Մուրացան

Հասարակաց որդեգիրը

Ա

Մութն արդեն կոխել էր, երբ Գուստավի արհեստանոցի մեջ շոգեմեքենան սուլեց։ Դա նշան էր, որ աշխատանքը դադարում Է: Մի քանի րոպեի մեջ գործավորներն իրենց գործիքները տեղավորեցին և խառնաշփոթ աղաղակներով դուրս թափվեցան արհեստանոցի բակը։ Նոցանից մաքրասերներն իսկույն զբաղվեցան իրենց հագուստների փոշին մաքրելով, ուրիշներն սկսան լվացվիլ արհեստանոցի բակում շինված ավազանի մեջ, իսկ մի քանի անհոգներ դեռ շարունակում էին իրենց տաք վիճաբանությունը, որն սկսվել էր արհեստանոցի մեջ։

Շառլ Գուստավի գործարանում անխտիր բանում էին թե՛ ռուս, թե՛ հայ և թե՛ վրացի երիտասարդներ։ Նոքա, ճշմարիտը խոստովանած, վարվում էին միմյանց հետ հաշտ և բարեկամաբար։ Բայց այդ, իհարկե, ծերունի Գուստավի շնորհիվն էր, որը աշխատանքները բաժանելու մեջ երբեք հավասարակշռությունը ձեռքից չէր թողնում։ Իսկ եթե նա երբեմն, իրենից անկախ պատճառներով, սխալներ էր գործում, այդ ժամանակ, իհարկե, յուր գործավորների միմյանց հետ ունեցած հարաբերությունը շատ էլ գովելի չէր լինում։ Եվ շատ բնական էր, որ փոքրիկ վիճաբանություններին հաջորդեին փոքրիկ հայհոյանքներ, իսկ այս վերջիններին` փոքրիկ կռիվներ։ Որքան այդ բանն անհաճո լիներ ծերունի Գուստավին, այսուամենայնիվ նա չէր կարող յուր գործարանը բարոյականության դպրոց դարձնել կովկասցի կիսավայրենիների համար։ Հենց այս երեկո էլ քիչ էր մնացել որ ծերուհի Գուստավը մի մեծ կռիվ գցեր յուր գործավորների մեջ, եթե յուր դուստրը օգնության չհասներ իրեն։

Պատճառը ես իսկույն կասեմ։

Գործարանի մեջ աշխատանքը դադարելուց ետ, երբ գործավորները բակը ժողովվեցան, պարոն Գուստավը հայտնեց նորանց, որ գործարանի մեջ նույն օրն ավարտած չորս հատ երկաթե վանդակները պետք է հասցնվի պատվիրող պարոն Սոմարյանցի տունը։ Այս հայտնությունից ետ մի քանի րոպե լռություն տիրեց ամբողջ բակի մեջ և ոչ ոք չէր կամենում ձայն հանել, որովհետև վախենում էր, որ այդ ծանրությունը յուր վերա կբարձեն։


Ինչո՞ւ եք լռում, վերջապես ձայն տվավ Գուստավը, ձեզանից մեկն անպատճառ պետք է այդ վանդակները հասցնե պատվիրողի տունը, որովհետև խոստացել եմ։

Թող Վալուշկինը տանե, հերթը նորանն է, խմբի միջից ձայն տվավ մի գործավոր։


Ինչու՞ համար դու ինքդ չես տանում, հիմար, գոռաց բարկությամբ Վալուշկինը։

Հիմարը դուն ես, ես շաբաթ օրը իմ հերթը վերջացրի։

Մի՛ կռվեք. հերթը Կոլլակովինն է, ձայն տվավ մի ուրիշը։

Կուլակովը գործարանի մշակ չէ՞ խո, խռպոտ ձայնով գոչեց վերջինս։ Երեկ չէր, որ ես ձողերը երկաթուղին տարա։ Շաբաթը խո տասն անգամ չպետք է իմ հերթը հասնի։

Ուրեմն Կամարիձեն պետք է տանի, լսելի արավ յուր ձայնը մի ուրիշը:

Իմ ոտքը ցավում է, ես չեմ կարող, պատասխանեց Կամարիձեն և ապա՝ «Ինչո՞ւ այս հայերը չեն տանում, իրենց հայն է պատվիրողն» ասելով հեռացավ դեպի բակի մի խավար անկյունը։

Այո՛, այո՛, այս հայերը պետք է տանեն, իրենց հայն է պատվիրողը, աղաղակեցին իսկույն մի քանի հոգի։ Այդ ի՞նչ հիմարություն է, խոսեց խմբի միջից մի առողջակազմ հայ երիտաասարդ, եթե հայի պատվիրածն անպատճառ հայ գործավորը տանե, դուք` ռուս և վրացի գործավորներդ պետք է երբեք ոչինչ չտանեք, որովհետև ձեր ազգակիցնները մեր գորածարանին գրեթե պատվերներ չեն տալիս, ըստ որում ո՛չ փող ունին, ո՛չ կարիք:

