Оганес Туманян

Էսպես չի մնա

(Հին զրույց)

Լինում է թե չէ, ո՞վ գիտի հաստատ.
Եվ ի՞նչն է հաստատ աշխարքի վըրա...
Աշխարքում հաստատ մի բան կա մենակ,
Այն է, որ հաստատ ոչ մի բան չկա։

Լինում է՝ իբրև գյուղացի մի մարդ,
Աղքատ, օրական ապրուստի կարոտ։
Ունենում է սա մի խելոք տըղա,
Տանում է ծառա տալի մեկի մոտ։

Տարիք են անցնում։ Էս խելոք տըղեն

Էնպես է ազնիվ ու ժիր ծառայում,
Որ տերն էլ սըրա վարձը շատացնում,
Ինչպես իրենը՝ էնպես է նայում։
Հիշում է մի օր հայրը իր որդուն
Ու վեր է կենում գալի տեսություն.

Հը՞, ո՞նց ես, որդիս, հիմի էլ էնպես
Էլ մերկ ու տըկլոր, էլ քաղցած հո չե՞ս։
Չէ՛, լավ եմ, հայրիկ, ապրուստս միշտ կա,
Բայց ի՞նչ անես որ... էսպես չի մընա...

Գընում է հայրը։ Տարիք են անցնում։

Առաջ է գընում տըղեն օրն օրին,
Վերջը բարձրանում, պալատն է հասնում,
Դառնում է ծառա մեծ թագավորին։
Հիշում է մի օր հայրը իր որդուն
Ու վեր է կենում գալի տեսություն.

Հը՞, ո՞նց ես, որդիս, էլ ի՞նչ ես ուզում,
Լողում ես առատ էս լիքը ծովում։
Հա՛, լի եմ, հայրիկ, դու հանգիստ գընա,
Բայց ի՞նչ անես որ... էսպես չի մընա...

Գընում է հայրը։ Տարիք են անցնում։

Էնքան է սիրվում մեր խելոք ծառան,
Որ թագավորը բերում է սըրան
Իրեն տերության երկրորդն է անում։
Հիշում է մի օր հայրը իր որդուն
Ու վեր է կենում գալի տեսություն.

Հը՞, ո՞նց ես, որդիս, էլ ի՞նչ է մընում,
Քու խոսքովն են ողջ նըստում–վեր կենում։
Հա՛, մեծ եմ, հայրիկ, նազիր եմ ահա,
Բայց ի՞նչ անես որ... էսպես չի մընա...

Գընում է հայրը։ Տարիք են անցնում։

Էս բարի երկրի թագավորը ծեր
Մի օր անժառանգ ընկնում է մեռնում,
Գահն ու աշխարքը մընամ են անտեր։
Ժողովք են կանչում երկրի մեծերին։
Ժողովք են գալի, խորհուրդ են անում,

Բերում են իրենց խելոք նազիրին
Առքով ու փառքով թագավոր դընում,
Ու մեր գյուղացին լըսում է մի օր՝
Դարձել է իրեն որդին թագավոր։
Գալիս է. Որդի՛ս, էլ ի՞նչդ է պակաս,

Ամբողջ աշխարքում մի դու ես, որ կաս...
Փառք աստծու, հայրիկ, ունեմ թագ ու գահ,
Բայց ի՞նչ անես որ... էսպես չի մընա...

Գընում է հայրը։ Տարիք են անցնում։
Իր գահին բազմած ինքնակալը նոր

Մահվան ու կյանքի վճիռ է անում՝
Բուռը հավաքած աշխարքը բոլոր։
Բուռըդ հավաքի աշխարքը թեկուզ,
Թողնելու ես ողջ դարձյալ աշխարքին։
Մեր թագավորն էլ մի անգամ էսպես

Մահիճ է ընկնում, ավանդում հոգին։

Լըսում է ծերուկ հայրը մի օր էլ,
Որ իր թագավոր որդին չըմնաց։
Ի՞նչ ասել կուզի գալիս է վըրեն,
Էլ ի՜նչ մըղկըտոց, էլ ի՜նչ սուգ ու լաց...

Զորքով, աշխարքով, ծեսով, հանդեսով
Արքային վայել թաղում են անում,
Ու վեր են կենում՝ զըրույց անելով
Ամենքը իրենց տըներն են գնում։
Տարիք են անցնում։ Հայրը մի անգամ

Գալիս է որդու շիրիմի վրա։
Գալիս է, տեսնում՝ մարմար մահարձան,
Բայց վըրեն գրած... «Էսպես չի մընա...»։

Գընում է հայրը։ Տարիք են անցել.
Ո՞վ կարա մեզնից հաշիվն իմանա...

Էն օրից էսօր անվերջ, դարեդար
Զրույցն ասում է «Էսպես չի մընա...»
Ու չըկա շըքեղ արձանն արքայի,
Ոչ նրա քաղաքն աշխարքի վըրա,
Մերն է աշխարքը ու կյանքը հիմի,

Բայց մեր աշխարքն էլ... էսպես չի մընա..

1908

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Колыбельная
Александр Спендиарян

Колыбельная

Фигура женщины. Печаль
Фигура женщины. Печаль
Играть онлайн