Yeghishe Charents

Դանթեական առասպել

V

Եվ ահա մի օր տաժանքոտ ճամփից
Հոգնաբեկ, անուժ, հանգստի համար
Մենք մտանք Մեռած Քաղաքի շեմքից
Մեռած Քաղաքի փողոցները մառ1։
Սարսափն էր սահում մեր մռայլ դեմքից,
Ու տենդում էր մեր սիրտը դիվահար։

Մեռած Քաղաքում ո՛չ մի մարդ չկար։
Եվ ամայացած շենքերը ավեր,
Մութ, մահատեսիլ, կույտերի նման
Փորած աչքերով նայում էին վեր։
Եվ չէին կարող նրանց հանդիման
Գետին չնայել հայացքները մեր։

Չգիտեմ ինչո՛ւ մենք մտանք մի տուն։
Անարև, անբիբ աչքերի նման

Նայում էին մեզ կասկածով անքուն
Պատուհանների խոռոչները լայն։
Շեմքի մոտ ընկած՝ նեխել էր կատուն.
Այն ո՞վ էր արդյոք սպանել նրան։

Ներս մտանք։ Տեսանք՝ կոտրած թախտի մոտ
Ընկած էր մի կին՝ արնաշաղ ու մերկ։
Խոռոչի նման բացված ահահոտ՝
Քրքջում էր կարծես բերանն արնաներկ։
Իսկ կոնքերն ու չոր ծծերն արյունոտ,
Պատմում էին մեզ պղծումներ անելք։

Ցնդեցին գանգիս ճիգերը հետին.
Ուղեղս կարծես արդեն ի՛մը չէր։
Ու պար բռնեցին երկինք ու գետին,
Եվ մեկն ինձ ասաց, որ պետք է փախչել…
Սակայն ո՞ւր գնալ, որ քեզ չգտնեն
Այդ կոնքերը մերկ, այդ ծծերը ծեր…

Եվ մենք այդ գիշեր մնացինք այդտեղ՝
Մեռած Քաղաքի ավեր շենքերում։
Ամբոխվել էին տեսիլներն ահեղ.
Խեղերի նման ցատկոտում, պարում,
Ու դառնում էին մեռելներ մի տեղ՝
Սատանայական տենդոտ շուրջպարում։

Մեռած Քաղաքի շենքերից մեկում,
Աչքերս անլույս խավարին հառած,
Պառկել էի ես ահավոր, անքուն։
Ու դեմս, կարմիր կրակներ վառած՝
Ցատկոտում էին, բառաչում, տնքում
Մեռելներ զարհուր ու բազմատարազ։

Գույնզգույն շորեր, մարմիններ մեռած,
Սրունքներ կապույտ, ստինքներ դեղին,
Հետույքներ ուռած ու արնակալած
Խեղկատակ, արագ ցատկոտում էին,

Իմ սարսափաւար աչքերի առաջ,

Անթափանց միգում գերեզմանային…

Երգ էին ասում, ոռնում էին խուլ,
Հեծկլտում էին, ծիծաղում, շաչում,
Խինդի էր նման ոռնոցը տխուր,
Լացի էր նման խինդը կարկաչուն,
Բայց մահո՛ւ նման և՛ ծանըր, և՛ խոր
Կրծում էր հոգիս ամե՛ն մի հնչյուն։

Եվ դժժում էր իմ ուղեղում բորբոք
Երգը այդ շփոթ, սատանայական,
Դառնում էր հեռու կարոտի մորմոք,
Եվ թվում էր ինձ, որ արդեն չկամ,
Այլ ինչ-որ հեռու երազում մի շոգ
Տարվում է հոգիս անզո՛ր ու անկամ։

Թռչում էի ես, որպես մի ուրու
Նրանց պես ուրախ խաղում, ցատկոտում:
Եվ հանկարծ նրանց աղմուկը հեռու
Երգ դարձավ անփույթ՝ մանկական խնդում։
Եվ ես հասկացա, որ հեռո՜ւ-հեռուն
Ծո՛վն է շառաչում գիշերվա տոթում։

Մանուկներ ուրախ, խլրտուն ու վառ,
Արևի նման կարմրավառ լուսին,
Մեռելներ զվարթ ու խայտանկար
Պա՛ր էին խաղում, երգում միասին…
Թռչկոտում էին սեթևեթ1 ու չար
Եվ երգում էին Աստղկա մասին…

Խե՛նթ երգում էին, որ Աստղիկը կա՛,
Ապրում է այնտեղ ջրերի խորքում.
Թո՛ղ բուքը ոռնա՜ աշխարհի վրա
Իրե՜ն ինչ՝ նա կա՛ անմահ, անհերքում,

Եվ մի՛շտ գեղեցիկ ու կույս կմնա
Իր աստվածային, անբուն եզերքում։

Եվ մեռելների շուրջպարն էր թռչում
Լուսնապար, խելառ, տխուր, արնաներկ,
Հնչում էր նրանց երգը կարկաչուն՝
Սատանայական տագնապի մի երգ,
Ու ցատկում էին խավարի միջում
Մարմինները մառ, սրունքները մերկ…

Ու ձուլված իրար սեր, ցնորք ու մահ,
Լուսնապար ծովի երգով օրորուն
Ուղեղիս բորբոք կտավի վրա
Թանձրացան նրանք ու անցան հեռուն,
Եվ խավարն իջավ աչքերիս վրա
Եվ ո՛ղջը կորավ աներազ նիրհում…

Be the first who will comment on this

Other parts of "Դանթեական առասպել"

Yatuk Music
Lilac
Tigran Hamasyan

Lilac

Family-Generations
Family-Generations
Play Online