Պարթոննե՛ր, ինչու՞ համար եք վիճում, թողեք ինձ ես այդ խնդիրը կլուծեմ, լսվեցավ մի կանացի ձայն գործարանի վերնահարկի պատշկամբից:

Դա պարոն Գուստավի աղջկա ձայնն էր:

Այ՛ո, այո՛, օրիորդ, ի սեր աստուծո, դուք վճռեցեք, ձայն տվին ամեն կողմերից գործավորները և հավաքվեցան պատշգամբի տակը:

Խոստանո՞մ եք, որ կկատարեք իմ վճիռը, պարոններ, հարցվեցավ նրանց Շառլոտան:

Այո՛, օրիորդ, խոստանում ենք, կկատարենք, ձայն տվին բոլորը միաբերան:

Խոստանու՞մ եք, որ կկատարենք իմ վճիռը, պարոններ, հարցրավ նրանց Շառլոտան:

Այո՛, օրիորդ, խոստանում ենք, կկատարենք, ձայն տվին բոլորը միաբերան:

Շատ լավ, լսեցեք։ Ես չեմ ճանաչում, թե ո՞րտեղ է գտնվում պարոն Սոմարյանցի տունը և չեմ էլ ճանաչում ձեր, գործավորներիդ տները. ուրեմն ինչ որ առաջակեմ, իմացեք, որ բոլորովին անկողմնապահությամբ եմ առաջարկում: Ահա իմ առաջարկությունը. թ՛ող այդ վանդակները տանե նա, որի տունն ավելի մոտ է Սոմարյանցի տանը:

Կեցջի՛ք, կեցջի՛ք, օրիորդ, լավ վճիռ կայացրիք, ուրախությամբ գոչեցին մի քանիսը, ուրեմն մեր երգիչ Գևորգը կտանե, որովհետև նա Սոմարյանցի դրացին է:

Մի՞թե, զարմացմամբ և շփոթված հարցրավ Շառլոտան:

Այո՛,այո՛, Գևորգը Սոմարյանցի ամենամոտ դրացին է, կրկնեցին գործավորները և հարցը վճռված համարելով, սկսեցին ցրվել յուրաքանչյուրը դեպի յուր տունը:

Ծերունի Գուստավն էլ բավական յուր դստեր վճռից, մտավ տուն: Իսկ խեղճ Գևորգը, որ մի տասն և ինն տարեկան պատանի էր, անցավ դեպի գործարանը՝ վանդակները վերցնելու համար:

Շառլոտան շատ զղջացավ յուր այդպիսի առաջարկություն անելուն համար։ Նա շատ սիրում ու հարգում էր Գևորգին, իբրև բոլոր գործավորների մեջ ամենից համեստ տղային։ Բացի այդ, Գևորգը, որ գեղեցիկ ձայն ուներ, շատ անգամ աշխատանքից դառնալուց ետ, յուր սիրուն երգերով զվարճություն էր պատճառում Շառլոտային, երբ սա զբոսնում էր տան այգիում լուսնկա գիշերներով։ Գևորգի բարության փոխարեն Շառլոտան այս տեսակ վարձատրություն, իհարկե, չէր ցանկանալ անել նրան, բայց սխալն ուղղելու հնար չկար:

Երբ Գևորգը նորից երևեցավ բակի մեջ յուր ծանր բեռով, Շառլոտան իսկույն իջավ սանդուղքից և վազելով դեպի նորան` Ների'ր ինձ, Գևորգ, ասաց նրան, ես բոլորովին չէի կարծում, թե վիճակը քեզ պետք է դուրս գար, ապա թե ոչ, երբեք այդպիսի առաջարկություն չէի անիլ գործավորներին։ Այդ վանդակները շատ ծանր են, թո'ղ որ հորս խնդրեմ որպեսզի մեր ծառային քեզ հետ դնե, բեռանդ կեսը նա կարող է վերցնել.»։

Շնորհակա՛լ եմ, օրիորդ, հեզությամբ պատասխանեց Գևորգը, դուք շատ բարի եք. այս բեռը որովհետև ձնր առաջարկությամբ եմ կրում, ինձ համար ծանր չէ, մանավանդ թե շատ թեթև է.. այս ասելով նա դուրս գնաց բակի մեծ դռնից։

Շառլոտան մի քանի վայրկյան մնաց կանգնած բակի մեջ. նորան սաստիկ վշտացնում էր իր գործած սխալը, վերջապես նա վերադարձավ տուն:

Բ

Հուշիկ և ծանր քայլերով Գևորգը գնում էր երկար և ուղղաձիգ փողոցով։ Չնայելով որ նորա բեռը չափազանց շատ ծանր էր, այսուամենայնիվ նա շունչ առնելու համար ոչ մի տեղ չէր կանգնում։ Նա մինչև անգամ ուշադրություն չէր դարձնում ա՛յն մեծ շարժողության վրա, որը երեկոյան այդ պահուն, ինչպես միշտ, կար այդ փողոցում։ Անդադար անցուդարձ անող կառքերի դղրդյունը, ձիաքարշի հաճախակի զանգահարությունը, երթևեկ ամբոխի շշուկը, գործից դարձող բանվորների ուրախ և բարձրաձայն խոսակցությունները, այս բոլորն անլսելի և անտեսանելի էին նորա համար։ Նա մտածմունքների մեջ խորասուզված անընդհատ շարունակում էր յուր ճանապարհը և հուսահատված խոսում էր ինքն իրեն. «Այս բեռն ինձ համար ծանր չէ. ես սորանից ավելի ծանր ծառայություններ եմ արել Գուստավին, բայց ծանր է արդարև նորա աղջկա ինձ հասցրած վիրավորանքը։ Նա դիտմամբ արավ այդ բանը, այո՛, դիտմամբ։ Նա ճանաչում էր իմ տունը, երևի ճանաչում էր Սոմարյանցի տունը, գիտեր, որ նա մեր դրացին է, նա դիտմամբ հանձնեց ինձ այս ծառայությունը, հասկացնելու համար, որ ես ոչ այլ ինչ եմ, եթե ոչ՝ յուր հոր գործարանի մշակը... Եվ իհարկե, ես մի ողորմելի մշակ եմ, իսկ ինքը հարուստ գործարանատիրոջ աղջիկ... Ա՜խ, ուր էր թե ես էլ հարուստ լինեի...»։ Այս խոսքերի հետ նա մի խորը հառաչ արձակեց և իտալացու ջարդված գլխարկը գլխից հանելով և ճակատի վրա վազող քրտինքը սրբելով շարունակեց յուր ճանապարհը։

Մի քառորդ ժամից նա հասավ Սոմարյանցի տունը, որն այդ երեկո փայլում էր արտաքո կարգի լուսավորությամբ։ Յուր ծանր բեռը բակի մեջ գետին ձգելով՝ Գևորգն ուղղվեց ամբողջ թիկունքով, հանգիստ շունչ քաշեց և սկսավ նայել դեպի վեր, տան դստիկոնը:

Սոմարյանցի տան այդ մասը լուսավորված էր աչք շլացնելու չափ։ Դահլիճի ահագին պատուհաններից երևում էին բյուրեղյա ջահերը՝ կրակված հարյուրավոր ճրագներով։ Բազմաթիվ հյուրեր անցուդարձ էին անում այդտեղ, և նոցա ուրախ խոսակցության ձայները, խառնվելով թնդացող երաժշտության հետ, մի կախարդական կերպարանք էին տալիս այդ հոյակապ տանը։

Գևորգը երկար նայում էր հարուստ մարդիկների ուրախությանը և ինքն իրեն շշնջում էր. «Ահա՛ ինչ կնշանակե հարուստ լինել, շատ փող ունենալ։ Եվ ես հարյուր տարի էլ եթե ապրեի այսուհետև, դարձյալ Սոմարյանցի դահլիճի ներսը ոտք դնել չէի կարող։ Ախր ի՞նչ մարդիկներ ենք մենք, չէ որ աստված մեզ ստեղծել է միայն բախտավոր հարուստներին ծառայելու համար։ Ես և Սոմարյանցի տղան միասին էինք կարդում, ես նորանից ավելի լավ էի կարդում և նորանից ավելի շուտ ավարտեցի։ Բայց որովհետև աղքատ էի, ես գնացի դարբին Գուստավի մոտ արհեստ սովորելու, իսկ նա մտավ գիմնազիոն, այժմ էլ նա ուրախանում է յուր հարուստ հոր հյուրերի հետ։ Իսկ ես, իբրև մշակ, մի վերստ հեռավորությունից շալակել բերել եմ նրանց վանդակները։ Իհարկե, Շառլոտայի նման գեղեցիկ աղջիկները Սոմարյանցի տղին կսիրեին, իսկ ինձ վրա կծիծաղեին, շատ բնական է ..»։ Այս պես խոսելով նա մոտեցավ սանդուղքի լուսավորված մուտքին և հնչակը քաշեց։ Իսկույն երևեցավ ֆրակով և սպիտակ փողպատով մի սպասավոր։ Գևորգը նորան հայտնեց, որ Գուստավի գործարանից բերել է յուր տիրոջ պատվիրած վանդակները և խնդրում էր, որ կարգադրեն ծառաներին ներս տանելու։

Ֆրակով սպասավորը, ինչպես սպասելի էր, սաստիկ բարկացավ Գևորգի համարձակության վրա «Թշվառակա՛ն, գոչեց նա կոպիտ ձայնով, չէի՞ր կարող այդ մասին դռնապանին հայտնել, որ ինձ էիր անհանգստացնում»։ Այս խոսքերով նա արագությամբ փակեց սանդուղքի մուտքը և անհետացավ։

