Որևէ երկրի հզորության չափանիշը իր ֆինանսներն են, որոնք սերտ կապված են ժողովուրդի հաջող կերպով տուրքադրելու հետ: Ինչպես կովին չի կարելի մեկ պտուկեն կթել, մնացյալը թողնել, այնպես ալ չի կարելի տուրքադրման որևէ օբյեկտ անտեսել՝ այդ այտուցներ ու խանգարումներ առաջ կբերե ժողովրդական ստինքին մեջ: Քաշել, ծծել ժողովրդական բոլոր ռեսուրսները. ահա այս է եղած մեզ ղեկավարող սկզբունքը, որն անհողդողդ կիրառել է մեր կառավարությունը:
Դիակնե՛ր, դիակնե՛ր, ո՜վ սարսափ։ Ամենայն գիշեր պառկելես առաջ այսպես կաղոթեմ։ -Աստվա՛ծ, թեթև մը շարժե սա երկիրը, թող երկրաշարժ ըլլա։ Մոսուլը թեքե իր տակը ու նավթը երթա ամայի անապատ մը, Սահարային տակը լեցվի, ուր ոչ մեկ պզտիկ ազգ կա։ Բավական է, տե՛ր, կըսեմ, ափ մը նավթի համար ինչո՞ւ կվառես սա թշվառ ժողովուրդները... ամե՜ն։
Մենք այս իշխանության տակ ապրելով անանկ մեծ դժբախտության մեջ ենք ինկեր, որ մնացյալ համայնական թշվառություններն` երկրաշարժ, սով, պատերազմ, հրդեհ, եթե երջանկություն չեն` չեն ալ վախեցներ մեզի։
Հազար ձևի աստվածներ կան, չգիտես ո՞ւմ երկրպագես։ Միակ ընդհանուրն այն է նրանցում, որ բոլորն էլ միատեսակ փառք են պահանջում։ Դու «փառքը» բերանումդ՝ պատրաստ կեցիր, աստվածները մեկ-մեկ կգան, կփառավորվեն կերթան...
...հեշտ են կատարվում մեզ մոտ բոլոր տեսակի ընտրությունները։ Ինչպես վարժ վիրահատը հանում է կույր աղիքն առանց նեղություն տալու հիվանդին, այնպես էլ մեր կառավարությունը կույր աղիքը պատվաստում է ժողովրդին, առանց ընտրողին ու ընտրվողին որևէ ցավ պատճառելու։
Այսօր խոսակիցս սաստիկ կզարմանար, որ ասանկ աղքատ երկրի մը մեջ, ուր անգործություն միայն կա, ավազակություն չի պատահեր։ – Հանգի՛ստ եղիր, – ըսի, – այդ դերը պետությունն է վերցուցեր իր վրան ու կտանե ավելի ծրագրված, քան պարտիզան ավազակը։
Ինծի մնա, չարժե մեռնիլ ոչ մեկ գաղափարի համար։ Վասնզի ամենեն մեծ գաղափարը բուն կյանքն ինքն է։ Ու կյանքեն մեծ գաղափար մը տիեզերքը չի ծնած տակավին։
Թուրքական կոտորածները իրենց բնույթով տարբեր են բոլշևիկյան կոտորածներից: Առաջինները կոտորելիս ստից մեղադրանք են ներկայացնում իրենց զոհերին, իսկ բոլշևիկների կոտորածների մեջ ոչ մի տենդենց չկա, նրանք կոտորում են մարդկանց «արվեստը արվեստի համար» նշանաբանով...
Այն մարդիկ, որոնք իրենց կյանքում միայն չարիք են գործել, ինչ քաշով աշխարհ են մտնում, նույն քաշով էլ աշխարհից հեռանում են։ Այսինքն, մեռնում են հարյուր տոկոսով։ Կան դրան հակառակ մեռնողներ էլ, որոնք ավազի վրա հոսող առվակի նման ճանապարհին ամբողջովին ծծվում են շրջապատից, և համարյա ոչինչ չի մնում նրանից գերեզման դրվելու համար։
Այն կրոնը,որ Աստված է փնտրում ու չի գտնում,բանական է,բնական է ու մարդու էությունից է բխում: Այն կրոնը,որը գտել է իր Աստվածը ու սկսում է պաշտել նրան,դա կռապաշտություն է:
Հայերը զարմանալի բազմածին ազգ մը եղած են, օրական միջին թվով ծնած են մեկ մանուկ, երկու միություն և կուսակցություն։
Ինչպես կատուները փուչ ընկույզի հետ ավելի երկար են խաղում՝ քան լիքի, այնպես էլ կառավարությունն ամիսներով ռեկլամում ու թմբկահարում է այն ընտրությունները, որոնք ժողովրդի սրտին ոչինչ չեն ասում, ավելորդ են, նվաստացուցիչ և անբովանդակ։
Դեմոկրատական ներկա դարում ատոմային ռումբը ազատ ընտրությունն է և ոչ թե զենքը։
Կարո՞ղ է հանցագործությունը վերանալ այն երկրից, որտեղ մեղավորը... դատավորն է։
Լինի հանրապետություն, լինի միապետություն, երբ յուրաքանչյուր ոք իրավունք չունի իր բախտը տնօրինել իր ուզածին պես՝ դա բռնապետություն է։