Մեծ արագությունների երկիր չէ Հայաստանը։ Արագությունը փոքրացնում է երկիրը։ Հանդարտ ընթացքի դեպքում Հայաստանը մեծ հայրենիք է։ Հայաստանը ինքը հանդարտ ընթացք է թելադրում։ Հայաստանը իր խորությամբ է երկիր։ Հայաստանը մանրամասն սիրելու հայրենիք է և այդպես մանրամասն սիրելու դեպքում մեկ չէ՝ տասը կյանք էլ չես սպառի։ Միայն թե շտապելու հարկ չկա։ Առավել ևս համեմատելու կարիք չկա։
…Կյանքը մեր ուզածով չեղավ, ու առուփախի հրապարակում ապշած մնացինք։ Հետո ցավից երկու տակ եղանք, հետո քունքներս ճերմակեցին մի գիշերվա մեջ, բերաններս դառն իմաստնությամբ ծամածռվեցին, ընդոստ շտկվեցինք, որ չտրորեն, – այսպես դարձանք հուսահատության քարե արձան. իրանը՝ ձիգ, գլուխը՝ բարձր, ձեռքերը՝ ծոցը, որ մաքուր մնան։
Արարողություններից զուրկ հայ կյանքում խաշ ուտելը միակ ամբողջական արարողությունն է, որ կապված չէ հուղարկավորության, ցեղասպանության և այլ արհավիրքների հետ։
Անկախ այն բանից՝ օրը ուշ կմթնի, թե շուտ կլուսանա, անկախ այն բանից՝ լուսինը կբոլորի, թե ոչ, ժամանակի հոգեմաշ ընթացք կոտորակող արհեստական շեշտեր են հարկավոր։ Օրը՝ առաջին բաժակ սուրճից հետո, շաբաթ օրը՝ կիրակիից առաջ, թեթև երեքշաբթին՝ ծանր երկուշաբթի օրվանից հետո…
Երկրի ձգողականությունը բավարար է մարդուս կանգուն պահելու համար, բայց բավարար չէ հոգեկան հավասարակշռությունը պահպանելու համար՝ ժամանակի անբեկբեկ ընթացքի մեջ։ Մարդը չի կարող ժամանակի ձյութե հոսքի մեջ լռած հոսել ու ծեփվել տիեզերքի անհունությանը։
Չգոյության հակառակը չի կարող տառապանքը լինել։ Ոչ ոք իր կամքով չի եկել այս աշխարհ անգոյությունից, և ուրեմն կյանքը չի կարող պատիժ լինել, որովհետև պատիժ չի հասնում անմեղին։ Ոչ ոք իր կամքով չի եկել, հետևաբար, նրա համար չի եկել, որ գնալը լինի ցավագնորեն գիտակցելի։
Քո կծուլեզու ներկայությունը նրանց հանգիստը թունավորում է, որովհետև ամեն մեկը հացի հարց ունի, որ լուծում է կակազելով, գիրկապ անելով, նաև համրությամբ՝ ամեն օր ու ամեն ժամ, բայց առավել անտանելին քո հեգնաժպիտ ներկայությունն է, նույնն է թե՝ առանձնությունը։ Իրենք՝ նախիրով, իրենք ոհմակով լինելով՝ էլի անապահով են, դու, ախր, դու էդ ինչի՞ տեր ես, որ ինքդ քեզ այդքան հերիք ես։