Գևորգը մի քանի րոպե մնաց շվարած կանգնած. ծառայի հանդգնությունը վերջին աստիճանի վիրավորեց նորան, բայց ինչ կարող էր անել։ Նա լուռ ու մունջ ետ դարձավ և գտնելով դռնապանին, որ բակի դռան ետքում խռմփալով քնում էր, զարթեցրավ նորան և իրեն այդքան նեղություն պատճառող վանդակները նորան հանձնելով՝ գնաց տուն։

Գ

Գևորգենց տունը իսկապես մի հողե կտուրով աղքատիկ տնակ էր, բաղկացած մի մեծ սենյակից և մի խոհանոցից։ Դարբին Ղազարը հազիվ էր կարողացել այդ փոքրիկ կալվածը ձեռք բերել յուր ճակատի քրտինքով։ Ինքը երեխայությունից լինելով որբ և ամեն տեսակ պաշտպաններից զուրկ, դեռ տղա հասակում մուրալով էր ապրել։ Հետո յուր մի բարի դրացուհու միջնորդությամբ մի դարբնի մոտ աշակերտ մտնելով, սովորել էր դարբնությունը։ Մինչև քսանհինդ տարեկան հասակը, նա կարողացել էր այնքան գումար վաստակել, որ գնել էր այդ փոքրիկ տնակը և ամուսնացել Սարաջ-Օհանի աղջկա՝ Թամարի հետ։

Դարբին Ղազարը գուցե կարող կլիներ շատ առաջ գնալ, կարող կլիներ և մի փոքր հարստություն ձեռք բերել. այս աշխարհում մի՞թե այդ բանն անկարելի է, բայց մի անակնկալ հիվանդություն, դեռ երիտասարդ հասակում, խլեց նորան յուր սիրելի կնոջ գրկից, նորա համար միակ մխիթարություն թողնելով երկու տարեկան Գևորգին։

Խեղճ Թամարը շատ երկար սգաց յուր ամուսնի մահը, նա մերվեց յուր ազգականների թախանձանքը՝ կրկին ամուսնանալու համար, և յուր բոլոր խանդաղատանքը փոքրիկ Գեվորգի մեջ ամփոփելով, սկսավ ապրել միմիայն նրա համար։

Թամարն ամուսնու մահից հետո յուր և որդու ապրելու հոգսը յուր վերա տեսնելով հանձն առավ մերձակա լվացարանում լվացարարի պաշտոն և ամսական 25 ռուբլի ստանալով, ապրում էր ինքը և ապրեցնում էր որդուն։

Երբ Գևորգը տասներեք տարեկան դարձավ, նա տվավ նորան հայոց դպրոցը, որտեղ նորան ձրի ընդունեցին։ Գևորգը շատ ուշիմ տղա էր. նա լավ էր սովորում և բոլոր վարժապետները նորանից գոհ էին։ Ինչ վերաբերում էր դպրոցի վերակացուին, նա պատրաստ էր ամսական 50 ռուբլոլ փոխարեն 25-ով ծառայել, եթե միայն դպրոցի բոլոր աշակերտները Գևորգի նման համեստ և խոնարհ տղաներ լինեին։

Գևորգը 17 տարեկան հասակում յուր ուսման ընթացքն ավարտեց և այնքան բան գիտեր, որքան նորան սովորեցրել էին դպրոցում։ Այժմ հարկավոր էր, որ նա յուր համար մի պարապմունք գտներ։ Գևորգը հավատարիմ մնալով այդ ժամանակներում դպրոցում տիրապետող ոգուն, կամենում էր անպատճառ գործակատար դառնալ և շուտով հարստանալ: Բայց հանգուցյալ տեր-Օհանեսը, որ շատ սիրահար էր արհեստներին, կարողացավ համոզել նորան, որ յուր մոր ցանկության համեմատ շարունակեր յուր հոր՝ Ղազարի արհեստը, այն է՝ դարբնություն։ Բայց, իհարկե, Գևորգը հայոց դպրոցն ավարտած և յուր վարժապետների ասելով զարգացած տղա, խո չէր կարող հասարակ դարբին լինել՝ արդեն մեծ զիջում էր անում նա մորը և տեր Օհանեսին, որ գործակատար լինելու դիտավորությունը թողնում էր, ուստի նա ընտրեց փականագործությունը և մտավ գործարանատեր Շառլ Գուստավի մոտ:

Այստեղ երկու տարվա մեջ Գևորգը բավական առաջ գնաց յուր արհեստի մեջ, և ծերունի Գուստավը հատկացրավ նորան ամսական 15 ռուբլի:

Այժմ նա կամաց կամաց մոտենում էր ցանկացած նպատակի, այն է՝ ազատել մորը լվացարանում օրն ի բուն չարաչար աշխատելուց:

Բայց մեկը, որ Գևորգին ավելի կապեց Գուստավի գործարանի հետ, այն նորա դուստրը՝ գեղեցիկ Շառլոտան էր: Նորա գեղեթյունը առաջին անգամից իսկ գրավեց Գևորգի ուշադրությունը, և նա հետզհետե գործարանը գնալով և հաճախ Շառլոտային տեսնելով, զգաց, որ այլևս անտարբեր չէ դեպի նորան։ Մինչև այժմ իրեն անծանոթ մի զգացմունք սկսեց անհանգստացնել նորան։ Նա ամենից վաղ շտապում էր Գուստավի գործարանը և ամենից ուշ հեռանում էր այնտեղից և այս միայն նորա համար, որ ավելի շատ ժամանակ ունենա Շառլոտային տեսնելու։ Խեղճ երիտասարդը սիրում էր նորան…

Բայց Գուստավի աղջիկը, իհարկե, նրա զգացմունքը չէր բաժանում և այդ երազել անգամ չէր կարող նա։ Միայն թե բոլոր գործավորներից ավելի նորան էր համակրում։ Գևորգը շատ համեստ և համակրական դեմք ուներ․ և Շառլոտան սիրում էր նորան, իբրև յուր հոր գործարանի մի բարի, աշխատասեր և պարկետ գործավորին։ Բայց յուր քաղցր վարմունքը դեպի Գևորգը՝ վերջինիս մեջ բոլոր երիտասարդներին հատուկ մի սխալ կարծիք էր ծնեցրել, այսինքն թե նա սիրում է իրեն։ Այս սխալ կարծիքի մեջ ավելի հաստատվեցավ Գևորգն այն օրից, երբ Շառլոտան պատահմամբ նորա երգելը լսելով, հրավիրեց նորան իրենց տան այգին և մի քանի նվագ յուր ծնողաց առաջ երգել տվավ նորան։ Իսկ այնուհետև յուրաքանչյուր երեկո, երբ գեղեցիկ եղանակ կամ լուսին էր լինում ինքը միայնակ զբոսնում էր այգիում և Գևորգին խնդրում էր նստել մեծ ականթենու տակ և երգել։ Գևորգը երգում էր նորա համար շատ քաղցր և գողտրիկ երգեր… Նա երգում էր մինչև անգամ այնպիսի կտորներ, որոնց մեջ յուր սրտի խանդն զգացմունքներն էին արտահայտվում։

Շառլոտան, իհարկե, հայերեն չգիտենալով, չէր էլ հասկանում Գևորգի երգերի միտքը, բայց երբ սա մի օր կամեցավ թարգմանել նորան յուր շատ սիրած երգի մի կտորը, նա թողեց Գևորգին այգիում և անխոս հեռացավ նորանից…

Գևորգի մեջ մի կասկած զարթեցավ։

Նա զգաց, որ սխալված է, որ Շառլոտան նրան երբեք շի սիրել… Եվ այս տխուր ճշմարտությունն օրից օր ավելի հասկանալի էր գառնում նորա համար։ Իսկ այս երեկո արդեն ամեն բան պարզվել էր։ «Գուստավի աղջիկը, մտածում էր ինքն իրեն Գևորգը, ոչ միայն անկարող եղավ իմ զգացմունքը բաժանել, այլև ծիծաղեց ինձ վերա երկաթե վանդակները դիտմամբ շալակել տալով ինձ, որպեսզի զգալ տա ինձ նման թշվառականին յուր և մի խեղճ գործավորի մեջ եղած անհամեմատելի անհավասարությունը…»։

Այս խորհրդածություններն ալեկոծում էին դարձյալ խեղճ Գևորգի գլուխը, երբ նա հասավ տուն։

Խեղճ Թամարը երկար դրսում կանգնած` սպասում էր յուր որդուն, որովհետև նա այս երեկո սովորականից ավելի ուշացավ։ Երբ Գևորգը մոտեցավ բակի դռանը, մայրը վազեց նորա առաջ։ «Հոգյակս, ինչու՞ այսքան ուշացար», հարցրավ նորան մայրական խանդաղատանոք։ Գևորգը այնքան վրդովված էր, որ մոր հարցին ոչինչ չպատասխանեց։ Թամարը սաստիկ այլայլվեց։ Ի՞նչ է պատահել արդյոք նորան» շշնջաց ինքն իրեն խեղճ մայրը և վազեց որդվո ետևից դեպի տուն։

Այստեղ Գևորգը պատմեց նորան յուր տխրության պատճառը։ Մայրն, իհարկե, մեծ նշանակություն չտվավ որդու պատմածներին, բայց աշխատեց մխիթարել նրան. «Դու քո գործը շինիր, որդի, ասում էր նորան, աշխատիր որքան կարող ես մի քանի շահի ետ գցել, և երբ ժամանակը կհասնի, Ես քեզ համար այնպես լավ աղջիկ կուզեմ, որ դու իրեն կսիրես, ինքը քեզ։ Ի՞նչ ունիս դու գերմանացու աղջկա հետ. դու հայ ես, օտարի հետ խո չե՞ս պսակվելու»։ Թամարը շատ լավ էր ասում, բայց որդու սրտից չէր խոսում։

