեխա Սոնան պահանջում է: Սոնան անպայման պահանջում է, Սոնան խռովում է, ուսերը շարժում և շուռ գալիս: Շուռ եկած Սոնան թաքուն ժպտում է:
Քարե ցանկապատ է, քարի վրայից գնում են մամխի փշոտ չոր թփերը, ցանկապատի մյուս կողմում հազիվ երևում է խնձորի կարճլիկ ծառը՝ մի հինգ-վեց խնձորով: Ահա թե ինչ է պահանջում Սոնան: Ծառի տակ մրափ է մտել բրդոտ գամփռը:
Հուսահատ Դիլանը ետ է նայում ցանկապատի մոտից՝ խռովկան Սոնան կանգնել է ձիերի սանձերը բռնած և պահանջում է, անպայման պահանջում է, եթե Դիլանը չբերի, Սոնան լաց կլինի:
Ծառի վրա մի քանի խնձոր է, ծառի տակ գամփռն է, և ոչ մի հնար չկա: Շոգ է, շրջապատը խանձված է, միակ ստվերը խնձորենունն է, և խնձորներն էլ երևի շատ համեղ են: Քարը դուրս է պրծնում ոտքի տակից, ահարկու գամփռը կանգնում ու հաչում է, և խռոված Սոնան քաշում է իր ձին:
Անստվեր արևի մեջ նրանք քաշում են ձիերը, իջնում են ձորը, որտեղ ձիերն իրարից խլելով ցամաքեցնում են փոսի ջուրը, ապա քարի մոտ ձիերը կանգնեցնում են, Դիլանն օգնում է Սոնային հեծնելու իր ձին, ապա ինքն է նստում և նեղ ոլորաններով ելնում են սարահարթ՝ դեպի դեղին արտերը:

Արտերը շոգ էին և տաք լույս էին արձակում: Եվ այդ շոգը հառնում էր և՛ նրանից՝ որ հնձվորները սև հագուստով էին ու օձիքները կոճկած, և՛ նրանից՝ որ հնձվորի ետևից խուրձ կապող կինը մի աչքը փակել էր, թևերը կանթել ու չէր շարժվում երկար, շատ երկար, և՛ թե՝ որ ջրի գնացած երեխան օրորվում էր հեռուներում մի տեղ, մոտենում էր շատ դանդաղ և բզեզի չափ էր: Հնձվորն ուզեց երևի ջղայնանալով շտապեցնել ջրից եկող երեխային, բայց հուսահատ ժպտաց և շարունակեց հնձել:
Սոնան, թաքուն, հնձվոր հորը տվեց մի հատիկ սալոր, հայրն ուզեց ետ տալ՝ Սոնան խռովելով ուսերը շարժեց, հայրը կծեց սալորի կեսը, կեսը տվեց Սոնային, և նա պահեց ձեռքի մեջ, և այդպես էլ Դիլանը չտեսավ՝ նա սալորը հիմա կերա՞վ-
Ձիերին խուրձ բարձեցին, հետո երեխաները քաշելով տարան ձիերը:
Քարոտ զառիթափ ու զառիվեր արահետը նեղ էր: Ձիերը գնում էին զգույշ, որովհետև բոբիկ էին, իսկ ճանապարհը կոշտուքար էր:
Ձիերը ձորում, հին առվի տեղը, իզուր էին ջուր փնտրում՝ չարչարելով երեխաներին էլ իրենց հետ: Ջուր չկար, ձիերի միակ անելիքը իրենց զառիվերը ձգելն էր:
Կալերը զառիվերի գլխին էին, սպիտա՜կ, սպիտակ էին կալերը: Արջառները կալերում կամն էին պտտում, արջառների հետ կալերում պտտվում էին ծերունիները, զտիչի աղմուկից խուլ մի մարդ ժպտում էր Սոնային, դեզի կարճ ստվերում ննջում էր մի ծծմայր, տաք կարմիր ծնկներով ջահել մի կին քամուն ցորեն էր տալիս, և մղեղը նստում էր շատ մոտիկ, որովհետև քամի չկար: Դեզի ստվերում լաց եղավ կրծքի երեխան, ննջող ծծմայրն արթնացավ և փոխեց կուրծքը: Իսկ արջառներն ալարելով պտտվում էին դարավանդ առ դարավանդ տաշված կալերում:
Ձիերը բեռնաթափեցին, խրձերը շպրտեցին դեզի գլուխը, ուր, մինչև կուրծքը հասկի մեջ թաղված, տարիքոտ տղամարդը դասավորում էր խրձերը և աչքերը խուփ ու բերանը բաց սպասում նոր խրձի:
Պարանները հավաքեցին, կապեցին թամբերից, ձիերը տվեցին երեխաներին: Սոնան ծծմոր մոտ էր, երեխային թե ծծմորն էր տալիս մի բան՝ երևի սալորի կեսը:

Նեղ, շոգ արահետով իջան իրար ետևից, ձիերը ձորում դարձյալ ջուր փնտրեցին, հետո ելան զառիվերը, և Սոնան դանդաղեց ու կանգնեց: Արար աշխարհի միակ ցանկալին խնձորի նույն ծառն էր հինգ-վեց հատիկ խնձորով: Բրդոտ շեկ գամփռը դարձյալ նրա տակ մրափում էր: Երեխաները երկար կանգնեցին ցանկապատի տակ ու երկար նայեցին խնձորներին: Եվ երբ ձիերը քաշելով շարժվեցին, դարձյալ ետ-ետ էին նայում, և աշխարհի ամենացանկալին այդ խնձորներն էին:
Հասան այն քարին, որի վրայից հեծնում էին ձիերը: Դիլանը իր ձիու սանձը կապեց մյուս ձիու թամբից, Սոնային օգնեց հեծնել և հետո քարի վրայից ինքն էլ հեծավ նույն ձիու գավակին, ու աշխարհը լցվեց Սոնայի մազերով ու պարանոցով: Հետո աշխարհը լցվեց Սոնայի խուլ ծիծաղով:

Հասան արտեր, գնացին արտերով: Այնտեղ տղամարդիկ հնձում էին, կանայք հավաքում էին խրձաչափ-խրձաչափ, տղամարդիկ, ետդարձին, կապում էին խրձերը: Սոնայի հայրը նայեց երեխաներին ու ժպտաց գերանդին պտտելուց առաջ, նրա ետևից եկող կնոջ՝ Սոնայի մոր ժպիտը կիսատ մնաց, խուրձ կապող ջահել մի տղամարդ երեխաներին նայեց անցողակի, հետո՝ երկար: Ձիուց Սոնան իջավ, Դիլանն արձակում էր իր ձիու սանձը մյուս թամբից: Սոնայի մայրը, մի քիչ բարկացկոտ, կարճ մի բան պատվիրեց աղջկան, հետո հավաքել շարունակեց իր արտը:
Խուրձ կապող երիտասարդը դեռ նայում էր Սոնային, և Սոնայի շորը կարճ էր, չէր ծածկում ծնկները՝ որ հիմա լիքն էին, և Դիլանն էլ նայեց Սոնային, հետո՝ երիտասարդին, հետո՝ դարձյալ Սոնային ու կարծես թե հասկացավ, որ Սոնան արդեն աղջնակ չէ, աղջիկ է:
Ձիերը բարձել էին, նրանք քաշեցին ձիերը թեժ արտերի միջով, շոգ արահետով մինչև շոգ կալը: Արջառները հասկ էին կալսում, կալում կուրացնող լույս էր, տաք ծնկածալերով հարսը շատարարը բարձրացրել էր գլխից վեր ու ցորեն ու մղեղ էր քամհարում: Ծծմայրը երեխային տվեց Սոնային, ինքը դեզի կարճ ստվերում փռեց խանձարուրի շորերը, Սոնան երեխային գրկեց կիպ, հետո երեխային կրծքից հեռու պահեց, և վախենում ու ծիծաղը գալիս էր: Ու շորը կարճ էր, չէր ծածկում ծնկները, որոնք հիմա լիքն էին:
Ձորի մոտ, ետ դառնալու ժամանակ, Դիլանը պահեց նրա ձին, օգնեց հեծնել, հետո ուզեց կապել իր ձիու սանձը նրա ձիու թամբից, Սոնան չթողեց:
- Ամոթ է,- ասաց:

Արտերում ձիերը բարձեցին, Սոնան քաշեց իր ձին, իսկ Դիլանի ձին կանգնած էր և քաշող չուներ, Դիլանի հայրը նայեց՝ Դիլանը ծնկել էր և խուրձը խեղդելով կապում էր: Դիլանը կապեց խուրձը, ցից դրեց և նայեց հորը. և Դիլանը հիմա հասուն տղա էր: Ձիու ետևից գնաց ու քաշեց Դիլանի մայրը, իսկ Դիլանը առավ հոր գերանդին: Հայրը նայում էր թերահավատ, հետո ժպտաց, հետո պարզվեց, որ չէր ժպտում, այլ կարծես թե լաց էր լինում: Հետո հայրը ելավ, համարյա թե զոռով առավ գերանդին Դիլանի ձեռքից և հնձեց իբր թե կտրիճավարի և ուժը տեղը մարդու պես, բայց հնձում էր ճիգով. ի վերջո մոռացավ, որ կտրիճավարի է հնձում ի տես Դիլանի և անցավ հանդարտիկ շեշտի: Դիլանը կանգնել էր ձեռքերը կոնքերին, հորը նայում էր մտածկոտ, հետո կապեց վերջացրեց նրա հնձածը և գերանդին առավ նրա ձեռքից: Հայրը գերանդին սրեց և տվեց որդուն:
Սա գնաց թափով, թիկունքը լայն ու ագահ:
Եվ բոլոր հնձվորներն ու հավաքողները կանգնել Դիլանին էին նայում:
Եվ չէր հասկացվում Սոնան սիրո՞ւմ է թե չի սիրում Դիլանին, որովհետև հասած շոգ արտում լույսը կուրացնում էր, և նա խրձի վրա նստել էր աչքերը նեղ նեղացրած, իսկ երբ գերանդին սրող Դիլանը նայեց նրան, և նա հասկացավ, որ Դիլանը զգացել է, որ ինքը նայում է նրան, նա այդ ժամանակ գլուխը թեքեց ուրիշ կողմ:
Քար կար արտում, Դիլանի գերանդվի բերանը քար ընկավ: Դիլանը ծեծեց ջարդվածքը, սրեց սրոցով և գերանդին պտտեց լիաթափ ու լայն շարժումով՝ դարձյալ քար կար արտում և Դիլանի գերանդին ջարդվեց: Եվ գերանդվի կոտրած կոթը ձեռքին, Դիլանը շուռ եկավ իր անհաջողության վրա չարացած ու ծիծաղելով: Եվ Դիլանը տեսավ, որ Սոնան իրեն նայում էր ու աչքերը փախցրեց:
- Արի, արի,- ձեռքով արեցին Դիլանին հեռու շոգ արտից՝ ուր հնձում էին շատ տղամարդիկ,- արի գերանդի տամ:
Դիլանը գնաց, սրեցին ու գերանդի տվեցին ձեռքը և գցեցին իրենց առջև ու իրենք հնձեցին նրա ետևից: Նրանք գալիս էին Դիլանի թիկունքին շնչելով, նրանց հևքը Դիլանի ականջների մեջ էր, Դիլանը լարվում ու չէր կարողանում ետ թողնել նրանց, և խեղդող շոգ էր ու կուրացնող լույս: Օդը չէր բավականացնում, իսկ նրան սեղմում ու սեղմում էին թիկունքից:

