Оганес Туманян
Ո՛հ, մեղմացնել չես կարող դուն...
Ո՛հ, մեղմացնել չես կարող դուն
Սաստկությունը տանջանքիս,
Եվ հաշված են թույնով լեցուն
Սակավ ժամերը կյանքիս.
Բայց տեսնում ես, ես հանգիստ եմ,
Մի՛ լար և դուն, իմ անգին,
Քո արտասուքն ես կարող չեմ
Փոխարինել այս կյանքին.
Օ՜, գերությունն ես ատում եմ,
Եվ ցոփ կյանքը հեշտասեր,
Այժմ, ահա, թոթափում եմ
Նրանց լուծը մահաբեր.
Սակայն գիտե՞ս, թե այսքան
Ինչն է տանջում ինձ այսպես
Արտասուքի և տրտմության
Համար չէի ծնված ես.
Ես ուզեցի ազատ երգել
Ե՛վ օրհնություն, և՛ անեծ,
Սիրով սրտերը բորբոքել,
Որ նախանձը բաժանեց.
Կյանքի աղմուկն և գոյության
Պատերազմը տմարդի
Արգելեցին լիաբերան
Երգել զեղմունքն իմ սրտի.
Ես լռեցի. կատաղությամբ
Սիրտս ուժգին տրոփեց,
Ոգևորված և համարձակ
Մտա կռվի ասպարեզ.
Բայց իմ խնդրած այն սրբազան
Կռիվը չէր բորբոքված,
Ուր կռվում են ազատության,
Պատվի համար անարգված.
Անհավասար և վաղաժամ
Կռվում ուժերս վատնեցի.
Հափշտակված, հոժարակամ
Ինձ գերության մատնեցի.
Ո՛հ, չես կարող մխիթարել,
Հոգիս անչափ է տրտում,
Աչքս դեռ նոր եմ բաց արել
Գերեզմանս եմ նկատում։