Մայրիկ, կարծում ես, թե ես նորա համար եմ մտածում, պատասխանում է Գևորգը, թե ինչու՞ Գուստավի աղջիկն ինձ չէ սիրում, բնա՛վ, ինձ տանջում է միայն այն բանր, թե ինչու՞ մենք աղքատ ենք, որ մի փականագործի աղջիկ ինձ վերա ծիծաղի և Սոմարյանցի ծառան այդքան կոպտությամբ գոռա ինձ վերա։ Ահա այս է ինձ սպանողը։ Ես տեսնում եմ, թե արհեստավորը որքան ողորմելի մարդ է աշխարհի մեջ։ Եվ եթե դուք թողնեիք ինձ գործակատար լինել... Այստեղ Գևորգն այլևս չկարողացավ իրեն պահել և ըսկսավ լալ։

Դատարկ բաների վերա ես մտածում, որդի, շարունակեց մայրը, արհեստը ոսկի պարապմունք է. այդ պարապմունքով էլ դու մարդ կդառնաս և պատիվ կվաստակես, եթե միայն կամենաս։ Տեսնո՞ւմ ես, այն ծերունի Գուստավը քեզ օրինակ։ Չէ՞ որ նա էլ առաջ քեզ պես մի խեղճ գործավոր է եղել, իսկ այսօր մի ամբողջ գործարան ունի։ Այս ասելով Թամարը վեր կացավ և բերավ որդու համար վաղուց արդեն պատրաստ ընթրիքը, որը բաղկանում էր մի կտոր սառած մսից, պանրից և սև հացից։

Գևորգը, չնայելով իր ներքին վրդովմանցը, շատ ախորժակով ընթրեց։ Եվ երբ վերջացրավ, վեր առավ յուր սրինգը և դուրս գնաց բակը:

Գեղեցիկ և լուսնկա գիշեր էր։

Գևորգի դրացուհիները` կանայք և աղջիկներ, դուրս էին եկել կտուրների վերա և թամաշա էին անում Սոմարյանցի տան մեջ եռացող խնջույքին։ Բայց Գևորգին Սոմարյանցի տունը չէր գրավում, նրա սիրտն ուրիշ ցավ էր տանջում։ Նա նստավ բակի մեծ տանձենու տակ, մի կոճղի վրա, որ նայում էր ուղիղ Սոմարյանցի տան լուսավորված դահլիճին և սկսավ մեղմ և քաղցր ձայնով երգել «Զրկված սիրահարի» տխուր երգը:

Ա՜խ, երանի տկար սրտին
Սիրո նետեր չդիպչեր.
Երանի՜ թե աղքատ մարգին
Սիրուց բաժին չտրվեր։

Նոր մանկության հովտեն ելած
Մտի սիրո բուրաստան,
Ուր հոյլ ի հոյլ դեռ թերաբաց
Փայլում են վարդն ու շուշան:

Ուր սոխակը ոլորում է:
Յուր սրտառուչ դայլայլիկ,
Եվ զեփյուռը գուրգուրում է
Առվին ալիք գեղեցիկ։

Ինձ պատում են բյուր հրապույրներ
Գեղ և շնորհք երկնային,
Եվ հնչում են թովիչ ձայներ
Իմ փափկալուր ականջին։

Իմ սառ սիրտը ջերմանում է,
Ներսս վառվում նոր կրակ,
Եվ վարդենին ինձ դյութում է
Յուր աչքերովն անուշակ։

Աղբերակունք վճիտ, մաքուր,
Խաղացնում եմ նորա շուրջ,
Հովհարներով բերում զեփյուռ
Յուր վարդերին փչել շունչ։

Սպասում եմ, որ տար ծաղիկ
Ինձ իմ գողտրիկ վարդենին.
Փնջիկներով հանգչեր իմ գիրկ
Մեղմիկ բուրեր իմ սրտին...

Ափսոս, դաժան էր պարտիզպան,
Նա իմ հույսը կործանեց.
Աղքատների բաժին չէ սա»,
Ասաց և ինձ դուրս հանեց։

Եվ ցողեցին աչքերս առատ,
Կյանքս դարձավ սգալից.
Եվ ոչ մի ձայն իմ հուսահատ
Սրտին եղավ կարեկից:

Բայց երանի՜ տկար սրտին
Սիրո նետեր չդիպչեր,
Երանի՜ թե աղքատ մարգին
Սիրուց բաժին չտրվեր...:


Եվ երգի յուրաքանչյուր տունը ավարտելուց հետո Գևորգը հնչեցնում էր յուր տխուր և մելամաղձիկ սրինգը, որի բեկբեկուն ձայնը գիշերային լռության մեջ թռչում, հասնում էր թաղի հեռավոր անկյունները։

