Аветик Исаакян
Մենակի (Ե․ Առստամյան) նվիրական ստվերին
Բոցիկու սարին սև ամպն է չոքեր.
Հովն է հեծեծեւմ Բասենա դաշտում. –
Ոսկի երգերըդ, իմ ազի՛զ ընկեր,
Էն հովն է երգում Բասենա դաշտում:
Ա˜յ, սիրո՛ւն արտուտ լալազար գարնան,
Արազի դաշտից Մինչ Խլա՛թ ու Մո՛ւշ
Դուն թըռչում էիր սիրտըդ վառ – վառման
Գովքն ազատության երգելով անո՛ւշ:
Քաջ ընկերներով կըռիվ սըլացար –
Ազատ երգերով Արազի դաշտում.
Նամարդ թշնամուն զարկիր, զարկվեցար –
Ընկերներիդ հետ Բասենա դաշտում:
Ու ժողովուրդը կարոտ քու սիրուն
Բասենա դաշտից մինչ Խլաթ ու Մուշ
Երգում են անվերջ երգերըդ սիրուն,
Ու չեն մոռանում երգերըդ անո՛ւշ …
Ա˜խ, սուրբ վերքերով ընկերներիդ հետ
Արնոտ հողի տակ անո՛ւշ քնեցիր.
Թո՛ղ ծանր չըգա այն հողը վըրեդ,
Որն այնպես հըզոր, անհո՛ւն սիրեցիր …
Բոցիկու սարին սև ամպն է չոքեր,
Հովն է հեծեծում Բասենա դաշտում.
Անո՛ւշ երգերըդ, իմ ազի՛զ ընկեր, -
Էն հովն է երգում Բասենա դաշտում …
1905