Оганес Туманян

Բզեզի դպրոցը

Վարպետ Բըզեզն ամռան մի օր
Դըպրոց բացեց մեծ ծառի տակ
Ու հավաքեց թիթեռ, ճանճ, բոռ,
Մըժեղ, մըրջյուն, մըլակ, մոծակ...

Գիտե՞ք, ասավ, իմ փոքրիկներ,
Պիտի սովրեք, սովրեք անվերջ,
Որ իմանաք ինչ է ձեզ պետք,
Ինչ կա ձեր շուրջն ու կյանքի մեջ։

Պիտի սովրեք, սովրեք էնքան,

Մինչև դառնաք ինձ պես վարպետ։
Դե նըստեցեք հիմի հանդարտ,
Ինչ որ կասեմ՝ կըրկնեք ինձ հետ։

Ա. Անթառամ, Բ. Բարձմենակ.
Գ. Գաղտիկուռ, Դ. Դըդում...

Է՜յ, դու մորե՜խ, դեսն ականջ դիր,
Ի՞նչ ես էդտեղ կըտըրտում։

Ե. Երիցուկ, Զ. Զանազան,
Է. էշխըրտուկ, Ը. Ընկուզ...
Մի՛ աղմըկեք, հանաք հո չի՞.

Թիթե՛ռ, հանգի՛ստ, մոծակ, սո՛ւս։

Մի՛ խառնըվեք, չեմ սիրում ես
Էդպես աղմուկ, աղաղակ։
Թ. Թըրթընջուկ, Ժ. Ժախ ու բոխ,
Ի. Իշառվույտ, Լ. Լեղակ։

Խ. Խընձորուկ, Ծ. Ծիրան,
Կ. Կըռոթուկ, Հ. Հաղարջ...
― Տե՛ս, վարժապետ, էս մըլակին,
Ինձ ասում է՝ սարի արջ։

Ա՛յ տղա, է՜յ, չեն հայհոյիլ։

Տըզզան հիմար անասուն...
Ձ. Ձըմերուկ, Ղ. Ղանձլամեր,
Ճ. Ճարճատուկ, Մ. Մասուր։

Դու, է՜յ ծըղրիդ, ո՞նց ես նըստել.
Գըլուխդ ետ, մեջքըդ դուրս։

Յ. Յունապի, Ն. Նունուֆար,
Շ. Շագանակ, Ո. Ողկույզ։

Վա՜յ, էս ինչե՜ր կան՝ դասերում.
Ողկույզը ես շատ եմ սիրում...
Իսկ ես կաղամբ կուտե՜մ, կուտե՜մ...

Իսկ ես՝ ծիրան... իսկ ես՝ կոտեմ...

Ձեզ չեն հարցնում՝ ի՛նչ կուտեք դուք
Քընաթաթախ՝ առտեհան։
Չ. Չինարի, Պ. Պատատուկ
Ջ. Ջըրկոտեմ, Ռ. Ռեհան։

Ս. Սերկևիլ, Վ. Վարդենի,
Տ. Տերեփուկ, Ց․ Ցաքի...
Ո՜ւհ, մարդ քարից պիտի լինի,
Ձեր մեջ գըլուխ կըճաքի։

Փ. Փըրփըրրուկ. Ք. Քարասոխ,

Օ. Օֆ, պըրծանք վերջապես...
Դե գնացեք, վաղը կգաք
Անգիր արած ջըրի պես։

Ու հավաքած թիթեռ, ճանճ, բոռ,
Մըժեղ, մըրջյուն, մըլակ, մոծակ,

Վարպետ Բըզեզն՝ ամառն էսպես
Դաս էր տալիս մի ծառի տակ։

1911
Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Колыбельная для мамы
Элен Йолчян

Колыбельная для мамы

Египетские маски
Египетские маски
Играть онлайн