Այս միջոցին Սոմարյանցի տան մեջ հրավիրյալների ուրախությունը հասել էր յուր գագաթնակետին։ Մի կողմից երաժշտությունը, մյուս կողմից բազմականների խառնաշփոթ աղաղակը դղրդեցնում էին ամբողջ տունը։ Սեղանի վերա արդեն պտտվում էր 3֊րդ խորտիկը, գինով շշերը վաղուց արդեն կորցրել էին իրենց կանոնավոր դիրքը, կենացները և էքստրաներն անդադար հաջորդում էին միմյանց։

Սոմարյանցի հրավերքը հասարակ մարդկանց հրավերքին չէր նմանվում։ Նրա հյուրերը բոլորն էլ զարգացած մարզիկներ էին։ Բոլորն էլ զուտ հայեր և «անխառն ազգասերներ»։ Այդ էր պատճառը, որ հրավերքն ընդունել էր մի տեսակ ազգային հանդեսի կերպարանք։ Այստեղ առաջարկվում էին և հայ գործիչների ու բարերարների կենացները, որոնց արժանավոր գույնը պսակվում էր պարոն սեսղանապետի գեղեցիկ ատենաբանությամբ և բազմականների անվերջ ծափահարություններով։ Այսպիսի պատվի արժանացավ, իհարկե, հայոց ապագա կաթողիկոսի և ապա, ինչպես որ մոդա էր,Կ.Պոլսի Ներսես պատրիարքի, Խրիմյան Հայրիկի և այլոց կենացները։

Բազմականներից մեկը, որ ըստ երևույթին թեմական տեսուչ էր, առաջարկեց խմել հայոց դպրոցների կենացն այնպիսի եռանդուն նախանձախնդրությամբ, որ կարծես այդ կենացից կախված լիներ հայոց դպրոցների ներկան ու ապագան։ Պարոն սեղանապետը հարգեց, իհարկե, այս առաջարկությունը, և դահլիճը թնդաց կեցցեների աղաղակներով։

Մի ուրիշ պարոն, որ բավական նուրբ ճաշակով հագնված էր և որ յուր շարժմունքների մեջ ոչնչով ետ չէր մնալ մի ամենակոկետ կնոջից, առաջարկեց խմել հայոց թատրոնի կենացը։

Այո', այո՛, հայոց թատրոնի կենացը, գոչեցին մի խումբ նրբաճաշակ և ըստ երևույթին գեղարվեստը պաշտող երիտասարդներ, որոնք առանձին ժողովված էին սեղանի մի անկյունում։

Սեղանապետը հարգեց և այդ առաջարկությունը և դարձյալ մի ատենաբանությամբ առաջարկեց նորան հյուրերին, վերջիններս, իհարկե, ընդդիմություն ցույց չտվին բաժակները դատարկելու մեջ։

Բայց սեղանի մի անկյունում հավաքված նրբաճաշակ երիտասարդների խումբը, անկախ սեղանապետի բարեհաճությունից, խմեց և հայոց գեղեցիկ դերասանուհիների կենացը։ Իմ ընթերցողներն, իհարկե, ինձ հետ միասին, այս վերջինը ամենից արժանավորն են գտնում։

Այս բոլոր կենացներին մի մարդ միայն չէր մասնակցում։ Դա հայոց լավ հեղինակներից մինն էր, որ կանգնած դահլիճի պատուհանում, երկար նայում էր դեպի դուրսը։ Թատրոնի կենացից հետո միայն սեղանապետը նշմարեց նորան և բավական ծանր նկատողություն արավ նորան յուր այդ անկարգ վարմանց համար։

Ներեցե՛ք ինձ, պարոն սեղանապետ, դարձավ նորան հեղինակը, այստեղ մի երգչի չնաշխարհիկ ձայնը գրավել է ինձ ավելի, քան ձեր բոլոր կենացները (սեղանի շուրջը հավաքված երիտասարդների մեջ անբավականության նշաններ), լսեցեք նորան մի փոքր և տեսեք արդյոք իրավունք չունեի՞ ես ուշադիր լինելու ավելի այս երգչին, քան թե ձեր կենացներին։

Ե՞նչ երգիչ է, հապա՛' տեսնենք։ Այս ասելով տեղից վեր կացավ սեղանապետը և մոտեցավ պատուհանին։ Սեղանապետի օրինակին հետևեցին և հրավիրյալներից շատերը և մի ակնթարթում ժողովվեցան դահլիճի պատուհանների մոտ։

Երաժշտությունր լռեց. Սոմարյանցի հյուրերն ամենայն ուշադրությամբ լսում էին դրացի տան բակում երգող երգչին։ Դա Գևորգն էր, որ հնչեցնում էր յուր սրինգը և երգում էր… Հրավիրյալները որոշ լսեցին նորա երգի հետևյալ կտորը.

