Александр Ширванзаде

Մարուքը և Սարուկը

Այն չէ կարևորը, թե որտեղ է պատահել դեպքը, այլ այն, թե ինչ է պատահել և ինչպես։

Մարուքն ու Սարուկը հարազատ եղբայրներ էին։ Մեկը քսան տարեկան էր, մյուսը՝ տասնյոթ տարեկան։ Մարուքը գրաշար էր տեղական մի տպարանում, Սարուկը գործակատար էր կաշեվաճառքի խանութում։ Երկուսն էլ իրենց այրի մորը պատվում էին, սիրում ու պահպանում հավասար ուժով։ Երկուսն էլ տակավին առողջ էին, կենսախինդ ու զվարթ, այն տարբերությամբ, որ Մարուքը մի փոքր նիհար էր, գուցե իր դաժան արհեստի շնորհիվ։

Կլանելով գրեթե համայն աշխարհի ուշքն ու միտքը, պատերազմը, հարկավ, հետաքրքրեց և Մարուքին ու Սարուկին։ Ամեն երեկո գրաշարը, տուն վերադառնալով, հետը բերում էր որևէ հայ լրագիր, կարդում էր բարձրաձայն մոր ու եղբոր համար և յուրովի բացատրում անհասկանալի կետերը։ Առանձին ոգևորությամբ նա կարդում էր պատերազմի առաջին հերոսների քաջագործությունների մասին։ Այդ միջոցներին նրա ձայնը հաճախ հուզմունքից ընդհատվում էր կոկորդում, սևորակ աչքերը վառվում էին ածուխի պես և մրոտ ձեռքերը դողում էին։

Մայրը կամ հառաչում էր, կամ լալիս. նայելով, թե հերոսն անվտանգ է ազատվել, թե սպանվել է։ Գալով Սարուկին, լսում էր լուռ, առանց մի բառ արտասանելու, միայն բարկանալով, երբ Մարուքը այս կամ այն պատճառով ընդհատում էր ընթերցումը։

Մայրը նկատում էր, որ քանի իր զավակները շատ են կարդում պատերազմական հերոսությունների մասին, այնքան ավելի լուռ ու մտազբաղ են դառնում։ Հոգու խորքում զգում էր, որ այդ բոլորը վերջ ի վերջո նրա գլխին մի փորձանք են բերելու։ Բայց չէր բողոքում, վասնզի ինքն էլ արդեն հափշտակվել էր պատերազմի նկարագրություններով։

Մի երեկո Մարուքը, տուն վերադառնալով, հայտնեց մորն ու եղբորը, թե վճռել է մի քանի ընկերների հետ գնալ պատերազմի դաշտը իբրև կամավոր։

Մայրը նախ ցնցվեց, ապա սկսեց լաց լինել, այնուհետև աղերսեց, որ Մարուքը այդ տեսակ հիմարություն չանե և հանգիստ տանը նստե։ Ոչինչ չօգնեց։ Մարուքը պնդեց, թե պետք է անպատճառ գնա, թե ոչ ոք և ոչինչ չէ կարող նրան հետ կանգնեցնել իր վճռից։

Դու չես գնալ պատերազմ, ասաց հանկարծ Սարուկը, որ երկար ժամանակ լուռ էր։

Ինչո՞ւ, հարցրեց Մարուքը հեգնական ժպիտով։

Որովհետև ես եմ վճռել գնալու։ Քեզանից շատ առաջ։

Ուրեմն դուք ուզում եք ինձ կենդանի-կենդանի գերեզման ուղարկել, գոչեց խեղճ այրին հուսահատությամբ։

Մարուքն աշխատեց համոզել Սարուկին թողնել իր «երեխայական» մտադրությունը, քանի որ ինքն արդեն պայմանավորվել է իր ընկերների հետ։ Սարուկն ընդդիմացավ, ասելով, որ ինքն արդեն գրվել է «ուր հարկն է»։