Կալերում շոգ ու մղեղ էր, քամհար մեքենան կրկնում ու կրկնում էր նույն աղմուկը, և ձիերը, վազքով, պտտում էին կամերը: Կալի կենտրոնում, ձիերի երկար կապերը ձեռքին, ձիերին քշում էր Դիլանը, և աշխարհը թեթև ու լավն էր, որովհետև, պտույտների հետ, ահա այնտեղ ցորեն ու մղեղ էր շաղում տաք ազդրերով հարսը, այնտեղ, զտիչի աղմուկից խուլ, բարի ժպտում էր քամհար պտտողը, դեզի կարճ ստվերում երեխայից սուտ դժգոհում էր ծծմայրը, այնտեղ մյուս կալում վիզների ու ծոցների մղեղը սրբում էին կալը հավաքած-կիտած կանայք, այնտեղ կողքի կալում Սոնան փայտե եղանով խառնում էր հասկը:
Հոգնած ձիերն ամեն պտույտում դանդաղում էին, և Դիլանն ամեն անգամ սուլում ու շխկացնում էր մտրակը: Ձիերը մի քիչ գնում էին արագ, հետո դարձյալ դանդաղում: Իսկ կալերից մեկում կամին լծված արջառը նստել էր ու չէր ելնում: Մի տղամարդ քարշ էր տալիս լիքը պարկը. նրան օգնեցին շալակել, և նա գնաց պարկի տակ ճկռած: Մազոտ մի տղամարդ հարդի կույտի մոտ եղանի պոչը դիմհարել էր ծնոտին ու տխուր նայում էր: Ցորեն ու մղեղ շաղող հարսը կռացել էր լցնելու շատարարը, ելավ, շատարարը բարձրացրեց գլխից վեր ու շողք ու խշշոց մաղեց: Դեզի շվաքում քնել էր կոնքը բարձր մի կին: Ձիուն մեծ ջվալներով բեռ էին դնում, ջվալը շուռ եկավ բարձող տղամարդու գլխին, միջի հարդը թափվեց, և տղամարդը մաքրում ու մաքրում էր ծոծրակը, ուսերը, խոր մեջքը:

Սոնան գետակում լողանում էր: Ջուրը քիչ էր, նվաղած ջրվեժիկը հիմա-հիմա կմարեր, ջրվեժիկի տակ ջուրը խոր չէր: Գետակի մեջ ծնկած, Սոնան լողանում էր, Սոնան լրիվ հասուն աղջիկ էր: Ջուրը դուրեկան էր, դուրեկան էր և իր մարմինն զգալը: Թաղվեր, թաղվեր ջրի մեջ, բայց ահա նրա ամեն շարժման հետ ջուրն ալիքվում էր, և լճակի բերանը կպատռվեր, ճմբերը դուրս կթռչեին: Սոնան լողանում էր զգույշ ու վախվորած այն պատճառով, որ ճմբերը հիմա կքշվեին, լճակը դուրս կհոսեր՝ մերկացնելով Սոնային մորից մերկ, և՝ կարծես թե օտար աչք կար այդտեղ: Սոնային կարծես թե նայում էին: Սոնան ետ ընկավ ու ջրով ծածկվեց մինչև բուկը:
Դիլանը գլուխն իջեցրեց գետնում թաղվելու չափ, որովհետև Սոնայի աչքից պահող քարը փոքր էր:
Սոնան լողանում էր՝ մինչև կուրծքը ջրի մեջ: Եվ սպասում էր լճակի քանդվելուն էլ, ուրիշ աչքի ներկայությունն էլ կարծես զգում էր: Սոնան տեսավ Դիլանին:
Դիլանը տեսավ, որ Սոնան իրեն տեսել է՝ ոտքի ելավ: Մի պահ մնալով կանգնած, կարկամ քայլերով Դիլանը գնաց դեպի լճակը, ուր մարմինը ջրով թաքցրել էր վախեցած Սոնան: Դիլանը կանգնեց նրա շորերի մոտ, բայց չկարողացավ նայել նրան. հայացքը տարավ նրա վրայով, բերեց նրա վրայով և հիմարավուն ժպտաց: Իսկ Սոնան չէր ժպտում և սպասում էր, և նրա սպասումը կամաց-կամաց լցվում էր բողոքով: Միանգամից, իրենից արագ, Դիլանը թեքվեց ջրի վրա ու քանդեց գետակի բերանը: Ջուրը դուրս նետվեց, և հպանցիկ կողքի նայելով՝ Դիլանը տեսավ ջրի մեջ դանդաղ բարձրացող նրա մերկությունը և զայրույթը: Սոնան կանգնեց ջրի մեջ, և Դիլանը ամաչեց նրա մերկությունից ու աչքերից: Դիլանը շուռ եկավ: Շուռ եկած Դիլանն սպասեց մի քիչ, կարծես թե ուզեց ետ նայել, կարծես թե նայեց էլ, հետո հեռացավ:
Սոնան դուրս եկավ ջրից, շորը վիզն անցկացրեց, և հիմա այլևս վախենալու և զայրանալու քիչ բան կար: Նա նայեց հեռվում կանգնած Դիլանին, և կամաց-կամաց բացվեց նրա կանացիական ժպիտը: Իսկ որ կոշիկի մի հատը չկար՝ դա քնքշություն ու սեր էր բերում դեպի Դիլանը:
Մի ոտը բոբիկ՝ նա առաջանում էր դեպի Դիլանը: Տուր, չխնդրելով խնդրում էր կոշիկը, խնդրելով բողոքում, ի՜, նեղանում էր Դիլանից, կանգնում՝ երբ կանգնում էր ետ-ետ անող Դիլանը, դանդաղ առաջանում՝ երբ Դիլանը, կոշիկը ձեռքին, ետ-ետ էր գնում: Տո՜ւր, այնքան հպարտություն կար նրա խնդրանքի մեջ և հպարտության հետ՝ այնքան սեր: Նա կանգ էր առնում, գալիս էր, չէր գալիս դեպի Դիլանը, քնքշանքով զայրանում և մաքրասիրտ խորամանկությամբ ժպտում, որովհետև ետ-ետ անող Դիլանը ահա դեմ առավ քարի ու ընկավ:

Նա կանանց հետ քաղհանում էր արտը և տեսնում էր ու չէր նայում որսի գնացող Դիլանին: Նա կանգնեց շտկեց ցավող մեջքը, մազափունջն անցըրեց ականջի ետև և կանգնել ու նայում էր նրան: Կռացած՝ նա աչքի պոչով նայեց Դիլանին, հետո նայեց բոլորովին թաքուն, իսկ հետո չէր հասկացվում՝ նայո՞ւմ էր թե չէր նայում, որովհետև քաղհանում էր գլուխկախ:

Բարակ առուն մարած գետակից մի շիթ էր առել ու կտրուկ թեք լանջերով, խանձված քարերի ու քարերի միջով ջուրը տանում, իջնում էր ձորը, մի կերպ դուրս գալիս մյուս լանջը, այդպես մի մատ ջուրը գնում դեմ էր ընկնում ճամփան կտրած ժայռին ու ժայռի հետ իջնում ձորը: Ժայռի մյուս կողմը Դիլանի այգին ջրի էր սպասում, իսկ Դիլանը լայնաթիկունք էր և աշխատասեր, ժայռն ի՜նչ էր որ Դիլանի կամքի դեմ: Դիլանը ծակում էր քարը, որ միակազմ էր ու անճեղք: Դիլանը փշուրներ էր պոկում որձաքարից: Անձանձիր, անընդհատ, համաչափ, Դիլանը նիգին տեղ էր փնտրում որձաքարի մեջ, որ տեղի էր տալիս փշրանք առ փշրանք, ետ էր շպրտում երկաթը և տնքում էր խուլ ու անհաղորդ: Իսկ Դիլանը, շոգ արևի ու քարի մեջ, խփում էր նույն տեղին: Քարն ի՜նչ էր որ Դիլանի ու երկաթի դեմ:
Եվ սկզբում երազի լսածի պես խաբուսիկ, իսկ հետո որոշակի և բարձր, խլացնելով նիգի քարահարումը, եկավ ու ահագնացավ հարսանեկան թմբուկի զվարթ կարկուտը, հեռու խորքերից ելավ ու ծավալվեց հարսանեկան զուռնայի զվարթ ու տխուր կանչը: Դա Դիլանի հարսանիքը չէ: Դիլանինն ահա շոգ ու խուլ որձաքարի դեմ բթացող նիգն է: Դիլանն ուզեց, շատ ուզեց մի հարվածով քարի մեջ մղել այդ նիգը և միանգամից շուռ տալ ժայռի զանգվածը, բայց ահա քարը դարձյալ նույն համառ անհաղորդն էր: Քարը ետ տվեց նիգը, և քարի հետ պետք էր յոլա գնալ ամիսներով ու փշուրներով:
Դիլանը նույն համառն է և նրա հատոցը՝ նույն անձանձիր համաչափը, բայց ահա ուժգնանալով՝ աշխարհը խլացնում էին վայրենի թմբուկն ու հեթանոս զուռնան: Եվ մի պահ իշխելով թմբկահարման ու զուռնայի կանչի վրա, փռշտվում էր հարբած հարսանքավորի հնչեղ ծղրտոցը՝ «ա՛յ-շի հա՜ա»: Եվ կայտառ դմբդմբում էր թմբուկը և աշխույժ թախծում էր զուռնան:
Դիլանը վար դրեց նիգը և, զուսպ ու արժանապատիվ, քայլ արեց դեպի ձորը, ժայռի հետ իջավ դեպի ձորը: Մանրաքարը փախավ ոտի տակից, և Դիլանը կորցրեց իրեն, ժայռի երկարությամբ ձորն ընկավ գրեթե գլորվելով, գետակի մոտ անցավ ժայռը և ժայռի երկայնքով, ընկնել-ելնելով, կուզեկուզ, ընկնելով ու ելնելով բարձրացավ այգի. այգուց դենը խլրտում էր Սոնայի հարսանիքը:

Սոնան անձայն լաց էր լինում քողի տակ, փեսան կանգնած էր գյուղավարի լուրջ ու կարևոր, քավորը հիացած էր իր կնոջ պարով և գրպանից հանեց ու ծեսերով-ծեսերով մի խնձոր տվեց կնոջը, և խնձորի հետ պտտվել սկսեցին ցանկապատերին թառած երեխաների հայացքները: Սոնան ժպտում ու լաց էր լինում քողի տակից: Սոնան տեսավ-չտեսավ Դիլանին, և լաց էր լինում աչքերը խոնարհած, ջահել մի հարսանքավոր պարելու կանչեց Դիլանին, ետևից պարելու հրեցին ուրիշներն էլ, Սոնան նայեց ու չնայեց Դիլանին: Թմբուկը դմբդմբում էր գլուխ պայթեցնելու չափ ուժգին, զուռնան ծաղրածուի պես և՛ ուրախ էր, և՛ տխուր, ջահել հարսանքավորը կռնչաց իր «ա՛յ-շիհաա՜ան»:
Դիլանը պոկվեց պարելու քաշքշողներից ու ետ դարձավ:
Դիլանը ետ դարձավ - գլխարկն աչքերին իջեցրած հաստածնոտ անտառապահը ձին թռցնում էր քարե ցանկապատի այն կողմից այս կողմը, այս կողմից այն կողմը, այն կողմից՝ այս - անընդհատ: Ձին հաստածնոտի տակ ավանակի չափ էր երևում, որովհետև հեծյալը չափսերով շատ էր վիթխարի: Ձին ցատկերի հետ տնքում էր, և խուլ ու անասնական մի բան կար գինով հաստածնոտի սևեռման մեջ և ձիուկի դիմացկունության մեջ, որ թվում էր հիմա, այս մի ցատկին, կոտրվելու է: Ձին հիմա հրաժարվում էր, հաստածնոտը ասպանդակեց ու մտրակեց, բայց ձին փլվեց պատի վրա, իսկ հաստածնոտը ծանր ցատկեց ձիուց և, էլ ուշք չդարձնելով ձիուն, եկավ, չտեսնելով մի կողմ հրեց Դիլանին ու ճեղքեց պարի օղակը:
Եվ Սոնայի արտասվող ու ծիծաղող մայրը ասաց Դիլանին.
- Ուրախացիր, պար արի, ինչո՞ւ ես տխուր:
Իսկ զտիչ մեքենա պտտողը կանգնել էր մի քարի և բերանբաց նայում ու դարձյալ ժպտում էր իր խուլ աշխարհի խորքից:
Եվ նվագողներն սկսել էին նոր եղանակ, ու անճակատ հաստածնոտը առանց շարժումների պարում էր շրջանի ներսում, պտույտներով լայնացնում էր շրջանը, և զզվելի մի բան կար նրա մի տեսակ խուլ քելքի և համաչափ ասսս-սե՜ կանչի մեջ: Նա շրջանը լայնացրեց ու կանգնեց Սոնայի դեմ և կանչեց ու քաշեց պարելու, և նվագողները փչեցին նոր եղանակ, ու Սոնան պարեց:
Սոնան պարեց, և չկար արար աշխարհում նրա պես հմայքոտ, նրա պես սիրելի, նրա չափ տխուր ուրիշ մեկը:
Փեսայի նեղշուրթ քույրը օձուկ էր կտրել նախանձից, պառավները լաց էին լինում, հարբած նույն հարսանքավորը հանկարծ ուշքի եկավ ու փռշտաց իր «այ-շիհաա՜ն», կոպիտ թմբկահարի ճակատին փող շրխկացրեց հաստածնոտը, Սոնայի տարիքի մի աղջիկ, կաղեկաղ, պարը նայելու տեղ փնտրեց օղակի շուրջը, և չկար արար աշխարհում Սոնայի չափ սիրելին ու տխուրը: Սոնայի տարիքի մի աղջիկ մի կողմ էր կանգնել ու նայում էր անընդհատ Դիլանին, և նա գեղեցիկ ու տխուր էր, բայց չկար աշխարհում Սոնայի չափ ցանկալին:
Հաստածնոտ անտառապահը խնձոր տվեց Սոնային, և Դիլանը փախավ հարսանքից:

Ու հիշեց հինգ-վեց խնձորով խնձորենին, ճանապարհը, շոգը, խնձոր ուզող Սոնային:
Հնձանում պատեպատ խփվեց ու իր տեղը չգտավ Դիլանը: Հարսանիքը թմբկահարվում ու ծղրտում էր զուռնայով ու աղմուկով Դիլանի գլխում, և Դիլանը փակեց ականջները, և հիմա հարսանիքը աղմկում ու տխրում էր հեռու մի տեղ, իսկ Դիլանը հնձանում չգտավ պատռված գետինը՝ որ պահվեր այս աշխարհից, քարը՝ որ գլուխը խփեր քարին: Եվ Դիլանը ոռնաց միանգամից, սսկվեց ու նայեց - խառն ու կոշտ հարսանիքը փայտե սանդուղքով անաղմուկ բարձրանում էր պատշգամբ: Հարսանիքը մտավ տուն, պատշգամբը հիմա դատարկ էր, ներսում դեռ երգ ու նվագ չկար:
Եվ Դիլանը սահեց ու նստեց գետնին ու անձայն ոռնաց: Եվ սպասումով լարված ականջ դրեց ու տեսավ Սոնային, որ գալիս էր ու չէր գալիս և խնդրում էր ու չէր խնդրում կոշիկը:
Փորի պառկած Դիլանը բարձրացրեց գլուխը և նայեց հեռու աշխարհներից - հնձանում նստել էր գեղեցիկ ու տխուր աղջիկը, իսկ հարսանիքը այնտեղ երգում էր հարբած ու խուլ՝ իր կայտառորեն տխուր երգը: Եվ նայեց Դիլանն ու տեսավ Սոնային, որ կալում կամի վրա պտտվում ու գալիս նայում էր և դարձյալ պտտվում էր անաղմուկ, գալիս նայում էր հանդարտ սպասումով և կամի հետ թեքվում ու հեռանում էր:
Դիլանը գլուխը բարձրացրեց՝ հնձանը մութ էր, ոչ ոք չկար հնձանում, իսկ հարսանիքը երգում էր նույն կայտառորեն տխուր երգը՝ որ փեսային մաղթում էր մի ղոչ տղա և պապին մի ղոչ թոռ և տատին՝ մի ղոչ թոռ, և հարսին ու փեսային հարյուր տարվա ջահել ու դրանից հետո բարի ծեր կյանք էր մաղթում:
Հետո նույն երգը երգում էին մոտիկ ճանապարհին. միայն մի լուսամուտ էր վառվում հարսանքատանը, երգը դեռ երգում էին ճանապարհին, լուսամուտը մարեց, և հնձանում Դիլանը բղավեց, որովհետև չկարողացավ մարդավարի լաց լինել: Եվ լռության մեջ միայն նրա բղավոցն էր, և Դիլանը բերանը խոտ առավ: Եվ դոփդոփեց քարե գետինն ու խուլ ոռնաց, իսկ հիշողության մեջ համառորեն կրկնվում ու կրկնվում է հարսանքավորների նույն երգը ղոչ տղայի և հարյուր տարվա ջահել կյանքի մասին:
Դիլանի գլուխը շոյեցին, Դիլանը բարձրացրեց գլուխը՝ լուսացել էր: Մայրն էր շոյում գլուխը: Մոր տխուր ու բարի դեմքը պարզվեց Դիլանի համար, հետո աշխարհը դատա՜րկ-դատարկ էր: Պատը պատ էր, վազերը վազեր էին, այգում հասակ էին քաշում սիմինդրի շարքերը, իսկ վազերը ծարավ էին և տակները ճաքճքած: Հոգին պարապ Դիլանի առջև մայրը հաց փռեց, Դիլանը կերավ, իսկ մայրը նայում էր տխուր ժպտալով: Հացն անհամ էր, ինչպես և մոր խոսքը, որ Դիլանը լավ չհասկացավ:
- Քեզ համար մի լավ աղջկա տեղ եմ արել,- սուտ աշխույժ ասաց մայրը,- գլուխը հողեմ, հազար անգամ նրանից լավը: Կեր, կեր:
Կարելի էր ուտել. ձուն կոտրվում էր, կճպվում էր, աղ կար. կարելի էր աղ անել ձվին, բայց հիշողության մեջ ահա-ահա սկսվում էր հարսանքավորների նույն երգը: Կարելի էր շտկվել տեղում, հաց պոկել, մորը գլխով այո ասել, ծամել, բայց ահա հիշողության մեջ ելնում էր նույն երգը: Պատառը մնաց բկում, կարելի էր ջուր կում անել, բայց ահա հիշողության մեջ թևածում էր հարսանքավորների նույն երգը: Դիլանը ելավ, առավ դույլերը, դուրս եկավ հնձանից և, գնալով, չուզենալով ետ նայեց - Սոնան ավլում էր իրենց նոր դռները: Եվ Սոնան անզարդ էր ու արածն էլ մի բան չէր:
Ու Դիլանը քմծիծաղ տվեց իր վրա ու աշխարհի վրա և իջավ գետը: Դիլանը ջուր առավ գետից և սայթաքուն լանջով բարձրացավ այգի: Դիլանը ջուր տվեց վազերին ու նորից իջավ գետը: Ջուր առավ գետից ու դարձյալ այգի ելավ սայթաքուն նեղ արահետով, և հիշողության մեջ նվալով ծավալվել էր սկսում հարսանքի երգը: Դիլանը ջուր տվեց վազերին, շուռ եկավ իջնելու և անցողակի ետ նայեց:
Սոնան կանգնել էր պատշգամբի սյունը գրկած և նայում էր Դիլանին: Սոնան տեսավ Դիլանի նայելը և տուն մտավ: Եվ ջրի իջնող Դիլանի էությունը լցվեց հարսանքի երգով:

Հարսանքի կայտառ տխրության երգը Դիլանի հոգու ծալքերում և հիշողության մեջ այս անգամ խլացվեց դժվար, շատ դժվար, քարի հետ կռվելու ժամանակ: Քարը կարծր ու անճեղք էր, երկաթե նիգը ետ էր տալիս, իսկ Դիլանը փշուր առ փշուր ծակում էր իր առվի անցքը:
Շոգ միջօրեին արահետով աղբյուր իջավ Սոնան, և Դիլանը հեռվից տեսավ նրան, և Սոնան հեռվից տեսավ Դիլանին, Սոնան մի պահ կանգնեց նայեց Դիլանին, Դիլանը մի պահ չկրծեց քարը, մի պահ ժայռի տակից և գետակի ափից նրանք նայեցին իրար: Հետո Սոնան տարավ իր ջուրը. Դիլանը կատաղած ու կատաղած կրծեց իր շոգ որձաքարը:

Դիլանը արտ էր հնձում. գերանդին սրելիս գլուխը բարձրացրեց՝ Սոնան ջուր էր տանում: Սոնան ջուրը տարավ տվեց իր հնձվոր ամուսնուն: Սոնան ծիծաղեց՝ երբ ամուսինը ջուր ցայեց նրա ուսերին, և Դիլանը շարունակեց հնձել: Դիլանն աչքի պոչով տեսավ իր մոտով ջուր տանող բարի տխուր աղջկան, որ քելքը դանդաղել և ուզում էր Դիլանն իրենից ջուր խնդրի: Եվ Դիլանը ջուր ուզեց նրանից ու կատակեց նրա հետ: Հասկացող աղջիկը տխուր ժպտաց, և Դիլանը դարձյալ կատակեց նրա հետ՝ ջուր ցայեց նրա ուսերին և դարձյալ ջուր ցայեց նրա ուսերին, աղջիկը կարկաչուն ծիծաղեց:
Եվ ամուսնու մոտ ամպեց ու սառավ Սոնան:
Եվ Դիլանը հնձեց ջղային ու վրա-վրա, տխուր ու բարի աղջիկն ավելորդ էր ու հեռացավ շփոթված:

Դիլանը տղերքի հետ «տըզ» էր խաղում. մի ձեռքն ափ էր արել մյուս թևի տակ, մյուս ձեռքով ծածկել էր աչքը՝ որ կողքից չտեսնի խփողին, և սպասում էր հարվածի ու մի քիչ վախենում էր, մի քիչ ժպտում: Խուլ շրխկոցով խփեցին: Դիլանը հիմա կտրուկ ետ էր դառնալու և գտնելու էր մատները տնկած բզզացողների մեջ խփողին: Դիլանը ետ չշրջվեց և ձեռքը չիջեցրեց, նրանք նորից խփեցին, և Դիլանը դարձյալ ետ չդարձավ և չփնտրեց ու չգուշակեց խփողին, և նրանք խփեցին դարձյալ: Իսկ Դիլանն աչքերը խփել ու չէր ուզում տեսնել անցնող Սոնային: Եվ նոր հարվածի ցնցումից՝ խուփ կոպերին դողաց արտասուքի կաթիլը:
Ու Սոնան, քելքը դանդաղելով, ետ նայեց ու տեսավ, որ դեռ խփում են իր Դիլանին, նրա ցավից կրծեց շրթունքն ու խփեց կոպերը:
Բարի տխուր աղջիկն արահետով գնում էր իրենց տուն հարևանի տնից, և նա սիրունիկ ու լավն էր, և Դիլանի մայրն արմունկեց Դիլանին ու հիացավ աղջկանով, իսկ Դիլանը նայում էր տխուր ու թույլ-թույլ:
Դիլանը մատանի անցըրեց բարի ու տխուր աղջկա մատին: Աղջիկը մատանին առավ կամուչկամ ու աչքերը խոնարհած:
Դիլանի մայրը հրճվանքով նայում էր իր հարսին ու իր որդուն և նրա համար՝ նրանք իրար շատ էին սազում:
Բարի տխուր աղջկա մայրն անձայն լաց էր լինում, իսկ հայրն անընդհատ կրկնում էր. «Այտա՜- այտա, թողնեինք երեխան մի կարգին մեծանար»:
Դիլանի մոր համար՝ նա մեծ էր, հարմար էր, ինքը նրան գտել էր իր որդու համար, և զուսպ աշխուժով նա որդուն դուրս հրեց և ինքն էլ դուրս եկավ:
Դիլանը ցանկապատի դռնակից դուրս եկավ ու պաղեց. այգու անկյունում կանգնել էր խանդից մեռնող Սոնան: Սոնան նայում էր Դիլանին, Դիլանը նայում էր Սոնային, և երկուսի համար էլ արար աշխարհում օդ չկար: Հետո Դիլանը քայլեց, բայց այդ Դիլանը չէր քայլում, այլ նրան հրում էր մայրը:

Շոգ ժայռի տակ Դիլանը կռիվ էր տալիս որձաքարի հետ և զգաց, որ Սոնան մոտիկ մի տեղ է: Դիլանն ականջ դրեց՝ խոր լռություն էր, Դիլանը ցած դրեց երկաթե նիգը և ժայռի երկայնքով իջավ դեպի գետակ:
Ժայռի մյուս կողմով Սոնան իջնում էր ջրի և լսում էր Դիլանի հատոցը որձաքարին, հատոցը լռեց, և Սոնան հասկացավ, որ Դիլանն իջնում է աղբյուր մյուս կողմով: Նրանք զգում էին մեկը մյուսի քայլերը և շունչը և սրտի տրոփը:
Սոնան կանգ առավ, և Դիլանն էլ կանգ առավ: Դիլանը կանգնած սպասեց, սպասեց, սպասեց և ետ դարձավ:
Սոնան լսեց նրա նիգի խուլ հատոցը որձաքարին և իջավ ջրի:
Աղբյուրը ծոր էր տալիս բարա՜կ, բարակ: Սոնան չկարողացավ չնայել Դիլանին, որ քար էր կրծում վրա-վրա և ջղային: Եվ Դիլանը մի պահ կտրվեց գործից և ասաց սուտ աշխուժով.
- Ո՞նց ես, Սոնա:
Տխուր Սոնան ուսերը թոթվեց ու չպատասխանեց:
- Ես լավ եմ,- ինքն իր վրա ծիծաղեց Դիլանը:
- Եղիր,- աչքը պաղած ասաց Սոնան:
- Աշխարհը մեծ է,- ինքն իր վրա ծիծաղեց Դիլանը:
Սոնան լուռ էր, իսկ հետո ասաց շշուկով. «Չգիտեմ»:
Դիլանը քար էր կրծում, Սոնան կանգնել էր աղբյուրի մոտ, հետո Սոնան տարավ իր ջուրը, և Դիլանը սայթաքեց թե պառկեց և նիգն առավ բերանն ու սսկվեց: Որձաքարը կարծր ու անշարժ էր, և որձաքարի վրա Դիլանն էլ անշարժ էր:

Հնձանում, Դիլանը ելավ, մի թաս մաճառ խմեց, սև խաղողը զամբյուղով շուռ տվեց քարե տաշտի մեջ: Պատից կախված էր հրացանը: Դրսից բերեց ու տաշտի մեջ շրջեց երկրորդ զամբյուղը: Դիլանն այդ խաղողից, աշխարհից ու իրենից գոհ էր: Իր քշտած ոտքերից գոհ էր և, լվանալիս, դնդնալ սկսեց մի կայտառ մեղեդի, որ երգվեց շատ անգամ և այդ օրը ուշ լքեց Դիլանին: Խաղողի հյութը ներկեց ոտքերը, ձեռքը, ծորաց կարասի մեջ, որ խուլ ու խոր էր, և ծորքը նրա մեջ զնգում ու փափուկ կոտորակվում էր:
Դուրսը, աշնան արևի մեջ մի ծիտ գտել էր մի հատիկ սալոր դեղնած տերևների մեջ և կտցահարում էր հրճվանքից պայթելով: Դիլանը դարձյալ դուրս եկավ զամբյուղ տանելու՝ ծիտը դեռ կտցահարում էր: Դիլանը ժպտաց ծտի հրճվանքի վրա, զամբյուղը ներս տարավ, դարձյալ դուրս եկավ, կույտից լցրեց զամբյուղը և երբ բարձրացրեց գլուխը՝ Սոնան արահետից իրեն էր նայում: Սոնան տարավ իր ջուրը իրենց տուն:
Դիլանը զամբյուղը ներս տարավ, լցրեց տաշտի մեջ, և երբ տրորել սկսեց, տեսավ Սոնային, որ կանգնել էր պատշգամբի սյունը գրկած և նայում էր դեպի հնձանը և կարծես թե զգաց, որ Դիլանը ճեղքից տեսնում է իր նայելը: Սոնան ներս գնաց:
Դիլանը տրորեց խաղողը, կարծես թե մոռացավ Սոնային և դնդնալ սկսեց կայտառ երգը, բայց իր կայտառությունը անհետանում էր, որովհետև միտքը պղտորվում էր հարսանքավորների երգի հիշողությունից։
Սոնան դարձյալ գրկել էր պատշգամբի սյունը և նայում էր հնձանին:
Դիլանը դադարեց տրորել:
Սոնան շփոթվեց և ներս գնաց: Նրանց տունը նայում էր լուսամուտների մութ խոռոչներով, հետո լուսամուտի մթի մեջ երևաց-չերևաց, երևաց, հենվեց լուսամուտի գոգին՝ Սոնան:
Դիլանը թիկունք արեց նրան, տրորեց արագ-արագ: Եվ Դիլանի ինչի՜ն է պետք այդ ուրիշի կինը: Դիլանինն ահա այս քարե տաշտն է, խաղողը, որ տրորվում է դժվար, կպչում է ոտքերին, իրար է կպցնում մատները։ Իրենն իր քրտինքն է ու այս շոգը: Դիլանը հանեց շապիկը, խաղողը տրորեց երկար, դանդաղ, անընդմեջ, ու երբ ճեղքից նայեց դիմացի տանը՝ Սոնան լուսամուտի մեջ չէր, դռներին չէր: Ճանապարհը կտրեց անցավ խոտ բարձած մի ձի, մի քիչ հետո երևաց ձիատերը՝ որ անցավ մի բանի նայելով:
Փոքրիկ մեղվանոցում Սոնայի ամուսինը վերցրել էր փեթակի տանիքը, ետ էր տալիս մեղվի ծածկոցը: Հանեց խորիսխի շրջանակը, արևի մեջ շուռումուռ տվեց, դրեց տեղը: Սոնան կանգնել էր նրա մոտ փուքսը ձեռքին: Սոնան նայում էր դեպի հնձանը, ամուսինը բան ասաց, Սոնան ուշքի եկավ, ասես կտրվեց մտքերից, և փչեց փուքսը: Լսվեց ամուսնու սրտնեղած փնթփնթոցը. «Ոնց որ վերացած լինի, վերացած»:
Հնձանում, Դիլանը շրխկոցով վրա բերեց օդանցքի փեղկը և տրորեց խաղողը քարե տաշտի մեջ: Փեղկն ինքն իրեն ետ-ետ եկավ, և Դիլանը դարձյալ վրա բերեց շրխկոցով: Եվ մտամոլոր նստեց քարե տաշտի եզրին:
Պատից կախված էր հրացանը- Թողնել այդ հնձանը և թռչել դուրս, դեպի տարածություն ու ազատություն: Հեռվում կապտին էին տալիս սարալանջերը, երևում էր անտառի ծայրը, փայլփլում էին հնձած արտերը: Լսվում էր լորերի խուլ երգը հնձած արտերում՝ կախ-կըղա, շախ-կըղա, կախ-կըղա: Արծիվը լռիկ անում էր իր պտույտները նույն շրջանով, անընդհատ նույն շրջանով՝ սպիտակ երկնքում:
Եվ Դիլանը սրտնեղեց ու դուրս եկավ քարե տաշտից: Դիլանը դուրս եկավ հնձանից՝
Սոնան կանգնել էր պատշգամբի սյունը գրկած և նայում էր Դիլանին: Դիլանը տեսավ Սոնային, Սոնան տեսավ Դիլանին, բայց Սոնան ներս չգնաց, և Դիլանն էլ մնաց կանգնած: Սոնան հատ-հատ իջավ սանդուղքներով, մի պահ կորավ հայացքից, հետո՝ երևաց սղոցի ծայրը բռնած: Ամուսնու հետ փայտ էր կտրում բակի ցանկապատից դենը:
Դիլանը շտկեց հրացանը ուսին, դուրս եկավ այգուց, մտավ ճանապարհ, Սոնան ամուսնու հետ սղոց էր քաշում:

Դիլանը շտկեց հրացանը և գնաց դանդաղ, կամուչկամ: Ճանապարհը թեքեց, անցավ գերեզմանոցով, որտեղ երեխաները տապկնոցի էին խաղում և կապած թախծում էր մի ձի, դուրս եկավ սարահարթ՝ հնձած արտերը փայլփլում էին աշնան արևի տակ:
Ահա այն քարը, որի վրայից իրենք ձի էին նստում և մի անգամ նստեցին երկուսով մի ձիու: Ահա մասրենու թուփը, որ ծաղկել էր մեկ հատիկ սպիտակ ծաղիկ և արար աշխարհի չորության մեջ դա միակ ծաղիկն էր, և Դիլան ու Սոնա երեխաները հեռվից վազելով եկան պոկելու և չէին կարողանում պոկել, որովհետև փշոտ մասրենին թույլ չէր տալիս, մոտ չէր թողնում, և իրենք երկար, շատ երկար պտտվում էին մասրենու շուրջը և այդպես էլ չպոկեցին, որովհետև, երբ Դիլանը ճյուղի կտորով քաշեց ու ահա պիտի պոկեր Սոնայի համար՝ ծաղիկ ծաղկած ճյուղը դուրս պրծավ ու թերթաթափվեց:
Դիլանը հիմա հրացանի փողով, նշահատիկով, քաշեց ու բռնեց երևի այն ճյուղը, որ մի հատիկ ծաղիկ էր ծաղկել ու թերթաթափվեց: Ու հիմա մերկ ու փշոտ է:
Աշնան արտերում լորերը երգում էին իրենց երգը՝ կախ-կըղա, շախ-կըղա, Դիլանի մոտից, համարյա թե ոտքերի տակից լորերի ընտանիքը նետվեց ու խուլ թռռոցով աղեղվեց աշնան հնձած արտերի վրա:
Դիլանը գնաց նրանց թռիչքի ուղղությամբ, նրանք հիմա մոտիկ մի տեղ պիտի լինեին, Դիլանը գնաց զգույշ, նրանք դարձյալ աղեղվեցին ու իջան հեռու: Դիլանը մոտեցավ, նշան բռնեց, գեր լորը ահա-ահա նստել էր նշահատիկի օղակի մեջ, բայց դարձյալ խուլ թռռոցով վեր նետվեց և գնաց:
«Կախ-կըղա, կախ-կըղա, կախ-կըղա», մեկը երգում էր շատ մոտիկ, ուղղակի Դիլանի ականջների մեջ, ու Դիլանը չէր գտնում, չէր գտնում նրան: Վերջին պահին նա լռեց, Դիլանը կարծես թե գտնում էր նրան, բայց նա դարձյալ վեր նետվեց ու խուլ թռռոցով կորավ Դիլանի հենց ոտքերի տակից: Դիլանը նշան բռնեց, բայց կարծես թե երևացող լորը կորավ աչքից: Դիլանը ելավ ծնկած տեղից, հրացանը ուսը գցեց և այդ ժամանակ լսեց հրացանի ձայն: Ու կրակոցի հետ արտի բոլոր լորերը խուլ թռռոցով թևածեցին ու պտտվեցին արտերի վրա, իջան ու սսկվեցին:
Դիլանը մտածեց ու չհասկացավ, թե այդ ինչ կրակոց կլիներ: Քայլեց մտածկոտ, մտավ աշնան անտառ, որ ծնկահար խաշամ էր տվել և սվսվում ու խշխշում էր: Ծնկահար խաշամը ճեղքելով, Դիլանը դուրս եկավ բացատ և ականջ դրեց: Ու երբ ուզում էր քայլել, լսեց հրացանի կրակոց: Կրակոցի հետ բացատի վրայով միրհավեր անցան: Դիլանը չհասկացավ, թե այդ ինչ կրակոց կլիներ ու մտավ անտառ:

Փուխր ավազահողը թեք լանջին փախչում էր ոտքերի տակից: Դիլանը դժվար բարձրացավ այդ կարճ զառիվերը: Երբ գլուխը հանել էր այդ կարճ զառիվերի պռնկից, մի պահ տեսավ կարծես թվացող միրհավերին: Հաջորդ պահին նրանք չկային, որովհետև հողը փախավ Դիլանի ոտքերի տակից, և նա ձորակ սահեց: Հազիվ պահելով հրճվանքի ճիչը, Դիլանը մի քիչ սպասեց և, ճգնելով չհևալ և լարված ու զգույշ, տափակված, կռվեց սորուն զառիվերի դեմ: Դարձյալ երևացին միրհավերը, դարձյալ նրանք անհետանում էին Դիլանի ետսահելով, և Դիլանը կառչեց կարծես ինքը իրենից և, ոսկեգույն միրհավը մտել թե չէր մտել նշահատիկի օղակ, կրակեց: Կրակոցի հետ՝ հողը փախավ տակից, Դիլանը ետ սահեց ձորակ: Եվ ծնկներով, արմունկներով, հրացանի խզակոթով, քիթ-բերանով կառչելով հողե փուխր թեքությանը, Դիլանը դուրս եկավ զառիթափի գլուխը՝ ոսկեգույն միրհավն այնտեղ ընկած էր ու գլուխը բարձրացրել էր: Էլ չկանգնելով, Դիլանը չորեքթաթվեց դեպի միրհավը, մոտեցավ միրհավին, ձեռքը մեկնեց միրհավին, հողը դարձյալ ետ էր փախչում, մատները դիպցրեց միրհավին, և այդ ժամանակ միրհավը թպրտաց, թևին արեց ու թռավ: Թևերի շփշփոցն էր, հետո այդ էլ չկար, միրհավը չէր եղել ու չկար: Դիլանը նայեց միրհավի ընկած տեղին՝ աչքի պոչով ձիու սմբակ տեսավ և դա կարծես թե սուտ ու պատրանք էր, հետո նայեց միրհավի թռած ուղղությամբ, հետո նայեց միրհավի ընկած տեղին՝ ձիու սմբակ կար: Դիլանը դանդաղ բարձրացրեց հայացքը՝ անտառապահի ձին էր, սապոգով ոտքը ասպանդակի մեջ և մտրակը ոտքի մոտ կախված: Հաստածնոտ անտառապահը ոչինչ չէր անում ու չէր ասում: Հետո, կտրուկ ու չոր վառեց Դիլանի մետակ մեջքը և դարձյալ ոչինչ չէր անում ու չէր ասում: Ապա դարձյալ մտրակեց շատ հանկարծակի: Մտրակը փաթաթվեց Դիլանի դեմքին: Հետո, ձին վրա-վրա քշելով, հարմարվեց ու դարձյալ խփեց, և ձին տրորեց Դիլանի ոտքը: Հետո, ձիու վրայից անհարմար էր, լավ չէր խփվում, իջավ ձիուց ու խփեց վրա-վրա: «Իմ որսը- Իմ որսը», ուրիշ ոչինչ չէր հասկացվում նրա ասածից, որովհետև մնացածը ղռղռոց ու գոռգոռոց էր: «Իմ որսը- Իմ որսը- Իմ որսը»: Հետո նա մտրակի կոթով խփեց Դիլանի գլխին, որովհետև Դիլանը օրորվում էր, բայց չէր ընկնում, և դա ջղայնացնում էր անտառապահին, և Դիլանը ծնկեց, չորեքթաթվեց ու պառկեց:
Երբ Դիլանը բարձրացրեց գլուխը՝ հաստածնոտը ձիու քելքից օրորվելով մտնում էր անտառի մութ խորքերը: Նրա ձիու խշրտոցը խլանում էր, լռեց, և հիմա ամբողջ աշխարհում լուռ լռություն էր: Եվ լռության մեջ Դիլանը զգաց, թե ինչպես է մզմզոցով սևանում և ուռչում աչքատակը: Դիլանը շոյեց աչքի տակը և նստեց: Դիլանը նստել էր քարի տակ, ուզեց նստել քարին, բայց սահեց ու ընկավ: Եվ դարձյալ ուզեց նստել քարին և դարձյալ չկարողացավ: Դիլանը ուզեց հենվել քարին և չհենվեց, որովհետև մեջքը ցավում էր շփվելուց: Դիլանն օրորվեց ու ժպտաց հիմարավուն: Ուզեց կանգնել, կանգնեց ու մնաց անշարժ:

Ժայռի մոտ ծերունին նստել և տրորում է աչքի տակը: Ծերունու համար դժվար է անցած օրերի ծանր հուշը, ծերունին գլուխը չի բարձրացնում: Աչքերը փակ, նա ցնցում է գլուխը, նա ուզում է ժխտել անցած օրերի հուշը, ուզում է չհիշել, ուզում է, որ այդ եղած չլինի, բայց այդ եղել է այդպես ու աչքի տակը դեռ ցավում է: Ծերունին շոյում է աչքի տակը և ապա դանդաղ, ասես հեռու մի աշխարհից, ասես մի տեսակ խուլ՝ ժպտում է, ժպիտը բացվում է դանդաղ:

Երբ Դիլանը բարձրացրեց գլուխը, ձիու քելքի հետ ձիու վրա օրորվելով, հաստածնոտն անցնում էր անտառի սպիտակ լույս բացատից դեպի խավարը. և ձիու գավակը հաստ էր, լայն էր նաև հաստածնոտի թիկունքը: Նրա ձիու խշրտոցը խլանում էր, հետո լռեց, և ամբողջ աշխարհում հիմա լուռ լռություն էր: Եվ լռության մեջ Դիլանն զգաց, թե ինչպես է մզմզոցով սևանում և ուռչում աչքի տակը: Դիլանը շոյեց աչքի տակը և նստեց: Դիլանը նստել էր քարի մոտ, ուզեց նստել քարին, բայց սահեց: Եվ դարձյալ փորձեց ու դարձյալ սահեց: Դիլանն ուզեց հենվել քարին, հենվեց, բայց մեջքը ցավում էր քարին քսվելուց, և անհենարան նստած Դիլանն օրորվեց ու չար ժպտաց: Կանգնեց ճիգով ու կամքով՝ այլևս չընկնելու համար, և օրորվեց, բայց մնաց ոտքերի վրա: Անտառում պայթեց ու արձագանքեց անտառապահի կրակոցը, և կրակոցի հետ Դիլանն սկսեց քայլել:
Իջավ քարոտ նեղ արահետով դեպի գետակ, և լույսը կուրացնող էր ու քայլելը դժվար: Գետակի մոտ Դիլանը հանեց վերնաշապիկը և ուզեց թաղվել ջրի մեջ, բայց ջուրը քիչ էր, հազիվհազ օծում էր Դիլանի դեմքն ու կուրծքը, կապույտ շերտով նախշված մեջքը:
Դիլանը քնել էր գետակի մոտ ու երբ արթնացավ՝ գիշեր էր: Դիլանի գլուխը ցավում էր, ձորից դժվար ելավ: Ծղրիդները երգում էին, լուսինը մեծ ու կլոր էր, հեռու անտառում հավք ծղրտաց:
Ժայռի տակ, Դիլանը մի երկու անգամ թրխկացրեց նիգով, հետո շպրտեց նիգը և հայհոյեց թե բողոքեց:
Դիլանը մտավ այգի, մտավ հնձան, խմեց մի թաս մաճառ, հետո շպրտեց թասը: Եվ դուրս նետվեց հնձանից ու այգում չէր գտնում իր անելիքը: Կանգ առավ ակամա՝ երբ աչքին ընկավ նրանց լույս պատուհանը: Եվ աչքը լուսամուտին՝ Դիլանը երկար մնաց: Ծղրիդները երգում էին, լուսինը մեծ ու կլոր էր, հեռու հանդերում մի հավք ծղրտաց: Հետո նրանց լույսը հանգավ, աշխարհը խավար էր, հեռու հանդերում ծղրտաց գիշերահավը, ցանկապատից դենը կանգնած թախծում էր մի ձի, այգում մոլոր կանգնել էր Դիլանը:
Լուսացավ, Դիլանը պառկած էր եգիպտացորենի արտում, արտը ջարդված էր նրա շուրջը, և արթնացած Դիլանն առաջին պահ չհասկացավ, թե ինչու է ջարդված եգիպտացորենը: Դիլանը տրորեց դեմքը և աչքի տակ ցավ զգաց: Ժպտաց իր անհաջողության վրա և ելավ աշխատելու: Հնձանում տրորել սկսեց խաղողը:
Սոնան կանգնել էր պատշգամբի սյունը գրկած, Դիլանը չար քմծիծաղեց նրա վրա ու իր վրա և տրորեց խաղողը՝ գլխիկոր, անձանձիր, միալար:
Սոնան թողեց պատշգամբի սյունը և մղվեց դեպի սանդուղքները: Սոնան սանդուղքներով իջավ հատ-հատ, վճռական, մղված: Երբեմն հապաղում էր, բայց դա կանգ առնելու հապաղում չէր, նա կանգ չէր առնում, այլ իջնում էր դանդաղ: Իջավ ծածկվեց սանդուղքի ոլորանում, երևաց իրենց ցանկապատի մոտ, կտրեց ճանապարհը, ետ տվեց Դիլանի այգու դռնակը:
Դիլանը տրորեց արա՛գ, արագ: Իրենն այս կպչող ծանր հյութն է, քարե տաշտը, քրտինքը և մեջքի մրմուռը: Մնացած ամեն ինչ աշխարհում՝ Դիլանը մերժում է մերժելով: Դիլանը տրորեց արագ, արագ, արագ:
Խշրտացին սիմինդրի ցողունները, Սոնան գալիս էր արտի միջով զգույշ և արագ ու դանդաղ, մի տեսակ՝ գալիս էր և չէր գալիս: Արտից ելավ ու եկավ դեպի հնձանը, և նրան հարազատ էին հնձանի դռանը շարված կողովները, վազը, հնձանը, դույլը, լույս արևը, կարմրող տաքդեղը: Եվ հնձանի դռնակը և շեմքափայտը: Եվ Սոնան ներս եկավ սիրով, լացով, կարոտով, վախով ու Դիլանի ցանկությամբ լիքը: Դիլանը նստել էր քարե տաշտի եզրին և նայում էր վանող հայացքով:
- Ինչի՞ ես եկել,- անթարթ նայելով, հետո աչքերը ճպճպացնելով ասաց Դիլանը:- Ինչի՞ ես լաց լինում,- ասաց Դիլանը,- ես քո մա՞րդդ եմ, թե՞ հերդ եմ, թե՞ ախպերդ եմ, ինչի՞ ես ինձ մոտ լաց լինում: Տուն էլ ունես, տեղ էլ ունես, մարդ էլ ունես, հեր ու ախպեր էլ ունես, գնա նրանց մոտ լաց եղիր, ես քու ի՞նչդ եմ,- ասաց Դիլանը և, իրեն փակելով աշխարհում ամեն ինչի դեմ, կոպերը խփեց: Ոռնոցը սկսում էր ծայր առնել հոգու ամենախորքերից, խուփ աչքերով Դիլանը դուրս եկավ խաղողի միջից, գնաց դեպի Սոնան և, խուփ աչքերով, փուլ եկավ նրա վրա: Հոգու ոռնոցը նրա հոգում տեղ չէր անում: Դիլանը կաշկանդում էր ոռնոցը, բայց չէ՛ր լինում, չէր լինում, ոռնոցը մի պահ նվում էր ներսի ծալքերում և դարձյալ փրփրում էր ու լցնում Դիլանին:
Սոնան լաց էր լինում լռիկ և գուրգուրում էր իր ծեծված Դիլանին: Եվ լռիկ լացելով Դիլանի վերքերի և հանդարտվող մեջքի վրա, Սոնան քրթմնջաց. «Աղջիկը լավ աղջիկ է, ուզիր, Դիլան», և սպասեց, որ Դիլանը մերժի այդ միտքը և ուզեց ելնել ու գնալ, և թույլ Դիլանը նրան չպահեց, բայց Դիլանը քնած չէր:
Եվ երբ Սոնան ետ նայեց դռան միջից, Դիլանը բարձրացրել էր կարմրած աչքերը: Դիլանը տեսավ հեռացող Սոնային, որ գնում էր ու չէր գնում սիմինդրի շարքի միջով, գնում էր ու չէր գնում, դանդաղում էր ու շտապում:
Եվ զույգ ոտքի վրա պինդ կանգնելով, Դիլանը ելավ հնձանից, գնաց վերցրեց նիգը և ջարդեց իրեն, նիգը և քարը, հոգնեց, ջարդվեց, ճմրթվեց, դարձավ թույլ փալաս, բայց դարձյալ չդիմացավ անշարժությանը՝ երբ նստեց հանգստանալու, և իրեն, նիգն ու քարը շարունակեց ջարդել հոգնած, միալար, թույլ-թույլ և անվերջ, մինչև տարիների վերջը: Եվ նստեց հանգստանալու ծերացած-

Սոնան հեռանում էր սիմինդրի արտով, ճոճվում էր, կանգ էր առնում, գնում էր արագ և դարձյալ ճոճվում էր: Սոնան հեռանում էր սիմինդրի արտով, ճոճվում էր, կանգ էր առնում, ասես ուզում էր ետ դառնալ, հետո գնում էր մի տեսակ թեք ու սուրալով մինչև այգու դռնակը: Սոնան հեռանում էր մերթ արագ ու մերթ դանդաղ, ճոճվում էր, կանգ էր առնում, ասես ուզում էր ետ դառնալ ու չէր դառնում, գնում էր անդարձ, բայց դարձյալ դանդաղում ու կարծես թե ետ էր նայում:

Ծերունին նստել է աշնան արևի մեջ, հնօրյա առվի մոտ, նրա հայացքի դեմ ցնդում է հուշը, և միակ չորացած սիմինդրի ցողունը խշրտում է մետաղաձայն: Այգում ծուխ են տալիս տերևակույտերը, այգին մերկ է, միակ արևածաղիկը գլուխը թեքել է աշնան արևի տակ: Ահագնանալով ու հռինդ մաղելով աշնան երկրի վրա՝ էջքի գնաց մարդատար գեղեցիկ ինքնաթիռը։ Անցավ Դիլանի վրայով, հիմա հեռու էր, շարժիչների աղմուկը չէր լսվում և նա իջնում էր լուռ ու խորհրդավոր: Մոտիկ մի տեղ գրպանի ռադիոընդունիչը որսաց ու կորցրեց մի ալիք երաժշտություն: Ցանկապատից դենը, փողոցով գնում էր տղաների մի խումբ. նրանք ուսներին փափուկ մարզակոշիկներ ունեին, նրանցից մեկը ընթացքի հետ գլխին պահում էր գնդակը, գրպանի ռադիոընդունիչը դարձյալ որսաց ու բաց թողեց նույն երաժշտությունից մի ալիք. տղաներից մեկը ոտքով խլեց գնդակը մյուսի գլխից և, խմբից անջատված, ինքը իրեն խաբս տալով գնաց, մինչև որ գնդակի տերը հասավ, կարճ կռվից հետո խլեց ոտքով, վեր նետեց ու պահեց գլխին: Նրանք անցան, նրանց ընդունիչը գտավ նրանց ուզած երաժշտությունը:
Ծերունին նստել է այգում, ժայռի ճեղքի մոտ, որից բարակ շիթով ծորում է ջուրը:

