Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Շուշանիկ Կուրղինյան

Խավարի գրկում ծնված իմ հոգին․․․

Խավարի գրկում ծնված իմ հոգին,
Կյանքս խաղալիք բախտի հաճույքին,
Անզուսպ փափագը կատաղի կռվի՝
Չէ՜․․․ չէ խեղդել հավատս հաղթողի․․․

Ինձ երկինք երբե՜ք ուզեց փայփայել,
Ճակատագիրն իղձերս է ավերել,
Բայց պիտի կռվե՜մ, կռվեմ կատաղի,
Ու կռվում թափում ես թույնը սրտիս։

Արի՛ք, որտե՞ղ եք, խավարի որդիք,
Ես, որ ձերն էի ու ձեզնով սնված՝
Կռվի՜ եմ կանչում․․․ օ՜, առաջ արիք՝
Ձեզ է պատկանում առաջին հարված․․․

Արի՛ք, որ կռվեմ, վրեժն առնեմ
Իմ ջահել կյանքի՝ ձեզնից հոշոտված․․․
Արի՛ք, որ ձեր արյունը խմեմ՝
Ինչպես որ սրտիս արյունն եք ծծած․․․

1896