Ոչ մեկին ձեզանից չեմ թողնի գնալու, գոչեց այրին, ոչ մեկին։ Որ խեղդեք, սպանեք, չեմ թողնի։

Ես պետք է գնամ, գոչեց Մարուքը դրականորեն։

Ես էլ պետք է գնամ, գոչեց Սարուկն ավելի դրականորեն։

Թախանձանք, աղերսանք, արցունք, սպառնալիք հուսահատ մոր կողմից ոչինչ չազդեց ոչ մի և ոչ մյուս զավակի վյրա։ Այն ժամանակ այրին ճարահատյալ համաձայնվեց մեկին թույլ տալ գնալու, մյուսին՝ ոչ։

Մարուքն ասաց, թե Սարուկը կմնա տանը որպես կրտսեր։ Սարուկն ասաց, թե Մարուքը կմնա տանը, որպես մեծ։

Ես քեղանից ավելի առողջ եմ, ավելացրեց նա, դու չես կարող դիմանալ պատերազմի դժվարություններին։

Ես քեզանից մեծ եմ, ավելի փորձված, ասաց Մարուքը, դու դեռ երեխա ես։

Վեճը շարունակվեց մոտ երկու շաբաթ, ամեն երեկո։ Երբեմն եղբայրները միմյանց համոզելու համար պատրաստ էին դիմել բռունցքի օգնության։ Այսպես, մի անգամ Մարուքն այնպես կատաղեց, որ Սարուկի կրծքին զարկելով, գցեց նրան հատակի վրա։ Վայրկենաբար Սարուկը ոտքի թռավ վագրի ձագի պես և հարձակվեց Մարուքի վրա։ Մայրը մի կերպ բաժանեց նրանց, ընկնելով Սարուկի ոտքերի տակ։

Տեսնելով, որ ինքն անզոր է հաշտություն գցելու զավակների մեջ, այրին օգնության կանչեց ազգականներին ու հարևաններին։ Այդ էլ չօգնեց։ Քանի Մարուքն ու Սարուկը շատ էին վիճում, այնքան յուրաքանչյուրը նրանցից ավելի ու ավելի էր համառում։

Վերջապես մի երեկո Մարուքը առաջարկեց վեճը վճռել հետևյալ միջոցով։ Թող երկուսն էլ ցույց տան իրենց դիմացկունությունը ու քաջության չափը, ով նրանցից ավելի թույլ գտնվի, թող նա մնա տանը, իսկ մյուսը գնա պատերազմ։

Շատ լավ, ես համաձայն եմ, ասաց Սարուկը գրգռված։

Խոսք տալի՞ս ես, որ կհպատակվես և էլ չես հակառակի, հարցրեց Մարուքը:

Տալիս եմ։

Երդվիր հայրիկի գերեզմանով։

Երդվում եմ մայրիկի անունով։

Երդվիր հայրիկի գերեզմանով։

Երդվում եմ հայրիկի գերեզմանով։

Բայց ինչպե՞ս փորձենք մեր քաջությունը սենյակի մեջ։

Իսկույն կասեմ։ Մայրիկ, խնդրում եմ հեռանալ այստեղից։

Այրին վախեցավ։ Նա կարծեց, թե երկու եղբայր պիտի կռվեն զենքերով, որովհետև երկուսն էլ արդեն մի-մի ռևոլվեր էին ձեռք բերել։

Չէ, ասաց նա, ես այստեղից չեմ հեռանա։ Ինչ որ անելու եք, իմ մոտ արեք։

Կարելի է, համաձայնվեց Մարուքը, բայց հաստատ խոսք տուր, որ զահլես չես տանի քո լաց ու կոծով կամ գոռում-գոչյուններով։

Ուրեմն, դուք պիտի...

Ո՛չ, մի՛ վախենար, չենք կռվելու։ Խոսք տալի՞ս ես, որ կհամբերես մինչև վերջը։

Լավ։

Տես, չխաբես, մայրիկ, պատվի խնդիր կա մեջտեղ։ Դու ես լինելու մեր դատավորը։

Լավ։

Մարուքը վառեց երկու մոմ և դրեց սեղանի վրա։ Ապա դառնալով եղբորն ասաց.