Սարերից խոտը բերում էին, Սոնայի ամուսինը սայլի վրա էր, Սոնան եղանով խոտ էր տալիս տակից: Դա նրա համար դժվար էր. ամռանը դրված կույտերը պնդացել էին, Սոնան դժվար էր պոկում, նաև՝ սայլն էր գլխեգլուխ լիքը, դժվար էր խոտը վերև տալ: Ամուսինը ներքևից տրվածը շտկում էր սայլի վրա, տրորում և սպասում՝ եղանի կոթը ծնոտի տակ:
Ամբողջ սարահարթում խոտի կույտեր էին, սայլ էին բարձում մի քանի տեղ:
Դիլանը կախվելով ձգեց ու կապ գցեց իր սայլի տակ, պարանը շպրտեց բարձված խոտի վրայով, կախվեց ձգեց ու կապեց մյուս կողմը և նայեց՝ այնտեղ Սոնան չարչարվում էր կույտի ու սայլի արանքներում, նրա ամուսինը կանգնած էր կիսաբարձ սայլի վրա:
Մռայլ Դիլանը լնգով ոլորեց ու պնդացրեց սայլի երկարությամբ գցված պարանը, լնգի ծայրը մտցրեց ուրիշ կապի տակ և դարձյալ նայեց՝ Սոնան չէր կարողանում խոտ պոկել կույտից, ամուսինը սպասում էր կիսաբարձ սայլի գլխին:
Դիլանը քշեց եզները, սայլը պոկվեց դժվարությամբ, հետո գլորվեց հեշտ, որովհետև տեղը համարյա թե զառիթափ էր, իսկ հետո զառիվեր էր, ու եզները տարան լարված, քայլ-քայլ: Դիլանը սայլի հետ դուրս եկավ զառիվերի գլուխը՝ Սոնան կռվում էր խոտի կույտի հետ: Դիլանը իր սայլը պահեց նրանց մոտ, քար դրեց անիվի առջև ու գնաց Սոնայից առնելու եղանը, բայց նա չէր տալիս.
- Թող, Դիլան, թող:
Դիլանը մի պահ ետ կանգնեց, ապա համարյա թե խլեց եղանը և խրեց կույտի մեջ: Նրա ամուսինը նայում էր սայլի վրայից և ասաց անչար, կատակով, սիրով.
- Չի սատկի, Դիլան, թող:
- Սատկեց՝ սատկեց,- հենց էնպես ասաց Դիլանը, կույտը ցնցեց ու տեղահան արավ, ուսեց, բարձրացրեց ու տվեց վերև: Շուռ եկավ վերցնելու մնացածը՝ Սոնան մատից փուշ էր հանում, որ դուրս չէր գալիս: Սոնան փորձեց հանել ատամներով, հետո մատներով և այդ ժամանակ նայեց Դիլանին: Եվ նրա հայացքում չկար ոչ սեր, ոչ քնքշանք դեպի Դիլանը և ոչ էլ առհասարակ կանացիություն:
Դիլանը եղանը խրել էր խոտի մեջ, նայում էր Սոնային, Սոնան կրծելով հանում էր մատի փուշը, Սոնայի ամուսինն ասաց.
- Հը, դժվար է՞:
- Սատկեց՝ սատկեց,- ասաց Դիլանը և եղանեց կույտը:
Սոնան հավաքեց կույտի մնացորդները, շպրտեց վերև և սայլը եզներով քաշեց դեպի մի ուրիշ կույտ:
- Բավական չի՞,- ասաց Դիլանը:
- Չեն սատկի,- սայլի վրայից պատասխանեց Սոնայի ամուսինը:
Դիլանը կանգնել էր մտամոլոր և արձագանքեց բարձրաձայն. «Սատկեցին՝ սատկեցին», հետո միանգամից գնաց, ուզեց խլել եղանը Սոնայի ձեռքից, բայց նա ասաց շատ կոպիտ.
- Սելդ կապած է, գնա:- Եվ նրա արած գործը կոպիտ էր, կոպիտ էր ինքն էլ:

Դիլանը ծամածռվելով հանեց քարը անիվի տակից, բարձրացավ սայլ ու քշեց եզները: Եվ կյանքն անհասկանալի էր այնքան, որ Դիլանը ծամածռվում էր սայլի վրա:
Հեռու սարերը արևի մեջ ձյունել էին. սարահարթը ստվեր ու ցուրտ էր, կույտերը սարահարթում քչացել էին, ճանապարհի հեռուներում օրորվում էին բարձած սայլերը: Դիլանը ետ նայեց՝
Սոնան խոտ էր տալիս սայլի գլուխը: Ամուսինը շտկեց խոտը, սպասեց եղանը ծնոտի տակ, Սոնան չարչարվում էր եղանել խիտ նստած կույտից:
Արճճագույն ամպերի ճեղքից սարահարթ էր խրվել արևի շեղբը:
- Հղի է՞ր,- հանկարծ հասկացավ Դիլանը,- կարծես հղի էր,- ասաց Դիլանը, սայլը դուրս բերեց սարահարթի եզր: Ներքևում, խոր ձորի շեկ հատակներում գյուղն էր, գյուղի վրա՝ եկեղեցու իրիկնային զանգերը, որ երբեմն կարծես հեռվից էին զանգում, երբեմն էլ՝ շատ մոտից:
Դիլանը կապեց անիվները՝ լինգերը խրեց անվաճաղերի արանքով խոտի մեջ, որպեսզի զառիթափում անիվները չպտտվեն, և զառիթափն իջավ կապած անիվներով:
Զանգերի իրիկնային ղողանջն էր, հետո կոտրեց լինգերից մեկը, բայց սայլը շուռ չեկավ, հետո դուրս պրծավ մյուս լինգը, սայլը զառիթափում գլորվում էր արագ, եզները չէին կարողանում պահել սայլը: Դիլանը ամբողջ ուժով ետ էր հրում սայլը և բղավելով աղաչում ու սպառնում էր եզներին. «Իի՜իշշշ- իի՜շշշ»: Եվ խոտի զանգվածը Դիլանի գլխավերևը բա՜րձր, բարձր էր: «Իի՜շշ», անզոր ծղրտում ու խնդրում էր Դիլանը:
Խոր լռության միջից աշխարհն արթնացավ մեղմ շրշյունով, հեռու մի տեղ իր փչակը թմբկահարում էր մի փայտփորիկ, մոտիկ երգեց ու լռեց մի ծղրիդ, հետո նորից երգեց, խուլ ու ծանր մի դղրդոց էր գալիս, լռում էր, ապա շարունակվում, Դիլանը բացեց աչքերը՝ եզան գլուխը որոճում էր աչքերի դեմ, հեռու մի տեղ թմբկահարում էր մի փայտփորիկ, շարունակեց երգել ծղրիդը, անասունի խոր տնքոց ու խռխռոց էր գալիս հեռվից: Դիլանը հայացքը շրջեց՝ գլխավերևը լուռ լաց էր լինում Սոնան:
Դիլանը փակեց աչքերը, նրա լացը լսեց փակ աչքերով, հետո բացեց աչքերը՝ Սոնան լաց էր լինում իր գլխավերևը:
Դիլանը վրա նստեց՝ սայլը թեքված էր, մի եզն արձակվել էր սայլից և նստած էր Դիլանի մոտ, մյուսը չռատվել ու խեղդվում էր լծի մեջ, սայլի տակ: Սոնայի ամուսինը չարչարվում էր արձակել այդ եզը: Սոնան լաց էր լինում և ժպտում էր լացի միջից:
Դիլանը ելավ բռնեց արձակված եզան ականջից, տարավ պահեց սայլի մոտ: Հետո Դիլանը, Սոնայի ամուսինը, Սոնան սատկելով բարձրացրին սայլի գլուխը, լծեցին եզը: Լինգերով կապեցին անիվները և դանդաղ իջան զառիթափը՝ դեպի գյուղ, որտեղ դեռ ղողանջում էին զանգերը:
- Էդ՝ մա՞րդ է մեռել,- իր սայլի առջևից կանչեց Սոնայի ամուսինը:
Լուռ էին, հետո Դիլանն ասաց.
- Ես էի սատկելու, էն էլ՝ ափսոս, չսատկեցի:
Սոնան իջնում էր Դիլանի կողքից, իջնում էին լուռ, հետո Սոնան ասաց.
- Չգիտեմ, Դիլան, չգիտեմ:
- Կնիկդ լացկան է,- քիչ հետո ասաց Դիլանը,- բանի պետք չի:
- Ես էլ եմ ասում,- իր սայլի առջևից կանչեց ամուսինը,- ուզում եմ դուրս անեմ:
- Լավ կանես, ինչի՞դ է պետք,- քիչ հետո պատասխանեց Դիլանը:- Կռվարար է:
Նրանք իրար կողքի իջնում էին մյուս սայլի ետևից, մյուս սայլը կանգ առավ, նրանք համարյա թե դեմ առան նրա խոտին, Սոնան լռիկ լաց էր լինում, մյուս սայլի մոտ տնքաց ու ինչ-որ բան շտկեց նրա ամուսինը, հետո պատասխանեց.
- Հա, կյանքս մաշեց, դուրս եմ անում՝ մի կարգին կնիկ բերեմ:
Քիչ հետո Դիլանն ասաց. «Ե՞րբ», և աչքերը փակեց:
- Խոտերը բերեմ վերջացնեմ,- ասաց ամուսինը:
Երկար ժամանակ իջնում էին լուռ, Սոնան լաց էր լինում, Դիլանը ետ՝ լծին էր ընկել թևերը տարածած և պատասխանեց շատ ուշացումով.
- Ճիշտ կանես, ինչի՞ է պետք:
Եվ Սոնայի ամուսինը այնտեղ լռեց, որովհետև չհասկացավ, թե ինչի մասին է խոսքը:
- Ի՞նչը,- կանչեց Սոնայի ամուսինը: - Ի՞նչը ճիշտ կանեմ:
Եվ Դիլանը արձագանքեց դարձյալ ուշացումով.
- Չգիտե՜մ: Չգիտեմ, չգիտեմ:
Ինչքան որ մոտ են կանգնած իրար, այդքան մոտիկից նրանք իրար էլ չտեսան:
Դիլանը կրծում էր իր քարը, Սոնան տանում էր իր ջուրը, հետո Դիլանը բարձրացրեց գլուխը՝ ջուր էր տանում մի պառավ:
Դարբնոցի դռանը դարբնի հետ Դիլանը կապ էր հագցնում անիվին՝ հեռվից անցավ Սոնան:
Մի քիչ հարբած, տղերքի հետ Դիլանը լախտ էր խաղում՝ հեռվում մի կնոջ հետ զրուցում էր կարծես Սոնան: Դիլանը լարվեց, բայց այդպես էլ չհասկացավ՝ նա Սոնան էր թե Սոնան չէր, իսկ լախտը ոտքերի տակից փախցրին ու շրխկացրին թիկունքով մեկ:

Իսկ հետո արդեն Սոնան մեռավ: Նրա շուրջը երգ ու լաց էին մրմնջում նրա մայրը, սկեսուրը, կանայք և նրանք, ովքեր նրա հարսանքին ուրախանում էին: Ամուսինը նստել էր պատի տակ՝ գլխին խփածի նման: Հանդիսավոր տխուր էր հաստածնոտ անտառապահը, որ անշարժ մնաց-մնաց և հանկարծ շուռ եկավ ու փլվեց Դիլանի վրա: Դիլանը հենարան եղավ նրան, տարավ ջուր տվեց մյուս սենյակում, որտեղ արդեն իրենց գործերից պատմողներ էին, հաստածնոտը խառնվեց նրանց, իսկ Դիլանը ջուր բերեց Սոնայի ամուսնու համար, որ ջուրն առավ Դիլանի ձեռքից և չհասկանալով նայեց Դիլանին: Դիլանը նրան ջուր տվեց, նրան դուրս բերեց պատշգամբ, հենվեցին բազրիքին, հետո թե ինչպես եղավ՝ Դիլանը գրկեց այն սյունը, որ գրկում էր Սոնան, և այստեղից նայեց այգուն, հնձանին, հնձանի լուսանցքին և այնտեղ տեսավ ինքն իրեն՝ գալար-գալար եկող Դիլանին, ու լսեց հարսանեկան տխուր-տխուր երգը: Եվ տեսավ կոշիկ խնդրող Սոնային ու լսեց հարսանեկան ուրախ-տխուր երգը, և տեսավ սյունը գրկած Սոնային ու լսեց հարսանեկան ուրախ-տխուր երգը, և տեսավ մի կնոջ հետ զրուցող Սոնային և հասկացավ, որ նա Սոնան էր և խոսում ու նայում էր լախտ խաղացող Դիլանին ու լսեց հարսանեկան ուրախ-տխուր երգը:
Եվ բաց բերանով Դիլանն օդ աղերսեց և օդ չկար, իսկ անտառապահը Դիլանին շշնջաց. «Փոսը փորե՞լ են թե չեն փորել», և Դիլանը հատ-հատ իջավ սանդուղքներով, գնաց վերցրեց բահն ու քլունգը, և այդ ժամանակ Սոնայի ամուսինը սանդուղքներով գլորվեց ու բռնեց բահը և ոռնաց. «Մի տարե՜ք», և Դիլանը նրան մեղմ գրկեց ու շոյեց, անտառապահը նրան վերև տարավ:
Իսկ Դիլանն արևի տակ բակում մենակ էր, հետո ելավ բակից, ցանկապատին երեխաներ էին նստած, նայում էին դեպի մեռելատուն և նրանք սիրելի էին Դիլանին, գնաց արևի տակ շոգ ճանապարհով:
Եվ պառկելով, իր հասակով չափեց տեղը և փորեց, և հողը կարծր էր ու տեղի չէր տալիս բահին ու քլունգին: Հողը ետ էր տալիս քլունգը, իսկ Դիլանը խփում էր: Դիլանը փորեց փոսը, հողը դուրս տվեց, թաղվեց փոսի մեջ. փոսի մեջ հիմա չէր երևում, ներսից դուրս գցեց վերջին բահ հողերն էլ, քլունգն էլ, բահն էլ, և ինքը փոսից դուրս չեկավ:
Թափորը գալիս էր:
Դիլանը կանգնեց փոսի մեջ, ուզեց դուրս գալ փոսի միջից և չկարողացավ: Եվ թույլ-թույլ ժպտաց ու նայեց հեռու թափորին, որ բերում էր նրա լուսե մեծ Սոնային գերեզմանոց, և դարձյալ թույլ-թույլ ժպտաց և ուզեց դուրս գալ փոսից և չկարողացավ: Ծալմլվելով ոչ այն է նստեց, ոչ այն է ընկավ փոսի հատակին:
Թափորը եկավ, ահագնացավ, սևավորները մեջ առան լուսե մեծ Սոնային, հետո անձրև շրխկաց. մի ակնթարթում սևավորները թաղեցին Սոնային, հավասարեցրին հողը և գնացին՝ իրենց հետ տանելով ետ նայող ամուսնուն, մորը:
Դիլանը նստած էր գերեզմանաքարերի մեջ անձրևի տակ և թույլ-թույլ ժպտում էր:

Այդպես թույլ-թույլ ժպտում էր և իր հարսանքին, երբ կատաղած թմբուկը կարկտահարում էր ուղղակի ականջների մեջ, հարբած հարսանքավորը ծղրտաց իր միակ շնորհքը՝ «այ-շի-հա՜», լուռ լաց էր լինում բարի տխուր աղջիկը, ցանկապատի վրայով ձի էր թռցնում հաստածնոտ անտառապահը և երջանկությունից խանում-խաթուն էր կտրել իր մայրը: Ամեն ինչ, ամեն ինչ նույնն էր: Երեխաները վազելով ուղեկցում էին հարսանիքը, թառում էին ցանկապատերին, նայում էին խնձորներին՝ որ պտտվում էին հարսանքավոր ժողովրդի գլխին, Սոնային մի քիչ նման մի աղջնակ հարսանքին նայելու ցանկությունից ուղղակի պայթում էր և չէր կարողանում բարձրանալ ցանկապատին, իսկ այդ խեղկատակ զուռնան այնուամենայնիվ շաղ էր տալիս մեծ ուրախություն և մարդ ուզում էր ժպտալ, ծղրտալ, բայց չէր լինում, Դիլանը չէր կարողանում: Ամեն ինչ նույնն էր, իսկ այն պատանին ահա շշմած ու տխուր է, գուցե նա սիրում է հարսին: Դիլանը հասկանում է նրան, տխրում է նրա տխրությամբ: Հարսը լավ աղջիկ է, նրա պարը գեղեցիկ է: Դիլանը հարսին սիրում է, Դիլանը սիրում է հաստածնոտ անտառապահին, որ հարսին պարեցնում է, բայց այդ խեղկատակ լացը բռնել է Դիլանի կոկորդը, և Դիլանը ժպտում է տխուր, բարի:
Մի կողմ քաշված՝ հարսանիքը դիտում ու լաց էր լինում Սոնայի սևավոր մայրը, և դարձյալ օդ չկար Դիլանի համար:
Իսկ հարբած հարսանքավորը հանկարծ հիշեց իր միակ շնորհքը և ծղրտաց. «այ-շի-հա՜», և նրա կանչի հետ թեժացավ պարեղանակն էլ, տաքացան պարողներն էլ:

Եվ, տանը, խմեցին, կերան, երգեցին նույն երգը հարյուր տարվա ջահել կյանքի ու դրանից հետո էլ ծեր կյանքի մասին: Եվ շոգ էր Դիլանի համար, խեղդող շոգ էր:
Դիլանը դուրս եկավ, իջավ բակ, մոլորվեց բակում, դուրս եկավ բակից, ցանկապատին հենված վերև էր նայում տխուր պատանին: Վերևը, խուլ երգում էին բոլոր հարսանիքների նույն երգը:
Դիլանը մոլոր մոտեցավ պատանուն, պատանին հեռու աշխարհների հատակից նայեց ու չտեսավ Դիլանին, հետո նրանք երկուսով ցանկապատին այդպես հենված նայեցին վերև, ուր հարսանիքն էր ու երգում էին հարյուր տարվա ջահել կյանքի մասին: Հետո Դիլանն ու նա թիկունք դարձրին հարսանքատանը և գնացին մութ ճանապարհով: Դիլանը կախվեց կարասի մեջ ու գինի հանեց, տվեց պատանուն: Թասը ձեռքին, Դիլանը դարձյալ կախվեց կարասի մեջ, գինի հանեց ու խմեց ինքը: Իսկ հեռվում խուլ մռմռոցի պես երգում էին հարյուր տարի միշտ ջահել, նրանից հետո ծեր կյանքի մասին:

Հարսանքատանը երգում էին հարյուր տարի ջահել կյանքի մասին: Ձայները խռպոտել էին, պատուհանների գոգերին թառած երեխաները ննջում էին: Նվագը խուլ էր՝ ինչպես քնատի լսած, հետո հարբած հարսանքավորը հանկարծ հիշեց իր միակ շնորհքը՝ այ-շի-հա՜, ուշքի եկան և կիսատ ծիծաղեցին նրա վրա, հետո մեկը տեսավ, հետո բոլորը տեսան, որ փեսան չկա:
Փեսան փախել է, ծիծաղեցին նրանք, իսկ հարսը անհանգիստ տագնապի մեջ էր:
Փեսան փախել է, ծիծաղեցին նրանք:
Փեսան գերեզմանոցում էր, Սոնայի քարի մոտ, Սոնայի քարը գրկած, գլուխը Սոնայի քարին: Քարը սպիտակ ու թարմ տաշած էր: Քարի չափ անշարժ էր փեսան, անշարժ էին և դեմքը, և աչքերը: Նայում էր անդրաշխարհի խորքերից: Հեռվում երգում էին հարսանեկան նույն երգը: Հետո երգը լսվեց մի քիչ մոտիկից, բայց ցաքուցրիվ. երևի հարսանքավորը դուրս եկավ փողոց: Հետո լսվեց շատ պարզ. «Փեսան վախել-փախել է՜»:
Այդպես անդրաշխարհից նայելով էլ Դիլանը ապրեց իր ողջ կյանքը. քար ծակեց, խոտ հնձեց, խաղող տրորեց, կերավ կնոջ դրած հացը, չհասկանալով նայեց Սոնայի ամուսնու աննվագ նոր հարսանքին, որ փողոցում հանկարծ դուրս եկավ խաչմերուկից, եկավ անցավ երազի տեսածի պես անձայն: Պարում էին, հաստածնոտը ձի էր թռցնում, փեսան ժպտաց Դիլանին, թմբկահարը թմբկահարում էր, և այդ բոլորը՝ անձայն: Թևերը վեր պարզած կնոջ պարը Դիլանի հիշողության մեջ երկար մնաց:
Կախարդվածի պես Դիլանը ուզեց գնալ հարսանքի ետևից, կինը մեղմ պահեց նրան, Դիլանը կանգնեց, հետո երկուսով քայլեցին և յուրաքանչյուրը նայում էր այլ կողմի վրա, կարծես խռոված էին:

Այդպես էլ նստած է հիմա ժայռի տակ, առվի անցքի մոտ: Աշուն է, թեթև քամի, այգին տերևաթափ է ապրում, ծխում են խաշամի կույտերը, շարժվում են սիմինդրի չորացած տերևները: Եվ այդ ամենը լուռ է, ինչպես հեռու ձյուն դրած արևոտ սարերը, լուռ է, ինչպես խուլի համար: Ծերունին ելնում է, հուշիկ քայլում այգով, վրա դնում ցանկապատի դուռը, գնում փողոցն ի վար, և կյանքը նրա կողքով ընթանում է լուռ, հեծանվորդները՝ անաղմուկ, անցավ ու էջքի գնաց մարդատար գեղեցիկ ինքնաթիռը՝ անաղմուկ, հովտում, արևի մեջ փռված է քաղաքը՝ անաղմուկ, բերնեբերան լիքը ջրանցքը հոսում է լուռ: Թեթև կառույցի տակ պաղպաղակ են ուտում՝ լուռ: Խոսում են, քայլում են, անցումները կտրում են, ծիծաղում են, խոսում են լուռ: Բեռնատար վիթխարի ավտոմեքենաները բետոնե կառուցվածքներ են տեղափոխում՝ լուռ: Փողոցը կտրեց անցավ մանկապարտեզը՝ լուռ: Աշխարհը կարծես ընթանում է ապակու ետևում:
Ծերունին, ցածր, լսում է իր հին սիմինդրի խշրտոցը և, ցածր, հին հարսանեկան երգը հարյուր տարվա ջահել կյանքի մասին: Ծերունին դանդաղ գնում է իր ցածր երգի հետ:

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Элегия
Арно Бабаджанян

Элегия

Замок Арамянц в Ахтале
Замок Арамянц в Ахтале
Играть онлайн