Yeghishe Charents

Երկիր Նաիրի

3

Բացի հինգհարկանի շենքից -այդ, այսպես թե այնպես -ամենակարող կենտրոնից -քաղաքում կան այստեղ ու այնտեղ հաստատված մի շարք ուրիշ, քիչ թե շատ նշանավոր եւ աննշան կենտրոններ, ինչպիսիք են՝ հիվանդանոցը, քաղաքային ակումբը, տղայոց գիմնազը, իգական գիմնազը, քաղաքային եւ երկու ծխական դպրոցները. մոռացանք հաշտարար դատավորի ատյանը, բանտը եւ «հասարակաց տունը», որի մասին խորապես խնդրում ենք ներողամիտ լինեք: Զորանոցները քաղաքին չեն վերաբերվում. նրանք գտնվում են երկաթուղագծի այն կողմը, գերեզմանատան մոտ, այնպես որ այդ երկու «հիմնարկությունները» թողնում ենք, միանգամայն հասկանալի պատճառով, անուշադիր: Քաղաքային հիվանդանոցն էլ, ասենք, համարյա թե քաղաքից դուրս է գտնվում. միհարկանի ցածլիկ մի տնակ է այդ, որ գտնվում է քաղաքի ծայրում, մի ցեխոտ ու նեղլիկ փողոցի անկյունը՝ ինքն էլ ցեխոտ ու խոնավ, ինչպես այդ փողոցը: Հիվանդանոցի բժիշկ պ. Սերգեյ Կասպարիչը քանիցս մտադիր է եղել հիվանդանոցը տեղափոխել քաղաք, բայց դժբախտաբար միշտ այնպես է պատահել, որ որեւէ կարեւոր մի հանգամանք խանգարել է նրան:- Կամ ինքն է հիվանդացել, կամ գավառապետի կինը, իսկ վերջին անգամ, երբ թե շենքն էր պատրաստ եւ թե սկսված էին բանակցություններ ինչպես շենքի տիրոջ, այնպես էլ հինգհարկանի կենտրոնի հետ,- երբ, որտեղից- որտեղ, բժշկի համար միանգամայն անսպասելի, իսկ քաղաքացիների համար չափազանց սպասելի կերպով՝ պայթեց բժշկի գլխին աներեւակայելի մի դժբախտություն. բժշկի Լեդայի գեղեցկություն ունեցող մանկահասակ կինը ինքնասպանություն գործեց... երեւակայո՞ւմ եք՝ իրենց տան... արտաքնոցում: Մերկ, բոլորովին մերկ, ինչպես ասում են՝ Ադամի (Եվայի) զգեստներով մտել էր արտաքնոցը եւ ինքնասպանություն էր գործել ոչ թե ատրճանակի, ինչպես նման դեպքերում ընդունված է, որեւէ թույնի օգնությամբ, այլ... շշմեցնող, անհասկանալի մի բան. քանդել էր արտաքնոցի հատակի տախտակը եւ նետել էր իրեն... հասկանո՞ւմ եք, թե ո՞ւր: Այս զարհուրելի, քստմնելի, այլանդակ, անհասկանալի, համարյա դիվային դժբախտությունից հետո բժիշկը ընդմիշտ ձեռք քաշեց իր մարդասիրական տրամադրություններից եւ սկսեց ակումբում, որտեղ նա դըժբախտությունից առաջ միայն «պրաֆերանս» էր խաղում ժամանցի եւ ջղերի հանգստության համար,-սկսեց դժբախտությունից հետո «բակարա», «մակաո» կամ տեղական «ցխրա» խաղը խաղալ, որով բավականին հանգստացնել կարողացավ իր այնքա՜ն քայքայված ջղերը: Եվ երբ այդ դեպքից հետո բժշկի կառապանը, որ լիովին վարձատրվում էր հիվանդանոցի կողմից, սկսեց բժշկին տուն հրավիրող պացիենտներից «կառքի փող» վերցնել -հիսունական կոպեկ -ոչ մի քաղաքացի սիրտ չունեցավ բարկանալու կառապանի վրա: Եվ ինչո՞ւ բարկանար. չափազանց էր մեծ բժշկի գըլխին պայթած ընտանեկան դժբախտությունը, որից հետո, հարկավոր է ասել, ո՛չ միայն այդ փոփոխությունն էր, որ առաջ եկավ բժշկի գործերում, այլ պատահեց եւ այն, որ հիվանդանոցում մինչ այդ հասարակ ծառայի պարտականություններ կատարող բիթլիսցի Արշակն ստանձնեց նույն հիվանդանոցի պատասխանատու, կամ, ինչպես ասում են՝ հերթապահ ֆելդշերի պաշտոնը, որով հնարավորություն ստեղծվեց բժշկական օգնություն հասցնելու ամեն դիմողի եւ ամեն ժամանակ:- Մի հանգամանք, որի գոյություն չունենալուց առաջ շատ եւ շատ չքավոր հիվանդներ օրերով սպասում էին հիվանդանոցի պատերի տակ ընկած՝ իզուր երազելով օգնություն եւ կարեկցություն: Չիք չարիք առանց բարյաց -ասում է իմաստությունը, եւ այս դեպքը մի անգամ եւս հաստատեց այդ դարավոր իմաստության անքնին ճշմարտությունը: Մանավանդ չպետք է մոռանալ, որ այդ մարդասիրական քայլը անելով (բիթլիսցի Արշակին ֆելդշեր նշանակելով) բժիշկն էապես de jure հաստատեց այն, ինչ de facto վաղուց արդեն գոյություն ուներ եւ անխանգար կերպով ծավալում էր իր գործունեությունը հիվանդանոցում ու քաղաքում: Բանն այն է, որ բիթլիսցի Արշակը վաղուց հետե զբաղվում բժշկական պրակտիկայով եւ նույնիսկ բավականին հռչակ էր վայելում ոչ միայն քաղաքի հետամնաց թաղերում, դեպի որոնք հաճախ բժշկական տուրնեներ էր կատարում բիթլիսցի Արշակը, կամ, ինչպես գյուղացիներն էին նրան հորջորջում՝ «դոխտուր Արշակը»: Պարբերաբար ամեն տարի Մեծ Պասի երրորդ շաբաթվա երկուշաբթի օրը կարելի էր տեսնել բիթլիսցի Արշակին՝ գյուղական երկանիվ սայլի վրա նստած՝ դեպի մոտակա գյուղերը տուրնեի գնալիս, որից նա միշտ վերադառնում էր ավագ երեքշաբթի օրը նույն երկանիվ սայլի վրա յուղ, պանիր, ձու եւ մի քանի սպիտակահեր գառնուկներ բարձած, որոնցից բավականին պատկառելի մասը բժշկի տունն էր ուղարկվում, որպես նրա երախտապարտ ծառայի կողմից խոնարհաբար մատուցած զատկական «ռուշվաթ» (նվիրաբերություն): Այնպես որ բժիշկն իր այդ մարդասիրական քայլն անելու համար ամենայն բարոյական եւ իրավական իրավունք ունենալուց բացի՝ ի դեպս իր ամենավերջին պաշտոնյային ըստ արժանյաց վարձատրելով հանդերձ՝ ազատեց իր վտիտ ուսերը քաղաքային բժշկի չափազանց ծանր ու պատասխանատու պարտականությունների մի փոքրիկ մասից՝ ուսերի ազատ մնացած մասը տրամադրելով ընտանեկան վերոհիշյալ դժբախտության ահռելի ծանրությանը, որը կրել կարողանալու համար ճիշտ որ հարկավոր էին այդպիսի քիչ թե շատ թեթեւացնող միջոցներ: Եվ այդ միջոցները գտնելու գործում, ասում են, մեծ բարոյական օգնություն է ցույց տվել բժիշկ Սերգեյ Կասպարիչին նրա վաղեմի բարեկամ եւ թղթախաղային պարտնյոր՝ քաղաքի հաշտարար դատավոր պ. Օսեփ Նարիմանովը, նա, որ մոտիկ բարեկամն է մի անգամ արդեն պատմությանս սկզբում հիշված, քաղաքի ամենահարգելի հարուստ գեներալ Ալոշի, որի ասելով Օսեփ Նարիմանովը «հոգի է, իսկական հոգի»...

