Վանո Սմբատի Սիրադեղյան (անձնագրով՝ Վանիկ Սիրադեղյան, նոյեմբերի 13, 1946, Կոթիգեղ, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 15, 2021), Հայաստանի պետական, կուսակցական գործիչ, գրող, հրապարակախոս։ Հայաստանի անկախության առաջին տասնամյակում զբաղեցրել է Հայաստանի պետական առանցքային պաշտոններ։ 1990-ական թվականներին եղել է Հայաստանի իշխանության եկած Հայոց Համազգային շարժման (ՀՀՇ) առաջնորդներից։
Վանո Սիրադեղյանը Հայաստանի պատմության մեջ մտել է որպես հակասական կերպար. ոմանց համար նա տարբեր հանցագործություններ կատարած անձ էր, մյուսների համար՝ փայլուն քաղաքական վերլուծաբան և Հայաստանի լավագույն արձակագիր։ Նրա անունը կապվում է մի շարք քաղաքական սպանություննների, հետապնդումների, պետական միջոցները յուրացնելու, պաշտոնական դիրքը չարաշահելու հետ։ Մինչև մահը գտնվել է միջազգային հետախուզման մեջ։
Կենսագրություն
1966-1969 թվականներին Վանո Սիրադեղյանը ծառայել է ԽՍՀՄ բանակում։ 1974 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Աշխատել է մի շարք պարբերականներում։ 1982 թվականին դարձել է «Դրուժբա նարոդով» ամսագրի մրցանակակիր։ 1988 թվականից անդամակցել է նորաստեղծ Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցությանը։ Նույն թվականին անդամագրվել է «Ղարաբաղ կոմիտեին»՝ աստիճանաբար դառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի ակտիվ դերակատարներից։ Նույն թվականի դեկտեմբերին խորհրդային իրավապահ մարմինների կողմից կոմիտեի մի շարք անդամների հետ ձերբակալվել և բանտարկվել է մինչև 1989 թվականի մայիսը։ 1990-1991 թվականներին աշխատել է որպես Հայաստանի անտառտնտեսության վարչության պետ, գրեթե միաժամանակ՝ 1990-1992 թվականներին եղել է Հայաստանի գերագույն խորհրդի պատգամավոր թիվ 13 ընտրատարածքից։ 1991-1992 թվականներին աշխատել է որպես Հայաստանի նախագահի ներքին քաղաքականության և սոցիալական հարցերի խորհրդական։ 1992-1997 թվականներին եղել է Հայաստանի Ներքին գործերի նախարար, 1997-1998 թվականներին՝ Երևանի քաղաքապետ, գրեթե միաժամանակ՝ 1997-1999 թվականներին, ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր թիվ 13 ընտրատարածքից։ 1999 թվականի մայիսի 30-ին կրկին ընտրվել է Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր արդեն թիվ 75 ընտրատարածքից։ Հանդիսացել է Հայաստանի Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
Վանո Սիրադեղյանը ՀՀՇ կուսակցության անդամ է եղել․ 1990-1992 թվականներին և 1997-2000 ղեկավարել է կուսակցության վարչությունը։
Վանո Սիրադեղյանի անձը կապվում է բազմաթիվ քրեական հանցագործությունների կազմակերպման և իրագործման հետ, ինչի համար էլ նրա նկատմամբ Հայաստանի իրավապահ մարմինները միջազգային հետախուզում են հայտարարել։
Ըստ Վանո Սիրադեղյանի ընտանիքի տրամադրած տվյալների նա մահացել է 2021 թվականի հոկտեմբերի 15-ին։
Ընտանիք
Վանո Սիրադեղյանն ամուսնացած էր, ուներ 5 երեխա, թոռներ։ Կինը՝ Ռուզաննա Տոնոյանը, Երևանի Խնկո Ապոր մանկական գրադարանի տնօրենն է։