Аршак Чопанян

Երգ հարության

Ահա կտեսնեմ ողկույզներն ոսկի` արփվույն տակ զվարթ,
Տերևներուն կանանչին մեջ ծիծաղով մը լուսեղ
Ծաղկած բարի շոյանքին ներքև սյուքին խանդակաթ:
Ձեռքեր, ձեռքեր կու գան, բիրտ, կտրել գլուխներն այդ անմեղ
Եվ կտանին հնձանին մեջ նետել, դե՛զ ողբական,
Ու գարշապարն անողորմ դահիճներուն մոլեգին
Կջախջախե ողկույզնե՛րը լի հույզով սրբազան:
Բայց կտտամահ դիակեն կենսածորան պտուղին
Կվերածնի խաղողին հոգին, հզոր ավելի,
Գինիին մեջ հրաբորբոք: Ու կտեսնեմ` հեղապար
Ահա հովուն տակ կօրորվի օրհնանքով ու սիրով լի
Խարտիշագեղ հասկերուն վետվետուն ծովը պայծառ.
Կշողա սուր մանգաղին կապույտ փայլակը ցրտին,
Ու հասկերուն կթափին վառ գլուխներն անջատված,
Ու կալին մեջ կամնըված, երախին մեջ ջաղացքին
Փշրվելով կդառնան փոշի անշարժ ու մեռած:
Բայց մանրամաղ նշխարեն նահատակված հասկերուն
Կվերածնի ցորենին հոգին, վեհաձն ավելի,
Կենսապարգև Հացին մեջ: Ու հիմա քեզ, ո՜վ դժգույն
Անուշ Քրիստոս, կտեսնեմ խաչիդ վրա պաշտելի.
Քու մեծ հոգիդ անարատ, ինչպես ծաղիկ մ’անպատում,
Կկանգներ լույսն իր խաղաղ` պիղծ ճահիճին վրա կյանքին:
Ցցվեցավ ձեռքը քանդիչ` ճակտիդ վրա վեհ ու տրտում,
Բռնեց վզեդ ու քաշեց տարավ քեզ բկուրը մթին
Ու քեզ փայտին վրա գամեց: Բայց կենազրավ դու մարմնեդ
Ու փրկագործ, վերածնավ, կյանքով մը վառ ա՛լ հավետ,
Հոգիդ, գինին գերագույն, գերագույն Հա՛ցը մարդոց:
Այսպես և դուն, ա՛զգ Հաոց, նահատակմամբ մը վսեմ
Խորհրդավոր` մեծությամբ իր տարօրեն, սև թաթին
Ներքև Չարին, դարերե ի վեր, բախտով մը դժխեմ,
Բզիկ-բզիկ հոշոտված, կչարչարվիս ցավագին,
Ներբանին տակ Բռնության կճմլըվիս անխնա,
Կոգեվարիս համրորեն` գամված խաչի մը վայրագ…
Բայց մոտ է օրն հայության, քու բյուրախոց, արյունլվա,
Դառնակոշկոճ մարմինեդ, Արևելքին վրա համակ
Խավարապատ, փրկությանն համար զոհին ու դահճին,
Պիտի բխին նորոգիչ Ազատության գինին հուր,
Արդարության հացը սուրբ, և լուսափաղփ զերթ արփին`
Եղբայրության վեհանուշ ճաճանչն երիցըս մաքուր:

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Новый цветок
Элен Йолчян

Новый цветок

Весной 1900 г.
Весной 1900 г.
Играть онлайн