Նրա ատյանը գտնվում է քաղաքի ամենամեծ -Ալեքսանդրյան փողոցի վրա: Մի թիթեղե ցուցանակ ունի, որի վրա գրված է ռուսերեն՝ «Հաշտարար դատավոր»: Օսեփ Նարիմանովը նստում է այդտեղ: Նրա ատյանին կից երեքհարկանի շենքը ռեալական դպրոցն է, նրանից երկու տուն այն կողմը -օրիորդաց գիմնազը, իսկ օրիորդաց գիմնազից երեք տուն այն կողմը -ա՛յն պալատ- շինությունն է, որ պատկանում է մեզ արդեն բավականին ծանոթ գեներալ Ալոշին: Քաղաքի ամենամեծ հարուստն է գեներալ Ալոշը, որ թեկուզ եւ գեներալ չէ եւ ոչ էլ զինվորական, բայց քաղաքում ունեցած իր դիրքի եւ ազդեցության շնորհիվ ստացել է այդ պատվավոր հորջորջումը: Իսկ գեներալ Ալոշի դիրքի մասին մոտավոր գաղափար տալու համար բավական է ասել, որ նրա բնակարանում է իջեւանում նահանգապետը՝ ամեն անգամ այդ քաղաքն այցելելիս.- ահա՛ թե ով է գեներալ Ալոշը:-Հաշտարար դատավոր Օսեփ Նարիմանովը, որ ապրում է գեներալ Ալոշի պալատ- բնակարանի ներքեւի հարկում, սիրում է պատմել ակումբում -նրա, գեներալ Ալոշի ներկայությամբ, թե ինչպես նահանգապետը, առաջին անգամ գեներալ Ալոշի բնակարանը մտնելիս, բարեհաճել է այն կարծիքը հայտնել, որ այդպիսի մի ճաշակավոր բնակարան պատիվ կարող էր բերել... նույնիսկ Պետերբուրգին, այո, անգամ Պետերբուրգին... Եվ այս պատմությունն անելիս հաճույքով չփչփացնում է շրթունքները հաշտարար դատավոր Օսեփ Նարիմանովը, իսկ ներկա գտնվող գեներալ Ալոշը հաճույքից թարթում է աչքերն ու նայում է հատակին, համեստությամբ ասես ուզում է գետինը մըտնի: «Հոգի մարդ է այդ Օսեփ Նարիմանովը»,- մտածում է նա:

Եվ ճիշտ որ՝ հաշտարար դատավոր Օսեփ Նարիմանովը, ինչպես ռուսներն են ասում, հոգի է, կատարյալ հոգի: Չնայած որ նա ծնվել է Հաշտարխանում, բայց, երեւակայո՞ւմ եք, այնպես է ընտելացել նաիրյան այդ քաղաքին, որ ասես այդտեղացի լինի: Ահա սա է պատճառը, որ նա շատ գործեր՝ վեճեր, ընտանեկան կռիվներ, ամուսնական անախորժություններ եւ նման այլ եւ այլ փոքրիկ դատեր սիրում է հարթել ո՛չ որպես պաշտոնյա, այլ, այսպես ասած՝ ընտանեբար, կամ, ավելի ճիշտ՝ հայրաբար -որի համար եւ նա ամենաիրավացի կերպով վայելում է բոլոր քաղաքացիների հարգանքը, իսկ շրջակայքում բնակվող գյուղացիների կողմից այդ հանգամանքն արտահայտվում է, որպես խորին ակնածանքով նվիրաբերած մի քանի տասնյակ ձու, տասը- տասներկու ֆունտ «անքաշ» պանիր, կամ, երբեմն էլ, եթե գործը քննվում է զատկական տոների նախօրյակին՝ մի- երկու գառ կամ ուլ: Նա չի սիրում գործերը ձգձգել՝ զզվում է պաշտոնական եռուզեռից: Օսեփ Նարիմանովն այդպիսի մարդ չէ եւ չի՛ էլ ուզում լինի: Եթե նա հնարավորություն ունենար եւ մի քիչ էլ ֆիզիկականը ներեր -ամենամեծ ուրախությամբ կթողներ քաղաքն էլ, հաշտարար դատավորի պաշտոնն էլ եւ որեւէ մի գյուղ կտեղափոխվեր՝ երկրագործությամբ զբաղվելու: Օսեփ Նարիմանովը շատ է սիրում երկրագործությունը, մանավանդ այդ աստվածային զբաղմունքի կենարար բարիքները եւ հողային հարցի մասին սիրում է հայտնել բավականին ազատամիտ կարծիքներ: Հետաքրքիր անձնավորություն է Օսեփ Նարիմանովը -Օսեփ Նարիմանովին հարկավոր է հասկանալ:

