Յարի աչերը
Լուռ աստղերը, վառ աստղերը
Ես շա՜տ սաստիկ եմ սիրում,
Իմ դարդերը, սև դարդերը
Նրանց հաճախ եմ պատմում։
Լուռ աստղերը, պարզ աստղերը
Սփոփում են ցավերս,
Նոցա քաղցր ժպիտները
Քուն են բերում աչերս։
Բայց քո սևիկ աչերը,
Իմ երկնքի աստղերը―
Կյանքս մաշեց, սիրտս գերեց,
Շատացուց իմ դարդերը։
Գիշեր ցերեկ տանջվում եմ,
Անճար են իմ վերքերը․
Ինձի հալում, մաշում են՝
Յա՛ր, քո սևիկ աչերը։
1896