Բայց ափսո՜ս, որ միշտ կր մնամ հուսահատ.
Քեզ ժառանգելու չեմ ունենար բախտ.
քեզ փեսա կընտրես հարուստ և իշխան.
Բայց ես սիրուց զատ՝ չունիմ ուրիշ բան։


Ո՞վ է այս տղան, Սերգեյ Յագորիչ, հիացած ձայն տվավ սեղանապետը։

Մեր դրացի դարբին Ղազարի որդին է այս խոսքերով մոտեցավ սեղանապետին պարոն Սոմարյանցը և հարցրեց, հավանո՞ւմ եք նորան։

Նա ինձ հիացնում է, խնդրում եմ, կանչել տվեք նորան այստեղ։

Այո՛, այո՛, նա մեզ հիացնում է, բերել տվեք նորան այստեղ, գոչեցին բոլոր հյուրերը գրեթե միաբերան։

Իսկույն, պատասխանեց Սերգեյ Յագորիչը և ներկա եղող ծառաներից մեկին հրամայեց գնալ և կանչել Գևորգին։

Ներկա գտնվողը միևնույն ծառան էր, որ կոպտությամբ վիրավորել էր խեղճ Գևորգին, նա չհամարձակվեցավ անձամբ գնալ նրա մոտ, որ մի գուցե նրա զայրույթը գրգռելով, առիթ տար յուր վատ վարմանց երևան հանելուն, այլ յուր կողմից մի ուրիշին ուղարկեց Գևորգի մոտ։

Աղան ձեզ խնդրում է, որ գաք մեզ մոտ, ասաց Սոմարյանցի ծառան, մոտենալով Գևորգին։

Ի՞նձ, հարցրեց զարմացմամբ Գևորգը։

Այո՛, ձեզ, պատասխանեց ծառան։

Գևորգի համար բոլորովին անսպասելի չէր այդ հրավերը, ուստի նա շփոթվելով հարցրեց. «Ի՞նչ ունի ինձ հետ ձեր աղան այս ժամին, վանդակների համար չէ՞ ուզում խոսել»։

Ի՞նչ վանդակների համար։

Այն վանդակների, որ ես այսօր բերի ձեր տուն:

Ո՛չ, կարծեմ մեր հյուրերը լսել են ձեր երգելը և կամենում են, որ գաս իրենց մոտ էլ երգես։

Գևորգի շփոթությունն անցավ. և մի գաղտնի ուրախություն, որ առաջանում է անմեղ փառասիրությունը գգված լինելուց, պատեց նորա սիրտը:

Լա՛վ, կգամ, դուք գնացեք, ասաց նա ծառային և ինքը մտավ տուն, մորը իմացնելու: Բայց մայրն արդեն Օրփեոսի գրկումն էր, և չկամենալով նորան զարթեցնել լվացվեցավ, մաքրվեցավ և դուրս գնաց։

Հասնելով Սոմարյանցի տան այն մուտքին, որ հանում էր խնջույքի հարկը, նա կանգ առավ և չէր վստահանում միայնակ բարձրանալ։ Նա հնչակը քաշեց։

Իսկույն երևեցավ միևնույն ծառան, որ Գևորգին հրավիրելու էր գնացել։

Պարոն Գևորգ, ինչու՞ չեք գալիս, հրամեցե՛ք։

Գալիս եմ, բայց…

Բայց ի՞նչ, ամաչո՞ւմ եք։

Ոչ... բայց ասացեք խնդրեմ, շա՞տ մարդ կա այդտեղ։

Իհարկե շատ մարդ կա. բայց ձեզ ի՞նչ. շատ մարդիկ ձեզ խո չե՞ն ուտելու, հրամեցեք։

Գևորգը յուր բոլոր արիությունը ժողովելով` բարձրացավ սանդուղքից. հասնելով գեղեցիկ լուսավորված նախագավիթը, նորեն կանգ առավ։

Դուք դարձյալ կանգնո՞ւմ եք, իսկ ձեզ սպասում են նկատեց ծառան։

Գևորգը տեղից շարժվեց, նա ամբողջ մարմնով դողում էր։

Սպասավորը երկար չսպասեց, նա շտապ մտավ դահլիճը և հայտնեց աղային, որ Գևորգը եկել է, բայց ամաչում է մտնել։

Ի՞նչ հիմարություն, ո՞ւր է, բացականչելով դուրս եկավ պարոն Սոմարյանցը նախագավիթը և տեսնելով Գևորգին, որ կծկվել էր դռան մոտ` «Վա՛յ, արի՛ է, ինչու՞ համար ես ամաչում, ձեր հարևանի տունն է, օտարի տուն խո չէ», այս խոսքերով բռնեց նա Գևորգի ձեռքից և խնամակալի իշխանությամբ ներս քաշեց նրան դեպի դահլիճը։

"Հասարակաց որդեգիրը" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Fides Tua
Տիգրան Համասյան

Fides Tua

Մանկության մեղեդի
Մանկության մեղեդի
Խաղա առցանց