Հաշտարար դատավորի ատյանին կից շենքը, ինչպես ասացինք, ռեալական դպրոցն է, իսկ երկու տուն այն կողմը -օրիորդաց գիմնազը: Հարկավոր է ասել, որ քաղաքի այդ մասը ներկայացնում է իրենից -իսկական մի «կրթական կենտրոն»: Երկու դպրոցի էլ շենքերը պատկանում են մեզ արդեն հայտնի գեներալ Ալոշին եւ ամեն առավոտ, երբ նա հաշտարար դատավոր Օսեփ Նարիմանովի հետ անցնում է դպրոցների առաջից -ռեալական դպրոցի տեսուչ Արամ Անտոնիչ -«Փուքսը» (այսպես են անվանում դպրոցի տեսուչ Արամ Անտոնիչին չարաճճի աշակերտները՝ նրա փորի բավականին պատկառելի մեծության պատճառով) -բացականչում է վերից՝ տեսչանոցի պատուհանից. «Խորի՜ն հարգանքներս Ալոշա Նիկիտիչին. Օսեփ Կարպիչին -նույնպես»: Դպրոցի աշակերտները շատ անգամ են լսել իրենց խոժոռ տեսչի սիրալիր այս բացականչությունը վերոհիշյալների հասցեին -եւ թերեւս մի քիչ էլ այս է պատճառը, որ նրանք՝ դպրոցի աշակերտները, մի առանձին հարգանք են տածում դեպի գեներալ Ալոշը եւ Օսեփ Նարիմանովը: Ասում եմ «մի քիչ», որովհետեւ հիշյալ պատկառելի քաղաքացիներին հարգելու ուրիշ պատճառներ եւ միանգամայն արդարացի հիմքեր եւս ունեն ռեալական դպրոցի չափահաս աշակերտները: Երբ, Զատկին կամ Ծննդին, դպրոցական երեկույթներ են լինում դպրոցի սրահում -ովքե՞ր են բազմում առաջին կարգի նստարանների վրա, գավառապետի կողքին.-Գեներալ Ալոշը եւ Օսեփ Նարիմանովը: Եվ երբ տոնածառի լուսազարդ ճյուղերից կախված շաքարե թիթեռնիկներն ու գույնըզգույն կանֆետները ստանալուց հետո աշակերտները գնում են տուն եւ միայն հյուրերն ու ուսուցիչներն են մնում ընթրիքի -ովքե՞ր են բացակայում միշտ՝ ելնում են սեղանի վրայից ու քչփչալով շրջում մութ դասարաններում.- տեսչի կին Օլգա Վասիլեւնան -Շիկահեր Դդումը (ինչպես անվանում էին նրան աշակերտները) եւ Օսեփ Նարիմանովը -մեկ,- եւ հետո՝ Ալյոշա Նիկիտիչը՝ մերթ օրիորդաց գիմնազիայի վարժուհի Վառյա-հոգյակի հետ թեւանցուկ, մերթ էլ՝ թվաբանության ուսուցիչ Բարսեղ Աբգարիչի կնոջ -«Ճուտ»-ի իրանը գրկած: Այս ամենն իր սեփական աչքերով տեսել է հինգերորդ դասարանի աշակերտ Վարդանյան Սերգուշը եւ պատմել է ընկերներին ամենայն մանրամասնությամբ: Իսկ նման դեպքերից մի շաբաթ անց սովորաբար ռեալական դպրոցի եւ օրիորդաց գիմնազիայի արտաքնոցի պատերին լույս են տեսնում վերոհիշյալ անցքերին վերաբերյալ բավականին հետաքրքիր հանգավոր եւ անհանգ գրություններ, որոնք շատ շուտով տարածվում եւ բերանից բերան են անցնում ո՛չ միայն հիշյալ դպրոցի պատերում, այլ այդ պատերից բավականին հեռու գտնվող շատ եւ շատ ընտանեկան հարկերի ներքո, նույնիսկ Տելեֆոն Սեթոյի սրճարանում: Եվ արդյոք նրանք չե՞ն մեղավոր (գեներալ Ալոշը եւ Օսեփ Նարիմանովը), որ մինչեւ օրս էլ «պսակի չարժանացած» ծխական դպրոցի ուսուցչուհի օր. Սաթոն ունի ընդամենը հինգդասյան կրթություն եւ որպես ոչ միջնակարգավարտ ստանում է պակաս ռոճիկ.- նրանք են, նրանք են միշտ՝ գեներալ Ալոշը եւ Օսեփ Նարիմանովը:- Հետաքրքիր քաղաք է նաիրյան այս քաղաքը եւ բազում խորհրդավոր ու հետաքրքիր դեմքեր ու պատմություններ ունի...

Սակայն վերոհիշյալ պաշտոնական կենտրոններից ավելի հետաքրքիր եւ ուշագրավ են քաղաքի, եթե կարելի է այսպես արտահայտվել՝ «անպաշտոն» կենտրոնները, թեպետեւ նրանք, ըստ մեծի մասի, չեն վայելում հանրության կողմից այն խորհրդավոր հարգանքը, որ վիճակվել է պաշտոնական կենտրոններին: Բայց ինչո՞վ, ինչո՞վ է պակաս եւ ինչո՞ւ համար հասարակական հիմնարկություն չպետք է համարվի թեկուզ հենց, օրինակի համար, եկեղեցական մոմավաճառքի խանութը, որտեղից դուրս ելած բոլոր մոմերը կնքված են լինում, այո՛,-իսկական նաիրյան կնիքով: Կրկնում եմ՝ իզուր են միամիտ քաղաքացիք եկեղեցական մոմավաճառքի խանութի վրա աչքի ծայրով նայում. նա կենտրոն է. եւ որքան էլ ասածս չափազանցություն թվա -կարեւոր կենտրոն:-Եկեղեցիներին եւ ծխական դպրոցներին վերաբերյալ բոլոր խնդիրներն այդտեղ են արծարծվում եւ սանկցիա ստանում: Մոմավաճառքի՝ արտաքինից այդ քոսոտ խանութը, որ այնպես համեստ պահվել է փողոցի ամենախուլ անկյունում -էապես այն նշանակալից դերն է խաղում քաղաքի հասարակական կյանքում, ինչ դեր որ խաղում են քաղաքակրթված երկրներում քաղաքական ակումբները եւ սալոնները: Եվ այդպիսի մի դեր խաղալու համար ամեն հարմարություններ ունի մոմավաճառքի խանութը.- տաք է, քաղաքի կենտրոնում է գտնվում եւ, որ ամենակարեւորն է՝ ազատ է կողմնակի այցելուներից. շաբաթը մի կամ շատ-շատ երկու այցելու հազիվ է մտնում այդ խանութը մոմ գնելու նպատակով, այնպես որ ո՛չ մի կողմնակի անձնավորություն չի խանգարում այդտեղ հավաքված վարժապետներին եւ հոգաբարձուներին: Եվ նրանք էլ, լիովին օգտվելով խանութի այդ հարմարություններից, հաճախ նարդի կամ թուղթ են խաղում որեւէ ուտելիքի, կամ մի- երկու շիշ գինու վրա, ով որ տարվեց- գնի: Բայց գիտե՞ք, թե ինչո՞ւ, ի միջի այլոց, մոմավաճառքի խանութը կողմնակի այցելուներ չունի. այդ մասին կարող է տեղեկացնել քաղաքում շատ հայտնի սրճարանատեր Սեթոն, որ ամեն ինչից տեղեկություններ ունենալու շնորհիվ քաղաքացիների կողմից արժանացել է «Տելեֆոն Սեթո» հորջորջման: Այդ հարգելի քաղաքացին պատմում է, որ երբ կոշկակար Սիմոնի երեխան կնքելիս ինքը, որպես կնքահայր, ուզեցել է մտնել մոմավաճառքի խանութը մի զույգ կերոն գնելու -ս. Գեւորգ եկեղեցու քահանա տեր Հուսիկ Խաչագողը զգույշ քաշել է նրա փեշից. մոմավաճառքից կերոն գնելու ոչ մի կարիք չկա,- ասել է տեր Հուսիկ խաչագողը Տելեֆոն Սեթոյին,- կարող է եկեղեցուց վերցնել. թե էժան կնստի եւ թե եկեղեցին կօգտվի, ասել է Տելեֆոն Սեթոյին տեր Հուսիկ քահանան: Ահա՛ թե ինչու ազգային այդ հիմնարկությունը -եկեղեցական մոմավաճառքի խանութը -այցելուներ չունի:

Բայց որպես մի իսկական «քաղաքական ակումբ»- եւ այն էլ ոչ միայն վարժապետների եւ հոգաբարձուների, այլեւ ազգային գործերով բոլոր հետաքրքրվողների համար,- որպես այդպիսի ահա մի հասարակական կենտրոն հայտնի է քաղաքում «Լույս» նավթարդյունաբերության ընկերության այդտեղի ներկայացուցչի գրասենյակը,- մի հիմնարկություն, որ ամենայն իրավունքով կարող էր անվանվել -«Նաիրյան գործերի կենտրոն»: Եվ այդ էլ՝ «Լույս» ընկերության ներկայացուցիչ Համո Ասատուրովի շնորհիվ, այն Համո Ասատուրովի, որին, նավթի հետ գործ ունենալու պատճառով, քաղաքում կարճ անվանում են -«Մազութի Համո»: Չնայած այն հանգամանքին, որ «Լույսի» ներկայացուցիչ Համո Ասատուրովը -Մազութի Համոն -գավառապետի ամենամոտիկ բարեկամն է եւ նրա տարիքավոր կնոջ՝ Ագրիպպինա Վլադիսլավովնայի միակ մխիթարանքը այդ «տաղտուկ, զզվելի, հիմար քաղաքում» -մյուս կողմից՝ չնայած որ գավառապետն իր հերթին մշտական հյուրն է Համո Համբարձումովիչի հյուրընկալ ընտանիքում՝ մանավանդ երբ տանն է լինում ոչ թե ինքը՝ Մազութի Համոն կամ նրա կինը՝ Անգինա Բարսեղովնան, այլ նրանց աղջիկը՝ տասնութ տարեկան «սեւաչյա պրիմադոննան»,- չնայած, կրկնում ենք, Մազութի Համոյի ընտանեկան այս բարդ հանգամանքներին -գուցե եւ շնորհիվ հենց այդ հանգամանքների - Մազութի Համոն է եւ կմնա միակ կենտրոնական անձնավորությունը նաիրյան այդ քաղաքի -եւ ո՛չ մի ազգային կամ հասարակական խնդիր չի կարող արծարծվել կամ ընթացք ստանալ առանց նրա՝ Մազութի Համոյի սանկցիայի: Որովհետեւ, բացի վերոհիշյալ հանգամանքները, Մազութի Համոն ամենախելացի եւ գործունյա անձնավորությունն է ամբողջ քաղաքում, դիրքի տեր է, ռոճիկավոր պաշտոնյա է թեկուզ՝ բայց սեփական տուն ունի եւ մի քիչ էլ հող,- մի խոսքով՝ հարուստ է, խելացի, հասարակական լայն կապեր ունի, եւ որ ամենագլխավորն է՝ Մազութի Համոն անդամ է... «Ընկերության»- եւ այն էլ՝ ազդեցիկ անդամ... Չե՞ք հավատում.- բայց ես այդ ամենահաստատ աղբյուրից գիտեմ: Հայտնի է եւ այն, որ նա՝ Մազութի Համոն, արտասահմանից «Դրոշակ» է ստանում եւ գաղտնի կերպով տարածում ժողովրդի ստորին խավերում: Եվ այս հանգամանքը ոչ միայն ինձ, հասարակ մահկանացուիս է հայտնի, այլեւ նույնիսկ իրեն -գավառապետին,- եւ այս է ահա ամենազարմանալին: Գավառապետը Համո Համբարձումովիչի հեղափոխական գործունեության վրա մատների արանքից է նայում եւ, հայտնի չէ, թե ինչու, նրա հեղափոխական գործունեությունը համարում է «միամիտ չարաճճիություն»: Համո Համբարձումովիչը կրակ էլ լինի -հոգի է եւ միանգամայն անվնաս անձնավորություն,- ասում է գավառապետը: «Դուր է եկել մարդուն»,- մտածում են քաղաքացիք.-«Ի՞նչ ասես»: Բայց թե իրոք որքա՞ն է դուր եկել գավառապետին Մազութի Համոն -դժվար է մի քիչ պատկերացնել. քանի որ հայտնի է բոլորին, որ Վարդանի կամուրջի դիմացը գտնվող այն հողե խրճիթը պայթելու ժամանակ, երբ գործը պետական քննության հանձնվեց՝ վարժապետ Կարոյի գրպանում գտնվեցին... Մազութի Համոյի ձեռքով գրված մի շարք նամակներ... Եվ եթե գավառապետը չլիներ եւ չծածկեր այդ գործը -Համո Համբարձումովիչը հիմա Սիբիրում կլիներ, Մազութի Համոյի ոսկորներն անգամ հիմա փտած կլինեին...