Լսի՛ր, երբ ես կասեմ «մեկ, երկու, երեք» ձախ ձեռիդ ձագ և անանուն մատներն իսկույն կբռնես այդ մոմի բոցի վրա։ Ուղիղ բոցի վրա, լսո՞ւմ ես։ Ես իմ մատները կբռնեմ ահա այս մոմի բոցի վրա։ Թող այրեն մեր մատները և ով ավելի թույլ գտնվի կամ ետ քաշելով մատները կամ նույնիսկ որևէ խոսքով կամ հնչյունով, ախ ու վախով արտահայտի իր ցավը, նա մնա տանը, իսկ մյուսը գնա պատերազմ։ Համաձա՞յն ես։

Համաձայն եմ, գոչեց Սարուկն ուրախանալով, վերջապես, որ խնդիրը լուծվում է։

Աման, աղաղակեց մայրը, ոտքի թռչելով, մի՛ արեք այդ գժությունը, ես այդ չեմ թողնի։

Մայրիկ, գռռաց Մարուքը, տեսնո՞ւմ ես այդ ռևոլվերը։ Լռիր ու տեղդ նստիր։

Այրին գունատ, դողալով նստեց իր տեղը։

Սկսում եմ, ասաց Մարուքը հանդիսավոր, մեկ երկու, երեք...

Անմիջապես երկու եղբայրների ձախ ձեռքերի ձագ և անանուն մատները բարձրացան բոցերի վրա:

Այրին հազիվ զսպեց իրեն՝ որպեսզի չճչա օձից խայթվածի պես։

Բոցերը բաժանվեցին երկու հավասար մասերի և նրանց դեղնագույն լեզվակները սողալով վեր, փաթաթվեցին Մարուքի և Սարուկի մատներին օղակների պես։

Առաջին վայրկյանին երկուսն էլ ժպտացին այն տարօրինակ ժպիտով, որ հատուկ էր կախաղանից չերկնչող դատապարտյալին։ Նրանք իրենց սևորակ աչքերը հառեցին միմյանց երեսին, որպես իրարու վրա հարձակվելու պատրաստ վագրեր։ Ապա նրանց դեմքերն ստացան լուրջ, խորհրդավոր արտահայտություն։

Սկզբում նրանց մատները սևացան մուրից, ապա կամաց-կամաց սկսեցին կարմրել։ Երկուսի դեմքերն էլ գունատվեցին, որովհետև ցավն արդեն զգալի էր։

Մայրը նայում էր լուռ, անշարժ՝ ինչպես արձան, գունատ՝ ինչպես դիակ։

Սոսկալի էր նայել խորին լռության մեջ անշուք սենյակի կիսախավարի մեջ այդ երեք կերպարանքներին, որոնց անշարժությունը լռության հետ ուրվականների տպավորություն էին գործում։

Զավակները գերբնական ճիգն էին անում խեղդելու իրենց մարմնավոր ցավը, մայրը ճգնում էր զսպելով հոգեկան տանջանքը։

Հանկարծ լսվեց մի սուր ճիչ, և այրիի անշունչ դիակը փռվեց հատակի վրա։

Սարուկը անշարժ էր, նրա աչքերը շարունակ հառած էին եղբոր երեսին։

Բավական է, գոչեց Մարուքը, ետ քաշելով բոցից սևացած, կարմրած մատները, որոնց միսն արդեն խորովվել էր, դու ինձ հաղթեցիր։

Եվ նա սկսեց ուշքի բերել մորը։

Մյուս օրը նա համբուրելով Սարուկին ճանապարհ դրեց դեպի պատերազմ։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Ария и Токката для скрипки и фортепиано
Лазарос Сарьян

Ария и Токката для скрипки и фортепиано