Բայց արի տես որ՝ չնայած Մազութի Համոյի այդքան մեծ դիրքին ու հռչակին, մի ժամանակ քիչ մնաց, որ նրա գրասենյակը, որպես «նաիրյան գործերի կենտրոն», իր առաջնությունը զիջեր -երեւակայո՞ւմ եք՝ Ալեքսանդրյան կոչված փողոցում գտնվող չնչին մի խանութի, որի ցուցանակի վրա նկարված կային երկու հրացան, երկու փախչող նապաստակներ, մի ձիու պայտ եւ մի հատ էլ չգիտես -ձիու թե շան գլուխ՝ պայտի մեջ մտցրած: Այսպիսի մի նշանավոր ցուցանակ ուներ այդ խանութը եւ ցուցանակի վրա, վերոհիշյալ նկարների մեջտեղը, գրված էր ռուսերեն՝.

Այս նշանավոր ցուցանակը կպցրած էր խանութի ճակատին, սակայն խանութի լայն վիտրինի աջ եւ ձախ կողմը կպցրած կային երկու ուրիշ ցուցանակներ, որոնց վրա, թեկուզ նկարներ չկային, բայց գրությունը հայերեն էր. «Ծախում եմ որսորդական զանազան»,-գրված էր մեկի, եւ «Ապրանքներ Նշան Մառանկոզյան»- մյուսի վրա: Որսորդական ապրանքներ վաճառող Մառանկոզ Նշանի այս չնչին խանութն էր ահա, որ մի ժամանակ մրցել էր ուզում Մազութի Համոյի գրասենյակի հետ եւ կամենում էր դառնալ... «Նաիրյան գործերի կենտրոն».- ծիծաղելի է, չէ՞: Բայց Մառանկոզ Նշանի այդ անխոհեմ վարմունքը, ինչպես եւ կարելի էր ենթադրել, վերջացավ կատարյալ անհաջողությամբ եւ գործի նման վախճանը Մառանկոզ Նշանի համար ունեցավ բավականին ողբերգական նշանակություն... Գործիչ ընկերների մշտական ել ու մուտը եւ գործնական հավաքույթներն ի վերջո հիմնովին քայքայեցին Մառանկոզ Նշանի տնտեսական - ֆինանսականը, որովհետեւ հո չէ՞ր կարելի հավաքել մարդկանց եւ դատարկ զրույցներով կերակրել, հարկավոր էր եւ որոշ հյուրասիրություն, ինչպես այդ ընդունված է բոլոր քաղաքակիրթ երկրների քաղաքական ակումբներում. մի բաժակ թեյ, մի- երկու ֆունտ խաղող, մի թաս արաղ կամ գինի, իսկ երբեմն էլ, փոփոխության համար -մի-երկու ռյումկա կոնյակ: Մի ամիս միայն Մառանկոզ Նշանի տնտեսականը կարողացավ դիմանալ գործիչ-ընկերների բարձրապատիվ գրոհին. մի ամիս միայն նրա խղճուկ խանութը կարողացավ «նաիրյան գործերի կենտրոն» հանդիսանալու բարձր պատվին արժանանալ: Մի ամիս հետո, ցավոք իր սրտի եւ ի մեծ հաճույք Մազութի Համոյի -Մառանկոզ Նշանն ստիպված եղավ ծախել իր խանութը, թեկուզ բան էլ չէր մնացել, ինչպես ասում են, ծախելու,- եւ գնաց Պուլկարիա՝ ամբողջովին հեղափոխական գործին նվիրվելու: Եվ հիմա նրա խանութը, թեկուզ ցուցանակները դեռ մնացել են անփոփոխ, միայն հիասթափություն կարող է առաջացնել, եթե մեկը՝ ցուցանակներին նայելով, ներս մտնի որսորդական պիտույքներ գնելու: Ներս մտնողը հիմա այդ նշանավոր խանութում կտեսնի -նախ՝ խանութի մի պատից մյուսը ձգվող փայտե մի նեղ դազգահ, որ խանութը բաժանում է երկու անհավասար մասի, իսկ դազգահի այն կողմը՝ դեմը, կողք կողքի շարված՝ թիթեղե մի չինացի, ձեռքին կլոր մի վահան,- ավստրիական, նույնպես թիթեղե, կանաչագույն մի զինվոր, նույնպես վահանը ձեռին,- ֆեսավոր մի ասկյար, նա էլ թիթեղե ու վահանավոր,- եւ մի շարք ուրիշ նման արարածներ -բոլորը թիթեղե, բոլորը վահանավոր: Իսկ խանութի առաստաղներից այդ թիթեղե արարածների գլխին բարակ թելերով կախված գույնզգույն ձվերն ու լուցկիները, խորքում, դիմացի պատին հենած կարտոնե դեկորացիան, որ իբր թե անտառ է ներկայացնում, դազգահի վրա դրված հսկա գրամաֆոնը եւ բախտախաղի կլոր սեղանը՝ վրան էժանագին սապոններ, աղամաններ եւ մի քանի հատ թղթադրամներ շարած -այս բոլոր հեքիաթային երեւույթները հասկանալու համար հարկավոր է գիտենալ, որ Նշան Մառանկոզյանի այնքան նշանավոր, պատմական անցյալ ունեցող հեղափոխական խանութում հիմա մեզ արդեն հայտնի Բիթլիսցի Արշակի եղբայրը՝ Ամերիկայից վերադարձած Բիթլիսցի Մանուկը հիմնել է «Տիր» կոչված հիմնարկությունը, որ վերջին նորությունն է, նաիրյան այդ քաղաքի վերջին ամերիկական նորությունը, ուր կիրակի օրերը շատ պատկառելի քաղաքացիներ զբաղվում են հոգեշահ բախտախաղով, իսկ գիշերները ծխական դպրոցի ուսուցիչներից մի քանիսը, կոշկակար Սիմոնը, Մեռելի Ենոքը, Տելեֆոն Սեթոն եւ ռեալական դպրոցի բարձր դասարանի աշակերտներից շատերը հավաքվում են գաղտնի թղթախաղի:

Հիմա ամեն անգամ այդ խանութի մոտից անցնելիս Համո Համբարձումովիչի -Մազութի Համոյի սիրտը լցվում է մարդասիրական տխուր զգացմունքով. նա հիշում է Մառանկոզ Նշանին եւ խղճում է մարդկանց: Եվ այդ խեղճ, անճարակ, գռեհիկ վանեցին ուզում էր իր՝ Համո Համբարձումովիչի հետ մրցության ելնել... Ո՞վ էր նա եւ ո՞վ է ինքը, «Լույսի» ներկայացուցիչ Մազութի Համոն... Այս համեմատությունն անելիս Համո Համբարձումովիչը հիշում է միշտ, ինքն էլ չգիտե ինչու, գավառապետի կնոջը -Ագրիպպինա Վլադիսլավովնային եւ նրա սիրտը հալչում է մի անուշ ջերմությունից, ինչպես թեյի մեջ գցած ռաֆինադ-շաքար: «Դժվար է Մազութի Համոյի հետ մրցել, շատ է դժվար»,- մտածում է նա:

Եվ ճիշտ որ՝ ինչո՞ւ մրցել: Ինքը ամենամոտիկ բարեկամն է -գավառապետի, բժշկի, Օսեփ Նարիմանովի, գեներալ Ալոշի եւ այլն, եւ այլն, եւ այլն -քաղաքի բոլոր ազդեցիկ եւ դիրքի տեր մարդկանց: Վերջապես ինքը -այո -նախագահն է տեղական «Կոմիտեի», եւ նույնիսկ երեւակայո՞ւմ եք -«Կենտրոնական Կոմիտեի», թեկուզ այս մասին գավառապետը չգիտե եւ չի էլ ենթադրում... Գիտենա էլ -ի՞նչ պիտի անե. դժվար է, դժվար է Համո Համբարձումովիչի հետ մրցելը՝ խելացի մարդ է գավառապետը, նա հո չի՞ կարող այդ բանը չհասկանալ... Իսկ այն, որ նա ներկայացուցիչն է «Լույս» նավթարդյունաբերական ընկերության. նավթը հո «որսորդական ապրանք» չէ, որ իսկույն սպառվի. քանի դեռ ապրում է ինքը եւ կանգուն է Բաքուն, Համո Համբարձումովիչի գրասենյակը կա եւ կմնա իսկական «Նաիրյան գործերի կենտրոն» եւ ո՞վ գիտե նրա՝ Համո Համբարձումովիչի գրասենյակից չէ՞, որ պիտի ելնե խանդավառ առաջին «ողջույնը ազատ նաիրցիներին»- երբ ցրվի մի օր մուժը, մշուշը դարավոր Նաիրիի դեմքից եւ զվարթ ու խնդուն, որպես ինքնակալ մի արքա- ժողովուրդ, ելնե դարերի փոշուց ազա՜տ Նաիրին...

Այսպիսի մտքեր է ահա ունենում ամեն անգամ Նշան Մառանկոզյանի նախկին խանութի առաջից անցնելիս Համո Համբարձումովիչը -Մազութի Համոն:

Բայց բավական է, կարծեմ, որքան խոսեցինք նաիրյան քաղաքի զանազան նշանավոր ու աննշան կենտրոնների մասին. եթե այդ քաղաքի բոլոր քիչ թե շատ աչքի ընկնող կենտրոնների մասին խոսելու լինեինք՝ նախ երբեք չէինք վերջացնի, եւ, երկրորդ՝ ընկեր Սուրեն Վառոդյանի նման դեմ կառնեինք այն թյուրիմաց հարցին, թե ինչո՞ւ, վերջապես, կենտրոն չի՛ կարող համարվել թեկուզ Եգոռ Արզումանովի գինետունը, կամ Տելեֆոն Սեթոյի հայտնի սրճարանը, որ ունի հայերեն գրված այսպիսի մի ցուցանակ.

ՂԱՀՎԵ, ՉԱՅ, ՃԱՇԱՐԱՆ ՍԵԹՐԱԿ ՖԱԼԻԱՆ

Թողնենք, ուրեմն բոլոր այդ կենտրոնները եւ անցնենք քաղաքի առօրյա կենցաղին:

Ինչպես ամեն տեղ աշխարհիս երեսին, այնպես էլ նաիրյան այդ փոքրիկ քաղաքում -կանուխ, մութլուսուն ելնում է նաիրցի խանութպանը, ոմն Կարապետյան կամ Մարտիրոսյան, իր տնից, եւ գնում է գործի: Քաղաքի առեւտրական մասը Լորիս-Մելիքյան կոչված փողոցն է, ուր երկու շարք, կողք կողքի ձգված են ցածլիկ, միհարկանի խանութները՝ երկար-երկար, մինչեւ կայարան: Քաղաքի ամենաբանուկ փողոցն է այդ եւ որպես այդպիսին՝ ամենափոշոտն ու ամենացեխոտը: Եթե անձրեւային է լինում եղանակը՝ փողոցի մի մայթից մյուսն անցնելու համար հարկավոր է ձեռք քաշել կրկնակոշիկից կամ կոշիկից, եթե մեծ է այն ոտքիդ. անպայման ցեխում կմնա:- Այդ փոշոտ, ցեխոտ, նեղլիկ փողոցում են կենտրոնացած քաղաքի առեւտրական հիմնարկությունները եւ ուրիշ ոչ մի տեղ, եթե, իհարկե, չհաշվենք թաղերում գտնվող այն մի-երկու տուն- խանութները, որոնցում առեւտուրը տեղի է ունենում նահապետական ձեւով՝ ապրանքների փոխանակությամբ: Մի ձուն -մի ասեղ՝ ահա այդ խանութների առեւտուրը:

Ինչպես ասացի՛նք՝ առավոտ կանուխ, համարյա մութլուսուն, ելնում է նաիրցի խանութպանը տնից եւ գնում է գործի: Նա -ահա -անցնում է առավոտվա մշուշի միջով, ելնում է մշուշից՝ միջահասակ, ծուռ, աջ ուսը միշտ մի քիչ բարձր ձախից. մոխիրե ուրվական: Լուրջ է՝ դեմքը թուխս նստած հավի է նման. հոգսեր, հոգսեր, հոգսեր -աշխարքի հանելուկ: Ելնում են, ելնում են տներից ու քայլում են դանդաղ, անշտապ, ու բացվում են խանութներն իրար հետեւից. հացագործ, մանրավաճառ, կոշկակար. կողքին՝ մրգեղենի խանութ, կողքին՝ կտորեղեն, խալիներ, բրինձ: Համարյա ոչ մի խանութ չկա, որ մի գործով զբաղվի. հացթուխի խանութում միեւնույն ժամանակ նավթ էլ է ծախվում՝ Մազութի Համոյից մի փութ նավթ է գնել եւ գրվանքաներով ծախում է ուզողին: Կտորեղեն ծախողը -հակերով բրինձ է վաճառում կամ շաքար, կամ լուցկի: Խանութը կոշկակարի է, բայց խանութի անկյունում դրված է մի սեղան, որի դեմը կանգնած եկվոր մի նաիրցի վարսավիրությամբ է զբաղվում: Կամ մտնում ես ներս -վարսավիր է, բայց պատուհանի առաջ, անկյունում, ակնոցավոր մի մարդ սեղանի դեմը նստած՝ ժամացույցներ է տնտղում. ժամագործ է:

Be the first who will comment on this

Other parts of "Երկիր Նաիրի"

Yatuk Music
Violin concerto in D Minor
Aram Khachatryan

Violin concerto in D Minor

Sipan Mountain from Ktuts Island
Sipan Mountain from Ktuts Island
Play Online